• am
  • ru
  • en
Версия для печати
26.04.2016

ԻՐԱՆԸ 2016Թ. ՄԱՐՏԻՆ (ՆԵՐՔԻՆ ԻՐԱՎԻՃԱԿ)

Руский

   

Հրաչյա Հակոբյան
ԵՊՀ մագիստրոս


Ընտրություններ:
Փետրվարի վերջը և մարտի սկիզբը հատկանշական էին Իրանի համար: Միջուկային համաձայնագրի կնքումից և պատժամիջոցների գրեթե լրիվ չեղարկումից հետո փետրվարի 26-ին անցկացվեցին խորհրդարանական (մեջլիսի) 10-րդ հավաքի և Բանիմացների խորհրդի1 5-րդ կազմի ընտրությունները: Ընտրության իրավունք ունեցող 55 մլն քաղաքացիներից մասնակցել է մոտ 60%-ը՝ ավելի քան 33 մլն մարդ: Ընտրություններում բավական մեծ հաջողություններ գրանցեց բարեփոխիչների և չափավորների ճամբարը. նախնական տվյալներով՝ մեջլիսի 290 տեղից 78-ը պահպանողականներին է բաժին հասել, 83-ը՝ բարեփոխիչներին և չափավորներին, 60-ը՝ անկախ թեկնածուներին, 5-ը՝ կրոնական փոքրամասնություններին, 64 տեղ դեռ լրացվելու է ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին կայանալիք ընտրությունների երկրորդ փուլով: Հայկական համայնքին հասնող երկու տեղից մեկը բաժին է հասել Կարեն Խանլարյանին (հյուսիսային ընտրատարածք), մյուսում հաղթել է Ժորժ Աբրահամյանը (հարավային ընտրատարածք): Թեհրանում բարեփոխիչ և չափավոր ճամբարի՝ մեջլիսի թեկնածուներից կազմված «Հույսի ցուցակը» միանշանակ հաղթանակ է տարել՝ զբաղեցնելով բոլոր 30 տեղերը: Արդյունքներից երևում է, որ քաղաքական ոչ մի ուժ խորհրդարանում բացարձակ մեծամասնության չի կազմի: Կարևոր է իմանալ, որ Իրանում չկան կուսակցություններ, և քաղաքական ուժերն ավանդականորեն ընդունված է բաժանել բարեփոխիչների, չափավորների և ֆունդամենտալիստների կամ պահպանողականների: Այս բաժանումը կրում է հարաբերական բնույթ. պահպանողականներն էլ ունեն մի շարք տարբեր հոսանքներ՝ ռադիկալից մինչև լիբերալ: Բարեփոխիչ չափավորների մեջ կան պահպանողականներ, պրագմատիկներ և այլն: Միանշանակ է մի բան, որ այս բոլոր քաղաքական ուժերը գործում են իսլամական հեղափոխության իդեալների համաձայն, և այս տրամաբանությունից դուրս քաղաքական կողմնորոշումն Իրանում համարվում է անօրինական գործունեություն: Այս ընտրությունների, թերևս, ամենակարևոր արդյունքն այն էր, որ հստակ երևաց գործող նախագահ Հասան Ռոհանիի և նրա վարած քաղաքականության ժողովրդական հաստատումը2, և բարեփոխիչ-չափավորների դիրքերի ուժեղացումը մեջլիսում հենարան կլինի վերջինիս՝ իր տնտեսական քաղաքականությունը շարունակելու համար: Իրանի մեջլիսը զբաղվում է հիմնականում ներքին գործերով, իսկ հետպատժամիջոցային շրջանն Իրանի 80 միլիոնանոց շուկան բացել է օտարերկրյա ներդրումների համար, ստեղծել աննախադեպ հնարավորություններ երկրի համար, և սրան համապատասխան ներքին քաղաքականության փոփոխությունն ուղղակի անխուսափելի է: Պահպանողականներն, իրենց բնորոշ անհանգստությամբ, թե ներդրումների և փոփոխությունների հետ կարող է տուժել նաև իսլամական գաղափարախոսությունը, սա շատ լավ գիտակցում են: Հասան Ռոհանիի ճամբարի այս հաջողությունը պատահական չէ. հենց այս «բարեփոխիչ» քաղաքականության արդյունքում է հնարավոր եղել հասնել Միջուկային համաձայնագրի ստորագրմանը, ինչը 10 տարուց ավելի է՝ չէր հաջողվում իր նախորդներին: Ռոհանիի նախագահական քարոզարշավի հիմնական կարգախոսն էր՝ «քայլ առ քայլ դուրս բերել Իրանը պատժամիջոցներից», ինչն էլ նրա ճամբարը կատարում է:

Բանիմացների խորհրդի 5-րդ կազմում բարեփոխիչ-չափավորական ճամբարը մեծ հաջողություններ է գրանցել, Թեհրանին հատկացված 16 տեղից 15-ում հաղթել են բարեփոխիչ թեկնածուները: Այս խորհրդի ընտրություններում առաջին տեղն զբաղեցրել է Իսլամական վարչակարգի նպատակահարմարությունը որոշող խորհրդի նախագահ և ԻԻՀ նախկին նախագահ (1989-1997թթ.), այաթոլա Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին, երկրորդ տեղը՝ այաթոլա Էմամի Քաշանին, երրորդը ներկայիս նախագահ Հասան Ռոհանին է: Բանիմացների խորհրդի այս կազմի գլխավոր առանձնահատկություններից մեկն այն է, որ, ամենայն հավանականությամբ, հենց այս նորընտիր 88 խորհրդականն են ընտրելու երկրի ներկայիս գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեիի հաջորդին: 76-ամյա առաջնորդն առողջական խնդիրներ ունի, իսկ խորհրդի մանդատը շարունակվելու է 8 տարի՝ մինչև 2024թ.: Հետաքրքրական է, որ խորհրդի ընտրության որակավորումը չէր անցել իրանական հեղափոխության առաջնորդ, այաթոլա Սեյեդ Խոմեյնիի թոռը՝ 43-ամյա Հասան Խոմեյնին: Կարծիք կա, որ սրա պատճառը ոչ թե վերջինիս իսլամագիտական և շիական ոչ բավարար գիտելիքներն են3 եղել, այլ նրա՝ բարեփոխիչների ճամբարից լինելը:

«Հրթիռային» խնդիր: Մարտի 8-ին Իրանի ռազմատիեզերական ուժերը փորձարկել են սեփական արտադրության Qadr F և Qadr H տեսակի բալիստիկ հրթիռներ: Հրթիռներն արձակվել են «Էքթեդարե Վելայաթ» (Առաջնորդության հզորություն) անունը կրող զորավարժության շրջանակներում: ԱՄՆ-ը այս փորձարկումները որակել է, որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի 2231 որոշման դրույթների խախտում4: Իրանական կողմն իր հերթին հայտարարել է, որ իր երկրում արտադրվող բալիստիկ հրթիռները նախատեսված չեն միջուկային մարտալիցքերի տեղափոխման համար և, հետևաբար, չեն խախտում ՄԱԿ Անվտանգության խորհրդի որոշումը, իսկ երկրի հրթիռային ծրագիրը կրում է բացառապես պաշտպանողական բնույթ, ինչպես և ողջ ռազմական ուժերը: Այնուամենայնիվ, մարտի 9-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների երկարաձգման որոշում է կայացրել, ըստ որի՝ Ամերիկայի կողմից Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները երկարացվում են ևս մեկ տարով: Այս իրադարձությունը հանգեցրեց մի շարք երկրների դժգոհությանը, սակայն, մարտի 14-ի դրությամբ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարեց, որ հրթիռների փորձարկումը Եմրամիությունը չի դիտում որպես «Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի» մասին որոշման խախտում, և Եվրամիության երկրներից ոչ մեկն Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարց չի բարձրացրել: Նույն դիրքորոշումն ունի Ռուսաստանը, որը մի շարք պաշտոնյաների մակարդակով բազմիցս հայտարարել է, թե խախտում չի տեսնում, իսկ պաշտպանական բնույթի միջոցառումները ցանկացած երկրի իրավունքն են:

Մարտի 31-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում նախագահ Բարաք Օբամայի նախաձեռնությամբ բացվեց Միջուկային անվտանգության գագաթաժողովը, որը կոչված էր միավորելու միջազգային ջանքերը միջուկային ահաբեկչության սպառնալիքի և միջուկային նյութերի տարածման դեմ պայքարում: Մասնակցել են 50 երկրների նախագահներ և ներկայացուցիչներ: Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ավագ տնօրեն Լորա Հոլգեյթը մարտի 29-ին հայտարարել էր, թե գագաթաժողովի բոլոր մասնակիցներն ունենալու են կառուցողական մասնակցություն այս գործընթացում, դրա համար էլ Իրանը չի հրավիրվել: Հետաքրքրական է այն փաստը, որ այս գագաթաժողովում հաստատապես քննարկվել է Իրանի կողմից միջուկային համաձայնագրի դրույթների կատարումը՝ հատկապես կապված բալիստիկ հրթիռների արտադրության և փորձարկման հետ, առանց Իրանի:

Իրանում հրթիռների փորձարկումով պայմանավորված միանշանակ դիրքորոշումը, այն է՝ դա երկրի անվտանգության ապահովմանն ուղղված անխուսափելի քայլ է, հետաքրքիր քաղաքական միջադեպի վերածվեց: Բարեփոխականների ճամբարի թերևս ամենահայտնի ներկայացուցիչ, այաթոլա Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին իր թվիթերյան էջում մարտի 24-ին գրառում էր կատարել՝ «վաղվա աշխարհը ոչ թե հրթիռների, այլ երկխոսության աշխարհ է», ինչը ենթարկվեց խստագույն քննադատության՝ ընդհուպ մինչև գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեիի մարտի 30-ի հայտարարությունը. «Որ ասում են, թե վաղվա աշխարհը հրթիռների աշխարհ չէ, այլ երկխոսության աշխարհ է, կարող է երկու բացատրություն ունենալ՝ կամ տվյալ անձն անիրազեկ է աշխարհի անցուդարձից, կամ իրազեկ է և դավաճան: Ի՞նչ օգուտ նրանից, որ Իրանի իսլամական կառավարման համակարգն իր գլխավոր նպատակը դարձնի տեխնոլոգիաների զարգացումն ու աշխարհի հետ երկխոսությունը՝ առանց մտածելու պաշտպանական ներուժի մեծացման մասին. պարզից էլ պարզ է, որ յուրաքանչյուր արտաքին սպառնալիքից միայն նահանջելու ենք»։ Այս հայտարարությունից մեկ ժամ առաջ արդեն Ռաֆսանջանիի գրառումը, երևի թե հասկանալով ձևակերպման հակասությունը, փոխվել էր՝ վերածվելով հետևյալին. «Վաղվա աշխարհը իսլամական հեղափոխության նման երկխոսությունների աշխարհ է, ոչ թե միջմայրցամաքային հրթիռների և միջուկային ռումբերի»: Այս ճշտումը ցրել է թնջուկը:

Մահապատիժներ Իրանում: Մարտի 10-ին ՄԱԿ՝ Իրանում մարդու իրավունքների հատուկ զեկուցող Ահմեդ Շահիդի զեկույցի համաձայն՝ 2015թ. Իրանում 1989-ից ի վեր5 ռեկորդային թվով մարդիկ են մահապատժի ենթարկվել՝ ամենաքիչը 996 մարդ: Մահապատժի ենթարկվածների մեծ մասը դատապարտվում է հիմնականում թմրամիջոցների6 առևտրով զբաղվելու պատճառով: Մահապատիժների թիվը շատ է եղել հատկապես տարվա առաջին կեսին՝ առավելագույնը հասնելով 136-ի հունիս ամսվա ընթացքում: Զեկույցի համաձայն՝ 2015թ. Իրանում ուժեղացել են խոսքի և համոզմունքների ազատության վրա ճնշումները, հարյուրավոր լրագրողներ, բլոգերներ, ակտիվիստներ գտնվում են բանտերում: Amnesty International մարդասիրական, ոչ պետական, միջազգային կազմակերպության տվյալներով՝ Իրանը, Չինաստանի և Սաուդյան Արաբիայի հետ, աշխարհում մահապատիժների ամենամեծ ցուցանիշ ունեցող երկրներից մեկն է: Այս ցուցանիշով առաջին տեղում Չինաստանն է, որտեղ, նույն կազմակերպության տվյալներով, տարեկան ավելի շատ մարդ է մահապատժի ենթարկվում, քան մնացած երկրներում՝ միասին վերցրած (ամենաքիչը՝ 5000 մարդ):

Տնտեսություն: Մարտի 5-ին Իրանի կենտրոնական բանկի նախագահ Վալիուլա Սեյֆը հայտարարել էր, որ 2016թ. նրանք սպասում են Իրանի տնտեսության 5%-ից ավելի աճ, ավելի ուշ Համաշխարհային բանկի զեկույցում Իրանի համար 2016թ. կանխատեսվել է 5.8% տնտեսական աճ: Սրանք Համաշխարհային բանկի՝ Իրանի հետպատժամիջոցային շրջանի թարմացված կանխատեսումներն են: Պատժամիջոցների շրջանում Իրանի համար 2017թ. կանխատեսվել էր 2% տնտեսական աճ, պատժամիջոցների չեղարկումից հետո այդ ցուցանիշը հասել է 6.7%-ի:

Ամփոփելով տարին7՝ ներդրումների և տեխնիկատնտեսական օժանդակության իրանական կազմակերպությունը հայտարարել է, թե հաստատված ներդրումային նախագծերի ընդհանուր արժեքը եղել է մոտ $7 մլրդ, սրանից միայն մարտ ամսին հաստատվել է 14 նախագիծ, հիմնականում՝ էլեկտրաէներգիայի արտադրության, մեքենաշինության, լեռնահանքային արդյունաբերության ոլորտներում, ընդհանուր $2 մլրդ 658 մլն 457 հազար 550 արժողությամբ: Ըստ այս զեկույցի՝ հաստատվել են հետևյալ նախագծերը՝ Սիստան և Բելուջիստան օսթանի կենտրոն Զահեդան քաղաքում կառուցվելու է 880 մվտ հզորությամբ էլեկտրակայան, Արևելյան Ատրպատական օսթանում՝ նույն հզորությամբ Սեհենդ-Բոնաբ էլեկտրակայանը8, արևային էլեկտրակայան՝ Զենջան օսթանում, 50 մվտ հզորության հողմակայան Սիստան և Բելուջիստան օսթանում, 500 մվտ հզորության էլեկտրակայան Խուզեստան օսթանի Օմիդիե քաղաքում, նաև ծրագրվում է կառուցել 2 արևային էլեկտրակայան Համադան օսթանում, յուրաքանչյուրը՝ 14 մվտ հզորությամբ: Հաստատվել է նաև մի շարք օսթաններ գերնորարարական FINEX-CEM մետաղարդյունաբերության տեխնոլոգիաների ներմուծման ծրագիրը: Տնտեսության և ֆինանսների նախարարությունը հաստատել է, որ արտասահմանյան ներդրումները և կապիտալը պետք է լինեն Իրանի ազգային շահերի շրջանակում՝ իրենց հետ բերելով տեխնիկական գիտելիքներ, ստեղծելով նոր աշխատատեղեր, ինչը կարևոր խնդիր է Իրանում, և մեծացնելով երկրի արտահանման ծավալները:

1 Պրսկ.- خبرگان مجلس. մաջլեսե խեբրեգան՝ հատուկ պետական մարմին, որն ընտրում է երկրի գերագույն առաջնորդին և վերահսկում վերջինիս գործունեությունը, կազմված է 88 մուջահիդներից (բարձրաստիճան իսլամական աստվածաբան, շիականության գիտակ), որոնք ընտրվում են 8-ամյա ժամկետով: Խորհուրդը հավաքվում է երկօրյա նստաշրջանով՝ տարին երկու անգամ: Նիստերն անցնում են փակ ձևաչափով, քաղվածքները հասանելի են միայն գերագույն առաջնորդին: Խորհուրդն իրավունք ունի նաև երկրի գերագույն առաջնորդին հեռացնել իշխանությունից:

2 Իրանի նախագահ Հասան Ռոհանին իրեն համարում է կենտրոնական դիրքի քաղաքականության հետևորդ, սակայն սա ակնհայտ քաղաքական պատճառներ ունի:

3 Իսլամական հեղափոխության պահապանների խորհուրդը (գործառույթով նման է սահմանադրական դատարանին), բաղկացած 12 անդամից (վեց շիա աստվածաբան և վեց իրավաբան), նախընտրական փուլում երկրի կարևոր պաշտոններում հաստատում կամ չեղարկում է թեկնածուներին: Բանիմացների խորհրդի թեկնածուները սույն խորհրդի մոտ անցնում են իսլամի և շիականության դրույթների իմացության որակավորում:

4 2015թ. հուլիսի 20-ին ՄԱԿ Անվտանգության խորհուրդն ընդունել է ,Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի» մասին որոշումը, ըստ որի՝ Իրանը պարտավորվել է իր միջուկային ծրագիրն օգտագործել բացառապես խաղաղ նպատակներով: Սույն որոշմամբ Իրանին արգելվել է ատոմային բլոկներով հրթիռներ արտադրել:

5 1989թ. Իրանում մահապատժի է ենթարկվել 1500 մարդ:

6 1979թ. իսլամական հեղափոխությունից հետո 30գ և ավելի թմրամիջոցի հայտնաբերման դեպքում կիրառվում է պատժի առավելագույն չափը՝ մահապատիժը:

7 Իրանական օրացույցը կամ արևային հիջրան աստղագիտական, արևային օրացույց է, որը, որպես պետական օրացույց, օգտագործվում է Իրանում և Աֆղանստանում: Ժամանակագրությունը սկսում է հիջրայից (622թ. մարգարե Մուհամեդի և իր հետևորդների գաղթը Մեքքայից Մեդինա), սակայն, ի տարբերություն դասական իսլամական օրացույցի՝ հիմնվում է արևային (արևադարձային) տարվա վրա, օրինակ՝ մի գիշերահավասարից մյուսն ընկած ժամանակահատվածը, սրա համար է, որ այս օրացույցի ամիսները միշտ համընկնում են տարվա եղանակների հետ: Տարվա սկիզբն է գարնանային գիշերահավասարի օրը, որը համընկնում է մեր օրացույցի (Գրիգորյան) մարտի 20-ին կամ 21-ին:

8Բոնաբը Արևելյան Ատրպատական օսթանի խոշոր քաղաքներից մեկն է՝ Բոնաբի շահրեսթանի վարչական կենտրոնը՝ Սեհենդ լեռան հարավային լանջին (Սեհենդը Հայկական բարձրավանդակի լեռներից է):


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր