• am
  • ru
  • en
Версия для печати
28.04.2016

ԻՐԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ (2016թ. մարտ)

Руский

   

Ռոման Կարապետյան
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, պ.գ.թ.


Իրանի Իսլամական Հանրապետության համար 2016թ. մեկնարկը նշանավորվեց երկու կարևոր իրադարձություններով, որոնք իրենց կնիքը դրեցին երկրի արտաքին քաղաքական գծի հետագա զարգացումների վրա: Հունվարի 16-ին արձանագրվեցին «վեցնյակի երկրների» և Իրանի միջև բանակցությունների առաջին դրական արդյունքները՝ ազդարարելով Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների վերացման մեկնարկը: Մյուս իրադարձությունը կապված է Իրանում երկու բարձրագույն կառավարման մարմինների՝ Փորձագիտական խորհրդի և Մեջլիսի ընտրությունների հետ, որոնց առաջին փուլն անցկացվեց փետրվարի վերջին օրերին:

Տեղեկանք. 2005թ., երբ Իրանն ակտիվացրել էր իր միջուկային հարստացման ծրագրերը, վերջինիս վրա միջազգային պատժամիջոցներ էին կիրառվել: Միջուկային հարցերով Իրանի հետ բանակցելու համար 2015թ. հուլիսին կազմվել էր «վեցնյակի խումբը» (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա): Բանակցությունների արդյունքում Իրանը պարտավորվել է առնվազն 10 տարով սառեցնել իր միջուկային հարստացման ծրագրերը և կրճատել խաղաղ միջուկային ծրագրերը՝ դրանք դնելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) վերահսկողության ներքո: Տարվա վերջին ԱԷՄԳ-ն արձանագրեց, որ Իրանը կատարում է ստանձնած պարտավորությունները, ինչի արդյունքում հանվեց Իրանի պատժամիջոցների մի մասը: Իրանը հնարավորություն ստացավ տիրապետելու իր $107 մլրդ-ի չափով սառեցված արտասահմանյան ակտիվներին, որից 29 մլրդ-ին՝ անմիջապես, օրական արտահանելու մինչև 0,5 մլն բարել նավթ: Սակայն ԱՄՆ-ը և ԵՄ-ը պահպանեցին այն պատժամիջոցները, որոնք վերաբերում են Իրանին զենք վաճառելուն, ինչպես նաև Իրանի այն քաղաքացիներին, ովքեր կասկածվում են մարդու իրավունքների ոտնահարման և ահաբեկչական խմբավորումների հետ կապ պահելու մեջ: Այդ ցուցակի մեջ ներառվեցին 29 անձ և 94 ընկերություն՝ նախկին 64-ի և 373-ի դիմաց՝ համապատասխանաբար:

Միջազգային պատժամիջոցների մի մասի չեղարկումից հետո Իրանը կտրուկ ակտիվացրել է արտաքին քաղաքականությունը: Ամսվա ընթացքում երկրի քաղաքական օրակարգում առաջնային տեղ են զբաղեցրել հարաբերությունները միջազգային ուժային կենտրոնների, իսլամական աշխարհի, խոշոր տնտեսական և քաղաքական գործընկեր երկրների հետ:

Իրան-ԱՄՆ, միջազգային պատժամիջոցներ. Երկու երկրների միջև փոխհարաբերությունները, չնայած ձեռք բերված պայմանավորվածություններին, շարունակում են լարված մնալ: Մարտի սկզբին ԱՄՆ-ն սկսեց վերադարձնել դեռևս 35 տարի առաջ զենքի գնման համար Իրանի կողմից փոխանցված գումարի մի մասը՝ $1,7 մլրդ-ի չափով: ԱՄՆ նախագահ Բ.Օբաման թույլատրեց ամերիկյան ավիաընկերություններին քաղաքացիական օդանավեր վաճառել Իրանին: Երկու երկրների հարաբերությունների ջերմացման հաջորդ փորձը նույնպես ԱՄՆ նախաձեռնությամբ էր. Բ.Օբաման տեսաշնորհավորանք հղեց իրանցիներին Նովրուզի կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ բացառիկ հնարավորություն է ստեղծվել զարգացնելու երկու երկրների միջև փոխհարաբերությունները: Սակայն իրավիճակը կտրուկ փոխվեց մարտի 8-ին և 9-ին Իրանում մինչև 2000 կմ հեռահարությամբ բալիստիկ հրթիռների հաջող փորձարկումից հետո: Բ.Օբաման հայտարարեց, որ դրանով Իրանը խախտում է ստանձնած պարտավորությունները, և հարցը պետք է քննարկվի ՄԱԿ Անվտանգության խորհրդում: ԱՄՆ-ը ևս մեկ տարով երկարաձգեց Իրանի նկատմամբ պատժամիջոցները, որոնք նախատեսում էր հանել մարտի կեսերին: Պաշտոնական Թեհրանը դժգոհ է իր նկատմամբ ԱՄՆ վարած քաղաքականությունից: Իրանի հոգևոր առաջնորդ և երկրի փաստացի ղեկավար Ա.Խամենեին հանդես եկավ ԱՄՆ-ի նկատմամբ կոշտ քննադատություններով: Նա նշել է, որ Իրանը չպետք է բացառի ԱՄՆ-ի կողմից սպառնալիքները: Ավելի ուշ նա կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններն անհնար են. «ԱՄՆ-ը շարունակում է դժվարություններ ստեղծել Իրանի համար, որոնք արտահայտվում են ինչպես բանկային ոլորտում, այնպես էլ Իրանի սառեցված ակտիվների վերադարձի հարցում»,- ասել է Խամենեին: Այնուհետև պաշտոնական Թեհրանը ներկայացնող տարբեր տրամաչափի գործիչներ խոսեցին այն մասին, որ Իրանը շարունակելու է զարգացնել իր հրթիռային համակարգը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ դրանով նրանք չեն խախտում ստանձնած պարտավորությունները, և այդ ծրագրերն ունեն բացառապես խաղաղասիրական նպատակներ և միտված են երկրի պաշտպանունակության բարձրացմանը: Իրանի հրթիռային փորձարկումների վերաբերյալ ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարեց, թե Իրանը պետք է զգույշ լինի նմանատիպ փորձարկումներ անելիս, քանի որ դրանք կարող են ապակայունացնել տարածաշրջանը: Դրանք անարձագանք չթողեցին նաև վեցնյակի մյուս երկրները: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վ.Չուրկինը հայտարարեց, թե դրանով Իրանը չի խախտել պայմանավորվածությունները, և հարցը Անվտանգության խորհրդում քննարկելու կարիք չկա: Ավելի ուշ Եվրոպական միության արտաքին հարցերով գլխավոր հանձնակատար Ֆ.Մոգերինին նույնպես հայտարարեց, թե Իրանը հավատարիմ է իր ստանձնած պարտավորություններին: Եվրոպական երկրներից առավել խիստ քննադատությամբ հանդես եկավ պաշտոնական Բեռլինը՝ այն համարելով ՄԱԿ կոնվենցիաների խախտում:

Սպառազինությունների ծավալների մեծացման հարցում Իրանի պաշտոնական շրջանակներում կա տեսակետների որոշակի տարամետություն: Երկրի հոգևոր առաջնորդ Ա.Խամենեին այս առիթով ասել է. «Մենք բանակցում ենք և միևնույն ժամանակ՝ զարգացնում մեր սպառազինությունները: Դրանք փոխկապակցված են, և մենք չենք կարող մեր անվտանգությունն ապահովել առանց մեկը մյուսի: Թեպետ մեր վրայից պատժամիջոցները հանվում են, բայց դրանք մնում են թղթի վրա, և մենք չենք տեսնում դրանց արդյունքները»: Այս հայտարարությունից հետո Իրանի նախկին նախագահ, ինչպես նաև ներկա նախագահի համակիր Ա.Ռաֆսանջանին իր թվիթերյան էջում հետևյալ գրառումն էր արել. «Իրանի ապագան երկխոսության մեջ է, այլ ոչ՝ հրթիռների»: Սակայն այս գրառումը շատ արագ հեռացվել էր:

Պաշտոնական Թեհրանն ակտիվորեն քննադատում է նաև Մերձավոր Արևելքում ԱՄՆ վարած քաղաքականությունը: Ա.Խամենեին հայտարարել է, թե ԱՄՆ-ը դատապարտում է իրենց հրթիռային փորձարկումները, մինչդեռ ինքը լայնամասշտաբ զորավարժություններ է իրականացնում մի տարածաշրջանում, որտեղ պատասխանատվություն չի կրում: Պաշտոնական Թեհրանը հասկանալ տվեց ԱՄՆ-ին, որ եթե վերջինս Իրանը ճանաչի որպես տարածաշրջանի հիմնախնդիրների հիմնական մեղավորի և սկզբնաղբյուրի, դա անխուսափելիորեն կարող է բերել Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև կրոնական հակամարտության սրման և տարածաշրջանի ապակայունացման: Դրանից հետո Բ.Օբաման հայտարարեց, թե Թեհրանն ու Էր Ռիադը տարածաշրջանում շահերի բաժանման գոտիները հստակեցնելու համար իրենք պետք է ուղիներ գտնեն:

Երկու երկրների միջև սառույցի հալմանը չեն նպաստում նաև ԱՄՆ ներքաղաքական զարգացումները: Երկրի նախագահական ընտրարշավի հիմնական առաջատարներ Դ.Թրամփը, Թ.Քրուզն իրենց նախընտրական ելույթներում խիստ քննադատության են ենթարկում Իրանին և խոստանում ընտրվելու դեպքում չեղարկել վերջինիս հետ ձեռք բերված պայմանավորվածություններն ու վերականգնել պատժամիջոցները: ԱՄՆ-ում Իրանցիների խորհուրդը հայտարարեց, թե պաշտպանում է Հիլարի Քլինթոնի թեկնածությունը: Այս հայտարարությունից ընդամենը մեկ օր անց Հ.Քլինթոնը Վաշինգտոնում սիոնիստական լոբբիստական հայտնի խմբերից մեկի (AIPAC) առջև ելույթի ժամանակ ասաց, որ ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքում պետք է հետևի Իսրայելի շահերին, ուստի պետք է մշտապես վերահսկի Իրանին և անհրաժեշտության դեպքում նոր պատժամիջոցներ կիրառի: Թեհրանից պատասխանը չուշացավ. Ա.Խամենեին հայտարարեց, թե ԱՄՆ նախագահի բոլոր թեկնածուները Իրանի թշնամիներն են, քանի որ նրանք իրենց քարոզչությունը տանում են Իրանին սևացնելու միջոցով:

Մարտի 24-ին ԱՄՆ-ը պատժամիջոցների մեջ ներառեց նաև իրանական 6 ընկերությունների, որոնք ուղիղ կապ ունեին հրթիռային փորձարկումների հետ:

Իրան-Ռուսաստան, սպառազինություններ. Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները մնում են ռազմավարական գործընկերության մակարդակում: Երկու երկրները դաշնակցում են սիրիական և տարածաշրջանային այլ հարցերում: Փետրվարի վերջին Ռուսաստանը որոշում կայացրեց դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում և հանել զորքերն այնտեղից: Պաշտոնական Թեհրանն այս փաստին դրականորեն արձագանքեց՝ այն դիտարկելով որպես Սիրիայում կայունության հաստատմանն ուղղված կարևոր քայլ, թեպետ Իրանի պաշտոնական որոշ շրջանակներ Ռուսաստանի այս քայլը որակեցին ռազմավարական գործընկերությանը ոչ համահունչ՝ դրանով ցույց տալով, որ այդ քայլն ամբողջությամբ համաձայնեցված չի եղել Իրանի հետ: Ավելի ուշ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարեց, որ իրենք Սիրիայում վարում են Ռուսաստանից անկախ քաղաքականություն: Այս հայտարարությունով պաշտոնական Թեհրանը փորձեց կասեցնել արևմտյան բազմաթիվ լրատվամիջոցների մեղադրանքներն այն մասին, որ Իրանը Սիրիայի հարցում անվերապահորեն կատարում է Մոսկվայի որոշումները:

Երկու երկրները հիմնականում համագործակցում են ռազմատեխնիկական ոլորտում: Մինչև փետրվարի վերջ Իրանը բանակցում էր Ռուսաստանի հետ նրանից T-90 տեսակի տանկեր ձեռք բերելու համար, սակայն հետագայում հայտարարեց, որ ունակ է այս ոլորտում պահանջները բավարարել սեփական ռեսուրսների հաշվին: Բանակցությունները հիմնականում ընթանում էին C-300 հակաօդային պաշտպանության համակարգեր ձեռք բերելու շուրջ: Նախատեսվում է մինչև ընթացիկ տարվա սեպտեմբեր պայմանավորված քանակությամբ համակարգեր հասցնել Իրան: Մարտի 11-ին Ռուսաստանն ամբողջությամբ հանեց Իրանի նկատմամբ պատժամիջոցները: Չնայած ռազմավարական գործակցությանը՝ երկու երկրներն ունեն թույլ զարգացած տնտեսական հարաբերություններ: Նրանց միջև առևտրաշրջանառության ծավալը կազմում է $2 մլրդ: Մարտին քայլեր են ձեռնարկվել տնտեսական, հատկապես՝ էներգետիկ ոլորտում համագործակցության զարգացման ուղղությամբ: Երկու երկրները պայմանավորվածություն ունեն 1400 մվտ հզորությամբ ջերմաէլեկտրակայան կառուցելու վերաբերյալ:

Իրանն ակտիվորեն արդիականացնում և ավելացնում է իր սպառազինությունները: Երկրի ռազմածովային ուժերի հրամանատարը հայտարարել է նոր և ավելի մեծ բեռնատարողությամբ ռազմական նավերի արտադրության և միջազգային ջրեր բաց թողնելու մասին: Նախատեսվում է այս առումով ներկայանալի լինել Ատլանտյան, Խաղաղ և Հնդկական օվկիանոսներում: Հրթիռային համակարգերի արդիականացման առաջին փուլի ավարտը նախատեսվում է 2017թ. գարնանը: Նախատեսվում է նաև լայնամասշտաբ զորավարժություններ անցկացնել ցամաքում, օդում և ջրում: Այս հայտարարություններից հետո պաշտոնական Թեհրանը վստահեցնում է, որ երբևէ մտադիր չէ կիրառել միջուկային, քիմիական կամ կենսաբանական զենք:

Իրան-Մերձավոր Արևելք. Տարածաշրջանի երկրների հետ Իրանի հարաբերությունները չի կարելի դասել ձևավորվածների շարքին: Այստեղ հիմնականում բախվում են Իրանի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Իսրայելի շահերը: Իրանի հրթիռային փորձարկումներից անմիջապես հետո Իսրայելի վարչապետ Բ.Նեթանյահուն հայտարարեց, թե պետք է խստագույնս պատժել վերջինիս: Իրավիճակն էլ ավելի սրեց Իսլամական հեղափոխության պահպանման էլիտար ստորաբաժանման ղեկավարի այն հայտարարությունը, թե փորձարկված հրթիռների համար հասանելի են ներկայում Իսրայելի կողմից վերահսկվող տարածքները:

Արաբական աշխարհի և Իրանի միջև հակասությունները, պարզ է, բազմաթիվ են: Մարտի 2-ին Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հ.Անսարին ասել է, թե արաբական որոշ երկրներ պետք է վերջ տան իրանաֆոբիային, քանի որ դա տարածաշրջանին խաղաղություն չի բերի: Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններում լարվածության նոր փուլի մեկնարկը դրվել էր դեռ տարվա սկզբին, երբ Էր Ռիադում մահապատժի էին ենթարկվել շիա մահմեդական քարոզիչներ: Դրան հետևել էր Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա հարձակումը, որից հետո Սաուդյան Արաբիան և ևս 4 սուննի մահմեդական երկրներ սառեցրել էին դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ: Այնուհետև Պարսից ծոցի երկրների խորհուրդը, որի մեջ մտնում են 6 սուննի մահմեդական և Սաուդյան Արաբիայի քաղաքական տանիքի տակ գտնվող երկրներ, Լիբանանում հիմնական քաղաքական կառավարման լծակներին տիրապետող և Իրանից սնվող «Հըզբոլլա» կազմակերպությունը հռչակեցին ահաբեկչական խմբավորում: Մարտի 24-ին Իրանին և «Հըզբոլլա» շարժմանն աջակցող ելույթից հետո Սաուդյան Արաբիայում ձերբակալվեց ևս մեկ հայտնի շիա քարոզիչ: Մարտի վերջին Սաուդյան Արաբիան հրաժարվեց վիզա տրամադրել Իրանի պատվիրակներին Էր Ռիադում անցկացվող Իսլամական կոնֆերանս կազմակերպության համաժողովին մասնակցելու համար:

Մարտի 5-6-ին պաշտոնական այցով Թեհրան ժամանեց Թուրքիայի վարչապետ Ա.Դավութօղլուն: Այցը հիմնականում տնտեսական բնույթ էր կրում: Թուրք պաշտոնյան կարծիք հայտնեց, թե երկու երկրների միջև որոշակի քաղաքական տարաձայնությունները չպետք է ազդեն նրանց տնտեսական փոխհարաբերությունների վրա: Ա.Դավութօղլուն շեշտադրել է նաև, որ Թուրքիան շարունակել է մնալ Իրանի բարեկամն ու սատարել է նրան նաև միջազգային պատժամիջոցների գոյության ժամանակ: Կարծում ենք, Թուրքիան փորձում է մնալ Իրանի համար որպես կարևոր տնտեսական գործընկեր, քանի որ պատժամիջոցների չեղարկումից հետո Իրանի արտաքին տնտեսական հնարավորությունները զգալիորեն մեծացել են: Գաղտնիք չէ, որ Թուրքիայի հետ Իրանի տնտեսական կապերը մեծապես պայմանավորվում էին նաև Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների առկայությամբ: Իսկ ինչ վերաբերում է ՌԴ-Թուրքիա հարաբերություններին՝ Իրանը հայտարարել է, թե չեզոք դիրք է զբաղեցնում: Այցի ընթացքում համաձայնություն ձեռք բերվեց երկկողմ առևտրաշրջանառության ծավալներն առաջիկա երկու տարիների ընթացքում հասցնել $30 մլրդ-ի: Մարտի 20-ին Իրանի ԱԳ նախարար Մ.Զարիֆը պատասխան այցով եղավ Անկարայում: Խոսելով թուրք-իրանական հարաբերությունների զարգացման մասին՝ նա շեշտադրեց, որ դրանք կարևոր ազդակ կարող են լինել մահմեդական աշխարհի, հատկապես՝ շիաների և սուննիների համերաշխության տեսանկյունից:

Տեղեկանք: Երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները կտրուկ նվազել էին 2015թ. ընթացքում՝ նախորդ տարվա 13,7 մլրդ-ի փոխարեն իջնելով 9,7 մլրդ ցուցանիշի: Հիմնական պատճառը Սիրիայում զարգացումների հետևանքով թուրք-իրանական հարաբերությունների սրացումն էր: Միևնույն ժամանակ, այս ցուցանիշի զգալի հատվածն ապահովվում է Իրանից Թուրքիա ներկրվող գազի հաշվին:

Պակիստանի հետ նոր մակարդակի հարաբերությունների հիմքերը դրվեցին Իրանի նախագահ Հ.Ռոհանիի՝ մարտի 25-ին Իսլամաբադ կատարած այցով: Հ.Ռոհանին Պակիստանի իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ ընդգծեց, որ երկու երկրների միջև հարաբերությունները ռազմավարական են: Պակիստանը, որպես տարածաշրջանային միջուկային պետություն, կարևոր դերակատարում ունի անվտանգության և կայունության հաստատման ամրապնդման գործում: Երկու երկրների ղեկավարները ստորագրեցին մի շարք միջպետական փաստաթղթեր, որոնք վերաբերում են արտաքին քաղաքական, տնտեսական, գիտական, մշակութային, առողջապահական ոլորտներին: Կողմերը համաձայնություն ձեռք բերեցին նաև առևտրաշրջանառության ծավալները մոտ ապագայում հասցնել $5 մլրդ-ի: Կողմերը պայմանավորվել են նաև արագացնել դեռևս 2013թ. մեկնարկած Իրան-Պակիստան գազամուղի շինարարությունը, որի իրանական հատվածի աշխատանքներն ավարտվել են դեռևս 2015թ.:

Իրան-Ասիա-Ավստրալիա. Մարտի սկիզբը նշանավորվեց Իրանի և Հարավարևելյան Ասիայի երկրների միջև հարաբերությունների բուռն զարգացումներով: Մարտի 5-ին Իրանի ԱԳՆ պատվիրակությունն այցելեց տարածաշրջանի 6 երկիր՝ Ինդոնեզիա, Թայլանդ, Բրունեյ, Նոր Զելանդիա, Սինգապուր, Ավստրալիա: Հնդկաստանի պաշտոնական աղբյուրները հայտարարեցին, թե երկիրը հետաքրքրված է Իրանից գազի ներմուծմամբ և նախատեսում է 1400 կմ երկարությամբ գազատարի կառուցման վերաբերյալ համաձայնության գալ Թեհրանի հետ: Մետալուրգիայի և էներգետիկայի ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ հուշագիր է ստորագրվել Իրանի և Չինաստանի միջև: Հիշեցնենք, որ Չինաստանը ներկայում Իրանի ամենախոշոր տնտեսական գործընկերն է Ասիայում՝ շուրջ $40 մլրդ-ի չափով առևտրաշրջանառության ծավալներով: Պաշտոնական Սեուլը վերականգնում է Իրանի հետ ավիափոխադրումները և պայմանավորվածություններ ձեռք բերում միջուկային ոլորտում համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ: Ներկայում երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները հասնում են $10 մլրդ-ի: Ասիական տնտեսական մեկ այլ հսկայի՝ Վիետնամի հետ հարաբերությունների նոր փուլի մեկնարկն էլ դրվեց վերջինիս նախագահի Թեհրան կատարած այցի ընթացքում: Վիետնամը հայտարարել է, թե ճանաչում է խաղաղ նպատակներով իրագործվող Իրանի միջուկային ծրագրերը: Կողմերը պայմանավորվել են առաջիկա 5 տարիների ընթացքում առևտրաշրջանառության ծավալները 350 մլն-ից հասցնել $2 մլրդ-ի: Ասիական տնտեսական հսկաներից միայն Ճապոնիան է, որ չի շտապում բարելավել հարաբերություններն Իրանի հետ:

Իրան-Եվրոպա. Մարտի 6-ին իսպանական նավահանգիստներից մեկը ժամանեց 1 մլն բարել իրանական նավթով բեռնված առաջին նավը: Իրանը նավթի մատակարարման վերաբերյալ պայմանավորվածություններ է ձեռք բերել նաև Ուկրաինայի և Հունաստանի հետ: Ֆրանսիական Total նավթային ընկերությունը բանակցություններ է վարում Իրանի նավթային ընկերությունների հետ հետագա գործակցության ծրագրերի մշակման շուրջ: Ամսվա ընթացքում հատկապես ակտիվ էին քաղաքական շփումները Բելառուսի, Ռումինիայի հետ, որոնք Եվրոպայում Իրանի առանցքային տնտեսական գործընկերներից են: Շվեյցարիայի նախագահը գոհունակություն է հայտնել երկու երկրների հարաբերությունների զարգացման տեմպերից, իսկ Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը մտադրություն է հայտնել այցելել Իրան: Մարտի 30-31-ին նախատեսված էր Իրանի նախագահի այցն Ավստրիա, սակայն անվտանգության միջոցառումներից ելնելով՝ այն հետաձգվել է: Ամսվա ընթացքում եվրոպական երկրների հետ շփումներն ակտիվության մակարդակով ակնհայտորեն զիջել են Իրանի արտաքին քաղաքական մյուս վեկտորներին և հիմնականում պայմանավորված են եղել միջուկային ծրագրերի վերաբերյալ համաձայնագրերի շուրջ քննարկումներով ու պատժամիջոցների վերացմամբ:

Իրան-Հարավային Կովկաս. Հարավային Կովկասն Իրանի արտաքին քաղաքականության օրակարգում ունի կարևոր նշանակություն, ինչի մասին մեկ անգամ չէ, որ հայտարարել է պաշտոնական Թեհրանը: Տարածաշրջանն Իրանի համար ունի առավելապես տարանցիկ տնտեսական նշանակություն:

Տեղեկանք. 2015թ. դեկտեմբերին Երևանում Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի և Վրաստանի միջև ստորագրվել է էներգետիկ ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: Նախատեսվում է մինչև 2018թ. Հայաստան-Վրաստան 400 կվտ հզորությամբ էլեկտրահաղորդակցության գիծ կառուցել: Նախատեսված է նաև մինչև 2021թ. էլեկտրաէներգիայի փոխադարձ հոսքերի հզորությունը հասցնել մինչև 70 մվտ-ի: Ընթացիկ տարվա հունվարին Իրան-Հայաստան-Վրաստան գազամուղի կառուցման վերաբերյալ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել երեք երկրների միջև:

Իրանն ունի առավել ընդգծված հարաբերություններ Ադրբեջանի հետ, ինչն առաջին հերթին պայմանավորված է կրոնական և տնտեսական կապերով: Ամսվա ընթացքում երկու երկրների պաշտոնական շփումների օրակարգում հիմնականում եղել են սահմանային անվտանգության, առողջապահական հարցերը: Ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը չի թմբկահարում Իրանի հետ հարաբերությունները, ինչն առաջին հերթին պայմանավորված է Իրանում ապրող մեծաքանակ ադրբեջանական համայնքի առկայությամբ և տարածաշրջանում հավասարակշռության ապահովմանն ուղղված Իրանի արտաքին քաղաքականությամբ: Մարտին Իրանում ՀՀ դեսպան Ա.Թումանյանը հանդիպել է Թեհրանի նահանգապետ Հ.Խաշեմիի հետ, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքացիական ավիացիայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ: Իրանի տրանսպորտի նախարարը Իրան-Բուլղարիա տնտեսական համաժողովի ժամանակ խոսել է Իրան-Հայաստան-Վրաստան-Բուլղարիա-Հունաստան տրանսպորտային միջանցքի գործարկման անհրաժեշտության մասին:

Իրան-Ամերիկա, Աֆրիկա. Իրանն Ամերիկայի երկրներից ամենասերտ կապերն ունի Բրազիլիայի հետ: Ընթացիկ ամսում Իրանը վերջինիս հետ պայմանավորվածություն է ձեռք բերել քաղաքացիական օդանավերի գնման հարցում:

Մարտի 16-ին Իրանի արտգործնախարարի արաբ-աֆրիկյան հարցերով տեղակալը հանդիպել է աֆրիկյան երկրների դեսպանների հետ և հայտնել, որ պաշտոնական Թեհրանը վերանայում է աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների ռազմավարությունը: Որպես առաջին քայլ նախատեսվում է կազմակերպել տարաբնույթ պաշտոնական այցեր աֆրիկյան երկրներ, իսկ հարաբերությունների որակը նոր մակարդակի բարձրացնել առաջիկա 5 տարիների ընթացքում:

Աղբյուրներ՝

1. http://www.en.mfa.ir

2.http://www.aljazeera.com

3.http://www.presstv.com

4.http://www.tass.ru

5.http://www.iran.ru

6.http://www.vestikavkaza.ru

7.http://www.iranchamber.com

8.http://www.bbc.com

9.http://www.theguardian.com

10.http://www.telegraph.co.uk

11.http://www.inosmi.ru

12.http://www.ria.ru

13.http://www.panarmenian.net

14.http://www.razm.info

15.http://www.mepc.org

16.http://www.rbc.ru


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր