27.05.2026ԱՅԴ 300 ՀԱԶԱՐ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳՈՐԾՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ. Ալավերդյան
Նախընտրական թոհուբոհի մեջ առավել քան երբեւէ նկատվում է Նիկոլ Փաշինյանի յուրահատուկ ագրեսիան արցախահայության նկատմամբ: Թե ինչու է դեռեւս վարչապետի աթոռը զբաղեցնողը մշտապես մեղադրում արցախցիներին չզոհվեու մեջ, «Իրավունք»-ը պարզեց ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ տեսակետը:
«ՄԱՀԵՐԻ ՏԵՆՉԸ ԿՈՉՎՈՒՄ Է «ԱՆԳՂԻ ԲՆԱԶԴ»… ՍԱ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԾԱՆՐ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ Է ԽՈՍՈՒՄ»
— Տիկին Ալավերդյան, ինչպե՞ս կբացատրեք վերջին շրջանում Փաշինյանի բացահատ ատելությունը արցախցիների նկատմամբ:
— Երբ ասում եք վերջին շրջանում, այսպես կպատասխանեմ, ուղղակի հիմա նա շատ ավելի գռեհիկ է արտահայտվում: Բազմիցս ասել եմ՝ իրականում ոչ միայն արցախահայության հանդեպ կա այդ թիմի ատելությունը, որը իրենք տարածում են, այլ ընդհանրապես, այդ թիմն ու մասնավորապես՝ Փաշինյանը հայատյաց են: Ես առաջ հղում էի անում, որ նայեք՝ «Հայկական ժամանակ» կոչվող այդ դեղին թերթիկը եւ կտեսնեք, որ տարիներ շարունակ սիստեմատիկ արցախահայությունը չէ միայն, այլ ընդհանրապես հայատյացությունն այն աստիճան էր, որը չկար ադրբեջանական կայքերում:
Այն ժամանակ ընթերցում էի ադրբեջանական կայքերը: Հիմա դրա խնդիրը չկա, քանի որ մեր հարազատ հողի վրա ունենք այնպիսի հայատյացություն, որը, կարծես թե, արտահայտում են արցախահայության հանդեպ ատելություն: Դա բացահայտ հայատյացության դրսեւորում է եւ կոչվում է «Դոմեստիկ ռասիզմ» (կամ ներքին/ներպետական ռասիզմ), այսինքն՝ ներսում՝ ընտանիքում, երկրում, ռասիզմ: Դա մինչեւ անգամ հատուկ է նաեւ կենդանական աշխարհին:
Այս առումով, այդ գռեհիկությունը, որը մենք դժբախտություն ունենք տեսնելու, խոսում է այն մասին, որ ամբողջովին կորցնելով իրենց մարդկային արժանապատվությունը` իրենք ցանկանում են նսեմացնել այլոց, տվյալ դեպքում` արցախահայության արժանապատվությունը:
Հիշեցնեմ, որ ՀՀ կառավարության որոշումներում՝ սկսած 2020 թվականից անընդհատ արցախցին բնութագրվում է որպես բռնի տեղահանված: Այս առումով, թե՛ միջազգային իրավունքը, թե՛ ՀՀ օրենսրությունը պահանջում է բոլորից, հասկանալի է, որ առաջին հերթին իշխանություններից, հարգանք եւ առավել նրբանկատություն այդ խավի նկատմամբ: Այն, ինչ մենք դիտարկում ենք, դա ամենացավալի երեւույթն է, քանի որ ի վերջո մենք խոսում ենք ՀՀ-ում տեղի ունեցած ներքին ռասիզմի դրսեւորումների մասին:
Նաեւ հիշեցնեմ լուսահոգի Արմեն Գրիգորյանի մասին. եթե համեմատենք նրա ասածն ու այս արտահայտությունները, ապա կտեսնենք, որ նրա ասածը անմեղ եւ որեւէ քրեորեն հետապնդվող տառ չուներ: Բայց սկսել էին քրեական հետապնդում: Կարծում եմ, որ մեր իրավաբանները պետք է առավել ակտիվ լինեն եւ այս բոլոր հայտարարությունները դիտարկեն ոչ միայն բարոյականության, այլ նաեւ հենց իրավական դաշտում: Դրա համար թե՛ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը եւ թե՛ քրեական, պարունակում են համապատասխան հոդվածներ: Եվ չեմ կարծում, որ դժվար է այդ գործերը ձեւակերպել եւ դատական ընթացք տալ այդ ամենին: Այն միտքը, որ մեկ է, այս դատական իշխանությունը զավթված է եւ ամբողջովին գտնվում է այս գործադիր իշխանության հսկողության տակ, չի նշանակում, որ պետք չէ դատի տալ: Այդ բոլոր արտահայտությունները կա՛մ քրեորեն հետապնդելի են, կա՛մ պատասխանատվության պետք է հրավիրվեն: Եվ եթե այստեղ չլուծվի հարցը, ապա այդ գործընթացը պետք է շարունակվի Եվրոպական դատարանում:
—Անդադար կրկնում է Փաշինյանը, թե՝ մեջբերում եմ. «Դուք ինչո՞ւ չեք զոհվել»: Սա ինչպե՞ս կորակեք:
—2020 թվականին ամենացինիկ կերպով է արտահայտվել այդ վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձը, որ մենք կարող էինք հանձնել տարածքները առանց պատերազմի: Սա արյունատենչություն է: Մահերի տենչը կոչվում է «անգղի բնազդ»: Այդ արյունատենչությունը, սպանություններն ու մահերը, դրանք հոգեբանական բավականին ծանր վիճակի մասին են խոսում:
Իսկ քաղաքական առումով, դա ուղղակի բացահայտում է այն, ինչ բազմիցս կրկնում եմ 2018 թվականից: Նրա թիմն ու կոնկրետ ինքը, եկել են իշխանության խաբեությամբ՝ երկու իրար կապված նպատակներ իրականացնելու համար, այն է՝ օր առաջ հանձնել Արցախը Ադրբեջանի եւ Հայաստանը դրաձնել կա՛մ Թուրքիայի կամ Թուրքիայի կցորդ Ադրբեջանի օգտագործման տարածք:
«ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՐԿՐՈՐԴ ԵՐԵՎԱՆՆ ԵՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ, ՊԱՐԶ Է, ՉԷ՞, ՈՒՄ ՀԱՄԱՐ»
— Ասում են, որ 300 հազար ադրբեջանցի պետք է գա Հայաստան կեցության նպատակով: Սրա վտանգավոր հետեւանքները, անշուշտ, գիտակցում ենք, սակայն կցանկանայինք լսել նաեւ Ձեր մեկնաբանությունը՝ որպես իրավապաշտպան:
— Պետք է հստակեցնեմ, որ դեռ 90-ականներին, մենք՝ որպես Արցախի Գերագույն խորհրդի հանձնաժողովի փորձագետներ՝ պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանն ու ես, մի քանի անգամ հանդես ենք եկել թեզով, որ Հայաստանից դուրս գնացած ադրբեջանցիները չեն կարող դիտարկվել իբրեւ փախստական մի քանի պատճառներով:
Առաջինը. նրանց գրեթե 90 տոկոսը փոխանակել կամ վաճառել են իրենց բնակարանները, հիմնականում Բաքվի հայերի հետ: Հիշեցնեմ, որ Հայաստանից 157 հազար ադրբեջանցի է դուրս եկել այդ ընթացքում, որոնցից միայն 6000-ն էին ապրում Երեւանում: Մնացածը ապրում էին մարզերում: Քանի որ 1988 թվականին կազմակերպվեց առանձնահատուկ դաժանությամբ, հենց Բաքվի հայերի բռնի տեղահանումը, որը, չգիտես ինչու, շատերը մոռացել են: Դա տեղի է ունեցել 1988 թվականին, բայց բոլորը 90 թվականն են հիշում: 90-ին դաժանությունը հասնում էր աներեւակայելի աստիճանի, սակայն Բաքվում այդ ժամանակ մնացել էր 25-30 հազար հայ: Ամենամեծ ալիքը բռնի տեղահանվածների տեղի է ունեցել, եւ Հայաստանը նրանց ընդունել է 88 թվականի նոյեմբերից, մինչեւ դեկտեմբերի 6-ը: Այսինքն, ադրբեջանցիները Հայաստանից դուրս են եկել մինչ երկրաշարժի օրը, առանց որեւէ բռնությունների: Նրանց անգամ Կենտկոմի մակարդակով, աղաչել-պաղատել են, որ իրենք դուրս չգան Հայաստանից: Օրինակ` Սյունիքի, Սիսիանի շրջանի ժողովուրդը չէին թողնում, որ իրենց հետ ապրող այդ ադրբեջանցիները լքեն իրենց տները: Ես ամուսնուս հետ, ով հենց Սիսիանից է, գնացել եմ այդ շրջան, ես հասկացել եմ, որ գյուղացիները իրենց ղեկավարի գլխավորությամբ համբուրում էին այնտեղ գտնվող մի հին հուշարձան եւ հավաքում էին իրենց իրերն ու բարձում մեքենանները: Ես մոտեցա տարիքով մի մեծ անձնավորության, հարցրի ադրբեջաներեն, թե ինչո՞ւ են իրենք լքում գյուղը, եթե լաց են լինում, քարն են համբուրում: Նա, ցույց տալով դեպի Ադրբեջան, ադրբեջաներեն պատասխանեց, որ իրենց ասել են, որպեսզի դուրս գան: Այնպես որ, մենք ունենք ապացույցներ, վկայություններ եւ այս առումով, մենք հստակ պնդում էինք տարիներ շարունակ, ինչպես Արցախի գերագույն խորհրդի հատուկ հանձնաժողովի փորձագետներ, որ այդ անձնավորությունները փախստական կոչվելու իրավունք չունեն:
Երկրոդ պատճառը, Մոսկվայից՝ աշխատանքային պետկոմիտեից, ուղարկվել է Ադրբեջանի նույնանուն կոմիտեին 72 միլիոն ռուբլի: Դա այն ժամանակվա հաշվարկով ավելին էր, քան 80 միլիոն դոլարը: Դա ուղարկվել էր մի նպատակով, որ անկախ նրանից, ադրբեջանցիները վաճառել են, թե փոխանակել են իրենց բնակարանները, բոլոր այն բնակարանները, որոնք գտնվում էին երկրաշարժի գոտում, Սովետական միության այդ կոմիտեն ուղարկել է, որպես փոխհատուցում՝ իմանալով, որ իրենք այն ժամանակ արդեն գտնվում էին Բաքվում:
Երրորդը. բաքվեցիներն ու ընդհանրապես հայերը, Սովետական Ադրբեջանից բռնի տեղահանված, թողել են Ադրբեջանում ավելի քան 1200 տուն եւ բնակարան, քան բոլոր ադրբեջանցիները: Հարց է ծագում. ո՞ւր են այդ բնակարանները: Ըստ ադրբեջանական Մարդու իրավունքների պաշտպանների` այդ բնակարանները մասնավորոպես փոքր ու մեծ քաղաքներում, դարձել են 2-3 անգամվա սպեկուլյացիայի գործիք: Հիմա, այդքանից հետո, եթե իրենք խոսում են 300 հազար ադրբեջանցու վերադարձի մասին, հարց է ծագում՝ այս բոլոր գոնե իմ երեք շարադրած կետերն արդյոք ՀՀ գործող իշխանությունը երբեւէ հնչեցրել է:
Հաջորդը. կես միլիոնից ավել հայեր, եւ դա ապացուցված է, որոնց բռնի տեղահանել են՝ 320-ից ավել բնակավայրերից դուրս են մղել, բա այդ մասին եւ այդ մարդկանց համար ինչո՞ւ չի խոսում այս իշխանությունը:
Ես պնդում եմ, որ այդ 300 հազար ադրբեջանցիների նախաձեռնությունը պատկանում է Հայաստանի, այլ ոչ թե Ադրբեջանի գործող իշխանությանը: Բացատրեմ` ինչու. հարց չի ծագո՞ւմ, թե ինչու այդ մասին չէին խոսում մինչ 2020 թվականը կամ 2023 թվականը, որովհետեւ նախկին իշխանությունները, բոլոր իրենց սխալներով, միեւնույնն է, այս իմ հնչեցրած, բացի դրանից այլ պատճառներ շարադրած տարածում էին աշխարհում գործող տարբեր միջազգային կազմակերպություններով: Խնդիրը հիմա պարզ է դրված: Բացարձակապես, որեւէ մեկը չպետք է հավատա այն հնարածին եւ պայմանավորված այդ խոսույթին, որը տարածվում է: Արդյոք պատահական է, որ Երեւանում երկրորդ Երեւանն են կառուցում այս վերջին հինգ տարիների ընթացքում: Բա ո՞ւմ համար են կառուցում, եւ ո՞վ է կառուցում: Ինչո՞ւ է ընդունվել համապատասխան օրենքում փոփոխություն, որ այդ շինարարության մեջ ներդրողները կարող են ձեռք բերել բնակարաններ՝ առանց Հայաստանի քաղաքացի լիենելու: Դա ո՞ւմ համար է արվում:
Կրկնում եմ, սա ուղղված է Հայաստանի ժողովրդի դեմ, եւ կոչ եմ անում ոչ միայն դատապարտել այդ խոսույթը, այլ հստակեցնել, որ այդ խոսույթի հեղինակները, ինչպես նաեւ ՀՀ օրվա իշխանությունը, պետք է հստակ դատապարտվի, ու երբեւիցե մենք չպետք է մոռանանք, որ ցանկացած նմանատիպ գործողություն, որն իր մեջ պարունակում է ծանրագույն հանցագործությունների հատկանիշներ, պետք է պատժվեն: Խոստանում եմ, այդ ժամանակ, բոլոր այ մարդկանց իրավունքները պաշտպանել:
Նանա Սարգսյան
www.iravunk.com
դեպի ետ