• am
  • ru
  • en
Версия для печати
14.04.2026

ՀԱՅՏԵՐԻ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է․ ԻՆՉ ՊԱՏԿԵՐ Է ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋ

   

Կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքները ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են դիմել եւ գրանցման համար փաստաթղթերը ներկայացնել մինչեւ ապրիլի 23-ը։ Ըստ էության, մնացել է մոտ 10 օր, երբ վերջնականապես հայտնի կդառնա, թե որ քաղաքական ուժերն ու ինչ ձեւաչափով կմասնակցեն հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։

Այս պահին արդեն հայտնի է եւ անցկացված համագումարներով, նախընտրական ցուցակների հրապարակմամբ վերահաստատված, որ ընտրություններին մասնակցելու են «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, «Հայաստան» դաշինքը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, «Առաջարկ Հայաստանին» դաշինքը՝ Գագիկ Ծառուկյանի առաջնորդությամբ, Ռեֆորմիստների կուսակցությունը, որի առաջին համարն է Վաղարշակ Հարությունյանը:

Սակայն, վերոնշյալը դեռ ամբողջովին չի արտացոլում նախընտրական պատկերը, մինչեւ ապրիլի 23-ը անակնկալների պակաս չի լինի: Շուրջ 27 կուսակցություն արդեն իսկ պաշտոնապես հայտարարել է ընտրություններին մասնակցության մասին՝ լինի առանձին, թե դաշինքով:

Նրանցից որոշներն արդեն իսկ համագումար անցկացրել են, իսկ առաջիկա օրերին ընտրություններին մասնակցելու վերաբերյալ ապրիլի 17-ին տեղի կունենա «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության համագումարը:

Ապրիլի 18-ին համագումար կանցկացնի Ազգային ինքնորոշում միավորում (ԱԻՄ) կուսակցությունը (նախագահ՝ Պարույր Հայրիկյան), նույն օրը տեղի կունենա նաեւ «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցության (առաջնորդ՝ Վարդան Ղուկասյան), Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) (նախագահ՝ Լեւոն Տեր-Պետրոսյան), «Լուսավոր Հայաստան»-ի (նախագահ՝ Էդմոն Մարուքյան), Հայաստանի կանաչների (սոցիալ-էկոլոգիական) կուսակցության (Արմենակ Դովլաթյան) եւ «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցության համագումարները։

Ապրիլի 19-ին տեղի կունենա «Ապրելու Երկիր» կուսակցության (նախագահ՝ Մանե Թանդիլյան) համագումարը, ինչպես նաեւ «Միասնական ազգային սահմանադրական» կուսակցության (ՄԱՍԿ) (նախագահ՝ Հովիկ Աղազարյան), Քրիստոնեա-ժողովրդավարական («ՔԺԿ») կուսակցության (նախագահ՝ Լեւոն Շիրինյան) եւ «Համահայկական ճակատ»-ի (առաջնորդ՝ Արշակ Կարապետյան) համագումարները:

Իսկ ապրիլի 20-ին նախատեսված է Սահմանադրական իրավունք միություն (ՍԻՄ) կուսակցության (նախագահ՝ Հայկ Բաբուխանյան), «Արժանապատիվ ուղի» կուսակցության (նախագահ՝ Հովհաննես Մարգարյան) եւ «Հանրապետություն» կուսակցության (նախագահ՝ Արամ Զ. Սարգսյան) համագումարները:

Ապրիլի 21-ին համագումարներ կանցկացնեն փաստացի Նարեկ Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, որի մեջ ներառված են «Միավորված հայեր», «Նոր դարաշրջան» եւ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունները: Նույն օրը համագումար են կազմակերպել Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը (ՀԺՈՂԿԿ) (նախագահ՝ Արթուր Ֆարմանյան) եւ «Ազգային առաջընթաց»-ը (նախագահ՝ Հայկ Գրիգորյան):

«Հայք» (Հայկազուններ) կուսակցության (նախագահ՝ Սամվել Կարապետյան, չշփոթել հայտնի գործարարի հետ) համագումարը տեղի կունենա ապրիլի 22-ին: Նույն օրը տեղի կունենա «Շանթ դաշինք»-ի (նախագահ՝ Շահեն Շանթի Հարությունյան) համագումարը եւ «Ազգային-ժողովրդավարական բեւեռ»-ի համագումարը (Ժիրայր Սեֆիլյան):

Ապրիլի 23-ին տեղի կունենա «Արժանապատիվ ապագա» կուսակցության համագումարը (նախագահ` Լյուդմիլա Հարությունյան)։ Իսկ ապրիլի 24-ին անցկացվելու է «Երկիր Ծիրանի» կուսակցության համագումարը (նախագահ՝ Զարուհի Փոստանջյան):

Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com


դեպի ետ