• am
  • ru
  • en
Версия для печати
06.07.2015

ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Руский

   

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանի հարցազրույցը «Ноев Ковчег» պարբերականին, №12–13 (264–265) հուլիս, 2015թ.

Մենք վարժվել ենք ժողովրդագրությունն ընկալել որպես մարդահամարի պարզ ամփոփում։ Այսքան հայ կա, այսքան՝ այլ ազգությունների ներկայացուցիչներ, ոմանք ապրում են քաղաքում, ոմանք՝ գյուղում։ Հայաստանում վիճակագրական տվյալները, որոնք փաստում են, որ երկրում ավելի քան 3 մլն մարդ է ապրում, շատերը թերահավատությամբ են ընդունում. թվում է, թե հետխորհրդային շրջանի հսկայական արտագաղթից հետո հայրենիքում շատ ավելի քիչ թվով հայեր պետք է մնացած լինեին։ Փոխվել է նաև հայի աշխարհագրական կարգավիճակը. Հայաստանի քաղաքացի մնալով՝ հայը հաճախ ապրում է հայրենիքի սահմաններից դուրս։ Կարծես թե ա՛յս է ամենը։ Բայց պարզվում է, որ եթե լավ վերլուծես մարդահամարի արդյունքները, ապա դրանցից կարելի է ոչ միայն բնակչության սոցիալական բնութագրեր, այլև անվտանգության և ապագա զարգացման դեղատոմսեր ստանալ։ Գուցե հենց այդ պատճառով է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը միացել ժողովրդագրական տվյալների վերլուծության գործին, թեև մինչ այդ ժողովրդագրության հետ առնչվող կազմակերպությունների ցանկում նրա անունը չի նշվել։

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյան.- Գաղտնիք չէ, որ հանրապետության ժողովրդագրական իրավիճակը բարվոք չէ. ԽՍՀՄ փլուզումից հետո ՀՀ բնակչության թվաքանակը զգալիորեն նվազել է, և այդ գործընթացը, ցավոք, շարունակվում է։ Բնակչության նվազումը պետք է ընկալել որպես մեր Երրորդ հանրապետությանը նետված ներքին մարտահրավեր։ Նկատի ունենալով աշխարհաքաղաքական աճող տուրբուլենտությունը՝ գումարած մեր տարածաշրջանային խնդիրները, ես կարծում եմ, որ ժողովրդագրական ոլորտին, կիրառելով ազգային անվտանգության եզրաբանությունը, պետք է տալ «կրիտիկական կառուցվածքի» կարգավիճակ։ Այդ կարգավիճակը ենթադրում է ինչպես հատուկ վերաբերմունք, այնպես էլ դրության բարելավմանն ուղղված մտածված միջոցների կիրառում։ Հնարավոր է, որ հենց այս հանգամանքներն են դրդել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ղեկավարությանը դիմել «Նորավանքին»՝ որպես ազգային անվտանգության ոլորտում աշխատանքի փորձ ունեցող հիմնադրամի, որպեսզի ուսումնասիրի խնդիրը և ներկայացնի համապատասխան առաջարկություններ։ Հատուկ նշեմ, որ այդ գերատեսչության ղեկավարը դրական է ընդունել մեր փաստարկներն առ այն, որ հետազոտության «նորավանքյան» մոտեցումները կարող են տարբերվել ընդունված մեթոդներից, որոնցում հիմնական շեշտը դրվում է ծնելիության վերաբերյալ վիճակագրական տվյալների վերլուծության և այս կամ այն սոցիալական ոլորտի բարելավման անհրաժեշտությունն ազդարարելու վրա։ Երբեմն նույնիսկ խորհրդատվություն է արվում, թե ինչպես կիրառել մանկամսուրների կազմակերպման շվեդական «առաջատար փորձը»։ Պետական կառույցում լայն աշխարհայացքի տեր մարդու հետ հանդիպելը մենք ընկալեցինք որպես լավ նշան և ձեռնամուխ եղանք աշխատանքին։

- Ժողովրդագրական վիճակագրական տվյալների վերլուծությունը պահանջում է որոշակի մեթոդիկաներ, որոնք կիրառում է սոցիոլոգիան, իսկ ազգային անվտանգությունն ընդամենը օգտագործում է սոցիոլոգիական հետազոտությունները։ Ձեր ընտրած ուղին, որքան հասկանում եմ, տարբերվում է կայացած չափորոշիչներից։

- Այո։ Մենք փորձել ենք հետազոտությանը տալ միջդիսցիպլինար բնույթ՝ ստացված տվյալները շաղկապելով երկրի զարգացման ռազմավարական մոդելների հետ։ Եվ ընտրել ենք համապատասխան մոդելներ։ Մասնավորապես, անցկացվել են մի շարք սեմինարներ, որոնց ներգրավվել են գիտնականներ, փորձագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ և գործարարներ։ Այս հավաքներում կիրառվել են «ուղեղային գրոհներ» և փորձագիտական հարցումներ։ Ի հավելումն՝ ուսումնասիրվել է ինչպես Երկրորդ հանրապետության ժողովրդագրական փորձը, երբ այդ խնդիրը լուծվեց՝ չնայած Հայրենական պատերազմի տարիներին կրած հսկայական կորուստներին, այնպես էլ որոշ տարածաշրջանային երկրների փորձը։ Վերիմաստավորել ենք նաև վիճակագրական այն տվյալները, որոնք առաջ էին բերում հանրության բացասական վերաբերմունքը դրանց արժանահավատության հանդեպ։ Առանց կեղծ համեստության ասեմ, որ մեր հիանալի սոցիոլոգ և մաթեմատիկական մեթոդների վերլուծության ոլորտի մասնագետ Սամվել Մանուկյանը քննադատական մոտեցմամբ է վերլուծել և էապես շտկել բավական պատկառելի միջազգային կազմակերպությունների որոշ ավելորդ լավատեսական կանխատեսումները Հայաստանի ժողովրդագրական ապագայի վերաբերյալ։

- Կարծում եմ, որ այս ամենը կարելի է ընկալել որպես օբյեկտիվության հայտ։ Մնում է միայն պարզել՝ իսկապե՞ս վիճակը վատ է։

- Մի շարք պարագաներում՝ այո՛։ Հերթով անդրադառնանք դրանց։ Հայտնի է, որ բնակչության թվաքանակի նվազման գործում հիմնական «ավանդը» պատկանում է արտագաղթին՝ պայմանավորված բազմաթիվ պատճառներով։ Սակայն որոշիչը սոցիալ-տնտեսական իրավիճակն է. բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով ՀՀ-ն աշխարհում ավելի քան համեստ տեղ է զբաղեցնում ցուցակի վերջում։ ՀՆԱ ցածր մակարդակը կրկին մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ ունի, որոնք համալիր հետազոտությունների կարիք ունեն. նկատենք, որ փորձագիտական գնահատականների բացակայությունը հարցի ծագման վերաբերյալ դժվարացնում է ինչպես ներկա իրողությունները ճիշտ գնահատելը, այնպես էլ, բնականաբար, ապագայում իրավիճակը բարելավելու ուղիների մշակումը։ Եթե չգիտես հիվանդությունը ծնող պատճառը, դրա բուժումը եթե անհնարին չէ, ապա, նվազագույնը, խիստ բարդացված է։

Այս բոլոր հարցերին մենք դեռ կվերադառնանք, բայց հիմա հարկավոր է ամրագրել ըստ իս գլխավոր խնդիրը, որին մինչև հիմա պատշաճ ուշադրություն չէին հատկացնում։ Այն է՝ բնակչության արտահոսքի արդյունքում փոխվել է մեր հասարակության կառուցվածքը։ Եթե քանակական չափմամբ այն նվազել է մի երկու տասնյակ տոկոսով, ապա որակական ցուցանիշները շատ ավելի են վատթարացել։ Փորձագիտական գնահատականների համաձայն՝ այն մարդկանց թիվը, ովքեր զբաղվում են այսպես կոչված «բարդ աշխատանքով» (նկատի ունենք պրոֆեսիոնալների ողջ դիապազոնը՝ որակյալ բանվորից մինչև տեսաբան-ֆիզիկոսը), կրճատվել է մոտ 10 անգամ։ Պաշտոնական տվյալներով՝ վեց անգամ նվազել է գիտատեխնիկական աշխատողների թիվը։ Դրանով իսկ հասարակությունը զրկվել է իր ստեղծագործական-պրոֆեսիոնալ հատվածից, մտավոր և մարդկային այն կապիտալից, որն ապահովում է ցանկացած երկրի և ժողովրդի զարգացումը։ Հատկանշական է, որ ռազմավարական այս գործոնի կարևորությունը լավ էին գիտակցում Երկրորդ հանրապետության ղեկավարները, առաջին հերթին՝ Ալեքսանդր Մյասնիկյանը, որն անցյալ դարի դժվարին 20-ական թթ. դրեց երկրի վերականգնման և զարգացման հիմքերը՝ կազմակերպելով գիտության և մշակույթի մի ամբողջ համաստեղության հայրենադարձությունը։ Ինչպես վերն արդեն նշեցի, ժողովրդագրական համատեքստում մենք ուսումնասիրել ենք (այդ աշխատանքներն իրականացրել են հիմնադրամի աշխատակիցներ Ս.Սարուխանյանը, Կ.Վերանյանը և պատմաբան Ա.Հարությունյանը) ոչ միայն սեփական, այլև այլ երկրների փորձը։ Եվ հետաքրքիր է, որ որոշ երկրներում նմանատիպ խնդիրների լուծման համար այսօր, ըստ էության, կիրառում են զարգացման այն նույն ռազմավարությունը, ինչ և Մյասնիկյանն այն ժամանակ։

- Սակայն, ստեղծելով մյասնիկյանական ուրույն փորձը՝ մենք այն հեշտությամբ տվեցինք ուրիշներին։ Իսկ փոխարենն ի՞նչ ստացանք։

- Ճշտելու համար, թե փոխարենն ինչ ենք ստացել, մենք փորձել ենք «ախտորոշել» մեր «հետհեղափոխական» տնտեսությունը՝ խուսափելով հասարակության գիտակցության մեջ ներդրված մի քանի անհեթեթ (կամ էլ «խորամանկ մտածված») հասկացական շտամպներից։ Օրինակ, որոշ միջազգային ֆինանսական ինստիտուտներ համարում են, որ Հայաստանի ներկայիս տնտեսությունը ենթարկվում է «անցումային շրջանի» օրենքներին։ Բնական է, որ նրանց ընդունած որոշումները ենթարկվում են հենց այդ հասկացության տրամաբանությանը։ Այնինչ, դա այդքան էլ, փափուկ ասած, կոռեկտ չէ. «անցումային ռեֆորմներն» իրականացվում են արդեն քառորդ դար, դրանց վերջը չի երևում, իսկ «անցումային» եզրը պարունակում է, առնվազն, ժամանակի սահմանափակում։ Վերջին ժամանակներս կիրառվում է նաև «զարգացող տնտեսություն» եզրը, ինչը նույնպես չի համապատասխանում իրականությանը՝ նկատի ունենալով թեկուզ բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ ցուցանիշների նկատելի դրական դինամիկայի բացակայությունը։

Հաշվի առնելով այն, որ Հայաստանում փակվել են հարյուրավոր ձեռնարկություններ, ինչի արդյունքում արդյունաբերության բաժինը Հայաստանի տնտեսությունում կրճատվել է երկու անգամ, ընդ որում՝ հիմնական հարվածը հասցվել է բարձրտեխնոլոգիական արտադրանքին, մենք համոզված ենք, որ ավելի կոռեկտ կլինի ՀՀ-ն բնորոշել որպես «ապաինդուստրիալացված» երկիր։ Այս բնութագրումը հետևանք է տնտեսության տոտալ և լավ չմտածված լիբերալացման, ինչը բնորոշ էր հետխորհրդային բոլոր երկրներին՝ թերևս, բացի Բելառուսից։ Ի դեպ, արևմտյան պատժամիջոցներ մտցնելուց հետո վերաինդուստրիալացման քաղաքականություն են փորձում իրականացնել նաև ՌԴ-ում, որտեղ ակտուալացվել է ինքնաբավության ապահովման խնդիրը գոնե ռազմարդյունաբերական համալիրում։

- Ժամանակին ես գիտակ մարդկանցից հետաքրքրվել եմ զանգվածային մասնավորեցման մոտիվների մասին։ Եթե հիշում եք, սկզբում ասում էին, թե սեփականաշնորհումը փոխարինում է անարդյունավետ սեփականատիրոջը արդյունավետով, և սեփականաշնորհման օբյեկտը պետք է որոշակի տարիների ընթացքում չփոխի իր պրոֆիլը։ Հետո կարգախոսները փոխվեցին, գլխավորը դարձավ բոլշևիկներին հնարավոր ռևանշի տնտեսական բազայից զրկելը։ «Ոչ մեզ, ոչ ձեզ» սկզբունքով։ Հետո փլատակներն էին։

- Հետո ապաինդուստրիալացումն էր, որը թույլ է տալիս ճշտել նաև հայ հասարակության սոցիալական կոորդինատները։ ԶԼՄ-ում երբեմն կարծիք է արտահայտվում, թե Հայաստանը «տեղեկատվական հասարակություն» ունեցող հետինդուստրիալ երկիր է։ Նման բնորոշումը ենթադրում է, որ հասարակությունում գերակշռում է «նոր գիտելիքների» արտադրությունը՝ բառի լայն իմաստով։ Բնականոն զարգացման դեպքում այս բնորոշումը, անշուշտ, արդարացված կլիներ, քանի որ այսօր էլ ՀՀ-ն գիտատեխնիկական ակտիվության իր վարկանիշով զբաղեցնում է բավական բարձր տեղ աշխարհում։ Բայց դա ավելի շուտ պայմանավորված է այն գիտնականների ու տեխնոլոգների բարձր ստեղծագործական պոտենցիալով և համառությամբ (բառիս լավագույն իմաստով), ովքեր, անկախ ամեն ինչից, շարունակում են իրենց ստեղծարար աշխատանքը։ Իսկ առհասարակ, և սա պետք է փաստել ցավով, մեզ մոտ այսօր ավելի շատ գերակշռում են արդեն առկա տեղեկատվության «բազմապատկումն» ու «սպառումը», քան թե նորն է ստեղծվում։ Այս հանգամանքները հարկադրում են մեր հասարակությունը բնորոշել որպես «թվացյալ» կամ «քվազի տեղեկատվական»։ Մեկ անգամ ևս ընդգծենք, որ նման բնույթի «հասկացությունները», որոնց ցանկը բավական երկար է, ստեղծում են իրականության պատրանքային ընկալում և չեն նպաստում ադեկվատ տնտեսական որոշումների կայացմանը։ Ինչն էլ հարվածում է ժողովրդագրական իրավիճակին։

- Ստացվում է «հասարակության որակ և ժողովրդագրության» նման մի բան։ Բայց չէ՞ որ մենք խոսում ենք արդյունաբերության մասին, որի զարգացման վերաբերյալ այնքան շատ բան է ասվել։ Հայտնի է, որ դրան խանգարում են մոնոպոլիզմը (ընդ որում՝ այն անընդհատ ավելանում է), իրավական անպաշտպանությունը, սեփականության «սրբազան» ինստիտուտի բացակայությունը։

- Բոլոր դեպքերում, մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ ժողովրդագրական իրավիճակի որակական բարելավումը միանգամայն իրական է։ Բայց դրա համար, առաջին հերթին, անհրաժեշտ է շտկել հասարակության անհավասարակշռությունը և անհրաժեշտ քանակով «վերականգնել ստեղծագործ պրոֆեսիոնալների իրավունքները»։ Ակնհայտ է, որ այս գործում չի կարելի միայն հույսը «շուկայի անտեսանելի ձեռքի» վրա դնել, և պետք է հիշել, որ սեփական նախագծերի բացակայության պարագայում իրականացվում են օտարներինը։ Ինչպես բանակի դեպքում է. ով չի կերակրում իր բանակը, կկերակրի ուրիշինը։ Մեր առաջարկած կոնցեպտը ենթադրում է գերակա կարգավիճակ շնորհել տնտեսության տեխնոլոգիական հատվածին, դրա զարգացման ռազմավարության մշակմանը, և որ գլխավորն է՝ այդ ռազմավարության կենսագործմանը։ Հատուկ ընդգծենք, որ «տեխնոլոգիական հատված» եզրը բավական լայն մեկնաբանություն ունի, ինչպես ընդունված է աշխարհում, և այդ ասելով առնվազն հասկանում են տեխնոլոգիական ճյուղերի հետևյալ «եռյակը», որոնք մշակում և, պայմանականորեն ասած՝ «արտադրում» են.

• «նյութականացված» արտադրանք՝ տեխնոլոգիաներ, սարքավորումներ «տնտեսության իրական հատվածի» համար և այլ ապրանքներ,

• «չնյութականացված» արտադրանք՝ ծրագրային կամ տեսական մշակումներ (օրինակ՝ այսպես կոչված soft ware),

• «հումանիտար-հասարակական» արտադրանք, այն է՝ քաղաքական, սոցիալական և նմանատիպ այլ տեխնոլոգիաներ։

- Ենթադրենք, թե տնտեսության տեխնոլոգիական հատվածին գերակա կարգավիճակ շնորհելու ձեր հայեցակարգն իշխանությունն անթերի կհամարի, այդ հատվածի համար իրավական դրախտ կապահովվի, այն կպաշտպանվի իր գործունեությանը կոպիտ միջամտության փորձերից, ինտելեկտուալ սեփականությունը կհամարվի սրբազան և այլն, և այլն։ Բայց այստեղ մի հարց էլ է առաջ գալիս. իսկ փող որտեղի՞ց։ Ո՞վ է ֆինանսավորելու նման ծավալուն նախագիծը։ Եվ եթե դա չի արվել քիչ թե շատ լավ օրերին, ավելի վատ օրերին ինչպե՞ս է արվելու։

- Ակնհայտ է, որ «նորմալ» պայմաններում կարելի կլիներ թվարկված տեխնոլոգիական ուղղությունները միավորել մի «փաթեթում»։ Դրանք փոխլրացնում են միմյանց և զորեղացնում մեկը մյուսին, ուստի դրանց համատեղ զարգացումը կտար այսպես կոչված սիներգետիկ՝ ուժեղացնող արդյունք։ Բայց, ավաղ, մեր ժամանակներն ավելի մոտ են ճգնաժամայինին, և փաթեթային լուծումից ստիպված ենք հրաժարվել։ Իսկ ֆինանսական և կազմակերպչական ռեսուրսների պակասի պայմաններում մենք նպատակահարմար համարեցինք անցկացնել վերոնշյալ տեխնոլոգիական ճյուղերի համեմատական վերլուծություն դրանց իրականանալիության տեսակետից։ Մենք պարզեցինք, որ ավելի լավ կլիներ գործն սկսել «հումանիտար» տեխնոլոգիաներից, որոնք ըստ էության կարող էին ձևավորել անհրաժեշտ տեղեկատվական և գաղափարախոսական միջավայր, որը «հարմարվետ» կլիներ տնտեսական վերելքի և ժողովրդագրական իրավիճակի բարելավման տեսակետից։ Սակայն աշխատանքներն այս ոլորտում, մանավանդ առաջին փուլում և կազմակերպչական ռեսուրսների պակասի պայմաններում, բավական դժվար է իրականացնել հանրության և քաղաքական ընտրանու համար գրավիչ ձևով։

Իրավիճակը «soft ware» հատվածում այսօր քիչ թե շատ բավարար է։ Այս ոլորտում ներգրավված հանրույթը բավական բարձր մտավոր ներուժ ունի և համեմատաբար լավ է կազմակերպված, այն փորձում է պաշտպանել իր սպեցիֆիկ շահերն ամենատարբեր ատյաններում և հարթակներում։ Այսինքն՝ չնայած բազմաթիվ խնդիրների առկայությանը՝ այս ոլորտի ներկայացուցիչներն արդեն փորձում են իրականացնել սեփական զարգացման ռազմավարությունը։

«Ամենաչկարգավորված» իրավիճակի մեջ գտնվում է «նյութականացված» տեխնոլոգիաների ոլորտը, որն ասես խորհրդանշում է մեր երկրի «ապաինդուստրիալականացվածությունը»։ Այնինչ, այս ոլորտում ստացված արդյունքները կարող են առավել «շոշափելի» դառնալ հասարակության բոլոր շերտերի համար։ Հայտնի է, որ ոլորտի կառույցներին բնորոշ է «բազմապատկման» մեխանիզմը. դրանք «ծնում են իրենց նմաններին» և ճյուղավորվում են։ Միաժամանակ, նման ձեռնարկությունների աշխատակիցներն ավելի են կապված իրենց աշխատատեղերին, քանի որ աշխատանքն այնտեղ ավելի «կոլեկտիվ» է, ամեն մեկն ունի հենց «իր» սարքը կամ հաստոցը։ Պրակտիկան ցույց է տալիս, որ մասնագետների արտահոսքն այս ձեռնարկություններից ավելի քիչ է, ինչը ժողովրդագրության տեսակետից խիստ կարևոր է։ Ելնելով այս ամենից՝ մենք հաշվարկել ենք, որ ավելի նպատակահարմար է աշխատանքն սկսել հենց այս ուղղությամբ։ Ինչ վերաբերում է ռեսուրսներին, ապա բնավ պարտադիր չէ առաջին փուլում արդյունաբերական հսկաներ կառուցել։ Կարելի է և հարկավոր է սկսել ոչ մեծ բարձրտեխնոլոգիական կառույցներից, որոնք իրենց զարգացման ընթացքում կխոշորանան։ Հայտնի է, որ նման ձեռնարկությունների «գործարկման» համար պահանջվում են համեմատաբար ոչ մեծ ֆինանսական ներդրումներ, որոնք, բանիմաց կազմակերպման դեպքում, բավական արագ կփոխհատուցվեն։

- Իսկ Հայաստանում այս ոլորտի զարգացման համար գոնե ինչ-որ նախադրյալներ մնացե՞լ են։

- Մեր սեմինարներին մասնակցել են գիտնականներ՝ հիանալի մշակումների հեղինակներ, որոնց գործնական տեխնոլոգիականացումն ու ներդրումը լուրջ տնտեսական և սոցիալական արդյունք կտային։ Կարճ ժամանակում մենք ավելի քան 20 բավական հասուն առաջարկություններ ենք հավաքել։ Ի դեպ, նախագծեր են ներկայացրել նաև մոսկվացի մեր հայրենակիցները. օրինակ՝ Հրանտ Ռոստոմյանի բարձրտեխնոլոգիական նախագիծն արդեն «փորձարկվել» է Ռուսաստանում և միանգամայն համահունչ է ինտեգրացիոն միտումներին ԵԱՏՄ շրջանակում։ Գուցե վերամբարձ է հնչում, բայց հայ հասարակության պատմական փորձը և հատկապես Երկրորդ հանրապետությունում ձևավորված գիտական և արտադրական ավանդույթները վկայում են, որ երկրում գոյություն ունեն տեխնոլոգիական ոլորտի զարգացման բոլոր նախադրյալները։

Միևնույն ժամանակ, մենք միայն պետական կառույցների հետ չպետք է հույս կապենք։ Տնտեսությունում և ժողովրդագրության մեջ ստեղծված անմխիթարական վիճակը հետևանք է նաև այն բանի, որ այսպես կոչված «հայկական կապիտալը» (ինչպես արտասահմանում, այնպես էլ հայրենիքում) այնքան էլ ադեկվատ չի պատկերացնում Հայաստանի և Սփյուռքի «կոորդինատները» արդի գլոբալ համակարգում, երբ ընթանում է աշխարհակարգի վերակառուցման ցավագին գործընթացը։ Մասնավորապես, մեր «կապիտալիստական հասարակությունը» ոչ մի կերպ չի ուզում ընկալել մտավոր պոտենցիալի զարգացման կարևորությունը, ինչն այսօր մեր ընդհանուր գոյության միակ երաշխիքն է և՛ որպես ազգ, և՛ որպես պետություն։ Արդյունքում՝ «հայրենասիրական» շատ քայլեր հաճախ դրսևորվում են հերթական խաչքարի տեղադրման կամ եկեղեցու կառուցման տեսքով։ Իհարկե, շատ վեհանձն գործ է, բայց կան այլ՝ ոչ պակաս աստվածահաճո գործեր...

Զրույցը վարեց Արեն Վարդապետյանը


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր