• am
  • ru
  • en
Версия для печати
17.06.2015

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

EnglishРуский

   

Արեստակես Սիմավորյան
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի ղեկավար

Թուրքիայում ռազմավարական հետազոտական կենտրոնների1 (ՌՀԿ) համակարգային զարգացումը սկսվել է 1960-ական թվականներին2։ Մերձավորարևելյան տարածաշրջանի երկրների շարքում Թուրքիան Իսրայելի հետ միասին ունի, թերևս, ամենահին վերլուծական կենտրոնները3։ Դրանցում բազմաթիվ ոլորտների և ուղղությունների կողքին հետազոտվում են նաև հայաստանյան ՌՀԿ-ների զարգացման առանձնահատկությունները, տիպաբանությունը, ռազմավարական առաջնահերթությունները և այլն4։

ՌՀԿ-ների հիմնադրման բուռն շրջանի սկիզբ կարելի է համարել 2002 թվականը, երբ իշխանության եկավ Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ)։ Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումներով, նոր հակամարտություններով, տարաբնույթ ճգնաժամերով և այլ խնդիրներով պայմանավորված, ինչպես նաև գործնական քաղաքականության և ակադեմիական գիտության միջև գոյություն ունեցող խոչընդոտները հաղթահարելու, որոշում կայացնողների վրա ազդելու նպատակով վերջին տասնամյակում ձևավորվել են նոր որակի նեղ մասնագիտացված փորձագիտական-վերլուծական հաստատություններ։ Թուրքական ՌՀԿ-ների բուն գործառույթն է՝ հանդես գալ գաղափար-առաջարկություններով, մշակել ազգային անվտանգության խնդիրներից բխող ռազմավարական ծրագրեր, զարգացմանը միտված տեսլականներ, քաղաքական և ռազմական նշանակության կանխատեսումներ և ամենակարևորը՝ հասցնել դրանք որոշում կայացնողներին։

Եթե մինչև ԽՍՀՄ փլուզումն արտաքին քաղաքականության «գաղափարների շուկայում» մնում էին հատուկենտ ՌՀԿ-ներ, որոնք զբաղվում էին այս ոլորտում առկա խնդիրների հայեցակարգային և ռազմավարական տեսլականների վերամշակմամբ և որոշում կայացնողների վրա ունեին թույլ ազդեցություն, ապա այսօր, գործնական քաղաքականության իրականացման նպատակով, պետական մարմինները և այլ քաղաքական ակտորները սկսել են օգտվել նրանց իրականացրած մշակումներից և վերլուծություններից, հատկապես արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտում։ Մյուս կողմից՝ ՌՀԿ-ները մասամբ իրենց ներդրումն են ունենում Թուրքիայի դիվանագիտական ջանքերի զարգացման և ամրապնդման գործում։ Ի հավելումն՝ նշենք, որ Թուրքիայի ղեկավար այրերի հաճախակի դարձած այցելությունները ՌՀԿ-ներ և դրանցում դասախոսություններով հանդես գալը դառնում են այս ոլորտի գործունեության անբաժանելի մասը5։

Պետական պաշտոնյաներին «մտավոր աջակցություն» ցուցաբերելու և «ուղեղային կենտրոնների» հետ միջազգային համագործակցության կամուրջներ հիմնելու նպատակով հաճախակի են դարձել պետական պատվիրակությունների կազմում թուրք փորձագետների այցելություններն արտասահմանյան երկրներ։ Բավական է նշել, որ վերջին տարիներին թուրքական քաղաքական ղեկավարությունը հրապարակավ բազմիցս շեշտել է «ուղեղային կենտրոնների» նշանակությունն ու դերը ոչ միայն արտաքին քաղաքականության ոլորոտում, այլև ընդհանրապես6։

«2014 Global Go To Think Tank Index Report»-ի ուսումնասիրությունների համաձայն, այսօր Թուրքիայում ռազմավարական հետազոտություններ է իրականացնում 31 կենտրոն7: Մեր ուսումնասիրության շրջանակներում, սակայն, հաշվառել ենք մոտ 150 հետազոտական կենտրոն: Գուցե սեփական մեթոդաբանական չափանիշներից ելնելով ամերիկյան հետազոտողները վերոնշյալ ցանկում չեն ընդգրկել դրանց մեծ մասը՝ դրանց անկայուն և անարդյունավետ գործունեության պատճառով։

2000 թվականից համաշխարհային մակարդակով ՌՀԿ-ների տարեկան աճի ցուցանիշի կտրուկ անկում է նկատվում, 2004թ. այն հավասարվում է անցյալ դարի կեսերին բնորոշ մեծություններին։ Դա, ըստ փորձագետների, կապված է ՌՀԿ շուկայի բնական «գերհագեցման» հետ8։ Մինչդեռ 2002 թվականից ի վեր, երբ իշխանության եկավ Էրդողանի Արդարություն և զարգացում կուսակցությունը, Թուրքիայում հետազոտական կառույցների քանակը կտրուկ ավելացավ։ Մեր հաշվարկներով՝ միայն 2002-2014թթ. ժամանակահատվածում մեկ տարվա կտրվածքով հիմնադրվել է 2-18 կենտրոն (Գծապատկեր 1): Վերլուծական կառույցների այսօրինակ առաջխաղացումը կարելի է դիտարկել որպես մի նոր զարգացող ճյուղ այդ երկրում։

2002-2014թթ. հիմնադրված վերլուծական հաստատությունների մեծ մասն իրականացնում է հետազոտություններ Թուրքիայի արտաքին քաղաքականության ուղղությամբ։ Նրանց հաջորդում են պետական տնտեսական քաղաքականության աջակցմամբ զբաղվող կենտրոնները։ Փորձագիտական գնահատականներ և վերլուծություններ են իրականացվում նաև այնպիսի ոլորտներում, որոնք մինչ այդ չէին կարևորվում, կամ այդ ուղղություններով նախկինում կատարված աշխատանքները համարվում էին անբավարար, կամ համահունչ չէին արդի մարտահրավերներին դիմագրավելու տեսանկյունից (մասնավորապես կրթական, բնապահպանական, տեղեկատվական, ազգային անվտանգության ու հանրային ոլորտներին առնչվող խնդիրները)։

Ըստ պատկանելության ՌՀԿ-ները կարելի է բաժանել մի քանի տեսակների.

1. պետական (6 հատ, օր.՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հետազոտական կենտրոնը),

2. կուսակցապատկան (4 հատ, օր.՝ Քաղաքական և սոցիալական հետազոտությունների հիմնադրամը),

3. մասնավոր (130 հատ, օր.՝ Տնտեսական զարգացման և ռազմավարական հետազոտությունների հիմնադրամը),

4. արտասահմանյան կենտրոնների մասնաճյուղեր (9 հատ, օր.՝ Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամը),

5. բուհական-ակադեմիական (օր.՝ Անկարայի համալսարանի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնը)9։

Կադրային քաղաքականությունը

Համաձայն հետազոտվող ուղղությունների պահանջարկի՝ կադրերը համալրվում են ակադեմիական շրջանակներից. բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդներով (առավելագույնը պետք է լինի մագիստրոս), գիտության թեկնածուներով, նաև արտասահմանում ուսում ստացած քաղաքագիտության դոկտորներով, ակադեմիաների պատվավոր անդամներով։ ՌՀԿ-ները համալրվում են նաև պաշտոնաթող զինվորականներով և պետական, քաղաքական գործիչներով, դիվանագիտական կորպուսի նախկին աշխատակիցներով։ Մեջբերենք 2010թ. Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլա Գյուլի և «Տնտեսական և սոցիալական հետազոտությունների ասոցիացիայի» (Ekopolitik) աշխատակիցների հետ դռնփակ հանդիպման ժամանակ կենտրոնի խորհրդական, հոգեվերլուծաբան Վամըք Վոլքանի խոսքը՝ ուղղված նախագահին. «Մեր մեջ կան և՛ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության նախկին աշխատակիցներ, և՛ սարից իջած քուրդ»10։ Անկախ դրանից՝ կադրերով համալրվելու խնդիրը թուրքական ՌՀԿ-ների կարևոր մարտահրավերներից մեկն է մնում։ Ո՛չ պետության և ո՛չ մասնավոր սեկտորի կողմից չի ստեղծվել կադրեր նախապատրաստելու համար անհրաժեշտ աշխատանքային միջավայր՝ «դարբնոցներ»։ Այդ պատճառով կադրային ընտրության հնարավորություններն ինչպես նախկինում, այնպես էլ այսօր խիստ սահմանափակ են. փորձառու մասնագետներ ոչ լրիվ դրույքով աշխատում են նաև այլ կենտրոններում։ Հաճախ նախագահներ կամ տնօրեններ են դառնում հասարակական գործունեություն ծավալած անհատներ, նախկին դիվանագետներ և այլք, ովքեր մեծ հեղինակություն ունեն այդ երկրում, ինչպես նաև գործարարներ։

Ըստ թուրք հետազոտողների՝ փորձագետների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերը սովորաբար կարճաժամկետ են, իսկ երկարաժամկետ լինում են միայն այն դեպքում, երբ իրագործվում են 2-3 տարվա համար նախատեսված հետազոտական հատուկ ծրագրեր։ Նշենք, որ բազմիցս շեշտվում է այն տեսակետը, թե կարճաժամկետ պայմանագրերը չեն նպաստում երիտասարդ մասնագետների՝ վերլուծաբանական աշխատանքներին լիարժեք ինտեգրվելուն11։

Պետական առաջնահերթ խնդիրներին հաղորդակից դարձնելու և ընդհանուր նպատակների շուրջ մոբիլիզացնելու նպատակով ավելի շրջահայաց կենտրոններն օգտվում են թուրքական «սփյուռքի» գիտական-փորձագիտական ռեսուրսներից։ Գոյություն ունեն մի քանի առաջատար ՌՀԿ-ներ, որոնք մոբիլիզացնում են արտերկրի թուրք ինտելեկտուալներին տարբեր ինստիտուտների, քաղաքական պլատֆորմների շուրջ։ Փորձագետների մեծ մասն իր պոտենցիալը կենտրոնացնում է տարածաշրջանային այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են Մերձավոր Արևելքը, Բալկանները, Կովկասը, ինչից կարելի է ենթադրել, որ հիշյալ հարցերը Թուրքիայի արտաքին քաղաքականության անքակտելի մասն են։ Կենտրոնների այսպիսի մոտեցումը նպատակ ունի մոտ լինել իշխանությանը, սիրաշահել և հանդես գալ որպես պետության արտաքին քաղաքական գործընթացների «պաշտպան» և այդպիսով լուծել նաև սեփական կառույցի գոյատևման խնդիրը։ Համենայնդեպս, ինտելեկտուալ ռեսուրսներ «արտադրելը», «աճեցնելը» և ֆինանսական հնարավորությունների սղությունը դեռևս խնդիր են հանդիսանում ոլորտի համար։

Գաղափարախոսական բաղադրիչը

Արտաքին քաղաքականությամբ զբաղվող կենտրոնները, անկախ նրանից, թե ովքեր են իշխանությունում, սկսել են գործել տարբեր գաղափարախոսությունների ազդեցության տակ, աշխատում են նաև գործնական հարաբերություններ հաստատել տարբեր պետական, այդ թվում՝ ուժային կառույցների հետ։

Պահպանողական գաղափարախոսության շրջանակներում գործող կենտրոններից, որոնք սերտ հարաբերություններ ունեն իշխող կուսակցության հետ, կարելի է նշել Քաղաքական, տնտեսական և հասարակական հետազոտությունների հիմնադրամը (Siyaset, Ekonomi ve Toplum Araştırmalar Vakfı-SETA - հիմն. 2006թ.)12 և Ռազմավարական մտածողության ինստիտուտը (Stratejik Düşünce Enstitüsü-SDE - հիմն. 2009թ.)։

Կան այլ հոսանքներին պատկանող կենտրոններ, որոնք աջակցում են պետական իշխանություններին, ինչպիսին են պահպանողական ազգայնական կողմնորոշում ունեցող Թուրք-ասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնը (Türk Asya Stratejik Araştırmalar Merkezi-TASAM - հիմն. 2004թ.), լիբերալ ուղղվածություն ունեցող՝ դիպկորպուսին, զինվորական և քաղաքական շրջանակներին մոտ կանգնած Միջազգային ռազմավարական հետազոտությունների կազմակերպությունը (Uluslararası Stratejik Araştırmalar Kurumu-USAK - հիմն. 2004թ.)։ Արդարություն և զարգացում կուսակցության պատգամավորների, միջազգային կառույցներին անդամակցող պետական գործիչների և հատկապես նախագահ Էրդողանի ելույթները հիմնված են այս կենտրոնների հետազոտությունների վրա։ Ինչպես նշում է թուրքական վերլուծական կառույցներից մեկի՝ հեղինակավոր Միջազգային ռազմավարական հետազոտությունների կազմակերպության նախկին ղեկավար Սեդաթ Լաչիները. «Մենք մեզ անվանում ենք լիբերալներ և հայրենասերներ։ Կառավարությունը և ԱԶԿ-ն պահպանում են այն արժեքները, որոնք մեզ համար ընդունելի են, բայց մենք աջակցում ենք այն քաղաքականությանը, որը համապատասխանում է մեր հայացքներին»13։

Կան նաև ազգայնամոլական (պանթյուրքիստական) կենտրոններ, ինչպիսիք են Թուրանական ռազմավարական հետազոտությունների կենտրոնը (Turan Stratejik Araştırmalar Merkezi (TURAN-SAM - հիմն. 2007թ.14) և տարածաշրջանային ու թեմատիկ ուսումնասիրությունների բազմազանությամբ մյուսներից առանձնացող15, քաղաքական և ծայրահեղ աջակողմյան կուսակցությունների որոշակի շրջանակների համար համապատասխան պատվերներ կատարող «21-րդ դար թուրքական ինստիտուտը» (21 Yüzyıl Türkiye Enstitüsü - հիմն. 2005թ.)։ Ինստիտուտում ազգայնամոլական ուղղվածության գերակշռության մասին են վկայում նաև «21-րդ դար» տեղեկատվական վերլուծությունների եռամսյա հանդեսում հրատարակվող հոդվածները, որոնցում, օրինակ, ի հայտ են գալիս թյուրքականությանը (պանթյուրքիզմ) հատուկ նոր բառեզրեր, օրինակ՝ «թյուրքական սուպերէթնոս»։ Սկսել է շրջանառվել «արաբական նավթ» արտահայտությանը համարժեք՝ այսպես կոչված «թուրանական նավթ»-ի գաղափարը, որն ապագա համաշխարհային էներգետիկ ճգնաժամերի դեպքում իբր թե պետք է հանդիսանա թյուրքական աշխարհի ռազմավարական նշանակություն ունեցող գործոններից մեկը։

Կան նաև լիբերալ, նեոլիբերալ և ծայրահեղ լիբերալ, իսլամական, գյուլենական ուղղվածությամբ, քեմալականության և թյուրքական եվրասիականության գաղափարախոսությունները պաշտապանող, այդ շրջանակներում «ինտելեկտուալ արտադրանք» թողարկող ՌՀԿ-ներ։

Չգաղափարականացված ՌՀԿ-ները քաղաքական ակտորների հետ հարաբերություններում աշխատում են չեզոքություն պահպանել՝ իրենց ձայնն իշխանություններին հասանելի դարձնելու համար օգտագործելով ԶԼՄ-ն, հեռուստաընկերությունները, անձնական կապերը և այլն։

Բարդություններ պետություն-ՌՀԿ փոխհարաբերություններում

Չնայած ՌՀԿ-պետություն հարաբերություններում մասամբ հաղթահարվել է տասնամյակներ տևած «հակամարտության» և «անհանդուրժողականության» մթնոլորտը16, սակայն խիստ գաղափարականացված, հատկապես պետական արտաքին քաղաքական ուղեգծի վերաբերյալ կոշտ քննադատական դիրքորոշում որդեգրած որոշ կենտրոնների նկատմամբ պետության վերաբերմունքը փոխվել է։ Գաղափարականացված ՌՀԿ-ները, որոնք սերտ հարաբերություններ ունեին զինվորականության հետ, «Էրգենեքոնի» գործի շրջանակներում հայտնվեցին ուժային կառույցների ուշադրության կենտրոնում, ընդ որում՝ եղան նաև կենտրոնների ղեկավարների ձերբակալություններ, խուզարկություններ։ Այն բանից հետո, երբ ձերբակալվեցին «Թուրք Մետալ» արհմիության կազմակերպության մի քանի ղեկավարներ, գործունեությունը դադարեցրեց վերջինիս կողմից հիմնադրված ձախ ազգայնական կողմնորոշում ունեցող, ուլտրաազգայնական ռազմական շրջանակների հետ սերտ հարաբերություններ պահպանող Թուրքիայի ազգային անվտանգության ռազմավարական հետազոտությունների կենտրոնը (Türkiye Ulusal Güvenlik Stratejileri Merkezi Tusam - հիմն. 2004թ.)։

Մեծ հարված ստացավ Թուրքիայի ռազմական ուժերի և Ազգայնական շարժում կուսակցության ակտիվիստների համար նախատեսված, քարոզչական ապարատի վերածված, «Յուլքեր գրուփի» կողմից ֆինանսավորվող ASAM-ը (Եվրասիայի ռազմավարական հետազոտությունների կենտրոն), որի գլխավոր զենքը Հայկական հետազոտությունների ինստիտուտն էր (Ermeni Araştırmaları Enstitüsü) և ներկայանում էր որպես զինվորականների «soft power»։ Որոշ թուրք հետազոտողներ գտնում էին, որ ASAM-ի փակումը կարող էր կապված լինել տնտեսական ճգնաժամի հետ17, ոմանք բացատրում էին այն քաղաքական նկատառումներով18։ Քաղաքական հաշվարկների մասին են վկայում ASAM-ի փակման պատճառների վերաբերյալ «WikiLeaks»-ում տեղ գտած գրառումները, որոնցում նշվում է, որ սա «հարված էր Թուրքիայի ինտելեկտուալ ազատությանը»19։ Կարելի է ասել, որ կենտրոնի փակումը, ի տարբերություն մյուսների, ավելի փափուկ իրականացվեց, և նրա քաղաքական կողմը հրապարակային չդարձավ։

2009թ. «Էրգենեքոնի» գործի հետ կապված՝ իրենց գործունեությունը դադարեցրին նաև Քաղաքական, տնտեսական, սոցիալական հետազոտությունների և ռազմավարական զարգացման կենտրոնը (SESAR) և «ՎԵՐՍՈ» քաղաքական հետազոտությունների կենտրոնը20։

Երկրի ռազմավարական պլանավորման հարցերում որոշում կայացնողների վրա ազդեցություն ունենալու նպատակով դեռևս 2002թ. Թուրքիայի գլխավոր շտաբին կից հիմնադրվել էր նոր «գաղափարաստեղծ շտաբ»՝ Ռազմավարական հետազոտության և ուսումնասիրության կենտրոնը (Stratejik Araştırma ve Etüt Merkezi-SAREM), որն զբաղվում էր երեք հիմնական թեմաներով՝ թուրք-հունական հարաբերություններ, Հյուսիսային Իրաք և քրդական հիմախնդիրներ։ Զինվորականները հետազոտական կառույցը հիմնադրեցին այն պայմանով, որ ցանցային պատերազմների դարաշրջանում Թուրքիան չի կարող իրեն թույլ տալ բավարարվել հնացած հայեցակարգերով և մոտեցումներով։ Թեև ի սկզբանե ռազմական շտաբի ղեկավարները հայտարարել էին, որ Թուրքիայի ներքաղաքական խնդիրները դուրս են մնում կենտրոնի հետաքրքրությունների շրջանակներից, այդուհանդերձ, կենտրոնն իր վերլուծական հոդվածներում խիստ քննադատության էր ենթարկում ԱԶԿ-ին՝ հատկապես քրդական հարցում ունեցած դիրքորոշման համար։ Այն ամենից հետո, երբ Թուրքիայում մեծ աղմուկ հանած «Մեծ մուրճ» հեղաշրջման գործի շրջանակներում ձերբակալվեց կենտրոնի նախկին ղեկավար, դերծովակալ Սյուհա Թանյերին, համապետական ընտրություններից մի քանի ամիս անց՝ 2011թ. հոկտեմբերին, առանց որևէ պատճառաբանության, կենտրոնը փակվեց21։

Այնպես որ, կարելի է ասել՝ զինվորական վերնախավին ինտելեկտուալ աջակցությամբ սատարող ՌՀԿ-ներն իշխանությունները դիտարկեցին որպես «հեղափոխականների որջեր»։

Ամփոփելով նշենք, որ չնայած ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ, այդուհանդերձ, թուրքական վերլուծական հանրույթը փորձեր է կատարում ակտիվ ֆոն հաղորդել ավելի վաղ շրջանում հիմնված կենտրոնների աշխատանքներին, դիմանալ մրցակցությանը, միջազգային շուկա արտահանել «ինտելեկտուալ արտադրանքը», ինչպես նաև փորձում է ստեղծել ժամանակակից պահանջներին համապատասխան նոր կենտրոններ։

1 «Ուղեղային կենտրոն» եզրույթի թուրքական համարժեքը շրջանառության մեջ է դրվել 1990-ական թթ. կեսին։ Մինչ այդ չկար համընդհանուր անվանում, անգամ արևմտյան «think-thank» եզրույթով։ Թուրքական անվանումներն են düşünce kuruluşlar-մտավոր կառույցներ, düşünce merkezleri-մտավոր կենտրոններ, Stratejik Araştırmalar Merkezi - ռազմավարական հետազոտությունների կենտրոն և այլն։

2 Սիմավորյան Ա., «Թուրքիայի ուղեղային կենտրոնների զարգացման նախադրյալները. այժմեական խնդիրները», «21-րդ ԴԱՐ», #6, 2012, նույնի՝ «Թուրքական վերլուծական կենտրոններ. տեսություն և արդիականություն», «Գլոբուս. ազգային անվտանգություն», 2009, թիվ 3։

3 Eric C. Johnson, “Policy Making Beyond the Politics of Conflict: Civil Society Think Tanks in the Middle East and North Africa”, in Think Tanks and Civil Societies: Catalysts for Ideas and Action, eds. James G. McGann and R. Kent Weaver, (New Jersey: Transaction Publishers, 2000), p. 339-340.

4 Oya Eren, Ermenistan’da think-thank’lar, Hasan Ali Karasar, Hasan Kanbolat, «Avrasya'da Stratejik Düşünce Kültürü ve Kuruluşları», 2012, s. 11-23.

5 Türkiye’nin yönünü tartışmak bilgisizlik, http://www.hurriyet.com.tr/gundem/12861769.asp (5 Kasım 2009).

6Hasan Kanbolat, Prime Minister Erdoğan and Turkish think tanks, http://www.todayszaman.com/columnist/hasan-kanbolat/prime-minister-erdogan-and-turkish-think-tanks_307437.html (February 18, 2013).

7 2014 Global Go To Think Tank Index Report, Philadelphia, PA USA, February 4th, 2015, p. 56.

8 Հարությունյան Գ., «Ուղեղային կենտրոնները» և ազգային անվտանգությունը, 21-րդ ԴԱՐ, #1(35), 2011, էջ 10։

9 Տարբեր գնահատականներով՝ ակադեմիական-բուհական համակարգում գործում է 80-ից ավելի ՌՀԿ։

10 Gül Ekopolitik Grubu ile görüştü, http://www.haberturk.com/gundem/haber/546127-gul-ekopolitik-grubu-ile-gorustu, (26 Ağustos 2010).

11 Bilal Karabulut, Dünyada Ve Türkiye’de Think Tank Kuruluşları: Karşılaştırmalı Bir Analiz, Akademik Bakış, Cilt 4, Sayı 7, Kış 2010, s. 101 և Hasan Kanbolat,“Türkiye’de Düşünce Merkezi Kültürünün Oluşum Süreci: Türkiye’de Dış Politika ve Güvenlik Alanındaki Düşünce Merkezleri”. http://www.orsam.org.tr/tr/yazi goster. aspx?ID=32325.08. 2009.

12 Ստեղծվել է Թուրքիայի քաղաքական հետազոտությունների Անկարայի կենտրոնի (Türkiye Politik Araştırmaları Ankara Merkezi-ANKAM - հիմն. 2003թ.) հիման վրա։

13 Wendy Kristianasen, Les think tanks turcs, agents du changement, Le Monde diplomatique, Février 2010:

14 Հիմնադրվել է Ադրբեջանից Թուրքիա արտագաղթած միջազգային հարաբերությունների մասնագետ Էլնուր Հասան Միքայիլի կողմից (http://www.turansam.org/yonetim.php

15 Հատկապես հրատապ են համարվում Թուրքիայի տեղեկատվական անվտանգության, համացանցային և բարձր/կենսատեխնոլոգիաների զարգացման, դրանց արդիականացման հետ կապված խնդիրները։

16 Երկար տարիներ թուրքական իշխանություններն անբարեհաճ վերաբերմունք են ունեցել ներքին և արտաքին քաղաքականության սուր խնդիրներով զբաղվող կառույցների հանդեպ՝ հայտարարելով, որ արտաքին քաղաքականությանն առնչվող ցանկացած խնդիր վերաբերում է միայն իրենց։

17 Muharrem Sarıkaya, Davutoğlu ASAM'da hesapları bozdu, http://www.haber7.com/siyaset/haber/359083-davutoglu-asamda-hesaplari-bozdu (18 Kasım 2008).

18 ASAM’dan nankörlük, https://vakityazilari.wordpress.com/2008/11/18/asam%E2%80%99dan-nankorluk/.

19 Turkey: Premier Think Tank Asam Closes Its Doors, https://wikileaks.org/plusd/cables/08ANKARA2070_a.html.

20 Կենտրոնը հիմնադրվել էր 1989թ. Օզալի խորհրդական Էրհան Գյոքսելի կողմից։

21 Askerin 'beyni' durdu!, http://www.radikal.com.tr/turkiye/askerin_beyni_durdu-1076174.


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր