• am
  • ru
  • en
Версия для печати
30.07.2025

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՈՒ ԻՐԱՆԻ ԴԵՄ ԳՈՐԾԱՐԿՎՈՒՄ Է ՆՈՒՅՆ ՍՑԵՆԱՐԸ՝ ՓՈՔՐ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ, ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԴԵՐՆ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ Է. Եվսեև

   

Իրանը շարունակում է կոշտացնել հռետորաբանությունը Հարավային Կովկասում հնարավոր փոփոխությունների վերաբերյալ։ Օրերս Սյունիքի հնարավոր երթուղու վերաբերյալ ԻԻՀ գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի միջազգային հարցերով գլխավոր խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի և ԻԻՀ ԱԳՆ խոսնակի մեկնաբանություններից հետո իր դիրքորոշումն է հայտնել նաև Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ներկայացուցիչ Էբրահիմ Ռեզաին, նշելով, թե Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը հստակ է՝ Իրանը որևէ պարագայում թույլ չի տա տարածաշրջանում իրավիճակի փոփոխություն, քանի որ ՀՀ Սյունիքի մարզի հնարավոր կորուստն ուղղակի սպառնալիք է Իրանի ազգային շահերին:

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն էլ հայտարարել է, որ Թեհրանը պետք է շտապ բարելավի հարաբերությունները հարևանների հետ՝ ընդգծելով, որ տարածաշրջանային ավելի ուժեղ կապերը կարող են օգնել չեզոքացնելու Արևմուտքի սահմանած պատժամիջոցները։

«Եթե մենք ուժեղացնենք հարևանների հետ հարաբերությունները, պատժամիջոցներն անարդյունավետ կդառնան, – ասել է նա՝ նշելով,- այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտ է բարելավել հարաբերությունները մեր հարևան և տարածաշրջանային պետությունների հետ»։

Փեզեշքիանը նշել է մի շարք երկրներ, այդ թվում՝ Ադրբեջանը, Հայաստանը, Թուրքիան, Իրաքը, Պակիստանը, Աֆղանստանը, Թուրքմենստանը և Իրանի հարավային հարևանները՝ որպես «մեծ ներուժ» ունեցող երկրներ, որոնց հետ պետք է ակտիվացնել փոխադարձ համագործակցությունը՝ ընդհանուր շահերն ապահովելու համար։

168.am–ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ Իրանի անհանգստությունը պայմանավորված է մի շարք նոր հանգամանքներով։ Ըստ նրա՝ դրանցից մեկն ու գլխավորը Թրամփի վարչակազմի ակտիվությունն է Հարավային Կովկասում, հատկապես՝ Երևան-Բաքու գործընթացում «տեղավորվելու» փորձերի համատեքստում։ Նրա խոսքով, վերջին շրջանում պարզ դարձավ, որ Թրամփը կոնկրետ շահագրգռվածություն ունի, ինչն Իրանը դիտարկում է՝ որպես սպառնալիք։

«Մյուս հանգամանքն այն է, որ Իրանը փորձում է դասեր քաղել իր դեմ վերջին հարձակումից հետո՝ ձգտելով ամրապնդել անվտանգությունը, չեզոքացնելով հնարավոր սպառնալիքները և անցանկալի զարգացումները։ Թե ինչ ծրագիր կա այս հետևողական հայտարարությունների հետևում, բարդ է ասել, բայց այս բոլոր գործընթացներն Իրանը տեսնում է՝ որպես սպառնալիք մեկ կենտրոնից, ուղղված նաև Իրանի ազդեցության դեմ՝ Իրանը թուլացնելու համար։ Ինչպես Ռուսաստանի դեպքում կա գլխավոր հակամարտություն՝ Ուկրաինա և «օղակի» սեղմում, ազդեցության վերացման քաղաքականություն գոտիներում, որտեղ կա ազդեցություն, նույն սցենարը փոքր տարբերություններով խաղարկվում է թե Ռուսաստանի, թե Իրանի դեմ։

Տեսեք՝ Ադրբեջանի քաղաքականությունը թե Իրանը, թե ՌԴ-ի դեմ, ներկայումս Իրանի դեմ լուրջ դեմարշ չկա, բայց ժամանակ առ ժամանակ սրացումներ կան նաև Իրանի դեմ։ Իսրայելի ու Ադրբեջանի կապերն առանցքային են այս հարցում։ Ուստի Իրանում հասկանում են, որ Հարավային Կովկասում Արևմուտքի առաջընթացն Իրանի թուլացման հերթական փուլն է լինելու, և փորձելու են սերտացնել ռեգիոնալ համագործակցությունը։ Դա մշտապես եղել է, բայց մի շարք ուղղություններով ներուժն ամբողջությամբ իրացված չէ, խոսքը նաև Հայաստանի մասին է»,- ասաց նա։ Վերլուծաբանն ուշադրություն հրավիրեց հանգամանքի վրա, որ տասնամյակների լավ հարաբերությունների ֆոնին Իրանն ու ՀՀ-ն չունեն ստորագրված դաշնակցային բնույթի լուրջ փաստաթղթեր տարբեր ոլորտներում համագործակցության շուրջ։

«Հենց նման փաստաթղթերն են համագործակցությունը բարձրացնում նոր՝ ավելի խորը, կայուն, վստահելի մակարդակի։ Այսօր Հայաստանն ունի խնդիրներ, Իրանը ևս ունի խնդիրներ, մտահոգություններ, ուստի փաստաթղթերի առկայությունը թույլ կտար էլ ավելի ամուր համագործակցություն սպառնալիքների հաղթահարման շուրջ։ Կարծում եմ՝ Իրանն արդեն այդ բացը նոր հրատապությամբ է ընկալում, իսկ ինչ կանի ՀՀ-ն Արևմուտքի հետ համագործակցության պարագայում՝ բարդ է ասել»,- ասաց Եվսեևը։

168.am


դեպի ետ