• am
  • ru
  • en
Версия для печати
16.07.2010

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՐԱԹՈՆԻ ՇՈՒՐՋ

   

Հայկ Գաբրիելյան

Վերջին շրջանում Թուրքիայում շարունակում է լարված մնալ երկրի ներքաղաքական իրավիճակը, ինչը պայմանավորված է քաղաքական իշխանությունների և զինվորականների ու դատական իշխանությունների միջև պայքարի շիկացմամբ: Պատճառը «Բալյոզ» (Կռան) ռազմական հեղաշրջում կազմակերպելու մեջ մեղադրվող զինվորականների ձերբակալություններն են և այն, որ ըստ շրջանառվող լուրերի՝ Թուրքիայի գլխավոր դատախազությունը երկու հայց է պատրաստել Թուրքիայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) դեմ: Դրա համար էլ շատերի գնահատմամբ ներկայումս Թուրքիայում առավել հավանական է համարվում «դատական» հեղաշրջումը և ոչ թե զինվորականը, մանավանդ որ զինվորականների շրջանում բացակայում է միաբանությունը, և վերջին ժամանակներս ԱԶԿ-ն զգալի քայլեր է գործադրել նրանց դիրքերը սասանելու ուղղությամբ: Եվ ահա այս ամենին հավելվեց ԱԶԿ առաջադրած Սահմանադրական բարեփոխումների փաթեթը (ՍԲՓ), որով ուղղումներ կմտցվեն ռազմական խունտայի ժամանակ` 1982թ. նոյեմբերի 7-ին, ընդունված Սահմանադրությունում, որով մեծ հնարավորություններ էին ընձեռվել զինվորականներին ու դատական իշխանություններին: ՍԲՓ-ն նախատեսում է սահմանափակել նրանց իրավունքներն ու լիազորությունները:

Մարտի 2-ին ելույթ ունենալով ԱԶԿ խորհրդարանական խմբի նստաշրջանում` Էրդողանը նշեց, որ եթե Թուրքիան ցանկանում է դառնալ ժամանակակից աշխարհի մի մասնիկը, ապա նրան անհրաժեշտ է ապահովել սեփական իրավական համակարգի պարզեցումը և վերջ դնել օրենսդրական խախտումներին: Ըստ Էրդողանի` խոսքը ոչ թե քաղաքական վրիժառության, այլ այն անձանց իրավական պատասխանատվության մասին է, որոնք իրենք են ցանկացել նման կերպ վարվել ժողովրդի կամքի, խորհրդարանի ու դեմոկրատական կարգի հանդեպ:

Փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքը մարտի վերջերին հայտարարեց, որ ներկայիս Սահմանադրությամբ Թուրքիային շատ դժվար կլինի ավարտին հասցնել 2005թ. սկսված Եվրամիությանն անդամակցելու գործընթացը: Չիչեքը չի թաքցնում, որ ՍԲՓ գլխավոր նպատակը երկրում զինվորականների ազդեցությունը սահմանափակելն է. «Սահմանադրական փոփոխությունների նպատակը կյանքի բոլոր ոլորտներում ժողովրդի ինքնիշխանության հաստատումն է, ժողովրդի իշխանության ամրապնդումը: Այսօր մենք ենք իշխող կուսակցությունը, վաղը կարող է լինել մեկ ուրիշը: Միայն անփոփոխ է մնում ժողովրդի կամքը, նրա ինքնիշխանությունը: Եվ անհնար է պատկերացնել, որ նա կապրի զինվորականների ճնշման ներքո»:

ԱԶԿ առաջադրած սահմանադրական բարեփոխումներից գլխավորները հետևյալն են.

1. Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորների թվաքանակը հասցնել 19-ի, ընդ որում՝ դրանցից 3-ին պետք է նշանակի խորհրդարանը, իսկ 16-ին` նախագահը: Միևնույն ժամանակ, ընդլայնվում է ՍԴ Գերագույն խորհրդի (Anayasa Mahkemesi Yuce Divan, AMYD) կողմից դատապարտվելիք անձանց շրջանակը: Դա, մասնավորապես, վերաբերում է ԹԱՄԺ նախագահին, Գլխավոր շտաբի պետին և բանակային հրամանատարներին: Վերջիններս, սակայն, կարող են բողոքարկել AMYD-ի կայացրած վճիռը: Ներկայիս Սահմանադրության 146-րդ հոդվածի համաձայն` ՍԴ-ն բաղկացած է 11 հիմնական և 4 օժանդակ անդամներից: Ներկայում նախագահը Բարձրագույն բողոքարկման դատարանի (Yargıtay) ներկայացրած երեքական թեկնածուներից ընտրում է ՍԴ 2 հիմնական և 2 օժանդակ անդամի, Պետխորհրդի (Danıştay) ներկայացրած երեքական թեկնածուներից` ՍԴ 2 հիմնական և 1 օժանդակ անդամի և մեկական անդամի Բարձրագույն ռազմական բողոքարկման դատարանից (Askeri Yargıtay, AY), Բարձրագույն ռազմական վարչական դատարանից (Askeri Yuksek Idari Mahkemesi, AYIM) և Հաշվիչ պալատից (Sayıştay): Նրանք բոլորն էլ առաջադրվում են այդ դատական մարմինների բացարձակ մեծամասնության կողմից: Նախագահը նաև հաստատում է բուհերի դասախոսական կազմից Բարձրագույն կրթական խորհրդի (Yuksek Oğretim Kurulu) կողմից (բայց ոչ իր անդամներից) առաջադրված երեք թեկնածուներից մեկին, ինչպես նաև բարձրագույն վարչական պաշտոնատար անձանցից ու իրավաբաններից 3 հիմնական և 1 օժանդակ անդամի:

2. 1981թ. ստեղծված Դատավորների ու դատախազների գերագույն խորհրդի (Hakimler ve Savcılar Yuksek Kurulu, HSYK) 7 հիմնական անդամների թվաքանակը հասցնել 21-ի, իսկ 5 օժանդակ անձանց թվաքանակը կրկնապատկել: Հարկ է նշել, որ Սահմանադրության 159-րդ հոդվածի համաձայն` ներկայում HSYK-ն, որի նախագահն արդարադատության նախարարն է, բաղկացած է 7 հիմնական ու 5 օժանդակ անձանցից: Նախարարի տեղակալն իր հերթին HSYK բնական անդամ է: Ներկայում հանրապետության նախագահը քառամյա ժամկետով Բարձրագույն բողոքարկման դատարանի Գլխավոր խորհրդի (Yargıtay Genel Kurulu, YGK) կողմից սեփական շարքերից առաջադրված յուրաքանչյուր երեք թեկնածուներից հաստատում է HSYK 3 հիմնական ու 3 օժանդակ անդամի, ինչպես նաև Պետխորհրդի Գլխավոր խորհրդի (Danıştay Genel Kurulu, DGK) առաջադրած յուրաքանչյուր երեք թեկնածուներից` 2 հիմնական և 2 օժանդակ անդամի: Մինչդեռ այժմ նախատեսվում է, որ HSYK 4 անդամներին կնշանակի հանրապետության նախագահը, 1-ին` ՍԴ-ն, 3-ին` YGK-ը, 1-ին` DGK-ը, 7-ը կնշանակվեն առաջին կարգի իրավական դատավորների ու դատախազների շարքից, իսկ 3-ը` առաջին կարգի վարչական դատավորների ու դատախազների շարքից: Նրանք ընտրվում են քառամյա ժամկետով: Միևնույն ժամանակ, HSYK նախագահը կշարունակի հանդիսանալ արդարադատության նախարարը, իսկ վերջինիս խորհրդատուն` HSYK բնական անդամ:

3. Բարդացնել քաղաքական կուսակցությունների դեմ քրեական գործերի հարուցման և դրանց փակման գործընթացները, ինչը կհամապատասխանի եվրոպական չափանիշներին: Ըստ դրա` քաղաքական կուսակցությունների փակման վճիռը պետք է կայացնի ոչ թե դատական մարմինը, այլ խորհրդարանը: Թուրքական Սահմանադրության 69-րդ հոդվածի համաձայն` քաղաքական կուսակցություններին արգելվում է կոմերցիոն գործունեություն ծավալել, եկամուտներն ու ծախսերը պետք է համապատասխանեն նպատակներին: Հակառակ դեպքում դա կարող է հանգեցնել կուսակցության փակմանը, որն այլևս չի կարող հանդես գալ այլ կուսակցական անվամբ: Այն քաղաքական կուսակցությունները, որոնք ֆինանսական օգնություն են ստանում օտար երկրներից, միջազգային կազմակերպություններից, ֆիզիկական ու իրավաբանական անձանցից, վերջնականապես ցրվում են, իսկ նրանց վերնախավը 5 տարով զրկվում է քաղաքական գործունեություն ծավալելուց, այդ թվում նաև այլ կուսակցություններում ղեկավար պաշտոններ ստանձնելուց: Քաղաքական կուսակցությունների վերջնական ցրման որոշումը ՍԴ-ն ընդունում է Հանրապետական գլխավոր դատախազի հայցի հիման վրա1: Քաղաքական կուսակցությունների ցրման վերջնական վճիռը կայացվում է, եթե հաստատվում է, որ քաղաքական կուսակցության կանոնադրությունն ու ծրագիրը խախտում են 68-րդ հոդվածի 4-րդ կետի դրույթները: Ներկայումս առաջարկվում է, որ քաղաքական կուսակցությունների փակմամբ պետք է զբաղվի ոչ թե դատարանը, այլ խորհրդարանական հանձնաժողովը, որն ունենալու է 20 անդամ` հնգական անդամ յուրաքանչյուր կուսակցությունից: Քաղաքական կուսակցության փակման որոշման կայացման համար անհրաժեշտ կլինի գաղտնի քվեարկությամբ ստանալ այդ հանձնաժողովի քվեների 2/3-ը (14 քվե): Քաղաքական կուսակցության փակման հարցի դիտարկման համար նույնպես անհրաժեշտ են հանձնաժողովի 14 անդամի քվեները: Քաղաքական արգելքի վերոնշյալ հնգամյա ժամկետը նվազեցվում է մինչև 3 տարի: Միևնույն ժամանակ, խորհրդարանական քննարկումները չեն կարող քաղաքական կուսակցության փակման պատճառ հանդիսանալ: Բացի այդ, քաղաքական կուսակցությունների ֆինանսական վերահսկման գործընթացը հանվում է ՍԴ-ի վրայից և տրվում Սայըշթային:

4. Պետական հանցագործություններում մեղադրվող զինծառայողների գործերը քննել ոչ թե ռազմական դատարաններում, այլ քաղաքացիական, սահմանադրության մեջ ներառել այնպիսի դրույթ, ըստ որի՝ զինվորականների նկատմամբ բոլոր դատական գործընթացները պետք է քննվեն քաղաքացիական դատարաններում: Հարկ է նշել, որ 2009թ. հունիսի 26-ին թուրքական խորհրդարանն ընդունեց թիվ 5918 օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որն էլ հուլիսի 8-ին հաստատվեց երկրի նախագահ Գյուլի կողմից: Այս փոփոխության արդյունքում սահմանադրական կարգը խախտած զինվորականների գործերը հանձնվեցին համաքաղաքացիական դատարաններին: Այսինքն՝ Թուրքիայի Քրեական օրենսգրքի (ՔՕ) 312-րդ, 313-րդ և 314-րդ հոդվածներով քրեական գործերի հարուցումն այսուհետ հնարավոր դարձավ միայն քաղաքացիական դատարաններում: 5918 օրենքը նախատեսում էր փոփոխություններ կատարել ՔՕ 250-րդ հոդվածում, ըստ որի` համաքաղաքացիական դատարաններում զինվորականների նկատմամբ դատական գործընթացներ պետք է իրականացնել այնպիսի դեպքերում, երբ նրանք այնպիսի հանցագործություններ կատարած լինեն, որոնք կապված չեն պաշտոնական լիազորությունների հետ և դուրս են գալիս զինվորական ծառայության շրջանակներից: Սակայն 2010թ. հունվարի 21-ին Թուրքիայի ՍԴ-ն միաձայն չեղյալ հայտարարեց թիվ 5918 օրենքում կատարված ամառային փոփոխությունները:

5. Զինծառայողներին հնարավորություն ընձեռել բողոքարկելու զինված ուժերից իրենց հեռացնելու, ինչպես նաև իրենց տրված կարգապահական տույժերի վերաբերյալ Բարձրագույն ռազմական խորհրդի (Yuksek Askeri Şura, YAŞ) որոշումը: Ի դեպ, YAŞ-ի 7-րդ հոդվածի համաձայն` նրա անդամները չեն մասնակցում իրենց, ինչպես նաև իրենցից կոչումով բարձր կամ հավասար գեներալների ու ծովակալների կոչումների բարձրացման կամ աստիճանազրկման շուրջ ժողովներին: Պետք է նշել, որ 1990-2009թթ. YAŞ-ը զինված ուժերից հեռացրել է 1531 սպաների ու ենթասպաների2: Այս նպատակով պետք է փոփոխությունների ենթարկվեն Սահմանադրության 125-րդ և 145-րդ հոդվածները, որոնք վերաբերում են ռազմական արդարադատությանը:

6. Սահմանադրությունից վերացնել 15-րդ ժամանակավոր հոդվածը, որը վերաբերում է պատերազմական, մոբիլիզացիոն, ռազմական դրության կամ այլ արտասովոր իրավիճակներում ֆունդամենտալ իրավունքների ու ազատությունների լրիվ կամ մասնակի սահմանափակմանը: Իսկ դա նշանակում է, որ 1980թ. ռազմական հեղաշրջման կազմակերպիչներին կարող են քրեական պատասխանատվության ենթարկել:

7. Ճանաչել գործադուլ անելու չինովնիկների իրավունքը: Պետք է նշել, որ 1965թ. հուլիսի 14-ին ընդունված պետծառայողների վերաբերյալ թիվ 657 օրենքի 27-րդ հոդվածով նրանց արգելվում է գործադուլի վերաբերյալ որոշումներ ընդունել, գործադուլ կազմակերպել, այդ մասին հայտարարել և այդ ուղղությամբ պրոպագանդիստական աշխատանքներ տանել (դրանց աջակցել ու խրախուսել): Այս նպատակով պետք է փոփոխություններ կրեն Սահմանադրության 51-րդ (արհմիություններ ու ասոցիացիաներ ստեղծելու իրավունք), 53-րդ (կոլեկտիվ պայմանագրեր կնքելու իրավունք) և 54-րդ (գործադուլ անելու իրավունք) հոդվածները:

8. Թուրքական խորհրդարանում ռեզերվացնել 100 տեղ, այսպես կոչված, «Թուրքիայի խորհրդարանականների» համար, ինչը հնարավորություն կընձեռի նախընտրական 10 տոկոսանոց արգելքը չհաղթահարած կուսակցություններին տեղ զբաղեցնել խորհրդարանում:

9. Անձնական տեղեկատվության պաշտպանության համար մտցնել օմբուդսմենների համակարգ, որը կդիտարկի բնակչության բողոքները: Այդ կառույցը ստեղծվելու է Թուրքիայի Ազգային մեծ ժողովին (ԹԱՄԺ) կից և նրա նախագահին ԹԱՄԺ-ը գաղտնի քվեարկությամբ ընտրելու է 4 տարով: Այս նպատակով պետք է փոփոխությունների ենթարկվի Սահմանադրության 74-րդ հոդվածը, որը վերաբերում է բնակչության կողմից իրավասու մարմիններին ու ԹԱՄԺ-ին հանրագիր (կոլեկտիվ դիմում) ներկայացնելուն:

10. Սահմանադրության մեջ ներառել այնպիսի դրույթ, որով նախատեսվում է կանանց ու երեխաներին պաշտպանել բռնությունից, ինչպես նաև պահպանել տղամարդկանց ու կանանց իրավունքների հավասարությունը: Այդ նպատակով պետք է փոփոխությունների ենթարկվի Սահմանադրության 41-րդ հոդվածը, ուր նշված է պետության կողմից ընտանիքների բարեկեցության ու խաղաղության, և հատկապես տարեցների, մայրերի ու երեխաների պաշտպանության մասին:

11. Արտասահման մեկնելը կսահմանափակվի միայն նրանց համար, որոնց դեմ քրեական գործեր են հարուցված: Մինչդեռ այժմ, Սահմանադրության 23-րդ հոդվածի համաձայն, քաղաքացու արտասահման մեկնելը կարող է սահմանափակվել երկրի տնտեսական դրության, քաղաքացիական պարտավորությունների կամ քրեական հետախուզման, ինչպես նաև դատական հետապնդման պատճառով:

12. Քաղաքական կուսակցությունների փակման հայցին զուգահեռ վերացվում են նաև պատգամավորական լիազորությունները: Այս նպատակով պետք է վերացվի Սահմանադրության 84-րդ հոդվածի վերջին կետը: Փոփոխությունների է ենթարկվում նաև ԹԱՄԺ Նախագահական դիվանի կառուցվածքը կարգավորող Սահմանադրության 94-րդ հոդվածը: Ընտրական լիազորությունները 5 տարուց 4-ի նվազեցնելու պատճառով նախատեսվում է ուղղում կատարել նրանում, որ Նախագահական դիվանի ընտրությունները մեկ օրենսդիր ժամկետում անցկացվում են երկու անգամ (առաջին ընտրական շրջանում լիազորությունների ժամկետը կազմում է 2 տարի, իսկ երկրորդ շրջանում` 3 տարի): Նախագահական դիվանն իր լիազորությունները կատարում էր մինչ տվյալ ժամկետների ավարտը, մինչդեռ ներկայում նախատեսվում է Նախագահական դիվանի լիազորությունների ժամկետը սահմանել 3 տարի: Հարկ է նշել, որ ԹԱՄԺ Նախագահական դիվանը, որի նախագահը Մեհմեթ Ալի Շահինն է, պետք է ապահովի խորհրդարանում հայտնված բոլոր կուսակցությունների համամասնական մասնակցությունը: Ներկայումս այն բաղկացած է 17 անձանցից, որոնցից 11-ը ներկայացնում են ԱԶԿ-ն, 3-ը` Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (ԺՀԿ), 2-ը` Ազգայնական շարժում կուսակցությունը (ԱՇԿ), 1-ը` քրդական Խաղաղություն և Ժողովրդավարություն կուսակցությունը (ԽԺԿ):

ՍԲՓ-ն, որն ընդհանուր առմամբ վերաբերում է Սահմանադրության 23 մշտական3 և 3 ժամանակավոր հոդվածներին, պետք է հաստատվի թուրքական խորհրդարանի կողմից: Սակայն մինչ այդ, ԱԶԿ-ն հանդիպումներ ունեցավ ընդդիմադիր կուսակցությունների հետ` նպատակ հետապնդելով տվյալ հարցի շուրջ խորհրդարանական քննարկումների ժամանակ ստանալ նրանց աջակցությունը: ԱԶԿ-ն փորձում է ընդդիմադիր կուսակցություններին համոզել, որ առանց դրա անհնար է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը: ԵՄ-ը, բնականաբար, աջակցում է ԱԶԿ նախաձեռնությանը, քանի որ այդ կերպ փորձում է իր անդամակցության թեկնածու երկրում զարկ տալ ժողովրդավարությանը և, առանց սահմանադրական նոր ուղղումների, անհնար է համարում Թուրքիայում բարեփոխումների իրականացումը:

Մարտի 24-ին ՍԲՓ-ն ներկայացվեց թուրք խորհրդարանականների դատին: Դեմոկրատական ձախ կուսակցությունը (ԴՁԿ) հայտարարեց, որ գործնականում աջակցում է ամեն տիպի սահմանադրական բարեփոխումներին: Մինչդեռ ԺՀԿ-ն հայտարարեց, որ ինքը դեմ է սահմանադրական ուղղումներին, քանի որ, իր կարծիքով, ԱԶԿ-ն ցանկանում է փոխել Սահմանադրությունը` ելնելով քաղաքական հայացքներից: ԺՀԿ ներկայացուցիչ Հաքքը Սուհա Օքայը նշեց, որ առաջատար քաղաքական կուսակցությունների հակամարտության պայմաններում ընտրություններից մեկ տարի առաջ սահմանադրական բարեփոխումների անցկացման փորձը կհանգեցնի հասարակության մեջ լարվածության առաջացմանը:

ԺՀԿ ղեկավար Դենիզ Բայքալն իր հերթին անընդունելի համարեց մեկ կուսակցության ներկայացուցիչների կողմից մշակված սահմանադրական ուղղումները խորհրդարանի կողմից դիտարկելը: Նա հայտարարել է, որ ՍԲՓ-ի համար անհրաժեշտ է նոր իշխանություն և թարմացված խորհրդարան և իր կուսակցականներին կոչ է արել հանրաքվեի անցկացման պարագայում ջանքեր չխնայել` թուրք ժողովրդին բացատրելու, թե իրականում որոնք են ԱԶԿ մտադրությունները: Խորհրդարանի խոսնակ Մեհմեթ Ալի Շահինն իր հերթին այս կապակցությամբ հայտարարել է, որ ինքը ողջունում է սահմանադրական բարեփոխումների փաթեթը` անկախ նրանից, թե ով է դա պատրաստել:

Թուրքական «Ռադիկալ» թերթին տված հարցազրույցում Բայքալը նշել է, որ սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու վերաբերյալ ԱԶԿ մտադրության նպատակը ոչ թե այն է, որ Թուրքիան վերածվի իրավական պետության, այլ դատական իշխանության ձևափոխումն է իշխող կուսակցության շահերին համապատասխան: Ցանկանալով ընդլայնել HSYK կազմը` ԱԶԿ-ն դրանով նպատակ է հետապնդում վերահսկելու նրա գործունեությունը: Բայքալի կարծիքով` ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ Թուրքիայի դատական համակարգի վերահսկման նախաձեռնողների ու կողմնակիցների դերում հանդես են գալիս հենց այն քաղաքական ուժերը, որոնք ենթարկվել են ՍԴ հետապնդումներին` իրենց հակաիրավական գործունեության համար: Դա վերաբերում է ԱԶԿ-ին և ԽԺԿ-ին (Դեմոկրատական Հասարակարգ կուսակցություն, ԴՀԿ):

Բայքալը դրականորեն է գնահատել ՍԲՓ-ն հանրաքվեի ներկայացնելու հեռանկարը, ինչն ի ցույց կդնի թուրքական կառավարության հանդեպ բնակչության վստահության աստիճանը: Բայքալը վստահ է, որ թուրք բնակչությունը չի աջակցի ԱԶԿ-ին: Դրա պատճառն այն է, որ հանրաքվեում ԱԶԿ հնարավոր պարտությունը հավասարազոր կլինի առաջիկա (2011թ.) խորհրդարանական ընտրություններում պարտվելուն: Այդ իմաստով հանրաքվեն համապատասխանում է ընդդիմության շահերին: Սակայն հաշվի առնելով թուրքական հասարակական կարծիքը` պետք է նշել, որ Բայքալը սխալվում է այս հարցում: Սահմանադրական ու դատական բարեփոխումների վերաբերյալ հասարակական կարծիքն իմանալու համար 2010 թվականի փետրվարին ԱԶԿ պատվիրած սոցհարցման ենթարկված մոտ 25.000 անձանց 70 տոկոսը կողմ է արտահայտվել Սահմանադրության փոփոխման օգտին, իսկ 65 տոկոսը կողմ է հանրաքվեի միջոցով դատական համակարգում բարեփոխումներ իրականացնելուն:

Նախագահ Գյուլի հետ հանդիպման ժամանակ Բայքալը ՍԲՓ-ի վերաբերյալ իր մտահոգություններն է ներկայացրել և նշել, որ դա ԺՀԿ-ին կստիպի հայց ներկայացնել ՍԴ4: Այս կապակցությամբ փոխվարչապետ Բյուլենթ Արընչը նշել է. «ԺՀԿ-ն մտադիր է ՍԴ-ում չեղյալ հայտարարել բարեփոխումների փաթեթը: Դա ապացուցում է, որ նրանք վախենում են ժողովրդից (հանրաքվեից): Հանրաքվեի ժամանակ քվեարկողների նվազագույնը 60 տոկոսը «այո» կասի ՍԲՓ-ին: Ժողովուրդն այս դեպքում առավել արժանի պատասխան կտա, քան 2007թ. հուլիսի 22-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ էր: Մեր գլխին քար են նետում, սակայն այն բումերանգի նման հետ է վերադառնում և վնասում իրենց գլուխները»:

ԺՀԿ-ն պնդում է, որ հանրաքվեն ուժի մեջ մտնի մեկ տարուց ոչ շուտ ժամկետում` հակառակ դեպքում սպառնալով դիմել ՍԴ: Այստեղ պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ մարտի 3-ին ԹԱՄԺ-ը հաստատեց հանրաքվեի անցկացման ժամկետի կրճատման վերաբերյալ առաջարկը, ըստ որի` այդ ժամկետը 120 օրից կրճատվեց մինչև 60-ի: Բացի այդ, Սահմանադրության 150-րդ հոդվածի համաձայն` Սահմանադրությանն անհամապատասխան օրենքի չեղյալ հայտարարման խնդրանքով, բացի երկրի նախագահից, ՍԴ կարող է դիմել ԹԱՄԺ անդամների նվազագույնը 1/5-ը (110 մանդատ): Դրանից հետևում է, որ ՍԴ միայնակ դիմելը ԺՀԿ-ի ուժերից վեր է, և այդ հարցում նա զգում է մյուս գլխավոր ընդդիմադիր ուժի` ԱՇԿ-ի աջակցությունը, ինչը կասկած չի հարուցում: Այս մասին է խոսում նաև այն, որ ԱՇԿ ներկայացուցիչ Մեհմեթ Շանդըրը հայտարարեց, որ Սահմանադրության փոփոխմամբ անհրաժեշտ է զբաղվել միայն 2011թ. խորհրդարանական ընտրություններից հետո: Նրա խոսքերով` անհրաժեշտ է խորհրդարանում ստեղծել հանձնաժողով, որում ներառված կլինեն խորհրդարանում ներկայացված բոլոր կուսակցությունները, և որը կդիտարկի ՍԲՓ-ն, և միայն այդ հանձնաժողովի բոլոր անդամների միահամուռ համաձայնությունից հետո այն պետք է ներկայացվի համազգային հանրաքվեի: Շանդըրը հիշեցրել է, որ իրենք դեռևս 2007թ. էին հանդես եկել նմանատիպ հանձնաժողով ստեղծելու և այն խորհրդարանականներին անձեռնմխելիությունից զրկելու առաջարկով, որոնք մեղադրվում են ժողովրդի և պետական ամբողջականության դեմ հանցագործություններում: ԱՇԿ ղեկավար Դևլեթ Բահչելին իր հերթին հայտարարել է. «ՍԲՓ-ն մշակվել է ոչ թե Թուրքիայի խնդիրների, այլ իշխող կուսակցության հատուկ պահանջների լուծման համար»: Խորհրդարանական խմբակցությունում Բահչելին հայտարարել է, որ ՍԲՓ-ն ԱԶԿ վերջին հաղթաթուղթն է:

Քրդական ԽԺԿ ներկայացուցիչ Այլա Աքաթ Աթան իր հերթին հայտարարեց, որ իր կուսակցությունը մեծ տեղ է հատկացնում Սահմանադրության փոփոխմանը. «Թուրքիան դեռ ղեկավարվում է մի Սահմանադրությամբ, որը ստեղծվել է ռազմական հեղաշրջման արդյունքում: Դրա համար էլ մեզ անհրաժեշտ է քաղաքացիական դեմոկրատական Սահմանադրություն»: ԽԺԿ խորհրդարանական խմբի ղեկավար Բենգի Յըլդըզը պահանջել է ընդլայնել թուրք քաղաքացիների կրոնական ու մշակութային ազատությունները: Ինչ վերաբերում է ԽԺԿ ղեկավար Սելահաթթին Դեմիրթաշին, ապա վերջինս հայտարարել է, որ կողմ է ՍԲՓ-ին մասամբ նրա համար, որ ցանկանում է հասնել 1980թ. ռազմական հեղաշրջման կազմակերպիչներին դատական պատասխանատվության ենթարկելուն5: ԽԺԿ-ն երկու նախապայման է առաջ քաշում ՍԲՓ-ի շուրջ խորհրդարանական քննարկման ժամանակ օրինագծին աջակցելու համար.

  1. ընտրական արգելքի նվազեցում` խորհրդարան կուսակցությունների մուտք գործելու համար,
  2. պետական գանձարանից կուսակցությունների ֆինանսավորման համակարգի վերանայում: ԽԺԿ-ն պնդում է, որ անհրաժեշտ է այդ ֆինանսական ռեսուրսները հավասարապես բաշխել կուսակցությունների մեջ:

Սակայն ԱԶԿ-ն հրաժարվեց ՍԲՓ-ում ներառել խորհրդարան մուտք գործելու ընտրական արգելքի մինչև 5 տոկոս նվազեցնելու վերաբերյալ կետը, ինչը նրա համար կարող է ճակատագրական լինել խորհրդարանական քվեարկության ժամանակ6:

Քանի որ թուրքական դատական իշխանություններն ընդդիմադիր կեցվածք են որդեգրել Էրդողանի կառավարության հանդեպ, ուստիև ՍԲՓ-ով նախատեսվում է թուլացնել նրանց հիմքերն ու սահմանափակել լիազորությունները: Դրա համար էլ բնական է դատական մարմինների բացասական վերաբերմունքը ՍԲՓ-ի նկատմամբ: Յարգըթայի նախագահ Հասան Գերչեքերը ՍԲՓ-ն անվանել է «հակասահմանադրական» և դատական իշխանության անկախության խախտմանն ուղղված փորձ. «Նմանատիպ փոփոխություններ պարունակող առաջարկը պահանջում է բազմակողմանի խորհրդատվություն, սակայն կառավարությունը նման կերպ չի վարվել»: HSYK փոխնախագահ Քադիր Օզբեքն իր հերթին նշել է, որ ՍԲՓ-ն ուժեղացնում է դատական իշխանությունների նկատմամբ կառավարության ու խորհրդարանի ազդեցությունը: Իսկ ահա ՍԴ նախագահ Հաշիմ Քըլըչը հայտարարել է, որ լուրջ սահմանադրական բարեփոխումները պետք է անցկացվեն համաձայնության ոլորտում, հակառակ դեպքում գործը կհասնի ՍԴ:

Իրավական ոլորտի շատ փորձագետների կարծիքով` իշխող կուսակցության կողմից առաջ քաշված տարբեր ոլորտներին վերաբերող սահմանադրական բարեփոխումներն անհնար է տեղավորել մեկ փաթեթում: Պրոֆեսոր Իբրահիմ Օզդեն Քաբօղլուն նշել է. «Թուրք հասարակությունը զգում է նոր Սահմանադրության կարիքը: Ցայժմ 1982թ. Սահմանադրությունում կատարված փոփոխությունների մեծ մասը բաժին է ընկել իրավունքին ու ազատությանը, մինչդեռ ներկայիս ուղղումների փաթեթը վերաբերում է 3 հիմնական ոլորտի` քաղաքացիների իրավունքներին ու ազատությանը, իշխանական պետական ինստիտուտներին, քաղաքական կուսակցություններին: Այդպիսի տարբեր հարցերի ներառումը մեկ փաթեթի մեջ ճիշտ չէ: Ուղղումների փաթեթը վիճելի է նաև իր ներքին հաջորդականությամբ ու ամբողջականությամբ»:

Պրոֆեսոր Սիբել Ինջեօղլուն կարծում է, որ սահմանադրական բարեփոխումների թեման պետք է քննարկեն ոչ միայն խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունները, այլև ոչ կառավարական կազմակերպությունները. «Ճիշտ չեմ համարում այն, որ կառավարությունը պատրաստվում է այդքան սեղմ ժամկետում քննարկել նման լուրջ հարցեր»: Նրա կարծիքով` դա կհանգեցնի հասարակության բևեռացմանը: Քաղաքական կուսակցության փակման վերաբերյալ Ինջեօղլուն հայտարարել է, որ այդ կապակցությամբ նոր փոփոխություններն էական դեր չեն խաղա. նորից մեծ կուսակցությունները կմնան, իսկ փոքրերը կփակվեն:

Էրդողանը հույս է հայտնել, որ իրենց կհաջողվի խուսափել հանրաքվեի անցկացումից, սակայն եթե դա տեղի ունենա, ապա ժողովուրդը կարտահայտի իր մոտեցումն այդ կապակցությամբ: Շատերի համոզմամբ` հանրաքվեի անցկացումը հակասում է Վենետիկյան հանձնաժողովի չափանիշներին: Հանրաքվեների անցկացման վերաբերյալ վերջինիս 2006թ. զեկույցում նշված է «բարեփոխումների ողջ փաթեթի բովանդակության ամբողջականության» պահպանման կարևորության մասին և որ «ընտրողները պարտավոր չեն քվեարկել մեկ փաթեթում տարբեր խնդիրների շուրջ»: Հարկ է նշել, որ Վենետիկյան հանձնաժողովը հանդիսանում է սահմանադրական օրենսդրության ոլորտում Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմինը: Այս կապակցությամբ Էրդողանը նշել է. «Մենք չենք խոսում ողջ Սահմանադրության փոփոխման մասին: Խոսքը միայն այն հոդվածների մասին է, որոնք վերաբերում են քաղաքական կուսակցություններին ու դատական մարմինների լիազորություններին»:

Պետք է նշել, որ Թուրքիայի պատմության մեջ նոր Սահմանադրության ընդունումը կամ գործող Սահմանադրությունում փոփոխություններ կատարելը նորույթ չէ: Մասնավորապես, առաջին Սահմանադրության ընդունմանը (1876) հաջորդած շուրջ 125 տարիների ընթացքում երկրում ընդունվել է ևս 4 նոր Սահմանադրություն: Այդ 5 Սահմանադրություններում 25 անգամ փոփոխություններ են իրականացվել, որոնց արդյունքում փոփոխվել են 140 հոդվածներ:

ԱԶԿ-ն մի շարք քաղաքական կուսակցությունների ու քաղաքացիական կազմակերպությունների հետ հանդիպումից հետո մի շարք փոփոխություններ մտցրեց ՍԲՓ-ում: Դա, մասնավորապես, վերաբերում է ՍԴ հիմնական անդամների թվաքանակին: Սկզբնական շրջանի 19 անդամների թվաքանակը նվազեցվեց 17-ի, որոնցից 3-ին նշանակելու է ԹԱՄԺ-ը, իսկ 14-ին` հանրապետության նախագահը: Փոփոխությունների պետք է ենթարկվեն նաև ՍԴ անդամների ընտրման կարգը և նրանց ներկայացվող պահանջները:

Մարտի 5-ին Մեհմեթ Ալի Շահինը հայտարարեց, որ կառավարության առաջարկած սահմանադրական բարեփոխումների փաթեթը ներկայացվել է ԹԱՄԺ Սահմանադրական հանձնաժողովին: Վերջինս ապրիլի 9-ին ձեռնամուխ եղավ ՍԲՓ դիտարկմանը: ՍԲՓ-ն խորհրդարան մտավ այն բանից հետո, երբ այդ կապակցությամբ ձեռք բերվեց 265 խորհրդարանականի ստորագրություն:

ԹԱՄԺ Գլխավոր խորհուրդն այն դիտարկում է երկու փուլով. առաջին փուլում տեղի է ունենում գաղտնի քվեարկություն 29 հոդվածների շուրջ, ապա տեղի է ունենում երկրորդ փուլը: Եվ եթե ԹԱՄԺ-ը ձախողի սահմանադրական ուղղումների օրինագիծը և չընդունի համապատասխան որոշում, ապա այդ փաթեթը կդրվի հանրաքվեի: Բանն այն է, որ ԹԱՄԺ որոշման ընդունման համար անհրաժեշտ է նրա 550 խորհրդարանականների7 (ներկայիս տեսքով 5428) 2/3-ի աջակցությունը (367 քվե), մինչդեռ ԱԶԿ-ն ԹԱՄԺ-ում ներկայացված է 337 պատգամավորով: Եվ քանի որ նրանցից մեկը ԹԱՄԺ նախագահ Մեհմեթ Ալի Շահինն է, ով քվեարկության իրավունք չունի, ապա ԱԶԿ-ն խորհրդարանում դե-ֆակտո ունի 336 ներկայացուցիչ: Միևնույն ժամանակ, ԱԶԿ մանդատների թվաքանակն ապահովում է սահմանադրական ուղղումների օրինագիծը հանրաքվեի ներկայացնելը: Սակայն դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ նախագահն այդ փաթեթը չի ուղարկում ԹԱՄԺ կրկնակի դիտարկմանը: Դրա պատճառն այն է, որ եթե օրինագիծը ԹԱՄԺ-ում չի ստանում 330-366 քվե (3/5-ից մինչ 2/3), ապա այն մերժվում է և չի դրվում հանրաքվեի: Նախատեսվում է, որ այդ դեպքում հանրաքվեն կկայանա մինչև ամռան սկիզբը:

Այսպիսով, սահմանադրական փոփոխությունները զգալիորեն կամրապնդեն ԱԶԿ դիրքերը երկրի ներքաղաքական կյանքում, ինչը նրան հնարավորություն կընձեռի առավել անկաշկանդ ու վստահ զգալ արտաքին քաղաքական ոլորտում: Միևնույն ժամանակ, դրանք առավել են սրելու երկրի` առանց այն էլ լարված ներքաղաքական իրավիճակը: Ելնելով ԹԱՄԺ-ում ներկայացված խորհրդարանականների հարաբերակցությունից` կարելի է կարծել, որ ԱԶԿ առաջադրած ՍԲՓ-ն կարող է հավանության արժանանալ առանց հիմնական ընդդիմադիր կուսակցությունների` ԺՀԿ-ի և ԱՇԿ-ի աջակցության: Սակայն այս դեպքում ԱԶԿ-ին անպայմանորեն պետք է աջակցի քրդական ԽԺԿ-ն: Հակառակ դեպքում, այդ օրինագիծը խորհրդարանում մատնված է անհաջողության, ինչն էլ նշանակում է, որ այն կդրվի համազգային հանրաքվեի: Հաշվի առնելով թուրքական հասարակության տրամադրությունը` պետք է փաստել, որ թուրք ժողովուրդը հավանության կարժանացնի այս փաթեթը: ԱԶԿ-ն, բնականաբար, հասկանում է, որ գրեթե անհնար է ԹԱՄԺ-ում օրինագծի հաստատումը և շտապում է օր առաջ տվյալ հարցի շուրջ հանրաքվե անցկացնել: Այդ մասին է խոսում հանրաքվեի անցկացման ժամկետի կրկնակի կրճատման հանգամանքը: Փաստորեն, ԱԶԿ-ին իր բաղձալի նպատակին հասնելու համար մնում է դիմանալ մի քանի ամիս: Մյուս կողմից` ընդդիմադիր կուսակցությունները քաջ գիտակցում են այդ ամենը և ամեն գնով ձգտելու են հակազդել դրան: Իսկ դա նշանակում է, որ ընդդիմադիրների կողմից ԱԶԿ փակման հարցով ՍԴ հայց ներկայացնելը չի ուշանա, ինչը տեղի կունենա նախքան հանրաքվեի անցկացումը: Զուր չէ, որ դատական մարմինները հանդիսանում են թուրք ընդդիմադիրների վերջին միջնաբերդը: Ինչ վերաբերում է զինվորականների պատասխան քայլին, ապա որպես այդպիսին կարելի է բնութագրել ապրիլի 10-ին զորավարժություն անցկացնելու նպատակով Էգեյան ծովում հայտնված թուրքական 18 «F-16» կործանիչները, ինչը տագնապ է առաջացրել հունական զինված ուժերում: Վերջինս ստիպված է եղել Լառնակայի ու Լիմնի ռազմակայաններից սեփական կործանիչներն ուղարկել Էգեյան ծովի վրա թուրքական կործանիչների դեմ կանխարգելիչ գործողություն իրականացնելու: Սա կարող է ԱԶԿ և հասարակության ուշադրությունը շեղել երկրի ներքաղաքական կյանքից: Փաստորեն, այս կերպ հաստատվում է «Բալյոզ» ռազմական հեղաշրջման պլանով նախատեսված «Օռաժ» գործողության ճշմարտացիությունը, որով ենթադրվում էր հենց այդպիսի սցենար:

1ՍԴ-ն 1963-1980թթ. քաղաքական կուսակցությունների գործունեության կասեցման 8 վճիռ է կայացրել, իսկ 1980թ. հետո` նմանատիպ 17 վճիռ:

21990–190, 1991–97, 1992–61, 1993–48, 1994–54, 1995–67, 1996–98, 1997–297, 1998–272, 1999–81, 2000–62, 2001–81, 2002–44, 2003–20, 2004–20, 2005–15, 2006–2, 2007–12, 2008–5, 2009–5: Փաստորեն, ԱԶԿ իշխանության տարիներին այս ցուցանիշն անկում է ապրել:

3Դրանք են. 10, 20, 23, 41, 51, 53, 54, 69, 74, 84, 94, 125, 128, 129, 144, 145, 146, 147, 148, 149, 156, 159, 166:

42008թ. ԺՀԿ-ն հայց է ներկայացրել ՍԴ` համալսարաններում մահմեդական գլխաշորն արգելելու համար:

5Հեղաշրջման նախապատրաստման համապատասխան հիմքի ստեղծման համար ձախ և աջ արմատականների միջև մինչև հեղաշրջման առավոտ հրահրված բախումներում զոհվեց 2000 մարդ, հեղաշրջման արդյունքում բանտարկվեց 650.000 մարդ, ոստիկանությունում հարուցվեց 1.683.000 գործ, քաղաքական պատճառներով հարուցված 210.000 գործի շրջանակներում դատարանում հայտնվեց 230.000 մարդ, 517 մարդ ստացավ առավելագույն պատժաչափ, միևնույն ժամանակ այդպիսի պատժաչափը սպառնում էր 7000 հոգու, 388.000 մարդ զրկվեց անձնագրից, աշխատավայրից վտարվեց մոտ 30.000 մարդ (նրանց ասացին, որ իրենք վտանգավոր են), որոնցից 20.000-ը ներկայացնում էին կրթական համակարգը, 14.000 մարդ զրկվեց քաղաքացիությունից, մոտ 30.000 մարդ փախավ երկրից, գրաքննության նկատառումներից ելնելով` արգելվեց 937 ֆիլմ, 400 լրագրողների առաջադրվեց 4000 տարվա բանտարկության մեղադրանք, 300 օրվա ընթացքում թերթերը չհրապարակեցին հետաքննության մասին նյութեր, ոչնչացվեց 37.000 տոննա թերթ ու հանդես:

6Պետք է նշել, որ 2002թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ քրդական ԴՀԿ-ն հավաքեց քվեների 6 տոկոսից ավելին, սակայն դա բավարար չեղավ հաղթահարելու խորհրդարան մուտք գործելու 10 տոկոսանոց արգելքը: Այդ պատճառով 2007թ. հուլիսի 22-ի արտահերթ ընտրություններում քրդերը փոխեցին մարտավարությունը և հանդես եկան ոչ թե միացյալ կուսակցությամբ, այլ առանձին թեկնածուներով: Իսկ դա հանգեցրեց նրան, որ Հարավարևելյան և Արևելյան Անատոլիայում, ուր գլխավորապես ապրում են քրդեր, նրանք հասան նշանակալի հաջողության. խորհրդարանում քրդերը ստացան 21 տեղ:

7Ներկայում ԹԱՄԺ-ն ունի հետևյալ պատկերը. ԱԶԿ - 337 մանդատ (307 տղամարդ` 91.1%, 30 կին` 8.9%), ԺՀԿ - 97 մանդատ (89 տղամարդ` 91.75%, 8 կին` 8.25%), ԱՇԿ – 69 մանդատ (67 տղամարդ` 97.1%, 2 կին` 2.9%), ԽԺԿ – 20 (13 տղամարդ` 65%, 7 կին` 35%), անկախ խորհրդարանականներ – 11 (տղամարդ 11` 100%), ԴՁԿ – 6 (տղամարդ 5` 83.3%, կին 1` 16.7%), Դեմոկրատական կուսակցություն (ԴԿ) – 1 (տղամարդ 1` 100%), Թուրքիա կուսակցություն (ԹԿ) – 1 (տղամարդ 1` 100%): Ընդհանուր առմամբ, 542 խորհրդարանականներից արական սեռի են 494-ը` (91.15%), իսկ իգական սեռի` 48-ը (8.85%): Փաստորեն, ընդդիմադիր կուսակցությունները կազմում են խորհրդարանի ավելի քան 1/3-ը:

8Այդ 8 խորհրդարանականների բացակայության պատճառները հետևյալն են. խորհրդարանականի մահանալու կամ զոհվելու պարագայում նրա տեղը թափուր է մնում մինչև հաջորդ ընտրություններ: Դա վերաբերում է Մեհմեթ Ջիհաթին (ԱՇԿ), Օսման Գազի Յաղմուրդերելիին (ԱԶԿ), Գյունդուզ Սուփհի Աքթանին (ԱՇԿ) և Մուհսին Յազըջըօղլուին (Մեծ Միասնություն կուսակցություն, ՄՄԿ): ԱԶԿ-ական խորհրդարանական Աբդուլահ Գյուլն ընտրվել է երկրի նախագահ, իսկ Օզլեմ Չերչիօղլուն (ԺՀԿ) Այդընի քաղաքապետ դառնալու պատճառով զրկվել է խորհրդարանական լիազորություններից: Ահմեթ Թուրքն ու Այսել Թուղլուքն (դե-յուրե անկախ խորհրդարանականներ, դե-ֆակտո քրդական Դեմոկրատական հասարակարգ կուսակցություն, ԴՀԿ) էլ, Սահմանադրության 84-րդ հոդվածի վերջին կետի համաձայն, 2009թ. դեկտեմբերի 31-ին զրկվել են իրենց խորհրդարանական լիազորություններից:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր