• am
  • ru
  • en
Версия для печати
21.08.2025

«ՕՎԵՐՉՈՒԿԸ, ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ, ՀԱՍՏԱՏՈՒՄ Է ԱՅՆ, ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԵՍ ԽՈՍՈՒՄ ԵՄ ԱՎԵԼԻ ՔԱՆ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ». Հակոբ Բադալյան

   

Հակոբ Բադալյանը գրում է. «ՌԴ փոխվարչապետի այցի հանդեպ ուշադրության մյուս հանգամանքը իհարկե օգոստոսի 8-ի վաշինգտոնյան ակտն է: Այս թեմային ինքս իհարկե անդրադարձել եմ մանրամասն, թեեւ ծավալն իհարկե «անսպառ» է:

Վաշինգտոնյան ակտի առնչությամբ շատ ուշագրավ գնահատական տվողներից մեկն էլ եղել էր ՌԴ փոխվարչապետը: Եվ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հանգամանքին, որ նրա այդ գնահատականը հնչել էր օգոստոսի 15-ին՝ Ալյասկայում հանդիպումից ժամեր առաջ:

Մասնավորապես, ՌԴ փոխվարչապետը անդրադառնալով Թրամպի ուղու վերաբերյալ հարցին ասել էր, որ իրենք դեմ չեն այդպիսի հեռանկարին: Սա իհարկե կարող ենք որակել որպես դիվանագիտություն, երբ խոսքերը թաքցնում են իրական մտքերը: Անշուշտ, ինչպես ասում են՝ դիվանագետին լեզուն տրված է մտքերը թաքցնելու համար:

Բայց, Օվերչուկն այդ իմաստով դիվանագետ չէ, նա չունի սեթեւեթանքի կարիք: Հետեւաբար, նրա խոսքերը արժանի են ավելի տողատակային դիտարկման: Իսկ ի՞նչ էր ասել նա:

Օվերչուկն ասել էր, որ «Հայաստանը իրենց դաշնակիցն է», եւ, եթե Հայաստանը համարում է, որ Թրամպի ուղին կապահովի կայունությունը, ապա իրենք ընդունում են այդ մոտեցումը:

Օվերչուկը, ըստ էության, հաստատում է այն, ինչի մասին ես խոսում եմ ավելի քան երկու տարի, եւ ինչի մասին խոսել եմ նաեւ օգոստոսի 8-ը գնահատելիս: Մոսկվան Կովկասում, այդ թվում հայ-ադրբեջանական հարցում առավել եւս, գործում է տակտիկական նահանջի տրամաբանությամբ, քանի որ ավելի ակտիվ ու առաջնային դերը ենթադրելու է նաեււ պատասխանատվություն, ինչը այս պահին Մոսկվայի համար ծանր ու անցանկալի բեռ է:

Ըստ այդմ, Կրեմլը Հայաստանին չի խանգարում եվրաատլանտյան դրեյֆի հարցում, եթե այնտեղ չի տեսնում ռազմավարական անշրջելի ռիսկեր: Իսկ այդպիսիք՝ գոնե առայժմ չի տեսնում, դատելով վարքագծից: Մոսկվան Կովկասի կայունության գլխավոր շահառու է՝ Իրանի հետ մեկտեղ: Ինչպե՞ս կապահովվի այդ կայունությունը, ռուսների համար սկզբունքային չէ, կրկնեմ՝ եթե չի պարունակում անհաղթահարելի ռազմավարական ռիսկեր: Ավելին, եթե այդ կայունությունը կապահովվի եվրաատլանտյան պատասխանատվությունը բարձրացնելու հաշվին, Մոսկվայի համար դա նախընտրելի տարբերակ է: Որովհետեւ, Կովկասում եւ մասնավորապես հայ-ադրբեջանական հարցում ապակայունացմամբ Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատի տրամաբանությամբ իրավիճակ ստեղծելը հենց եվրաատլանտյան տիրույթում գործող էլիտաների մոտիվն է: Ռուսաստանի «նահանջն» ու նրանց «առաջքաշումը» որոշակի կաշկանդում է այյդ էլիտաների գործողությունների ազատությունը, որովհետեւ իրենք են հայտնվում բաց պատասխանատվության տակ:

Այդ իմաստով, Կովկասում եւ մասնավորապես հայ-ադրբեջանական հարցում, հատկապես Հայաստանի հարցում ծավալվում է այդ բազմիմաստ բարդ խաղը:

Ընդ որում հարկ է նկատել, որ հենց իր շահի տեսանկյունից՝ Նիկոլ Փաշինյանը առայժմ բավականին արդյունավետ է ներգրավված եղել այդ խաղին:

Այդպիսով, ի՞նչ է ասում Օվերչուկը: Նա ասում է, որ Հայաստանից իրենք ակնկալում են մի խնդրի լուծում՝ չտալ ապակայունացման առիթ, եւ, եթե Հայաստանը համարում է, որ այդ խնդրի լուծման համար անհրաժեշտ է եղել գնալ վաշինգտոնյան համաձայնության, ապա իրենք դեմ չեն դրան:

Առավել եւս, որ ռազմավարական խոսակցությունը իրենք վարում են Թրամպի հետ անմջապես, ուղիղ հաղորդակցությամբ»:

168.am


դեպի ետ