• am
  • ru
  • en
Версия для печати
19.12.2017

21-ՐԴ ԴԱՐԸ՝ «ՔՐԴԱԿԱ՞Ն ԴԱՐ»

Руский

   

Հայկ Գաբրիելյան
Թուրքագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

21-րդ դարում և մասնավորապես ընթացիկ տասնամյակում Իրաքի, Սիրիայի, ինչպես նաև Թուրքիայի քրդերը զգալի հաջողություններ են գրանցել տարատեսակ ոլորտներում։ Ներկայացնենք վերջին տարիներին քրդերի ձեռքբերումները, որոնք կրում են շարունակական բնույթ։

Իրաքի քրդեր.– Վերջին շրջանում Իրաքի քրդերի զգալի հաջողությունների շարքը սկսում ենք ամենաթարմ օրինակով.

ա) Անկախության հանրաքվե.- 2017թ. սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում անցկացվեց անկախության հանրաքվե։ Քվեարկությանը մասնակցեց ավելի քան 3 միլիոն մարդ, որոնց ավելի քան 93%-ը կողմ արտահայտվեց անկախությանը։ Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Իրաքյան Քրդստանում անցկացվում է հանրաքվե. 2005թ. Իրաքյան Քրդստանում արդեն նմանատիպ կամարտահայտություն դրսևորվել է, որի մասնակիցների մոտ 98%-ը կողմ է քվեարկել անկախությանը։ Սակայն ինչպես դիպուկ նկատել է Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին, 2005թ. հանրաքվեն հայտարարել ու անցկացրել են հասարակական կազմակերպությունները, մինչդեռ 2017թ. հանրաքվեն կազմակերպել են կառավարությունն ու քաղաքական կուսակցությունները։ Բացի այդ, տվյալ հանրաքվեն անցկացվել է ավելի փոքր տարածքում, քան այն, որն Իրաքի քրդերը վերահսկում են ներկայում։ Անկախության մասին նոր հանրաքվե անցկացնելն Իրաքի քրդերի վերջին ձեռքբերումներից է՝ անկախ նրանից, թե ինչ շարունակություն կունենա այն ներկա փուլում։ Կարելի է ենթադրել, որ ժամանակի ընթացքում միջազգային հանրությունը կհաշտվի Իրաքյան Քրդստանի դե-յուրե անկախության հետ՝ հաշվի առնելով նաև տարիներ շարունակ նրա դե-ֆակտո անկախ լինելը։ 1991թ. Պարսից ծոցի պատերազմից հետո իրաքյան զորքերը լքեցին Իրաքյան Քրդստանը, որը սկսեց գործել ինքնուրույն։ Իսկ 2003թ., Սադամ Հուսեյնի վարչակարգի տապալումից երկու տարի անց, ընդունվեց Իրաքի նոր Սահմանադրությունը, որով Իրաքյան Քրդստանին տրվեց լայն ինքնավարության կարգավիճակ։ Պատմական փորձը վկայում է, որ Իրաքի քրդերը կարողացել են օգտվել նման իրադարձություններից, մասնավորապես Պարսից ծոցի երկու պատերազմներից։ Նույն պատկերին ականատես ենք լինում նաև ներկայում. 2014թ. Իրաքում ԻՊ սկսած հաղթարշավը նոր մարտահրավերներ, սակայն, դրան զուգահեռ, նաև լայն հնարավորություններ առաջացրեց Իրաքյան Քրդստանի համար, որն էլ ամեն կերպ օգտվում է դրանցից։ Այդ մասին վկայում է նաև անկախության նոր հանրաքվե անցկացնելու հիմնավորումը (որ իրաքյան բանակը փախել է ԻՊ ճնշման ներքո, և Իրաքի քրդերն իրենք են զենքի միջոցով պաշտպանել իրենց)։

բ) Դիվանագիտական ճանաչում.– Նշենք, որ ներկա դրությամբ Իրաքյան Քրդստանում հավատարմագրված է 35 օտար դիվանագիտական ներկայացուցչություն՝ գլխավոր հյուպատոսների մակարդակով, ինչպես նաև ինքնավարության տարածքում գործում են հարյուրավոր օտար ընկերություններ։ Իսրայելն օգոստոսին վարչապետի մակարդակով կողմ արտահայտվեց քրդական անկախ պետության ստեղծմանը, սեպտեմբերի կեսին (հանրաքվեի անցկացումից օրեր առաջ) աջակցություն հայտնեց պետականություն ձեռք բերելուն ուղղված Իրաքյան Քրդստանի ջանքերին՝ դրանք որակելով օրինական։ Ակնկալվում է, որ անկախ Իրաքյան Քրդստանը կդառնա Իսրայելի տարածաշրջանային դաշնակիցը, որի սուր կարիքն ունի Իսրայելը։ Իսրայելը կփորձի Իրաքյան Քրդստանի միջոցով սահմանափակել առաջին հերթին Իրանի և Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում։ Բացի այդ, Իսրայելի համար կարևորվում են Իրաքյան Քրդստանի նավթային և ջրային պաշարները1։ Իսրայելի անվտանգության ապահովումը մեծ կարևորություն է ներկայացնում ԱՄՆ-ի համար, որն առերևույթ հանդես եկավ Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացման դեմ, սակայն իրականում կարելի է ենթադրել, որ հենց նա է կանգնած եղել այդ հանրաքվեի անցկացման հետևում։ Հակառակ պարագայում դժվար է հավատալ, որ Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին կհամարձակվեր դեմ գնալ համայն աշխարհին և հանրաքվե անցկացներ։ ԶԼՄ հաղորդմամբ՝ ԱՄՆ-ը արդեն զգուշացրել է Իրաքին, Թուրքիային և Իրանին, որ չի հանդուրժի նրանց ռազմական միջամտությունն Իրաքյան Քրդստանում և համապատասխան ռազմական քայլեր է ձեռնարկել։ Սա ինքնին խոսուն փաստ է։ Կարծում ենք, որ Իրաքյան Քրդստանի հարևան երկրները նույնպես ժամանակի ընթացքում կհաշտվեն տարածաշրջանի նոր իրողությունների հետ, ընդ որում՝ որքան շուտ նրանք անեն դա, այնքան շահեկան դիրքերում կհայտնվեն (նրանք որոշ ժամանակ կարող են պատժամիջոցներ սահմանել Իրաքյան Քրդստանի նկատմամբ, շրջափակման մեջ պահել այն, սակայն հազիվ թե դա կպահպանվի երկար)։ Օրինակ, եթե Իրանն առաջ անցնի Թուրքիայից, ավելի շուտ որոշ հետքայլ անի, ավելի շուտ մեղմի Իրաքյան Քրդստանի հանդեպ կոշտ դիրքորոշումը, ապա վերջինիս նավթը միջազգային շուկաներ կարող է դուրս գալ հենց Իրանի և ոչ թե Թուրքիայի տարածքով։ Ընդ որում՝ խնդիրը միայն նավթը չէ, նույնը կարելի է ասել այդ երկրների կողմից Իրաքյան Քրդստանի շուկայի համար պայքարելու վերաբերյալ և այլն2։

գ) Տարածքային ձեռքբերումներ.- 2014թ. Իրաքում ԻՊ հաղթարշավի մեկնարկից հետո իրաքյան զորքերը հեռացան երկրի հյուսիսային մի շարք շրջաններից, այդ թվում նաև նավթառատ Քիրքուքից, և առաջացած վակուումը չհապաղեց լցնել Իրաքյան Քրդստանը։ Ընդհանուր առմամբ վերջին երեք տարիներին «վիճելի տարածքների հաշվին» զգալիորեն ընդլայնվել է Իրաքյան Քրդստանի վերահսկողության տակ գտնվող տարածքը։ Եթե ԻՊ հաղթարշավից առաջ Իրաքյան Քրդստանի տարածքը կազմում էր 41 հազ. կմ2, ապա իրաքյան բանակի նահանջի և ԻՊ-ի դեմ Փեշմերգայի մարտերի արդյունքում այդ ցուցանիշն աճել է 30 հազ. կմ2-ով՝ կազմելով 71 հազ. կմ2: Չնայած դրան՝ Իրաքյան Քրդստանը հավակնում է մինչև 78 հազ. կմ2 տարածքի3։ Եվ թեև Իրաքյան Քրդստանի տարածքային այս ձեռքբերումները վերջնական չեն, ամրագրված չեն դե-յուրե, այնուամենայնիվ, անկախության հանրաքվեի անցկացումը նաև այդ տարածքներում խոսուն փաստ է և վկայում է դրանց հանդեպ Իրաքյան Քրդստանի ղեկավարության լուրջ հավակնությունների մասին։ Իրաքյան Քրդստանին ծանր պայքար է սպասվում այդ հարցում՝ հաշվի առնելով պաշտոնական Բաղդադի և հատկապես Թուրքիայի հակազդեցությունը գլխավորապես Քիրքուքի հարցում, որը նա համարում է «թուրքմենական քաղաք»4 և փորձելու է ամեն կերպ շահարկել Իրաքի թուրքմենների հարցն ընդդեմ Իրաքյան Քրդստանի (քրդերի)։

դ) Ռազմական հաջողություններ.– Արդեն նշվեց, որ Փեշմերգան (ԱՄՆ գլխավորած միջազգային դաշինքի աջակցությամբ) հաջող մարտեր է մղել ԻՊ-ի դեմ, որոնք էլ հնարավոր են դարձրել վերոնշյալ տարածքային ձեռքբերումները։ Ընդգծենք, որ այդ մարտերում Փեշմերգան թրծվել է, ձեռք է բերել մարտական լուրջ փորձ, վերածվել առավել ազդեցիկ մարտունակ ուժի։ Դրան նպաստել են նաև օտար երկրների կողմից Փեշմերգայի հազարավոր մարտիկների համար ռազմական ուսուցման կազմակերպումն ու արտերկրից (հիմնականում ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից) Փեշմերգայի համար սպառազինության զգալի մատակարարումները։ Այս ամենին զուգահեռ՝ աճել է Փեշմերգայի մարտիկների թիվը. տարբեր տվյալներով՝ այժմ նրանց թիվը տատանվում է 114 հազ.-300 հազ.-ի միջև5։ Ի դեպ, ընդունված է համարել, որ PKK զինյալների թիվը սովորաբար կազմում է 3000-5000, որի դեմ Թուրքիան զինված պայքար է մղում ավելի քան 30 տարի։ Եվ Թուրքիան որքան խստացնի Իրաքյան Քրդստանի հանդեպ դիրքորոշումը, այնքան շատ կհամընկնեն Փեշմերգայի ու PKK շահերը, և արդյունքում՝ Թուրքիայում էլ ավելի կսրվի PKK զինված պայքարը, Փեշմերգան կաջակցի PKK-ին (վերջին շրջանում լուրջ տարաձայնություններ կան Իրաքյան Քրդստանի իշխանությունների և PKK ղեկավարության միջև, հատկապես կապված PKK-ի կողմից «Քիրքուք-Յումուրթալըք» (Ջեյհան) նավթամուղի պայթեցումների հետ)։

Սիրիայի քրդեր.– Վերջին տարիներին Սիրիայի քրդերը նույնպես ունեցել են ծանրակշիռ հաջողություններ, որոնք առնչվում են տարբեր ոլորտների։

ա) Դե-ֆակտո ինքնավարություն.– 2011թ. մեկնարկած Սիրիական ճգնաժամը թե՛ մարտահրավերներ, թե՛ հնարավորություններ առաջացրեց Սիրիայի քրդերի համար։ Վերջիններս սկզբնական շրջանում խելամտորեն պահպանեցին չեզոքություն, և երբ 2012թ. երկրի նախագահ Բաշար Ասադը Հալեպի ճակատամարտի համար իր զորքերը հետ քաշեց Թուրքիային սահմանակից շրջաններից (Սիրիական Քրդստան), Սիրիայի քրդերը սկսեցին վերահսկողություն հաստատել տարածաշրջանի քաղաքների վրա։ 2013թ. նոյեմբերին Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն» (խոշորագույն) կուսակցությունը (PYD) առաջարկեց տարածաշրջանը բաժանել երեք մասի։ Արդեն 2014թ. հունվարին PYD նախաձեռնությամբ Սիրիայի հյուսիս-արևելքում հռչակվեց երեք ինքնավար շրջան՝ Ջիզրե, Քոբանի և Աֆրին։ Եվ չնայած Սիրիայի քրդերն անմիջապես ընդգծեցին, որ այդ երեք շրջանները Սիրիայի մի մասն են, իրականում դա լուրջ քայլ էր Սիրիայի հյուսիսում քրդական ինքնավարություն ստեղծելու ճանապարհին։ Դրանից ամիսներ անց մեկնարկեց Սիրիայի քրդերի վրա ԻՊ հարձակումը, որին նրանք դիմագրավեցին մեծ դժվարությամբ, այդ թվում նաև ԱՄՆ և Փեշմերգայի աջակցությամբ։ 2015թ. սկսվեց Սիրիայի քրդերի վերելքը, այդ թվում նաև ռազմական հաջողությունների տեսքով, ինչին նպաստեց այն, որ ԻՊ-ի դեմ ակտիվ զինված պայքարի մեջ մտնելու հարցում Թուրքիայի ներկայացրած նախապայմաններից հիասթափված ԱՄՆ-ը սկսեց ավելի շատ հենվել Սիրիայի քրդերի վրա՝ նրանց դիտարկելով որպես ցամաքում ԻՊ-ի դեմ պայքարի հիմնական ուժ։ Այդ ամենը հանգեցրեց նրան, որ Սիրիայի քրդերն ունեցան տարածքային լուրջ ձեռքբերումներ և հնարավոր դարձրեց 2016թ. մարտին Սիրիայի քրդերի կողմից երկրի հյուսիսում տարածաշրջանային դաշնային վարչակարգ՝ «Հյուսիսային Սիրիայի Դաշնություն» ստեղծելու մասին պաշտոնապես հայտարարելը։ Նույն տարվա վերջին Սիրիայի քրդերը հավանության արժանացրին դաշնային այդ շրջանի սահմանադրությունը6։ Այսպիսով, Սիրիայի քրդերն արդեն ունեն դե-ֆակտո ինքնավարություն, որը դեռ կփորձեն վերածել դե-յուրե ինքնավարության։ Այդ համատեքստում Սիրիայի քրդերին ծանր պայքար է սպասվում։

բ) Տարածքային ձեռքբերումներ.– Սիրիական ճգնաժամը, ԻՊ-ի դեմ Սիրիայի քրդերի հաջող մարտերը հանգեցրին նրան, որ ներկա դրությամբ Սիրիայի քրդերը վերահսկում են Սիրիայի տարածքի 23%-ը (Ասադի զորքերը վերահսկում են երկրի տարածքի 46%-ը): Ընդ որում՝ վերջին հինգ ամիսներին այդ ցուցանիշն աճել է 2%-ով (ավելի վաղ Սիրիայի քրդերը վերահսկում էին երկրի տարածքի 21%-ը՝ 38.500 կմ2)7 և շարունակում է աճել ԻՊ-ի վերահսկած տարածքների ազատագրման հաշվին։ Սիրիայի քրդերն արդեն վերահսկում են Թուրքիային սահմանակից Սիրիայի շրջանների 65%-ը: Ուշագրավ է, որ Սիրիայի քրդերը վերահսկում են Թուրքիայի և Սիրիայի միջև սահմանի 500-550 կմ-անոց հատվածը (հայտնի է, որ Թուրքիան ամենաերկար ցամաքային սահմանն ունի հենց Սիրիայի հետ՝ 911 կմ)։ Եվ եթե չլիներ Թուրքիայի ձեռնարկած «Եփրատի վահան» ռազմական գործողությունը, Սիրիայի քրդերը կմիավորեին իրենց 3 ինքնավար շրջանները, որով նրանց կողմից թուրք-սիրիական սահմանի վերահսկվող հատվածի երկարությունը կավելանար ևս 100 կմ-ով (Ազեզ-Ջերաբլուս գոտի)։ Դրանով Սիրիայի քրդերը կվերածվեին Թուրքիայի հետ ամենաերկար ցամաքային սահմանն ունեցող ուժի (Թուրքիայի հետ երկրորդ ամենաերկար ցամաքային սահմանն ունի Իրանը՝ 560 կմ)։ Սիրիայի քրդերի այս տարածքային ձեռքբերումները կարևոր են նաև այն առումով, որ Սիրիական Քրդստանը (Ռոժավա) արևելքում սահմանակից է Իրաքյան Քրդստանին, որով փաստորեն Թուրքիան իր հարավային սահմաններին ստանում է մոտ 900 կմ-անոց «քրդական միջանցք» («քրդական պատնեշ»)։ Ներկա դրությամբ Իրաքի և Սիրիայի քրդերը վերահսկում են ավելի քան 110 հազ. կմ2 տարածք։ Ընդ որում՝ հետագայում կարող են ավելի սերտանալ Սիրիական Քրդստանի և Իրաքյան Քրդստանի միջև հարաբերությունները, մի կողմ դրվեն տարաձայնությունները՝ կախված նրանց երկուսի հանդեպ Թուրքիայի կոշտ հակաքայլերից։

գ) Ռազմական հաջողություններ.– Վերջին շրջանում Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ջոկատները՝ YPG∕YPJ-ը, վերածվել են կազմակերպված լուրջ ուժի, նրանց հետ աշխատում են ամերիկացի ռազմական հրահանգիչները, մեծ փորձառություն են ձեռք բերել ԻՊ-ի դեմ մարտերում։ 2016թ. վերջի դրությամբ YPG∕YPJ մարտիկների թիվն արդեն հասել է 60 հազ.-ի։ Չնայած դրան՝ Սիրիայի քրդերը նպատակադրվել էին YPG∕YPJ մարտիկների թիվը մեծացնել 2∕3-ով՝ այդ թիվը հասցնելով 100 հազ.-ի8։ Այս ամենի հետ մեկտեղ, ԱՄՆ-ը Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակ սկսել է սպառազինություն մատակարարել YPG∕YPJ-ին, ինչը հարուցել է Թուրքիայի դժգոհությունը՝ չնայած ԱՄՆ-ը խոստացել է Թուրքիային ներկայացնել YPG∕YPJ-ին տրամադրած սպառազինության ցուցակը և ԻՊ-ի դեմ հաղթանակից (Ռաքքայի ազատագրումից) հետո Սիրիայի քրդերից հետ վերցնել այդ զենքերը։ Թուրքիայի իշխանությունները գիտակցում են, որ ԱՄՆ-ը կարող է ձգձգել զենքերի վերադարձման գործընթացը (եթե դա ընդհանրապես տեղի ունենա), և որ իրենք ունակ չեն ամբողջովին վերահսկել տվյալ գործընթացը (Թուրքիայում կասկածներ ունեն, որ YPG∕YPJ-ն ԱՄՆ տրամադրած զենքերի մի մասն արդեն հատկացրել է PKK-ին, որը կարող է թաքցրած լինել դրա մի մասը և Թուրքիայի դեմ կիրառել մի քանի տարի անց)։ Բացի այդ, թուրքական կողմը գիտակցում է, որ թեպետ YPG∕YPJ-ին ամերիկյան զենքի մատակարարումները վնասաբեր են իր համար, սակայն էլ ավելի վատթար է այն, որ Սիրիայի քրդերը նաև այդ զենքի մատակարարումների շնորհիվ ունենում են տարածքային ձեռքբերումներ, ամրապնդում իրենց դիրքերը երկրում և տարածաշրջանում՝ վերածվելով դերակատարի, նաև լծակի գերտերությունների և այլ ուժերի համար9։

Թուրքիայի քրդեր.– Թուրքիայի քրդերի հաջողություններն Իրաքի և Սիրիայի քրդերի վերոնշյալ հաջողությունների համեմատ թեև ավելի համեստ են, սակայն դրանք կան և արժանի են հիշատակման։

ա) Ընտրական հաջողություններ.– 2015թ. հունիսի 7-ին Թուրքիայում անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքներով քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը (ԺԴԿ) Թուրքիայի Հանրապետության (ԹՀ) պատմության մեջ առաջին անգամ հաղթահարեց 10%-անոց ընտրաշեմը և 550 հոգանոց խորհրդարանում ստացավ 80 մանդատ։ ԺԴԿ հաջողությունը հնարավոր դարձավ կուսակցության ներկայացուցիչների կազմակերպվածության, ընտրած մարտավարության շնորհիվ. սկզբից ևեթ հայտարարվել էր, որ ԺԴԿ-ն չպետք է սահմանափակվի Թուրքիայի միայն հարավարևելյան նահանգներում գործունեություն ծավալելով։ Ընտրությունների արդյունքները վկայեցին, որ ԺԴԿ-ին հաջողվել է դա, և այն (մասնակի) վերածվել է ողջ Թուրքիայի մասշտաբով կուսակցության (թեև ԺԴԿ-ն մանդատներ ստացել է 81 նահանգից 27-ում): Թեև համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու մասին ԺԴԿ ղեկավարության որոշումը որոշակի առումով ռիսկային որոշում էր, այնուամենայնիվ, ԺԴԿ-ն գնաց դրան, քանի որ դրա շնորհիվ հնարավորություն էր ստանում հաջողության դեպքում ավելի շատ ներկայացված լինել երկրի խորհրդարանում, քան անկախ թեկնածուներով հանդես գալու դեպքում: Ի դեպ, երկրի արևելյան և հարավարևելյան 14 նահանգում, ուր հաղթել է ԺԴԿ-ն, 58 մանդատից 49-ը բաժին է ընկել հենց նրան, իսկ մնացած 9-ը` իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ)։ Դա հանգեցրեց նրան, որ թեև ԱԶԿ-ն 4-րդ անգամ անընդմեջ հաղթեց Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում, սակայն առաջին անգամ ստացավ 276-ից պակաս (258) մանդատ և ի վիճակի չեղավ ձևավորել միակուսակցական կառավարություն10: Այդ պատճառով էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը սկզբում, ըստ ամենայնի, թերագնահատել էր ԺԴԿ-ին, չներեց նրան և որոշեց գլխատել այն. կալանքի տակ վերցվեց ԺԴԿ ղեկավարությունը։ Բացի այդ, 2015թ. ամռանը Թուրքիայում վերսկսվեցին PKK-ի դեմ ռազմական գործողությունները, որոնք ծանր դրության մեջ դրեցին քրդամետ կուսակցությունը, իսկ ԺԴԿ նախընտրական նոր հանդիպումների ժամանակ հաճախակիացած պայթյունները կուսակցությանը խանգարեցին անցկացնելու լավ ընտրարշավ։ Արդյունքում՝ ԺԴԿ-ն 2015թ. նոյեմբերի 1-ի խորհրդարանական կրկնական ընտրություններում զգալի նահանջ ապրեց. խորհրդարանում նրա մանդատների թիվը նվազեց 21-ով՝ 80-ից մինչև 59-ի։ Եվ այնուամենայնիվ, ԺԴԿ-ն երկրորդ անգամ անընդմեջ հաղթահարեց 10%-անոց ընտրաշեմը, որն ամենաբարձրն է ԵԽ անդամ երկրների թվում և շատերի պնդմամբ՝ սահմանվել է նրա համար, որպեսզի քրդական կուսակցությունները չկարողանան հայտնվել խորհրդարանում11։ Փաստորեն, Թուրքիայի քրդերին հաջողվեց կոտրել «ընտրական պատնեշը», ինչը կարող է ստանալ շարունակական բնույթ հետագայում։ Դրան կարող է նպաստել Թուրքիայի քրդերի թվաքանակի աճը։

բ) Ժողովրդագրական հաջողություններ.– Թուրքիայի բնակչության թիվը հասել է 80 մլն-ի։ Այդ ցուցանիշով Թուրքիան աշխարհում զբաղեցնում է 18-րդ տեղը՝ մի փոքր զիջելով Իրանին, որն իր տարածքով ավելի քան կրկնակի գերազանցում է Թուրքիային։ Ի դեպ, Թուրքիայի բնակչությունը վերջին տարիներին կանոնավորապես աճում է մոտ 1 մլն-ով։ Բացի այդ, 2015թ. ՄԱԿ Սոցիալական հարցերով հիմնադրամը կանխատեսել է, որ 2030թ. Թուրքիայի բնակչության թիվը կհասնի 87.7 մլն-ի, իսկ 2050թ.՝ 95.8 մլն-ի։ Եվ վերջապես, չպետք է մոռանալ, որ թուրքական իշխանությունները շարունակ թմբկահարում են, որ եթե ԵՄ-ը Թուրքիան ընդունի իր շարքերը, ապա կստանա երիտասարդ ու աշխատասեր բնակչություն։ Հաշվի առնելով այս իրողությունները՝ առաջին հայացքից կարող են տարօրինակ թվալ Թուրքիայի իշխանությունների հետևյալ մի շարք հայտարարություններն ու նախաձեռնությունները։ Օրինակ, Թուրքիայի նախկին վարչապետներից Ահմեթ Դավութօղլուն ժամանակին հայտարարել է, որ «կանայք պետք է երեխաներ ունենալուն վերաբերվեն ինչպես հայրենիքի առջև ունեցած պարտքի, որը կարելի է համեմատել բանակում ծառայելու հետ»։ Էրդողանն իր վարչապետության վերջում և նախագահության տարիներին քանիցս յուրաքանչյուր նորաստեղծ ընտանիքից պահանջել է ունենալ առնվազն 3 երեխա՝ ընդգծելով, որ կանանց կյանքն առանց սերունդ տալու լիարժեք չէ։ Էրդողանը նաև ցանկանում էր օրենսդրորեն արգելել հղիության արհեստական ընդհատումները, սակայն ձախողվեց, քանի որ դա առաջացրեց հասարակական լուրջ դժգոհություն, և դրա հետ մեկտեղ՝ փորձագետները համապատասխան խորհուրդ տվեցին Էրդողանին՝ ընդգծելով, որ անգամ արգելքի դեպքում այդ երևույթը չի դադարի և կշարունակվի ավելի հակասանիտարական պայմաններում։ Այս ամենին հավելենք, որ Էրդողանը հակաբեղմնավորիչներ օգտագործելը որակել է «հայրենիքի դավաճանություն»։ Մեկնաբանելով Թուրքիայի իշխանությունների այս պահվածքը՝ նշենք, որ իրականում նրանց չափազանց մտահոգում է քուրդ բնակչության շրջանում ծնելիության բարձր տեմպերը, որոնք 2-3 անգամ գերազանցում են թուրքերի ծնելիության տեմպերը, այդ հարցը պարբերաբար տեղ է գտնում Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստերում։ Ժամանակին անգամ քուրդ առաջնորդ Աբդուլա Օջալանը չի բացառել, որ կգա ժամանակ, երբ քրդերը Թուրքիայում կկազմեն մեծամասնություն։ Ելնելով այս ամենից՝ կարծում ենք, որ առնվազն երեք երեխա ունենալու մասին Թուրքիայի իշխանությունների կոչերի իրական հասցեատերը միայն թուրք բնակչությունն է12։ Այս համատեքստում հիշատակության արժանի է նաև 2017թ. հուլիսի կեսին նախորդ տարվա ռազմական հեղաշրջման փորձի մեկամյակի կապակցությամբ Էրդողանի արած հետևյալ հայտարարությունը. «2016թ. հուլիսի 15-ի գիշերը մենք հողին հանձնեցինք 250 հերոսի, փոխարենն այդ գիշեր փրկեցինք 50 մլն-անոց Թուրքիայի ապագան»13։ Էրդողանի այս խոսքերը տարատեսակ քննարկումներ առաջացրին Թուրքիայում, թե ինչու է նա անտեսում 30 մլն մարդու, և թե ովքեր են նրա հիշատակած 50 մլն անձինք։ Խոսակցություններ ծավալվեցին, որ անտեսված 30 մլն-ը քրդերն ու ալևիներն են։ Դրանից հետո ԱԶԿ-ն հարկադրված էր պարզաբանել Էրդողանի խոսքերը՝ ընդգծելով, որ «նախագահն իր 80 միլիոն քաղաքացիների կողքին է»14։ Կանխատեսվում է, որ քրդերի շրջանում ծնելիության բարձր տեմպերի պահպանման, ֆորսմաժորի բացակայության դեպքում Թուրքիայում թուրք և քուրդ բնակչության թիվը կհավասարվի 2035թ.։ Երկրի քրդերի ստույգ թվաքանակին տիրապետող և այն գաղտնի պահող Թուրքիայի իշխանությունները, բնականաբար, միջոցներ են ձեռնարկում և դեռ կձեռնարկեն դրա դեմ, որպեսզի Թուրքիայում թուրքերը չդառնան փոքրամասնություն։ Չենք բացառում, որ եթե հետագայում իրավիճակը Թուրքիայի իշխանությունների համար դառնա սպառնալից, ապա նրանք կարող են համաձայնվել անգամ «Թուրքական Քրդստանի» անկախությանը՝ դրանով իսկ ձերբազատվելով քրդական բնակչության ստվար հատվածից (81 նահանգից մի քանիսը տալու շնորհիվ փրկելով երկրի մեծ մասը)։

գ) Ռազմական հաջողություններ.– Թեև PKK շարքերում ընդգրկած չեն միայն Թուրքիայի քրդերը, այնուամենայնիվ, քանի որ PKK ակտիվ զինված պայքարը հիմնականում մղվում է Թուրքիայի տարածքում, խնդրին որոշել ենք անդրադառնալ այս ենթաբաժնում։ Նշենք, որ ընթացիկ տասնամյակում PKK հարվածները նորանոր սպառազինությունների շնորհիվ դառնում են ավելի մահաբեր. այն արդեն ունի հակաօդային և հակատանկային հրթիռներ, որոնցով վերջին շրջանում խոցում է Թուրքիայի զինված ուժերի ոչ միայն մարտական ուղղաթիռներ, այլև տանկեր ու ինքնաթիռներ։ Թուրքական մամուլում շատանում են տեղեկություններն այն մասին, որ PKK թաքստոցներում հայտնաբերվում են նորանոր և ժամանակակից զինատեսակներ, ինչպես նաև պայթուցիկների խոշոր խմբաքանակ։ Թուրքական հետախուզությունը մտավախություն ունի, որ PKK զինյալները կարող են կիրառել ռումբերով բեռնված անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), ինչի մասին վկայել է Թուրքիայի հարավ-արևելքում ռազմական գործողությունների ժամանակ PKK թաքստոցներում մի շարք ԱԹՍ-ների հայտնաբերումը։ Վերջին շրջանում PKK-ն սկսել է լայնորեն կիրառել ԱԹՍ-ներ, ընդ որում՝ խոսքը միայն օդային դիտարկում իրականացնելու մասին չէ. քուրդ զինյալները կարող են նաև դրանց վրա ռումբեր տեղակայել և դրանք օգտագործել անվտանգության ուժերի դեմ (տեսախցիկներով այդ ԱԹՍ-ները կարող են կառավարվել 200-300 մետրից և կրել 500-1000 կգ պայթուցիկ նյութ)։ Այսպիսով, ժամանակակից զենքերն ու տեխնոլոգիաները մի կողմից՝ Թուրքիայի անվտանգության ուժերին օգնում են ավելի հաջող պայքարել PKK-ի դեմ, սակայն մյուս կողմից՝ PKK-ին հնարավորություն են տալիս հասցնել առավել մահաբեր հարվածներ։ Դա մեծացնում է անվտանգության ուժերի կորուստներն ու հասարակական դժգոհությունը, Թուրքիայի տնտեսական վնասները, այդ թվում նաև տարանցիկ կարևոր նախագծերի ապագան սպառնալիքի տակ դնելու տեսքով։ Կարելի է ասել, որ նոր զենքերի ստացման ու դրանցով մահաբեր հարվածներ հասցնելու շնորհիվ PKK զինված պայքարը Թուրքիայում թևակոխում է նոր փուլ։ Ի դեպ, PKK-ն Թուրքիայի տարածքի վրա հարձակումներ գործելու համար այսուհետ կարող է օգտվել ոչ միայն Հյուսիսային Իրաքի, միգուցե նաև՝ Հյուսիսային Սիրիայի տարածքից։ Ինչպես 2012թ. փետրվարին նկատել է Իրաքի նախագահ Ջելալ Թալաբանիի որդին` Իրաքյան Քրդստանի վաշինգտոնյան ներկայացուցիչ Քուբադ Թալաբանին, Թուրքիայում գտնվում է 1 մլն PKK-ական, և անգամ Սադամ Հուսեյնին չհաջողվեց ռազմական գործողությունների միջոցով ծնկի բերել Ղանդիլում բազավորվածներին15։

Ամփոփում. Վերոնշյալը վկայում է, որ Իրաքի, Սիրիայի և Թուրքիայի քրդերն ընթացիկ տասնամյակում հասել են լուրջ հաջողությունների։ Կարելի է ենթադրել, որ դա միայն սկիզբն է, և որ քրդերին դեռ սպասվում են նորանոր հաջողություններ և, բնականաբար, դրա հետ մեկտեղ նաև ծանր պայքար։ Ընդ որում՝ քրդերի հիմնական խոցելի տեղը նրանց միասնական չլինելն է, ինչն առնչվում է ոչ միայն տարբեր երկրներում (Իրաք, Սիրիա, Թուրքիա, Իրան) ապրող քրդերի միջև հարաբերություններին, այլև մեկ երկրում (Թուրքիա) ապրող քրդերի փոխհարաբերություններին։ Բացի այդ, քրդերը կարիք ունեն համեմատաբար երիտասարդ և խարիզմատիկ առաջնորդի։ Չենք բացառում, որ այդ երկու հիմնական և մի շարք այլ խնդիրների լուծման դեպքում մոտ 40 մլն քրդերը կկարողանան ստեղծել իրենց պետությունը տարածաշրջանում։ Արդյունքում՝ 21-րդ դարը կարող է դառնալ «Քրդական դար», թեև Թուրքիայի 8-րդ նախագահ (1989-1993թթ.) Թուրգութ Օզալը ժամանակին կանխատեսել էր, որ 21-րդ դարը կդառնա «Թուրքական դար»։ Ներկայում թեպետ դեռ դրված չէ «Մեծ Քրդստանի» ստեղծման հարցը, և օրակարգում միայն Իրաքի հյուսիսում քրդական անկախ պետության ստեղծումն է, ամեն դեպքում՝ ժամանակի ընթացքում օրակարգում կարող է հայտնվել նաև «Մեծ Քրդստանի» ստեղծման հարցը։ Թեև Էրդողանը ժխտում է Թուրքիայում «Քրդական հարցի» առկայությունը և խոստացել է թույլ չտալ քրդական պետության ստեղծում (այդ թվում նաև հարևան երկրներում), սակայն հնարավոր է՝ այն կստեղծվի հենց Էրդողանի նախագահության ժամանակ, որը տեսականորեն Թուրքիայի նախագահի պաշտոնում կարող է մնալ մինչև 2033-2034թթ.։ Դա կատարյալ ֆիասկո կլինի Էրդողանի համար, որն ամեն կերպ ձգտում է ստվերել ԹՀ հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին և երկրի պատմության մեջ իր թողած հետքով գերազանցել նրան։ Փոխարենը նա կարող է ԹՀ պատմության մեջ մտնել որպես քրդական պետության ստեղծումը կանխել չկարողացած նախագահ։

1 Габриелян Айк, Курдский вопрос между Турцией и Израилем, Институт Ближнего Востока, 16.09.2017.

2 Габриелян Айк, Референдум в Иракском Курдистане: перспективы и вызовы для Турции, Институт Ближнего Востока, 04.10.2017.

3 Irak Kürt Yönetimi Topraklarını 30 Bin Kilometrekare Daha Genişletti, Haberler.com, 18.03.2016.

4 Габриелян Айк, Курдский вопрос в турецко-иракских отношениях, Институт Ближнего Востока, 12.06.2017.

5 Kürdistan Bölgesi'ndeki Peşmerge sayısı Kaynak: Kürdistan Bölgesi'ndeki Peşmerge sayısı, Haber Azad, 05.04.2017.

6 Габриелян Айк, Усиление позиций сирийских курдов и интересы Турции, Институт Ближнего Востока, 07.04.2017.

7 Suriye'nin yüzde 61'i iki terör örgütünün işgalinde, Anadolu Ajansı, 31.03.2017.

8 YPG ‘örgütlü bir güç’ olma hedefinde: Militan sayısı 100 bine çıkarılacak, Diken, 21.03.2017.

9 Габриелян Айк, Турецко-американские разногласия по курдскому вопросу, Институт Ближнего Востока, 30.06.2017.

10 Հայկ Գաբրիելյան, 2015թ. խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում, «Նորավանք» ԳԿՀ, 14.07.2015։

11 Հայկ Գաբրիելյան, 2015թ. նոյեմբերի 1-ի ընտրությունները Թուրքիայում, «Նորավանք» ԳԿՀ, 07.12.2015։

12 Габриелян Айк, Отношения Турции с турецкой диаспорой в Европе, Институт Ближнего Востока, 24.03.2017.

13 Erdoğan: 50 milyonluk Türkiye'nin istikbalini kurtardık, Cumhuriyet, 15.07.2015.

14 AK Parti'den '50 milyon' açıklaması, CNN Türk, 17.07.2017.

15 Հայկ Գաբրիելյան, Թուրքիայում PKK-ի դեմ պայքարի արդի փուլը, ՌԱՀՀԿ, «Փոփոխվող աշխարհ», 2017∕2(9)։



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր