• am
  • ru
  • en
Версия для печати
23.09.2016

ՍՓՅՈՒՌՔԻ ՎՏԱՆԳՎԱԾՈՒԹՅԱՆ ԻՆԴԵՔՍԸ

Руский

   

Վահրամ Հովյան
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի ավագ փորձագետ, Գիտական-փորձագիտական խորհրդի քարտուղար

Մեթոդաբանական հարցեր

Սփյուռքի վերաբերյալ քննարկումներում մեծ տեղ է տրվում նրա անվտանգության մարտահրավերներին։ Որպեսզի «մարտահրավեր», «անվտանգություն» և նման այլ արտահայտությունները վերացական չլինեն, անհրաժեշտ է դրանց դիտարկումն իրականացնել քանակական չափումների միջոցով։ Այդ նպատակով առաջ են քաշվել «վտանգվածության ինդեքս (ցուցիչ)» և «վտանգվածության աստիճան» հասկացությունները։

Վտանգվածության ինդեքսը չափվում է մաթեմատիկական բանաձևի միջոցով, որի հիմքում որպես փոփոխականներ ընկած են վտանգվածության չափորոշիչները։ Դրանք հինգն են։ Նախ՝ որպես այդպիսիք դիտվում են ժամանակին մեր կողմից առանձնացված չորս մարտահրավերները՝ գոյապահպանության խնդիրները, արտագաղթը համայնքներից, ինքնության բաղադրիչների կորուստը և խառնամուսնությունները, որոնք ներկայում ծառացած են Սփյուռքի առջև1։ Քանի որ ընդհանրապես հայ հանրության և, մասնավորապես, Սփյուռքի անվտանգության համար կարևոր նշանակություն ունի նրա մտավոր ներուժը, հիշյալ չորս չափորոշիչներին ավելանում է նաև վերջինս՝ որպես ևս մեկ չափորոշիչ։

Ըստ այս չափորոշիչներից յուրաքանչյուրի՝ Սփյուռքի վտանգվածությունը կարող է ունենալ չորս աստիճան՝ զրոյական, ցածր, միջին և բարձր։ Վտանգվածության յուրաքանչյուր աստիճան արտահայտվում է թվային միավորի տեսքով. զրոյականը՝ 0, ցածրը՝ 1, միջինը՝ 2 և բարձրը՝ 3։ Հարկ է նշել, որ ըստ մտավոր ներուժի՝ Սփյուռքի վտանգվածության աստիճանի որոշումը տարբերվում է մյուս չափորոշիչներով այդ հարցի որոշումից։ Ի տարբերություն մյուս չափորոշիչների, որոնց դեպքում որքան մեծ է մարտահրավերը, այնքան բարձր է վտանգվածության ցուցիչը, մտավոր ներուժի պարագայում գործում է հակառակ տրամաբանությունը՝ որքան մեծ է ներուժը, այնքան ցածր է վտանգվածության աստիճանը։

Քանի որ վտանգվածության չափորոշիչները հինգն են, իսկ դրանց առավելագույն աստիճանն արտահայտող ցուցիչը՝ 3-ը, ապա այդ չափորոշիչների համախումբ, ամբողջությամբ վերցված՝ սփյուռքի վտանգվածության ինդեքսը գնահատվում է 15 միավորանոց սանդղակով (5 x 3 սկզբունքով), որտեղ 15 միավորը ցույց է տալիս վտանգվածության ամենաբարձր աստիճանը։

Սփյուռքի վտանգվածության աստիճանը որոշելու համար կիրառվում է հետևյալ բանաձևը. հինգ չափորոշիչների առավել բարձր ցուցիչների գումարը բաժանած երեքի, քանի որ, ինչպես արդեն նշվել է, վտանգվածության աստիճանները երեքն են։ Թվային արտահայտությամբ այն ունի հետևյալ տեսքը2.

ՎԱ=(գ+ա-ի+խ+մ)/3, որտեղ.

ՎԱ – վտանգվածության աստիճան

գ – գոյապահպանական մարտահրավերներ

ա – արտագաղթը համայնքներից

ի – ինքնության բաղադրիչների կորուստ

խ – խառնամուսնություններ

մ – մտավոր ներուժ

Ըստ այդմ էլ՝ Սփյուռքի վտանգվածության աստիճանը, ըստ համախումբ ինդեքսի, բաժանվում է երեք մասի՝ ցածր, միջին և բարձր։ 15 միավորանոց սանդղակում ստորև ներկայացված միավորների յուրաքանչյուր կարգ ցույց է տալիս վտանգվածության աստիճանը՝ հետևյալ կերպ.

1. 0-5 – վտանգվածության ցածր աստիճան

2. 5-10 – վտանգվածության միջին աստիճան

3. 11-15 – վտանգվածության բարձր աստիճան

Հաշվի առնելով, մի կողմից՝ սույն հոդվածի ծավալների սահմանափակությունը, մյուս կողմից՝ այն հանգամանքը, որ սա վերոհիշյալ մեթոդաբանությամբ Սփյուռքի վտանգվածությունը գնահատելու առաջին փորձն է, այստեղ այդ վտանգվածության ինդեքսն ու աստիճանը բացահայտելուն ուղղված հետազոտությունն իրականացվել է ըստ հայկական համայնքներ ունեցող չորս խոշոր տարածաշրջանների (Մերձավոր Արևելք, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներ, Եվրոպա, հետխորհրդային երկրներ)՝ ավելի ցածր մակարդակով (ըստ երկրների) հայկական համայնքների վտանգվածության ցուցիչի և աստիճանի գնահատումը, թերևս, թողնելով հետագա հետազոտություններին։

Բացի այդ, ակնհայտ է, որ վտանգվածության չափորոշիչներին տրված ցուցիչները մոտավոր են, քանի որ անհնար է ճշգրիտ քանակական տվյալներ ունենալ այն մասին, թե տվյալ համայնքում որքան են խառնամուսնությունները, կամ համայնքի անդամներից քանիսի մոտ ինչ չափով է պահպանված կամ կորսված ազգային ինքնության այս կամ այն բաղադրիչը, օրինակ՝ լեզուն (համայնքի անդամներից քանիսը և որքանով են տիրապետում հայերենին)։ Եթե վտանգվածության ֆիզիկական բաղադրիչների՝ արտագաղթի կամ գոյապահպանական սպառնալիքների հետևանքով համայնքների կրած կորուստները, ինչպես նաև Սփյուռքի մտավոր ներուժը, թեկուզ դժվարությամբ, այնուամենայնիվ, ենթարկվում են քանակական արտահայտության (չափումների), ապա հոգևոր բաղադրիչների՝ ինքնության կորստի և խառնամուսնությունների պարագայում դա անելը խիստ դժվար է, քանի որ խիստ դժվար է ճշգրիտ վիճակագրական տվյալների ձեռքբերումը։ Հետևաբար, Սփյուռքի վտանգվածության չափորոշիչներին տրված մեր քանակական գնահատականները հիմնված են ոչ թե ճշգրիտ վիճակագրության, այլ դիտարկումների՝ սփյուռքահայ մեր հայրենակիցների հետ ունեցած զրույցների, մամուլում, մասնագիտական գրականության մեջ առկա տվյալների, գնահատականների (հաճախ՝ ոչ քանակական) ու տեղեկատվության վրա։ Արդյունքում՝ մոտավոր է նաև մեր հաշվարկած Սփյուռքի համայնքների վտանգվածության համախումբ ցուցիչը։

Չնայած հիշյալ խնդիրներին, այնուամենայնիվ, սույն աշխատանքը որոշակի կարևորություն է ներկայացնում երկու առումներով.

1. հնարավորություն է տալիս քանակական արտահայտություններով կամ չափումներով թեկուզ մոտավոր պատկերացում կազմել ժամանակակից հայկական սփյուռքի վտանգվածության, նրա առջև ծառացած մարտահրավերների մասին,

2. կարող է ծառայել որպես մեթոդաբանական հիմք կամ ուղեցույց՝ հետագա ավելի խորքային հետազոտությունների համար, երբ կդիտարկվեն առանձին տարածաշրջանների կամ երկրների հայ համայնքները՝ հաշվի առնելով նաև, որ այդ մակարդակով հետազոտությունները ժամանակային և ծավալային առումով ավելի տարողունակ են։ Այս համատեքստում մեթոդաբանության հետագա ճշգրտումներն ու բարելավումները բացառված չեն։

Սփյուռքի վտանգվածության աստիճանը

Վերոհիշյալ մեթոդաբանությունը կիրառելով ըստ տարածաշրջանների (Մերձավոր Արևելք, հետխորհրդային երկրներ, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներ, Եվրոպա) հայկական սփյուռքի համայնքների վրա՝ կարող ենք տալ վերջիններիս դասակարգումն ըստ վտանգվածության աստիճանի։

Սկզբից ևեթ նշենք, որ դիտարկվող չորս տարածարջաններում էլ թե՛ անհատական և թե՛ ինստիտուցիոնալ մակարդակներով հայկական սփյուռքն ունի պատկառելի մտավոր ներուժ3։ Անգամ Մերձավոր Արևելքում, որն ամենաանբարենպաստ տարածաշրջանն է արտերկրի հայ համայնքների համար, գործում է Սփյուռքի միակ բուհը՝ Բեյրութի Հայկազյան համալսարանը։ Այդ պատճառով էլ, չնայած մտավոր ներուժի հետ կապված լրջագույն խնդիրներին, ինչպիսիք են, օրինակ, թույլ համակարգվածությունը, ֆինանսական անբավարարությունը, թույլ կապերը տեղի հայ համայնքների ու հայաստանյան գիտական հանրության և հաստատությունների հետ և այլն, բոլոր չորս տարածաշրջաններում էլ մտավոր ներուժի չափորոշիչով Սփյուռքի վտանգվածության ցուցիչը գնահատվել է միջին՝ 2 միավորով (տե՛ս Աղյուսակ 1

Ինչպես երևում է Աղյուսակ 1-ից, Սփյուռքի ամենավտանգված համայնքները գտնվում են Մերձավոր Արևելքում։ Դրանց վտանգվածության ցուցիչը, ըստ վերոհիշյալ մեթոդաբանության, կազմել է 12 միավոր, որով նրանք դասվում են վտանգվածության բարձր աստիճան ունեցող համայնքների շարքին։ Գոյապահպանության խնդիրների և համայնքներից արտագաղթի չափորոշիչներով Մերձավոր Արևելքի հայ համայնքների վտանգվածության ցուցիչը գնահատվել է ամենաբարձր՝ 3-ական միավորով։ Ինչ վերաբերում է ինքնության բաղադրիչների կորստին և խառնամուսնություններին, ապա, թեև այդ տարածաշրջանի հայկական սփյուռքը, լինելով ավանդական և գտնվելով իսլամական միջավայրում, երկար ժամանակ՝ մոտ 3-4 սերունդ, կարողացել է պահպանել իր ազգային նկարագիրը և միևնույն ժամանակ մեծ մասամբ զերծ մնալ խառնամուսնություններից, սակայն վերջին տասնամյակներում այս ցուցանիշներով ևս նկատվում են անհանգստացնող միտումներ։ Մասնավորապես, Մերձավոր Արևելքի հայ համայնքների ներկայացուցիչների շրջանում աստիճանաբար ավելի լայն տարածում է գտնում արաբախոսությունը՝ ի հաշիվ մայրենի լեզվի։ Նույն միտումը կա խառնամուսնությունների պարագայում։ Ըստ Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայդոստյանի, եթե 1960-70-ական թթ. Լիբանանի հայ համայնքում խառնամուսնությունները հազվադեպ երևույթ էին և ընդհանուր առմամբ դիտվում էին որպես ամոթալի երևույթ, ապա ներկայում դրանք ընկալվում են որպես սովորական երևույթ։ Հաշվի առնելով հիշյալ միտումները՝ Մերձավոր Արևելքի հայ համայնքների վտանգվածության ցուցիչն ինքնության բաղադրիչների կորստի և խառնամուսնությունների չափորոշիչներով գնահատվել է միջին՝ 2-ական միավորով։ Մխիթարական կարող է լինել այն, որ 15 միավորանոց սանդղակում Մերձավոր Արևելքի հայ համայնքների վտանգվածության համախումբ ցուցիչն առավելագույնը չէ, այլ երեք միավորով զիջում է դրան։

Ինչ վերաբերում է մյուս տարածաշրջանների Սփյուռքին, ապա դրանք, ինչպես երևում է Աղյուսակ 1-ում, դասվում են վտանգվածության միջին աստիճան ունեցող համայնքների շարքին։ Սակայն վտանգվածության համախումբ ինդեքսը որոշակիորեն տարբեր է։ Եթե հետխորհրդային երկրների հայ համայնքների պարագայում այն գնահատվել է 10 միավորով, ապա Հյուսիսային և Հարավային Ամերիկաների ու Եվրոպայի հայ համայնքների պարագայում՝ 8-ական միավորով։

Հետխորհրդային երկրների պարագայում վտանգվածության չափորոշիչներից ամենաբարձր ցուցիչը տրվել է ինքնության բաղադրիչների կորստին՝ հաշվի առնելով այդ երկրներում ուծացման խիստ բարձր տեմպերը։ Ռուսաստանում, Ուկրաինայում և այլ երկրներում հաստատված հայությունը լավագույն դեպքում արդեն երկրորդ սերնդի մակարդակում մեծ մասամբ կորցնում է մայրենի լեզուն՝ հայախոսությունը, ինչպես նաև ինքնության մյուս բաղադրիչները։ Որպես ինքնության բաղադրիչներ թույլ կերպով մնում են Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ լինելը (ինչը հաճախ կրում է ձևական բնույթ) և թույլ հիշողությունը։

Գոյապահպանության խնդիրների և խառնամուսնությունների չափորոշիչներով վտանգվածության աստիճանը հետխորհրդային երկրների հայ համայնքներում գնահատվել է միջին՝ 2-ական միավորով։ Գոյապահպանական խնդիրների առումով, թեև հետխորհրդային երկրներում իրավիճակն այն աստիճան փոթորկահույզ չէ, որքան Մերձավոր Արևելքում, այնուամենայնիվ, այստեղ էլ ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում անկայունության դրսևորումներ՝ կապված միջպետական և ազգամիջյան բախումների, ներքաղաքական ցնցումների և այլնի հետ։ Աբխազական և օսական պատերազմները Վրաստանում, չեչենականը՝ Ռուսաստանում, Մերձդնեստրի ճգնաժամը Մոլդովայում, ռուս-վրացական հնգօրյա պատերազմը 2008թ. օգոստոսին, միջէթնիկ բախումները միջինասիական երկրներում և դրանց պատճառով միջպետական հարաբերություններում նկատվող լարվածությունը, գունավոր հեղափոխությունները, Դոնբասի պատերազմն ու ճգնաժամն Ուկրաինայում և այլն՝ դրա լավագույն վկայություններն են։

Ինչ վերաբերում է խառնամուսնություններին, ապա դրանք թեև բավական մեծ թիվ են կազմում հետխորհրդային երկրների հայ համայնքներում, այնուամենայնիվ, նկատի ունենալով, որ այդ համայնքները հիմնականում կազմված են հետխորհրդային շրջանում Հայաստանից արտագաղթածներից, կարող ենք ասել, որ վերջինների շրջանում դեռևս թարմ է ավանդական հայկական ընտանիքի գաղափարը։ Խոսքը վերաբերում է հատկապես իգական սեռի ներկայացուցիչներին։ Հետևաբար, կարող ենք ասել, որ խառնամուսնությունները հետխորհրդային երկրների հայ համայնքներում թեև տարածված են, սակայն այնքան մեծ չափերի չեն հասնում, որպեսզի գնահատվեն ամենաբարձր՝ 3 ցուցանիշով։

Ինչ վերաբերում է արտագաղթին համայնքներից, ապա հետխորհրդային երկրների հայ համայնքներում առկա է հակառակ գործընթացը։ Դրանք համալրվում են Հայաստանից արտագաղթողների հաշվին։ Այնուամենայնիվ, կա բացառություն։ Խոսքը Վրաստանի հայ համայնքի մասին է, որը, ավանդաբար լինելով աշխարհի հայաշատ երկրներից մեկը, ինչպես խորհրդային, այնպես էլ հետխորհրդային տարիներին գրանցել է հայերի թվաքանակի նվազման կայուն միտում։ Համաձայն Վրաստանում վերջին մարդահամարի տվյալների (2014թ.)՝ հայերի թիվն այդ երկրում կազմում է մոտ 170 հազ.։ Հաշվի առնելով այս հանգամանքները՝ հետխորհրդային երկրների հայ համայնքների վտանգվածության ցուցիչն արտագաղթի չափորոշիչով գնահատվել է ցածր՝ 1 միավորով։

Ինչպես երևում է Աղյուսակ 1-ից, Հյուսիսային և Հարավային Ամերիկաների և Եվրոպայի հայ համայնքների վտանգվածության ցուցիչը գնահատվել է 8-ական միավորով։ Սակայն տարբեր չափորոշիչներով նրանց վտանգվածության ցուցիչները տարբեր են։ Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում գոյապահպանության մարտահրավերների (աննշան բացառություններով) և արտագաղթի հետևանքով համայնքների քայքայման խնդիրներ չկան։ Հակառակը, ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի մյուս տարածաշրջանների հայկական համայնքներից հայերի շարունակական ներհոսքն այս տարածաշրջանի երկրներ անընդհատ համալրում է տեղի հայ համայնքները՝ մեծացնելով դրանց թվաքանակը։ Այդ պատճառով էլ հիշյալ չափորոշիչներով Հյուսիսային և Հարավային Ամերիկաների հայ համայնքների վտանգվածության ցուցիչը գնահատվել է 0-ական միավորով։

Փոխարենը, ամենաբարձր՝ 3-ական միավորով են գնահատվել մյուս երկու չափորոշիչներով (ինքնության բաղադրիչների կորստով և խառնամուսնություններով) այդ տարածաշրջանի հայ համայնքների վտանգվածության ցուցիչները, քանի որ Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում և՛ խիստ բարձր են ուծացման տեմպերը, և՛ խիստ շատ են խառնամուսնությունները։

Մի փոքր այլ է իրավիճակը Եվրոպայում։ Թեև մինչև վերջին ժամանակներս Եվրոպան համարվում էր անվտանգ կեցության վայր, այդ թվում նաև հայերի համար, այնուամենայնիվ, վերջին տարիներին այնտեղ գրանցվող ահաբեկչությունները (2015թ. նոյեմբերին Փարիզում, 2016թ. մարտին Բրյուսելում և այլն), ինչպես նաև Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի երկրներից միգրանտների գրեթե անկառավարելի ներհոսքը որոշակի անկայունության միջավայր են ստեղծում եվրոպական երկրներում, որի հետևանքով վտանգի մեջ են հայտնվում նաև հայ համայնքները։ Օրինակ, 2015թ. նոյեմբերին Փարիզի ահաբեկչության ժամանակ զոհ գնաց նաև դեռատի մի հայ աղջիկ։ Չնայած դրան, անկայունության դրսևորումները Եվրոպայում դեռևս այն աստիճանի ու ծավալների չեն, ինչպես Մերձավոր Արևելքում։ Դրանք համեմատաբար նոր երևույթ են հետպատերազմյան Եվրոպայում։ Հետևաբար, գոյապահպանական սպառնալիքների չափորոշիչով Եվրոպայի հայ համայնքների վտանգվածության ցուցիչը գնահատվել է ցածր՝ 1 միավորով։

Համայնքներից արտագաղթի առումով իրավիճակը Եվրոպայում գրեթե նույնն է, ինչ հետխորհրդային երկրների և Հյուսիսային ու Հարավային Ամերիկաների հայ համայնքներում։ Եվրոպայի հայ համայնքները նույնպես շարունակաբար համալրվում են Հայաստանից ու Մերձավոր Արևելքի հայ համայնքներից հայերի ներհոսքի հետևանքով։ Այնուամենայնիվ, հատկապես Արևելյան Եվրոպայի հայ համայնքներում (Հունաստան, Բուլղարիա և այլն), որտեղ տնտեսական պայմանները համեմատաբար անբարենպաստ են, նկատվում է հայերի գաղթ դեպի արևմտաեվրոպական երկրներ, ԱՄՆ և Կանադա։ Սույն հանգամանքը հաշվի առնելով էլ՝ Եվրոպայում հայ համայնքների վտանգվածության ցուցիչն արտագաղթի չափորոշիչով գնահատվել է ցածր՝ 1 միավորով։

Ինչ վերաբերում է վտանգվածության մյուս չափորոշիչներին՝ ինքնության բաղադրիչների կորստին և խառնամուսնություններին, ապա այդ երևույթները նույնպես բավական տարածված են Եվրոպայի հայ համայնքներում։ Բայց և այնպես, դրանք իրենց ծավալներով և աստիճանով որոշակիորեն զիջում են Հյուսիսային և Հարավային Ամերիկաների, ինչպես նաև հետխորհրդային երկրների (ինքնության բաղադրիչների կորստի առումով) հայ համայնքներում նկատվող նույն երևույթներին։ Հետևաբար, այդ երկու չափորոշիչներով էլ Եվրոպայի հայ համայնքների վտանգվածության ցուցիչը գնահատվել է միջին՝ 2-ական միավորով։

Եվրոպան և Հյուսիսային ու Հարավային Ամերիկաները քաղաքակրթական և որոշ չափով նաև՝ քաղաքական առումներով գտնվում են միևնույն՝ արևմտյան ծիրում։ Հետևաբար, այս երկու տարածաշրջանների իրավիճակների միջև կա որոշակի նմանություն։ Ուստի, ավելորդ չէ նաև որոշակի համեմատությունն այդ տարածաշրջանների հայ համայնքների վտանգվածության չափորոշիչների միջև։ Համեմատությունը ցույց է տալիս, որ երկու տարածաշրջանների հայ համայնքների առջև էլ ծառացած են նույն խնդիրները։ Պարզապես գոյապահպանության խնդիրների և արտագաղթի հետևանքով համայնքների քայքայման խնդիրները մի փոքր ավելի սուր են Եվրոպայի, իսկ ինքնության բաղադրիչների կորստի և խառնամուսնությունների խնդիրները՝ Հյուսիսային և Հարավային Ամերիկաների հայկական սփյուռքում։

Այսպիսով, դիտարկումները ցույց են տալիս, որ աշխարհի վերոհիշյալ չորս տարածաշրջանների հայ համայնքներն ունեն վտանգվածության բարձր կամ միջին աստիճան։ Բարձր աստիճանի վտանգվածություն ունեն Մերձավոր Արևելքի հայ համայնքները (համախումբ 12 միավոր)։ Հետխորհրդային երկրների, Հյուսիսային ու Հարավային Ամերիկաների և Եվրոպայի հայ համայնքները՝ համապատասանաբար 10, 8 և 8 համախումբ միավորներով, կազմում են Սփյուռքի՝ վտանգվածության միջին աստիճան ունեցող համայնքները։ Վտանգվածության ցածր աստիճան ունեցող համայնքներ, համաձայն մեր դիտարկումների, Սփյուռքում, ցավոք, չկան։

1 Հովյան Վ., Հայկական սփյուռքի անվտանգության մարտահրավերները, «Գլոբուս», թիվ 5, 2014, էջ 39-42։

2 Բանաձևը մշակելիս լատինականի փոխարեն կիրառվել են հայկական տառեր՝ ընթերցողի համար առավել մատչելի դարձնելու նպատակով։

3 Մանրամասն տե՛ս Հարությունյան Գ., Սիմավորյան Ա., Հովյան Վ., Ղանալանյան Տ., Սփյուռքի գիտավերլուծական հանրությունը. կազմակերպչական խնդիրներ և համագործակցության հեռանկարներ, Երևան, «Գասպրինտ», 2013; Սիմավորյան Ա., Հովյան Վ., Ղանալանյան Տ., Արտերկրի հայագիտական կենտրոնները. ներուժի գնահատում, Երևան, «Գասպրինտ», 2014:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր