24.05.2026ԱՍՈՒՄ Է. «ՀԱ՛, ԵՍ ՀԵՆՑ ՍՐԱՆ ԵՄ ԸՆԴՈՒՆԱԿ»․ ՀՈԳԵԲԱՆԸ ՎԵՐԼՈՒԾՈՒՄ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԵՐՊԱՐԸ
Նիկոլ Փաշինյանի կողմից ժողովրդին ուղղված «պատերազմ կլինի, եթե ես իշխանության չլինեմ» սպառնալիքը որքանո՞վ կարող է ազդել մարդկանց հոգեբանության վրա, արդյո՞ք սա ընտրություններում մարդկանց կողմնորոշման վրա կարող է ազդել։ Հոգեբան Կարինե Նալչաջյանի դիտարկմամբ, նախընտրական այս փուլում այն գործիքները, որոնք Նիկոլ Փաշինյանն ունի իր ձեռքին, մեծ մասամբ հնացած են՝ մարդկանց սիրաշահելը, իբր թե հասարակ մարդու կերպարանք ընդունելը և այլն․
-Հիշո՞ւմ եք՝ ինչպես և ինչ կերպարով իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը. ժողովրդին սիրող, ժողովրդի առաջ խոնարհվող առաջնորդի կերպարով։ Բայց դա լավ մտածված ծուղակ էր, որովհետև շարքային քաղաքացիները, հասարակության լայն շրջանակները խորապես համոզված են, որ երկրի ղեկավարի կերպարում հայրականություն կա՝ զավակներին սիրող և նրանց համար ամեն ինչի պատրաստ հոր կերպար։ Սա շատ կարևոր է։ Նիկոլ Փաշինյանը եկավ հենց այդ կերպարով, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է արդարություն հաստատի, որ իր բոլոր «զավակները» պետք է բարեկեցիկ կյանքով ապրեն, որ չպետք է լինի մեկը, որը բարիքներից ավելի շատ կօգտվի, քան մյուսները։ Բայց սա, կրկնում եմ, ծուղակ էր։ Եթե ուշադիր վերլուծում ենք, տեսնում ենք, որ իշխանությունը գրավելուց անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանն այնպիսի բան էր ասում և անում, որ մարդիկ տարակուսում էին՝ «Ո՞նց, այս ի՞նչ է ասում, ի՞նչ է անում»։ Երբ մենք նայում ենք տարիների դինամիկային, տեսնում ենք, որ նա կամաց-կամաց սկսեց դիմակը հանել, իր դեմքը բացել։
- Ի՞նչ է խոսում ներկայիս իր պահվածքը նրա հոգեբանական նկարագրի մասին։
- Հիմա հասել ենք մի էտապի,երբ Փաշինյանն ամեն ինչ անում է ոչ միայն բաց և անթաքույց, այլև ամենավերջին աստիճանի իր դեմքը ցույց տալով։ Նա կարծես ասում է. «Հա՛, ես հենց սրան եմ ընդունակ»։ Ինչ վերաբերում է Փաշինյանի խոսույթին, ապա Նիկոլ Փաշինյանի ձեռքին մնացած աշխատող գործիքը մարդկանց պատերազմով վախեցնելն է։ Վախն ամենախորքային, ամենարխայիկ ապրումներից մեկն է, իսկ պատերազմը, հատկապես՝ այսքան ավեր ու արյուն տեսնելուց հետո, մարդիկ ամենաշատը երևի դա չեն ցանկանում, որ պատերազմ լինի։ Այնպես որ, Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ քաշվող թեզերից միայն այս ամենը կարող է ինչ-որ չափով աշխատել, բայց չեմ ասի, թե շատ ազդեցիկ է լինելու։ Այն մարդիկ, որոնց գիտակցությունն ու վերլուծելու կարողությունը տեղն է, կույր հույզերի տակ չեն, իրենք շատ էլ լավ հասկանում են, որ այս իշխանությունը և խաղաղությունն իրարից այնքան հեռու են, որքան երկիրն ու երկինքը։ Աբսուրդի ժանրից է այս ամենը, սա ծաղր է մարդկանց հանդեպ, ասում է՝ «ինչ ուզում եք՝ արեք, ձեր երգը երգված է»։ Հասկանալի է, սա ծիծաղ, զզվանք ու այլ էմոցիաներ է առաջացնում, որին զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանը պարապ չէ, նա գործ է անում, իր ծրագրերն է առաջ տանում, այն էլ՝ շտապողական կարգով, որի համար էլ հասարակությանը զբաղեցնում է անհեթեթություններով։ Այնպես որ, նրա այս պահվածքն արդեն շատ վտանգավոր է, չի կարելի այս կարգի արհամարհել, զզվել։ Նրանք այս ամենով հայ ազգի հավաքական կերպարն են փչացնում, նվազեցնում հայ ժողովրդի ինքնագնահատականը։
Այսօր շատ ենք, չէ՞, լսում, երբ մարդիկ ասում են՝ այս ի՞նչ ազգ ենք, այս ի՞նչ ժողովուրդ ենք, սա այն է, ինչ ուզում է այս իշխանությունը։ Մեր հավաքական ընդդիմությունը պետք է սրա վրա աշխատի՝ բարձրացնի մեր ժողովրդի ինքնագնահատականը։ Եթե իշխանություններին ժողովրդի ձայնն է պետք, դրա համար էլ ընկել են փողոցները, դրա համար մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ձայնը կարևոր է և այդ ձայնով կարող են այս երկրում ինչ-որ բաներ փոխել։
Երբ մենք տեսնում ենք, թե ինչպիսին է նա այդ պահերին․ նա դիմակ չունի, և իր հեռանկարը պատկերացնելով, որ հանկարծ կարող է հակառակ այս վախի մթնոլորտի տարածմանը, ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործմանը, իրավապահներով մի քանի շերտ պաշտպանված լինելուն, ամպեր են կուտակվում, և իր աթոռը շատ ուժեղ ճոճվում է։ Այդ պահվածքի մեջ նաև խաղ կա՝ այդ խաղն իրեն պետք է վախի մթնոլորտը խորացնելու, տարածելու համար վախեցած մարդը կմտածի, ինչպես ասում են, շառից-փորձանքից հեռու, ոչ էլ կգնամ ընտրությունների։
դեպի ետ