29.07.2026ՊՈՒՏԻՆԸ ՓԱՍՏԱՑԻ ԱՌԱՋ ՔԱՇԵՑ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՄԱՍՆԱՏՄԱՆ ՍԽԵՄԱՆ
Իրանի շուրջ ծավալվող ներկա իրադարձությունների ֆոնին (Տե՛ս նաեւ https://iravunk.com/?p=345656&l=am) արձանագրվեց եւս մեկ ուշագրավ փաստ, որն իր հերթին է ակնարկում, որ Ռուսաստանն ու Եվրոպան կարող են լեզու գտնելու հնարավորություն ունենալ: Ամեն դեպքում, ՌԴ ռազմածովային ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Պուտինի արած մի շարք հայտարարություններ ոչ միայն նման տպավորություն են առաջացնում, այլ կարելի է համարել նոր աշխարհաքաղաքական իրողությունների առջեւ վառված «կանաչ լույս»:
Այսպես, այդ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը երկու հիմնական թեզ ընդգծեց:
Առաջինը. «Այն, ինչ Ուկրաինայում նախկինում պատկանում էր Լեհաստանին, Հունգարիային և Ռումինիային, վաղ թե ուշ կվերադառնա իր պատմական վայրերին։ Ես վստահ եմ, որ վաղ թե ուշ Ուկրաինան կկորցնի այս արևմտյան հողերը՝ այն, ինչը պատկանում էր Լեհաստանին, այն, ինչը պատկանում էր Հունգարիային, այն, ինչը պատկանում էր Ռումինիային՝ վաղ թե ուշ, ոչ թե վաղը, գուցե վաղը չէ մյուս օրը, մեկ տարի, երկու, 10, 15, բայց պատմականորեն ամեն ինչ իր տեղը կընկնի... Ուկրաինայի տարածքային ամբողջականության միայն մեկ երաշխավոր կար՝ Ռուսաստանը»։
Երկրորդը. «Գիտեք, պատմականորեն Ուկրաինան միշտ բաժանված է եղել ձախափնյա և աջափնյա Ուկրաինայի։ Ձախափնյա Ուկրաինան միշտ համարվել է ոչ միայն դեպի Ռուսաստան կողմնորոշված, այլև Ռուսաստանի մաս։ Եվ Դոնբասը, ինչպես արդեն նշել եմ, ես կարդացել եմ հենց այս արխիվային փաստաթղթերը, երբ խորհրդային կառավարությունը որոշեց Դոնբասի ներկայացուցիչների խնդրանքով այն ներառել ՌՍՖՍՀ-ի մեջ։ Այնուհետև բոլշևիկները ժամանեցին ավելի արևմտյան մասերից և համոզեցին Լենինին այս մասը տալ նորաստեղծ, ձևավորվող Ուկրաինային... Հիմա պետք է ամեն ինչ վերադարձնեք իր պատմական հունին»։
Սա ակնհայտորեն աշխարհաքաղաքական նոր վերաբաժանման սխեմա է: Այն ամենը, ինչ գտնվում է Դնեպրից դեպի արեւելք, Ռուսաստանինն է: Դեպի արեւմուտք` արեւելաեվրոպական երկրներինը: Դրանից հետո ինչ կմնա, դա էլ կարելի է անվանել Ուկրաինա:
Այս մոտեցումը կար դեռ ուկրաինական պատերազմի սկզբներին, եւ այդ փուլում այն նմանվում էր Եվրոպայից ՌԴ–ին ուղղված առաջարկի: Սակայն Մոսկվան Արեւմտյան Ուկրաինան ինչ-որ մեկին տալու պատրաստակամություն երբեւէ չէր հայտնում: Հիմա արդեն Պուտինի մակարդակով Մոսկվան Արեւմտյան Ուկրաինան համարում է ոչ ռուսական, այսինքն, այլեւս այն Ռուսաստանի կողմից չի պաշտպանվում, նախկին տերերը կարող են վերցնել: Ընդ որում, դա ակնհայտորեն Ռուսաստանի համար ձեռնտու տարբերակ է: Այն իմաստով, որ անգամ ԽՍՀՄ–ի օրոք Արեւմտյան Ուկրաինայի լիակատար ռուսականացման հասնել հնարավոր չեղավ, ու հիմա կարելի է այդ մշտական գլխացավից ազատվել: Ահա այս ֆոնին հարկ է հիշեցնել այն հակամարտության մասին, որը վերջին ժամանակներս գնալով սրվում է Լեհաստանի եւ Ուկրաինայի միջեւ: Ու հիմա, երբ Մոսկվան Լեհաստանի, աենք նաեւ Հունգարիայի և Ռումինիայի, խոշոր հաշվով` ԵՄ–ի առաջ «հնարավորության պատուհան» է բացում, ապա պատմական առիթից օգտվելու շահագրգռվածությունն այդ երկրների համար դառնալու է չափազանց մեծ: Դրա համար ընդամենը պետք է հաշտվել մտքի հետ, որ Դնեպրից արեւելք ընկած տարածքները մնալու են ռուսական ազդեցության գոտում: Ընդ որում, իրար միջեւ, որպես բուֆերային գոտի ունենալով այն, ինչը կմնա Ուկրաինայից:
Թերեւս, սա Եվրոպայի համար շահավետ տարբերակ է: Թեեւ կա այն հարցը, թե ինչպես նման ծրագրերին կվերաբերվի ԱՄՆ–ն: Իհարկե, Թրամփը Պուտինի նման առաջարկը կարող է նաեւ որպես ապտակ ընկալել. նախկինում Մոսկվան իր հետ էր ուկրաինական թեմայով խոսում, հիմա ակնարկում է միանգամայն այլ կուրսի մասին: Բայց մյուս կողմից, Թրամփը կարո՞ղ է ինքնուրույն, առանց Եվրոպային հարցնելու լուծել ուկրաինական հարցը. անցած մեկ տարվա պատմությունը եկավ հուշելու, որ` ոչ: Ու հիմա, եթե կարող է, թող առաջ անցնի Եվրոպայից: Բայց այդ դեպքում ԱՄՆ–ի եւ Եվրոպայի ներքին բախման խորացումը դառնալու է անխուսափելի:
Իսկ ահա Մոսկվային մնում է ուկրաինական ռազմաճակատներում պահպանել ճնշման բարձր մակարդակ` սպասելով, թե Արեւմուտքից ով է գալու վերջնական պայմանավորվածություններ ձեռք բերելու` Թրամփը, թե` Եվրոպան:
դեպի ետ