
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԼԻԵՎԻ ԷՅՖՈՐԻԱՆ. հարցազրույց Ալեքսանդր Կռիլովի հետ
Հայ-ռուսական հարաբերություններում ստեղծված բարդ իրավիճակի, ռուս-ադրբեջանական հարաբերություններում խորացող հակամարտության և ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում իրավիճակի զարգացման մասին զրուցեցինք Հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի գլխավոր գիտաշխատող, Կովկասագիտության գիտական ընկերության նախագահ, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Կռիլովի հետ։
- Վերջերս Հայաստան այցելեցին Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ Սերգեյ Լավրովը և Վալենտինա Մատվիենկոն։ Իրենց այցելությունների ընթացքում նրանք հայտարարություններ արեցին այն մասին, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև սառեցման շրջանը հաղթահարվել է, և որ այժմ սկսվում է նոր փուլ։ Ինչպե՞ս կգնահատեք հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակը։
- Մեր հարաբերությունները ակնհայտ խնդիրներ ունեն։ Դրանք, թերևս, գտնվում են հետխորհրդային Հայաստանի ողջ պատմության մեջ ամենացածր մակարդակի վրա։ Շատ դժվար է չնկատել այն խնդիրները, որոնք հիմա կան։ Նախևառաջ, մեր երկրների ղեկավարությունների միջև կա վստահության ցածր մակարդակ։
Մատվիենկոյի և Լավրովի կողմից ստանձնած առաքելությունը իրադարձությունների զարգացումն ավելի կառուցողական ուղղությամբ ուղղորդելն էր։ Հետևաբար, նրանք ցույց են տալիս, որ Ռուսաստանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ և սպասում է նմանատիպ ցանկության Հայաստանի իշխանություններից։ Ժամանակը ցույց կտա՝ արդյոք նման գործողությունները արդյունավետ կլինեն։ Փաշինյանը և Հայաստանի ղեկավարության մյուս ներկայացուցիչներ հայտարարություններ են արել այն մասին, որ մտադիր են ավելի հավասարակշռված հարաբերություններ կառուցել Ռուսաստանի, Եվրամիության և հարևանների հետ։
Սակայն կան նաև ուղիղ հակառակ պնդումներ, որ Ռուսաստանը ներկայացնում է Հայաստանի անվտանգության և պետականության համար գլխավոր սպառնալիքը։ Այսպիսով` իրավիճակը լիովին անորոշ է, անկայուն։ Եվ թե ինչպես է այն զարգանալու, անհասկանալի է։
- Այսինքն` դեռևս բա՞րդ է կանխատեսել, թե ինչպես կզարգանան հարաբերությունները հետագայում։
-Մենք կարող ենք ներկայիս վիճակը գնահատել որպես ռազմավարական անորոշություն։ Մենք ռազմավարական գործընկերություն ունեինք։ Սակայն այժմ այն կարող է ընթանալ բացասական ուղղությամբ՝ մինչև հարաբերությունների խզում, կամ կարող է վերադառնալ ավելի կառուցողական հուն, եթե երկրների ղեկավարները ցուցաբերեն փոխադարձ ցանկություն դրա համար և ձեռնարկեն կոնկրետ քայլեր։ Մինչ այժմ կոնկրետ քայլերի առումով մենք տեսնում ենք, որ կան մեծ խնդիրներ՝ բազմաթիվ մեղադրանքներ են հնչում թե՛ Հայաստանի ղեկավարության, թե՛ Ռուսաստանի ղեկավարության հասցեին՝ կապված Հայաստանի ներսում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունների հետ։
- Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը վերջին քաղաքական իրադարձությունների համատեքստում։
- Այն շատ լարված է։ Ակնհայտ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է քաղաքական դաշտի լիակատար մաքրագործում։
Բոլորը մաքրվում են՝ ոչ միայն քաղաքական հակառակորդները, այլև այն մարդիկ, ովքեր հավատարիմ չեն անձամբ վարչապետին։ Մենք տեսնում ենք, որ ձերբակալություններ և խուզարկություններ են տեղի ունենում՝ թե՛ հայկական եկեղեցում, թե՛ բիզնես կառույցներում։ Այստեղ մենք ականատես ենք կոշտ քաղաքականության։ Ոչ այնքան կոշտ, որքան այն, ինչ այժմ տեղի է ունենում Բաքվում, բայց կցանկանայի ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ այս գործընթացները զարգանում են զուգահեռաբար։ Ռուսաստանը մեծ խնդիրներ ունի այս երկրներում։ Վալենտինա Մատվիենկոն և Սերգեյ Լավրովը այցելեցին երկու երկրներ՝ իրավիճակը մեղմելու և բարելավելու նպատակով։ Արդյունքում պարզվում է, որ խնդիրներն գնալով ավելանում են։
- Ձեր կարծիքով ինչպե՞ս կզարգանա Ադրբեջան-Ռուսաստան հարաբերություններում ստեղծված ճգնաժամային իրավիճակը:
- Այստեղ նույնպես մենք հայտվել ենք խաչմերուկում։ Սակայն Բաքվի հետ հարաբերությունները կառուցողական հուն վերադառնալու հավանականությունը շատ ավելի քիչ է, քան Հայաստանի հետ հարաբերություններում։ Ադրբեջանը գտնվում է միջազգային ասպարեզում տարածաշրջանային և գլոբալ գործընթացների համատեքստում։ Նա ունի հուսալի դաշնակից՝ ի դեմս Իսրայելի, որն օգտագործում է Ադրբեջանին Իրանի դեմ իր քաղաքականության մեջ։ Եվ այստեղ Ադրբեջանը մեծ հույսեր ունի, որ կարող է ստանալ իր բաժին կարկանդակը, եթե ԱՄՆ-ի աջակցությամբ իրականացվի Իրանի քայքայման իսրայելական սցենարը, և այդպիսով լուծվի իրանական միջուկային խնդիրը։
Այսպիսով` Ադրբեջանն ունի բավականին ուժեղ դիրքեր այն ֆոնին, որ Հայաստանի դիրքերը անընդհատ թուլանում են Ռուսաստանի հետ հարաբերությունների ճգնաժամի և Եվրամիության կողմից անվտանգության երաշխիքների բացակայության պատճառով։ Բաքուն չի կարծում, որ Ֆրանսիան կամ Եվրամիությունը կարող են ինչ-որ կերպ ազդել տարածաշրջանում ռազմական և քաղաքական ուժերի հավասարակշռության վրա, ուստի` Իլհամ Ալիևն իսկապես վստահ է իր ամենակարողության մեջ։ Կարելի է ակնկալել, որ ապագայում քայլեր կձեռնարկվեն Ադրբեջանի տարածքային ընդլայնման համար բոլոր հնարավոր ուղղություններով. դա Իրանի տարածքում գտնվող Արևմտյան Ադրբեջան նահանգն է և Հայաստանի տարածքը, որի վերաբերյալ Բաքուն հայտարարություններ է անում այդ տարածքի ադրբեջանական ազգին պատկանելության մասին։ Այսպիսով` մենք տեսնում ենք, որ այժմ Ադրբեջանը հաղթական էյֆորիայի փուլում է, բայց այստեղ շատ կարևոր է չկորցնել կապը իրականության հետ։
Դա խաղի նման է։ Ի դեպ` իզուր չէ, որ վերջերս որոշում է կայացվել, որ Ադրբեջանում խաղատներ բացվեն։ Այնտեղի խաղատները փակվեցին Հեյդար Ալիևի կողմից, քանի որ նրա ընտանիքի որոշ անդամներ չափազանց շատ էին խաղում և չափազանց շատ բան էին կորցնում։ Այսպիսով` խաղացողի հոգեբանությունը կարող է իսկապես հիասթափեցնել։ Խաղային կախվածությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնում։
- Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի ներկայիս ազդեցությունը տարածաշրջանում։
- Ռուսաստանը ոչ մի տեղ չի անհետացել, և այն մնում է տարածաշրջանում իր աշխարհագրական դիրքի շնորհիվ։ Այժմ ուժերի հավասարակշռությունը փոխվում է ոչ միայն Հարավային Կովկասում, այլև աշխարհում առհասարակ։ Աշխարհակարգի նոր մոդել է ի հայտ գալիս, որն ուղեկցվում է պատերազմներով, զանգվածային սուր հակամարտություններով և քաղաքական սահմանների վերաբաժանմամբ։ Որոշ պետություններ կարող են գոյատևել, մյուսները` անհետանալ կամ փոխել իրենց սահմանները։ Մինչև վերջերս՝ 2020 թվականը, Հայաստանի սահմանները 11,500 քառակուսի կիլոմետրով ավելի մեծ էին։ Սա Արցախն է և հարակից անվտանգության գոտիները։ Ադրբեջանը վերականգնել է վերահսկողությունը այս տարածքների նկատմամբ և այժմ հնարավորինս ընդլայնվում է։ Այսպիսով` Մոսկվայի և Բաքվի միջև առկա հակամարտությունը, որը կապված է ինչպես էթնիկ հանցագործությունների, այնպես էլ մեր լրագրողների ձերբակալության հետ, Բաքուն կօգտագործի Ռուսաստանից մեծ զիջումներ ստանալու համար։
- Ի՞նչ դեր կարող է խաղալ ՀԱՊԿ-ը տարածաշրջանի կայունացման համատեքստում, և որքանո՞վ է այս դաշինքը մնում կենսունակ։
- Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չէ։ Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Այն, ինչ առաջարկվել էր ՀԱՊԿ-ի կողմից՝ դիտորդական խմբեր ուղարկելու և Ադրբեջանի ու Հայաստանի սահմանին հետագա գործողությունների վերաբերյալ, Հայաստանի ղեկավարությունը մերժեց՝ համարելով այն անբավարար։ Դրա փոխարեն տեղակայվել է Եվրամիության առաքելություն։ Այս առաքելությունը Հայաստանի ղեկավարության կողմից գնահատվում է որպես չափազանց դրական։ Նշվում է, որ Ադրբեջանի հետ սահմաններին լարվածության մակարդակը կտրուկ նվազել է։ Դժվար է ասել, թե իրականում որքանով է նվազել միջադեպերի թիվը և որքան ժամանակ կշարունակվի սա։ Եվ մի՞թե սրման մեկ այլ փուլ չի լինի ևս մեկ հակագրոհի տեսքով։
Եթե Բաքվի համար բարենպաստ իրավիճակ ստեղծվի Հայաստանը ագրեսոր հայտարարելու համար, ադրբեջանական բանակը հակահարձակման կանցնի հայկական «ագրեսիայի» դեմ: Այս սցենարը կարող է իրականություն դառնալ։ Բարենպաստ իրավիճակ կարող է ստեղծվել, եթե Ռուսաստանի հետ հարաբերությունները շարունակեն վատթարանալ և բարձրացվի ռուսական զորքերի ու ռուս սահմանապահների դուրսբերման հարցը։ Եթե սահմանին մնան միայն Եվրամիության դիտորդները, ես շատ կասկածում եմ, որ նրանք կկարողանան կանգնեցնել ադրբեջանական բանակի առաջխաղացումը։
- Ինչպե՞ս եք տեսնում Թուրքիայի դերը այս գործընթացներում։
- Թուրքիան այժմ կենտրոնացած է Սիրիայի, քրդական խնդրի լուծման վրա: Ուստի Թուրքիան մեծ պատրաստակամությամբ տարածաշրջանում բոլոր գործողությունները վստահել է Ադրբեջանին։ Ադրբեջանը նրա դաշնակիցն է։ Կան տարաձայնություններ Իսրայելի դերի շուրջ ։ Թուրքիան հավակնում է լինել մուսուլմանական աշխարհի առաջնորդը, ուստի` բավականին քննադատաբար է մոտենում Իսրայելի քաղաքականությանը պաղեստինցիների, Սիրիայի և Իրանի նկատմամբ։ Սակայն Ադրբեջանն այստեղ իրեն դրսևորում է որպես Իսրայելի հավատարիմ դաշնակից։ Դա նրան օգուտ է ։
Հետևաբար` չնայած այս անհամաձայնությունների առկայությանը` այժմ Թուրքիայի համար շատ ձեռնտու է, որ Ադրբեջանը հնարավորինս ակտիվ լինի Հարավային Կովկասում և դրանով իսկ նպաստի այնպիսի իրավիճակի զարգացմանը, որում Թուրքիան նույնպես կամրապնդի իր դիրքերը։
- Փաստորեն, Թուրքիան չի կարող կայունացնող գործոն դառնալ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության մեջ։
- Ոչ, Թուրքիան ունի իր սեփական շահերը։ Մենք շատ բարդ գործընկերություն ունենք Թուրքիայի հետ, ինչպիսին էր այն նաեւ Ադրբեջանի հետ ։ Բայց դուք տեսնում եք, որ այս գործընկերությունը հետագայում հակված է վերածվելու բացահայտ հակամարտությունների։ Հուսանք, որ թուրքական ղեկավարությունը այդքան էլ ենթարկված չէ հաղթանակի էյֆորիայի և ավելի իրատեսորեն է գնահատում իր հնարավորությունները։ Թուրքիայի ներսում դեռևս շատ խնդիրներ կան, ուստի `այն շահագրգռված է Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունները պահպանելով և զարգացնելով ամենաբարձր մակարդակով։ Թուրքիան բավականին բարդ իրավիճակում է՝ կան բազմաթիվ խնդիրներ Եվրամիության, ԱՄՆ-ի հետ` չհաշված Իսրայելը, ի տարբերություն Ադրբեջանի, որն այժմ շատ բարենպաստ դիրքեր ունի տարածաշրջանային համատեքստում։
Հարցազրույցը վարեց Զարուհի Բաբուխանյանը
iravunk.com
դեպի ետ