• am
  • ru
  • en
Версия для печати
30.06.2015

ԻՐԱՆ. ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՇՐՋԱՆՑԵԼՈՒ ՓՈՐՁ

EnglishРуский

   

Սերգեյ Սարգսյան
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի տեղակալ

Իրանի միջուկային ծրագրի շուրջ արդեն ավելի քան տասը տարի շարունակվող բանակցություններում անգամ նախնական համաձայնագրերի կնքումը հնարավոր է դարձրել որոշ չափով թուլացնել երկրի հանդեպ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՄԱԿ-ի կողմից կիրառվող պատժամիջոցները։ Սակայն դրանք ամբողջովին հանելու մասին խոսք չկա։ Պատժամիջոցների մասնակի հանումը նույնպես մեծ հարցականի տակ է։

Ս.թ. ապրիլի սկզբին Լոզանում հերթական բանակցությունների ժամանակ «ճեղքման» հասնելուց գրեթե անմիջապես հետո Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին բավական հստակ ասել է. «Աշխատանքը դեռ չի ավարտվել, իսկ քաղաքական հայտարարությունն իրավաբանորեն պարտադիր չի հանդիսանում։ Ուստի, առայժմ հավանության արժանացնելու կամ չարժանացնելու բան չկա... Բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Լոզանում, դեռ չեն երաշխավորում միջուկային գործարքը, ինչպես նաև դրա բովանդակությունը... Ինչպես քանիցս կրկնել ենք, ավելի լավ է ոչ մի գործարք չլինի, քան թե լինի, բայց վատը»։ Նշելով շարունակվող բանակցությունների առանձնահատկությունը, որոնցում «ամեն բան կախված է մանրամասներից», նա հնչեցրել է դրույթ այն մասին, որ, նախ, բոլոր պատժամիջոցները «պետք է հանվեն նույն պահին», և երկրորդ՝ «ռազմական օբյեկտները ոչ մի պարագայում չեն կարող ենթարկվել զննության ստուգման պատրվակով»1։

Բանակցությունների ընդհանուր ընթացքի վրա կարևոր ազդեցություն ունի հարցն այն մասին, թե որքան արագ կարող է ավարտվել պատժամիջոցների հանման տեխնիկական մասը, ինչպես նաև Իրանի դեմ ձևականորեն նոր, բայց փաստորեն ներկայում գործողներին փոխարինող պատժամիջոցներ մտցնելու հնարավորության հարցը։

Ակնհայտ է, որ պատժամիջոցները զգալի բացասական ազդեցություն են գործում Իրանի տնտեսության վրա։ Որպես օրինակ կարելի է նշել իրավիճակը ԻԻՀ արդյունաբերության բյուջե կազմավորող հիմնական՝ նավթագազային և ավտոմեքենաշինական ճյուղերում։

Իրանի նավթագազային արդյունաբերության հանդեպ ԱՄՆ պատժամիջոցներին Եվրամիության միանալուց հետո նավթի արտահանումը, որը 2011թ. կազմում էր օրական մոտ 2,5 մլն բարել նավթ և խտանյութ, կրճատվեց մինչև 1,1 մլն-ի։

Մինչև 2011թ. Իրանի ավտոմեքենաշինական արդյունաբերությունն ապահովում էր երկրի ՀՆԱ մոտ 10%-ը, դրանում զբաղված էր գրեթե 1 մլն մարդ։ Ավտոմեքենաշինությանն անհրաժեշտ սարքավորումների ներկրումն արգելելուց հետո նոր ավտոմեքենաների արտադրությունը երկրում տարեկան 1,5 մլն-ից հասավ 800 հազարի։

Նշենք, սակայն, որ պատժամիջոցների ազդեցությունն Իրանի տնտեսության վրա այնքան էլ միանշանակ չէ. 2014թ. ԻԻՀ-ն 16 մլրդ մ3-ով ավելացրեց գազարդյունահանման ծավալները, քանիցս ավելացվեց պողպատի (տարեկան մինչև 24 մլն տոննա), ցեմենտի (մինչև տարեկան 80 մլն տոննա) արտադրությունը։ Երկրի տնտեսությունն աշխարհում դարձավ 17-րդը։ Օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը հասավ $25 մլրդ-ի, ընդ որում՝ Թեհրանի արտաքին պարտքը կազմում էր ընդամենը $16 մլրդ կամ երկրի ՀՆԱ 4%-ը։ ԱՄՀ գնահատականներով՝ Իրանի ՀՆԱ ծավալը 2014թ. հասավ $406 մլրդ-ի, ինչը տարածաշրջանում երկրորդ ցուցանիշն էր Սաուդյան Արաբիայից հետո2։

Իրանի հանդեպ պատժամիջոցների կիրառման ավելի քան երեքուկես տասնամյակի ընթացքում ակնհայտ է դարձել, որ նման գաղափարականացված և համախմբված հասարակությամբ պետության վրա այդ պատժամիջոցները սպասվող ազդեցությունը չեն գործում։ Դա վերաբերում է ոչ միայն տնտեսությանը, այլ նաև Թեհրանի քաղաքականությանը, այդ թվում նաև նրա միջուկային ծրագրի մասով, որի «խաղարկման» շախմատային պարտիան հաշվարկված է բավական երկարատև հեռանկարի համար, և որում բավական դժվար է գնահատել ինչպես դրա իրական մասշտաբներն ու ձեռքբերումները, այնպես էլ այն, թե ինչ է իրականում պատրաստ զիջել Իրանը պատժամիջոցները վերացնելու դիմաց։

Այն, որ արդի աշխարհում պատժամիջոցները դեռ շարունակում են մնալ արտաքին քաղաքական ճնշման և աշխարհատնտեսական մրցակցության գործիք, ստիպում է ավելի ուշադիր դիտարկել Իրանի՝ պատժամիջոցների ռեժիմին դիմակայելու և այն հաղթահարելու փորձը։ Այդ փորձը, որը բավական ունիվերսալ է և կուտակվել է 1979թ. իսլամական հեղափոխությունից սկսած, ներառում է ոչ միայն պատժամիջոցներին պասիվ հարմարվելն ու դրանց հակազդելը, այլև դրանք շրջանցելու լեգալ, «գորշ» և գաղտնի սխեմաների արդյունավետ և ակտիվ գործող ամբողջական համակարգի ստեղծումը, ինչը թույլ է տալիս Իրանին կայուն պահել իր տնտեսությունն ու քաղաքական անկախությունը։

Այն, որ ԻԻՀ-ի դեմ պատժամիջոցները մտցվել են աստիճանաբար և տարբեր պատճառներով (մարդու իրավունքների խախտում, միջուկային ծրագրի անթափանցիկություն, աջակցություն ահաբեկչությանը և այլն), թույլ տվեց Թեհրանին հարմարվել դրանց նվազագույն կորուստներով։

Հակազդեցության իր քաղաքականության մեջ Իրանն օգտագործել է բոլոր հնարավոր միջոցները՝ պատժամիջոցները մտցնելու փաստի, դրանց կոնկրետ բովանդակության (օրինակ, հրաժարում երկարաժամկետ վարկեր հատկացնելուց, արդեն կնքված պայմանագրերի չկատարում և այլն) վիճարկումից մինչև անհրաժեշտ արտադրանքը, տեխնոլոգիաները և ծառայությունները ձեռք բերելու գաղտնի գործողությունների անցկացում։

Եվ նրա ջանքերը, անգամ հրապարակային իրավական մակարդակով, հաճախ հաջող են եղել։ Օրինակ, ս.թ. հունվարին ԵՄ գլխավոր դատարանը նավագնացության 40 ընկերություններից, որոնք գտնվում էին Եվրամիության հերթական պատժամիջոցների ցանկում (միջուկային խոցման զենքի տարածմանն աջակցելու մեղադրանքով), 8-ին հանեցին այդ ցուցակից3։

Իրանն այս համատեքստում և՛ բարտերային գործարքներ է կնքել, և՛ փոխանակային գործառնություններ է կատարել (ինչպես, օրինակ, «նավթ ապրանքների դիմաց»), և՛ ոսկով առևտուր է արել, և՛ օգտագործել է ազգային արժույթը դոլարի կամ եվրոյի փոխարեն։

2014թ. սկզբին Թեհրանի և Մոսկվայի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի՝ Ռուսաստանը պատրաստ էր հանդես գալ օրական 500 հազ. բարել իրանական նավթի համար առևտրային միջնորդի դերում՝ դրա վերարտահանման և ստացված արտարժույթով Թեհրանին անհրաժեշտ ապրանքներ (առաջին հերթին՝ ցորեն, տեխնիկայի որոշ տեսակներ և շինանյութ) գնելու միջոցով4։

Սկզբնական փուլում՝ 2015թ. հունիսի սկզբին, Ռուսաստանից ցորենի մատակարարումների ծավալը կկազմի 1,3 մլն տոննա5։ Հետագայում ապրանքների ցուցակը կարող է համալրվել նավթագազային սարքավորումներով, երկաթուղու շարժակազմերով, ավտոմեքենաներով, գյուղտնտտեխնիկայով, քաղաքացիական ինքնաթիռներով և այլն։

«Նավթ ապրանքների դիմաց» գործողությունը լեգալ է և անցյալում արդեն օգտագործվել է որպես տնտեսական գործողություն։ Մասնավորապես, Սադամ Հուսեյնի օրոք Իրաքը, գտնվելով ՄԱԿ միջազգային պատժամիջոցների գործողության ներքո, միացել էր «Պարեն նավթի դիմաց» ծրագրին։

ԻԻՀ-ի կողմից պատժամիջոցների շրջանցման մեջ էական ավանդ է մտցնում Իրանի փոքր և միջին առևտրատնտեսական գործընկերների ճյուղավորված ցանցը. վերջինները, հանուն հավելյալ շահույթ ստանալու կամ մեկ այլ օգուտ ունենալու (այդ թվում և քաղաքական), երկրին մատակարարում են ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքներ և նորագույն տեխնոլոգիաներ6։

Սովորաբար նրանց ծառայությունները վճարվում են առևտրային գործարքի գումարի 15-20%-ի չափով։ Բայց, հաշվի առնելով գործի անհրաժեշտությունը, վճարումը կարող է հասնել մինչև 30 և ավելի տոկոսի։

Հնդկական, սինգապուրյան, ճապոնական և մալայզիական այդ փոքր ընկերությունները, որոնց չի անհանգստացնում ԱՄՆ և Եվրամիության պատասխան ռեակցիան, 2010թ. լիովին փոխհատուցում էին այն պակասը, որը գոյանում էր արևմտյան խոշոր փոխադրողների՝ Իրանի նավթաքիմիական արտադրանքն արտահանելուց հրաժարվելու պատճառով, իսկ 2011-ին դրանք փոխարինեցին եվրոպական ապահովագրական ընկերություններին, որոնք հրաժարվում էին ապահովագրել իրանական լցանավերը։

Այսօրինակ միջնորդության ծավալները պայմանավորված են բարձր շահույթով։ 2013թ. դեկտեմբերին ամերիկյան ցուցակում նշված էր 1107 եվրոպական փոքր ու միջին ընկերություն, որոնք առևտրային գործունեություն էին իրականացնում Իրանի հետ՝ շրջանցելով ԱՄՆ և Եվրամիության պատժամիջոցները։ Գումարած ևս 512 ընկերություն Թուրքիայից7։

Պետք է նշել, որ պատժամիջոցների ցանկացած թուլացում, բայց ոչ վերացում, կհանգեցնի այն բանին, որ նման ցանցն էլ ավելի կընդլայնվի։ Եվրոպական ընկերություններն իրենք էլ, նկատի ունենալով իրանական 80 միլիոնանոց շուկայի տարողությունը, պատրաստ են մասնակցել պատժամիջոցները շրջանցելուն։ Սա հատկապես վերաբերում է ֆրանսիական կորպորացիաներին (իրանական ավտոմեքենաշինության մասով) և գերմանականներին (լեռնահանքային արդյունաբերության մասով)։

2013թ. Իրանի միջուկային ծրագրի շուրջ հերթական բանակցություններից հետո, օգտվելով ԱՄՆ հայտարարած ճյուղային պատժամիջոցների «թեթևացումներից», հարավկորեական Samsung-ը և եվրոպական մի քանի ավտոարտադրողներ, հետևելով թուրքական և չինական ընկերությունների օրինակին (Թուրքիայի և Չինաստանի կառավարությունները երբեք լրիվ չափով չեն սատարել պատժամիջոցների ռեժիմին), անմիջապես վերսկսեցին աշխատանքն Իրանում8։

Տպավորությունն այնպիսին է, որ Թեհրանի հետ բանակցությունների ձախողման դեպքում նրանց այնտեղից մեկ անգամ ևս «վռնդելը» շատ ավելի դժվար է լինելու։

Ինչ վերաբերում է միջազգային ֆինանսական գործողությունների ոլորտին, ապա ԱՄՆ և նրան միացած ԵՄ պատժամիջոցները հանգեցրել են այն բանին, որ Իրանի արժութային պահուստներում այժմ գերակշռում են չինական յուանը, հնդկական ռուփին, ռուսական ռուբլին և ոսկին։

Միջազգային վճարային SWIFT համակարգից օգտվելու արգելքը (մտցված 2012թ.) երկարաձգելու պարագայում Իրանն արդեն ս.թ. սեպտեմբեր-հոկտեմբերին կարող է անցնել չինական Chinese International Payment System (CIPS) վճարային ենթակառուցվածքին նման ենթակառուցվածքի, որը թույլ կտա տարբեր երկրների բանկերին միմյանց միջև յուանով գործառել դոլարի փոխարեն։

Այսպիսով` իրանական հասարակության համախմբվածությունը պատժամիջոցների հանդեպ; փաստը, որ պատժամիջոցների մեծ մասը միջազգային չէ (ՄԱԿ-ով չի անցել), այլ մտցվել է ԱՄՆ և ԵՄ նախաձեռնությամբ; այն, որ արդի աշխարհը Թեհրանին ընձեռում է այլընտրանքային, առաջին հերթին՝ տնտեսական հնարավորություններ; պատժամիջոցների ռեժիմի հաղթահարման հմուտ կառուցված լեգալ և «գորշ» սխեմաների համակարգի առկայությունն Իրանում հանգեցրել են այն բանին, որ պատժամիջոցները չունեն այն կրիտիկական ազդեցությունն Իրանի տնտեսության և մանավանդ քաղաքականության վրա, ինչը կուզենային տեսնել դրանք նախաձեռնողները։ Եվ Թեհրանը, միջուկային ծրագրի վերաբերյալ իր ռազմավարական շահերի իրագործման և տարածաշրջանային անվտանգության հարցերի համատեքստում, ինչպես և նախկինում, մնում է նույն բարդ և անզիջում գործընկերը բանակցություններում։

1 Хаменеи: «Договоренности, которые были достигнуты в Лозанне, еще не гарантируют ядерную сделку». ИА ARMENIA Today, 9 апреля 2015г., http://www.armtoday.info/default.asp?Lang=_Ru&NewsID=127961

2 Иран: 36 лет независимости, 36 лет давления, 12 февраля 2015, http://www.iran.ru/news/analytics/96250/Iran_36_let_nezavisimosti_36_let_davleniya

3 Евросоюз вновь ввел санкции против третьего по величине банка Ирана и 32 судоходных компаний страны, ИА ARMENIA Today, 8.04.2015, http://www.armtoday.info/default.asp?Lang=_Ru&NewsID=127907

4 Санкции США против Ирана и иранский ответ. Фонд Стратегической Культуры, 13 февраля 2014г., http://www.fondsk.ru/news/2014/02/13/sankcii-usa-protiv-irana-i-iranskij-otvet-25713.html

5 Иран - Россия: нефть в обмен на товары, 8 июня 2015г., http://www.vestifinance.ru/articles/58399

6 «Рука Аллаха» против санкций Вашингтона, ИА издание «Столетие», 11 февраля 2014г., http://www.stoletie.ru/-geopolitika/ruka_allaha_protiv_sankcij_vashingtona_712.htm

7 Նույն տեղում։

8 «Иран: есть ли жизнь после санкций?», 4 июня 2015г., http://www.vestifinance.ru/articles/58260


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր