• am
  • ru
  • en
Версия для печати
07.10.2016

ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆ ԱՐԴԻ ՓՈՒԼՈՒՄ

   

Վահրամ Հովյան
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի ավագ փորձագետ, Գիտական-փորձագիտական խորհրդի քարտուղար

Հայրենադարձությունը, ըստ կազմակերպվածության աստիճանի, կարելի է բաժանել երկու տեսակի՝ ծրագրված և տարերային։ Ծրագրվածը պետական մարմինների և սփյուռքյան կառույցների կողմից նախօրոք մշակված և իրականացվող հայրենադարձությունն է։ Տարերայինը անհաղթահարելի ուժի (ֆորսմաժորային իրավիճակի, ինչպիսիք են, օրինակ, պատերազմները, տվյալ խմբի նկատմամբ իրականացվող բռնությունների ալիքը, բնական կամ տեխնածին աղետները և այլն) ազդեցությամբ սփյուռքի համայնքներից հայրենակիցների զանգվածային ներհոսքն է մայր երկիր։ Այս դեպքում հայրենադարձները նույն փախստականներն են՝ այն տարբերությամբ, որ ժամանում են ոչ թե օտար երկիր, այլ հայրենիք։

Հայաստանի ներկա կարողությունները, ցավոք, թույլ չեն տալիս իրականացնել հայրենադարձության խոշոր ծրագրեր, այն է՝ մշակել և իրականացնել զանգվածային հայրենադարձության քաղաքականություն։ Հետևաբար, այսօրվա դրությամբ ծրագրված հայրենադարձության մասին խոսելը, թերևս, ժամանակավրեպ է, թեև համապատասխան հայեցակարգ կամ ռազմավարություն կարելի է մշակել՝ ապագայում կիրառելու նպատակով, երբ դրա համար ստեղծվեն բարենպաստ պայմաններ։

Սակայն Հայաստանի նորագույն պատմության ընթացքում եղել են ոչ ծրագրված՝ տարերային հայրենադարձության ալիքներ։ Որպես այդպիսիք կարելի է առանձնացնել երեքը.

1. 1989-91թթ. – ադրբեջանահայության զանգվածային ներհոսքը Հայաստան՝ կապված Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի և Ադրբեջանի այլ բնակավայրերի հայկական կոտորածների հետ։ Հայրենադարձության այս տարերային ալիքի հետևանքով Հայաստանում հայտնվեց ավելի քան 300 հազար ադրբեջանահայություն։

2. 2003թ. – իրաքահայության զգալի քանակության ներհոսք՝ պայմանավորված իրաք-ամերիկյան պատերազմով։ Այս ալիքի ժամանակ մոտ 1000 իրաքահայ գաղթեց Հայաստան։

3. 2011-ից առ այսօր – սիրիահայության զգալի քանակությամբ ներհոսքը Հայաստան՝ պայմանավորված 2011թ. սկիզբ առած և մինչ օրս շարունակվող սիրիական ճգնաժամով, ավելի կոնկրետ՝ պատերազմով։ Համաձայն ՀՀ Սփյուռքի նախարարության տվյալների՝ սիրիական ճգնաժամի հետևանքով Հայաստանում ապաստանել է մոտ 17 հազար սիրիահայ։

Վերոգրյալը հուշում է, որ տարերային հայրենադարձության խնդրին Հայաստանը բախվել է, և քիչ չէ հավանականությունը, որ ապագայում ևս կբախվի։ Դա կարելի է համարել անխուսափելի աշխարհի թեժ կետերում ստվարաթիվ համայնքներ ունեցող երկրի համար։ Նկատի ունենալով սույն հանգամանքը՝ կարծում ենք, նպատակահարմար կլինի, որ ինչպես պետությունը՝ ի դեմս ՀՀ-ի և ԼՂՀ-ի, այնպես էլ Սփյուռքի կառույցները պատրաստ լինեն դրան։ Դա թույլ կտա, մի կողմից՝ սահուն և նվազագույն կորուստներով իրականացնել հայրենադարձությունը (օրինակ՝ հնարավոր ֆորսմաժորային իրավիճակները կանխատեսելու և ժամանակին հայ համայնքներին վտանգավոր շրջաններից դեպի հայրենիք փոխադրելու ճանապարհով), մյուս կողմից՝ հնարավորինս արագ և արդյունավետ լուծել հայրենադարձների խնդիրները Հայաստանում։ Խոսքը վերաբերում է ինչպես սկզբնական շրջանում նրանց կենսական պահանջները բավարարելու, այնպես էլ ավելի լայն՝ հայաստանյան հասարակության մեջ նրանց լիարժեք ինտեգրման խնդիրներին։ Այդ նպատակով, կարծում ենք, նպատակահարմար կլինի, որ ՀՀ և սփյուռքյան կառույցներն իրականացնեն հետևյալ գործնական միջոցառումները.

Հայրենադարձության հիմնադրամի ստեղծում. Այսօր թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում գործում են բազմաթիվ հիմնադրամներ։ Դրանցից ոչ մեկը, սակայն, չունի անմիջականորեն հայրենադարձության խնդիրներով զբաղվելու գործառույթ։ Կարծում ենք, նպատակահարմար կլինի համահայկական այդպիսի մի կառույցի ստեղծումը, որտեղ հավաքված միջոցները կծախսվեն հենց հայրենադարձության հետ կապված խնդիրները լուծելու համար։ Այդպիսի կառույցի գործունեության դեպքում տարերային հայրենադարձության ալիքների ժամանակ ոչ թե այլ հիմնադրամները կամ բարեգործական և այլ կառույցները կսկսեն հանպատրաստից գումարներ տրամադրել հայրենադարձներին օգնելու նպատակով, ինչի արդյունքում իրականացված ծախսերը կլինեն նվազ արդյունավետ, այլ նախօրոք մշակված ռազմավարության և ծրագրերի համապատասխան՝ հատուկ հայրենադարձության նպատակով ստեղծված հիմնադրամը կբավարարի դրա հետ կապված ծախսերը՝ նպատակային գումարներ հատկացնելով այդ գործընթացի հաջող իրականացման համար։

Բարեգործական կազմակերպությունների կողմից հայրենադարձության ծրագրերի իրականացում. Հայաստանյան և սփյուռքյան բարեգործական կառույցները («Հայաստան» hամահայկական hիմնադրամ, ՀԲԸՄ, ՀՕՄ, ՀՕՖ, ԱՀԱԸ և այլն) նույնպես միայն տարերային հայրենադարձության առաջացման դեպքում հախուռն կերպով արձագանքում են դրան՝ փորձելով իրենց միջոցներով թեթևացնել փախստականների հոգսերը։ Հախուռն գործունեությունից ավելի կազմակերպվածի անցնելու նպատակով, կարծում ենք, նպատակահարմար է, որ վերջիններս իրենց ծրագրերում և գործունեության ռազմավարության ու հայեցակարգի մեջ ամրագրեն հայրենադարձության բաղադրիչը։ Օրինակ՝ սիրիական ճգնաժամի սկզբից ի վեր հայկական գրեթե բոլոր բարեգործական կազմակերպությունները (այլ կառույցների նման՝ պետական, հասարակական, սփյուռքյան, եկեղեցական և այլն) հսկայական գումարներ են հատկացրել ինչպես Սիրիայում մնացածներին, այնպես էլ հարևան երկրներ (Լիբանան, Հորդանան և այլուր) տեղափոխված սիրիահայ գաղթականներին օգնելու համար։ Մինչդեռ այդ գումարներով նվազագույն կորուստներով կարելի էր կազմակերպել վերջիններիս հայրենադարձությունը, եթե նախապես նրանց ծրագրերում լիներ նաև հայրենադարձության բաղադրիչը։ Կամ գոնե հնարավոր կլիներ այդ գումարներով օգնել Հայաստան տեղափոխվել ցանկացողներին՝ հեշտացնելով այդ գործընթացը։

ՀՀ և ԼՂՀ մշակելի հողատարածքների հաշվառում՝ դրանք հայրենադարձներին տրամադրելու նպատակով. Այս դրույթը վերցված է իսրայելական հայրենադարձության փորձից։ Ինչպե՞ս տեղի ունեցավ 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի կեսը հրեական պետության բացակայության պայմաններում Պաղեստինի ժողովրդագրական յուրացումը հրեաների կողմից։ Հրեական կապիտալը՝ մեծահարուստները, Պաղեստինում գնում էին հողատարածքներ և դրանք անվճար տրամադրում հրեա ներգաղթյալներին՝ բնակության համար։ Ներգաղթողներին հողեր բաժանելու հրեական փորձը լիովին կիրառելի է նաև հայերիս պարագայում, այն շահեկան տարբերությամբ, որ, եթե հրեաները ստիպված էին դրամով գնել հողատարածքներ, ապա մենք այդ խնդիրը չունենք։ Ներկայում ՀՀ-ում և ԼՂՀ-ում առկա են մեծ քանակությամբ մշակելի հողատարածքներ, որոնք սպասում են իրենց մշակին և կարող են օգտագործվել հայրենադարձության նպատակով։ Պայմաններն առկա են։ Խնդիրն ավելի շատ գործընթացի արդյունավետ կազմակերպման և կառավարման մեջ է1։ Իսկ դրա համար անհրաժեշտ է.

1. ՀՀ և ԼՂՀ տարածքներում անմշակ հողերի հաշվառում;

2. Դրանցից առավել մշակելի հատվածների առանձնացում;

3. Ըստ անդամների թվաքանակի՝ դրանց հատկացում հայրենադարձված ընտանիքներին՝ որքան մեծ է ընտանիքը, այնքան շատ է հողաբաժինը սկզբունքով;

4. Հողահատկացումը պետք է լինի սկզբնական շրջանում՝ 5 տարի անհատույց օգտագործման, իսկ դրանից հետո՝ ՀՀ կամ ԼՂՀ քաղաքացիություն ձեռք բերելու պարագայում՝ սեփականության իրավունքով։

Սեփականության իրավունքով օժտելը լուրջ գործոն է հանգամանքների բերումով Հայաստանում հայտնված սփյուռքահայերին մայր հողին ամուր կամ անգամ վերջնականապես կապելու համար։ Մի բան է, երբ մարդը գտնվում է ընդամենը փախստականի կարգավիճակում՝ ունեզուրկ և իրավազուրկ վիճակում, լիովին այլ բան, երբ գտնվում է տվյալ երկրում սեփականատիրոջ իրավունքով. ունենում է որոշակի ունեցվածք՝ հետագայում լիովին սեփականաշնորհելու հեռանկարով2։

Հատուկ հարկային քաղաքականություն հայրենադարձների նկատմամբ. Քանի որ տարերային հայրենադարձության արդյունքում Հայաստանում հայտնված սփյուռքահայերը ներկայացնում են յուրահատուկ խումբ և նրանց բնորոշ հատկություններից մեկն էլ խոցելիությունն է, ապա նրանց նկատմամբ պետական քաղաքականությունը գոնե սկզբնական շրջանում պետք է լինի հնարավորինս հոգատար։ Դրա դրսևորումներից մեկն էլ հայրենադարձ գործարարների նկատմամբ նպաստավոր հարկային քաղաքականությունն է։ Խոսքն այստեղ վերաբերում է ոչ թե խոշոր բիզնեսին, քանի որ այդ ոլորտի ներկայացուցիչներն, անկախ ամեն ինչից, չեն կարող խոցելի կամ անպաշտպան խումբ համարվել, այլ առաջին հերթին հողահատկացումների արդյունքում հողաբաժին ստացած և դրա վրա գյուղատնտեսությամբ զբաղվող սփյուռքահայ ընտանիքներին։ Կարծում ենք, որ նպատակահարմար է վերջիններիս 5 տարով ազատել գյուղատնտեսական հարկերից։ Նույնպիսի մոտեցում նպատակահարմար է որդեգրել նաև Հայաստանում մանր և միջին բիզնես հիմնադրած սփյուռքահայ գործարարների նկատմամբ։ Նման հարկային քաղաքականությունը կնպաստի ոչ միայն հայրենադարձների հաստատմանը Հայաստանում, այլև վերջիններիս տնտեսական բարեկեցության ապահովմանը սեփական աշխատանքի միջոցով։ Արդյունքում՝ ոչ միայն կթեթևանա պետության վրա ընկած բեռը՝ հայրենադարձներին օգնելու առումով, այլև կաշխուժանա երկրի սոցիալ-տնտեսական կյանքը3։

Տեղեկատվական աջակցության կենտրոնի ստեղծում. Ինչպես ցույց է տվել հատկապես սիրիահայերի փորձը, տարերային հայրենադարձության արդյունքում Հայաստանում հայտնված սփյուռքահայերի գլխավոր խնդիրներից մեկն էլ անտեղյակությունն է։ Նրանք չեն տիրապետում հանրապետության օրենսդրությանը, հետևաբար, պատշաճ կերպով չգիտեն իրենց իրավունքների մասին, չգիտեն որ հարցով ում դիմել, չգիտեն նաև Հայաստանի հարկային օրենսդրության, գործարար միջավայրի և այլնի մասին։ Տարբեր խնդիրների առնչությամբ տեղեկատվություն ստանալու համար նրանք ստիպված են դիմել տարբեր ատյաններ, ինչն էապես բարդացնում է նրանց սկզբնական կեցությունը հայրենիքում։ Այս խնդրի հաղթահարման նպատակով, կարծում ենք, նպատակահարմար է ստեղծել հատուկ հայրենադարձների խնդիրներով մասնագիտացված տեղեկատվական աջակցության կենտրոն, որի հիմնական գործառույթը վերջիններիս ապահովումն է անհրաժեշտ և հավաստի տեղեկատվությամբ։ Քանի որ, ինչպես ցույց է տալիս սիրիահայության օրինակը, հայրենադարձները հիմնականում շփվում են ՀՀ Սփյուռքի նախարարության հետ, ապա նպատակահարմար է նման կենտրոնի ստեղծումը վերջինիս կազմում կամ վերջինիս կից։

Շինարարական քաղաքականության փոփոխություն. Սա, թերևս, ավելի շատ տնտեսագիտական խնդիր է՝ դուրս մեր մասնագիտական կոմպետենտությունից։ Այնուամենայնիվ, քանի որ տարերային հայրենադարձության հետևանքով Հայաստանում հայտնված սփյուռքահայերի գլխավոր խնդիրներից մեկն էլ բնակարաններով ապահովվածության (օթևանի) խնդիրն է, հարկ ենք համարում որոշակի դիտարկումներ իրականացնել այդ առնչությամբ։ Կարծում ենք, բազմաթիվ էլիտար շենքերի փոխարեն կարելի է զարկ տալ մեծաքանակ հասարակ բնակելի շենքերի կառուցմանը։ Այսօր Երևանի կենտրոնական թաղամասերում կառուցվող բազմաթիվ էլիտար շենքեր բնակեցվում են լավագույն դեպքում կիսով չափ։ Նման շինարարական քաղաքականությունը անհեռանկարային է ոչ միայն երկրի բնակեցման, մասնավորապես՝ տարերայնորեն Հայաստանում հայտնված սփյուռքահայերի օթևանի ապահովման հարցը լուծելու, այլև գործարարության առումով, քանի որ թույլ բնակեցվածության արդյունքում տուժում են նաև շինարարական բիզնեսով զբաղվող գործարարները։

Այդ ամենի փոխարեն կարելի է որպես շինարարական հիմնական ուղղություն որդեգրել հասարակ և մատչելի բնակարանների կառուցումը։ Ընդ որում՝ ոչ միայն Երևանում, այլև մարզերում։ Այդ կերպ հնարավոր կլինի ավելի հեշտ եղանակով լուծել փախստականի կարգավիճակում Հայաստանում հայտնված սփյուռքահայերի օթևանի ապահովման հարցը։ Նախ՝ բազմաթիվ այդպիսի բնակարանների առկայության դեպքում դրանք կարելի է գոնե ժամանակավորապես տրամադրել հայրենադարձներին՝ սկզբնական շրջանում անվճար, այնուհետև՝ վարձակալության կամ գնման միջոցով սեփականաշնորհման հիմունքներով։ Այս համատեքստում կարևոր է նաև սփյուռքահայերին մատչելի բնակարանային վարկերով ապահովման խնդիրը։ Բացի այդ, հասարակ և մատչելի բնակարանների առկայության պարագայում բացառված չէ, որ բազմաթիվ սփյուռքահայեր հենց սկզբից կկարողանան սեփական միջոցներով սեփականության իրավունքով ձեռք բերել (գնել) բնակարաններ, ինչը չեն կարող անել էլիտար շենքերի պարագայում։

Հայրենադարձության մասին օրենսդրության մշակում. Չնայած Հայաստանը վաղուց ի վեր բախվում է հայրենադարձության խնդրին, սակայն այդ ոլորտը կարգավորող օրենսդրական հենք մեր երկրում դեռևս չկա։ Խոսքն ինչպես հայրենադարձության մասին օրենքի, այնպես էլ հայրենադարձության ռազմավարության և հայեցակարգի մշակման մասին է։ Վերջիններում ամրագրված պետք է լինեն հայրենադարձության բնագավառում պետական քաղաքականության մոտեցումները, հայրենադարձության սկզբունքները, փուլերը՝ յուրաքանչյուրն իրեն վերաբերող կոնկրետ գործողություններով, և այլն4։ Նման ինստիտուցիոնալ հենքի (մեխանիզմների ամբողջության) առկայությունը հնարավորություն կտա ոչ միայն խուսափել տարերային և հախուռն՝ չհամակարգված գործողություններից, այլև որոշակիորեն ինքնակարգավորման և ինքնակառավարման հուն տեղափոխել հայրենադարձության գործընթացը։

Ընդհանուր առմամբ, տարերային հայրենադարձության արդյունքում Հայաստան վերադարձած սփյուռքահայերի նկատմամբ պետական քաղաքականությունը, հաշվի առնելով վերջինիս սահմանափակ հնարավորությունները, պետք է հենվի ոչ թե պետության կողմից նրանց նյութական և այլ բարիքներ առատորեն տրամադրելու սկզբունքի, այլ նրանց հնարավորություն տալու վրա, որպեսզի իրենք սեփական աշխատանքի և տաղանդի շնորհիվ ստեղծեն այդ բարիքներն իրենց համար, ինչը, վերջիններիս խնդիրները զգալիորեն լուծելուց բացի, զգալի նպաստ կբերի նաև երկրին։

1 Նման քաղաքականություն ունեցել է նաև հայկական փորձը։ Խոսքը վերաբերում է Ցեղասպանության արդյունքում Արևելյան Հայաստանում ապաստանած արևմտահայ գաղթականների խնդրին։ Ինչպե՞ս լուծվեց Խորհրդային Հայաստանում նրանց խնդիրը, եթե ոչ հողատարածքների հատկացման միջոցով։ Կամ՝ մի՞թե նույն կերպ չէր լուծվում 1829-30թթ. Արևմտյան Հայաստանից և Պարսկաստանի կազմում մնացած հայկական բնակավայրերից դեպի Ռուսական կայսրության կազմի մեջ մտած Արևելյան Հայաստան գաղթած հայերի խնդիրը։

2 Կարելի է առարկել, թե սփյուռքահայերը բազմաշերտ զանգված են՝ ըստ իրենց զբաղմունքի կամ մասնագիտությունների։ Հետևաբար, դժվար է պատկերացնել, որ վերջիններս կհամաձայնեն Հայաստանում զբաղվել հողագործությամբ։ Առաջին հայացքից սա ճիշտ դիտարկում է։ Այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել, որ տարերային հայրենադարձությամբ Հայաստանում հայտնված սփյուռքահայերը պատերազմներից, այլ ֆորսմաժորային իրավիճակներից մազապուրծ, լիովին ունեզուրկ և անօթևան մարդիկ են։ Արդյո՞ք նման պայմաններում նրանք կհրաժարվեն իրենց տրամադրվող գույքից՝ ի դեմս հողատարածքի, վկայակոչելով իրենց մասնագիտությունը կամ նախկին զբաղմունքը։ Կարծում ենք, դա ողջամիտ չէ։

3 Վերջապես, դա կարող է լինել յուրահատուկ փորձարկում հարկային քաղաքականության ոլորտում։ Եվ եթե արդյունքները գոհացուցիչ լինեն, ապա նման քաղաքականությունը կարելի է ընդլայնել՝ տարածելով ոչ միայն հայրենադարձների, այլև ընդհանրապես ողջ երկրի բնակչության վրա՝ դրանով իսկ խթանելով գյուղատնտեսության, ինչպես նաև մանր ու միջին բիզնեսի զարգացումն ամբողջ երկրում։

4 Անգամ 1946-48թթ. մեծ հայրենադարձությունը, որը կազմակերպվել էր Կրեմլի մակարդակով, իրականացվեց հանպատրաստից և հախուռն՝ առանց ռազմավարության և հայեցակարգի։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր