
ՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ԲԱՔՎԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՈՏԵՆՈՒՄ ԵՆ ԹՇՆԱՄՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻՆ
Լավրովի, ապա դրան հաջորդած՝ Մատվիենկոյի հայաստանյան այցը բաց ակնարկ կարելի է համարել, որ Հայաստանի ուղղությամբ Մոսկվայի հետաքրքրությունը սկսում է աճել: Դա կապել նրա հետ, թե Հայաստանը Մոսկվային սպառնում է, թե կգնա Արեւմուտք, եւ ռուսներն էլ դրանից ծայրահեղ մտահոգվել են, թերեւս սխալ կլիներ: Պատճառը պետք է մի փոքր այլ ուղղությամբ փնտրել:
ՆՈՐԻՑ MI6-Ի ԱԿԱՆՋՆԵՐԸ
Իհարկե, ինչ-որ չափով Մոսկվային կարող է մտահոգել դեպի Եվրոպա հայաստանյան այս բոլոր խաղերը: Բայց դա, այսպես ասենք, շատ լուրջ մտահոգության առիթ չէ: Նախ, կա ԱՄՆ-ի փոփոխվող կուրսը, այսինքն՝ ամերիկյան գործոնն ակնհայտորեն թուլացել է նաեւ հարավկովկասյան հարթակում, եւ դժվար է ասել, թե թրամփյան վարչակազմը երբ կսկսի կարեւորել այս ուղղությունը: Ինչ վերաբերում է Եվրոպային, ապա այս ուղղությամբ Հայաստանի վեկտորի փոփոխության մասին որքան էլ որ մեծ-մեծ խոսեն, բոլորն են հասկանում, որ դա իրատեսական չէ: Առավել եւս, երբ Եվրոպայի ներկա աշխարհաքաղաքական դիրքը, որը միշտ էլ կախված է եղել ԱՄՆ-ի թույլտվություններից, ներկա պահին նկատելիորեն թուլացել է, կան բազում ներքին խնդիրներ: Եվ ասել, թե այս իրավիճակում ի զորու են Հարավային Կովկասի կարգի բարդ տիրույթի համար ծանր մրցակցություն մղել մյուս հիմնական ուժերի հետ, միամտություն կլիներ: Իհարկե, որոշակի մանր-մունր գործողություններ կամ նման փորձեր եվրոպական առանձին երկրներից նկատվում է: Բայց այդ ամենը գլոբալ մրցակցության հայտ դժվար է համարել:
Այսինքն, եթե ամիսներ առաջ Հայաստանը, իր եվրոպական ժեստիկուլյացիաներով հանդերձ, Մոսկվայի մոտ ինչ-որ առանձնահատուկ մտահոգություն չէր առաջացնում, ապա բոլոր թվարկված գործոնների ազդեցությամբ, եղած փոքր հետաքրքրությունն էլ ավելի պետք է թուլանար: Բայց, կրկնենք, հակառակ իրողություններն են նկատվում. ամեն դեպքում, իրար անմիջապես հաջորդած երկու բարձրաստիճան այցերը, այսինքն՝ բուն այդ փաստը, անկախ դրանց իմաստից եւ նպատակներից, հենց հետաքրքրության աճի մասին են վկայում:
Իրականում, դժվար չէ հասկանալ, թե ինչու է Մոսկվայում տրամադրությունների նման փոփոխություններ սկսվել: Ընդհուպ անցած տարեվերջ ռուսական տարբեր առանցքային շրջանակներում, այդ թվում՝ մեծ կշիռ ձեռքբերած ազգայնական թեւում այն վստահությունը կար, որ Հայաստանը կարող է առանձնապես հետաքրքիր էլ չլինել, քանի որ կարող են հիմնական հաշվարկները կապել Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերությունների հետ: Ալիեւն էլ, բնական է, իր կողմից ամեն ինչ անում էր այդ տրամադրությունները ծաղկեցնելու համար: Բայց ահա, անցած տարեվերջին ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատմությունն ու դրան հաջորդած իրադարձությունները ռուսական այդ կուրսի համար սառը ցնցուղի էֆեկտ թողեցին: Մի որոշ ժամանակ դեռ կար այն պատկերացումը, թե թյուրիմացության հարց է. Ալիեւն իր ինքնաթիռի պատճառով վիրավորվել է, եւ կհարթվի: Սակայն իրավիճակը միայն սրվեց: Ավելին, այն բանից հետո, երբ գործնականում ապացուցված է, ընդ որում՝ հետաքննությունը վարող ղազախների կողմից, որ ավիաաղետի մեջ շատ լուրջ մեղավորություն է ունեցել ինքնաթիռի անձնակազմը, ասենք, նաեւ այդ պայթյունը, ըստ ամենայնի, կազմակերպված բնույթ ուներ, բայց Ալիեւի հակառուսական քայլերը նոր մասշտաբների են հասնում, ռուսական այդ շրջանակներում նոր միայն սկսեցին բացահայտ խոսել, որ Բաքուն փոխում է իր վեկտորը: Ընդ որում, այլեւս չկա Արցախը, որի միջոցով Մոսկվան կարող էր եւ տարիներ շարունակ ավելորդ խաղերից զերծ էր պահում Ադրբեջանին:
Կարճ ասած, որ տեղի է ունեցել նման իրավիճակ. Ալիեւը, իրեն ներկայացնելով Ռուսաստանի ռազմավարական գործընկեր, հասավ Մոսկվայի չեզոքությանը՝ վերահսկողության տակ վերցնելով Արցախը: Եվ գրեթե անմիջապես էլ փոխում է ողջ կուրսը: Ավելին, դրա տարրեր սկսեցին նկատվել դեռ անցած աշնանը՝ Mi6-ի ղեկավար Ռիչարդ Մուրի՝ Բաքու կատարած այցից անմիջապես հետո: Կա նաեւ այն հիմնարար կարծիքը, որ նաեւ ադրբեջանական ինքնաթիռի կործանման պրովոկացիան է կապվում բրիտանա-ուկրաինական հատուկ ծառայությունների հետ, ու հենց դա Ալիեւը դարձրեց առիթ՝ հակառուսական այդ կուրսի տեղափոխվելու համար: Եվ հանրագումարում, ռուսական փորձագիտական հանրությունն ավելի ու ավելի է հակվում այն մտքին, որ Ալիեւը ոչ թե ընդամենը տակտիկական քայլեր է կատարում՝ Ռուսաստանի հարաբերական անկախ կարգավիճակը պահելու հարցում` այլ ռեզերվային քաղաքական ուղղություններ ամրացնելու միջոցով, այլ որ կարող է տեղափոխվել Ռուսաստանի հանդեպ ամենաթշնամական ուղղություն՝ բրիտանա-ուկրաինական թեւի հետ սերտ համագործակցության դաշտ: Իսկ դա կարող է լուրջ վտանգ դառնալ, որին դեռ կհասնենք:
ՄՈՍԿՎԱՆ ՍԿՍՈՒՄ Է ՍՊԱՌՆԱԼ
Շատ նման է, որ այդ տրամադրությունները նաեւ Կրեմլում են սկսել գերիշխող դառնալ: Այսինքն, եթե մինչ այս տեսանելի էր այն տենդենցը, որ փորձում են Բաքվի հետ «իրար հասկանալ» բանակցային մեխանիզմներով, այդ թվում՝ տարբեր պաշտոնական, ընդհուպ՝ Պատրիարքի Բաքու այցի միջոցով, հիմա, նման է, որ մոտեցումները փոխվում են՝ Մոսկվան անցնում է ավելի կոշտ մեթոդների: Մեկ-երկու նման քայլեր մինչ այս էլ եղան, մասնավորապես՝ ադրբեջանական որոշակի ապրանքատեսակների ներմուծումը Ռուսաստան արգելելու տեսքով, որին Բաքուն պատասխանեց մոտավորապես նույն ոճի մեջ: Եվ հիմա, դատելով Կրեմլին մոտ կանգնած աղբյուրի լուրից, որի տեղեկատվությունները քանիցս հաստատվել են, Մոսկվան էլ ավելի է կոշտացնում մոտեցումներն ադրբեջանական ուղղությամբ: «ՌԴ-ից Ադրբեջանի ցուցադրական հեռանալու կուրսը աննկատ չի մնացել Մոսկվայում: Աղբյուրների համաձայն, Ներքին գործերի նախարարությունը արշավ է սկսելու այն շուկաները մաքրելու համար, որտեղ գլխավոր պաշտոնները պատկանում են Ադրբեջանի քաղաքացիներին, ինչը հաստատում է մեր տեղեկությունները: Պաշտոնապես խոսքը անօրինական զբաղվածության եւ միգրացիոն ռեժիմի խախտումների մասին է: Սակայն իրականում սա Մոսկվայի եւ Բաքվի միջեւ սառեցման հետեւանք է՝ Ադրբեջանի՝ Թուրքիայի եւ արեւմտամետ ձեւաչափերի նկատմամբ ավելի ու ավելի ակնհայտ արտաքին քաղաքականության թեքման ֆոնին: Իրավապահները սկսում են Մոսկվայի եւ Մոսկվայի մարզի այն շուկաների զանգվածային ստուգումները, որոնք պատկանում են ադրբեջանական անձնագրեր ունեցողներին, այդ թվում՝ հայտնի<<Սադովոդ»-ում: Հատուկ ուշադրության կենտրոնում կլինեն ոչ այնքան օտարերկրյա աշխատողների վարձման փաստը, որքան հարկերից խուսափելու մասշտաբները, սանիտարական եւ միգրացիոն չափորոշիչների խախտումները եւ, ամենակարեւորը, սպառողական շուկայի ամբողջ հատվածների իրական մենաշնորհացումը: Համակարգի շրջանակներում սա մեկնաբանվում է որպես քաղաքական եւ ուժային ազդանշան. Ռուսաստանում ադրբեջանական բիզնեսի «ենթակառուցվածքը», որը նախկինում պաշտպանված էր ոչ ֆորմալ կապերով եւ ապահովում է հսկայական եկամուտներ, այդ թվում՝ անձամբ Ալիեւի համար, կորցնում է իր անձեռնմխելիությունը: Ադրբեջանական սփյուռքը կբախվի դաժան իրավական իրականության, եւ այս դեպքը հետագայում կարող է օգտագործվել որպես կարգապահական միջոց այլ արտաքին կողմնորոշում ունեցող խմբերի դեմ՝ Ռուսաստանի նկատմամբ նրանց հավատարմությունը մեծացնելու համար»,- հայտնում է աղբյուրը:
Ավելին, ռուսական փորձագիտական դաշտում ավելի մռայլ կանխատեսումներ էլ են հնչում: Օրինակ, քաղաքագետ, Աշխարհաքաղաքական փորձաքննության կենտրոնի ղեկավար, ազգայնական դաշտը ներկայացնող Վալերի Կորովինի գնահատմամբ. «Ալիեւը ակնհայտորեն գլխապտույտ է ապրում հաջողությունից, բայց սա դաժան կատակ է խաղացել նրա հետ։ Ղարաբաղը վերադարձնելը ռեժիմի առաջին հաղթանակն էր, որը Ադրբեջանը դրեց թշնամիների օղակի մեջ։ Հետեւաբար, ցավով կցանկանայի նշել, որ Ալիեւը ընտրել է ակնհայտորեն ինքնաոչնչացնող վեկտոր եւ Ադրբեջանին տանում է դեպի լուրջ խնդիրներ, եւ հնարավոր է՝ նույնիսկ դեպի այս քաղաքական նախագծի վերացում»:
ՀՆԱՐԱՎՈՐ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ
Այս իրավիճակը, թերեւս, կարող էր ձեռնտու լինել Հայաստանի համար, եթե չունենայինք նիկոլյան ռեժիմ: Բայց այդ ռեժիմը կա, եւ իրավիճակը կարող է նաեւ վտանգավոր դառնալ:
Կորովկինի գնահատումը, որ «Ադրբեջանը թշնամիների օղակի մեջ է», մերկապարանոց չէ: Իր այդ փոփոխվող, Ալիեւը քիչ թե շատ նորմալ հարաբերություններ է պահպանում միայն Վրաստանի հետ, սակայն դա անգամ հարաբերական է: Բաքուն նաեւ Թբիլիսիի հետ ունի միանգամայն սուր խնդիրներ, այդ թվում՝ Վրաստանի հարավային սահմանների երկայնքով ծավալվող թուրք-ազերիական դանդաղ, բայց հաստատուն ինտերվենցիայի տեսքով: Իսկ Թբիլիսիում այդ իրավիճակը վաղուց են գնահատել: Պարզապես Ռուսաստանի հետ «խզվածքը» համարժեք ռեակցիայի հնարավորություն չի տալիս, բայց դա երկար հազիվ թե շարունակվի: Առավել եւս, որ Թբիլիսին հասցրել է լավ գնահատել, թե իր վրա ինչ ազդեցություն է թողնում արեւմտյան ուղղությամբ սերտ խաղերի մեջ մտնելը:
Այսպիսով, եթե Բաքուն մտածում է արեւմտյան կուրսի մասին, մեծ է հավանականությունը, որ պարզապես կհայտնվի շրջափակման մեջ: Ահա եւ պատճառը, որ Ալիեւն այդքան համառորեն խոսում է <<Զանգեզուրի միջանցքի» մասին. եթե բանը հասնի թշնամության, ապա Իրանը, Ռուսաստանը, Վրաստանը կարող են փակվել Ադրբեջանի առաջ, եւ Սյունիքը կարող է դառնալ Թուրքիայի հետ կապի միակ ուղին:
Ամեն ինչ մնում է կախված նիկոլյան ռեժիմից: Եթե «տարածաշրջանային խաղաղության» դիմակի տակ Ալիեւին տալիս են այդ կապի ուղին, ապա Բաքուն կլուծի իր հիշատակած գերխնդիրը: Բայց այս դեպքում էլ կարող է կտրուկ մեծանալ Ադրբեջանում ուկրաինական սցենարի կիրառման հավանականությունը, ինչին էլ վերաբերում էր Կորովկինի գնահատումը՝ « այս քաղաքական նախագծի վերացման» մասին:
Միջանցքը չտալու համար, այդ թվում՝ ռազմական տարբերակով, Հայաստանին պետք է ոչ թե պարզապես վերականգնել Ռուսաստանի հետ երբեմնի ռազմական համագործակցության մակարդակը, այլ այն հասցնել էլ ավելի բարձր մակարդակի՝ Բելառուսի օրինակով մտնելով ռուսական երաշխավորված միջուկային հովանոցի տակ՝ թուրքական ագրեսիան եւս բացառելու համար: Զուգահեռ, իհարկե, ամրացնելով նաեւ Իրանի հետ ռազմաքաղաքական կապերը: Սա գոնե այս պահին Նիկոլից կախված հարց է, եւ այն, որ ռուսական ներկա ակտիվությունն ուղղված է հենց դրան, կարելի է կռահել:
դեպի ետ