• am
  • ru
  • en
Версия для печати
01.07.2015

ՍԱԿԱԳՆԻՆ ՊԵՏՔ Է ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ՄՈՏԵՑՈՒՄ

   

Թեեւ հոսանքի նոր սակագնի թեման դեռ գտնվում է հանրային բողոքների կիզակետում, այնուամենայնիվ խնդրի զուտ տնտեսական կողմը եւս օրակարգային է: Համենայնդեպս այն, որ նախատեսվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աուդիտ, այդ թվում՝ ռուսական կողմի մասնակցությամբ, արդեն իսկ ակնարկ է, որ տնտեսական հարթակում համակարգի հետ կապված պարզելու դեռ շատ հարցեր կան: Մի խոսքով՝ ինչո՞վ է այս իրավիճակը պայմանավորված, եւ դեպի ո՞ւր է գնում այս խորքային պատմությունը, փորձեցինք պարզել ՀՀ վերահսկիչ պալատի հիմնադիր նախագահ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻՑ:

Առաջին հերթին իհարկե չի կարելի հաշվի չառնել, որ տեղի է ունեցել դրամի փոխարժեքի նկատելի փոփոխություն, որի արդյունքում բոլոր այն ապրանքատեսակները, որոնք ներկրվում են արտերկից, մոտ քսան տոկոսով թանկացել են: Եվ հաշվի առնելով, որ բաշխիչ համակարգի հասույթը ստացվում է բացառապես դրամով, փոխարժեքային այդ տատանումը չէր կարող իր որոշակի դերը չունենալ. ի վերջո չմոռանանք, որ դեռ ձմռանը Հայաստան ներկրվող գրեթե բոլոր ապրանքները նույն փոխարժեքի պատճառով որոշակիորեն թանկացան:

Ընդ որում՝ փոխարժեքի այդ խնդիրն ազդում է նաեւ արտադրող կայանների վրա. գազի գինը հայաստանյան սահմանին ԵՏՄ անդամ դառնալուց հետո թեեւ իջավ մինչեւ 165 դոլար, բայց դա միայն գազ ներկրողի համար էր փոխարժեքի այդ տատանման հարցը լուծում: Իսկ ահա խոշոր արտադրական սպառողների համար, որոնք սպառում են ամսական 1000 խմ-ից ավելի գազ, գազի գինը մնաց նույնը՝ 277 դոլարին համարժեք դրամ: Այսինքն՝ թեեւ ՀՀ դրամի փոխարժեքը նվազեց, ՋԷԿ-երի ծախսերը չիջան: Այսինքն՝ կարգավորումը պետք է լինի համակարգված:

Կցանկանայի անդրադառնալ նաեւ ՀԷՑ-ի հայտարարությանը, ըստ որի՝ 1999-2009թթ. սպառողի համար էլեկտրաէներգիայի գինը չեն փոխել: Բայց չէ՞ որ 2003թ. 1 դոլարի միջին փոխարժեքը եղել է 580 դրամ, 2008թ. դարձել է 305, այսինքն գրեթե երկու անգամ դրամը ամրացել էր, դա նշանակում է որ իրենց դոլարային արտահայտությամբ հասույթը մոտ երկու անգամ աճել էր այդ տարիներին: Ի դեպ՝ դոլարի փոխարժեքը մինչեւ 2012թ. չգերազանցեց 400 դրամը եւ մինչեւ հիմա չի գերազանցել 500 դրամ մակարդակը, որով նրանք աշխատում էին մինչեւ 2005թ.: Եվ այդ իրավիճակը ոչ միայն շատ նպաստավոր էր տարադրամային բարձր եկամուտներ ստանալու, այլ նաեւ արտասահմանյան սարքավորումների ներմուծումը եւս շատ ձեռնտու էր: Այդ իսկ պատճառով գների անփոփոխ լինելը ցցելը, որ գիտեք` ինչ կա, մենք սակագինը չենք փոխել երկար տարիներ, եւ դա է պատճառը, որ հիմա այսքան մեծ է փոփոխությունը, այդպես չէ:

- Այնուամենայնիվ՝ հիմա խոսվում է ցանցերում աուդիտ անցկացնելու մասին, հենց որն էլ այդ կարգի բոլոր նրբերանգները կարող է պարզել:

- Աուդիտի անցկացումն անհրաժեշտ է: Տարբերակներից մեկն այն է, որ աուդիտը կարող են համատեղ իրականացվել ՌԴ հաշվիչ պալատը եւ ՀՀ վերահսկիչ պալատը՝ ներգրավելով նաեւ հանրության լիակատար վստահությունը վայելող ներկայացուցիչների, որպեսզի արդյունքները համոզիչ լինեն բոլորի համար: Սա, թերեւս, լավագույն տարբերակը կլիներ, հաշվի առնելով, որ միջազգային աուդիտորական կազմակերպություն հրավիրելու դեպքում կունենանք ընդամենը հաշվապահական աուդիտ: Իսկ նման աուդիտի դեպքում առաջին հերթին նայում են, թե՝ համապատասխանո՞ւմ է հաշվապահությունը միջազգային ստանդարտներին, բոլոր ծախսերը արտացոլվա՞ծ են արդյոք հաշիվներում, թե ոչ, ճի՞շտ է հաշվարկված հասույթը, եկամուտը եւ շահույթը, հարկային պարտավորությունները: Մինչդեռ, ասենք՝ արդյունավե՞տ եւ հիմնավորվա՞ծ են արդյոք կառավարիչների չափազանց բարձր աշխատավարձերը, կատարված գնումները համապատասխանո՞ւմ են շուկայական գներին, որպես կանոն, դրանք չեն գնահատվում: Այսինքն՝ համեմատական կամ արդյունավետության աուդիտ աուդիտորական կազմակերպությունները փաստացի չեն իրականացնում:

Մինչդեռ՝ կարեւորագույն սկզբունքը հետեւյալն է. գնագոյացման համար պետք է հաշվի առնել ոչ թե այն ծախսերը, որոնք արդեն իրականացվել են, այլ այն ծախսերը, որոնք պետք են անհրաժեշտ քանակի էներգիա արտադրելու համար՝ ելնելով դրանում ատոմային, հիդրո եւ ջերմային էլեկտրաէներգիայի արդյունավետ կառուցվածքից: Անշուշտ՝ նախապատվությունը տալով այն կայաններին, որտեղ ծախսերը ցածր են եւ հզորությունը՝ բարձր, հիդրոկայանների համար հաշվի առնելով ոչ թե մեկ չորային տարին, այլ մի քանի տարվա միջին ցուցանիշը եւ այդպես շարունակ: Սա հիմնարար սկզբունք է էկոնոմիկայում` առաջին հերթին հաշվի առնել ոչ թե արդեն իրականացված ծախսերը, այլ անհրաժեշտ ծավալի վերարտադրության համար արդյունավետ ձեւով իրականացվող ծախսերը:

Երկրորդ` էներգակիրների գների հիմնախնդիրը պետք է համակարգված եւ միասին լուծել, եւ երրորդ` պետք է պարտադիր լիարժեքորեն փոխհատուցել անապահով խավերին: Այդ բոլոր գործոնները հաշվի առնելով է, որ կարող ենք ունենալ ոչ միայն օբյեկտիվ սակագին, այլ նաեւ այդ հիմքի վրա արդյունավետ գործող էներգետիկ համակարգ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

http://iravunk.com/index.php?option=com_content&view=article&id=28228:2015-06-30-10-45-01&catid=52:tntesutyun&Itemid=116


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր