• am
  • ru
  • en
Версия для печати
25.07.2016

ԻՐԱՆԸ 2016Թ. ՀՈՒՆԻՍԻՆ (ներքին իրավիճակ)

Руский

   

Հրաչյա Հակոբյան
ԵՊՀ մագիստրոս

Իրանում հունիսին բարձրաձայնվել է մի շարք սոցիալական խնդիրների մասին, դիտարկվել են դրանց լուծման ընթացակարգերը: «Դիմադրողական տնտեսության» շրջանակում շարունակում են իրագործվել տնտեսական բազմակողմանի զարգացման ծրագրերը: Հունիսը հագեցած էր նաև հակաահաբեկչական հաջող գործողություններով, որոնց ընթացքում վնասազերծվել են մի քանի ահաբեկչական խմբավորումներ:

Սոցիալ-տնտեսական. Հունիսի 6-ին Իրանի խորհրդարանի բաց նիստում ներքին գործերի նախարար և Իրանում թմրադեղերի դեմ պայքարի շտաբի գլխավոր քարտուղար Ա.Ֆազլին իր զեկույցում անդրադարձել է գործազրկության և թմրամոլության հետ կապված խնդիրներին: Նրա ներկայացրած տվյալների համաձայն՝ Իրանում կա մոտ 1.5 մլն թմրամոլ, բանտարկյալների 40%-ը դատապարտվել է թմրամոլությանը կամ թմրամիջոցների տարածմանն առնչվող հոդվածներով, ամուսնալուծությունների 50%-ի պատճառը ևս թմրամոլությունն է: Այս հիմնախնդրի գլխավոր պատճառը թմրաբիզնեսի հիմնական օջախներից մեկի՝ Աֆղանստանի հետ սահմանի առկայությունն է: Թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարում ծախսելով1 տարեկան ավելի քան $800 մլն՝ Իրանը միջազգային ասպարեզում դառնում է ոլորտի կարևոր դերակատարներից մեկը: Այս հիմնարար պայքարն է, որ կանխում է անօրինական թմրամիջոցների մեծաքանակ ներթափանցումը Եվրոպա և Ռուսաստան:

Գործազրկության վերաբերյալ զեկույցում ներկայացված տվյալների համաձայն՝ Իրանում գործազուրկների թիվը 3.5 մլն է, որոշ շրջաններում այն հասնում է 60%-ի: ԻԻՀ կառավարությունն իրականացվող տնտեսական քաղաքականության արդյունքում հույս ունի կտրուկ կրճատել գործազրկությունը: ԻԻՀ նախագահ Հ.Ռոհանին Արևմտյան Ատրպատականի նահանգ կատարած այցի շրջանակներում նշել է, որ նախատեսվում է ստեղծել տարեկան մինչև 1 մլն աշխատատեղ, ինչը զգալիորեն կբարելավի իրավիճակը2: Բացի այդ, Իրանի կառավարությունը մտադիր է 14%-ով բարձրացնել կենսաթոշակները և սոցիալական ապահովման համար տրամադրվող բոլոր տեսակի նպաստները:

Հունիսի 6-ին Իրանում սկսվել է իսլամական աշխարհի գլխավոր տոներից մեկի՝ Ռամադանի3 պահքի ամիսը: Այն շարունակվելու է մինչև հուլիսի 5-ը: Պահքի ժամանակ ցերեկային ժամերին մուսուլմանին արգելվում է խմիչք և սնունդ ընդունել, ինտիմ հարաբերություններ ունենալ և ծխել: Այս պատճառով մի շարք մուսուլմանական երկրներում աշխատանքային ժամերը կրճատվում են 1-3 ժամով: Իրանում Ռամադան ամսին աշխատանքային ժամերի փոփոխությունը վերացվել է Հ.Ռոհանիի գլխավորած 11-րդ կառավարության իշխանության գալով (2013թ. օգոստոսի 3): Նախկին կառավարության ժամանակ այս ամսին Իրանում աշխատանքային ժամը 8:30-16:30-ից կրճատվում էր մինչև 9:00-14:30: ԻԻՀ նախագահի տեղակալ, կառավարության խոսնակ Մ.Նոբախթը հայտարարել է, որ երկրի քաղաքացիական ծառայության մասին օրենքը շաբաթական 44-ժամյա աշխատաժամ է հաստատում, և անցած տարիներին աշխատաժամի փոփոխություններին խորհրդարանի դեմ լինելն անտեսվել է նախորդ կառավարության կողմից:

Իրանի նավթի նախարարի տեղակալ Ա.Զամանիան Tasnim գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ մինչև 2021թ. Իրանը նավթարդյունաբերության ոլորտում պատրաստվում է ներգրավել $185 մլրդ ներդրումներ, որոնցից $85 մլրդ-ն ուղղվելու է նավթահումքի արդյունահանման զարգացմանը: Փոխվելու է ներդրումային պայմանագրերի ձևը. նախկին միակողմանի ներդրումային ծրագրից, որտեղ երկիրը ֆիքսված գումար էր վճարում ներդրողին արդյունահանած նավթահումքի դիմաց, այժմ Իրանի ազգային նավթային ընկերությունն արտասահմանյան ներդրողների հետ համատեղ ընկերություններ է ստեղծելու, ինչը թույլ է տալու նավթահումքի արդյունահանման եկամտի զգալի մասը պահել երկրում:

Հունիսի 8-ին ԻԻՀ նավթի նախարար Բ.Զանգանեն հայտարարել է, որ երկիրը, չնայած ստեղծված խոչընդոտներին, իր ուրույն բաժինն ունի միջազգային շուկայում և շարունակում է այն մեծացնել: ԻԻՀ նավթի արդյունահանումը կազմում է օրական 3 մլն 820 հազ. բարել, որից 2 մլն 10 հազարը արտահանման ցուցանիշն է: Նախարարի խոսքերով՝ Իրանը տարեվերջին կհատի արդյունահանման օրական 4 մլն բարելի ցուցանիշը: Բ.Զանգանեն հունիսի 2-ին Վիեննայում ՕՊԵԿ անդամ երկրների գագաթաժողովի իր ելույթում նշել էր, որ Իրանն առաջիկա տարիներին ծրագրում է արդյունահանումը հասցնել օրական 4.8 մլն բարելի և վերականգնել ՕՊԵԿ-ում իր նախապատժամիջոցային 14.5% մասնաբաժինը:

Հունիսի 14-ին խորհրդարանում ունեցած զեկույցում Բ.Զանգանեն անդրադարձել է նաև գազի կոնդենսատի արդյունահանմանը և երկրի նավթաքիմիական արդյունաբերության ծավալներին, ըստ որի՝ գազի արդյունահանումն ավելացել է գրեթե մեկուկես անգամ՝ 241 մլն մ³-ից 354 մլն մ³, իսկ նավթաքիմիական արտադրությունը վերջին 3 տարում կրկնապատկվել է, մասնավորապես եվրո-4 ստանդարտի բենզինի արտադրությունն օրական 1.2 մլն լիտրից հասել է 2.5 մլն լիտրի: Իրանական Petrochemical Commercial Co ընկերության տնօրեն Մ.Նաֆասի տվյալներով՝ իրանական նավթաքիմիական արտադրության արտահանման ծավալը հետպատժամիջոցային շրջանում աճել է 30-37%-ով: Իրանի նավթաքիմիական արտադրությունը զարգացել է պատժամիջոցային փուլում, երբ երկրի նավթահումքի արտահանումը սահմանափակվել էր մինչև օրական 1 մլն բարել ծավալը:

Իրանի ազգային զարգացման հիմնադրամը 55 տրլն ռիալ ($1.586 մլրդ) է հատկացնելու ոչ նավթային արտահանումը խթանելու և զարգացման ծրագրեր իրականացնելու համար: Իրանի արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի նախարար Մ.Նեմաթզադեն անցած ամիս հայտարարել էր, որ երկրի ոչ նավթային արտահանումն ընթացիկ իրանական տարում (ավարտվում է 2017թ. մարտի 20-ին) ծրագրվում է ավելացնել 20%-ով՝ հասցնելով ավելի քան $50 մլրդ-ի: Այս քայլերն իրականացվում են Իրանի «Դիմադրողական տնտեսության» տնտեսական կուրսի շրջանակներում, որի գլխավոր նպատակն է նվազեցնել տնտեսության կախումը նավթահումքի վաճառքից:

Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մ.Վաեզին հունիսի 15-ին IRNA լրատվական կայքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանում համացանցից օգտվողների համար սակագինը նվազելու է 17-22%-ով: Համաշխարհային համացանցային վիճակագրության համաձայն՝ Իրանում 2000թ. վերջին 250 հազ. ինտերնետ օգտատեր կար, իսկ արդեն 2015թ. ավարտին այս ցուցանիշը 46 մլն էր: Իրանը համացանցից օգտվողների քանակով առաջինն է Ասիայի և Մերձավոր Արևելքի երկրների մեջ, որոնց ընդհանուր թիվը 1,622 մլրդ է: Սակագնի նվազումն ավելի է բարձրացնելու այս ցուցանիշը:

Հունիսի 1-ին ԻԻՀ պաշտպանության նախարար Հ.Դեհղանը Թեհրանում կայացած բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է այս ոլորտում իրանական նորագույն ձեռքբերումները: Ներկայացվել են 1 մվտ հզորությամբ GPS (գլոբալ տեղորոշման համակարգ) սարքը, մեքենաշինական նպատակներով օգտագործվող վակուումային, իոնա-պլազմային ծածկույթներով պատելու համար նախատեսված սարքը, բարդ ձուլվածքների՝ տիտանի, տարբեր պողպատային ձուլակտորների վերահալման վակուումային ձուլավառարանը: Այս նորագույն տեխնոլոգիաները նախագծվել և կառուցվել են Թեհրանի Մալեք-Աշթար տեխնոլոգիական համալսարանի հետազոտողների կողմից:

Պայքար ահաբեկչության դեմ. ԻՀՊԿ4 զորքերն Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգի տարբեր հատվածներում և Քուրդիստան նահանգում վնասազերծել են քրդական ահաբեկչական PJAK5 խմբավորման 5 խմբի: Արևմտյան Ատրպատականի Սերդեշտ, Օշնավիե և Մահաբադ շահրեստաններում (շրջան) ոչնչացվել է ահաբեկչական 4 խումբ, ընդհանուր՝ 21 ահաբեկիչ: Գործողությունների ընթացքում ԻՀՊԿ զորքերը տվել են 3 զոհ: Առգրավվել է մեծաքանակ զենք, զինամթերք և փաստաթղթեր: Հունիսի 26-27-ի գործողության ընթացքում արդեն Քուրդիստան նահանգի Սարվաբադի շրջանում ոչնչացվել է 11 հոգուց բաղկացած ահաբեկչական խումբ: PJAK ահաբեկչական կազմակերպության իրանական կառույցը ստեղծվել է 2003-2004թթ. Իրանի տարածքում անջատողական գործունեություն ծավալելու նպատակով, տարբեր տվյալներով՝ հարում է Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը (PKK): Այն հիմնականում գործում է Իրաքին սահմանակից Իրանի Արևմտյան Ատրպատական և Քուրդիստան նահանգներում: Հայտնի է մի շարք հարձակումներով Իրանի կառավարության ներկայացուցիչների, ինչպես նաև հոգևորականների վրա: Իրականում «քրդական խնդիր», որպես այդպիսին, Իրանում գոյություն չունի, դպրոցներում դասավանդվում է քրդերեն, իսկ իրավական պաշտպանվածության տեսանկյունից քրդերը ոչնչով չեն զիջում մյուս իրանցիներին: Այս խմբավորումները երկրում չեն դիտարկվում որպես «առանձին ազգաբնակչության անջատողական գործունեություն ծավալող ներկայացուցիչներ», առկա է «հակահեղափոխական, հակաիսլամական ահաբեկչական խմբավորումներ» հասկացությունը, որի շրջանակում էլ դիտարկվում և վնասազերծվում են նշված խմբերը:

Հունիսի 19-ին Թեհրանում մի խումբ մարդիկ են ձերբակալվել, որոնք Ռամադան ամսին ահաբեկչություն էին ծրագրել: Ըստ անվտանգության նախարարության տարածած հաղորդագրության՝ նշված խումբը թաքֆիրիստական (իսլամական ծայրահեղական աղանդ) ահաբեկչական խումբ է, որը պայթյուններ էր ծրագրել երկրի տարբեր հատվածներում: Խմբից առգրավվել են մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր:

Ահաբեկիչների ձերբակալություններ են եղել Խուզեստան և Արևելյան Ատրպատական նահանգներում: Արևելյան Ատրպատական նահանգի արդարադատության գերատեսուչ Հ.Մոզաֆարիի տեղեկությունների համաձայն՝ Թավրիզում անջատողական գործունեություն իրականացնող լրտեսական խումբ է ձերբակալվել: Այս խմբի՝ Բաքվի կողմից ֆինանսավորվող պանթուրքիստական անջատողական հոսանքների հետ կապի վերաբերյալ հստակեցումներ չկան:

Հունիսի 27-ին Սիստան և Բելուջիստան նահանգի կենտրոն Զահեդան քաղաքում անվտանգության ուժերի կողմից վնասազերծվել է ահաբեկչական խմբավորում: Զինված բախումից հետո ձերբակալվել է խմբավորման անդամներից մեկը, որի ցուցմունքներից պարզ է դարձել, որ խմբավորումը պատկանել է Անսար ալ-Ֆորղան ահաբեկչական կազմակերպությանը: Այս ահաբեկչական կազմակերպությունը մեկ այլ՝ Հարաքաթե անսարե Իրան խմբավորման ճյուղերից է և ահաբեկչական գործունեություն է ծավալում հիմնականում հարավարևելյան՝ Իրան-պակիստանյան սահմանի շրջաններում:

1 Միջազգային կազմակերպություններից նշված նպատակի համար տարեկան ստանում է ընդամենը $16 մլն։

2 Իրանում ներկայում ավելի քան 22 մլն մարդ աշխատանք ունի, որից 1.4 մլն աշխատատեղ Հ.Ռոհանիի կառավարության վերջին 3 տարիներին է ստեղծվել:

3 Օգտագործվում է նաև տերմինի իրանական «Ռամազան» տարբերակը, սակայն, հաշվի առնելով տերմինի և ընդհանրապես տոնի արաբական ծագումը՝ առավել ընդունելի է արաբական «Ռամադան» ձևի կիրառությունը:

4 Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս:

5 Party of Free Life of Kurdistan - Քուրդիստանի անկախ կյանքի կուսակցություն:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր