• am
  • ru
  • en
Версия для печати
20.05.2008

ՂԱՐԱԲԱՂԻ ԽԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ XVIII ԴԱՐԻ ԱՐՑԱԽՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

   

David Babaian (medium) Լույս է տեսել Դավիթ Բաբայանի «Ղարաբաղի խանության քաղաքական պատմությունը XVIII դարի արցախյան դիվանագիտության համատեքստում» մենագրությունը, որը տպագրության է երաշխավորվել ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության կողմից, 2007թ.։

Արցախի պատմության մեջ, թվում է, առավել հայտնի և ոչ պակաս հաճելի էջերից մեկը Ղարաբաղի խանության հիմնումն ու գոյությունն է։ Այն, փաստորեն, անկախ պետական կազմավորում էր 1747-1806թթ.։ Այնուամենայնիվ, Արցախի պատմության այդ ժամանակահատվածի լուսաբանման մեջ ակնհայտ միակողմանիություն կար։ Բավական լուրջ ուսումնասիրության դեպքում ակներևաբար ի հայտ են գալիս խոր հակասություններ, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ պատմական իրադարձությունների դասական մեկնաբանությունը պարզապես ի վիճակի չէ ներկայացնել Ղարաբաղի խանության քաղաքական պատմության օբյեկտիվ պատկերը։

Մենագրությունում հիպոթեզ է առաջ քաշվում այն մասին, որ Ղարաբաղի խանության հիմնումը թյուրքական ջևանշիր ցեղի առաջնորդի գլխավորությամբ՝ Արցախի իշխող հայկական շրջանակների կողմից խորապես մտածված դիվանագիտական քայլ էր, ընդ որում՝ այն քաղաքական շարժառիթներով այնքան լավ էր քողարկված, որ մինչև օրս ոչ միայն հայ պատմագիտության, այլև ժողովրդի գիտակցության մեջ XVIII դարի երկրորդ կեսին տեղի ունեցած իրադարձությունները մեկնաբանվում են վերոնշյալ միակողմանի ուղղվածությամբ։ Այս տեսանկյունից Ղարաբաղի խանության հիմնումն ուսումնասիրելը թույլ է տալիս խանությունը դիտարկել միանգամայն այլ, իրականությանն առավել մոտ ռակուրսով։

Ստեղծման պահից ընդհուպ մինչև պարսկական Աղա-Մուհամեդ շահի ներխուժումը Ղարաբաղի խանությունը եղել է հայկական պետական կազմավորում, որտեղ Ղարաբաղի մելիքները, քաղաքական իրավիճակից ելնելով պետության գլուխ կարգելով մահմեդականի՝ այդ պետության փաստացի կառավարիչներն էին հանդիսանում։ Այս ըմբռնումը խիստ կարևոր է և՛ պատմական, և՛ քաղաքական տեսակետներով։ Ղարաբաղի խանությունն արցախյան պետականության կառուցման փուլերից մեկն է եղել, և այդ պետական կազմավորումը խիստ էական դեր է ունեցել հայոց պետականության պատմության մեջ։


դեպի ետ