• am
  • ru
  • en
Версия для печати
29.09.2016

ԱՐՑԱԽՅԱՆ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ (2016Թ. ՕԳՈՍՏՈՍ)

Руский

   


Հրայր Փաշայան

Արցախի պետական համալսարանի փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս, քաղաքական գիտությունների թեկնածու

Սահմանադրական բարեփոխումներ. Շարունակվել են նախորդ ամիսներին մեկնարկած Արցախի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ քննարկումները: Հուլիսի 30-ին ամփոփելով հանրային քննարկումների արդյունքները՝ մասնագիտական հանձնաժողովը միաձայն քվեարկությամբ հաստատել էր սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, որը, հանձնաժողովի գործունեության կարգի համաձայն, ներկայացվել է հանրապետության նախագահի հավանությանը: Մի շարք հանգամանքների հաշվառմամբ, որում իր ծանրակշիռ դերակատարումն ունի արտաքին գործոնը, մասնագիտական հանձնաժողովն առաջարկել էր կառավարման նախագահական մոդել: Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին վերաբերող հարցերը քննարկելու նպատակով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ամսվա ընթացքում բազմաթիվ հանդիպումներ է ունեցել հանրային կառավարման ոլորտի, մշակույթի, հասարակական կազմակերպությունների, հանրապետությունում գործող կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Երկրի ղեկավարը կարևորել է հասարակական, քաղաքական շրջանակների դերը սահմանադրական բարեփոխումների գործում, նշել, որ լայն քննարկումները հնարավորություն են տալիս հաշվի առնել տարբեր կարծիքներ ու գաղափարներ, ինչը պահանջված է հատկապես սահմանադրական բարեփոխումների իրականացման ժամանակ, և ողջունել է այդ գործընթացին նրանց մասնակցելու պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ կառուցողական քննարկումները միայն կբարձրացնեն տարվող աշխատանքների արդյունավետությունը:

Մշակութային իրադարձություններ. Արցախի ներքաղաքական կյանքն ակտիվ էր մշակութային իրադարձություններով: Օգտակարն ու հաճելին համատեղելով՝ Շուշիում, Ստեփանակերտում և շրջաններում կազմակերպվեցին մի շարք մարզամշակութային միջոցառումներ: Մասնավորապես՝ օգոստոսի 3-ին Շուշի քաղաքում անցկացվեց Ասմունքի համահայկական հինգերորդ փառատոնը: Մասնակիցների հետ հանդիպմանը ԼՂՀ նախագահը գոհունակությամբ նշել է, որ ասմունքի փառատոնը դարձել է ավանդական՝ կարևորելով նման միջոցառումների դերն ազգային մշակույթի և արժեքների պահպանման, ինչպես նաև մատաղ սերնդի հայեցի դաստիարակության տեսանկյուններից: Նույն օրը Բակո Սահակյանը ներկա է գտնվել Ստեփանակերտ քաղաքում կազմակերպված՝ Խառը մենամարտերի և թաիլանդական բռնցքամարտի պրոֆեսիոնալ առաջնության բացմանը: Երկրի ղեկավարը կարևորել է երիտասարդների ֆիզիկական դաստիարակությունը՝ ընդգծելով, որ սպորտի զարգացումը միշտ եղել է իշխանությունների ուշադրության կենտրոնում:

Օգոստոսի 4-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Երևանի քաղաքապետարանը «Երևան ամառ» ծրագրի շրջանակներում կազմակերպեց «Երևան տարազ ֆեստ» փառատոնը: Միջացառումը վերածվեց հայկական երկու հանրապետությունների մայրաքաղաքների մշակութային և զբոսաշրջային համատեղ տոնախմբության: Նպատակը՝ Երևանի և Ստեփանակերտի միջև մշակութային կապերի զարգացումն է:

Օգոստոսի 10-ին Շուշիի կերպարվեստի թանգարանում տեղի ունեցավ «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության 4-րդ միջազգային սիմպոզիումի բացման արարողությունը, որին մասնակցում էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր ՀՀ-ից ու արտերկրից, հասարակության ներկայացուցիչներ: Քանդակագործության 4-րդ սիմպոզիումի ինը մասնակիցները, ըստ ավանդույթի, ինչպես Արցախի և ՀՀ-ի, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից՝ ԱՄՆ-ից, Չինաստանից, Լեհաստանից ժամանած հայ և օտարերկրյա արվեստագետներն են: 20 օր շարունակ նրանց քանդակած գործերը նախորդ սիմպոզիումների մասնակիցների գործերի հետ մեկտեղ տեղադրվեցին Քանդակների պուրակում:

Մարտունու, Մարտակերտի, Քաշաթաղի, Ասկերանի և Հադրութի շրջաններում նույնպես անցկացվեցին տարբեր բնույթի մարզամշակութային միջոցառումներ, երիտֆորումներ, դպրոցական ճամբարներ, որոնցում ընդգրկված էին ոչ միայն ԼՂՀ-ի և ՀՀ-ի, այլև սփյուռքի տարբեր համայնքների երիտասարդներ:

Համաներում. Ազգային ժողովն օգոստոսի 25-ին հրավիրել է արտահերթ նստաշրջան և քննարկել Արցախի Հանրապետության նախագահի առաջարկը՝ ԼՂՀ հռչակման 25–րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին: Նստաշրջանին ներկա բոլոր պատգամավորները կողմ են քվեարկել ԼՂՀ հռչակման 25–րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ԱԺ որոշմանը, որն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման պահից:

Շրջայց առաջնագիծ. Ինչպե՞ս և ի՞նչ նպատակներով են ծախսվում ապրիլյան պատերազմի օրերին կառավարության բացած հատուկ հաշվեհամարին փոխանցված գումարները: Այս հարցերին պատասխանելուն էր միտված Արցախի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ օգոստոսի 13-14-ը կազմակերպված ՀՀ և ԼՂՀ հասարակական-քաղաքական մի խումբ գործիչների շրջայցն առաջնագիծ, որի ժամանակ նրանց են ներկայացվել կառավարության հատուկ հաշվեհամարի և բարեգործական այլ ծրագրերի միջոցներով կատարված աշխատանքները: Խմբի անդամները ծանոթացել են, մասնավորապես, ինժեներական նոր կառույցների, կառուցվող ջրագծերի, դիտարկման ու էներգամատակարարման արդի տեխնոլոգիաների, ինչպես նաև բանակի մարտունակության աստիճանի և դիրքապահների անվտանգության ու կենցաղային պայմանների բարելավմանը միտված այլ աշխատանքներին: Նպատակը կատարված գաղտնի ծախսերի վերաբերյալ հասարակությանը հաշվետվություն ներկայացնելն է նրանց կողմից վստահություն վայելող գործիչների միջոցով: Ծրագիրը շարունակական է լինելու, և կառավարությունը պարբերաբար կկազմակերպի նմանատիպ ձևաչափով հաշվետվություններ:

Արցախը թվերով (2016թ. 1-ին կիսամյակ). Օգոստոսին ֆինանսների նախարարությունը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի 2016թ. 1-ին կիսամյակի կատարման ամփոփ բնութագիրը: 2016թ. 1-ին կիսամյակի ԼՂՀ պետական բյուջեի փաստացի սեփական եկամուտները կազմել են 13164,6 մլն դրամ: Պետական բյուջեի եկամուտները հիմնականում ձևավորվել են հարկային եկամուտների հաշվին, որոնք ապահովել են ընդհանուր եկամուտների 96,1%-ը, պետական տուրքը կազմել է բյուջեի եկամուտների 1,8%-ը, այլ եկամուտները՝ 2,1%-ը: Հաշվետու ժամանակահատվածում ԼՂՀ պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվել են 33924,7 մլն դրամի ծախսեր՝ կազմելով նախատեսված ծրագրի 83,0%-ը: Կատարված հատկացումների 91,8%-ն ուղղվել է ընթացիկ, 8,2%-ը՝ ոչ ֆինանսական գործառնությունների իրականացման ծախսերին:

2016թ. 1-ին կիսամյակում ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի վարչության բաժինների կողմից իրականացվել է 1895 իրավունքի պետական գրանցում, որոնց քանակը 2015թ. 1-ին կիսամյակի համեմատ նվազել է 35.7%-ով:

ԼՂՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության օգոստոսյան խորհրդակցությունն ամփոփեց ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքերը: Հաշվետու ժամանակահատվածում հանրապետության տարածքում գրանցվել է 20 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով զոհվել է 5 և վիրավորվել 22 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 40 պատահարի, 6 զոհի և 49 վիրավորի դիմաց:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր