• am
  • ru
  • en
Версия для печати
17.09.2025

ՎԵՐՋԱՊԵՍ ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ԵԿԵԼ ՔԸԼԸՉԸ

   

Այսպիսով, կայացավ Էրդողանի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հայաստանյան այցը: Ընդգծենք՝ մեծ անտարբերության պայմաններում: Անգամ դաշնակցականները, մի կողմ թողած «արյան ծովը», մի թեթեւ միտինգից այն կողմ չանցան: Այն էլ՝ կառավարության շենքի մոտ, երբ Քըլըչն ԱԳՆ-ում էր…

Ի՞ՆՉՆ ԵՆ «ԱՐԱԳԱՑՆՈՒՄ» ՔԸԼԸՉՆ ՈՒ ՌՈՒԲԻՆՅԱՆԸ

Այսքանով հանդերձ, թե ինչու էր Էրդողանի դեսպանը եկել, այն էլ՝ Հայաստան մտնելով հայ-թուրքական սահմանով՝ որպես ընդգծված ժեստ, հարցերի պակաս չկա: Չնայած, որ այցի նպատակների մասին պաշտոնական որոշակի պարզաբանումներ եղան: Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի, նախ՝ «Կողմերը հաստատել են նախորդ հանդիպումներում ձեռքբերված պայմանավորվածությունները»: Ավելին, սահմանային անցակետերի վերաբերյալ՝ «Որոշվել է արագացնել դրանց բացման գործընթացը»: Ըստ այդմ. «Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Կարս-Գյումրու երկաթուղային գծի եւ էլեկտրական միջկապակցման գծի վերականգնման եւ շահագործման հանձնման թեմային։ Երկու երկրների իրավասու մարմինները տեխնիկական աշխատանքներ կիրականացնեն՝ Գյումրի–Կարս երկաթուղու եւ էլեկտրահաղորդիչ գծի վերականգնման ու գործարկման համար»: Եվ այլն:

Գրեթե սրանից չտարբերվող հայտարարություն ներկայացրեց նաեւ ՀՀ ԱԳՆ-ն: Այսինքն, զգացվում է, որ համաձայնեցված տեքստ է, երկու կողմերը հանդիպումից հետո տարածել են:

Տպավորություն է, թե ամեն բան ասված է: Միայն թե այս ներկայացվածը կարելի էր ասել դեռ այն ժամանակ, երբ Քըլըչն ու Ռուբինյանն իրենց առաջին հանդիպումն ունեցան: Ասենք, բուն այդ գործընթացի իմաստը հենց դա է՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատելն ու սահմանները բացել, ու հիմա, երբ նույն բանը կրկնում են, դրանից բան չի փոխվում. դրա տակ ընդամենը այն իմաստը կա, որ գործընթացը շարունակվում է:

Չնայած, այս դեպքում մեկ հետաքրքիր դետալ կա: «Որոշվել է արագացնել դրանց բացման գործընթացը»,- հատուկ ընդգծել է Թուրքիայի ԱԳՆ-ն: Միայն թե այդ միտքը տարօրինակ տեսք է տալիս արտգործնախարար Թիդանի հայտարարությանը, որը նա հնչեցրեց այս հանդիպման հետ կապված: «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջնական համաձայնագիրը ստորագրելուն պես մենք եւս արագ կկարգավորենք հարաբերությունները Հայաստանի հետ»,- նշել է Ֆիդանը։ Այսինքն, «գործընթացն արագացնելու» համար ինչ-որ նոր որոշման կարիք չկա, այն դեռ մնում է կապված «խաղաղության պայմանագիր» կոչվածի ստորագրման հետ: Այն, ինչ Թուրքիան բազմիցս է հայտարարել: Այսինքն, բավական է այդ փաստաթուղթը ստորագրվի, որ շատ արագ դիվանագիտական հարաբերություններ էլ հաստատվեն, սահմաններն էլ բացվեն: Ավելին, դրա համար անգամ կարիք չկա, որ Էրդողանի Քըլըչն ու Նիկոլի Ռուբինյանն այս էլ որերորդ անգամ հանդիպեն ու ինչ-որ բաներից խոսեն: Անգամ նման հատուկ ներկայացուցիչների կարիքը չկա. ԱԳՆ-ների մակարդակով, ինչպես եղավ Պակիստանի դեպքում, պատրաստում եւ ստորագրում են դիվանագիտական հարաբերություններ հաստատելու փաստաթուղթ, դրա հավելվածում՝ սահմանների բացման կետ մտցնում, իսկ բուն տեխնիկական աշխատանքները մնում են համապատասխան գերատեսչություններին:

Այսինքն, ամեն ինչ իրականում շատ պարզ է: Ու չնայած այդ պարզությանը` մեծ շուքով Հայաստան է գալիս Քըլըչը, պայմանավորվում են՝ «արագացնել», թեեւ Ֆիդանը կարծում է, որ սա շատ կարեւոր է, հայ-ադրբեջանական փաստաթղթի «ստորագրումը սպասվում է հաջորդ տարվա առաջին կեսին»: Ուրեմն, այդ ի՞նչն են Քըլըչն ու Ռուբինյանն «արագացնում», եթե նրանցից կախված ոչինչ չկա: Ավելին, ինչո՞ւ Քըլըչը եկավ, եթե առնվազն առաջիկա 6-9 ամիսներին «խաղաղության պայմանագիր» չի ստորագրվելու, սահմաններն էլ՝ չեն բացվելու:

ՌՈՒՍԱԿԱՆ ՈՒՂԻ՝ ԷՐԴՈՂԱՆԻ ՀԱՄԱՐ

Սակայն սա ամենեւին էլ միակ տարօրինակությունը չէ: Դեռ մինչ Հայաստան հասնելը` Քըլըչն Իգդիրում պատասխանելով լրագրողների հարցերին, նման միտք հնչեցրեց՝ «Զանգեզուրի գիծը» շատ կարեւոր է, այն ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլ ամբողջ Միջին Ասիայի եւ թյուրքական հանրապետությունների համար է շատ կարեւոր գիծ։ Քըլըչը հավելել է, թե հայկական կողմն այս ամենին դրական է նայում: Այն, որ սա ուղղակի հայտարարություն է «թյուրքական միջանցքի» մասին, հասկանալի է, այն, որ նիկոլյան խունտան էն գլխից էր այս ուղղությամբ աշխատում, դա եւս, ու այս փաստը չէ, որ կուզենայինք ընդգծել: Այլ հետեւյալը. տեսնես ի՞նչ նկատի ունի Էրդողանի ներկայացուցիչը՝ խոսելով «Զանգեզուրի գծից»՝ Ադրբեջան-Մեղրի-Նախիջեւան-Թուրքիա գի՞ծը, որի Թուրքիա-Նախիջեւան հատվածը դեռ կառուցել է պետք, ինչը մի քանի տարի կտեւի: Ու եթե Անկարայի հիմնական շեշտադրումը դա է, ի՞նչ Գյումրի-Կարս երկաթուղի են ուզում «արագացնել»: Հաշվի առնելով, որ Գյումրի-Կարսը, խոշոր հաշվով, հասնում է մինչեւ Նախիջե-ւան, ընդ որում, հայաստանյան երկաթուղային համակարգով, որը կառավարում է ռուսական ընկերությունը: Ու երբ այս ամենը հաշվի առնելով, Քըլըչի երեւանյան այցի ժամանակ ընդգծվեց հենց Գյումրի-Կարսն «արագացնելու» թեման, ապա այստեղ արդեն հետաքրքիր հարցեր են առաջանում. եթե լինի Թուրքիայից դեպի Ադրբեջան տանող այդ պատրաստի «գիծը», Թուրքիան էլ կարիք կունենա՞ մեծ ներդրումներով Կարսից մեկ այլ գիծ կառուցել դեպի Նախիջեւան:

Եվ, երկրորդը. Գյումրի-Կարսը Թուրքիայի համար նաեւ Ռուսաստան դուրս գալու ուղի է, ընդ որում, եթե բացվի Աբխազական ուղղությունը, ապա տեխնիկապես հնարավոր է այդ գիծը շատ արագ գործարկել՝ Ադրբեջանը շրջանցելով: Իսկ սա Թուրքիայի համար «արագացնելու» շատ լուրջ շարժառիթ չէ՞, հաշվի առնելով այն կրքերը, որոնք ներկայումս եռում են Մերձավոր Արեւելքում, եւ որոնք Թուրքիայի համար շատ լուրջ ռիսկեր են պարունակում: Այն պարագայում, երբ իսրայելյան աղբյուրներն արդեն բաց տեքստով են գրում, թե Կատարի փոխարեն, կարող էին Թուրքիային հարվածել, բայց դեռ ոտքները «արգելակին» են պահում, հաշվի առնելով ՆԱՏՕ-ի գործոնը, արդեն շատ բան է ակնարկում: Ու մեծ հարց է, թե արդյոք երկա՞ր ժամանակ «արգելակը սեղմած» կպահեն:

ՀԱՐՑ Է՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ» ԿՍՏՈՐԱԳՐՎԻ՞

Ամեն դեպքում, եթե Անկարան շարունակում է հայաստանյան սահմանների թեման դեռ պաշտոնապես կապել «խաղաղության համաձայնագրի» հետ, ապա մեծ հարց է, թե Ֆիդանի պատկերացրածի պես, այդ փաստաթղթի ստորագրումը իրատեսակա՞ն է «հաջորդ տարվա առաջին կեսին»: Նախ, Ալիեւը համառորեն օրակարգում է պահում հայաստանյան Սահմանադրությունը փոխելու հարցը, ինչն անելը Նիկոլի համար եղել եւ մնում է քիչ իրատեսական: Անգամ եթե գալիք տարվա ընտրություններում թվային մանիպուլյացիաների հաշվին կարողանա վերարտադրվել, ապա մեկ է, Սահմանադրություն փոխելու համար անհրաժեշտ հանրաքվեն ենթադրում է 50 տոկոսանոց «կողմ» ձայներ, որն էլի կմնա քիչ իրատեսական: Իսկ եթե չհաջողվի վերարտադրվել, շատ բան կփոխվի: Այսինքն, Ֆիդանն ակնարկում է, թե ընտրությունների շեմին Ալիեւը կարող է իր այդ պահանջից հրաժարվել՝ «խաղաղություն բերող» Նիկոլին օգնելու համա՞ր. կարող է, բայց ներկայիս շատ արագ փոփոխվող աշխարհում ո՞րն է երաշխիքը, որ նպաստավոր աշխարհաքաղաքական ֆոն կլինի դրա համար:

Այսինքն, պարզապես չի կարող լինել որեւէ երաշխիք, որ գալիք տարվա առաջին կեսին «խաղաղության պայմանագիր» կստորագրվի: Մինչդեռ Քըլըչին Հայաստան ուղարկելով, Էրդողանն ակնհայտորեն բաց մեսիջ հղեց նաեւ Ալիեւին: Այն է՝ Թուրքիայի համար հայաստանյան սահմանների հարցը, իսկ եթե ավելի խորքային նայենք՝ Ռուսաստանի հետ կայուն երկաթուղային լոգիստիկան դառնում է շատ կարեւոր:

Առավել եւս` հաշվի առնելով, որ «Թրամփի միջանցք» ասվածը հազիվ թե Անկարայի համար ցանկալի սցենար լինի: Եթե այն կյանքի կոչվի, ապա դա կդառնա Թուրքիայի համար «խեղդող» հանգույց, երբ դա ԱՄՆ-ի համար ցանկալի լինի: Ու այստեղ նորից գալիս ենք այն ծայրահեղ սերտ համագործակցության հարցին, որը կա ԱՄՆ-ի եւ Իսրայելի մեջ: Այսինքն այն, որ Թուրքիան դժգոհ է վաշինգտոնյան փաստաթղթերից, մեկ փորձագիտական աղբյուր չէ, որ մատնանշում է: Նաեւ, որ ֆոնը կարող է էապես փոխվել, եթե այդ պայմանավորվածություններից դուրս բերվի Նախիջեւան-Թուրքիա օղակը՝ այն փոխարինելով Կարս-Գյումրի-Նախիջեւան օղակով: Իսկ այս դեպքում «Թրամփի ուղի» ասվածն է կորցնում իր բառացի իմաստը:

Ընդ որում, Անկարայում պարզ հասկանում են, որ «Թրամփի ուղի» ասվածը նաեւ Մոսկվայի եւ Թեհրանի համար է մնում միանգամայն անցանկալի նախագիծ: Ինչը, ի դեպ, վերահաստատվեց նաեւ Քըլըչի հայաստանյան այցի ֆոնին: Ըստ ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովայի՝ «Այս տրանսպորտային երթուղու գործնականում գործելու վերաբերյալ վերջնական պատկերացում մենք կկարողանանք կազմել, երբ ծանոթանանք այս նախագծի կոնկրետ մանրամասներին։ Ընդ որում, Զախարովան նաեւ հիշեցրել է հարավկովկասյան կոմունիկացիաների ամբողջական գործարկման մասին մոսկովյան պայմանավորվածությունների մասին, որն այս դեպքում, շատ նման է, որ Անկարայի սրտովը եւս կարող է լինել:

www.iravunk.com


դեպի ետ