• am
  • ru
  • en
Версия для печати
13.08.2026

ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ՝ ՉՏՐՎԵԼ ՀԵՐՅՈՒՐԱՆՔՆԵՐԻՆ․ ՄՀԵՐ ԱՐՄԵՆԻԱՆ ՓԱԿԱԳԾԵՐ Է ԲԱՑՈՒՄ

   

Ադրբեջանական Гагашев.Нет ֆեյսբուքյան էջը, որը չի էլ թաքցնում եւ էջի տեղեկատվական բաժնում նշել է, որ տարածում է կեղծ լուրեր, երգիծանք, հումոր ու գրոտեսկ, գրել էր, թե իբրեւ ադրբեջանցի երգչուհի Այշել Մամեդովան «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթում կներկայացնի Արեւմտյան Ադրբեջանը՝ «Զանգեզուրի միջանցք․ խաղաղության երազանքներ» երգով։

«Ինչպես հայտնի է դարձել, «Եվրատեսիլ»-ի կազմկոմիտեն Ադրբեջանից ընդունել է երկու հայտ՝ մեկը՝ Ադրբեջանի Հանրապետությունից, իսկ երկրորդը՝ Արեւմտյան Ադրբեջանից։ Այշելը երգելու է հայ իշխանամետ երգիչ Մհերի հետ՝ ներկայացնելով Արեւմտյան Ադրբեջանի երկու համայնքները։ Ինչպես հայտարարել են անանուն մնալ ցանկացող երաժշտական փորձագետները՝ «մեզ մոտ դեռեւս այսպիսի հանդուրժողականություն չի եղել», - ասված է էջում։

Այսպես ասած, «լուրը» վիրուսային տարածում է գտել նաեւ սոցցանցերի հայկական տիրույթում ու, ամենայն լրջությամբ, մեկնաբանությունների տեղիք տվել, ինչի վերաբերյալ «Իրավունք»-ը զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ ՄՀԵՐ ԱՐՄԵՆԻԱՅԻ (ՄԵՍՐՈՊՅԱՆԻ) հետ։

— Այն, որ ադրբեջանցիները տարածում են կեղծ լուր, թե Դուք երգելու եք «Եվրատեսիլ»-ում ադրբեջանցի երգչուհու հետ՝ ներկայացնելով Հայաստանը, որպես «Արեւմտյան Ադրբեջան», գտնվեցին մարդիկ, որոնք հավատացել էին։ Ի՞նչ կասեք այս մասին։

— Ցավոք, ադրբեջանական դեղին մամուլն իր «գործն» անում է։ Ինձ համար սա շատ ծիծաղելի է, որովհետեւ նման բան չկա ու չի կարող լինել։ Առավել եւս, որ «Եվրատեսիլ»-ի ձեւաչափում սա անհնար է, էլ չասեմ, որ իմ ծրագրերում էլ չկա։ Պարզապես, կոչ եմ անում՝ չտրվել այդ հերյուրանքներին եւ չընդունել այն՝ որպես իրականություն կամ լրջություն տալ դրան։ Ի՞նչ ասեմ, ես միշտ եմ ուշադրության կենտրոնում։ Այդ էջն էլի է աչքովս ընկել, որտեղ աբսուրդային «լուրեր» են տարածում, օրինակ, որ պայմանական ասած՝ Պողոս Պողոսյանը թռել է տիեզերք՝ առանց տիեզերանավ։ Բայց, փաստորեն, կան մարդիկ, որ հավատում են դրան եւ անգամ իմ ծանոթներիցս հարցնում են՝ ճի՞շտ է։

— Ամեն դեպքում, Մհեր Արմենիան, որն Արցախի շրջափակման օրերին ամենօրյա ռեժիմով գրառումներ էր անում, հայտարարություններով հանդես գալիս, որքան էլ այսօր հանդես է գալիս իշխանական դիրքերից՝ կարո՞ղ է երբեւէ հանդես գալ ադրբեջանցու հետ զուգերգով՝ խաղաղության մասին։

— Շատ ճիշտ նշեցիք։ Այո՛, այդ ժամանակ իմ սոցիալական էջերը պայթում էին՝ իմ կոչերով, գրառումներով։ Ինչպես միշտ եղել եմ ակտիվ՝ թե երբ դեմ եմ եղել այս իշխանությանը, այնպես էլ հիմա, երբ կանգնել եմ խաղաղության օրակարգի՝ իշխանության կողքին։ Ես միշտ հրապարակային եմ իմ կարծիքը հայտնում, եթե նման բան լիներ, առաջինը կլսեիք ինձնից։

Երբ ասում եմ, որ պետք է ռեալ հասկանանք մեր իրավիճակը, մեր անելիքները՝ խաղաղության օրակարգ հաստատելով, ինձ հարցնում են՝ դուք ՔՊ ե՞ք։ Հարգելինե՛րս, ես ինքս ղեկավարում եմ կուսակցություն, չեմ կարող լինել «Քաղաքացիական պայմանագրի» անդամ, պարզապես, սատարում եմ այդ կուսակցության ծրագրերին։ Չեմ վախեցել ու չեմ վախենում՝ իմ կարծիքը բարձրաձայնել։

Խաղաղությունը բոլորիս է պետք։ Հերի՛ք է արդեն հայի արյուն թափվի։ Մեր տղաներն այդքան արյուն են թափել, որ այսօր խաղաղություն հաստատվի։ Դժվար շրջան է եղել բոլորիս համար, ունեցել ենք թե՛ տարածքային, թե՛ մարդկային կորուստներ, որը ոչ մի հայ չէր ցանկանա, բայց ունենք այն, ինչ ունենք։ Այո՛, իդեալական իշխանություն չկա, ոչ էլ իդեալական ընդդիմություն, բոլորն ունեցել են իրենց բացթողումները, սխալները։ Միգուցե ընդդիմադիր գործընկերները չհամաձայնվեն ինձ հետ, իրենց իրավունքն է, բայց համարում եմ, որ այսօր պետք է կանգնել ՔՊ կուսակցության կողքին՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ինչը արել եմ բացեիբաց նախընտրական քարոզարշավի ժամանակ։

— Վերադառնանք մշակույթին․ ադրբեջանական սոցցանցերում հրապարակված այս կեղծ լուրի մեջ կարո՞ղ է ճշմարտություն դառնալ այն, որ Դուք ներկայացնեք Հայաստանը «Եվրատեսիլ»-ում։

— Նախ ես, որպես ՀՀ վաստակավոր արտիստ, չեմ տեսնում իմ մասնակցությունը «Եվրատեսիլ»-ում։ Այն ավելի երիտասարդ կատարողների մրցույթ է եւ հնարավորություն, որպեսզի նոր անուններ ծագեն։ Երիտասարդներին պետք է տալ ճանապարհ։ Օրինակ, անցած տարվա մեր մասնակիցը՝ Սիմոնը, ըստ իս, շատ ուժեղ ելույթով հանդես եկավ։ Ցավոք, հաղթեց բուլղարացի աղջիկը։ Ինձ թվում է՝ ժանրային առումով պետք է փոփոխություն տեղի ունենա։ Ես սիրով պատրաստ եմ օգնել «Եվրատեսիլ» գնացող հայաստանյան թիմին կամ ընտրել արտիստին, բայց ոչ ինքս ներկայանալ։

Ի դեպ, գաղափարական առումով ես միշտ դեմ եմ արտահայտվել «Եվրատեսիլ»-ին։ Այո՛, այն արտիստի համար հնարավորություն է, բայց կան բաներ, որոնք ինձ ընդհանրապես դուր չի գալիս։ Ես ժամանակին շատ կատեգորիկ բացասական կարծիքի եմ եղել, թե արդյոք այդ մրցույթը պետք է մեր պետությանը, արդյոք պետք է Հանրային հեռուստաընկերությունը մեծ գումարներ վճարի դրա համար։ Հիմա գտնում եմ, որ այդ ամենն արդարացված կլինի, եթե լինի որակով երաժշտություն, որակով արտիստ, որակով ասելիք։ Այսինքն՝ թքած, թե ինչ է պրոպագանդվում այդ բեմում, մենք պետք է հանդես գանք մեր ասելիքով։ Այդ բեմն օգտագործենք՝ ի շահ Հայաստանի անունը բարձր պահելու։ Մարդը փոխվում է, նրա հայացքները եւս, ինքս շատ հարցեր վերանայել եմ։

— Հուսանք՝ դա չի վերաբերում ադրբեջանցու հետ զուգերգ կատարելուն կամ ադրբեջանական երգ երգելուն․․․

— Բացարձակ՝ ոչ։ Բայց պատմեմ հակառակի մասին․ 10 տարի առաջ ադրբեջանցի հայտնի երգչուհի Բրիլյանտ Դադաշովան «Մգեր Արմենիա» փրոդաքշնի կողմից ստեղծված իմ եւ Ռոզա Ֆիլբերգի «Мой отец» երգը կատարել է ու տեղադրել իր յութուբյան էջում։ Ես բավականին երկար լռել եմ այս մասին։ Իրենք նման հարցերով միշտ դիմում են դատարաններ, Յութուբին բողոքներ ուղարկում, իսկ ես մտածեցի՝ կոնֆլիկտ չհրահրել, թող իրենք մեր երգերը երգեն։ Մինչեւ հիմա այդ երգը կա Դադաշովայի յութուբյան ալիքում։ Սրանով ես եւս մեկ անգամ ուզում էի ցույց տալ, որ մենք չենք ուզում մշակույթը քաղաքականացվի, ուզում է երգել, թող երգի, դրանից չենք նեղվում։

— Ի դեպ, վերջերս եք վերադարձել Եսենտուկից, որտեղ մասնակցում էիք կինոփառատոնի։ Ի՞նչ արդյունքներով եք վերադարձել։

— Եսենտուկի քաղաքում «Մգեր Արմենիա» փրոդաքշնը ներկայացրեց Հայաստանը «Хрустальный источник» կինոփառատոնին։ Անցած տարի նույն մրցույթում «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթողը մենք էինք։ Իսկ այս տարի ընդհանրապես որեւէ մրցանակի չարժանացանք։ Այնտեղ ակնարկեցին, որ հաշվի առնելով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ քաղաքական, տնտեսական լարվածությունը՝ մենք ձեզ մրցանակ չենք տա։ Մինչդեռ մեր ֆիլմը՝ ստեղծված երեխաների կողմից, շատ սիրուն էր։ Ֆիլմում մենք ներկայացրել էինք գաղափարը, որ ՌԴ նախագահի կողմից 2026 թվականը հայտարարվել է Ռուսաստանի ժողովուրդների միասնության տարի։ Սա անտեսելը եւ քաղաքականացնելն, ըստ իս, սխալ էր։ Կարծում եմ՝ այս փառատոնը վերջնականապես վախճանվեց, որն, ի դեպ, այլեւս չի ֆինանսավորում ՌԴ մշակութային նախաձեռնությունների նախագահական հիմնադրամից։

— Իսկ ինչպե՞ս եք տեսնում Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը։ ՌԴ-ից հստակ ազդակներ են հնչում, որ հանրաքվե արեք, տեսնենք, թե ո՞ւմ կողմից եք։

— Համարում եմ, որ հիմա ժամանակը չէ որեւէ հանրաքվեի։ Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ինձ համար այն միշտ մնում է կարեւոր ու առաջնային՝ թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա, թե՛ վաղը։ Վստահ եմ, որ բոլոր սուր անկյունները կանցնեն, խնդիրները կլուծվեն, ամեն հարց կկարգավորվի։ Մենք պետք է շարունակենք բնականոն մեր կյանքը՝ բոլոր երկրների հետ ունենալով բարիդրացիական հարաբերություններ։

Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com


դեպի ետ