• am
  • ru
  • en
Версия для печати
11.07.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԿՈՐՑՆԵԼ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԸ, ԻՍԿ ԻՐԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԱՅԱՑՎԵԼ ՈՉ ԵՐԵՎԱՆՈՒՄ». Մարկեդոնով

   



«Ռուսաստանի համար Կովկասը կարևոր է, Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ»,- այս մասին 168TV«Դիպլոմատ» հաղորդման ընթացքում ասաց ՄԳԻՄՕ Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը՝ անդրադառնալով ռեգիոնալ ու ՀՀ ներքաղաքական իրադարձություններին աշխարհաքաղաքական փոփոխությունների պրիզմայի ներքո:

Նրա դիտարկմամբ՝ տարածաշրջանային անվտանգության առումով Կովկասում շատ փոփոխություններ են տեղի ունեցել վերջին տարիներին: Ըստ նրա, այնպես ստացվեց, որ վերջին երեք և ավելի տարիների ընթացքում Կովկասը հայտնվեց Ուկրաինայի ստվերում, ուշադրություն չեն դարձնում, շատ մեկնաբաններ ասում են՝ իսկ ի՞նչ Կովկասը, այն Ռուսաստանի ու Արևմուտքի միջև պայքարի կենտրոն չէ, և, որ բոլոր հարցերը լուծվելու են Ուկրաինայում:

«Ես չեմ կիսում այդ մոտեցումը և այն, թե Փաշինյանն ու Ալիևը ոչ մի տեղ չեն փախչի, Կովկասն ունի ինքնարժեք, եթե նա երկրորդ պլան է մղվել, չի նշանակում, որ վերացել է օրակարգից: Եթե ներկայացման օրինակով բացատրեմ, ապա այնպես չէ, որ երկրորդական դերը կարևոր չէ, երբեմն ֆիլմը կարող է հանրահայտ դարձնել այն արտիստը, որն ունի երեք րոպեանոց ռեպլիկի հնարավորություն: Դա կարևոր է այս դեպքում: Կովկասում վերջին 5 տարվա ընթացքում երկու անգամ լրջորեն, արմատապես փոխվել է ստատուս-քվոն, փոխելով ամեն բան»,- ասաց նա: Մարկեդոնովը նկարագրեց այդ փուլում թե Ռուսաստանի, և թե Թուրքիայի դերը ռեգիոնում, ապա ասաց, որ այդ ընթացքում խնդիրներ առաջացան ոչ միայն ՀՀ արտաքին, անվտանգային կյանքում, այլև երկրի ներսում, սկսեց հիմնովին վերանայվել Հայաստանի ազգային պրոյեկտը, և այստեղ Փաշինյանի դերակատարությունն ամենակարևորն ու ակտիվն է:

«2023թ. Ղարաբաղյան լծակը Ռուսաստանը կորցրեց, ձևավորվեց հետղարաբաղյան օրակարգ ոչ այն պատճառով, որ ՌԴ-ն դա ցանկանում էր իրեն սահմանափակելու համար, այլ այդպես ստացվեց: Որոշակի նոր մարտահրավերներ ստիպեցին ռուսական քաղաքականությունը վերանայել, Կովկասին ավելի քիչ ուշադրություն սկսեցին դարձնել, և մենք իսկապես լուրջ մարտահրավերներ ենք տեսնում՝ Ղարաբաղյան լծակն այլևս չկա այն ծավալով, որով գործում էր, և Հայաստանը փորձում է մի կողմից գտնել անվտանգության հանգրվան, որտեղից էլ այդ «Խաղաղության խաչմերուկ» գաղափարն է, իսկ մյուս կողմից՝ Ադրբեջանն իրեն հարձակողական է դրսևորում, ավելի ինքնուրույն: Արևմուտքը, որը կարծես Ղարաբաղյան երկրորդ պատերազմի դադարեցման գործում որևէ դեր չուներ, պարզվեց, որ ռեգիոնից ոչ մի տեղ չի հեռացել: Արևմուտքի համար ևս որոշակի մարտահրավերներ կան, օրինակ՝ Վրաստանի տեսքով, ուստի Արևմուտքը նաև ցանկանում է Վրաստանի հետ խնդիրները փոխհատուցել Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններով: Արևմուտքը, որը նախկինում տեսնում էր Ռուսաստանին՝ որպես միջնորդ, ներկայումս իր միջնորդական ծառայություններն է մատուցում, Թուրքիայի դերը ևս այլ է, այնպես չէ, որ եթե Թուրքիան դուրս մղի ռեգիոնից ՌԴ-ին, Արևմուտքը կտխրի. ոչ, Արևմուտքը կկարծի այսպես՝ այսօր Ռուսաստանը դուրս է մղվել, փառք Աստծո, Թուրքիայի հետ վաղը կհասկանանք»,- մեկնաբանեց նա:

Մարկեդոնովն ասաց, որ հարցեր ունի կովկասյան էլիտաներին: «Եթե Ռուսաստանը թուլացել է, ինչ-որ պատճառով քիչ ուշադրություն է հատկացնում Կովկասին, դա չի նշանակում, որ Ռուսաստանը ցանկանում է հեռանալ կամ պատրաստվում է հեռանալ, ռեգիոնն իր համար կարևոր է, ռուսական կարևորությունը հարկավոր է նաև Կովկասյան երկրներին: Եթե Ռուսաստանն իր պարտականությունները չի կատարել, այո, այնտեղ ամեն բան միանշանակ չի եղել, բայց ինչո՞ւ է՛լ ավելի խորացնել Ռուաստանի հետ խնդիրները: Եթե Ձեր գլուխը ցավում է, Դուք գնում եք գլուխը խփում եք հատակի՞ն, իմա՞ստը: Չէ՞ որ այն արդեն ցավում է:

Ադրբեջանին անդրադառնամ. նրանք պատմում են իրենց հաղթանակների մասին, բայց նրանք իրականում ֆունդամենտալ խնդիրներ ունեն: Ղարաբաղյան օրակարգն ավարտվել է, հետո՞ ինչ, Դուք կարող էիք 30 տարի ասել, որ գլխավոր նպատակը Ղարաբաղը վերադարձնելն է, Ղաբարաղի թեման վերացվեց, հայերն էին մեղավոր, ոչ թե կոռուպցիան, թափանցիկության բացակայությունը, հիմա՞ ով է մեղավոր լինելու, մեծ հարց է: Պետք է նոր իմաստ գտնել, Դուք պայքարում էիք Ղարաբաղի համար, վերջ, նպատակին հասել են, ինչ է լինելու հետո: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Թուրքիան ալտրուիստ երկիր չէ, նա միշտ իր շահն է դնում վերևում, նրա հետաքրքրությունն է, որպեսզի Ադրբեջանը լինի կրտսեր եղբայր՝ ոչ ավելին, բայց Ադրբեջանն այդքան էլ չի ցանկանում լինել կրտսեր եղբայր: Վրաստանը. մենք հասկանում ենք, որ Աբխազիան ու Հարավային Օսիան լուրջ հարց են, սակայն այս դեպքում էլ Արևմուտքն իր ողջ հմայքով իրեն ցույց տվեց»,- ասաց Մարկեդոնովը՝ շարունակելով, որ ընդունելով այն խնդիրները, որոնք Ռուսաստանն ունի, պետք չէ խորացնել տարաձայնությունները, գուցե պետք է մտածել, որ Կովկասից Ռուսաստանի հեռացումը կարող է նոր խնդիրների հանգեցնել: Նա նշեց, որ երբ Ռուսաստանը հեռացել է Կովկասից, դա մշտապես նշանակել է արյուն, պատերազմներ ու հակամարտություններ, այդպես եղել է 1918 թվականին, այդպես եղել է 1991 թվականին: Նրա խոսքով, ներկայումս դրա ազդանշանները կան, ուստի գուցե պետք է ուշքի գալ և ավելի պրագմատիկ գործել:

«Շատերն ասում են՝ Հայաստանի ու Ադրբեջանի հակամարտությունն ավարտվել է, իսկապե՞ս, ավարտվել է դրա միայն Ղարաբաղյան հատվածը»,- շեշտեց նա: Մարկեդոնովը գտնում է, որ երբ Կովկասում կար ընդհանուր ռուսական ինքնիշխանություն, այդ ռեգիոնը բարգավաճում էր: Սակայն նա նաև նշում է, որ երբ ասում են, որ ավելի վատ չի լինի, ապա ինքը ասում է՝ կլինի: «Հայաստանը կարող է լքել ՀԱՊԿ-ը, ամեն բան կարող է լինել, այլ հարց է, թե որքանով է Հայաստանի համար դա օգտակար: Եթե Ռուսաստանն իր պարտականությունները վատ է կատարել, ապա այլ որևէ երկիր ոչ մի երաշխիք չի տալիս»,- նկատեց նա՝ ընդգծելով, որ Թուրքիայի հետ հույսեր կապելը կհանգեցնի նրան, որ Հայաստանը կկորցնի անկախության մնացորդները, իսկ իրական որոշումները կարող են կայացվել ոչ Երևանում:

«Դուք կասեք՝ իսկ ինչո՞վ է լավ, որ Մոսկվայում կայացվեն որոշումները, նայեք վերջին 200 տարվա պատմությունը, շատ հարցեր կվերանան»,- շեշտեց ռուս վերլուծաբանը:

Ըստ նրա, Էջմիածնի շուրջ ծավալվող իրավիճակը կդառնա կարևոր թեստ հայկական քաղաքական համակարգի համար: Մարկեդոնովի խոսքով, Փաշինյանի վարկանիշն իսկապես ցածր է, սակայն ընդիմության վարկանիշը ևս չի բարձրանում:

Ռուս վերլուծաբանը նշում է, որ Փաշինյանը կարող է հաղթել ընտրություններում, կարող է նաև պարտվել, ինչպես դա եղավ Գյումրիում ու Փարաքարում, ինչը կարևոր հանգրվան էր: Նրա որակմամբ, կա պարտությունների որոշակի հավաքածու, 2023 թվականից հետո Փաշինյանի մոտ ամեն բան փոխվեց: Նրա խոսքով՝ 2018-ից հետո Փաշինյանի վարկանիշն ամենացածր մակարդակի վրա է, նրա անձնական վարկանիշն ավելի ցածր է, քան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշը, ինչն առաջնորդով կուսակցության դեպքում լուրջ խնդիր է, սակայն նրբությունն այն է, որ նրա ընդդիմախոսների վարկանիշը չի բարձրանում էականորեն:

Մարկեդոնովի կարծիքով, սա ինչ-որ առումով կարելի է համարել հայկական սոցիոլոգիական, քաղաքական անոմալիա, ուստի պետք է նոր բեկում, նոր մոտեցում:

Մարկեդոնովի որակմամբ, 2026-ի ընտրությունները ևս ցույց կտան, թե որքանով է կարևոր եկեղեցին հենց Էջմիածին քաղաքում: «Եվ այստեղ հարց է առաջանում հենց ընդդիմությանը՝ ընդդիմությունը կկարողանա՞ իրապես միավորվել»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ առանցքային խաղացողը հայաստանյան ընդդիմությունն է:

«Ընդդիմությունից ակնկալում եմ հասունություն և ոչ թե PR մանր խաղեր, ընդդիմությունը PR է անում, Փաշինյանն առաջ է անցնում, նա լավ PR-շիկ ու տակտիկ է, իսկ ռազմավարության հետ շատ լուրջ խնդիրներ կան: Այսինքն՝ նա հաջողում է PR արշավները, սակայն չկա երկրի 30-40 տարվա հեռանկար: Լավ, դու կհեռանաս, ընդմիշտ չես, ի՞նչ է լինելու հետո, ինչպիսի՞ն կլինի Հայաստանը, ինչպե՞ս Հայաստանը կզարգանա և այլն»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա, Մարկեդոնովի խոսքով, ամերիկացիները երբեք չեն թաքցրել, որ իրենց նպատակը տրանսպորտային հաղորդակցությունն է Կենտրոնական Ասիայով Կովկաս՝ առանց Ռուսաստանի ու Չինաստանի գործոնի:

«Երբ գալիս է պետքարտուղարի օգնականը, նա հայտարարում է, որ գլխավոր խնդիրը հենց դա է»,- նկատեց Մարկեդոնովը: Նա նշեց, որ, իհարկե, կարելի է պատկերացնել, որ Շվեյցարիայում ապրելը լավ է, սակայն կա աշխարհագրություն և իրողություններ, որոնցից հնարավոր չէ փախչել:

168.am


դեպի ետ