• am
  • ru
  • en
Версия для печати
06.11.2015

ՄԵԾ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ ԼՈՒՐՋ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ

Руский

   

«Մանարա» աշխարհաքաղաքական հետազոտությունների գործակալություն

Վերջին ժամանակներս Մեծ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները շատ փորձագետների և վերլուծաբանների ստիպում են մտորել դրանց իրական բնույթի մասին։ Քանի որ այս կարևոր ենթաշրջանն արագ գալիս է բիֆուրկացիայի այնպիսի կետի, երբ իրավիճակը հակառակ հուն մտցնելը գրեթե անհնար է դառնում։

Վարկած առաջին. իրադարձությունների պատահական, ոչ մեկի կողմից չհամակարգվող հոսք.- Առաջին վարկածը բավական հրապուրիչ է թվում, քանի որ բավական պարզ է և հարմար։ Իսկապես, ինչը կարող է ավելի պարզ լինել. Վաշինգտոնը, Լոնդոնը, Բրյուսելը, Մոսկվան, Պեկինը՝ բոլորն էլ այնքան են խճճվել ու խաղով տարվել, որ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից և ասես ինքնահոսի է մատնվել։ Ծայրահեղական խմբավորումները գործում են իրենց սեփական նեղ շահերից ելնելով։ Տարածաշրջանային տերությունները փորձում են կանգնեցնել նրանց։ Իսկ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ գծով նրա դաշնակիցները կարծես թե օգնում են նրանց այդ գործում։

Կարծես թե ամեն բան ակնհայտ է, բայց շատ հարցեր են մնում։ Օրինակ, ինչո՞ւ վիթխարի ռեսուրսներ ունենալով հանդերձ՝ արևմտյան տերությունները չեն կարողանում կանգնեցնել արմատական խոշոր խմբավորումների, առաջին հերթին՝ ԻԼԻՊ-ի և «Ջաբհաթ ան-Նուսրիի» առաջխաղացումը։ Ընդ որում՝ երբեմն զինյալներին անգամ աջակցություն է ցուցաբերվում՝ կամ «սխալմամբ» (ինչպես ԻԼԻՊ-ի դեպքում է), կամ նույնիսկ որոշակի անուղղակի նպատակով («Ան-Նուսրիի» օգտագործումը Դամասկոսին դիմակայող «Ջեյշ ալ-Ֆաթհ» դաշինքում)։

Կամ՝ ինչո՞ւ ՆԱՏՕ-ն չի կարող ճնշում գործադրել ռազմական այդ դաշինքի մեջ մտնող Թուրքիայի վրա կամ գոնե օգնել նրան՝ փակել Սիրիայի հետ սահմաններն այդ նույն ԻԼԻՊ շարքերում նորակոչիկների անընդհատ հոսքը դադարեցնելու նպատակով։ Առավել ևս անհասկանալի է, թե ինչպես վերջինը կարող է հանգիստ վաճառել բնական պաշարների այդպիսի հսկայական քանակություն, թեկուզև մաքսանենգներին։ Անհնար է հավատալ, որ ոչ ոք ի վիճակի չէ դադարեցնել այդ անլեգալ բիզնեսը. արդի բարձրտեխնոլոգիական դարաշրջանի համար դա ակնհայտ անհեթեթություն է թվում։

Չես կարող չհարցնել նաև, թե ինչու Վաշինգտոնը հանկարծ կտրուկ փոխեց վերաբերմունքն Իրանի հանդեպ, որն ամերիկյան շահերի առաջին և գլխավոր թշնամին էր Մերձավոր Արևելքում։ Ընդ որում՝ վերաբերմունքը տարածաշրջանում վաղեմի և մերձավոր դաշնակիցների հանդեպ՝ հանձինս արաբական միապետությունների, պարզապես անճանաչելիորեն է փոխվում։ Օրինակ, Բահրեյնին, որտեղ տեղակայված է ԱՄՆ ՌԾՈւ Հինգերորդ նավատորմը, Սպիտակ տունը վերջնագիր է ներկայացրել՝ սպառնալով վերատեղակայել իր ռազմանավերն այլ տեղում։

Կարելի է նման շատ հարցեր տալ։ Եվ իհարկե, օբյեկտիվ մոտեցման պարագայում անգամ անզեն աչքով տեսանելի է, որ «պատահական անկառավարելի քաոսի» վարկածը ոչ մի քննադատության չի դիմանում։ Հազիվ թե կասկածներ հարուցի այն փաստը, որ կատարվող գործընթացների մի մասը և՛ վերահսկվում, և՛ կառավարվում է որոշակի ուժերի կողմից։

Վարկած երկրորդ. տարածաշրջանի «փոխակերպում»՝ հօգուտ ԱՄՆ-ում կառավարող «Օբամայի թիմի».- Երկրորդ վարկածն, անշուշտ, ավելի հավանական և տրամաբանական է թվում։ Իսկապես, ամերիկյան նախագահը, իհարկե, «միայնակ գայլ» չէ։ Նրա թիկունքում, անկասկած, որոշակի ուժեր և ընտանեկան կլաններ են կանգնած, կամ, եթե կուզեք, «թիմ», որի անունից էլ նա հանդես է գալիս։ Դա նույնքան ակնհայտ է, որքան և այն, որ ցանկացած «մենակ մարդ» այդօրինակ պետության ղեկավարի պաշտոնում պարզապես դատապարտված է անհաջողության։ Այսպիսով, եթե չանտեսենք այս աքսիոմը, հետևություններն արվում են ինքնըստինքյան. «Օբամայի թիմը», հայտնվելով աշխարհի առայժմ խոշորագույն տերության ղեկին, անշուշտ, կսկսի առաջ մղել ոչ միայն համամերիկյան շահերը, այլ նաև իր սեփականը։ Եվ հաշվի առնելով այն, որ այդ թիմն իշխանության է եկել Ջ.Բուշ-կրտսերի երկու ժամկետից հետո, որը միանգամայն այլ ուժեր էր ներկայացնում, տրամաբանական է ենթադրել, որ որոշ հարցերում այդ ուժերի շահերը բնավ նույնը չեն։

Այդ հարցերից մեկն, օրինակ, նավթարդյունաբերական համալիրն է։ Ինչպես հայտնի է, Բուշերի կլանը և «նեոկոնսերվատորների թիմը», որն էլ, ըստ էության, ղեկավարում էր Սպիտակ տունը մինչև Օբաման, սերտորեն կապված են այն ամենին, ինչը կապված է նավթի հետ։ Եվ մի՞թե զարմանալի է, որ հենց այդ ուժն էր պաշտպանում Իրաք ներխուժումը։ Իրենց ձեռքը վերցնելով այդքան խոշոր նավթաբեր տարածքը՝ «հանրապետական նեոկոնները», բնականաբար, այնտեղ իշխանության բերեցին իրենց կողմից վերահսկվող ռեժիմ։

Եթե նայելու լինենք այն ժամանակվա ընդհանուր պատկերին, ապա կտեսնենք, որ արաբական (և ոչ միայն) երկրներից շատերը կապված էին հենց «հանրապետականներին», այլ ոչ թե այլ ուժերի. Բեն Ալիի ժամանակվա Թունիս, Մուբարաքի ժամանակվա Եգիպտոս, Սալեհի ժամանակվա Եմեն և, իհարկե, արաբական այնպիսի միապետություններ, ինչպիսին են Սաուդյան Արաբիան և Բահրեյնը։

Ի՞նչ է փոխվել Օբամայի իշխանության գալուց հետո։ Եթե միայն փաստերը թվարկենք, ապա նրանք իրենք կվկայեն իրենց մասին.

ա. Թունիսի, Եմենի և Եգիպտոսի ռեժիմները փոխվեցին (թեև Եգիպտոսում շուտով ռազմական հեղաշրջում տեղի ունեցավ);

բ. Լիբիայում վերացվեց Քադաֆին (որը ոչ մեկի կողմից ուղղակի չէր վերահսկվում, ուստիև ոչ մեկին հարմար չէր);

գ. Սիրիայում շարունակվում են դաժան մարտական գործողությունները (պաշտոնական Դամասկոսը նույնպես չի վերահսկվում որևէ մեկի կողմից, ավելին՝ սիրիական իշխանությունները դեռ մի բան էլ մտնում են Իրանի հետ դաշինքի մեջ);

դ. Իրաքում պաշտոնից հեռացել է ալ-Մալիքին, որն իշխանության էր եկել Բուշի ժամանակների վաշինգտոնյան սվինների վրա։

Եվ սա դեռ ամենը չէ։ Օբամայի կառավարման ընթացքում փոխվել են «հանրապետականամետ» ռեժիմներն այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսին են Վրաստանը (Սաակաշվիլի), Կոսովոն (Թաչի), Աֆղանստանը (Քարզայ) և այլն։ Եվ գրեթե ոչ մի տեղ «հետբուշյան» Վաշինգտոնը ոչ միայն չէր ընդդիմանում իշխանափոխությանը, այլև, ընդհակառակը, հաճախ ողջունում կամ նույնիսկ նպաստում էր դրան։ Իբր իրենց դարն ապրած և այդ պատճառով արդեն անհարմար ռեժիմների փոփոխությամբ միայն այս փաստերը չես բացատրի։ Ակնհայտ օրինաչափություն կա։ Եվ եթե համաշխարհային աշխարհաքաղաքական «խաղացողներին» «դարակներում դասավորենք», ապա ամեն բան իր տեղն է ընկնում։ Այս դեպքում Բահրեյնի իշխանություններին ներկայացված վերջնագիրն էլ է հստակ տեղավորվում այս բավական պարզ պատկերում։

Վարկած երրորդ. նորանոր կոնֆլիկտային կետերի միտումնավոր ստեղծում՝ աշխարհաքաղաքական մրցակիցների «ձեռքերը կապելու» նպատակով.- Եվ այնուամենայնիվ, միայն աշխարհաքաղաքական պայքարով հազիվ թե կարելի լինի բացատրել այն, ինչ տեղի է ունենում այժմ ողջ աշխարհում։ Եվ պատճառներն այստեղ, մեր կարծիքով, մի քանիսն են։

Մասնավորապես, պետք է հիշել այն մասին, որ բացի երկու «ներամերիկյան խաղացողներից»՝ այլ ուժեր էլ գոյություն ունեն։ Օրինակ՝ Եվրամիությունը։

Այո, իհարկե, ԱՄՆ-ը բավական էական դեր է խաղում եվրոպական կառույցներում։ Բայց Սպիտակ տունն արդեն ի վիճակի չէ լիովին վերահսկել այդ ուժը։ Եվ դրա համար էլ ավելի հաճախ են հնչում ձայներ, երբեմն էլ իրականացվում են որոշակի փորձեր՝ դուրս գալու ամերիկյան վերահսկողությունից։ Եվ եթե բավականաչափ թվով եվրոպացիներ դժգոհ են Վաշինգտոնի հեգեմոնիայից, ապա էլ ինչ կարող ենք ասել Ռուսաստանի, Չինաստանի, Լատինական Ամերիկայի երկրների, Հնդկաստանի, Իրանի, ՀԱՀ-ի և այլ պետությունների մասին։ Իրենց տարածաշրջանում այս երկրներից յուրաքանչյուրը լուրջ ուժ է հանդիսանում։ Իսկ նրանց միավորումը մեկ վերպետական կառույցում արդեն մեծ սպառնալիք է ներկայացնում ամերիկյան շահերին։

Այս առնչությամբ, վերահսկողության սահմանումը կամ գոնե այս պետություններից յուրաքանչյուրի թուլացումը (ավելի լավ կլիներ՝ երկուսը միասին) արտաքին քաղաքական գլխավոր խնդիրներից մեկն է, որն այսօր կանգնած է Սպիտակ տան առջև։ Եվ դա կարելի է իրականացնել ամենատարբեր միջոցներով՝ քաղաքական ու տնտեսականից մինչև ռազմական։

Քաղաքական մեթոդների օրինակ կարելի է համարել այն, ինչը տեղի է ունենում Մակեդոնիայում, որի իշխանությունները խողովակաշարերի հարցում պաշտպանում են այն տեսակետը, որը հարմար չէ Վաշինգտոնին։ Ընդ որում՝ ամերիկյան դիվանագիտական առաքելության պաշտոնական ներկայացուցիչներն այդ երկրում համարյա թե բացահայտորեն սատարում են տեղի ընդդիմությանը։

Տնտեսական լծակները Ռուսաստանի բնակիչներն զգում են արդեն անցած տարվանից, և մտցված պատժամիջոցները ոչ միայն չեն հանվում, այլև, ընդհակառակը, էլ ավելի են սաստկացվում։ Ընդ որում՝ պատժամիջոցները հարվածում են ոչ միայն Ռուսաստանին, այլ նաև Եվրոպային, և այդպիսով «միանգամից մի քանի նապաստակ է խփվում»։

Հիշատակենք նաև տնտեսական ճնշման այնպիսի տեսակի մասին, ինչպիսին է Վաշինգտոնին ձեռնտու նախագծերի լոբբինգը՝ կապված էներգառեսուրսների մատակարարումների հետ։ Եվ ընդհակառակը, ստիպում են մերժել այն խողովակաշարերը, որոնք սպառնում են աշխարհում ԱՄՆ հեգեմոնիային։ Ընդհանրապես, շատ փորձագետներ այս գործոնը համարում են հիմնարարներից մեկը ռազմական հակամարտությունների և դիմակայությունների մեծամասնության համար։ Եվ շատ հավանական է, որ այս կարծիքը հեռու չէ ճշմարտությունից։ Թեև, իհարկե, տնտեսական իրավիճակը Միացյալ Նահանգներում այնպիսին է, որ ամենայն հավանականությամբ անհնար է ամերիկյան տնտեսությունը փրկել միայն մատակարարումների երթուղիները փոխելով։

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ եթե քաղաքական և տնտեսական ոլորտներում Սպիտակ տունը հաճախ նույնիսկ «չի էլ թաքցնում իր դեմքը», ապա մարտական գործողությունները փոքր-ինչ այլ ոլորտ են։ Եվ հենց սրանում է «Օբամայի թիմի» գլխավոր տարբերություններից մեկը «նեոկոնսերվատորներից»։ Վերջինները հաճախ տառացիորեն ճակատային գրոհի են գնում՝ իրենց ճանապարհին սրբել-տանելով ամեն բան և ուշադրություն չդարձնելով ոչ միջազգային արձագանքին, ոչ իմիջի կորուստներին։ Իսկ ներկայիս ամերիկյան վարչակազմը գործում է միանգամայն այլ մեթոդներով։ Վերցնենք, օրինակ, իշխանափոխությունը Լիբիայում. այնտեղ, ուր «հանրապետական նեոկոնները» կխցկվեին ձեռքուոտքով, «Օբամայի թիմը» պարզապես սեղմում էր հարկավոր կոճակը։

Ելնելով սրանից՝ կարելի է անել հետևյալ կարևոր եզրահանգումը. մի կողմից՝ Սպիտակ տունն օգտագործում է ոչ ուղղակի ռազմական ներգործություն այս կամ այն ռեժիմը պահելու կամ փոխելու համար, մյուս կողմից՝ լարվածության երկար գործող օջախների ստեղծումն օգնում է Վաշինգտոնին զսպել և թուլացնել իր աշխարհաքաղաքական մրցակիցներին։

Վերջին պնդումն աստիճանաբար ավելի տեսանելի ուրվագծեր է ստանում։ Օրինակ, ռազմական գործողություններն Ուկրաինայում «կապում» են միանգամից երկու ուժերի ձեռքերը՝ Եվրոպայի և Ռուսաստանի։ Ավելին, այդ հակամարտությունը միևնույն ժամանակ նրանց վանում է մեկը մյուսից, առիթ է հանդիսանում տնտեսական ճնշման ուժեղացման համար և խանգարում է Եվրասիական միության զարգացմանը։

Քաոսի ստեղծումը Լիբիայում, Իրաքում և Սիրիայում հանգեցնում է դեպի Եվրոպա փախստականների հոսքի ավելացմանը։ Արդյունքում՝ եվրոպացիները նույնիսկ սկսել են իրենց ռազմական գործողությունն ընդդեմ մաքսանենգների, ինչը վկայում է ավելի քան իրական խնդիրների մասին, որոնց բախվել են ԵՄ երկրները։

Պատերազմը Եմենում ներքաշեց Սաուդյան Արաբիային և մասամբ մի քանի այլ պետությունների։ Ընդ որում՝ եմենյան կոնֆլիկտը շատ հարցերում արտասովոր է և ոչ միանշանակ։ Բայց որ ամենագլխավորն է՝ որոշ պետությունների, առաջին հերթին՝ սաուդյան թագավորության համար այն կարող է հանգեցնել շատ լուրջ հետևանքների։

Եվ այստեղ հարկ է ավելի մանրամասն անդրադարձ կատարել...

Վարկած չորրորդ. քաոս և/կամ փլուզում.- Սաուդյան Արաբիայի թագավորությունում ստեղծվող իրավիճակը դառնում է այնքան բարդ և խճճված, որ, թերևս, արդեն իրենք՝ կառավարող դինաստիայի անդամներն էլ չեն հասկանում, թե ինչպես գլուխ հանեն դրանից։ Այստեղից էլ, հավանաբար, նրանց տատանումները՝ Թուրքիայից և Եգիպտոսից մինչև Պակիստան ու Սենեգալ։

Այսօր Էր Ռիյադն արդեն երեք իրական սպառնալիք ունի, որոնցից հազիվ թե կարողանա պաշտպանվել ինքնուրույն։

Առաջին վտանգը, գուցե, ամենալուրջը չէ, բայց որոշակի հանգամանքներում լիովին կարող է դառնալ այդպիսին։ Խոսքը ԻԼԻՊ խմբավորման ազդեցության տարածման մասին է։ Ընդ որում՝ մի կողմից՝ դա արտաքին սպառնալիք է (մի քանի անգամ զինյալները նույնիսկ գնդակոծել են սաուդյան սահմանն Իրաքի կողմից), մյուս կողմից՝ ծայրահեղականների գաղափարախոսությունն ավելի ու ավելի մեծ թվով սաուդահպատակների է ներգրավում։ Թագավորությունում արդեն կազմավորված են ԻԼԻՊ խմբեր (կամ, որ ավելի հավանական է, արմատականների մինչ այդ գոյություն ունեցող խմբերը պարզապես հայտարարել են այդ խմբավորմանը միանալու մասին)։ Բանը նրան է հասել, որ այդ օղակները մեկը մյուսի հետևից երկու ահաբեկչական գործողություն են կազմակերպել, ինչը վաղուց չէր եղել այդ երկրում։ Ընդ որում՝ հայտնի չէ, թե որտեղ «կպայթի» հաջորդ անգամ և ինչպես պայքարել դրա դեմ՝ հաշվի առնելով այն, որ սաուդյան երիտասարդությունն էլ ավելի է հիասթափվում երկրի ղեկավարության հարցում և ասես մագնիսի պես ձգվում է դեպի ԻԼԻՊ «սև անցքը»։

Երկրորդ և առայժմ առավել մեծ սպառնալիքն Էր Ռիյադի համար, անշուշտ, Եմենում տիրող իրավիճակն է։ Ընդ որում՝ սաուդյան իշխանություններն այստեղ միայն իրենց պետք է մեղադրեն։ Չկարողանալով քաղաքական լուրջ ազդեցության հասնել իրենց հարավային հարևանների մոտ՝ Սաուդյան Արաբիայի թագավորության ղեկավարությունն ավելի լավ բան չգտավ եմենյան քաղաքները ռմբակոծելուց բացի։ Դրանով նրանք իրենց դեմ լարեցին անգամ նրանց, ովքեր սկզբում դեմ էին «Անսար Ալլահ» շարժման ապստամբներին։ Եթե Էր Ռիյադը կարծում էր, թե պատերազմը Եմենում կարելի է շահել միայն ՌՕՈւ օգնությամբ, ապա խորապես սխալվում էր։ Եվ անգամ եթե ցամաքային գործողություն սկսվի, դա հազիվ թե հանգեցնի ինչ-որ որոշակի արդյունքի։ Եմենի ամբողջ պատմությունը ցույց է տալիս, թե ինչ կնշանակի ցամաքային պատերազմն այդ երկրում։ Արդյունքում՝ սաուդյան իշխանությունները հայտնվել են բարդ դրության մեջ. հեռանալ՝ նշանակում է կորցնել այն ամենը, ինչ ունեին մինչ այդ, մնալ՝ կնշանակի շարունակել կամ նույնիսկ ուժեղացնել ռազմական գործողություններն անկանխատեսելի արդյունքով։

Վերջապես, երրորդ սպառնալիքը դարձավ անսպասելի հարվածը երկրի ներսից՝ Նաջրան նահանգում։ Անսպասելի էր անգամ ոչ այնքան ինքը՝ հարվածը, որքան տեղը, որտեղ այն հասցվեց։ Բանն այն է, որ բոլորն սպասում էին երկրի շիա բնակչության ակտիվություն արևելյան նահանգներում։ Բայց պարզվեց, որ Էր Ռիյադը բախվեց նրանց հետ, ովքեր կարող են ոչ թե պարզապես մեկ-երկու խոցում իրականացնել, և դրանով ամեն բան կավարտվի։ Ոչ, ամեն բան շատ ավելի լուրջ է. «Ահրար ան-Նաջրան» շարժումը, որն արդեն հայտարարել է իր հողերի անկախության մասին, ամենայն հավանականությամբ, կսկսի համակարգել ռազմական գործողությունները եմենյան ապստամբների հետ։ Իսկ դա նշանակում է, որ մարտական գործողություններն արդեն տեղափոխվել են Սաուդյան Արաբիայի տարածք՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով։

Այս ամենը տրամաբանական հարց է առաջացնում. իսկ որտե՞ղ են ամերիկացիները։ Որտե՞ղ են Էր Ռիյադի՝ թվում է, թե մերձավորագույն դաշնակիցները։ Ինչո՞ւ գրեթե ոչինչ չեն ձեռնարկում ռեժիմի փրկության համար։

Պատասխանի տարբերակներից մեկը կարող էր լինել վերը նշված երկրորդ վարկածը՝ «Օբամայի թիմը» խլում է հողը «հանրապետականամետ ռեժիմի» ոտքերի տակից։ Եվ սա ինչ-որ չափով, հավանաբար, համապատասխանում է իրականությանը։ Բայց մյուս կողմից՝ իշխանությունը Սաուդյան Արաբիայում արդեն այն չէ, ինչ մի փոքր առաջ՝ Աբդալա թագավորի ժամանակներում։ Նոր միապետ Սալմանը ցույց տվեց, որ ընդհանուր առմամբ պատրաստ է փոխզիջման գնալ և անգամ սկսել է մերձենալ Թուրքիայի և Կատարի հետ։ Այսինքն՝ այն երկրների հետ, որոնք մերձավորարևելյան «վերալիցքավորման» սկզբից ևեթ ընթանում էին Վաշինգտոնի կուրսով։

Այս առնչությամբ առաջին պլան է մղվում ևս մեկ վարկած՝ «Օբամայի թիմը» ոչ միայն պարզապես փորձում է դեպի իրեն վերակողմնորոշել ռեժիմները, ոչ միայն պարզապես փորձում է ստեղծել լարվածության օջախներ երկրագնդով մեկ, այլև ձգտում է վերաձևել ամբողջ Մեծ Մերձավոր Արևելքի սահմանները։ Նման պլաններն իրականում լավ հայտնի են, և կտորների վերածված տարածաշրջանի քարտեզները հասանելի են ինտերնետի ցանկացած օգտատիրոջ։ Լիբիան, Սիրիան և Իրաքն արդեն գրեթե փլուզված են։ Հերթի մեջ է Սաուդյան Արաբիա՞ն։ Հետո Եգիպտո՞սը, Թուրքիա՞ն, Պակիստա՞նը, Իրա՞նը։

Ամենավտանգավոր՝ հինգերորդ վարկած.- Արդյունքում՝ աշխարհը կարող է հայտնվել ահավոր վատ և պայթյունավտանգ իրավիճակում. սահմանների վերաձևումն, իհարկե, մարտական բախումները չի կանգնեցնի։ Մինչդեռ, ողջ երկրագնդով մեկ ջրի երես դուրս կգան մեծ ու փոքր, ակտիվ և դանդաղ ընթացող ռազմական հակամարտություններ։ Բայց ամենավտանգավորը կարող է դառնալ այդ բոլոր հակամարտությունների «հավաքումը» մեծ տարածաշրջանային պատերազմների մեջ, որոնք, իրենց հերթին, կարող են դառնալ մեկ մեծ համաշխարհային դիմակայության նախակարապետը։

Եվ ակնհայտ է, որ նրանք, ովքեր կանգնած են նման պլանների հետևում, իհարկե, դրան չեն մասնակցելու։ Այդ պատճառով նրանք ամբողջ ուժով պետք է լուծեն երկու հիմնական հարց.

ա. Որքան հնարավոր է շատ «պատերազմների խարույկների» հրահրում առավել կարևոր, առանցքային տարածաշրջաններում։

Այս հարցի լուծումը, ըստ էության, գործի է դրվել ամբողջ թափով՝ Ուկրաինա, Սիրիա, Իրաք, Եմեն, Լիբիա, Սոմալի, Աֆղանստան։ Այս երկրները, ըստ էության, արդեն մարտադաշտերի են վերածված, ընդ որում՝ դրանց մի մասում միաժամանակ մի քանի կողմ է մասնակցում։

Ընդ որում՝ արժե Աֆղանստանն առանձին հիշատակել, քանի որ իրավիճակն այդ երկրում փոխվում է օր օրի։ Եվ պատերազմն արդեն սպառնում է Միջին Ասիայի առնվազն երկու պետության՝ Տաջիկստանին և Թուրքմենստանին։

Փաստորեն, մարտական գործողություններ կարող են սկսվել արդեն հիշատակված Սաուդյան Արաբիայում, ինչը կարող է առաջ բերել «դոմինոյի էֆեկտ» ամբողջ Արաբական թերակղզու համար։

Իրավիճակի սրման հավանականություն կա նաև Թուրքիայում, նախևառաջ, իհարկե, կապված քրդական հարցի հետ։

Եվրամիությանն սպառնում է ևս մեկ բալկանյան պատերազմի ուրվականը, որը կարող է շոշափել, առնվազն, հետևյալ պետությունները՝ Մակեդոնիա, Ալբանիա, Սերբիա և Կոսովո, Չեռնոգորիա։

Չինաստանը նույնպես իր պոտենցիալ խոցելի կետերն ունի, ընդ որում՝ ինչպես ներքին (Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջան), այնպես էլ արտաքին (տարածքային վեճեր Ճապոնիայի, Վիետնամի, Ֆիլիպինների հետ, քաղաքացիական պատերազմ Մյանմայում)։ Չմոռանանք նաև Թայվանի մասին։

Արևմտյան Աֆրիկայի երկրները (Նիգերիա, Կամերուն, Նիգեր, Չադ) նույնպես իրենց տեղային ռազմական հակամարտություններում են ներքաշված։

բ. Սատարում խոշոր ռազմական դաշինքների ստեղծմանը՝ մոտ ապագայում դրանց բախման նպատակով։

Ինչ-որ մեկին սա կարող է զարմանալի թվալ, բայց որոշ շարժումներ արդեն դիտվում են այս ուղղությամբ։ Այսպես, 2015թ. մարտին եվրոպացիները հնչեցրին իրենց սեփական միավորված բանակի ստեղծման պլանների մասին։ Առայժմ այդ պլանները պաշտոնական մարմնավորում չեն ստացել, բայց առաջին ռազմական գործողությունները Եվրամիությունն արդեն սկսել է իրականացնել։ Եվ թեկուզ Միջերկրական ծովում մաքսանենգների դեմ պայքարը բավական անվնաս է թվում, այնուամենայնիվ, չարժե թերագնահատել այն։ Մանավանդ որ ԵՄ համատեղ ուժերը կարծես մտադիր են մտնել Լիբիայի տարածքային ջրեր։ Իսկ հյուսիսաֆրիկյան այդ երկրի իշխանություններն, իրենց հերթին, հայտարարել են դրա անթույլատրելիության մասին և նույնիսկ սպառնացել են օդային հարվածներ հասցնել ծովային սահմանախախտների ուղղությամբ։

Վերջապես, չի կարելի ուշադրություն չդարձնել նաև այսպես կոչված «արաբական կոալիցիայի» ստեղծմանը։ Այդ դաշինքը ցույց տվեց, որ արաբա-մուսուլմանական երկրների հիման վրա ռազմական դաշինք ստեղծելը միանգամայն իրական է։ Եվ այս ֆոնին խոսակցությունները «միավորված արաբական բանակի» ստեղծման մասին արդեն դատարկ հոխորտանքի տպավորություն չեն թողնում։ Եգիպտոսի, Սուդանի, Մարոկոյի, Հորդանանի, արաբական միապետությունների զորքերը (հնարավոր է՝ միանա նաև Պակիստանը, նույնիսկ հեռավոր Սենեգալը) կարող են իսկապես լուրջ ռազմական ուժ դառնալ։ Նկատի ունենալով նաև այն, որ որոշ երկրներ ավելի ու ավելի շատ ամենաարդիական սպառազինություններ են գնում։

Ամփոփում

Ինչպե՞ս կարձագանքի այս ամենին Միացյալ Նահանգները։ Թվում է, թե Վաշինգտոնում պետք է սարսափեին հիշատակված ռազմական դաշինքների ստեղծումից։ Բայց չէ. Սպիտակ տունը բացահայտ աջակցություն է հայտնել «արաբական բանակի» կազմավորմանը։ Տրամաբանական հարց է ծագում. ինչո՞ւ։ Պատասխանը, մեր կարծիքով, ավելի քան ակնհայտ է։

Եվ արդեն այնքան էլ կարևոր չէ, թե ինչպիսին կլինի այդ ռազմական դիմակայությունը. Արևելքն ընդդեմ Արևմուտքի՞, թե՞ Արևմուտքն ընդդեմ Արևելքի։ Որպես կանոն, նման բախումներում հաղթողներ չեն լինում։ Եթե միայն կողքից չեն նայում տեղի ունեցողին՝ դիմակայության մեջ մտնելով վերջին փուլերում։

Աղբյուրը՝ «Muslim Politic», http://www.rodon.org/polit-150709124618


դեպի ետ