• am
  • ru
  • en
Версия для печати
23.01.2014

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՏԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ

   

Վահրամ Հովյան
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ

Ռուսաստանի հայ համայնքը հայկական Սփյուռքի ամենահին և ամենաստվար համայնքներից է։ Համաձայն ոչ պաշտոնական տվյալների, այստեղ բնակվող հայերի թիվը կազմում է մոտ 2.5 մլն մարդ։ Միաժամանակ, Ռուսաստանի հայ համայնքի բնորոշ գծերից մեկը նրա խոր ինտեգրվածությունն է ռուսաստանյան հասարակությունում։

Ռուսաստանի հայ համայնքի ստվարաթվության, ինչպես նաև այնտեղի հասարակության մեջ նրա խոր ինտեգրվածության հիմքում ընկած են մի շարք օբյեկտիվ գործոններ, որոնցից առաջինների թվում կարելի է հիշատակել այն հանգամանքը, որ դեռևս ոչ վաղ անցյալում երկու երկրները (Հայաստանը և Ռուսաստանը) գտնվել են մեկ պետական կազմավորման՝ Ռուսական կայսրության, ապա՝ Խորհրդային Միության կազմում։ Այս հանգամանքն ակտիվացրել է բնակչության տեղաշարժը երկու երկրների, ինչպես նաև քաղաքակրթական և մշակութային մերձեցումը հայ և ռուս ժողովուրդների միջև։ Հայերի՝ ռուսերենի իմացության բարձր մակարդակն էապես դյուրինացրել է երկու ժողովուրդների փոխադարձ շփումները։

Հետխորհրդային շրջանում ևս նախկին հարաբերությունների ավանդույթը, հայերի մեծ հոսքը դեպի Ռուսաստան (ինչպես արտագնա աշխատանքի, այնպես էլ տևական բնակության նպատակով), ինչպես նաև հետխորհրդային երկրների միջև տարատեսակ ինտեգրացիոն նախագծերը (ԱՊՀ և այլն), որոնց մասնակից է եղել նաև Հայաստանը, թույլ տվեցին պահպանել և նոր լիցք հաղորդել նախկին հարաբերություններին, ինչն էլ, իր հերթին, նպաստավոր պայմաններ ստեղծեց Ռուսաստանի հայ համայնքի պահպանման և ծաղկման համար։

Ռուսաստանյան հասարակության մեջ հայ համայնքի ինտեգրվածության ցուցիչն է հայերի բարձր դիրքերի հասնելն այդ երկրում։ Հասարակական կյանքի գրեթե բոլոր բնագավառներում (գիտություն, քաղաքականություն, տնտեսություն, մշակույթ, ռազմական գործ և այլն) ռուսաստանաբնակ հայերն ունեցել են ականավոր ներկայացուցիչներ, ինչը հիմք է տվել մասնագետներին հայերին դասելու Ռուսաստանի պետականակերտ ազգերի շարքում։

Պետք է նշել, որ Ռուսաստանում բարձր դիրքերի հասած հայերի զգալի մասը ոչ միայն նպաստել է այդ երկրի շենացմանը, այլև, անհրաժեշտության դեպքում, պատրաստակամորեն իր ծառայություններն է մատուցել նաև Մայր հայրենիքին։ Բավական է հիշել միայն խորհրդային բանակի սպայակազմի հայազգի ներկայացուցիչներ Նորատ Տեր-Գրիգորյանցի, Գուրգեն Դալիբալթայանի, Քրիստափոր Իվանյանի և այլոց ներդրումը նորանկախ Հայաստանի պաշտպանության կազմակերպման, բանակաշինության և ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակի գործում։ Անուրանալի է նաև Ռուսաստանում հաջողությունների հասած հայազգի գործարարների նպաստը հայրենիքի շենացման գործին ինչպես տնտեսական ներդրումների, այնպես էլ բարեգործության միջոցով։

Մեզ հետաքրքրող գիտության հումանիտար ոլորտը նույնպես աչքի է ընկնում Ռուսաստանի հայ համայնքի ակտիվ ներկայացվածությամբ։ Այս ասպարեզում ևս կան մեծաթիվ հայեր, որոնք կարող են կազմել Ռուսաստանի հայության գիտա-փորձագիտական հանրությունը կամ գիտավերլուծական ներուժը։ Խոսքը Ռուսաստանի գիտական և վերլուծական կառույցների աշխատանքներում ընդգրկված այն հայ գիտնականների և վերլուծաբանների մասին է, որոնց մտավոր գործունեությունն, արդյունավետ համագործակցության դեպքում, կարող է կիրառական նշանակություն ունենալ համազգային խնդիրների լուծման տեսակետից։

Ռուսաստանի հայ համայնքի գիտա-փորձագիտական հանրությունը ներկայացնելուց առաջ անհրաժեշտ ենք համարում մի քանի խոսքով անդրադառնալ հայերի ներկայացվածությանն այդ երկրի գիտական և փորձագիտական կառույցների գործունեության մեջ։

Գիտության հումանիտար ճյուղերը ներկայացնող ռուսաստանաբնակ հայերը, չնայած գիտական կառույցներում քանակական գերակշռությանը, ընդգրկված չեն միայն կամ գերակշռաբար ակադեմիական հետազոտություններում՝ զերծ մնալով կիրառական բնույթի աշխատանքներից։ Նախ՝ ժամանակակից աշխարհում տեղի է ունենում ակադեմիական և կիրառական գիտությունների մերձեցում։ Աստիճանաբար ջնջվում են սահմանները կիրառական և ակադեմիական հետազոտությունների միջև, քանի որ դրանք դառնում են մեկ համակարգի անբաժանելի մասեր՝ փոխպայմանավորելով միմյանց։ Ակադեմիական հետազոտությունների արդյունքները ներդրվում և օգտագործվում են կիրառական հետազոտությունների բնագավառում, իսկ կիրառական հետազոտությունների արդյունքները հակադարձ կապի միջոցով հիմք են հանդիսանում տեսական-ակադեմիական մշակումների համար։

Ակնհայտ է նաև, որ պետական կառավարման մարմիններին առընթեր գործող գիտական կառույցները չեն կարող լինել զուտ ակադեմիական հետազոտություններով զբաղվող հաստատություններ։ Դրանց առաքելությունը, բացի ակադեմիական հետազոտություններից, նաև պետական կառավարման մարմինների համար կադրեր պատրաստելն է, ինչպես նաև տարատեսակ հետազոտությունների, վերլուծությունների, մշակումների միջոցով վերջիններիս գործունեության ինտելեկտուալ ապահովումը։ Սույն հանգամանքը հույժ կիրառական է դարձնում հիշյալ կառույցների գործունեությունը՝ մեկ անգամ ևս փաստելով ակադեմիական և կիրառական գիտությունների մերձեցման մասին։

Ռուսաստանի հայության գիտավերլուծական ներուժը նպատակահարմար է ներկայացնել մի քանի չափորոշիչներով։ Խոսքը վերաբերում է գիտավերլուծական գործունեության մեջ ընդգրկված մեր հայրենակիցների մասնագիտություններին (թե ինչ համամասնություն ունեն առանձին մասնագիտությունների ներկայացուցիչները՝ տնտեսագետները, քաղաքագետները, սոցիոլոգները, պատմաբանները և այլն), գիտական աստիճաններին և այլն։

Աշխատանքում հաշվարկվել է ռուսաստանյան գիտավերլուծական գործունեության մեջ ներգրավված ավելի քան 200 հայ մասնագետ։ Պարզ է, որ Ռուսաստանում գիտական և փորձագիտական գործունեությամբ զբաղվող հայերի թիվն անհամեմատ ավելին է, և ոչ մի գիտական հետազոտություն չի կարող սպառիչ կերպով ցույց տալ այդ մարդկանց իրական թվաքանակը։ Հետևաբար, մեր ներկայացրած տվյալները նույնպես չեն կարող հավակնել սպառիչ լինելու և վերաբերում են միայն հետազոտության շրջանակներում հաշվառված և ուսումնասիրված մարդկանց։ Այնուամենայնիվ, դրանք թեկուզ մոտավոր կերպով կարող են որոշակի լույս սփռել Ռուսաստանի հայ համայնքի գիտավերլուծական հանրության և նրա ներուժի վրա։

Բնագիտական ոլորտը Ռուսաստանի հայ գիտավերլուծական հանրությունում ներկայացված է 8 մասնագիտություններով։ Դրանք են՝ ճարտարագիտությունը, ֆիզմաթ գիտությունները, քիմիան, աշխարհագրությունը, երկրաբանությունը, էլեկտրատեխնիկան, կենսաբանությունը և շինարարությունը։ Հինգ մասնագիտությունների գծով՝ աշխարհագրություն, երկրաբանություն, էլեկտրատեխնիկա, կենսաբանություն և շինարարություն, առկա են մեկական ներկայացուցիչներ։ Բնական գիտությունների ոլորտում գերակշռում են ճարտարագետները և ֆիզմաթ գիտությունների ներկայացուցիչները։ Ճարտարագետների թիվը Ռուսաստանի հայ գիտավերլուծական հանրության շրջանակներում կազմում է 13։ Նրանք, փաստորեն, քանակապես և, հետևաբար, տեսակարար կշռով գտնվում են առաջին տեղում՝ կազմելով բնագիտական մասնագիտություններ ունեցողների գրեթե կեսը։ Երկրորդ տեղում են ֆիզմաթ գիտությունների (8 մարդ), երրորդում՝ քիմիայի (2 մարդ) ներկայացուցիչները (տե՛ս Աղյուսակ 1).

Աղյուսակ 1
Բնագիտական մասնագիտություններ ունեցողների թիվը Ռուսաստանի հայ գիտավերլուծական հանրությունում

Ռուսաստանի հայ գիտավերլուծական հանրությունը հումանիտար ոլորտում ներկայացված է հետևյալ 9 մասնագիտություններով1.

• Բանասիրություն և մանկավարժություն2

• Իրավաբանություն

• Հոգեբանություն

• Մշակութաբանություն

• Պատմություն

• Սոցիոլոգիա

• Տնտեսագիտություն

• Փիլիսոփայություն

• Քաղաքագիտություն։

Հումանիտար ոլորտը կազմող վերոհիշյալ 9 մասնագիտությունները Ռուսաստանի հայկական գիտավերլուծական հանրության շրջանում, ըստ տեսակարար կշռի, ունեն ներկայացվածության տարբեր աստիճաններ, ինչը նպատակահարմար է դարձնում դրանք բաժանել երկու խմբի՝ առավել տարածվածներ և պակաս տարածվածներ։

Առավել տարածվածների շարքին են դասվում այն մասնագիտությունները, որոնց տիրապետողների թվաքանակը գերազանցում է մեկ տասնյակը։ Նշենք, որ թվարկված 9 մասնագիտությունների գերակշիռ մեծամասնությունը՝ 7-ը, պատկանում է հենց այս խմբին։ Տարածվածության տեսակետից առաջին տեղում է տնտեսագիտությունը. տնտեսագետ են Ռուսաստանի հայկական գիտավերլուծական հանրությունը ներկայացնող 48 անձինք։ Դրան հաջորդում են պատմությունը (32 մարդ), փիլիսոփայությունը (31 մարդ), բանասիրությունը և մանկավարժությունը (27 մարդ), իրավաբանությունը (19 մարդ), քաղաքագիտությունը (12 մարդ) և հոգեբանությունը (10 մարդ)։

Պակաս տարածված են համարվում այն մասնագիտությունները, որոնց տիրապետողների թիվը ցածր է մեկ տասնյակից։ Այդպիսի 2 մասնագիտություններից առավել մեծ տարածում ունի սոցիոլոգիան, որին տիրապետողների թիվը հասնում է 8-ի։ Վերջինիս հաջորդում է մշակութաբանությունը՝ 6 ցուցիչով (տե՛ս Աղյուսակ 2).

Աղյուսակ 2
Հումանիտար մասնագիտություններ ունեցողների թիվը Ռուսաստանի հայ գիտավերլուծական հանրությունում

Ռուսաստանի հայ գիտավերլուծական հանրության ներուժի մասին պատկերացում կազմելու կարևոր չափորոշիչ են նաև գիտական և փորձագիտական աշխատանքով զբաղվողների գիտական աստիճանները (տե՛ս Աղյուսակ 3)։ Այս տեսակետից ռուսաստանաբնակ հայ մասնագետները բաժանվում են երկու խմբի՝ բարձրագույն գիտական աստիճաններ ունեցողներ և չունեցողներ։

Աղյուսակ 3
Ռուսաստանի հայ գիտավերլուծական հանրությունն ըստ գիտական աստիճանների

Ռուսաստանի հայ գիտավերլուծական հանրության ներուժը գնահատելիս կարևոր ցուցիչ է նաև այդ հանրույթը ներկայացնող անհատների գործունեության տեղաբաշխվածությունը։ Այստեղ որոշակի տարբերակում է մտցվում Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում և Ռուսաստանի այլ քաղաքներում ապրող և գործող անձանց միջև։ Մոսկվան և Սանկտ Պետերբուրգն ավանդաբար եղել են Ռուսաստանի հասարակական-քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտակրթական կյանքի խոշոր կենտրոնները։ Անգամ Ռուսաստանի Սահմանադրությամբ է նրանց տրվում դաշնային նշանակություն ունեցող քաղաքների կարգավիճակ, որով նրանք հանդես են գալիս որպես ՌԴ սուբյեկտներ։ Հետևաբար, Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում գտնվող ակադեմիական կառույցները և «ուղեղային կենտրոնները» համեմատական առավելություն ունեն Ռուսաստանի այլ քաղաքներում գործող նմանատիպ կառույցների նկատմամբ։ Դառնալով Ռուսաստանի հայ գիտավերլուծական հանրությունը կազմող անհատների տեղաբաշխվածությանը՝ նշենք, որ նրանց գերակշիռ մեծամասնությունն ընդգրկված է Դաշնության խոշոր կենտրոններ Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի ակադեմիական և վերլուծական կառույցների գործունեության մեջ։ Սա նույնպես դրական ցուցանիշ է։

Այսպիսով, Ռուսաստանի հայ գիտավերլուծական հանրության շրջանում գերակշռում են հումանիտար ոլորտի մասնագիտությունները, որոնցից առավել տարածված են տնտեսագիտությունը, պատմությունը, փիլիսոփայությունը, բանասիրությունն ու մանկավարժությունը, իրավաբանությունը, քաղաքագիտությունը և այլն։ Կրթվածության առումով գերակշիռ մեծամասնություն ունեն գիտությունների դոկտորները և թեկնածուները։ Աշխարհագրական տեղաբաշխվածության առումով, Ռուսաստանի հայ գիտավերլուծական հանրության մեծ մասն աշխատում է Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։

1Ցանկը ներկայացված է այբբենական կարգով։

2Քանի որ մանկավարժներից շատերն ունեն բանասիրական կրթություն, նպատակահարմար է այդ երկու մասնագիտությունները դիտարկել միասին։

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 12, 2013

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր