• am
  • ru
  • en
Версия для печати
07.06.2007

Նախագահական ընտրությունները Թուրքիայում

   

Հայկ Գաբրիելյան

Turkey (medium) Վերջին ժամանակներս Թուրքիայում զգալիորեն սրվել է քաղաքական իրավիճակը: Թուրքիան քաղաքական ճգնաժամ է ապրում, որն առաջացել է նախագահական ընտրությունների պատճառով: Թուրքիայի գործող նախագահի իրավասությունների ժամկետը լրացել է մայիսի 16-ին: Չնայած դրան` Սեզերը հայտարարել է, որ, Սահմանադրության 102-րդ հոդվածի համաձայն՝ կշարունակի կատարել պարտականությունները մինչև նոր նախագահի ընտրվելը: Վերջինս առաջին երկու փուլն անցնելու համար պետք է հավաքի խորհրդարանի ձայների առնվազն 2/3-ը` 367 ձայն: Երրորդ և չորրորդ փուլերը հաղթահարելու համար թեկնածուին անհրաժեշտ է ստանալ 276 պատգամավորական քվե:

Նախագահական պաշտոնին հավակնում էին իշխող կուսակցության երկու թեկնածու: Ի տարբերություն Ֆրանսիայի, ուր նախագահի թեկնածուները հայտնի էին ընտրություններից մի քանի ամիս առաջ, Թուրքիայում երկրի հնարավոր ղեկավարի անունը հայտնի դարձավ ընտրություններից ընդամենը երեք օր առաջ` ապրիլի 24-ին: Ի դեպ, նախագահի հավակնորդները պետք է իրենց փաստաթղթերը ներկայացնեին ապրիլի 25-ին: Նախագահի թեկնածուներն են Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) ներկայացուցիչներ, արտաքին գործերի նախարար Աբդուլահ Գյուլը և Անկարայի պատգամավոր Էրսոնմեզ Յարբայը: Վերջինս, սակայն, վերջին պահին հանեց թեկնածությունը` դրանով իսկ նախագահ ընտրող պատգամավորներին զրկելով ընտրության հնարավորությունից: Յարբայը խոստովանել է, որ թեկնածությունը դրել է՝ անսալով մյուս կուսակցությունների հորդորներին, որոնք դեռ չէին առաջադրել իրենց թեկնածուին: Եվ երբ պարզվեց, որ թեկնածուները երկուսն են, և երկուսն էլ ԱԶԿ-ից, Յարբայը հանեց թեկնածությունը: Փաստորեն, կարելի է ասել, որ Յարբայի թեկնածությունն առաջադրվել էր` ելնելով «քաղաքավարության կանոններից»:

Սկզբում նախատեսվում էր, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը կդնի թեկնածությունը, սակայն նա առաջ քաշեց կրթությամբ տնտեսագետ, բնավորությամբ դիվանագետ, չափավոր իսլամիստ Գյուլի թեկնածությունը: Այս քայլը վկայում է Էրդողանի հեռատեսության մասին և համարվում է փոխզիջումային տարբերակ ԱԶԿ-ի համար, քանի որ Գյուլը նախագահի թիվ 1 թեկնածուն չէր: Էրդողանից բացի, նախագահական աթոռին հավակնում էր նաև Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) նախագահ Բյուլենթ Արինչը: Էրդողանը հասկանում էր, որ իր թեկնածությունն առաջադրելու դեպքում ուժեղ հակազդեցության կհանդիպի ընդդիմության կողմից: Դրա ապացույցն է Թուրքիայում ապրիլի 14-ին տեղի ունեցած ցույցը, որին մասնակցել է 370.000 մարդ (կարծիքներ կան, թե մասնակիցների թիվը հասել է 500.000-1.000.000-ի): Բացի այդ, Էրդողանին վախեցնում էր կուսակցության պառակտման հանգամանքը (ինչպես դա տեղի ունեցավ 2005թ. հոկտեմբերի 3-ին), ինչն էլ դրդեց նրան առաջ քաշել Գյուլի թեկնածությունը:

Նախագահական ընտրություններից առաջ ԹԱՄԺ-ը ուներ հետևյալ պատկերը. ԱԶԿ–353 մանդատ, Ժողովրդա-հանրապետական կուսակցություն (ԺՀԿ)–150, Հայրենիք կուսակցություն (ՀԿ)–20, Անկախ կուսակցականներ–11, թափուր տեղեր–7, Ճշմարիտ ուղի կուսակցություն (ՃՈՒԿ)–4, Սոցիալ-դեմոկրատական ժողովրդական կուսակցություն (ՍԴԺԿ)–1, Երիտասարդական կուսակցություն (ԵԿ)–1, Ժողովրդի վսեմացման կուսակացություն (ԺՎԿ)-1: Այժմ ՀԿ-ն և ՃՈՒԿ-ը միավորվել են Դեմոկրատական կուսակցություն (ԴԿ) անվամբ: Նոր կուսակցության առաջնորդը դարձավ Մեհմեդ Աղարը: Այն, ինչ ժամանակին չհաջողվեց անել տվյալ կուսակցությունների նախկին առաջնորդներին` Մեսութ Յըլմազին և Թանսու Չիլերին, այժմ հաջողվեց դրանց նոր լիդերներին` Էրքան Մումջուին և Մեհմեդ Աղարին: Նույն կերպ փորձում էին վարվել ԺՀԿ ղեկավար Դենիզ Բայկալը և Դեմոկրատական ձախ կուսակցության (ԴՁԿ) ղեկավար Զեքի Սեզերը, սակայն նրանք անհաջողություն կրեցին:

Ընդդիմությունը սկզբնական շրջանում բոյկոտեց քվեարկությունը, սակայն հետո անսալով Էրդողանի` քաղաքացիական պարտականության մասին հորդորներին, ապրիլի 27-ին մասնակցեց քվեարկությանը` չնայած քվեարկության նախօրեին արդեն հայտնի էր, որ առաջին փուլը վերջինը չէ, քանի որ նստաշրջանին ներկա էր ընդամենը 361 պատգամավոր, մինչդեռ նվազագույնը պետք է լիներ 367: Ինչևէ, 361 պատգամավորից 357-ը քվեարկեց Գյուլի օգտին, 3-ը` Գյուլի դեմ, 1-ը՝ ձեռնպահ: Փաստորեն, Գյուլին նախագահ ընտրվելու համար չբավարարեց ընդամենը 10 քվե: Մայիսի 6-ին թուրքական պառլամենտը երկու անգամ փորձեց վերստին անցկացնել նախագահական ընտրությունները, սակայն մեջլիսում չապահովվեց քվորումը` նախագահական ընտրությունների առաջին փուլի վերաքվեարկում անցկացնելու համար (դա պետք է անցկացվեր, քանի որ որ երկրի Սահմանադրական դատարանը մայիսի 1-ին չեղյալ էր հայտարարել ապրիլի 27-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլը): Երկու դեպքում էլ խորհրդարանում չապահովվեց պատգամավորների սահմանադրական մեծամասնության ներկայությունը. առաջին քվեարկմանը մասնակցել է 356, երկրորդին` 358 խորհրդարանական: Սահմանադրության համաձայն՝ քվորումի ապահովումը պարտադիր է, որպեսզի անցկացվեն ընտրությունների հետագա երեք փուլերը, որոնք նախատեսված էին մայիսի 9-ին, 12-ին և 15-ին:

Մայիսի 9-ին դրանք հետաձգեց խորհրդարանը, քանի որ նախագահական աթոռի միակ թեկնածու Աբդուլահ Գյուլը հանեց թեկնածությունը: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ մայիսի 6-ին չապահովվեց նախագահական ընտրությունների առաջին փուլի վերաքվեարկության քվորումը: Արդյունքում՝ Գյուլը երկու անգամ` ապրիլի 27-ին և մայիսի 6-ին, չկարողացավ հավաքել ձայների անհրաժեշտ մեծամասնությունը: Խորհրդարանը պետք է որոշում ընդուներ նախագահական ընտրությունների դադարեցման մասին և 48 ժամվա ընթացքում համապատասխան վճիռ հրապարակեր իր պաշտոնաթերթում։ Այնուհետև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) չեղյալ հայտարարեց նախկին ընտրությունները և հայտարարեց նորի անցկացման մասին:

Թուրքիայի Սահմանադրության համաձայն, եթե խորհրդարանը մեկ ամսվա ընթացքում (ապրիլի 16-ից մինչև մայիսի 16-ը) չի կարողանում ընտրել երկրի նախագահին, ապա նշանակվում են վաղաժամ խորհրդարանական ընտրություններ: Խորհրդարանը պետք է ցրվի մինչև հունիսի 10-ը: Թուրքական խորհրդարանը մայիսի 10-ին երկրորդ ընթերցմամբ հաստատեց Սահմանադրության փոփոխումը (առաջին ընթերցումը տեղի էր ունեցել մայիսի 8-ին), որով նախատեսվում էր երկրի նախագահի համաժողովրդական ընտրություն: Այս որոշման օգտին է քվեարկել 458 պատգամավոր, որոնք թուրքական մեջլիսում սահմանադրական մեծամասնություն են կազմում: Դեմ է քվեարկել 55 մարդ: Դրանից հետո նախագիծը պիտի ուղարկվի նախագահին, որպեսզի վերջինս հաստատի այն: Եթե Սեզերը հաստատի փոփոխված Սահմանադրությունը, ապա այսուհետ` սկսած Թուրքիայի 11-րդ նախագահից, նախագահները կընտրվեն ոչ թե պատգամավորների, այլ ժողովրդի կողմից «5+5» տարբերակով. 5 տարի ժամկետով` ևս մեկ անգամ նույն ժամկետով վերընտրվելու հնարավորությամբ: Գործող Սահմանադրությամբ նախագահը 4 փուլով ընտրվում է խորհրդարանի կողմից 7 տարի ժամկետով, իսկ մեջլիսի կազմը` հանրաքվեի միջոցով 5 տարին մեկ: Թուրքական խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց նաև օրենսդիր ժողովի իրավասությունների կրճատմանը. ներկայիս 5 տարվա փոխարեն՝ 4 տարի: Բացի այդ, պատգամավորները կարող են ընտրվել սկսած 25 տարեկանից, մինչդեռ հին Սահմանադրությամբ այդ տարիքը սկսվում էր 30-ից: Ստացվում է, որ չնայած նախագահի լիազորությունները կրճատվում են երկու տարով, նոր Սահմանադրության համաձայն՝ նա իրավունք ունի երկրորդ անգամ միևնույն ժամկետով վերընտրվել, ինչը բացառվում էր հին Սահմանադրությամբ:

Սակայն Թուրքիայի գործող նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերը հասկացրել է, որ այդ որոշման վրա վետո է դնելու` գտնելով, որ այժմ բարեփոխումներ անցկացնելու ժամանակը չէ: Եթե Սեզերը, որն աշխարհիկ ռեժիմի կողմնակից է, և որին աջակցում են բանակն ու ընդդիմությունը, վետո դնի դրա վրա, ապա համաժողովրդական նախագահական ընտրությունների հարցը կլուծվի համազգային հանրաքվեով, որը տեղի կունենա հուլիսի 22-ին` նոր խորհրդարանի վաղաժամ ընտրությունների հետ միաժամանակ: Ի դեպ, Սեզերը Թուրքիայի առաջին նախագահն է, որը չի եղել ակտիվ քաղաքական գործիչ և բարձրաստիճան զինվորական: Նա եղել է Սահմանադրական դատարանի գլխավոր դատավորը: Ստացվում է, որ նախագահական ընտրությունների ճակատագիրը դե-յուրե գտնվում է Սեզերի, դե-‎‎ֆակտո` բանակի ձեռքում:

ԱԶԿ-ն չկարողացավ հասնել նրան, որ հուլիսի 22-ը նշանակվի նախագահական ու խորհրդարանական ընտրությունների օր: ԱԶԿ-ն առաջարկում էր վաղաժամ ընտրություններն անցկացնել հունիսի 24-ին: Օրենքով դրանք պետք է անցկացվեն նոյեմբերի 4-ին: Սակայն ԿԸՀ ղեկավար Մուհամմեր Այդընը հայտարարեց, որ տեխնիկական պատճառներով անհնար է դրանց անցկացումը վերոնշյալ ժամկետում: Մինչև մայիսի 20-ը քաղաքական կուսակցությունները պետք է համապատասխան դիմում ուղղեն ԿԸՀ-ին: Վերջինս քվեաթերթիկները կհաստատի մայիսի 27-ին, իսկ հաջորդ օրը կհաստատվի ընտրատեղամասերի ցուցակը: Քաղաքական կուսակցությունների թեկնածուների առաջադրման ժամկետը լրանում է հունիսի 20-ին, իսկ նախընտրական քարոզչությանը՝ հուլիսի 21-ին:

Թե՛ նախագահական ընտրությունների առաջին փուլի, թե՛ դրա վերաքվեարկման բոյկոտը ընդդիմության կողմից պայմանավորված է նրանով, որ Գյուլը չի թաքցնում իր ցանկությունները՝ Թուրքիան վերադարձնել իսլամական ավանդույթներին: Նա հայտարարել է, որ եթե ինքը դառնա նախագահ, ապա կհրաժարվի պետության ղեկավարման բացառապես աշխարհիկ սկզբունքներից: Այսօր նա «վայելում» է այդ հայտարարության պտուղները:

ԱԶԿ առաջնորդները, հավանաբար, հույսը դրել էին քվեարկության երրորդ փուլի վրա, ուր անհրաժեշտ էր ստանալ քվեների սովորական մեծամասնությունը: Սա էլ նրանց գլխավոր ռազմավարական սխալն էր: Ընդդիմությունը ոչ միայն ընտրությունների առաջին փուլում հրաժարվեց քվեարկել Գյուլի օգտին, այլև կազմակերպված ձևով ընտրության օրը ներկա չգտնվեց խորհրդարանում: Արդյունքում՝ Գյուլի հակառակորդներն ընդդիմության ղեկավար Դենիզ Բայքալի ղեկավարությամբ հարմար առիթ ստացան Սահմանադրական դատարան դիմելու համար, ինչն էլ անհապաղ արեցին: Այդ քայլն ընդդիմությանը նոր խորհրդարանում մեծամասնություն կազմելու հնարավորություն կընձեռի: Իրենց հերթին իսլամիստները կարծում են, որ եթե նախագահին ընտրի ժողովուրդը, ապա այդ դեպքում իրենց թեկնածուի հաղթանակը երաշխավորված կլինի: Գյուլն անձամբ վստահ է, որ եթե նախագահն ընտրվի ողջ ժողովրդի կողմից, ապա ինքը ամենաքիչը կստանա ձայների 70%-ը: Թուրքիայում խոսակցություններ են գնում քվորումի սկզբունքի փոփոխման վերաբերյալ. 2/3-ից (367 քվե) 50%+1-ի (276 քվե):

Պետական ռե‎ֆ‎‎‎‎‎որմների նախագիծը խորհրդարանի քննարկմանը դրվեց այն բանից հետո, երբ Թուրքիայում նախագահական ընտրությունները փակուղի մտան: Ռե‎ֆ‎‎‎‎‎որմներ անցկացնելու նախագիծը պատկանում է ԱԶԿ-ին, ինչը կարելի է որակել որպես քաղաքական շանտաժ: Սա ԱԶԿ տակտիկական քայլ է, որի նպատակն աշխարհիկ ընդդիմության հնազանդեցումն է: ԱԶԿ-ում գիտակցում են, որ խորհրդարանի վաղաժամ ընտրություններում և նախագահի թեկնածուների համաժողովրդական քվեարկությունում ամենայն հավանականությամբ կհաղթեն իսլամականացման կողմնակիցները: Դա բացատրվում է նրանով, որ եվրոպականացման ու աշխարհիկ ռեժիմի պահպանման օգտին են հանդես գալիս հիմնականում Ստամբուլում և Անկարայում:

Թուրքիայի աշխարհիկ ռեժիմի կողմնակիցները երկյուղներ ունեն, թե Գյուլը կվարի իսլամիստական քաղաքականություն: Ընդդիմությունը ձգտում է նոր դաշինք ձևավորել, որպեսզի խորհրդարանում թուլացնի ԱԶԿ դիրքերը և թույլ չտա իշխող կուսակցությանը Թուրքիայի վզին փաթաթել սեփական նախագահին: Ի պատասխան` ԱԶԿ-ն ցանկանում է բարեփոխման ենթարկել ողջ ընտրական համակարգը: Միաժամանակ, ԱԶԿ-ն հավաստիացնում է, որ մտադիր չէ իսլամիստական քաղաքականություն վարել նույնիսկ այն դեպքում, երբ նրա ներկայացուցիչները միաժամանակ կզբաղեցնեն նախագահի և վարչապետի պաշտոնները: ԱԶԿ ձգտումը հասկանալի է. հասարակական հարցումները ցույց են տալիս, որ ԱԶԿ-ին աջակցում է ընտրողների 41.3%-ը: Դա 7%-ով ավելին է, քան նրանք ստացան 2002թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Վերջերս նրանց մեծ չափով աջակցում է երիտասարդությունը: Նոր սխեման իսլամիստներին հնարավորություն կտա ոչ միայն զգալիորեն բարելավել սեփական ներկայուցուցչությունը խորհրդարանում, այլև սեփական թեկնածուին դնել պետական բարձրագույն պաշտոնում: ԱԶԿ-ն առաջարկում է առաջին համաժողովրդական ընտրություններն անցկացնել վաղաժամ խորհրդարանական ընտրությունների հետ միևնույն օրը: Թեկնածուն նորից կդառնա Աբդուլահ Գյուլը: Եթե նա ընտրվի նախագահ, ապա, բնականաբար, կծագի նոր արտգործնախարար ընտրելու հարցը: Փորձագետների կանխատեսումներով՝ արտգործնախարար կդառնա ներկայիս ‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎ֆինանսների նախարար Ալի Բաբաքանը: Սակայն ամենևին էլ բացառված չէ, որ ԱԶԿ-ն նախագահի նոր թեկնածու առաջադրի, որն, անշուշտ, իր հայտարարություններում առավել զուսպ կլինի` հաշվի առնելով իր նախորդի նախադեպը:

ԱԶԿ-ն հավաստիացնում է, որ իրենց առաջադրած սահմանդրական բարեփոխումը Թուրքիան կդարձնի ավելի դեմոկրատական: ԱԶԿ-ն իրեն համարում է երկրի միակ դեմոկրատական կուսակցություն: Տարօրինակն այն է, որ ԱԶԿ-ն իշխանության է եկել դեմոկրատական ճանապարհով և իր իշխանության տարիներին իրականացրել է եվրոպական չափորոշիչներին համապատասխան ավելի շատ բարեփոխումներ, քան նախորդ բոլոր կառավարությունները: ԱԶԿ հեղինակությունը բարձր է. այն «աչքի չի ընկել» կոռուպցիոն սկանդալներով, հասել է տնտեսական ոչ վատ աճի տեմպերի (վերջին 4 տարիների ընթացքում Թուրքիայի տնտեսությունը 33%-ի աճ է արձանագրել): ԱԶԿ-ն ժխտում է, որ ունի իսլամական քաղաքական ուղղվածություն և հավաստիացնում է, որ հաշվի է առնում թուրքական ազգային առանձնահատկությունները: Սակայն դա իրականում այդպես չէ: Դեռևս 1999թ. ԱԶԿ ներկայիս առաջնորդ Էրդողանն իր իսլամիստական հայացքների համար բանտ էր ընկել: Ընդդիմությունը նույնպես չի հավատում նրան: Էրդողանի կառավարության գործունեությունը նույնպես դա չի հաստատում: Էրդողանը չի հրաժարվել իր իսլամիստական ծրագրերից, պարզապես սպասում է, թե երբ Թուրքիայում բավարար չափով կխարխլվեն աշխարհիկ ինստիտուտների հիմքերը: Նա ցանկանում է Թուրքիան դարձնել Իրան կամ Սաուդյան Արաբիա:

Էրդողանը երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամը համեմատել է երկրաշարժի հետ` մեկնաբանելով թուրքական զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Յաշար Բույուքանըթի կոշտ հայտարարությունը: Զինված ուժերը համարվում են աշխարհիկ ռեժիմի գլխավոր պաշտպանները, ուստի զինվորականները պատրաստ են ակտիվորեն հակազդել երկրի իսլամականացմանը: Վերջին տարիներին Էրդողանի կառավարության ջանքերով թուրք զինվորականների ազդեցությունը որոշակիորեն նվազել է: Ազգային անվտանգության խորհրդում (ԱԱԽ) ընդգրկվել են ավելի շատ քաղաքացիական անձինք: Այժմ կառավարությունը կարող է վերահսկել ռազմական ծախսերը: 2006թ. սկսած՝ ռազմական դատարաններն իրավունք չունեն դատել քաղաքացիական անձանց: Չնայած դրան` Գլխավոր շտաբը, որն ավանդաբար քաղաքական մեծ կշիռ ունի, ապրիլի 27-ի գիշերը հանդես եկավ մի հայտարարությամբ, որով իսլամական շրջանակների քաղաքական հավակնությունները դիտարկում էր որպես սպառնալիք հանրապետության աշխարհիկ սահմանադրական սկզբունքներին: Վերջին 50 տարիների ընթացքում Գլխավոր շտաբը 3 անգամ (1960, 1971, 1980) տապալել է գործող կառավարություններին: Բացի այդ, 1997թ. զինվորականների ճնշման հետևանքով հեռացվեց կառավարության ղեկավար, իսլամիստների առաջնորդ Նեջմեթթին Էրբաքանը: Գլխավոր շտաբի հայտարարությանը հետևեց Եվրամիության ընդլայնման հարցերով կոմիսար Օլլի Ռեհնի հայտարարությունը, ուր կոչ էր արվում Գլխավոր շտաբին՝ չխառնվել նախագահական ընտրություններին: Իսկ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Քերի Դևիսը հայտարարեց, որ զինված ուժերը պետք է մնան զորանոցներում և չմիջամտեն քաղաքականությանը:

Տեղի ունեցող գործընթացներին ի՞նչ չափով կխառնվի թուրքական բանակը: Սա այն դեպքն է, երբ թուրքական բանակը շատ տարիների ընթացքում առաջին անգամ զանգվածային աջակցություն ստացավ, ինչն արտահայտվեց ապրիլի 14-ին Ստամբուլում տեղի ունեցած՝ Թուրքիայի ողջ պատմության մեջ ամենազորեղ ցույցով (զինվորականների հաշվարկներով՝ դրան մասնակցել է 2.100.000 մարդ), որը կազմակերպել էին 600 հասարակական կազմակերպություններ: Ցուցարարները հիմնականում հանդես էին գալիս «Թուրքիան եղել և մնալու է աշխարհիկ», «Նախագահական նստավայրը փակ է շարիաթի համար», «Ո՛չ հեղաշրջմանը», «Իմամը չի կարող դառնալ նախագահ» կարգախոսներով և ծածանում էին 4կմ երկարությամբ ազգային դրոշը: Թուրքական ընտրանին ունեցել է եվրոպականացված շերտեր, որոնք ակտիվորեն աջակցել են բանակին, սակայն դա երբեք հրապարակավ չեն արել: Այժմ նրանք, իհարկե, ուղղակիորեն կոչ չեն անում ռազմական հեղաշրջում անել, սակայն բանակն ակնհայտորեն դրդում են կոշտ դիրքորոշման: Այն, որ Գյուլը կարծես թե նահանջեց, քեմալականների մարտավարական հաղթանակն էր: Իսկ ո՞րն է դրա այլընտրանքը: Այլընտրանքն ուղղակի նախագահական ընտրություններն են: Ստեղծված ճգնաժամից դուրս գալու համար կար երկու տարբերակ. առաջինը վաղաժամ ընտրություններն են, երկրորդը` ռազմական հեղաշրջումը: Նախագահական ուղղակի ընտրություններում իսլամիստների դիրքերը շատ ավելի ուժեղ կլինեն, քան ներկա համակարգի պարագայում: Իրականում, իսլամիստները հնարավորություն ունեն ամրապնդելու իրենց իշխանությունը: Իսկ ահա ռազմական հեղաշրջման միջոցով ողջ ժողովրդի կողմից ընտրված նախագահին տապալելը շատ ավելի դժվար կլինի, քան, ասենք, խորհրդարանական մեծամասնության կողմից ընտրված նախագահի պարագայում: Եվ ընդհանրապես, նախագահին ուժով տապալելը մի բան է, խորհրդարան ցրելը և նոր ընտրություններ նշանակելը` մեկ այլ: Դրանք տարբեր են նույնիսկ Ուկրաինայում, էլ չենք խոսում Թուրքիայի մասին: Ուստի կարելի է հասկանալ արևմտյան, և հատկապես ամերիկյան գործիչներին, որոնք ցանկանում են Թուրքիան ներքաշել Եվրոպա, քանի որ դրանում են տեսնում Թուրքիայի հետագա իսլամականացումը կանխելու միակ ուղին:

Ամենայն հավանականությամբ արտգործնախարարին մոտ ժամանակներս չի հաջողվի զբաղեցնել ավելի բարձր պաշտոն, և Թուրքիայի իսլամականացման որոշումը չի կայացվի: Դա պայմանավորված է նրանով, որ Եվրոպան չի կարող անտարբեր մնալ և դա թույլ չի տա: Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, սակայն, մայիսի 3-ին իր աջակցությունը հայտնեց Գյուլին: Եվրոպայի մի մասը չի ցանկանում Թուրքիայի իսլամականացումը: Այս խնդիրը խիստ արդիական է, քանի որ դրված է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը: Թուրքիան պետք է գիտակցի, որ երկրի իսլամականացումը խոչընդոտներ է ստեղծում ԵՄ-ին անդամակցելու համար: Եվրահանձնաժողովը զգուշացրել է Թուրքիային, որ ԵՄ-ին անդամակցելու նրա շանսերը կնվազեն, եթե երկրում չերաշխավորվի քաղաքացիական ազատությունների պաշտպանությունը: Թուրքիայում անցկացված սոցհարցումները ցույց են տալիս, որ 2006թ. ԵՄ-ին անդամակցելու կողմնակից էր բնակչության 32%-ը (2005թ.՝ 52%): Դա վկայում է այն մասին, որ թուրքերի շրջանում նվազում է Արևմուտքի կողմնակիցների թվաքանակը՝ պայմանավորված, որ վերջիններս կարծում են, թե քրիստոնյաները միավորվել են ընդդեմ մահմեդականների:

Հայաստանի համար շահավետ կլիներ, եթե Թուրքիան կատարեր ԵՄ բոլոր պայմանները: Դա կնշանակեր Թուրքիայի և Հայաստանի բաց սահման, Թուրքիայում հայկական փոքրամասնության և նրրանց ունեցվածքի պաշտպանության բարելավում: Թուրք մտավորականությունը կկարողանար բացեիբաց խոսել Ցեղասպանության մասին, իսկ ԵՄ սահմանները կմոտենային Հայաստանին: Ներկայումս Թուրքիայում չկա որևէ կուսակցություն և քաղաքական գործիչ, որ ճանաչի Օսմանյան Թուրքիայի իրագործած Հայոց ցեղասպանության փաստը: Դրա համար էլ նոր նախագահից կամ խորհրդարանից այս հարցում արմատական փոփոխություններ ակնկալել պետք չէ: Ինչ վերաբերում է Հայաստանի նկատմամբ վարած քաղաքականությանը, ապա Հայաստանի համար ավելի ձեռնտու կլինի պանիսլամիստների և ոչ թե պանթյուրքիստների իշխանության գալը: Ի տարբերություն պանթյուրքիստների, իսլամիստները, որոնք կրոնական խնդիրներին շատ ավելի մեծ տեղ են հատկացնում, բնականաբար, կաջակցեն սուննիներին: Ադրբեջանը շիական պետություն է, իսկ դա նշանակում է, որ պանթյուրքիստներն առավել սերտ կհամագործակցեն նրա հետ, քան պանիսլամիստները: Բացի այդ, արմատական իսլամիստների իշխանության գալով Արևմուտքն ու Թուրքիան միմյանցից կհեռանան: Կվատթարանան Անկարայի ու Եվրոպայի հարաբերությունները: Փաստորեն, Հայաստանի հանդեպ Թուրքիայի քաղաքականությունում կտրուկ փոփոխություններ չեն լինի: Սակայն բացառված չէ, որ նոր քաղաքական ուժն իր հետ նոր հայացքներ բերի, այդ թվում նաև՝ հայ-թուրքական հարաբերությունների կտրվածքով:

‎Այսպիսով, նախագահական ընտրությունների շուրջ առաջացած կոնֆլիկտը բնութագրվում է որպես կրոնի ու պետության, պանիսլամիստների ու պանթյուրքիստների վեճ: Բանակը միջամտում է այդ վեճին` հանդես գալով որպես «թուրք ժողովրդի հայր» Մուստա‎ֆա Քեմալ Աթաթուրքի գաղափարների երաշխավոր: Նրա հռչակած վեց սկզբունքներից մեկը լաիցիզմի գաղափարն է, որը նախատեսում է իսլամի անջատումն աշխարհիկ իշխանությունից, սահմանափակում է կրոնի դերը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: Այլ կերպ ասած՝ Թուրքիայում, որի բնակչության 99%-ը մահմեդական է, ներկայիս ճգնաժամն առաջացել է Աթաթուրքի ու Մուհամեդի կողմնակիցների բախման պատճառով: Մի կողմից՝ հանդես են գալիս նախագահը, բանակը, հիմնական արհմիութենական ու հասարակական կազմակերպությունները, 70-ից ավելի համալսարանների ռեկտորներ, գլխավոր ընդդիմադիր ուժերը, գործարար շրջանների հայտնի ղեկավարներ, իսկ մյուս կողմից` իշխող իսլամամետ ԱԶԿ-ն: Աշխարհիկ ռեժիմի կողմնակիցների կողմից ապրիլին կազմակերպված ցույցին մասնակցած մարդկանց թիվը կարելի է համեմատել իսլամիստների կողմից 2006թ. դեկտեմբերին կազմակերպված ցույցի մասնակիցների թվաքանակի հետ: Այդ ժամանակ Թուրքիա այցելեց Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը: Դա վկայում է այն մասին, որ հարևան երկրում մեծ թիվ են կազմում թե՛ եվրոպական տիպի աշխարհիկ պետության կողմնակիցները, թե՛ արմատական իսլամի երկրպագուները: Ուստի բացառված չէ նաև քաղաքացիական պատերազմի հնարավորությունը:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր