• am
  • ru
  • en
Версия для печати
22.09.2016

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԲԱՑ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Руский

   

Սամվել Մարտիրոսյան
«Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական կենտրոնի փորձագետ

Հայաստանի Հանրապետության պետական համակարգի կուտակած և կուտակվող տվյալները, որոնք հրապարակվում և մատչելի են դառնում հանրության համար, այսօր արդեն բավական մեծ զանգված են կազմում։ Պետական բաց տվյալները (Open Data) այսօր հասանելի են ինչպես հասարակ քաղաքացիներին, այնպես էլ լրագրողներին և կազմակերպություններին, որոնք զբաղվում են տվյալների մշակմամբ և վերլուծությամբ։

Բաց տվյալների հրապարակումը ոչ միայն թույլ է տալիս ստեղծել գործիքներ կառավարության ավելի թափանցիկ աշխատանքի, կոռուպցիայի դեմ պայքարի, այլ նաև ոլորտային թիրախային բարեփոխումների համար։ Արդեն կան մի քանի ցայտուն օրինակներ, երբ բաց տվյալների օգտագործումն ունեցել է ոլորտային դրական ազդեցություն:

Տվյալների մի շարք շտեմարաններ լրագրողական հակակոռուպցիոն և քաղաքացիական հետաքննությունների մեծ ներուժ ունեն, օրինակ՝ «Մեկ անձից կատարվող գնումներ»1, «ՊՈԱԿ-ների ֆինանսավորում»2, «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրեր»3: Սրանք օրինակներ են, երբ տվյալների շտեմարանները հետազոտողին թույլ են տալիս որոնողական ինքնուրույն աշխատանք կատարել:

Սակայն կարևոր է նաև, որպեսզի հնարավոր լինի տվյալներն ավտոմատացված կերպով մշակման ենթարկվեն, ինչպես նաև վիզուալ կերպով ներկայացվեն: Օրինակ, Շվեդիայի կառավարությունը հատուկ API է տրամադրում4 վիճակագրական տվյալներն ավտոմատացված եղանակով ստանալու և մշակելու համար: Իսկ ամերիկյան կառավարությունը՝ առանձին մեծ գործիք5, որի միջոցով հնարավոր է բաց տվյալների վիզուալացումը, ինքնուրույն մշակումը և վերլուծումը հասարակ քաղաքացու կողմից, որը հատուկ գիտելիքներ չունի տվյալների մշակման ոլորտում:

Հայաստանի դեպքում գոյություն ունի տվյալների վիզուալացման մեկ հանրայնորեն հայտնի գործիք. դա ինտերակտիվ բյուջեն է6, որն օգտվողին ձևափոխումների մեծ հնարավորություններ չի տալիս: Նման գործիք ունի նաև Երևանի քաղաքապետարանը7։

Ինչ վերաբերում է տվյալների մշակման հնարավորություններին, ապա այս հարցում Հայաստանը մեծ հաջողությունների դեռ չի հասել: Նման գործիքներ կան, բայց շատ քիչ են և արդիականացված չեն։ Ազգային վիճակագրական ծառայությունը տվյալների շտեմարաններ է տրամադրում բավական մինիմալիստական գործիքներով8: Բացի այդ՝ վիճակագրական տվյալները մշակելու համար գոյություն ունի ևս երկու հարթակ՝ Armstatbank9 և Armdevinfo10: Երկուսն էլ բավական բարդ և անհարմար են աշխատելու համար, արդիական չեն և ծանր են աշխատում:

Մյուս կողմից՝ կան մասնավոր դեպքեր, երբ պետական տվյալներն ավտոմատացված մշակումից հետո տրամադրվում են շատ ավելի մատչելի տեսքով: Կարելի է համեմատել պաշտոնական հարկային տվյալների շտեմարանները11 և դրանց մշակման համար SFL LLC մասնավոր կազմակերպության ստեղծած «Հարկատու» հարթակը12: Տվյալ գործիքն ակտիվորեն օգտագործվում է ինչպես լրագրողների, այնպես էլ քաղաքացիների կողմից։

Գոյություն ունի շատ ավելի մեծ ազդեցություն ունեցած դեպք՝ կապված արտարժույթի փոխանակման հետ: Rate.am կայքը, որը կրկին ստեղծվել է SFL LLC կազմակերպության կողմից, մի տեղ հավաքելով բոլոր բանկերի կողմից հայտարարվող արտարժույթի փոխարժեքները, ազդեցություն ունեցավ ողջ շուկայի վրա՝ փոխարժեքները երկրով մեկ մոտավորապես նույն մակարդակի բերելով բանկերում և փոխանակման կետերում:

Բաց տվյալների կիրառման դրական դեպքերը ցույց են տալիս, որ այս ոլորտը կարող է թույլ տալ բարելավել բազմաթիվ ոլորտներ Հայաստանում։ Սակայն բաց տվյալների դեպքում կարևոր են միանգամից մի քանի բաղադրիչներ, որոնց ապահովման դեպքում է հնարավոր լինում դրանք պատշաճ կերպով ստանալ, մշակել, վերլուծել։ Տվյալները պետք է լինեն.

• հասանելի,

• լիարժեք,

• հասանելի արխիվներով,

• միևնույն ձևաչափով,

• մշակելու համար պատրաստ ձևաչափով։

Հայաստանի դեպքում արխիվների հասանելիության հետ կապված խնդիրներ են առաջանում: Կայքերի թարմացումից, վերազինումից հետո պատահում են դեպքեր, երբ արխիվներն անհետանում են: Հաճախ դա լինում է կառավարության փոխվելու հետ կապված։

Տվյալների տրամադրման միատարրության վերաբերյալ գոյություն ունի կառավարության՝ «Ինտերնետ ցանցում պետական մարմինների պաշտոնական կայքերին ներկայացվող նվազագույն պահանջները հաստատելու մասին» որոշումը13: Ըստ այդ որոշման՝ կայքերը պետք է համապատասխանեն ընդհանուր նորմերին: Սակայն իրականությունն այն է, որ համացանցի պետական հատվածը չափից ավելի բազմազան է, խճճված և որոշ հատվածներում ունի ոչ տրամաբանական, դժվար ընկալվող կառուցվածք: Բացի այդ, հատուկ շեշտ չի դրվում տրամադրված տվյալների կոնկրետ ձևի, ձևաչափի վրա։

Բաց տվյալների (Open Data) առկա շտեմարանները Հայաստանում, մի կողմից, բավական շատ տեղեկատվություն են տրամադրում, մյուս կողմից` տեղեկատվությունը տրամադրվում է առանց կոնկրետ ձևաչափի, հստակ ձևի։ Կայքից կայք փոխվում է տրամադրման ձևը։ Մի տեղում պարզապես html տարբերակ է, մեկ այլ տեղում՝ pdf, doc, xls։

Կան նաև շտեմարաններ, որոնք տվյալները տրամադրում են միայն փնտրելու միջոցով։ Չկա ընդհանուր մոտեցում, թե ինչպես, ինչ ձևաչափով կարելի է հրապարակել տեղեկությունը։ Օրենսդրության պահանջը, փաստորեն, կատարվում է, հրապարակումն իրականացվում է, սակայն տվյալների հետ աշխատանքը բարդանում է։ Բաց տվյալների շտեմարանների մատուցման ձևերի խիստ բազմազանությունը, դրանց ապակենտրոնացված լինելն այսօր խոչընդոտ է տվյալների վերլուծության, մշակման համար, ինչն էլ դժվարացնում է կիրառական մոտեցումները:

Բարդանում է աշխատանքը ոչ միայն կոնկրետ ուսումնասիրության համար։ Շատ դեպքերում գրեթե անհնար է դառնում տեղեկատվության ավտոմատացված մշակումը։

Պետական գերատեսչությունից տրամադրվող տեղեկատվությունը երրորդ կողմի վերամշակման դեպքում կարող է դառնալ հասարակական կյանքը բարելավող բազմաթիվ ծրագրերի հիմք, օրինակ՝ կրթական համակարգի, տրանսպորտի, բնապահպանության, գյուղատնտեսության և այլ ոլորտների՝ համակարգված և ավտոմատացված կերպով մշակված տեղեկատվությունը։ Բայց նման լուծումներ ստանալու համար տեղեկատվությունը պետք է․

• լինի միշտ թարմ, վերանայված, ճշգրիտ,

• ունենա մեքենաների համար ընթերցվող ձևաչափ, օրինակ՝ XML, CSV և այլն,

• տրամադրվի մի քանի ձևաչափով:

Տեղեկատվության հետ աշխատելու համար այսօր կարևոր է դառնում հատուկ API-ն, ինչն այսօր Հայաստանում դեռ անտեսվում է. չկա ոչ հասարակական պահանջ, ոչ պետական մոտեցում նման տիպի գործընթացների տեղադրման համար։

Պետական տեղեկատվական շտեմարանները սփռված են գրեթե բոլոր կայքերով մեկ։ Սակայն գոյություն ունեն կլաստերներ, որոնցում տեղեկատվական բազաները կապակցված են։

Գոյություն ունեն երկու մեծ կլաստերներ՝ մարզպետարաններ և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ։

Բացի այդ, գոյություն ունեն մի շարք մեծ տվյալների շտեմարանների կլաստերներ (տե՛ս Նկարներ 1-6, մուգ կապույտով ներկայացված են ոչ պետական կայքերը).




1 Մեկ անձից կատարվող գնումներ, https://www.e-gov.am/transparent/

2 ՊՈԱԿ-ների ֆինանսավորում, https://www.e-gov.am/poak/

3 Բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրեր, http://www.ethics.am/hy/

4 API for the Statistical Database, http://www.scb.se/en_/About-us/Open-data-API/API-for-the-Statistical-Database-/

5 DATA USA, http://datausa.io/

6 Ինտերակտիվ բյուջե, https://www.e-gov.am/interactive-budget/

7 Երևանի ինտերակտիվ բյուջե, http://budget.yerevan.am/

8 Վիճակագրական տվյալների բազաներ, http://armstat.am/am/?nid=246

9 http://armstatbank.am/

10 http://www.armdevinfo.am/

11 ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՑԱՆԿԵՐ, http://taxservice.am/Con-tent.aspx?itn=TILists

12 http://harkatu.am/

13 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, Ո Ր Ո Շ ՈՒ Մ, 26 դեկտեմբերի 2013 թվականի, N 1521-Ն ԻՆՏԵՐՆԵՏ ՑԱՆՑՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=88785


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր