13.12.2025ԱՌԱՋԻԿԱ 50 ՏԱՐՈՒՄ, ԵԹԵ ՈՉ ԱՎԵԼԻ, ԲԱՑԱՌՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՄ ԱՆԴԱՄ ԴԱՌՆԱԼԸ. Գարիկ Քեռյան
Համբուրգում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ԵԱՏՄ–ից դուրս գալը նպատակ չէ, սակայն մյուս կողմից Եվրամիության անդամ դառնալը նպատակ է։ Թե իրականում ինչ է ցանկանում սրանով ասել Փաշինյանը, «Իրավունք»-ը պարզել է ԵՊՀ Քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր, քաղաքագետ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԻՑ:
— Նիկոլ Փաշինյանը պետության ղեկավար է, եւ նա շփվում է ե՛ւ Եվրասիական տնտեսական միության ղեկավարների հետ, ե՛ւ ռուսական իշխանությունների հետ միաժամանակ: Ինչպես նաեւ շփվում է Եվրամիության ու բրյուսելյան ԵՄ ղեկավար կենտրոնների հետ եւ շատ լավ պատկերացնում է, որ Եվրոպական միություն Հայաստանը մտնելու ոչ մի շանս չունի:
Եվրոպական միության պաշտոնական ռազմավարությունն ընդլայման առայժմ միայն մեկ տարածաշրջանում ծրագրեր ունի, դա արեւմտյան երկրներն են, օրինակ՝ Կոսովոն, Մակեդոնիան, Սերբիան, Բոսնիա-Հերցեգովինան, Ալբանիան: Այս երկրները, անդամագրվելով Եվրոպական միությանը, նոր Եվրամիությունը կարող է ասել, որ ամբողջ Եվրոպան ընդգրկել է իր տնտեսական կառույցում: Այս երկրներին էլ հիմա ընդգրկելը շատ լուրջ խնդիր է, եւ արդեն 4-5 տարի է, նրանք այդ հարցը չեն կարողանում լուծել:
Հետխորհրդային երկրներից Եվրամիության անդամ դառնալու թերեւս ամենամոտ շանսերն ունեն Ուկրաինան, Վրաստանը: Բայց տեսանք, թե Ուկրաինայում ինչ տեղի ունեցավ, Իսկ Վրաստանում՝ կասեցվեց: Նրանք այդ ուղին բռնել են արդեն 20-25 տարի, եւ զրո արդյունք: Հիմա նայում ենք ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական, ե՛ւ աշխարհաքաղաքական իրողություններով ու փաստում, որ առաջիկա 50 տարում, եթե ոչ ավելի, բացառվում է Հայաստանի Եվրամիության անդամ դառնալը: Մենք անգամ չգիտենք էլ, 50 տարի հետո միջազգային այդ տնտեսականությունից որը կմնա, որը կցրվի: Սա ասում են նաեւ շատ-շատերը՝ ե՛ւ փորձագիտական, ե՛ւ քաղաքական, ե՛ւ քաղաքագիտական շրջանակներում: Ինձանից լավ գիտի նաեւ հանրապետության վարչապետը, որն ավելի մեծ ինֆորմացիայի է տիրապետում:
Այն արտահայտությունը, որ Եվրամիության անդամ դառնալը նպատակ է, բայց Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալը նպատակ չէ, սա, պարզապես, մի ձեւակերպում է, որը փորձում է միջանկյալ արդարացում տալ Հայաստանի այդ եվրաինտեգրման հայտարարված կուրսին, Եվրաինտեգրման ցանկության մասին այդ օրենքի ընդունմանը, բանակցություններին, բաժակաճառերին, ձեռքսեղմումներին, եւ տարբեր տեսակի միջոցառումներին, որոնք իրականում հստակ ոչ մի ծրագիր չունեն:
Եթե Թուրքիայի նման պետությունը, որը G-20-ի անդամ է եւ արդեն 30 տարի պայքարում է Եվրամիության անդամ դառնալու համար, դեռ թեկնածուի կարգավիճակ չունի, ինչպե՞ս կարող է Հասյաստանը, որը Եվրամիության ոչ մի երկրի հետ սահման չունի եւ խրված է բազմաթիվ խնդիրների մեջ, հայտնվի Եվրոպական միությունում: Եթե նույնիսկ մենք տեղափոխենք մեր ենթակառուցվածքները՝ տնտեսական ոլորտը, քաղաքական հարաբերությունները, պետական կառավարման մակարդակը, հակակոռուպցիոն միջոցառումները կարողանանք ավարտել, բանակը կարողանանք վերակառուցել՝ եվրոպական պահանջներին համահունչ, դա կպահանջի տասնյակ տարիներ: Հետեւաբար, խոսել այն մասին, որ մենք դուրս ենք գալիս ԵԱՏՄ-ից եւ մտնում ենք ԵՄ, ուղղակի, անհասկանալի խոսույթ է:
Նանա Սարգսյան
www.iravunk.com
դեպի ետ