• am
  • ru
  • en
Версия для печати
22.09.2016

ԿՈՂՄՆԱԿԻ ԴԻՏՈՐԴԻ ԿԵՑՎԱԾՔՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է

   

Հարցազրույց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ հետ

-Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում հանձնարարեց վերանայել էլեկտրաէներգիայի ու գազի սակագինը։ Դա հնարավո՞ր է։

-Նախ ասեմ, որ անհրաժեշտ է սակագները համապատասխանեցնել տնտեսության զարգացմանը` հատկապես արտահանման ոլորտների, այն ներդաշնակեցնել սոցիալական խնդիրների լուծմանը: Դեռ մեկ տարի առաջ ներկայացրել եմ երկու աշխատություն, որոնցում վերլուծել եմ գազի ու էներգակիրների գնագոյացման հիմնախնդիրները: Ի դեպ, սրանք փոխկապակցված գործընթացներ են, գազի գնի իջեցումը շղթայականորեն բերելու է էլեկտրաէներգիայի գնի իջեցման:

Եվ ես հստակ դրույթներով ներկայացրել եմ, թե որտեղ եմ տեսնում սակագնի նվազեցման հնարավորությունները, եւ արել եմ կոնկրետ առաջարկներ: Կարծում եմ, օգտակար է, որ ուշադրություն դարձվի այդ աշխատանքներին, որոնք տեղադրված են soyuzinfo.am եւ noravank.am կայքերում:

Իմ կողմից առաջարկվող մոտեցումը հետեւյալն է. գազի գինը պետք է լուծի ոչ միայն արտադրողի ծախսերի հատուցման հարցը, այլեւ կատարի տնտեսությունը խթանող կարեւոր դեր: Այսինքն` այն պետք է նպաստի ե՛ւ տնտեսության մրցունակության բարձրացմանը, ե՛ւ լուծի սոցիալական խնդիրներ:

Այսպիսով գազի ու էլեկտրաէներգիայի սակագինը ոչ միայն պետք է համապատասխանի մատակարարի կատարած ծախսերին, այլեւ ծառայի ամբողջ տնտեսությանը եւ առաջին հերթին խթանի տնտեսության մրցունակության բարձրացումը: Սա պետք է լինի մեր նպատակը, որպեսզի կարողանանք նաեւ էներգակիրների հարցում գտնել օպտիմալ լուծումը:

Եվ ուրեմն` ունե՞նք սակագնի իջեցման հնարավորություններ։ Պատասխանս միանշանակ է` այո, մեր տնտեսությունն ունի այդ հնարավորությունները: Դրա հետ մեկտեղ հարկավոր է, որ մենք համակարգային մոտեցում ցուցաբերենք ե՛ւ հարկաբյուջետային, ե՛ւ դրամավարկային քաղաքականությանը, որոնք առանցքային, շարժիչ դեր ունեն տնտեսության կանոնների սահմանման ու տնտեսության զարգացման ուղեգծի ձեւավորման հարցում:

-Վարչապետն իր խոսքում այսպիսի միտք շեշտեց, թե էլեկտրաէներգիայի ու գազի սակագների վերանայումը պետք է կատարվի ոչ թե ի հաշիվ բյուջեի, այլ ի հաշիվ տնտեսավարող սուբյեկտների:

-Եվ դա ճիշտ է, այսինքն` դոտացիայի խնդիր չպետք է դրվի: Այստեղ կարեւոր դեր ունեն նաեւ ռուսական կողմի հետ վարվելիք բանակցությունները: ԵԱՏՄ պայմանագրի 64 հոդվածում կա դրույթ, որ անդամ երկրների միջեւ առեւտուրը պետք է ազգային դրամով իրականացվի: Սա եւս շատ կարեւոր է, փոխարժեքի տատանումներին պետք է շատ ուշադիր լինենք:

Ի դեպ, ասեմ, որ սպառողների համար նախատեսված գազի գինը փոխարժեքի փոփոխության հետեւանքով իջել է. եթե 1000 խմ-ի համար գինը եղել է մոտ 370 դոլար, ապա փոխարժեքի փոփոխության շնորհիվ այն հասել է 320 դոլարի, իսկ այժմ, 6 տոկոսով նվազելով, հասել է մոտ 305-ի:

Բայց այստեղ կա մի կարեւոր հանգամանք, որն անվանում են զգայնության շեմ: Մի պարզ օրինակ բերեմ. ձեզ անհրաժեշտ է մեկ ապրանք գնել, բայց հնարավորություն չունենք, իսկ գնի չնչին իջեցումը այդ հնարավորությունը չի կարող ստեղծել: Այսինքն` կա սակագնի վերանայման շեմ: նդիրը պետք է դիտարկել համակարգված: Երբեմն ուշադրություն չենք դարձնում, բայց պետք է հաշվի առնել, որ գների իջեցումը կարող է որոշակիորեն անդրադառնալ գազային ոլորտի զարգացման տեմպերի վրա:

Մյուս կողմից՝ պետք է դիտարկել, թե որ ոլորտների զարգացմանը հնարավոր կլինի նպաստել գազի գնի նվազեցմամբ: Օրինակ, այն կարող է նպաստել ջերմոցային տնտեսությունների զարգացմանը, ինչը հանրապետության նախագահը հայտարարել է որպես տնտեսության գերակա ճյուղ:

Այսպիսով, քայլերը պետք է կատարվեն՝ հիմքում ունենալով ամբողջ տնտեսության զարգացումը, տնտեսության մրացունակության աստիճանի էապես բարձրացումը: Քայլերը պետք է լինեն համակարգված:

-Իսկ գազի ու էլեկտրականության սակագների իջեցումը չի՞ նվազեցնի բյուջետային եկամուտները:

-ՀԷՑ-ն ու «Գազպրոմը» կատարում են հարկային պարտավորություններ: Բայց խնդիրը պետք է դիտարկել համակողմանի: Ուզում եմ շեշտել, որ հումքի գնի իջեցումը բերում է ծավալների օգտագործման մեծացման, եւ դրանով այս խնդիրը փաստորեն լուծվում է: Այդ առումով, կարծում եմ, բյուջետային մուտքերի վրա դա էականորեն չի ազդի:

Մինչդեռ էներգակիրների գների իջեցումը ակնհայտորեն կխթանի տնտեսության զարգացմանը, եւ մոտ ապագայում կարող ենք ակնկալել բյուջետային եկամուտների համապատասխան աճ: Սա մենք պետք է կարեւորենք:

-Տնտեսության վիճակը գնահատելով՝ նոր վարչապետը հայտարարեց. «Շատ ծանր, չափազանց ծանր է տնտեսության վիճակը: Եթե մենք ուզում ենք տնտեսության մեջ փոփոխություն անել, ուրեմն պետք է համակարգային փոփոխություններ անել»։ Նա ընդգծեց, որ համակարգային փոփոխությունների ընթացքը կատարվելու է երկու փուլով: Ի՞նչ կասեք այս մոտեցման մասին, որո՞նք պետք է, ըստ ձեզ, լինեն առաջին փուլում կատարվող քայլերը:

-Վարչապետը ճիշտ ընդգծեց, որ անհրաժեշտ է համակարգային փոփոխություններին ընդառաջ գնալ երկու փուլով: Կարծում եմ, առաջին փուլում պետք է կատարվեն քայլեր, որոնց արդյունքը արագ կնկատվի: Այդ առումով, նախ կարեւորում եմ սոցիալական խնդիրների լուծումը:

Երկրորդ՝ հարկ է հստակեցնել մեր քայլերը հարկաբյուջետային քաղաքականության մեջ, պետք է տեսնենք` կա՞ հարկերի հավաքման առումով փոփոխություն, որպեսզի դրանք ոչ միայն ֆիսկալ բնույթ կրեն, այլեւ լինեն խթանող, կարգավորող: Եվ այստեղ կան հնարավորություններ:

Երրորդ՝ պետք է գնահատենք` արդյոք մեր ծախսերն արդյունավե՞տ են, օրինակ, կարո՞ղ ենք մեզ վրա վերցնել շատ կարեւոր` ռազմավարական ոլորտի ծախսերը ու այս հարցում կախված չլինենք վարկերից: Կարծում եմ` կարող ենք:

Չորրորդ՝ դրամավարկային քաղաքականությունը պետք է միտված լինի ոչ միայն գների կայունության ապահովմանը, այլեւ ընդհանուր ֆինանսական կայունության ապահովմանն ու տնտեսության զարգացմանը: Սա, ի դեպ, նոր սահմանադրության 200 հոդվածի պահանջն է:

-Կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսելիս վարչապետը չփորձեց ականջ շոյող բառեր օգտագործել, ընդամենը շեշտեց` «շատ է խոսվում հանրությանը բավական հետաքրքրող թեմայի՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Մենք աշխատում ենք, ստեղծում ենք համապատասխան նոր հանձնաժողովներ»: Ի՞նչ ակնկալել:

-Կոռուպցիայի դեմ արդյունավետ հակազդեցությունը պետք է լինի առաջին փուլի կարեւոր քայլերից մեկը: Ուզում եմ վարչապետի ուշադրությունը հրավիրել հետեւյալի վրա. կան միջազգային կառույցների, մասնավորաբար, «Թրանսփերենսի ինտերնեշնլ» հեղինակավոր կազմակերպության գնահատականները: Նկատենք, որ համաձայն դրանց, Վրաստանը 48-րդ տեղում է, իսկ Հայաստանը 95-րդ` 35 ցուցանիշով: Ի դեպ, այս ցուցանիշը որքան բարձր լինի, այնքան լավ:

Կառավարությունն իր առաջ պետք է խնդիր դնի` փուլային տարբերակով տեղ գրավել առնվազն 60 երկրների շարքում եւ մեր ցուցանիշը հասցնել 50-ի: Այստեղ էլ պետք է անցնել համապատասխան շեմը: Սա անշուշտ նպաստելու է ներդրումներին, քանի որ ներդրողներն այդ ցուցանիշների վրա շատ մեծ ուշադրություն են դարձնում՝ հիմնականում այդ կերպ տվյալ երկրում գնահատելով կոռուպցիայի մակարդակը:

-Ամփոփենք. դատելով հնչեցրած մտքերից՝ որպես տնտեսագետ, ինչպե՞ս եք գնահատում նոր վարչապետի մուտքը:

-Դրական, կարծում եմ, Կարեն Կարապետյանը իրոք վճռական է տրամադրված երկրի տնտեսական քաղաքականության մեջ լուրջ փոփոխություններ, քայլեր անելու հարցում: Եվ մենք՝ հատկապես մասնագետներս, մեր ուժերի ներածին չափով, նաեւ մեր հասարակությունը պետք է նրան նեցուկ լինենք, աջակցենք:

Իրավունք չունենք միայն կողքից դիտող լինել, եթե ուզում ենք մեր տնտեսությունն իրապես զարգանա, դա անընդունելի է: Բոլորս այս գործընթացին պետք է մասնակցենք:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

http://www.armworld.am/detail.php?paperid=5392&pageid=163838&lang=


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր