• am
  • ru
  • en
Версия для печати
02.06.2014

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ

   

Վահրամ Հովյան
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ

Ընդհանուր առմամբ, սփյուռքի հայ համայնքների անվտանգությունն ունի երկու բաղադրիչ՝ ֆիզիկական և հոգևոր։ Ֆիզիկական բաղադրիչը հանգում է հայ համայնքների գոյությանը, իսկ հոգևորը՝ նրանց ազգային նկարագրի պահպանմանը։ Սփյուռքի հայ համայնքների առջև ֆիզիկական և հոգևոր անվտանգության առումով կանգնած են հիմնականում չորս մարտահրավերներ։ Դրանք են՝ ինքնության բաղադրիչների կորուստը, խառնամուսնությունները, գոյապահպանության սպառնալիքները և արտագաղթը։

1. Ինքնության բաղադրիչների կորուստը վերաբերում է հայոց լեզվի, մշակույթի, պատմական հիշողության և այլնի աստիճանական մարմանը սփյուռքահայության ներկայացուցիչների շրջանում։ Բնակվելով օտար միջավայրում՝ վերջիններս ինտեգրվում են այդ հասարակություններին և կամա թե ակամա իրենց վրա կրում դրանց սոցիալ-մշակութային ազդեցությունը։ Իսկ մայրենի լեզվի և ազգային ինքնությունը կազմող մյուս բաղադրիչների գործնական կիրառման փոքր հնարավորությունները զրկում են օտար երկրներում հաստատված հայերին դրանք սովորելու և պահպանելու խթանից։ Արդյունքում՝ սերնդեսերունդ սփյուռքահայերի մոտ նվազում է հայոց լեզվին, ազգային մշակույթին, պատմական հիշողությանը և ազգային ինքնության մյուս բաղադրիչներին տիրապետելու մակարդակը, ինչը լուրջ սպառնալիք է արտերկրի հայության համար, քանի որ «...էթնոսները հոգեբանորեն թուլանում են և աստիճանաբար գնում են դեպի վերացում, երբ թուլանում ու աստիճանաբար վերանում է այն ցուցիչների ամբողջությունը, որի կրողն է էթնոսը՝ որպես սոցիալ-հոգեբանական ուրույն համակարգ»1։

2. Խառնամուսնությունները, մի կողմից՝ իրենց բնակության երկրների հասարակություններում սփյուռքահայերի ինտեգրվածության ցուցիչ լինելով, մյուս կողմից՝ նպաստում են հայ ինքնության խեղաթյուրման խորացմանը։ Խառնամուսնական ընտանիքներում նոր սերունդը ավելի մեծ չափով և ավելի անմիջականորեն է ենթարկվում օտար սոցիալ-մշակութային ազդեցությանը։ Եթե հայկական ընտանիքներում նոր սերունդը միայն արտաքինից, այն է՝ հասարակական միջավայրի կողմից է ենթարկվում օտար սոցիալ-մշակութային ազդեցությանը, ապա խառնամուսնական ընտանիքներում արդեն ներսից՝ ընտանեկան միջավայրից է իր վրա կրում օտար մշակութային արժեքների ազդեցությունը։

3. Գոյապահպանության սպառնալիքները հայկական սփյուռքի համար հրատապ են այն երկրներում կամ տարածաշրջաններում, որոնք հանդիսանում են թեժ հակամարտությունների գոտիներ և որտեղ ազգային կամ կրոնական հողի վրա առկա է հայատյացությունը։ Այդ տարածաշրջաններում կամ երկրներում, որքան էլ հայ համայնքները փորձեն չեզոքություն պահպանել, փոթորկահույզ իրադարձություններն իրենց անմիջական կամ միջնորդավորված ազդեցությունն են ունենում վերջիններիս վրա՝ սպանություններ, ավերածություններ և այլն։

Հայ համայնքների վրա տևական հակամարտությունները բացասական ազդեցություն են ունենում նաև այլ առումով։ Դրանք առաջացնում են համընդհանուր քաոս և անիշխանություն, խաթարում են տվյալ երկրի տնտեսական կյանքը՝ պատճառ դառնալով աղքատության և սոցիալական ճգնաժամերի, ինչն էլ իր հերթին առաջացնում է հանցագործությունների և այլ հոռի երևույթների աճ։ Հայ համայնքի ներկայացուցիչները տվյալ երկրի ընդհանուր բնակչության հետ մեկտեղ դառնում են այնպիսի հանցագործությունների թիրախ, ինչպիսիք են թալանը, սպանությունը, մարդկանց առևանգումը և նրանց ազատության համար փրկագին պահանջելը և այլն։

Տևական հակամարտությունների և անկայունության արդյունքում հայ համայնքները կրում են թե՛ մարդկային և թե՛ գույքային կորուստներ՝ զոհված, վիրավորված և փախստական դարձած հայրենակիցներ, թալանված ունեցվածք, ինչպես նաև անհատական և համայնքային անշարժ գույք (տներ, խանութներ, դպրոցներ, եկեղեցիներ և այլն)։

4. Արտագաղթի պատճառ, բացի վերը հիշատակված իրավիճակներից, հանդիսանում են նաև այնպիսի գործոններ, ինչպիսիք են ոչ հոգեհարազատ սոցիալ-քաղաքակրթական միջավայրը, ժողովրդավարական ազատությունների ցածր մակարդակը, սոցիալ-տնտեսական անբարենպաստ պայմանները, տնտեսական գործունեություն ծավալելու հնարավորությունների սահմանափակությունները և այլն։ Այն երկրների հայ համայնքներում, որտեղ առկա են թվարկված գործոնները, նկատվում է հայերի արտագաղթ դեպի այնպիսի երկրներ, որտեղ առկա են հայերին ավելի հոգեհարազատ սոցիալ-քաղաքակրթական միջավայր, ժողովրդավարական ազատություններ, սոցիալ-տնտեսական բարենպաստ պայմաններ և տնտեսական գործունեությամբ զբաղվելու ավելի լայն հնարավորություններ։

Ինչպիսին էլ լինեն արտագաղթի պատճառները, միևնույն է, այն ունենում է հյուծիչ ազդեցություն։ Արդյունքում՝ նոսրանում են հայ համայնքների անդամների շարքերը, ինչը բացասաբար է անդրադառնում նաև համայնքային կառույցների գործունեության վրա։ Արտագաղթի ժամանակակից միտումների պահպանման և խորացման դեպքում սփյուռքի մի շարք համայնքներին սպառնում է լիակատար սպառման հեռանկարը։ Լավագույն ապացույցը Հնդկաստանի երբեմնի ծաղկուն հայ համայնքի օրինակն է, որն այսօր գրեթե գոյություն չունի։ Սփոփիչ հանգամանք այս պարագայում կարող էր լինել այն, որ իրենց համայնքը լքող հայերը հայրենադարձվեին Հայաստան։ Սակայն նման միտումը ներկայումս խիստ թույլ է. իրենց համայնքներից հեռացող հայերի միայն չնչին մասն է բռնում Հայաստանի ճանապարհը։

Ակնհայտ է, որ եթե վերոնշյալ գործոններից առաջին երկուսը՝ ինքնության բաղադրիչների կորուստը և խառնամուսնությունները, առնչվում են հոգևոր անվտանգութանը, ապա վերջին երկուսը՝ գոյապահպանության հարցն ու արտագաղթը, վերաբերում են ֆիզիկականին։

Անվտանգության մարտահրավերների առումով, հարկ է նշել, որ աշխարհի տարբեր տարածաշրջաններում գտնվող հայ համայնքները, պայմանավորված այդ տարածաշրջաններին բնորոշ գործոններով, որոշակիորեն տարբերվում են միմյանցից։ Եթե արևմտյան երկրների հայ համայնքների համար, օրինակ, որպես մարտահրավերներ գերակայում են ազգային նկարագրի պահպանման և խառնամուսնությունների խնդիրները, ապա Միջին Արևելքի հայ համայնքներում առաջնային են գոյապահպանության և արտագաղթի խնդիրները։

Աշխարհագրորեն սփյուռքի հայ համայնքները գտնվում են աշխարհի հետևյալ չորս խոշոր տարածաշրջաններում.

1. Ամերիկա աշխարհամաս (ԱՄՆ, Կանադա, Ուրուգվայ, Արգենտինա և այլն)

2. Եվրոպա (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Բուլղարիա, Ռումինիա, Հունգարիա, Հունաստան և այլն)

3. Հետխորհրդային տարածք (Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան և այլն)

4. Միջին Արևելք (Լիբանան, Սիրիա, Իրան, Իսրայել և այլն)։

Ամերիկայի և Եվրոպայի հայությունը հիմնականում չունի գոյապահպանության և արտագաղթի խնդիրներ։ ԱՄՆ-ը, Կանադան, Արևմտյան և Արևելյան Եվրոպայի երկրները հիմնականում աչքի են ընկնում ներքաղաքական կայունությամբ։ Այնտեղ սուր չեն նաև էթնիկ և կրոնական հակասությունները, որոնք ներքին և արտաքին տևական ու հաճախակի ցնցումների աղբյուր կարող են հանդիսանալ։ Ինչ վերաբերում է արտագաղթին, ապա ներքին կայունությունն ու համեմատաբար բարեկեցիկ սոցիալ-տնտեսական պայմանները ոչ միայն չեզոքացնում են նման մարտահրավերի հնարավորությունը, այլև խթանում են սփյուռքի մյուս հայ համայնքներից, ինչպես նաև Հայաստանից հայերի ներհոսքը դեպի այդ երկրներ։ Արդյունքում՝ այդ երկրների, հատկապես ԱՄՆ, Կանադայի, Արևմտյան Եվրոպայի երկրների հայ համայնքները ոչ միայն չեն նոսրանում, այլև շարունակաբար համալրվում են նորեկ հայերով։

Փոխարենը այդ երկրներում սուր է դրված ուծացման կամ ազգային ինքնության կորստի խնդիրը։ Ընդհանուր քրիստոնեական սոցիալ-քաղաքակրթական միջավայրը, տնտեսական և քաղաքական ազատությունները լայն հնարավորություն են ընձեռում հայությանը՝ արագ ինտեգրվել այդ երկրների հասարակությունների մեջ՝ յուրացնել նրանց լեզուն, սոցիալ-մշակութային արժեքները, բարձր դիրքերի հասնել քաղաքական, հասարակական, մշակութային, տնտեսական և այլ բնագավառներում։ Սա, մի կողմից, նպաստում է հայ համայնքների և ընդհանուր հայության ներուժի մեծացմանը, սակայն միևնույն ժամանակ որոշակի սպառնալիք է ստեղծում ազգային ինքնության պահպանման համար։ Տեղական հասարակություններում արագ ինտեգրման արդյունքում հայ համայնքների ներկայացուցիչները սերնդեսերունդ կորցնում են ազգային ինքնության այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են մայրենի լեզուն, հաղորդակցությունն ազգային պատմությանն ու մշակույթին, ազգային ինքնագիտակցությունը և այլն։ Տեղական հասարակությունների և հայ համայնքների փոխադարձ ներթափանցումը լայնորեն խթանում են նաև խառնամուսնությունները, որոնք նույնպես լուրջ մարտահրավեր են արտերկրում հայապահպանության համար։

Գրեթե տրամագծորեն հակառակ իրավիճակն է տիրում Միջին Արևելքի հայ համայնքներում։ Այստեղ գերակշռող իսլամական միջավայրը, ինչպես նաև քաղաքական և տնտեսական գործունեության սահմանափակումները որոշակիորեն առանձնացնում են հայ համայնքներին տեղի հասարակություններից2։ Այս հանգամանքը նպաստում է ինչպես լեզվի և ազգային ինքնության մյուս բաղադրիչների պահպանմանը, այնպես էլ սահմանափակում է խառնամուսնությունների քանակը։

Փոխարենը, Միջին Արևելքի հայ համայնքների առջև սուր կերպով ծառացած են գոյապահպանության և արտագաղթի մարտահրավերները։ Միջինարևելյան տարածաշրջանում հայ համայնքները մշտապես տուժում են իրենց երկրների ներքին և արտաքին ցնցումներից։ Այստեղ առկա են հայ համայնքների ֆիզիկական անվտանգությանը սպառնացող, արտագաղթի պատճառ հանդիսացող վերոնշյալ գրեթե բոլոր գործոնները՝ հայատյացությունը (Թուրքիա), ներքին և արտաքին պատերազմները (Սիրիա, Լիբանան, Իրաք, Իսրայել և այլն), կրոնական անհանդուրժողականությունը քրիստոնյաների նկատմամբ (Թուրքիա, Իրաք, Սիրիա և այլն), սոցիալ-տնտեսական ոչ այնքան բարենպաստ պայմանները, հայերի համար սոցիալ-քաղաքակրթական ոչ հարազատ միջավայրը և այլն։

Այս բոլորի արդյունքը Միջին Արևելքի հայ համայնքների նոսրացումն ու հյուծումն է։ Օրինակ՝ նախորդ դարի 50-ական թթ. համեմատ՝ 21-րդ դարի սկզբին Լիբանանի հայ համայնքի թվաքանակը 120 հազարից հասել է 70-80 հազարի, Սիրիայինը՝ 150 հազարից՝ 65-70 հազարի, Թուրքիայինը՝ 200 հազարից՝ 80 հազարի, Իրանինը՝ 140 հազարից 80 հազարի և այլն3։ Սիրիական վերջին ճգնաժամի հետևանքով հայ համայնքն արդեն, ըստ Սիրիայի հայ ավետարանականների համայնքապետ Հարություն Սելիմյանի, տվել է ավելի քան 250 զոհ։ Քաղաքացիական պատերազմի հետևանքով հայ համայնքն այդ երկրում կրճատվել է մոտ կիսով չափ։ Իրաքյան պատերազմի (2003թ.), եգիպտական ներքաղաքական ցնցումների հետևանքով գրեթե սպառման եզրին են հասել այդ երկրների երբեմնի ծաղկուն հայ համայնքները։

Մարտահրավերների առումով յուրահատուկ և որոշ չափով հակասական է հետխորհրդային տարածաշրջանը, ինչը պայմանավորված է վերջինիս սոցիալ-քաղաքակրթական տարասեռությամբ։

Ազգային նկարագրի պահպանման առումով հետխորհրդային տարածքի հայ համայնքները կանգնած են լուրջ մարտահրավերների առջև։ Ռուսաստանում, Ուկրաինայում, Վրաստանում և մյուս երկրներում, որտեղ հաստատված հայության համար այնքան էլ խորթ չեն տեղի սոցիալ-քաղաքակրթական միջավայրերը, որտեղ հայությունը խորապես ինտեգրված է տեղի հասարակություններում, որտեղ հայերն իրենց վրա կրում են վերջինների սոցիալ-քաղաքակրթական ազդեցությունը, լուրջ վտանգի տակ է ազգային ինքնության բաղադրիչների՝ լեզվի, մշակույթի, պատմական հիշողության պահպանումը։ Ակնհայտ է, որ խոր ինտեգրվածության պայմաններում հետխորհրդային երկրներում մեծ տարածում ունեն նաև հայերի և այլազգիների միջև խառնամուսնությունները։

Ինչ վերաբերում է հայ համայնքների գոյապահպանության մարտահրավերներին, պետք է նշել, որ չնայած հետխորհրդային տարածքն իր անկայունությամբ և հակամարտություններով ներկայումս հավասար չէ Միջին Արևելքին, սակայն այստեղ նույնպես առկա են և ժամանակ առ ժամանակ դրսևորվում են հայ համայնքների անվտանգությանը սպառնացող գործոնները։ Պարբերաբար կրկնվող ներքաղաքական ցնցումները, սառեցված հակամարտությունների թեժացումները (օրինակ՝ վրաց-օսական հնգօրյա պատերազմը 2008թ.), օտարերկրացիների նկատմամբ անհանդուրժողականության դրսևորումները, ահաբեկությունները (հիմնականում Ռուսաստանում) հայ համայնքների վրա թողնում են իրենց բացասական ազդեցությունը։

Ներկայումս հետխորհրդային տարածքի ամենափոթորկահույզ երկիրը Ուկրաինան է, որը 2013թ. աշնանից ներքաղաքական ցնցումների մեջ է։ Դա, բնականաբար, չի կարող իր ազդեցությունը չունենալ Ուկրաինայի ստվարաթիվ հայ համայնքի վրա, ինչը, սակայն, դեռևս չի ենթարկվել մասնագիտական ուսումնասիրության։

Ինչ վերաբերում է արտագաղթին, ապա, չնայած հետխորհրդային երկրներում սոցիալ-տնտեսական պայմաններն այնքան էլ բարենպաստ չեն, որքան Ամերիկայի և Եվրոպայի զարգացած երկրներում, սակայն այստեղի հայ համայնքների թիվը ոչ միայն չի նվազում, այլև ավելանում է Հայաստանից արտագաղթողների հաշվին։ Եվ չնայած Միջին Ասիայի հետխորհրդային երկրների իսլամական սոցիալ-քաղաքակրթական միջավայրերին, աշխարհիկ վարչակարգերի առկայությունն այդ երկրներում կանխում է կրոնական անհանդուրժողականությունը հայերի նկատմամբ և այդ կերպ չեզոքացնում հայերի հնարավոր արտագաղթը։

Այսպիսով, թեև հետխորհրդային երկրներում պարբերաբար դրսևորվող ցնցումներին և անկայունության միտումներին, հայ համայնքներն այդ երկրներում ներկայումս մեծ հաշվով ֆիզիկական անվտանգության խնդիր չունեն, քանի որ կենսունակ են և շարունակաբար համալրվում են։ Միակ բացառությունը կարելի է համարել Վրաստանը, որտեղ հայերի թիվը, ինչպես խորհրդային, այնպես էլ հետխորհրդային շրջաններում, գրանցել է կայուն նվազման միտում։ Խնդիրը կապված է սոցիալ-տնտեսական դժվարությունների, ինչպես նաև Վրաստանի ներքաղաքական կյանքում ազգայնականության դրսևորումների հետ։

Ամփոփելով նշենք, որ աշխարհի տարբեր տարածաշրջաններում սփռված հայ համայնքներում անվտանգության առումով գերակշռում են տարբեր խնդիրներ։ Եթե Ամերիկա աշխարհամասի և Եվրոպայի հայ համայնքներում գերակշռում են ազգային նկարագրի պահպանման և խառնամուսնությունների խնդիրները, ապա Միջին Արևելքի հայ համայնքները հիմնականում կանգնած են գոյապահպանության և արտագաղթի մարտահրավերների առջև։ Միջանկյալ տեղ են զբաղեցնում հետխորհրդային երկրների հայ համայնքները, որոնցում առկա են թե՛ հոգևոր անվտանգության և թե՛ ֆիզիկական գոյության խնդիրներ։ Սակայն արտագաղթի բացակայությունն այդ համայնքներից, ինչպես նաև հայերի շարունակական ներհոսքն այդ երկրներ մշտապես կենսունակ են պահում այդ համայնքները։ Հետևաբար, հետխորհրդային տարածքի հայ համայնքներն այսօր չունեն սպառման խնդիր։ Նրանց պարագայում հիմնական մարտահրավերները, Ամերիկա աշխարհամասի և Եվրոպայի հայ համայնքների նման, հանդիսանում են ազգային ինքնության կորստի խնդիրները և խառնամուսնությունները։

1 Նալչաջյան Կ., Հայրենիք և հայրենասիրություն (հոգեբանական վերլուծություն), Հայաստանի անվտանգությունը տարածաշրջանային ռազմաքաղաքական գործընթացների համատեքստում, Եր., ԵՊՀ հրատ., 2013, էջ 40-41:

2 Չնայած առանձին հայ անհատներ իրենց տաղանդի և աշխատասիրության շնորհիվ կարողացել են մեծ հաջողությունների և բարձր դիրքերի հասնել Միջին Արևելքի երկրների հասարակություններում։

3 Տվյալները տե՛ս Գասպարյան Ս., Սփյուռքահայ գաղթօջախներն այսօր. մշակութային կյանքի ուրվագիծ, Եր., Հայաստանի պետական հրատարակչություն, 1962, էջ 246 և «Հայ սփյուռք» հանրագիտարան, Եր., Հայկ. հանրագիտարան. հրատ., 2003, էջ 290, 508, 175, 235:


«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 5, 2014

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր