• am
  • ru
  • en
Версия для печати
28.07.2015

ԹՈՒՐՔ-ՉԻՆԱԿԱՆ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ

   

Հայկ Գաբրիելյան
Թուրքագետ

Թուրք-չինական հարաբերությունների ներկա դրությունն ու խնդիրները լավ ըմբռնելու համար անհրաժեշտ է անցկացնել պատմական էքսկուրս: Թուրքիայի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1971թ., սակայն դրանք որոշակի զարգացում ապրել են միայն 1980-ական թվականներից: 1980թ. ռազմական հեղաշրջումը Թուրքիայում ճանապարհ հարթեց Եվրոպական տնտեսական ընկերակցության և Թուրքիայի միջև հարաբերությունների սառեցման համար, ինչը վերջինին հարկադրեց նոր գործընկերներ փնտրել, և նրա տեսադաշտում հայտնվեց Չինաստանը:

1991թ. ԽՍՀՄ փլուզումից հետո Թուրքիան սկսեց ակտիվություն ցուցաբերել Կենտրոնական Ասիայում՝ դրանով մտահոգելով Չինաստանին: Մյուս կողմից էլ՝ Հարավային Կովկասի պետությունները հայտնվեցին Չինաստանի արտաքին քաղաքական տեսադաշտում: 1990-ական թթ. սկզբներին թուրք պաշտոնյաները սերտ կապերի մեջ էին ույղուրական ընդդիմության առաջնորդների հետ. 1991թ. նոյեմբերին` Թուրքիայի վարչապետի պաշտոնը ստանձնելուց մեկ շաբաթ առաջ, ույղուր առաջնորդ Իսա Յուսուֆ Ալփթեքինի հետ հանդիպեց Սուլեյման Դեմիրելը, իսկ 1992թ.` Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը: Ուշագրավ է, որ 1991-2000թթ. Չինաստանից Թուրքիա չի իրականացվել նախարարի մակարդակով որևէ այց:

Արդեն 1990-ական թթ. կեսերից Չինաստանը Թուրքիայի համար սկսեց կարևորվել երեք տեսանկյունից` քաղաքական, տնտեսական և ռազմական: Քաղաքական տեսանկյունից հաշվի էր առնվում այն, որ Չինաստանը ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամներից մեկն է, տնտեսական առումով` այն, որ արագ զարգացող ու ընդլայնվող շուկա է, իսկ ռազմական առումով` այն, որ էժան զենք արտադրող երկիր է և այլընտրանք է Արևմուտքին: Չինաստանի եվրասիական քաղաքականությունում Թուրքիան կարևորվեց իր աշխարհաքաղաքական դիրքով` Հյուսիսային Աֆրիկային, Մերձավոր Արևելքին և Բալկաններին մոտ գտնվելու համար: 1990-ական թթ. երկրորդ կեսին Թուրքիան հայտարարեց, թե պաշտպանում է Չինաստանի տարածքային ամբողջականությունը, որ ույղուրների հարցը Չինաստանի ներքին գործն է, և որ ույղուրները կարող են բարեկամության կամուրջ ծառայել երկու երկրների միջև: Դրան զուգահեռ՝ Թուրքիան լքեցին և ԱՄՆ ու Եվրոպա տեղափոխվեցին ույղուրական բազմաթիվ կազմակերպություններ, որոնք մինչ այդ հանգիստ գործում էին Թուրքիայում:

Այս ամենը հանգեցրեց նրան, որ թուրք-չինական հարաբերությունները զարգացում ապրեցին հատկապես 2000-ական թթ., երբ 2000թ. ապրիլին Թուրքիա այցելեց Չինաստանի նախագահ Ձյան Ձիմինը, որը Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելի (նրա պաշտոնավարության ավարտից մոտ մեկ ամիս առաջ) քննարկեց նաև ույղուրների հարցը, և խոստացավ բարելավել ույղուրների կենսապայմանները: 2011թ. Չինաստանը և Թուրքիան նշեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 40-ամյակը: 2012թ. Թուրքիայում հայտարարվեց Չինաստանի, իսկ 2013թ. Չինաստանում հայտարարվեց Թուրքիայի տարի:

Չնայած 2000-ական թթ. երկու երկրների միջև բարձրաստիճան բազմաթիվ այցերին` Թուրքիան Չինաստանից որևէ աջակցություն չստացավ Էգեյան հակամարտության, Կիպրոսի, Բոսնիայի, Կոսովոյի, Լեռնային Ղարաբաղի, Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հարցերում: Ի հավելումն` 2003թ. Իրաքում Սադամ Հուսեյնի վարչակարգի տապալումից հետո Չինաստանը սերտ կապեր հաստատեց Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության (ՀԻՔԻ) հետ, իսկ 2007թ. դեմ արտահայտվեց ՀԻՔԻ-ում Թուրքիայի ռազմական միջամտությանը: 2000-ական թթ. կեսերին Չինաստանը նաև դեմ արտահայտվեց ՇՀԿ-ում Թուրքիային դիտորդի կարգավիճակ տրամադրելուն (Թուրքիան ՇՀԿ երկխոսության գործընկերոջ (դիտորդ երկրից ցածր) կարգավիճակ ստացավ 2013թ. ապրիլին): Պետք է նշել, որ դա Թուրքիայի հերթական բլեֆն էր` ԵՄ-ին ցույց տալու համար, որ «ունի» այլընտրանք` ի դեմս ՇՀԿ-ի (2010թ. աշնանը Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը չէր բացառել, որ Թուրքիան կարող է անդամակցել BRIC-ին):

Եվ այնուամենայնիվ, 2000-ական թթ. Թուրքիան մոռացության չմատնեց ույղուրներին: Արդեն 2003թ. հունվարին Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) նախագահի կարգավիճակով Չինաստան այցելեց Ռ.Էրդողանը (նա Թուրքիայի վարչապետ դարձավ 2003թ. մարտին), ինչը քննադատություններ առաջացրեց չինական մամուլում, որը հիշեցրեց, որ Էրդողանը ժամանակին չինական կողմին մեղադրել է ույղուրների հանդեպ խտրական վերաբերմունք ցուցաբերելու համար (1995թ. օգոստոսին Անկարայում Չինաստանի դեսպան Վու Կոմինգը բողոք էր հայտնել թուրքական կողմին` կապված Ստամբուլի քաղաքապետ (1994-1998թթ.) Էրդողանի կողմից քաղաքի զբոսայգիներից մեկն Իսա Յուսուֆ Ալփթեքինի անունով կոչելու հետ):

2009թ. հունիսին Չինաստանի Սինձյան-Ույղուրական ինքնավար շրջան (ՍՈւԻՇ, որը թուրքական կողմն անվանում է Արևելյան Թուրքեստան) այցելեց Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, որը ՍՈւԻՇ-ի կենտրոն Ուրումչիում հայտարարեց. «Մենք 1500 տարի առաջ ապրել ենք այս տարածքներում, եղել ենք հարևան ու ազգական: Ույղուրները կարող են մեր և Չինաստանի միջև խաղալ բարեկամության կամրջի դեր»: Ի դեպ, Աբդուլա Գյուլը դարձավ ՍՈւԻՇ այցելած Թուրքիայի առաջին նախագահը (Թուրքիայի նախագահներից առաջինը Չինաստան այցելել է Քենան Էվրենը 1982թ. դեկտեմբերին): Մինչ այդ ՍՈւԻՇ այցելած թուրք բարձրաստիճան պաշտոնյան Թուրքիայի փոխվարչապետ Դևլեթ Բահչելին էր (2002թ. մայիսի վերջ):

2009թ. հուլիսին Ուրումչիի հայտնի դեպքերից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն այդ դեպքերը որակեց «ցեղասպանություն», որով դարձավ դրանք ամենախիստ ձևով դատապարտած պետական գործիչն աշխարհում, իսկ Թուրքիան՝ դրանք պետական մակարդակով ամենախիստ դատապարտած երկիրը: Չինաստանի ԱԳՆ-ն Էրդողանի խոսքերը որակեց որպես անպատասխանատու հայտարարություն և Թուրքիային մեղադրեց իր երկրի ներքին գործերին միջամտելու փորձի համար: Թուրքիան մնաց միայնակ, քանի որ որևէ այլ երկիր չցանկացավ հարաբերությունները փչացնել Չինաստանի հետ, և նա ստիպված էր արդեն նույն թվականի սեպտեմբերին պետնախարար Զաֆեր Չաղլայանի մակարդակով հայտարարել, թե Թուրքիան մշտապես հետևել է «Մեկ Չինաստան» ճանաչելու քաղաքականությանը և չի միջամտելու Չինաստանի ներքին գործերին (Չաղլայանը 2009թ. Չինաստան այցելել է 3 անգամ)1:

Արդեն 2009-2011թթ. Հայոց ցեղասպանության հարցը դարձավ Չինաստանի գիտական շրջանակների ուսումնասիրության առարկա, ինչում զգալի դեր ուներ Ուրումչիի դեպքերին Էրդողանի արձագանքը: Չինաստանի կենտրոնական մամուլում աճեց Հայոց ցեղասպանության և հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հաղորդագրությունների թիվը, որոնցում կիրառվում էր «ցեղասպանություն» եզրույթը: Հայոց ցեղասպանության վերաբերյալ Չինաստանի մոտեցումը նոր որակ ձեռք բերեց 2011թ. փետրվարին, երբ այդ երկրի արտգործնախարար Յանգ Ձիեչին այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին2: Այդպիսով, Հայոց ցեղասպանության թեման գտնվում է Չինաստանի զինանոցում, և այդ խաղաքարտը կարող է անհրաժեշտության դեպքում գործի դրվել:

2015թ. հունիսի վերջին Թուրքիայի ԱԳՆ-ը դատապարտեց ՍՈւԻՇ-ում ույղուրների ճնշումները: Հայտարարության մեջ նշված էր, որ թուրք հասարակությունը ցավով է ընդունել Ռամադանի կրոնական ծեսերը (պահք պահել և այլն) պահպանելու հարցում Չինաստանի իշխանությունների կողմից ույղուրների վրա արգելք դնելու մասին տեղեկությունը3: Թուրքիայի նախագահի աշխատակազմի մամլո քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարեց, որ դրա հետ կապված՝ թուրքական կողմը հայտնում է իր մտահոգությունը, և որ Անկարայում Չինաստանի դեսպանը պարզաբանումներ տալու նպատակով կանչվել է Թուրքիայի ԱԳՆ4: Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինը մտահոգություն հայտնեց Թուրքիայի ԱԳՆ հայտարարության համար` ընդգծելով, որ ՍՈւԻՇ-ում գոյություն չունի էթնիկ խնդիր, որ ույղուրներն օգտվում են կրոնական ազատություններից, և Չինաստանը պարզաբանում է պահանջում Թուրքիայից5:

ՍՈւԻՇ-ի դեպքերի կապակցությամբ Թուրքիայի մի շարք քաղաքներում տեղի ունեցան հակաչինական ցույցեր, որոնց ժամանակ այրեցին Չինաստանի դրոշը, հարձակման ենթարկվեցին Ստամբուլում գտնվող չինական ռեստորանները, ինչպես նաև սխալմամբ ծեծի ենթարկվեցին կորեացիները, որոնց դրել էին չինացիների տեղ: Չինաստանի ԱԳՆ-ն Անկարայում իր դեսպանատան միջոցով Թուրքիայում գտնվող չինացիներին կոչ արեց զգուշություն ցուցաբերել, չմոտենալ բողոքի ակցիաների վայերին և չշրջել միայնակ` հարձակման չենթարկվելու համար: Չինաստանի քաղաքացիներին խորհուրդ չտրվեց մեկնել Թուրքիա6:

Թուրքիայի և Չինաստանի միջև նման իրավիճակ էր ստեղծվել նաև 2014թ. նոյեմբերին, երբ Թաիլանդի իշխանությունները ցանկություն հայտնեցին Պեկինի պահանջով վերադարձնել 200 ույղուր ապօրինի ներգաղթյալի: Թուրքիան փորձել էր միջամտել այդ հարցին, սակայն Հուա Չունինը հայտարարել էր, թե ույղուր փախստականների հարցը Չինաստանի և Թաիլանդի հարցն է, և որ երրորդ երկիրը պետք է դադարեցնի միջամտությունը: Թեև Հուա Չունինն այդպես էլ չէր նշել երրորդ երկրի անունը, սակայն ույղուրների մասին Անկարայի վերջին հայտարարությունները հիմք են տվել կարծելու, որ խոսքը հենց Թուրքիայի մասին է: Թաիլանդի ԱԳՆ-ը նույնպես չէր թաքցրել հարցին Թուրքիայի միջամտությունը: Այդ երկրի արտգործնախարարը հայտարարել էր, որ հարցն անձամբ քննարկել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ7:

2015թ. հուլիսին հաղորդվեց, որ Թաիլանդի իշխանությունները որոշել են 97 ույղուր ապօրինի ներգաղթյալի արտաքսել Չինաստան։ Թուրքիայի ԱԳՆ-ը դատապարտեց այդ որոշումը, իսկ Ստամբուլում Թաիլանդի հյուպատոսության շենքը ենթարկվեց հարձակման: Զարմանալին այն էր, որ թեև զայրացած ամբոխը կոտրել էր հյուպատոսության շենքի ապակիները և շենքի ներսում դեն էր նետել հյուպատոսության աշխատակիցների իրերը, սակայն որևէ աշխատակից չէր տուժել: Դրանից հետո Թաիլանդը որոշեց ժամանակավորապես փակել Անկարայում իր դեսպանատունն ու Ստամբուլում իր հյուպատոսությունը:

Ույղուրների հարցում Թուրքիայի այս քայլերի դրդապատճառները հետևյալն են.

ա) Թուրքիայի ներկա իշխանություններն ավելի վաղ նույնպես աչքի են ընկել ույղուրներին աջակցող և չինական կողմին դատապարտող հայտարարություններով և քայլերով: Հետևողական գտնվելու համար նրանք, փաստորեն, «դատապարտված» են ամեն անգամ արձագանքել ՍՈւԻՇ զարգացումներին: Ի դեպ, «դատապարտված» լինելու գործոնն առկա է նաև այլ երկրների պարագայում: Օրինակ, Թուրքիան ամեն անգամ «դատապարտված» է քննադատել Իսրայելին, երբ վերջինս զինված հակամարտության մեջ է մտնում Գազայի հատվածի հետ:

բ) Թուրքիայի իշխանությունները փորձում են միջազգային հանրության աչքում ձեռք բերել «մարդու իրավունքների, էթնիկ և կրոնական փոքրամասնությունների իրավունքների համար պայքարողի» կերպար և ստվեր նետել Չինաստանի իշխանությունների վրա: Հարկ է նշել, որ Կրոնական ազատությունների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի տարեկան զեկույցում մշտապես տեղ են գտնում Թուրքիայում կրոնական ազատությունների խախտման դեպքեր (հոգևոր սպասավորների պատրաստում, կրոնական կրթություն, ալավիների աղոթատեղիների (ջեմևի) օրինականության չճանաչում, կրոնական խմբերի գրանցման սահմանափակումներ, պատրիարքարանների՝ որպես իրավաբանական անձի, չճանաչում, ինչը նրանց զրկում է անշարժ գույք գնելու և պահելու կամ դատարանում պահանջներ ներկայացնելու իրավունքից): Ըստ ամերիկյան Pew հետազոտական կենտրոնի` 2013թ. կառավարության կողմից կրոնական ամենաշատ սահմանափակումներ կիրառող երկրների թվում Թուրքիան զբաղեցրել է 12-րդ տեղն աշխարհում:

գ) Թուրքիայի իշխանություններն այդպիսով փորձում են Չինաստանից կորզել տարաբնույթ արտոնություններ: Խոսքը միայն ույղուրների կենսապայմանների բարելավման մասին չէ. Թուրքիան հուսով է հենց իր համար Չինաստանից ստանալ տնտեսական բնույթի շահավետ պայմանագրեր` ույղուրների հարցում Չինաստանին (գոնե ժամանակավորապես) չանհանգստացնելու համար: Թուրք-չինական հարաբերությունների վերջին 25 տարիների փորձը (1990-ականների առաջին կեսի և 2009թ. Ուրումչիի դեպքերի լարվածությունը) ցույց է տալիս, որ դրանցում ույղուրական խնդրի պատճառով ժամանակ առ ժամանակ ծագած լարվածությանը հաջորդել են բարձրաստիճան պաշտոնյաների այցեր և տնտեսական խոշոր համաձայնագրերի ստորագրում: Թուրքիան քաջ գիտակցում է Չինաստանի համար ՍՈւԻՇ ռազմավարական, աշխարհաքաղաքական կարևորությունը և շեշտը դնում է նրա վրա, որ Չինաստանին հարկադրի լավ հարաբերություններ ունենալ իր հետ8:

դ) Ույղուրներին «տեր կանգնելու» Թուրքիայի փորձերը տեղավորվում են իսլամական և թյուրքական աշխարհի առաջնորդի դերը ստանձնելու թուրքական նկրտումներում: Դեռևս 2009թ. պետնախարար Զաֆեր Չաղլայանը Չինաստանի արտգործնախարար Յանգ Ձիեչիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Թուրքիայի համար ույղուրները կարևորություն են ներկայացնում երկու տեսանկյունից. նրանք թե´ թյուրք են, թե´ մուսուլման»: Թուրքիայի պանթյուրքիստական նկրտումները խորապես մտահոգում են Չինաստանի իշխանություններին:

Այժմ հայտնի է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հուլիսի 28-ին անակնկալ այցով մեկնելու է Չինաստան և նրա ղեկավարության հետ քննարկելու է նաև ույղուրների հարցը: 2012թ. Էրդողանն այցելել էր ՍՈւԻՇ, որով և դարձել էր Ուրումչի այցելած Թուրքիայի առաջին վարչապետը և Չինաստան այցելած Թուրքիայի երկրորդ վարչապետը (1985թ. Չինաստան այցելել է Թուրքիայի վարչապետ Թուրգութ Օզալը)9: Էրդողանի այս այցը մասամբ հիշեցնում է այս տարվա գարնանը նրա Իրան այցելությունը, երբ նախ քննադատեց Իրանին, ապա մեկնեց այդ երկիր:

Վերջին շրջանում Չինաստանը սկսել է մեծ տեղ տալ նավթի խոշոր պաշարներ ունեցող ՀԻՔԻ-ի հետ հարաբերություններին: 2014թ. սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Չինաստանը երկու ամսվա ընթացքում գլխավոր հյուպատոսություն է բացելու ՀԻՔԻ կենտրոն Էրբիլում, որի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀԻՔԻ ղեկավար Մասուդ Բարզանիի և Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Թան Բանգլինի հանդիպման ժամանակ: Բանգլինը, որը հետո դարձավ Էրբիլում Չինաստանի առաջին գլխավոր հյուպատոսը, հույս է հայտնել, որ հյուպատոսության բացումը սկիզբ կդնի Չինաստանի և ՀԻՔԻ-ի միջև հարաբերությունների զարգացմանը10: Էրբիլում Չինաստանի գլխավոր հյուպատոսությունը բացվեց 2014թ. դեկտեմբերին: ՀԻՔԻ վարչապետ Նեչիրվան Բարզանին հայտարարեց, որ դա սկիզբ կդնի կողմերի միջև քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունների զարգացմանը11:

Թուրք փորձագետ Յուջել Թանայի կարծիքով` Էրբիլում գլխավոր հյուպատոսություն բացելը վկայում է, որ Չինաստանը վերջին շրջանում սկսել է զարգացնել իր քրդական քաղաքականությունը: Նրա խոսքերով` Չինական միջազգային ռադիոն (նախկինում` Պեկինի ռադիո) պատրաստվում է առաջիկայում հեռարձակումներ սկսել նաև քրդերենով, և որ քրդական թեման տեղ է գտնում չինական բազմաթիվ գիտական հոդվածներում: Դրանցում «Քրդական հարցը» ներկայացվում է որպես քուրդ ժողովրդի անկախության պայքար և էթնիկ խնդիր: Թանայն ընդգծել է, որ Չինաստանը նմանեցնում է ույղուրներին ու քրդերին և գտնում է, որ եթե Թուրքիան աջակցի ույղուրներին, ապա ինքն էլ կաջակցի քրդերի անջատողական ձգտումներին12:

Թուրքիայի և Չինաստանի միջև առկա քաղաքական մյուս խնդիրն առնչվում է Թայվանի խնդրին: Չինաստանը Թուրքիային զգուշացրել է Թայվանի հետ հարաբերություններ չզարգացնելու համար: Չնայած դրան` 2015թ. մարտի վերջին «Թուրքական ավիաուղիները» (THY) չվերթ բացեց դեպի Թայբեյ, որը դարձավ նրա 265-րդ չվերթը (109 երկիր), և որը «կրճատեց» Թուրքիայի ու Թայվանի միջև մեծ հեռավորությունը13: Թուրքիան այն 57 երկրներից մեկն է, որ ներկայացուցչություն ունի Թայվանում, սակայն դեսպանատուն չունի14: Թուրքիան թեև պաշտոնապես հայտարարում է, որ աջակցում է Չինաստանի տարածքային ամբողջականությանը, սակայն դա չի խանգարում նրան կատարել դրան հակասող ոչ պաշտոնական ու ընդհատակյա քայլեր: Թուրքիայի նման քաղաքականությանն ականատես ենք եղել Վրաստանի և Աբխազիայի պարագայում, ինչը հանգեցրել է նրան, որ Վրաստանը քանիցս բողոք է հղել Թուրքիային (Աբխազիայի հետ թուրքական նավերի առևտուր, աբխազ առաջնորդների այցեր Թուրքիա և այլն): Այժմ էլ Թուրքիան նույն կերպ վարվում է Ուկրաինայի և Ղրիմի պարագայում. թեև հայտարարել է, թե ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, սակայն նրա առևտրանավերը շարունակում են այցելել Ղրիմ, իսկ թուրք գործարարները պատրաստվում են $12.5 մլրդ ներդնել թերակղզում՝ հայտարարելով, որ Թուրքիայի իշխանություններն իրենց չեն արգելել անել դա:

Չինաստանին կարող է նյարդայնացնել նաև Մոնղոլիայի հանդեպ Թուրքիայի քաղաքականությունը, ինչը մասամբ ուղղված է այդ երկրում Չինաստանի ազդեցության նվազեցմանը: Թուրք փորձագետ Սելչուք Չոլաքօղլուն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ Մոնղոլիան, Ռուսաստանից ու Չինաստանից բացի, չունի այլ հարևաններ, ինչպես նաև չունի ելք դեպի բաց ծով, ինչը հանգեցրել է նրան, որ Մոնղոլիան երկար ժամանակ գտնվել է միայնակ, մեկուսացված վիճակում. «Իրավիճակը փոխվեց Սառը պատերազմի ավարտից հետո, երբ երկիրն սկսեց վարել ավելի անկախ արտաքին քաղաքականություն, զարգացնել «երրորդ հարևանի քաղաքականությունը»` առաջնորդվելով 3 չափանիշով` ժողովրդավարական քաղաքական համակարգով երկիր, տնտեսապես զարգացած երկիր և իր շահերը հարգող երկիր: Այդպիսով, Մոնղոլիայի «երրորդ հարևանների» թվում հայտնվել են ԱՄՆ-ը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Հնդկաստանը, Ավստրալիան և Թուրքիան: Թուրքական և չինական ընկերությունները մրցակցում են միմյանց հետ` Մոնղոլիայում ենթակառուցվածքային խոշոր նախագծեր իրականացնելու համար: 2012թ. բացվեց Ստամբուլ-Ուլան Բատոր չվերթը: 2015թ. մայիսին Անկարայում անցկացվեց «Թուրքիան և Մոնղոլիան. անցյալից դեպի ապագա» կոնֆերանսը, որը կազմակերպել էին Թուրքիայի ԱԳՆ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնը (SAM) և Մոնղոլիայի ԱԱԽ Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը (ISS): Քննարկվեցին Մոնղոլիայի արտաքին քաղաքականությունն ու Թուրքիայի և Մոնղոլիայի փոխհարաբերությունները: 2015թ. սկսած` Ուլան Բատորում Թուրքիայի դեսպանատունը ստացավ ՆԱՏՕ կապի ներկայացուցչության կարգավիճակ (Մոնղոլիան ՆԱՏՕ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի մասնակից է)»15:

Թուրքիայի այս քայլերը չեն կարող չմտահոգել Մոնղոլիայի հարևան Չինաստանին: Ավելին, 2013թ. հունվարին Թուրքիայի Ժանդարմերիայի գլխավոր հրամանատարությունը հայտնեց TAKM ստեղծման մասին: Խոսքը ռազմուժի կարգավիճակ ունեցող Եվրասիական Ժանդարմերիայի մասին է, որում ընդգրկվել էին Թուրքիայի, Ադրբեջանի, Ղրղզստանի և Մոնղոլիայի զինծառայողները, և որը թուրքական մամուլը հասցրել էր որակել «Թուրանի բանակ»: Հենց այդ պետությունների անվանման սկզբնատառերով էլ այն կոչվել է TAKM, որի շտաբը գտնվելու է Անկարայում, և որի խորհրդանիշ ընտրվեց ձին: Ընդգծվել էր, որ TAKM-ը չի ստեղծվել որևէ երկրի կամ կառույցի դեմ, որ դրա ստեղծման նպատակը մասնակից երկրների միջև իրավապահ ոլորտում տեղեկատվության և փորձի փոխանակումն է: Սակայն 2014թ. հուլիսին հաղորդվեց, որ Մոնղոլիան լքել է TAKM-ը, որ նրան փոխարինելու է Ղազախստանը: Մոնղոլական մամուլի համաձայն` պատճառը Մոնղոլիայում տնտեսական, քաղաքական և ռազմական կայունության հաստատումն է16: 2015թ. ապրիլին Մևլյութ Չավուշօղլուն հայտարարեց, որ Մոնղոլիան շատ կարևոր երկիր է թյուրքական պատմության համար, քանի որ այստեղ են գտնվում առաջին տապանագրերը: Նա ընդգծել էր, որ իրենք Մոնղոլիայում ունենալու են թանգարան, որի բացումը կատարելու է Էրդողանը. «Այդ տապանագրերին հասնելու համար մենք ենք ասֆալտապատել հողային ճանապարհները: 10.000 կիլոմետր ճանապարհ ենք պատրաստել»17:

2011թ. «արաբական գարունը» հանգեցրեց նրան, որ Թուրքիան և Չինաստանը, մասնավորապես՝ Սիրիայի հարցում, հայտնվեցին հակադիր բևեռներում: Չինաստանը շարունակում է աջակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, որին Էրդողանը մեղադրել է «սեփական ժողովրդին զուլումի ենթարկելու համար»: Ռուսաստանն ու Չինաստանը քանիցս ՄԱԿ ԱԽ-ում վետո են դրել Սիրիային առնչվող բանաձևերի վրա, որոնց ընդունումը փափագում էր Ասադի գահընկեցությանն ամեն գնով հասնելուն միտված Թուրքիան: Բացի այդ, Չինաստանը լավ հարաբերությունների մեջ է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի հետ, որին հրաժարվում է ճանաչել Էրդողանը` զինվորական հեղաշրջման միջոցով նախագահի պաշտոնից իսլամական Մոհամեդ Մուրսիին գահընկեց անելու համար: Ի դեպ, ալ-Սիսին նախորդ տարեվերջին քառօրյա այցով մեկնեց Չինաստան, հանդիպեց Չինաստանի նախագահ Սի Ձինփինի հետ, ստորագրեց առևտրատնտեսական բնույթի մի շարք համաձայնագրեր, և Չինաստանն ու Եգիպտոսը դարձան ռազմավարական գործընկերներ:

Թուրքիայի և Չինաստանի միջև որոշակի խնդիրներ կան ռազմական ոլորտում: 2013թ. սեպտեմբերին հայտնի դարձան հեռահար գործունեության հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգեր ձեռք բերելու՝ Թուրքիայի հայտարարած մրցույթի արդյունքները: Մասնակցում էին ամերիկյան Raytheon/Lockheed Martin կոնսորցիումը (Patriot համալիրներ), ռուսական Рособоронэкспорт ընկերությունը (S-300 համալիրներ), չինական China Precision Machinery Export-Import Corporation (CPMIEC) կոնցեռնը (HQ-9 (FD-2000) համալիրներ) և եվրոպական EuroSam կոնսորցիումը (Samp-T համալիրներ): Մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչվեց CPMIEC18:

2014թ. փետրվարին Թուրքիայի այդ ժամանակվա արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն թուրքական կողմի ընտրությունը պատճառաբանեց 3 հիմնական չափանիշով. չինական կողմը համաձայնել է այդ hամակարգերի համատեղ արտադրությանը, առաջարկել է ամենաէժան գինը ($3.44 մլրդ, ինչը գրեթե մեկ միլիարդով պակաս է մյուս տարբերակներից) և համակարգերը թուրքական կողմին հանձնելու ամենահարմար ժամկետը19:

Սակայն չինական ընկերությունն ընդգրկված էր ԱՄՆ «սև ցուցակում», և այդ ընտրությունից հետո ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն սկսեցին ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի նա վերանայի մրցույթի արդյունքները: Մի շարք փորձագետներ նաև վստահ են, որ ՆԱՏՕ ՀՀՊ համակարգում չինական սպառազինության ինտեգրումը ռիսկեր կառաջացնի` կապված կիբեռանվտանգության հետ: Եվ Թուրքիան հայտարարեց, թե մրցույթի արդյունքները վերջնական չեն և սպասելու են նոր առաջարկների: Թուրքական մամուլն անգամ տարեսկզբին գրեց, որ Թուրքիան սպասելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ և Ֆրանսիայի պահվածքին, ինչը հաշվի է առնվելու մրցույթի վերջնական արդյունքների ժամանակ20:

Բնականաբար, թուրքական կողմի համար կարևորը համատեղ արտադրության առաջարկ ստանալն է, ինչը կօգնի յուրացնել տվյալ համակարգերի արտադրման տեխնիկան և սկսել դրանց սեփական արտադրությունը: Մյուս կողմից՝ Թուրքիայում հազիվ թե տեղյակ չէին, որ CPMIEC-ը ԱՄՆ «սև ցուցակում» է, ինչի համար ԱՄՆ-ի կողմից լինելու է հակազդեցություն: Հետևաբար, Թուրքիան միտումնավոր է գնացել այդ քայլին` նախապես իմանալով, որ դա առաջացնելու է ԱՄՆ դժգոհությունը: Դա նշանակում է, որ Թուրքիան նախ ԱՄՆ-ին փորձել է ցույց տալ, որ ունի այլընտրանք, երբ ԱՄՆ-ը չի համաձայնում թուրքական կողմի հետ Patriot-ների համատեղ արտադրության հարցում, ինչպես նաև ստեղծել այնպիսի տպավորություն, որ այդ պատճառով «հարկադրված» է եղել ընտրել չինական տարբերակը: Թուրքիան քանիցս հայտարարել է, որ սպասում է նոր առաջարկների, ինչը նշանակում է, որ ենթադրաբար առաջին հերթին սպասում է ամերիկյան կողմի՝ համատեղ արտադրության առաջարկին: Կարելի է ենթադրել, որ չինական կողմը հետագայում Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունում հաշվի կառնի նրա այս պահվածքը, որ նա Թուրքիայի կողմից օգտագործվեց որպես միջոց` ԱՄՆ-ին շանտաժի ենթարկելու և այլընտրանքի հնարավորություն ունենալը ցուցադրելու համար:

Ինչ վերաբերում է տնտեսական ոլորտին, ապա 2014թ. սեպտեմբերի վերջին թուրքական մամուլը հայտնեց, որ Չինաստանը Թուրքիային առաջարկել է ստորագրել ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիր: Առաջարկն արվել էր Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 69-րդ նստաշրջանի շրջանակներում` Չինաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Վանգ Յիի ու Մևլյութ Չավուշօղլուի հանդիպման ժամանակ: Վանգ Յին հայտարարել էր, որ այդ համաձայնագիրն օգտակար կլինի երկու կողմի համար էլ: Մեզ չհաջողվեց թուրքական մամուլում գտնել Թուրքիայի պատասխանը կամ դիրքորոշումը:

Հարկ է նշել, որ Չինաստանը Թուրքիայի 3-րդ խոշոր առևտրային գործընկերն է Գերմանիայից և Ռուսաստանից հետո: 2014թ. Թուրքիայի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է ավելի քան $27 մլրդ: Թուրքիայից Չինաստան արտահանման ծավալը կազմել է $2.86 մլրդ, որով և Չինաստանը Թուրքիայի արտահանման շուկաներում զբաղեցրել է 19-րդ տեղը: Իսկ Չինաստանից Թուրքիա ներկրման ծավալը կազմել է $24.91 մլրդ (2-րդ տեղ Ռուսաստանից հետո): Չինաստանին է բաժին ընկել Թուրքիայի ողջ ներկրման 10.3%-ը և ողջ արտահանման 1.8%-ը:

Ելնելով այս տվյալներից` կարելի է եզրակացնել, որ ազատ առևտրի գոտու ստեղծումն ավելի շահավետ կլինի Չինաստանի համար, քանի որ չինական արտահանումը գրեթե 10 անգամ ավելին է` թուրքական արտահանման համեմատ, և որ Թուրքիան խոշոր գումարներ կկորցնի, եթե չինական ապրանքները զրոյական մաքսատուրքով մուտք գործեն երկիր: Բացի այդ, չինական էժան ապրանքների մեծ ներհոսքը կարող է Թուրքիայում լուրջ խնդիրներ ստեղծել տեղական արտադրողների համար: Թուրքիան արդեն ունեցել է նման դառը փորձ. այն բանից հետո, ինչ Չինաստանը 2001թ. դարձավ ԱՀԿ անդամ, դա նպաստեց նրան, որ արտահանման ենթակա չինական ապրանքներն ավելի հեշտորեն մուտք գործեն Թուրքիա: Արդյունքում՝ դրանք զգալիորեն հեղեղեցին թուրքական շուկան և մեծ խնդիրներ առաջացրին տեղական արտադրողների համար21:

Ուշագրավ է 2014թ. նոյեմբերին Թուրքիայի` Եվրամիության հարցերով նախարար Վոլքան Բոզքըրի հայտարարությունը, որ եթե ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջև ստորագրվի ազատ առևտրի համաձայնագիր (TTIP), ապա կարևոր է, որ զրոյական մաքսատուրքով ԱՄՆ ապրանքներ արտահանելն առնչվի նաև (1995-ից) ԵՄ Մաքսային միության անդամ Թուրքիային, քանի որ հակառակ դեպքում, եթե ամերիկյան ապրանքները զրոյական մաքսատուրքով մուտք գործեն Թուրքիա, ապա Թուրքիան դրանից տարեկան կկորցնի $2.5-3 մլրդ: Բոզքըրը սպառնացել էր, որ Թուրքիան տվյալ դեպքում կսառեցնի ԵՄ Մաքսային միությանն իր անդամակցությունը22: Հատկանշական է, որ 2014թ. ԱՄՆ-ից Թուրքիա ներկրման ծավալը կազմել է $12.72 մլրդ (ողջ ներկրման 5.3%-ը, 4-րդ տեղ), ինչը կրկնակի զիջում է Չինաստանից Թուրքիա ներկրմանը: Թուրքիայից ԱՄՆ արտահանման ծավալը կազմել է $6.34 մլրդ (4%, 6-րդ տեղ): Ի դեպ, 2010թ. սեպտեմբերին Չինաստանի վարչապետ Վեն Ցիաբաոյի թուրքական այցի արդյունքներով ստորագրված պայմանագրերը երկու երկրների միջև հարաբերությունները հասցրին ռազմավարական մակարդակի: Այն ժամանակ ծրագրվել էր երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը 5 տարում (2015թ.) հասցնել մինչև $50, իսկ 10 տարում` $100 մլրդ-ի: Բացի այդ, կողմերը պայմանավորվել էին, որ թուրքական և չինական ընկերությունները պետք է համատեղ իրագործեն Կարս-Էդիրնե ճեպընթաց գնացքների նախագիծը (Անկարա-Ստամբուլ ճեպընթացը բացվեց 2014թ. հուլիսին): Չինաստանի առաջ քաշած «Ժամանակակից Մետաքսե ճանապարհ» նախագիծը Թուրքիայի համար նույնպես կարևոր է Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Չինաստանի հետ առևտրի զարգացման տեսանկյունից: Բացի այդ, Թուրքիան և Չինաստանը տնտեսական առումով մրցակցում են Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում և այլ տարածաշրջաններում:

Թուրք-չինական ներկա լարվածությունը հարվածելու է Թուրքիայի զբոսաշրջային եկամուտներին (Թուրքիան 2004-2013թթ. զբոսաշրջությունից վաստակել է $241.7 մլրդ): Բանն այն է, որ 2015թ. մարտին Չավուշօղլուն հայտարարել էր, թե իրենք դյուրացրել են Չինաստանի հետ վիզային ռեժիմը և ակնկալում են, որ այս տարի կգրանցվի չինացի զբոսաշրջիկների խոշոր ներհոսք, ինչը կփոխհատուցի Սիրիայից, Իրաքից և Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքի կրճատումը: Չավուշօղլուի խոսքերով` ներկայումս տարեկան ճամփորդում է ավելի քան 135 միլիոն չինացի, որոնցից Թուրքիային բաժին է ընկնում միայն 130.000-ը23: Դրանից մոտ մեկ ամիս անց Չավուշօղլուն հայտարարեց, որ Թուրքիայի և Չինաստանի միջև վիզային ռեժիմը փոխադարձաբար վերացվելու է 2016թ., ինչը շահավետ կլինի նաև երկու երկրների գործարարների համար24:

Տնտեսական ոլորտում հիշատակության արժանի է նաև այն, որ Սիրիայի հարցում Չինաստանի դիրքորոշումը (2012-2014թթ. վետոներ դնելը) կարող է իր ազդեցությունն ունեցած լինել Սինոպում Թուրքիայի երկրորդ ատոմակայանը կառուցելու շուրջ հայտարարված մրցույթի արդյունքների վրա: Դրանց համաձայն` Սինոպի ատոմակայանի կառուցման իրավունքը հանձնվեց ճապոնական Mitsubishi ընկերությանը, որը դա պետք է իրականացնի ֆրանսիական Areva ընկերության հետ համատեղ: Պետք է ընդգծել, որ 2011թ. Ճապոնիայի «Ֆուկուշիմա-1» ատոմակայանի վթարից հետո առաջին դեպքն էր, որ ճապոնական ընկերությունը հաղթում է նման մրցույթում: Թուրքիայի և Ճապոնիայի վարչապետներ Ռեջեփ Էրդողանն ու Սինձո Աբեն Սինոպի ատոմակայանի կառուցման մասին պայմանագիրը ստորագրեցին 2013թ. մայիսի սկզբին, ինչից օրեր անց Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարեց, որ երկրի երկրորդ ատոմակայանում կատարվելիք ֆրանսիական ներդրումները կարող են իրենց ազդեցությունն ունենալ Հայոց ցեղասպանության հարցում Ֆրանսիայի դիրքորոշման վրա, և որ Ֆրանսիան արդեն ավելի ուշադիր կլինի Հայոց ցեղասպանության մասին իր հայտարարություններում: Ավելի վաղ Թաներ Յըլդըզը հայտարարել էր, որ Սինոպի ատոմակայանի կառուցման իրավունքի համար, Ճապոնիայից բացի, պայքարում են նաև Չինաստանը, Կանադան և Հարավային Կորեան: Փաստորեն, Սինոպի ատոմակայանի և չինական ՀՀՊ համակարգի դեպքերը վկայում են, որ Հայոց ցեղասպանության թեման որոշակի գործոն է դառնում տնտեսական ու ռազմական ոլորտներում Թուրքիայի հայտարարած մրցույթներում:

Այսպիսով, երկու երկրների հարաբերություններում Թուրքիան շարունակ նախահարձակ է լինում, իսկ Չինաստանը միայն պատասխանում ու հակահարվածներ է տալիս։ Չինաստանը տարեցտարի ավելի է զորեղանում քաղաքական, տնտեսական և ռազմական առումով և հետագայում կարող է չհանդուրժել Թուրքիայի նման պահվածքը՝ շատ ավելի խիստ արձագանքելով դրան։ Այդ գործընթացը կարող է սկսվել Էրդողանի չինական այցից։ Եվ այնուամենայնիվ, երկու երկրների տնտեսական շահերը կլինեն շատ ավելի ծանրակշիռ գործոն, կգերակայեն քաղաքական տարաձայնություններից՝ թույլ չտալու համար, որ վնասվեն տնտեսական հարաբերությունները, ինչը չի բխում կողմերից և ոչ մեկի շահերից:

1 Selçuk Çolakoğlu, Türkiye-Çin İlişkileri: Tek Taraflı Aşk mı?, Orsam, Eylül 2012.

2 Մնացական Ա. Սաֆարյան, Հայոց ցեղասպանության հարցը Չինաստանի արտաքին քաղաքականության ուղեծրում, ՎԷՄ համահայկական հանդես, Է (ԺԳ) տարի, թիվ 1 (49), հունվար-մարտ, 2015։

3 Türkiye'den Çin'e 'Uygur' tepkisi, Hürriyet, 30.06.2015.

4 Çin büyükelçisi bakanlığa çağrıldı, TRT Türk, 30.06.2015.

5 Çin'den Türkiye'ye Doğu Türkistan cevabı, Bugün, 01.07.2015.

6 Çin'den Türkiye'ye seyahat uyarısı, 05.07.2015.

7 Çin'den Türkiye'ye şok uyarı!, Sabah, 01.12.2014.

8 Թուրք փորձագետ Սեյիթ Թյումթյուրքն ընդգծում է, որ աշխարհագրական առումով ՍՈւԻՇ-ը Չինաստանի համար հանդիսանում է թե´ դեպի Կենտրոնական Ասիա, թե´ դեպի Արևմուտք բացվող դուռ և սահմանակից է միանգամից 8 երկրի (Մոնղոլիա, Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Աֆղանստան, Հնդկաստան և Պակիստան). «Բացի այդ, պաշտոնական տվյալներով՝ Չինաստանում հայտնաբերված 168 հանքատեսակներից 138-ը գտնվում է ՍՈւԻՇ-ում, որին բաժին է ընկնում երկրի նավթի պաշարների 1/3-ը և գազի ու քարածխի պաշարների 40%-ը: ՍՈւԻՇ-ը հարուստ է նաև ոսկու և ուրանի (ռազմավարական հանքանյութեր) պաշարներով, ինչպես նաև շատ կարևոր է գյուղա-տնտեսական արտադրանքի տեսանկյունից: ՍՈւԻՇ-ով են անցնում Ռուսաստանից և Կենտրոնական Ասիայից Չինաստան ձգվող նավթամուղները և գազատարները» (Տե´ս Seyit Tümtürk, Ankara-Pekin İlişkileri ve Doğu Türkistan, TASAM, 22.10.2010).

9 Cumhurbaşkanı'ndan sürpriz Çin gezisi, Radikal, 04.07.2015.

10 Çin Erbil'de başkonsolosluk açacak, Sabah, 19.09.2014.

11 Çin, Erbil'de başkonsolosluk açtı, Hürriyet, 30.12.2014.

12 Çin'in Kürt ayrılıkçılığına karşı, Uyghurnet.org, 15.01.2015.

13 ԱԶԿ կառավարման տարիներին THY-ը վերածվել է Թուրքիայի արտաքին քաղաքականության ակտիվության ցուցչի և համարվում է կարևոր բաղադրիչ: Դրա ցայտուն օրինակն Աֆրիկան է. եթե ԱԶԿ-ից առաջ Թուրքիան Աֆրիկայում ուներ միայն 12 դեսպանատուն, ապա այժմ` 39 դեսպանատուն: Եթե 2002թ. THY-ն ուներ դեպի Աֆրիկա ընդամենը 4 չվերթ, ապա ներկայում` ավելի քան 40 չվերթ (28 աֆրիկյան երկիր):

14 Erkin Ekrem, Türkiye-Tayvan İlişkileri: Karşılıklı Uçuş Seferleri Üzerine, SDE, 03.04.2015.

15 Selçuk Çolakoğlu, Türkiye Moğolistan’ın Üçüncü Komşusu Olur mu?, USAK, 15.05.2015.

16 Avrasya Askeri Statülü Kolluk Kuvvetleri Teşkilatı (TAKM), http://www.jandarma.tsk.tr/dis/takm.htm

17 Çin’le vizeler kalkıyor, Habertürk, 14.04.2015.

18 Uzun menzilli füze ihalesini Çin kazandı, Sabah, 27.09.2013.

19 Çin füzeleri alınacak mı?, Sabah, 02.02.2014.

20 Burak Bekdil, Turkey won’t decide on air defense deal before Apr. 24, Hürriyet Daily News, 17.02.2015.

21 Altay Atlı, Sadık Ünay, Küreselleşme Sürecinde Türkiye-Çin Ekonomik İlişkileri, SETAV, Haziran 2014.

22 Gümrük Birliği’ni dondururuz, Hürriyet, 06.11.2014.

23 Bakan Çavuşoğlu'ndan Schengen müjdesi, Posta, 08.03.2015.

24 Çin’le vizeler kalkıyor, Habertürk, 14.04.2015.


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր