• am
  • ru
  • en
Версия для печати
29.09.2016

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՕԳՈՍՏՈՍԻՆ

Руский

   

Հրայր Փաշայան
Արցախի պետական համալսարանի փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս, քաղաքական գիտությունների թեկնածու

Ղարաբաղյան հակամարտություն. Օգոստոսին Ղարաբաղյան հակամարտությունը շարունակում էր գտնվել միջազգային քննարկումների օրակարգում: Օգոստոսի 8-ին Բաքվում կայացած Վ.Պուտինի և Ի.Ալիևի հանդիպմանը ՌԴ նախագահն, անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը, մասնավորապես նշել է. «Այդ խնդիրը մեզ բաժին է հասել խորհրդային անցյալից: Ես գիտեմ, թե դա որքան սուր հարց է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար: Մենք ձգտելու ենք նրան, որ Հայաստանն ու Ադրբեջանն այնպիսի լուծում գտնեն, որը փոխզիջումային է, սակայն ընդունելի է երկու կողմերի համար: Խնդրի լուծման մեջ չեն լինելու հաղթողներ. հաղթող պետք է լինեն երկու երկրների ժողովուրդները, և երկու պետությունները պետք է զգան, որ նրանք լուծել են այդ բարդ խնդիրը հանուն ներկա և ապագա սերունդների»:

Օգոստոսի 9-ին Վ.Պուտինը Սանկտ Պետերբուրգում հանդիպեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, և պաշտոնապես հայտարարվեց հարաբերություններում առկա ճգնաժամի հաղթահարման մասին: Ուշագրավն այն է, որ այդ հանդիպումից հետո երկրի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարեց, թե հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել ԼՂ հիմնահարցն Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան ձևաչափով: Հանգամանքը, բնականաբար, բացասական արձագանք գտավ հայկական շրջանակներում, քանի որ, ինչպես պատմական փորձն է վկայում, Ադրբեջան պետության հիմնադիր Թուրքիայի կանխակալ միջնորդությունը չի կարող դրական ազդեցություն ունենալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:

Ղարաբաղյան հակամարտությունը քննարկումների առանցքում էր օգոստոսի 10-ին կայացած Սարգսյան-Պուտին հանդիպման ժամանակ: Բանակցություններն ընդհանուր առմամբ ընթացան փակ ձևաչափով, ինչը դժվարացնում է դրանց ընթացքի և արդյունքների վերաբերյալ կոնկրետ գնահատականներ տալը: Բանակցությունների ավարտից հետո Վլադիմիր Պուտինը ճեպազրույցում կրկնեց այն, ինչ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված վերջին շրջանում ասում էր. որ հարկավոր է հիմնահարցի լուծման փոխզիջումային տարբերակ, որպեսզի կողմերից որևէ մեկն իրեն պարտվող, նվաստացած չզգա, որ կողմերի շահերն արծարծվեն ընդունելի տարբերակով: Իսկ Սերժ Սարգսյանն իր հայտարարության մեջ կարևորել էր ընդունելի տարբերակին հասնելու ճանապարհը՝ նկատի ունենալով ձեռք բերված պայմանավորվածությունների հարգումը, ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում հետաքննության մեխանիզմների տեղադրումը, լարվածության սրումը կանխելը, խաղաղ պայմաններում հիմնախնդրի կարգավորմանը հասնելը: Վերլուծաբանների կարծիքով՝ նախագահների կողմից միասնական հայտարարությամբ հանդես չգալը վկայում է այն մասին, որ բանակցություններն, ըստ էության, հաջողություն չեն գրանցել, մանավանդ որ ադրբեջանական կողմը տարբեր ձևերով վիժեցնում է ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, այդ թվում նաև դեմ է արտահայտվում հետաքննության մեխանիզմների տեղադրմանը:

Օգոստոսին և՛ Հայաստանի, և՛ Արցախի հանրային շրջանակներում ակտիվ քննարկման նյութ դարձավ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հայկական կողմի տարածքային զիջումների հարցը: Խոսելով թեմայի մասին՝ ԼՂՀ նախագահի տեղեկատվական գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը նշեց, որ տարածքների հանձնման մասին խոսակցություններն իրականում թյուրըմբռնում են, քանի որ խոսքն այստեղ ոչ թե տարածքների հանձնման, այլ սահմանների ճշգրտման մասին է, որը պետք է ընդհանուր դիտարկվի:

Այս համատեքստում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, պատասխանելով Ֆրանսիայի խորհրդարանի էլեկտրոնային թերթի՝ փոխզիջումների մասին հարցին, ասել է, որ որևէ հակամարտության լուծում, հատկապես երբ դա այնքան բարդ է, որքան Լեռնային Ղարաբաղինը, կարող է իրականացվել միայն փոխզիջումների միջոցով. «Ողջամիտ, արդարացի և համարժեք փոխզիջումներն անհրաժեշտ են»:

Զիջումների մասին հանրային շրջանակներում ծավալված խոսակցություններին վերջ դնելուն էր ուղղված նաև ՀՀ փոխարտգործնախարարի՝ լրագրողների հետ հանդիպմանը հնչեցրած հայտարարությունը: Այս պայմաններում, երբ ադրբեջանական կողմը երբեք չի խոսում իր կողմից զիջումների մասին, կոնկրետացնել, թե հայկական կողմն ինչ զիջումների է գնալու, կոպիտ մարտավարական և ռազմավարական սխալ է, ասել է Շավարշ Քոչարյանը: Նրա խոսքով՝ նման հարցերի մասին խոսելը պարտվողականություն է, քանի որ Բաքուն մինչև հիմա իր կողմից երբեք զիջումների մասին որևէ հայտարարություն չի արել: Երբ որ Բաքուն կխոսի զիջումներից, հնարավոր կլինի նաև խոսել դրանց փոխադարձ բնույթի մասին: Քանի դեռ այնտեղ այդ մասին չեն խոսել, նման հարցեր բարձրացնելը կոռեկտ չէ, ընդգծել է նա:

Օգոստոսի 15-ին Արցախում էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկը: ԼՂՀ նախագահի և արտգործնախարարի հետ հանդիպումների առանցքում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումներին առնչվող հարցերն էին: Երկուստեք կարևորվել է շփման գծում կայունության և հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը:

Օգոստոսի կեսերին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտնեց, որ կառույցը քայլեր է ձեռնարկում ՀՀ և ԱՀ նախագահների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ, սակայն օգոստոսին այդպես էլ հակամարտող կողմերի հանդիպում ոչ Ֆրանսիայում, որը նախապես հայտարարված էր, ոչ մեկ այլ վայրում չկայացավ: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ապակառուցողական քաղաքականության հետևանքով, կարելի է ասել, հերթական անգամ հակամարտության կարգավորմանն ուղված դիվանագիտական քայլերը մտան փակուղի:

Հայաստան-Արցախ. Շարունակվել են Հայաստան-Արցախ համագործակցության խորացմանն ուղղված քայլերը: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 3-ին ընդունել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանին և տնօրենի տեղակալ Սուրեն Պողոսյանին: Քննարկվել են էներգետիկայի ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Նախագահը պահանջված է համարել նման համագործակցությունը՝ նշելով, որ առկա են լավ նախադրյալներ այն խորացնելու և զարգացնելու համար: Օգոստոսի 8-ին ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության և ՀՀ Կենտրոնական բանկի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր, համաձայն որի՝ երկու կառույցներն այսուհետ կիրականացնեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ամբողջական տեղեկատվության փոխանակում: Մասնավորապես, նախկին տարեկան ցուցանիշների փոխարեն, այժմ հանրապետության ֆինանսաբանկային ոլորտի վերաբերյալ ցուցանիշների հրապարակումը հնարավոր կլինի իրագործել եռամսյակային կտրվածքով: Օգոստոսի 11-ին Արցախում էին Հայաստանի Հանրապետական կուսակցության կանանց խորհրդի անդամները` ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ հանդիպումներում քննարկվել են հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջև փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Օգոստոսի 16-ին Արցախում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակությունը՝ կառույցի ղեկավար Արմեն Երիցյանի գլխավորությամբ: ԼՂՀ իշխանությունների և ոլորտի պատասխանատուների հետ հանդիպմանը քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջև կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր: Օգոստոսի 18-ին Արցախում էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ու ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Ռուստամյանը: ԼՂՀ իշխանությունների հետ հանդիպումների ընթացքում արծարծվել են հանրապետության արտաքին և ներքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր: Հայկական զույգ պետությունների զինված ուժերի համագործակցության շրջանակներում օգոստոսի 22-ին Արցախում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: ԼՂՀ նախագահի և ՊԲ ղեկավարության հետ հանդիպումներում քննարկվել են ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Բակո Սահակյանի գլխավորությամբ պաշտոնյաներն այցելել են հանարապետության հարավարևելյան սահմանագծի հատվածներից մեկը, հանդիպել հրամանատարական կազմի հետ, ծանոթացել ծառայության ընթացքին ու տիրող իրավիճակին: Օգոստոսի 24-ին միջբուհական համագործակցության շրջանակներում Արցախ է ժամանել Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի գլխավորությամբ: ԼՂՀ նախագահի և ոլորտի պատասխանատուների հետ հանդիպումներում բուհի հետ համագարծակցությանն առնչվող հարցեր են քննարկվել:

Արցախ-Սփյուռք. Արցախի Հանրապետությանը և նրա անվտանգության երաշխավոր Պաշտպանության բանակին տարբեր ձևերով օգնելու սփյուռքահայ հայրենակիցների՝ ապրիլին մեկնարկած գործընթացը շարունակվեց օգոստոսին: Հերթական օրինակելի նախաձեռնությունը ՌԴ հայերի միության Ուրդմուրտիայի տարածաշրջանի համահայկական խորհրդինն էր: Առաջնագծի հարավային հատվածում, որտեղ ամառվա տապին ջերմաստիճանն անցնում է 40 աստիճանի սահմանը, ջուրը կարևոր նշանակություն ունի ոչ միայն զինծառայողների սանիտարահիգիենիկ պայմանների բարելավան, այլև զգոնության բարձրացման ու մարտունակության ամրապնդման համար: Համայնքի մի շարք ներկայացուցիչների նախաձեռնությամբ շուրջ մեկուկես ամիս տևած աշխատանքների արդյունքում իրագործվեց աննախադեպ ծրագիր. ՊԲ մի շարք դիրքերում մշտական ջուրն այլևս իրողություն է: Ծրագիրը շարունակական է լինելու և բարերարների վստահեցմամբ՝ ոչ միայն այս, այլև ամենատարբեր բնագավառներում իրականացվող ծրագրերով փորձելու են օգնել ողջ հայության պատիվն ու արժանապատվությունը դարձած Արցախին ու հզորացնել նրա անվտանգության երաշխավոր բանակին: Օգոստոսի 29-ին Արցախում իրականացվող բարեգործական ծրագրի շրջանակներում ռուսաստանաբնակ բարերար Վլադիմիր Ավագյանի միջոցներով մի քանի համայնքներում հանդիսավորությամբ բացվեցին մարզական համալիրներ: Օգոստոսի 31-ին Արցախում էր «Թուֆենկյան» հիմնադրամի պատվիրակությունը և հայտնի ամերիկահայ գրող-հրապարակախոս Քրիս Բոհաջալյանը: ԼՂՀ իշխանությունների հետ հանդիպումների ընթացքում կարևորվել է հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող բարեգործական ծրագրերը, որոնք զգալիորեն նպաստում են ԼՂՀ համայնքների զարգացմանը: Հատուկ ուշադրություն է դարձվել մշակութային ոլորտին և կարևորվել Քրիս Բոհաջալյանի զգալի ներդրումը Հայոց ցեղասպանության և համահայկական նշանակություն ունեցող հարցերը միջազգային հանրության շրջանակներում բարձրաձայնելու գործում:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր