• am
  • ru
  • en
Версия для печати
24.06.2016

ԻՐԱՆԸ 2016Թ. ՄԱՅԻՍԻՆ (Ներքին իրավիճակ)

Руский

   

Հրաչյա Հակոբյան
ԵՊՀ մագիստրոս

Պաշտպանության ամրացում. Չնայած ԱՄՆ և Իսրայելի դժգոհությանը՝ Իրանը շարունակում է զարգացնել զինված ուժերը: Մայիսի 1-ին խորհրդարանն այս բնագավառում գրեթե բոլոր ենթաճյուղերին վերաբերող մի շարք որոշումներ է կայացրել: Որոշվել է ընդլայնել հրթիռարտադրությունը, զարգացնել երկրի հեռահար և կարճ տարածության ՀՕՊ համակարգերը, բարելավել կապի ցանցերը, ուժեղացնել տեղեկատվական անվտանգությունը, ռազմածովային ուժերը համալրել ժամանակակից զինատեսակներով, հետազոտել ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի նոր մեխանիզմներ և արտադրել համապատասխան զինատեսակներ: Մայիսի 3-ին Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Հ.Սայարին հայտարարել է, որ մինչև ընթացիկ տարվա վերջ իրանական ռազմածովային ուժերն անցկացնելու են 20 զորավարժություն, որոնց ընթացքում փորձարկվելու են հրթիռներ, խաղարկվելու են ռազմածովային հետախուզության սցենարներ, անցկացվելու են ստորջրյա ռազմատեխնիկայի փորձարկումներ: Ընթացքի մեջ է նաև զենիթահրթիռային PhalanX CIWS1 համակարգի իրանական մոդելի` Talash 3-ի պատրաստման գործընթացը, որոնցով համալրվելու են հիմնականում Պարսից ծոցի ռազմանավերը: Զանգվածային արտադրության է հանձնվել իրանական ռազմական մոտորանավակների նոր սերունդը, որոնք համալրված են լինելու տարբեր հականավային հրթիռներով և տորպեդոներով: Այս մասին մայիսի 11-ին հայտարարել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար Ա.Ֆադավին: Նոր սերնդի մոտորանավակները զարգացնելու են մինչև 148կմ/ժ արագություն, ինչը ռազմանավերի համար բավական մեծ արդյունք է և թույլ է տալու լուծել մի շարք կարևոր ռազմավարական խնդիրներ:

Իրանի պաշտպանության նախարար Հ.Դեհղանը մայիսի 10-ին այցելել է ԻՀՊԿ Խաթամ ալ-Անբիա օդային պաշտպանության զորամիավորման Թեհրանում կայացած պաշտպանական ձեռքբերումների ցուցահանդեսը, որի ժամանակ շահագործման է հանձնվել իրանական արտադրության Naseh մարտական անօդաչու թռչող սարքը: Հ.Դեհղանը հայտնել է նաև Ռուսաստանից ներկրված С-300ПМУ-2 զենիթահրթիռային համակարգերի տեղակայման և դրան համարժեք իրանական Bavar-373 համակարգի՝ մինչև տարեվերջ արտադրության մասին: Իրանն օդային անվտանգության լիակատար ապահովումը սկսել է ատոմային օբյեկտների օդային ծածկույթի ապահովումից, ըստ ամենայնի ներմուծված համակարգերը տեղադրվելու են Էրդեքան, Բուշեր, Սպահան, Նեթենզ, Ղոմ և Էրաք քաղաքների շրջակայքում:

Մայիսի 11-ին Իրանի ցամաքային զորքերի հրամանատար Ա.Փուրդասթանը հայտարարել է ցամաքային զորքերի տեխնիկական համալրումների մասին: Մասնավորապես, արդիականացվելու են M-60 տանկերը, որոնք համալրվելու են ժամանակակից կրակի վարման համակարգերով, նոր հակատանկային հրթիռների պաշտպանության համակարգերով, որոնք, Ա.Փուրդասթանի խոսքերով, կարող են չեզոքացնել նույնիսկ Tow տեսակի ծանր հակատանկային հրթիռները:

Մայիսի 22-23-ը Սպահան օսթանում (նահանգ) անց են կացվել Beit օl-Moghadas 28 անվանումը կրող ցամաքային զորավարժություններ: Դրանց ընթացքում փորձարկվել են իրանական արտադրության տարբեր հեռահարության Naze’at և Fajr ցամաք-ցամաք տեսակի 8 հրթիռ, Muhajir-M2 բազմապրոֆիլ անօդաչու թռչող սարքեր: Խաղարկվել են մարտական սցենարներ ցամաքային զորքերի, մեքենայացված զորամիավորումների, ինչպես նաև օդուժի մասնակցությամբ:

Տնտեսություն. Լորեստան օսթանի (նահանգ) Խորամաբադ քաղաքում մայիսի 3-ին գործարկվել է $400 մլն ներդրումային միջոցներով կառուցված պետրոքիմիական գործարանային համալիրը: Համալիրի գործարկմանը նավթի նախարար Բ.Զանգանեն հայտարարել է, որ ընթացիկ իրանական 1395(20/03/16-20/03/17) տարում Իրանի պետրոքիմիական արտադրանքը կավելանա 8 մլն տոննայով: Նախարարը փաստել է, որ պետրոքիմիական արդյունաբերությունը «դիմադրողական տնտեսության» կարևոր ցուցանիշներից է, որը նվազեցնում է նավթահումքի վաճառքը և բերում զբաղվածության աճի: Նավթաքիմիական գործարաններ են գործարկվել նաև Քուրդիստան և Մահաբադ օսթաններում: Մայիսի 5-8-ը Թեհրանում անցկացվել է Իրանի նավթի, գազի, վերամշակման և պետրոքիմիայի 21-րդ միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցել է 880 ընկերություն աշխարհի 38 երկրներից: Մի շարք մեծ ընկերություններ շտապում են իրենց ներկայությունն ունենալ ներդրումային աննախադեպ հնարավորություններ բացած Իրանի նավթարդյունաբերության ոլորտում, ինչի արդյունքն էլ այս ցուցահանդեսի գրեթե համաշխարհային մասնակցությունն էր: Persian gulf holding-ի տնօրեն Ա.Նեժադսալիմը հայտարարել է, որ ցուցահանդեսի ժամանակ €1մ լրդ ներդրումային պայմանագիր է ստորագրվել Հորմոզգան օսթանում նավթաքիմիական գործարաններ կառուցելու համար: Նա ավելացրել է, որ Իրանի ազգային զարգացման ֆոնդից $2.2 մլրդ է հատկացվել այս շրջանում 2 նավթամշակման գործարան կառուցելու համար: Իրանում սեփական արտադրությունը խթանելու նպատակով պետրոքիմիական արտադրության սարքավորումների ձեռքբերումն արտերկրից արգելված է:

Նավթի արդյունահանումը, Իրանի ազգային նավթային ընկերության տնօրեն Ռ.Ջավադիի փոխանցմամբ, մայիսի 5-ի դրությամբ հատել է օրական 3.7 մլն բարելի սահմանը, որից 2.1 մլն բարելն արտահանվում է: Արդյունաբերության այս ցուցանիշը 2011թ. նոյեմբերից ի վեր ամենաբարձրն է: Ռ.Ջավադին ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Իրանը հունիսին կհասնի նախապատժամիջոցային ժամանակաշրջանի՝ օրական 4 մլն բարել ցուցանիշին: Ըստ ամենայնի, այդ ցուցանիշը հատելու դեպքում անգամ Իրանն արդյունահանման չափերի սառեցման բանակցությունների չի գնա:

Իրանի ազգային հարկային վարչության ղեկավար Ս.Թաղավինեժադը մայիսի 3-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ երկիրը ստացել է անցած՝ 1394թ. սպասելիք հարկային եկամուտների 90%-ը: Հարկային եկամուտները կազմել են 667 տրլն ռիալ ($19.3 մլրդ), և անցած տարվա համեմատ գրանցվել է 16% աճ: Ս.Թաղավինեժադը հավելել է, որ ըստ ընթացիկ տարվա բյուջեի ծրագրի՝ կանխատեսվում է հարկային եկամուտների աճ մինչև 1 կվդրլն ռիալ ($28.9 մլրդ): Երկրի հարկային եկամուտների բարձրացումը նպատակ ունի նվազեցնել տնտեսության կախվածությունը նավթի արդյունահանումից: Իրանը հարկային եկամուտներ ստանում է հիմնականում ուղղակի հարկերից, ԱԱՀ-ից և մաքսատուրքերից:

Քաղաքաշինության և ճանապարհաշինության նախարարության ճգնաժամային կառավարման ու պասիվ պաշտպանության գլխավոր տնօրեն Ա.Անարին իր զեկույցում նշել է, որ տարեսկզբից ջրհեղեղների պատճառով երկիրը կրել է 5 տրլն ռիալի ($165.3 մլն) վնաս: Ըստ ՄԱԿ տարերային աղետների վտանգի նվազեցման միջազգային ռազմավարության տվյալների՝ Իրանը բնական աղետների բարձր ռիսկայնության երկրների տասնյակում է:

Մայիսի 16-ին առևտրի և արդյունաբերության պալատի աշխատանքային նիստում էներգետիկայի նախարար Հ.Չիթչիանը հայտարարել է, որ երկրի էներգետիկ ոլորտի հետագա զարգացման համար անհրաժեշտ է վերանայել և համապատասխանեցնել երկրում գործող էներգիայի սակագինը: Նախարարը նշել է, որ Իրանի ներքին էներգետիկ ռեսուրսը 74 տրլն մեգավատ է, երկրում էլեկտրաէներգիայի սակագինն ամենացածրն է աշխարհում, սակայն վերանայման կարիք ունի:

Մայիսի 17-ին Իրանի կառավարության խոսնակ Մ.Նոբախթը մամուլի ասուլիսում հայտարարեց, որ վերջին կիսամյակում երկիրը գրանցել է 2% տնտեսական աճ: Առանց նավթարդյունաբերության հաշվարկի այս ցուցանիշը 1.6% է, որը ցույց է տալիս իրականացվող «դիմադրողական տնտեսական քաղաքականության» արդյունավետությունը: «Սահմանափակումները վերածել առավելությունների» տնտեսական քաղաքականությունը մեծապես հաջողվել է, եթե հաշվի առնենք Իրանի հանդեպ կիրառված պատժամիջոցային շրջապատման դրական անդրադարձը երկրի տնտեսության վրա, որը թույլ տվեց տնտեսությունը դարձնել բազմակողմանի և նվազեցնել կախումը նավթահումքի վաճառքից: Ավելի ուշ՝ մայիսի 21-ին, պետական պլանավորման խորհրդի նիստի ժամանակ Մ.Նոբախթը ներկայացրել է օտարերկրյա ներդրումների տվյալները, ըստ որոնց՝ «միջուկային համաձայնագրի» ստորագրումից մինչև հիմա Իրանում 41 նախագծի մեջ ընդհանուր $3,481 մլրդ արժողությամբ ներդրումներ են կատարվել:

Ներքաղաքական. Մայիսի 18-ին Սահմանադրության պահապանների խորհուրդը հաստատել է խորհրդարանի ներկայացրած «Քաղաքական հանցագործությունների» օրինագիծը, որն առաջինն է այս բնագավառի համար 1979թ. հեղափոխությունից հետո: Օրինագծի համաձայն, կառավարության, պետական միավորների, երկրի ներքին կամ արտաքին քաղաքականության դեմ ուղղված գործողությունները, անկախ ընդհանուր համակարգին վնաս հասցնելու միտման առկայության հանգամանքից, համարվում են քաղաքական հանցագործություն: ԻԻՀ-ի դեմ ուղղված վիրավորական խոսքերը, սուտ տեղեկատվության տարածումը և ընտրական օրենսգրքով ամրագրված հանցագործությունները նույնպես քաղաքական հանցագործություն են համարվում: Հստակեցվել է քաղաքական բանտարկյալների կարգավիճակը, ըստ որի՝ քաղբանտարկյալները ենթակա չեն արտահանձնման, առանձնացվելու են ընդհանուր բանտարկյալներից, չեն կրելու բանտարկյալների համազգեստ: Այս օրինագծով, փաստորեն, «քաղաքական հանցագործություններ» տերմինի հետ առաջին անգամ նաև շրջանառության մեջ է դրվում «քաղաքական բանտարկյալ» տերմինը, որոնց մինչ այս անվանում էին «անվտանգության բանտարկյալներ»:

Մայիսի 24-ին կայացել է նորընտիր 5-րդ հավաքի Բանիմացների խորհրդի առաջին նիստը: Քվեարկությամբ 51 ձայնով երկամյա ժամկետով նախագահ է ընտրվել այաթոլա Ա.Ջաննաթին (խորհրդի նախկին նախագահն էր այաթոլա Մ.Յազդին): Ա.Ջաննաթին վառ պահպանողական քաղաքական ճամբարի ներկայացուցիչներից է, շիական հոգևորականության ազդեցիկ գործիչ, միաժամանակ Սահմանադրության պահապանների խորհրդի նախագահն է: 88 անդամ ունեցող Բանիմացների խորհուրդը վերահսկում է հոգևոր առաջնորդի գործունեությունն ու անհրաժեշտության դեպքում ընտրում նոր հոգևոր առաջնորդ:

Մայիսի 28-ին աշխատանքն սկսեց Իրանի նորընտիր 10-րդ գումարման խորհրդարանը: Հիմնական առաջնահերթություններ են հայտարարվել «դիմադրողական տնտեսության իրականացումը» և «իսլամական մշակույթի տարածումը»: 173 ձայնով ԻԻՀ 10-րդ գումարման խորհրդարանի խոսնակ է վերընտրվել չափավոր պահպանողականների ներկայացուցիչ Ա.Լարիջանին, նրա հիմնական մրցակից` բարեփոխական «Հույսի» քաղաքական խմբավորման ներկայացուցիչ Մ.Արեֆը ստացել է 103 ձայն: Իրանական քաղաքագիտական շրջանակների կարծիքով՝ Ա.Լարիջանիի ընտրությունը դրական խթան է լինելու իրականացվող տնտեսական քաղաքականության համար, քանի որ նա Հ.Ռոհանիի կառավարության հետ համագործակցելու մեծ փորձ ունի: Հ.Ռոհանիի նախագահության առաջին շրջանում խորհրդարանը մի քանի անգամ խափանել է կառավարության արտաքին և ներքին քաղաքական կուրսերի իրագործումը: Այս խնդիրների հարթման, ինչպես նաև Միջուկային համաձայնագրի շուրջ խորհրդարանում առաջացած մեծ թնջուկի լուծման մեջ Ա.Լարիջանին մեծ դեր է ունեցել: Չնայած ԻԻՀ ներքին գործերի նախարարության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալները դեռ չեն հրապարակվել, 10-րդ գումարման ԻԻՀ խորհրդարանն ըստ քաղաքական ճամբարների հետևյալ տեսքն ունի. բարեփոխական չափավորական «Հույսի ցուցակ»՝ 122, պահպանողականներ՝ 92, անկախ թեկնածուներ՝ 71, կրոնական փոքրամասնություններ՝ 5: ԻԻՀ խորհրդարանում պատգամավորների թիվը 290 է: Խորհրդարանի այս կազմը պաշտպանելու է Հ.Ռոհանիի կառավարության վարած քաղաքականությունը:

Ցույցեր Թեհրանում. Մայիսի 1-ին Իրանում նշվում է ուսուցչի և աշխատավորի օրը: Տոնակատարություններից զատ, Թեհրանում հազարավոր քաղաքացիներ դուրս էին եկել բողոքի ցույցի: Հիմնական պահանջներն են. վերացնել աշխատանքային կարճաժամկետ պայմանագրերը, խրախուսել ազգային արտադրողներին, բարելավել առևտրային գործունեության պայմանները, վերացնել գործազրկությունը, մանկական աշխատանքը, միայնակ մայրերի համար ստեղծել համապատասխան պայմաններ, զարգացնել աշխատանքների անվտանգությունը: Իրանցի ցուցարարները կարճաժամկետ պայմանագրերը բնորոշել են «ժամանակակից ստրկություն» արտահայտությամբ: Այսպիսի պայմանագրերով է աշխատում աշխատողների 85-90%-ը: Աշխատանքային բնագավառն Իրանում երկրի հիմնական խնդիրներից է, առկա է մեծ չափերի հասնող գործազրկություն (10%)2: Ցույցերն անցել են խաղաղ պայմաններում, առանց միջադեպերի: Երկրի տնտեսությունում արդյունաբերության և գործազրկության ցուցանիշներն իրար չեն համապատասխանում, ինչը դուրս է տնտեսագիտական օրինաչափություններից: Սակայն վերջին շրջանի տնտեսության թռիչքային զարգացումը բարձրացնելու է աշխատուժի պահանջարկը և բերելու է գործազրկության նվազման:

Հերթական քաղաքական թնջուկն առաջացել է այս անգամ անգլերեն լեզվի տարածման և կարևորության հարցի շուրջ: Երկրի նախագահ Հ.Ռոհանիի հայտարարությունը, թե «անգլերենը գիտության լեզու է և պետք է զարգացնել այդ լեզվի տիրապետումն Իրանում», հոգևոր առաջնորդ Ա.Խամենեին քննադատության է ենթարկել՝ ասելով, որ գիտության լեզու միայն անգլերենը չէ, իսպաներենը, գերմաներենը, ֆրանսերենը և մի շարք այլ լեզուներ ևս գիտության լեզուներ են և պակաս կարևոր չեն: Հոգևոր առաջնորդն անհանգստություն է հայտնել երկրում անգլերենի տարածման առումով՝ նշելով, որ այն հասել է նույնիսկ մանկապարտեզներ և վնասում է մայրենի պարսկերենին: Ա.Խամենեիի կարծիքով՝ անգլերեն դասագրքերի հետ երկիր է ներթափանցում նաև «արևմտյան կենսաձևը», ինչը հակասում է իսլամական իդեալներին: Հաջորդ օրը մշակութային հեղափոխության գերագույն խորհրդի նիստում Հ.Ռոհանին կոչ է արել «ուշադրություն և լրջություն» ցուցաբերել օտար լեզուների դասավանդմանը դպրոցներում:

1 PhalanX CIWS-ը մինչձայնային արագության հրթիռների ոչնչացման զենիթահրթիռային համակարգ է: Հիմնականում տեղադրվում է նավերի վրա և նախատեսված է հականավային հրթիռների ոչնչացման համար:

2 Գործազուրկների մեծ մասը 20-25 տարեկան երիտասարդներ են, աշխատանքային պայմանագրերում գործատուները հաճախ չեն նշում աշխատավարձի չափը և չեն վճարում աշխատանքին համապատասխան:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր