• am
  • ru
  • en
Версия для печати
22.09.2014

ԳԼՈԲԱԼ ՀԱՄԱՏԵՔՍՏ

   

Զարա Գևորգյան

«Առաջին համաշխարհային պատերազմը մեզ համար բախտորոշ էր. տեղի ունեցավ Ցեղասպանություն, կորցրինք Արևմտյան Հայաստանը։ Մերօրյա գործընթացների ամբողջությունը հիշեցնում է Առաջին աշխարհամարտը»,- «Գոլոս Արմենիի» թերթի հարցերին պատասխանելով՝ ասում է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ։

- Պրն Հարությունյան, անշուշտ, անհնար է քննարկել այն, ինչ կատարվում է Ուկրաինայում՝ չփորձելով հասկանալ այն ամենի գլոբալ համատեքստը, ինչ տեղի է ունենում աշխարհում։ Ինչպիսի՞ն է այդ գլոբալ համատեքստը։

- Մենք ապրում ենք շատ անհանգիստ և բարդ ժամանակերում։ Մեր աչքերի առջև տեղի է ունենում համաշխարհային բազմաբևեռ համակարգի և նոր աշխարհակարգի բավական ցավագին կայացումը։ Միացյալ Նահանգներն առայժմ համաշխարհային առաջատար մնալով՝ այսօր ավելի շուտ առաջինն է հավասարների մեջ, ո՛չ ավելին։ Ցավոք, Միացյալ Նահանգները, թերևս, չի ցանկանում հաշտվել այդ փաստի հետ։ Հավանաբար, դրա համար էլ նրա ընդունած որոշումները, անկախ դրդապատճառներից, այսօր աչքի են ընկնում աղքատիկ ինտելեկտուալ հագեցածությամբ՝ դրանով իսկ ինչ-որ բանով հիշեցնելով ԽՍՀՄ գործողությունները նրա մայրամուտի դարաշրջանում և, որպես կանոն, հանգեցնելով ոչ այնքան ուրախալի հետևանքների՝ առայժմ մնացյալ աշխարհի համար։ Բայց տրամաբանական կլիներ ենթադրել, որ այդ ամենը վաղ թե ուշ այս կամ այն չափով իր անդրադարձը կունենա հենց Ամերիկայի վրա։ Այստեղ ուրախանալու բան չկա, քանզի եթե ԽՍՀՄ փլուզումն աշխարհաքաղաքական և հումանիտար աղետ էր հետխորհրդային երկրների համար, ապա հնարավոր աղետները ԱՄՆ-ում կարող են վերածվել գլոբալ կոլապսի։

- Այդ ի՞նչ հնարավոր աղետներ են։

- Օրինակ, արմատական-ահաբեկչական իսլամական կազմակերպությունների ոչ այնքան հմուտ մանիպուլյացիան. դրանց՝ որպես քաղաքական գործիքի օգտագործումը հանգեցրեց այն բանին, որ դրանք ինտեգրվեցին և վերածվեցին արդեն գլոբալ նշանակություն ունեցող աշխարհաքաղաքական դերակատարի։ Սիրիայից, Իրաքից և Լիբիայից, Աֆղանստանից, Պակիստանից և աֆրիկյան աշխարհամասի մի հսկայական հատվածից, ինչպես նաև Չինաստանի որոշ նահանգներից ստացվող տեղեկությունները մարտական գործողությունների թատերաբեմերից եկող դասական ամփոփագրեր են։ Արդյունքում՝ Մերձավոր Արևելքում Իրաքի օկուպացիայից և «Արաբական գարուն» նախագծի իրագործումից հետո մոտ մեկ միլիոն մարդ է զոհվել, մի քանի միլիոն փախստական է դարձել։ Կրկնում եմ, որ մենք չենք քննարկում տեղի ունեցողի մոտիվները, վարկածները մի քանիսն են, և դրանք բոլորն էլ ենթարկեցված են մի ինչ-որ «հիմնական աշխարհաքաղաքական-աշխարհատնտեսական բնազդի», որում գերակայում են տնտեսական դրդապատճառները։

- Դուք խոսեցիք Մերձավոր Արևելքում հումանիտար աղետի մասին։ Այնինչ, նման հումանիտար աղետ այսօր տեսնում ենք նաև Ուկրաինայում...

- Այդպես էլ կա։ Պատահական չէ, որ «Աջ սեկտորի»՝ արևելաեվրոպական ռազմակայաններում վարժեցված դաշտային հրամանատարներն իրենց անվանում են «քրիստոնյա թալիբներ», և բոլորովին վերջերս համազարկային կրակի համակարգերից գնդակոծում էին քաղաքներն ու խաղաղ բնակիչներին։ Շատ հետազոտողներ այս բոլոր գործընթացների ամբողջությունը համեմատում են հարյուրամյա վաղեմության իրադարձությունների հետ, երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը (1914-1918թթ.), որը որակապես փոխեց համաշխարհային քաղաքական լանդշաֆտն ու աշխարհակարգն առհասարակ։ Նշեմ, սակայն, որ այդ աշխարհամարտի մասին տարօրինակորեն մեր տեղեկատվական դաշտում լռություն պահպանվեց։ Այնինչ, այդ պատերազմը մեզ համար բախտորոշ է եղել. տեղի ունեցավ Ցեղասպանությունը, կորցրինք Արևմտյան Հայաստանը։ Կարծում ենք, որ այս ամենը որոշակի չափով հետևանքն էր նաև ընդհանրապես հայ հանրության և մասնավորապես՝ քաղաքական ընտրանու անհեռատեսության։ Հայտնի է, որ պատմության դասերը մոռացության տալը, համեմատական վերլուծությունների անտեսումը զգալիորեն դժվարացնում են մերօրյա քաղաքական իրողությունների համարժեք ընկալումը, ինչն իր հերթին բարձրացնում է նոր սխալներ գործելու ռիսկերը։

Բայց վերադառնանք Ուկրաինա, որը դարձել է վերոնշյալ ոչ այնքան մտածված ռազմավարության առարկան։ Այո, կարելի է համարել, որ տակտիկական մտահղացումը՝ թշնամաբար տրամադրված պետության, Ռուսաստանի սահմանների անմիջական հարևանությամբ նման հենակետի ձևավորումը, փոքր-ինչ կրճատված կատարմամբ իրականացվել է։

- Ավելին, այդ պլանները ՆԱՏՕ ընդլայնման գործընթացի տրամաբանական շարունակությունն էին, այնպես չէ՞։

- Այո։ Բայց ռազմավարական առումով ամեն բան այդքան էլ միանշանակ չէ։ Թերևս, քաղաքական պլանավորողներն այնքան էլ ճիշտ չէին հաշվի առել սեփական ռեսուրսներն ու մրցակիցների աճած հնարավորությունները։ Միևնույն ժամանակ, եթե ճիշտ եմ հիշում՝ ռազմավարության ոլորտի խոշոր մասնագետ, բրիտանացի Լիդլ Հարթը գրում էր այն ոգով, թե ի տարբերություն մարտավարության, մեծ ռազմավարությունը՝ արդյունավետ լինելու համար, պետք է բարոյական լինի։ Եվ ահա, ավելի շուտ անբարոյական լինելով (հիշենք իրավիճակը Մերձավոր Արևելքում)՝ «ուկրաինական նախագիծն» ընդհանրապես, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի և մասամբ արդեն հանգեցրել է հակառակ արդյունքին։ Նախ՝ կտրուկ ոտքի է կանգնել Ռուսաստանը, նրան իրենց համերաշխությունն են հայտնել չինացիները։ Անգամ ԵՄ-ում տարաձայնություն է սկսվել. շատ եվրոպացիներ (իհարկե՝ ուշացումով) հասկացել են, որ Ուկրաինայի և պատժամիջոցների հետ կապված ողջ պատմությունը ոչ քիչ չափով ուղղված է իրենց դեմ։ Իհարկե, նրանք դա շատ երկչոտ են արտահայտում՝ անընդհատ նայելով անդրօվկիանոսյան խստադեմ «ավագ եղբորը»։ Հետաքրքիր է, որ առճակատման քաղաքականության դեմ առավել հայեցակարգային մոտեցում ցուցաբերում են չեխերը։ Նրանց նախագահ Միլոշ Զեմանն ինչ-որ բանով հիշեցնում է Չեխոսլովակիայի հանրահայտ ղեկավար Ալեքսանդր Դուբչեկին, որը 1968թ. չվախեցավ դեմ հանդես գալ կոմունիստական տոտալիտարիզմին գաղափարախոսական ոլորտում։

- Այսինքն՝ պատմությունը կրկնվում է, բայց կարծես թե հակառակ նշանով...

- Ճիշտ է։ Ռուս-ուկրաինական սահմանին պատի հնարավոր կառուցումը հիշեցնում է «երկաթե վարագույրը» Բեռլինյան պատի հետ մեկտեղ։ Այժմ Ռուսաստանի նախագահն ըստ էության կարող է (բավականաչափ հիմնավորմամբ և հաջողությամբ) ճառ արտասանել այդ պատի առջև՝ «բացե՛ք դարպասները» ոճով, նման Ջոն Քենեդիի «open this gate» քրեստոմատիական կոչին, որն արել է 1963թ. Բեռլինի պատի մոտ։

Բոլոր դեպքերում ուկրաինական ճգնաժամը կատալիզատոր հանդիսացավ այլ երկրների ռեսուրսների համախմբման համար։ Ակտիվացան ԲՐԻԿՍ-ը և ՇՀԿ-ն (դատելով վերջերս Դուշանբեում տեղի ունեցած գագաթաժողովից՝ առաջիկայում վերջինի անդամ կարող են դառնալ նաև Հնդկաստանն ու Պակիստանը), էլ չեմ ասում այն մասին, թե ինչ թափ ստացավ Եվրասիական միության նախագիծը, որի հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում ոչ միայն հետխորհրդային հանրապետությունները։

- Իսկ հետո՞։

- Այժմ, ինչպես հայտնի է, Դոնբասում ուժի դիրքերից փխրուն հրադադար է հաստատվել։ Բազմաթիվ սցենարներից մեկի համաձայն՝ չի բացառվում, որ աշխարհազորայինների կողմից վերահսկվող տարածքներում կստեղծվի մի պետական կառույց (օրինակ՝ Մալոռուսական հանրապետություն), որն, ըստ էության, հեռավոր կերպով կհիշեցնի Մերձդնեստրի Հանրապետությունը, բայց շատ ավելի մեծ մասշտաբներով, և որ գլխավորն է՝ սահմանակցելով Ռուսաստանին։ Համենայնդեպս, առայժմ դժվար է պատկերացնել այդ մարզերի՝ Ուկրաինայի կազմում մնալու մեխանիզմները։ Գուցե Կիևում ձևավորվի ավելի պրագմատիկ իշխանություն, որը դեն կնետի արմատական հռետորաբանությունն ու կփորձի ոչ թե պատ, այլ նորմալ հարաբերություններ կառուցել հարևանների հետ։ Իհարկե, ավելի վատ սցենարներ էլ գոյություն ունեն։ Այս համատեքստում հետաքրքիր է նշել, որ, որքան ես գիտեմ, վերլուծաբանական խոշոր կենտրոններից ոչ մեկը չի կանխատեսել իրադարձությունների այն զարգացումը, որը տեղի ունեցավ Ուկրաինայում և պատերազմը նրա հարավարևելյան մարզերում։ Միայն Կոպենհագենի համալսարանի մի պրոֆեսոր, որը հետազոտություններ էր իրականացնում դանիական հատուկ ծառայությունների պատվերով, երկու տարի առաջ կանխատեսել էր նման զարգացում Արևելյան Եվրոպայում՝ ի հետևանք նացիոնալիզմի, արմատականության աճի։ Սա վկայում է այն մասին, թե որքան կարևոր է ունենալ որակյալ, բարձրամակարդակ «ուղեղային կենտրոններ», որոնք, միևնույն ժամանակ, ինտեգրված են նաև պետական կառույցների հետ։

- Հայ-ադրբեջանական սահմանին վերջերս լարվածության սրումը քիչ էր մնում պատերազմով ավարտվեր։ Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը վերոնշյալ արևմտյան խաղի մի մաս՞ն է, թե՞ էքսպրոմտ՝ օգտվելով ստեղծված իրավիճակից։

- Կարծում եմ՝ թե՛ մեկը, թե՛ մյուսը։ Ես արդեն ասացի, որ ահաբեկչական կազմակերպությունները դարձել են աշխարհաքաղաքական գործոն, իսկ որոշ երկրներ դարձել են ահաբեկչություն սերմանողներ։ Ադրբեջանը կիսաահաբեկչական պետություն է։ Քարոզչությունը, որ վարում է այդ երկիրը, շատ է հիշեցնում Յարոշի կամ Իրաքի արմատական իսլամիստների տիպի մարդկանց հռետորաբանությունը։ Ադրբեջանում բացահայտ պատերազմի և Հայաստանի վերջը տալու կոչ են անում։ Այդ երկրում կտտանքների են ենթարկում, սպանում են գերիներին, և դա ներգրվում է պետության քաղաքականության մեջ։ Այո, մենք կանգնած էինք պատերազմի շեմին։ Ես կարծում եմ, որ պատերազմը տեղի չունեցավ առաջին հերթին մեր բանակի շնորհիվ։ Բանակը հայկական պետության ամենակայացած կառույցն է։ Մենք բանակային տաղանդավոր ղեկավարություն ունենք, փայլուն սպայակազմ և հիանալի, քաջ ու խելացի զինվորներ։ Հենց շնորհիվ մեր ԶՈւ գործողությունների, որոնք կոշտ հակահարված տվեցին ագրեսորին, մենք հասանք բեկման օգոստոսյան իրադարձությունների ընթացքում։ Միևնույն ժամանակ, մենք պետք է նշենք նաև այն կարևոր արտաքին քաղաքական դերը, որը խաղաց մեր դաշնակից Ռուսաստանը՝ կազմակերպելով Սոչիի եռակողմ հանդիպումը։

http://www.golosarmenii.am/article/25053/globalnyj-kontekst

Возврат к списку