• am
  • ru
  • en
Версия для печати
28.09.2016

ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՕԳՈՍՏՈՍԻՆ (ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ)

Руский

   

Անուշավան Բարսեղյան
«Նորավանք» ԳԿՀ քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի տեղակալ

Ադրբեջան-Ռուսաստան-Իրան. Օգոստոսի 8-ին ՌԴ, Իրանի և ԱՀ նախագահների միջև Բաքվում կայացած առաջին եռակողմ հանդիպումը կարելի է համարել Ադրբեջանի արտաքին հարաբերություններում այս ամսվա ամենակարևոր իրադարձությունը: Ամենաբարձր մակարդակով կայացած բանակցությունները նպատակ ունեն երկրների միջև հաստատել համագործակցության նոր ձևաչափ, որին նախորդել էր ՌԴ, Իրանի և ԱՀ արտգործնախարարների ապրիլյան հանդիպումը: Կողմերը կարևորել են նոր ուրվագծվող ձևաչափը, որը հնարավորություն կտա խորհրդակցություններ անցկացնել տարածաշրջանային և գլոբալ հարցերի շուրջ, ինչպես նաև համակարգել առկա մոտեցումները:

Բանակցությունների արդյունքում ընդունված հռչակագիրն արտացոլում է ընդհանուր հետաքրքրությունների շրջանակը, այն է` պայքարն ահաբեկչության, ծայրահեղականության, վերազգային կազմակերպված հանցագործության, թմրանյութերի և զենքի անօրինական շրջանառության, թրաֆիկինգի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ: Կողմերն արձանագրել են նաև, որ տարածաշրջանում առկա չկարգավորված հակամարտություններն էական խոչընդոտ են հանդիսանում տարածաշրջանային համագործակցության համար և նշել են դրանց շուտափույթ խաղաղ կարգավորման կարևորությունը միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա:

Իրանի նախագահ Հ.Ռոուհանին առաջարկել է հաջորդ հանդիպումն անցկացնել Իրանում:

Բաքվում կայացած հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի, էներգետիկ համագործակցության, Կասպից ծովի կարգավիճակի և Սիրիայի շուրջ ստեղծված ճգնաժամի հետ կապված հարցեր: Ադրբեջանում հատկապես մեծ են ակնկալիքները տրանսպորտային նախագծի իրականացումից, որն, ըստ Ի.Ալիևի, հնարավորություն կտա ստանալ տարեկան հարյուրավոր միլիոն դոլար եկամուտ: Բացի դրանից, Բաքուն, դառնալով տարանցիկ կարևոր երկիր ՌԴ-ի և Իրանի միջև, հույս ունի ստանալ նաև քաղաքական շահաբաժիններ:

Տնտեսական համագործակցության մյուս հարցերը հիմնականում քննարկվել են երկկողմ ձևաչափերով: Մասնավորապես, ռուս-ադրբեջանական բանակցությունների արդյունքում ՌԴ փոխվարչապետ Դ.Ռոգոզինը հայտարարել է Ադրբեջանում ավիացիոն գործարանի բացման hեռանկարի մասին, որտեղ կիրականացվեն ռուսական արտադրության ինքնաթիռների և ուղղաթիռների մոդեռնիզացիան և սպասարկումը:

Սույն հայտարարությունից օրեր անց ռուսական «Вертолеты России» հոլդինգի գլխավոր տնօրենի տեղակալ Ի.Չեչիկովը հայտարարել է Ադրբեջանում Ми-8/17 ուղղաթիռների վերանորոգման կենտրոնի բացման ծրագրի մասին: Նշված հոլդինգը նախատեսում է Silk Way Helicopter Services ընկերության հիմքի վրա սպասարկման կենտրոնի բացումը: Միաժամանակ քննարկվում է այդ կենտրոնի հնարավորությունների ընդլայնման հարցը, որի արդյունքում հնարավոր կլինի իրականացնել նաև ռազմական ուղղաթիռների տեխնիկական սպասարկումը և հիմնային վերանորոգման աշխատանքները:

Ադրբեջանի համար կարևոր նշանակություն ունի նաև ռուսական «Р-Фарм», ադրբեջանական «Vita-A» և Ադրբեջանի ներդրումային գործակալության միջև ստորագրած արձանագրությունը դեղագործական համատեղ արտադրություն հիմնելու մասին, որը շահագործման կհանձնվի 2018թ. (նախագիծը, նախնական հաշվարկների համաձայն, ենթադրում է 47 մլն եվրոյի ներդրում): Այս հարցը Բաքվի համար հրատապ է, քանզի Ադրբեջանը գրեթե 100%-ով ներկրում է երկրում սպառվող դեղորայքը:

Ռուս-ադրբեջանական հարաբերություններում մյուս ուշագրավ զարգացումները վերաբերում են ռազմատեխնիկական համագործակցությանը: ՊՆ նախարարների մի քանի օրվա ընթացքում կատարած փոխադարձ այցելությունները վկայում են ոլորտին առնչվող հրատապ հարցերի գոյության մասին: Ռուսական ԶԼՄ-ի փոխանցմամբ, ՌԴ ՊՆ նախարար Ս.Շոյգուն և ԱՀ ՊՆ նախարար Զ.Հասանովը քննարկել են ռուսական սպառազինության մատակարարման և Կասպյան տարածաշրջանում անվտանգության կոլեկտիվ համակարգի ստեղծման հետ կապված հարցեր: Հնարավոր է, խոսքը ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում մի քանի տարի առաջ կնքված խոշոր գործարքի որոշակի վերանայման մասին է: Ռուսական աղբյուրը հայտնում է Ми-35 ռազմական ուղղաթիռներ գնելու Ադրբեջանի ցանկության, ինչպես նաև օպերատիվ-տեխնիկական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի դեմ արդյունավետ պայքարող «Панцирь» հրթիռային համակարգերի նկատմամբ հայտնած հետաքրքրվածության մասին:

Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումների համաձայն, չի բացառվում, որ բանակցությունների առարկա կարող է դառնալ Ադրբեջանի տարածքում ռուսական նոր ռադիոտեղորոշիչ կայանի կառուցման հարցը, որը Մոսկվայի համար առավել հրատապ է դարձել Սիրիայում Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական գործողությունների համատեքստում:

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ընդլայնվում է նաև համագործակցությունը ռազմական կրթության ոլորտում: ՌԴ ՊՆ փոխնախարար Ա.Անտոնովի հայտարարության համաձայն, ներկայում ՌԴ ՊՆ զինվորական ձեռնարկություններում սովորում է ԱՀ ԶՈւ 65 զինծառայող, այս տարի նախատեսվում է ընդունել արդեն 88 զինվորականի:

Այս տարվա հոկտեմբերին նախատեսվում է Ադրբեջանի և ՌԴ-ի միջև ռազմատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստը Մոսկվայում։

Եռակողմ հանդիպումների ընթացքում իրանական ընկերությունների հետ ստորագրված արձանագրությունները նույնպես ենթադրում են դեղորայքի համատեղ արտադրության ծրագրերի իրագործում, հաստատվել են նաև ավտոմեքենաների և քիմիական արտադրության համատեղ ծրագրեր:

Մինչ Հ.Ռոուհանիի այցը, Բաքվում ամենաբարձր մակարդակով ընդունել են Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մ.Վաեզիին, որն Իրան-Ադրբեջան միջկառավարական հանձնաժողովի համանախագահն է:

ԱՀ և Իրանի կառավարությունների համապատասխան կառույցների միջև ստորագրվել են

«Հարավ-հյուսիս» միջազգային տրանսպորտային միջանցքի իրականացման ոլորտում համագործակցության մասին արձանագրությունը, Էլեկտրոնային անվտանգության և ստանդարտիզացիայի ոլորտներում համագործակցության և փոխըմբռնման հուշագրերը:

Ի դեպ, բացի Ռեշտ-Աստարա (Իրան)-Աստարա (Ադրբեջան) երկաթուղային ճանապարհից, ըստ Ադրբեջանում Իրանի դեսպան Մ.Պակայինի, այս տարվա աշնանը շահագործման կհանձնվի իրանական Մեշխեդ քաղաքը Նախիջևանի հանրապետությանը կապող երկաթուղին:

ԱՀ էկոնոմիկայի նախարար Շ.Մուստաֆաևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Իրանի միջև փոխհարաբերությունները երբեք այսքան սերտ չեն եղել, որքան հիմա: Ըստ նրա, Իրանի ներդրումներն Ադրբեջանում կազմում են $2,5 մլրդ, որից $150-ը՝ ոչ նավթային ոլորտում, երկրում գործում է իրանական կապիտալով 450 ընկերություն, 2016թ. առաջին կիսամյակում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 66%-ով աճել է ապրանքաշրջանառությունը: Շ.Մուստաֆաևի և Իրանի հանքարդյունաբերության, արդյունաբերության և առևտրի նախարար Մ.Նեմատզադեի հանդիպման շրջանակներում ադրբեջանական AzEuroCar և իրանական Iran Khodro ընկերությունները փաստաթղթեր են ստորագրել Ադրբեջանի տարածքում ավտոմոբիլների արտադրության համատեղ գործարանի հիմնման վերաբերյալ: Նախագիծը գնահատվում է $15 մլն, որի 25%-ը կներդնի իրանական կողմը: Ապագա գործարանում տարեկան կթողարկվեն 10 հազար հատ Samand, Soren, Dena և Runna մակնիշների ավտոմեքենաներ:

Էներգետիկ համագործակցության շրջանակներում, ԻԻՀ Էներգետիկայի նախարար Խ.Ֆալահաթիանի հայտարարության համաձայն, Իրանը սկսել է 500 մվտ էլեկտրաէներգիայի ներկրումն Ադրբեջանից: Հ.Ռոուհանիի այցի ընթացքում երկու երկրների էներգահամակարգերը պաշտոնապես սինքրոնացվել են:

Ադրբեջան-Թուրքիա. Հուլիսին Թուրքիայում հեղաշրջման փորձի ընթացքում խորհրդավոր դադար վերցրած ԱՀ իշխանությունները դրա ձախողումից հետո փորձում են ամեն կերպ իրենց հավատարմությունը ցուցադրել Ռ.Էրդողանին: Այդ նպատակով բոլոր ուժերը նետվել են «բացահայտելու» Ադրբեջանում գործող գյուլենական կազմակերպություններին և անձանց: Ընդհանուր հրահանգն իջեցվել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի վարիչ Ն.Մամեդովի միջոցով, որն «սպառնացել» է բացահայտել Ադրբեջանում Ֆ.Գյուլենի բոլոր կողմնակիցներին, որոնցից շատերն, ըստ նրա, լայն կապեր ունեն ընդդիմադիր կառույցների հետ:

Իսկ ԱՀ գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել Ֆ.Գյուլենի կողմնակիցների նկատմամբ, որի շրջանակներում իրականացվում են օպերատիվ-քննչական գործողություններ: Դրան նախորդել էր լրագրող, haqqin.az կայքէջի գլխավոր խմբագիր Է.Ֆաթուլաևի լրագրողական «անկախ» հետաքննությունը, որի համաձայն՝ գյուլենականներն իբր պետական հեղաշրջում էին նախապատրաստել Ադրբեջանում:

Նուրսիստների նկատմամբ հայտարարված «որսի» արդյունքում զանգվածային կերպով աշխատանքից հեռացվել են Բաքվի «Կովկաս» համալսարանի գյուլենական համարվող պրոֆեսորներ, ամբիոնի վարիչներ, դեկաններ (ընդհանուր թվով մոտ 50 հոգի, բոլորն էլ Թուրքիայի քաղաքացի), ինչպես նաև համալսարանի պրոռեկտոր Շ.Նաբիևը, որն ԱՀ քաղաքացի միակ բարձր պաշտոնյան էր այդ հաստատությունում:

Թուրքիայում Ֆ.Գյուլենի հետ ունեցած կապերի մեղադրանքով ձերբակալվել են «Petkim Petrokimya Holding A.Ş.»1 ընկերության կալանավորված 25 աշխատակիցներից 13-ը, որոնց թվում կան նաև ԱՀ քաղաքացիներ, մասնավորապես «SOCAR Turkiye» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Ի.Մեհմեդօղլուն, հանրության հետ կապերի բաժնի վարիչ Մ.Թաշլիջալին, կադրերի բաժնի վարիչ Ռ.Ֆարաջևը և ևս երկու հոգի:

Հարկ է նշել, որ տարիներ շարունակ իշխանությունները չեն խոչընդոտել Ադրբեջանում նուրսիստական դպրոցների, ինստիտուտների և լրատվամիջոցների գործունեությանը, իսկ բազմաթիվ գյուլենականներ բարձր պաշտոններ են զբաղեցրել պետական համակարգում: Նուրսիստների հիմնական խոսափող հանդիսացող «Խազար» հեռուստաընկերությունը (Xəzər TV) նախընտրական գործընթացներում մշտապես աչքի է ընկել իշխանամետ քարոզչությամբ: Սակայն ստեղծված իրավիճակում ԱՀ իշխանությունները փորձում են Ֆ.Գյուլենի հետ կապերի մեղադրանքներն ուղղել դեպի ընդդիմադիրները, հատկապես ԱՀ Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Ա.Քերիմլին, հարմար առիթն օգտագործելով այլախոհների նկատմամբ հերթական ճնշումներ բանեցնելու համար:

Ադրբեջան-Վրաստան. Որոշակի դադարից հետո օգոստոսը կրկին հարուստ էր Ադրբեջանի և Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելություններով:

Մեկօրյա այցով Բաքու ժամանած Վրաստանի վարչապետ Գ.Կվիրիկաշվիլին ԱՀ նախագահի և վարչապետի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորման հեռանկարները:

Թբիլիսի ժամանած ԱՀ արտգործնախարար Է.Մամեդյարովին ընդունել են Վրաստանի վարչապետը, խորհրդարանի նախագահ Դ.Ուսուպաշվիլին և արտգործնախարար Մ.Ջանելիձեն:

Գ.Կվիրիկաշվիլու հետ հանդիպման ընթացքում շեշտվել է Հարավային գազային միջանցքի ռազմավարական նշանակությունը, ընդգծվել այդ ուղղությամբ իրականացվող տարածաշրջանային նախագծերի և երկու երկրների համագործակցության կարևորությունը: Քննարկվել է նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածում իրականացվող աշխատանքների ընթացքը:

Արտգործնախարարների հանդիպման ընթացքում նշվել է, որ կողմերը պատրաստվում են ստորագրել տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելուն ուղղված 15 փաստաթուղթ:

Բաքու է այցելել Վրաստանի Պետական անվտանգության ծառայության պետ Վ.Գոմելաուրիի ղեկավարած պատվիրակությունը, որին ընդունել է նաև Ի.Ալիևը: ԱՀ պետական անվտանգության ծառայության ղեկավար Մ.Գուլիևը և Վ.Գոմելաուրին ստորագրել են երկու կառույցների միջև համագործակցության հուշագիր:

1 «Petkim Petrokimya Holding A.Ş.» ընկերության բաժնեմասերի վերահսկիչ փաթեթը պատկանում է Ադրբեջանի նավթային պետական ընկերությանը (SOCAR):


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր