• am
  • ru
  • en
Версия для печати
24.02.2014

ԽՈՋԱԼՈՒԻՑ ԽԱՂԱՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼՈՒ ՄԻՋԱՆՑՔԸ

EnglishРуский

   

Ի.Ղ. Ղուկասով
Գնդապետ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Արցախյան պատերազմի տարիներին

Խոջալուից խաղաղ բնակչությանը դուրս բերելու միջանցքի կանխամտածված ստեղծումը նպատակ ուներ, նախ, մարդասիրական վերաբերմունք ցուցաբերել խաղաղ բնակչության հանդեպ, թույլ չտալ, որ զոհեր լինեն, նրան գրավել դեպի մեր կողմը և ցույց տալ, որ մենք մարտնչում ենք ոչ թե խաղաղ բնակչության, այլ զինված հակառակորդի դեմ, որն իր հրաձգությամբ ստիպում է հայ բնակչությանը զինված դիմադրություն ցուցաբերել։ Երկրորդ նպատակը քաղաքի պաշտպանության պաշտպանական պոտենցիալի թուլացումն էր։ Քաղաքի պաշտպանների ուղեկցությամբ բնակչության դուրսբերումն այդ միջանցքով պետք է հանգեցներ նրա պաշտպանների թվի կրճատմանն ու նպաստեր «լեգալ» դասալիքների ի հայտ գալուն, որոնք քաղաքից դուրս եկող խաղաղ բնակչությանն ուղեկցելու պատրվակով կլքեին պաշտպանական դիրքերն ու դրանով իսկ կթուլացնեին քաղաքի պաշտպանությունը։ Բացի այդ, հակառակորդը կգար այն մտքին, թե՝ «ում պաշտպանի, եթե տեղի բնակիչները խուճապահար թողնում են իրենց տունուտեղը, իրենց հողը»։ Տեղի բնակիչները հիմնականում քաղաքի պաշտպանությանը մասնակցող մարտիկների հարազատներն էին, որոնք իրենց հարազատների ու մերձավորների անվտանգ ելքն Աղդամի շրջան (Ադրբեջանի տարածք) ապահովելու համար ստիպված կլինեն լքել իրենց պաշտպանական դիրքերը։

Հայտնի են ինքնապաշտպանության ջոկատների մարտիկների հետ ուս ուսի հայրենի օջախի պաշտպանության գործին հայ բնակչության ակտիվ մասնակցության բազմաթիվ օրինակներ։ Օրինակ, ադրբեջանցիները, չնայած կենդանի ուժի և մարտական տեխնիկայի մեծ գերազանցությանը, 1992թ. հունվարին այդպես էլ չկարողացան տիրել Քարինթաղ բնակավայրին, իսկ 1992թ. հունվար-մարտին՝ Ասկերանին։

Եթե միջանցք չթողնվեր, հակառակորդը խաղաղ բնակչության հետ միասին ստիպված էր լինելու կատաղի պաշտպանվել և կռվել յուրաքանչյուր դիրքի, փողոցի ու տան համար։ Ինքնապաշտպանության գրոհող հայկական ջոկատները կենդանի ուժի և մարտական տեխնիկայի մեծ կորուստներ կկրեին։ Քաղաքի գրավումը կարող էր ձգձգվել, ինչին մեր ջոկատները պատրաստ չէին իրենց մարտական ու թվային կազմով։ Փողոցային մարտերում գերազանցություն կունենային քաղաքի պաշտպանները, քանի որ կենդանի ուժի հարաբերակցությունը 1։1-ի էր։

Այսպիսով, Խոջալուն վերցնելու գործոններից մեկը դարձավ գործողության պլանով նախատեսված՝ բնակիչների ու քաղաքի պաշտպանների կամավոր ելքը հատուկ կազմված միջանցքով դեպի Աղդամի շրջան, տարածք, որը վերահսկվում էր ադրբեջանական բանակի կողմից։

Եվ մենք ստիպեցինք հակառակորդին քաղաքը թողնել այդ միջանցքով, ինչը վնաս հասցրեց նրա պաշտպանությանը։ Ընդ որում՝ կռվողների որոշ մասն իր պաշտպանական դիրքերը լքեց ինքնուրույն, իր նախաձեռնությամբ, առանց հրամանատարության հրամանի։ Ինքնապաշտպանության հայկական հարձակվող ջոկատներից ունեցած վախն ավելի ուժեղ էր յուրաքանչյուր մարտիկի ու բնակչի՝ իր օջախը, քաղաքը պաշտպանելու պատասխանատվության զգացումից։

Մինչև մարտն սկսվելը հայկական հարձակվող խմբավորման հրամանատարությունը, Ժնևի կոնվենցիայի ոգուն համապատասխան, բարձրախոսներով և ռադիոկապի միջոցով քաղաքի բնակչությանն առաջարկում էին, զոհերից խուսափելու նպատակով, հեռանալ թողնված միջանցքով։

Եվ այդ միջանցքը հուսալի էր գործում։

Ոստիկանության աշխատակից Բախթիյար Ասլանովի հուշերից. «Մեր՝ զենքը ձեռքներիս մարդկանց խնդիրն այն էր, որ նվազագույն կորուստներով բնակչությանը դուրս բերենք քաղաքից։ Ալիֆ Հաջիևի հրամանով երեք անգամ գնացել եմ Աղդամի շրջանի Շելլի գյուղ և վերադարձել։ «Կյանքի այդ ճանապարհին» փրկվել է մինչև 150 մարդ։ Երբ վերադարձա չորրորդ անգամ, տեսա, որ Ալիֆն իր սակավաթիվ ջոկատով շարունակում է կռվել»1։

Ոստիկանության կապիտան Սեդիկ Մամեդով. «...Խաղաղ բնակչությանը փրկելու նպատակով ստիպված ենք սկսել տարհանումը քաղաքից։ Բնակչությանը տարանք Նախչավանիկի ուղղությամբ, այսպես կոչված «միջանցքով»։ Ճանապարհ ընկավ 40-50 մարդ։ Խոջալուում բոլոր նրանք, ովքեր զենք ունեին՝ ոստիկանները, զինծառայողները, գնում էին առջևից, բոլորը թշնամու դեմ կռվում էին հարձակումը խափանելու համար»2։

Խոջալուի քաղաքապետ Էլման Մամեդովը հաստատում էր. «Մենք գիտեինք, որ այդ միջանցքը նախատեսված է խաղաղ բնակիչներին դուրս բերելու համար»։ Նա ինքն էլ ավելացրել է. «Քաղաքը վերցնելու գործողության մասին տեղեկությունից հետո ես Աղդամին խնդրեցի ուղղաթիռներ ուղարկել՝ ծերերին, կանանց և երեխաներին դուրս բերելու համար։ Մեզ հավաստիացրին. «Վաղը գործողություն ենք իրականացնելու և կոտրելու ենք շրջափակումը»։ Օգնությունն այդպես էլ չեկավ»3։

Ադրբեջանի նախկին նախագահ Ա.Մութալիբովը չեխ լրագրողուհի Դանա Մազալովային տված հարցազրույցում, որը հրապարակվել է 1992թ. ապրիլի 2-ի «Նեզավիսիմայա գազետա»-ում, ասել է. «Ադրբեջանական կողմը տեղեկացված էր Խոջալուն գրավելու գործողության մասին, և գործողության ընթացքում հայկական կողմը միջանցք էր թողել խաղաղ բնակիչներին Խոջալուից Աղդամի շրջանում անվտանգ տեղ դուրս բերելու համար»։ Նա հարց է տալիս. «Ուրեմն, ինչո՞ւ պետք է նրանք կրակեին։ Մանավանդ Աղդամին մոտ տարածքում, որտեղ բավականաչափ ուժեր կային՝ գալու և մարդկանց օգնելու համար»։ Այնուհետև նա ասում է. «Ինչպես ասում են իրենք՝ փրկված խոջալուցիները, այդ ամենը կազմակերպվել էր, որպեսզի իմ հրաժարականի համար առիթ լիներ։ Ինչ-որ ուժ գործում էր նախագահի վարկաբեկման համար։ Ես չեմ կարծում, թե հայերը, որոնք շատ հստակ ու գործիմացությամբ են վերաբերվում նման իրավիճակներին, կարող էին ադրբեջանցիներին թույլ տալ իրենց ֆաշիստական գործողություններում մերկացնող փաստաթղթեր ստանալ։ Կարելի է ենթադրել, թե ինչ-որ մեկը շահագրգռված էր, որպեսզի հետո այդ կադրերը ցույց տար Գերագույն խորհրդում և ամեն բան ուղղվեր իմ անձի դեմ»։ 1992թ. մարտի 6-ին Ա.Մութալիբովը հրաժարական տվեց Ադրբեջանի Ժողովրդական ճակատի պահանջով։

«Реальный Азербайджан» թերթի գլխավոր խմբագիր Էյնուլա Ֆաթուլաևը 2005թ. «Ղարաբաղյան օրագիր» շարքում գրում էր. «Հարձակումից դեռ մի քանի օր առաջ հայերն անընդհատ բարձրախոսով նախազգուշացնում էին բնակչությանը ծրագրվող գործողության մասին, քաղաքացիական բնակչությանն առաջարկում էին թողնել ավանը և շրջափակումից դուրս գալ Գար-Գար գետի երկայնքով ձգվող մարդասիրական միջանցքով»։ Այս մասին նրան պատմել էին խոջալուցի փախստականները, որոնք օգտվել էին մարդասիրական միջանցքից և ողջ էին մնացել, քանի որ «միջանցքի հետևում գտնվող հայ զինվորները նրանց վրա կրակ չէին բացել»։ Նույն տեղում նա պնդում է. «Միջանցքն իսկապես կար, այլապես լիովին շրջափակված և արտաքին աշխարհից կտրված խոջալուցիները ոչ մի կերպ չէին կարողանա ճեղքել օղակը և դուրս գալ շրջափակումից։ Բայց հաղթահարելով Գար-Գար գետը՝ փախստականների շարանը բաժանվեց... Ինչպես երևում է, ԱԺՃ գումարտակները ջանում էին ոչ թե ազատագրել խոջալուցիներին, այլ ծարավի էին արյան Ա.Մութալիբովին պաշտոնանկ անելու ճանապարհին»։

Այս մասին, ըստ իրանական «Առաննյուզ» լրատվական գործակալության, է վկայում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ, Արդեբիլ քաղաքի իմամ-ջումա, այաթոլա Սեիդ Հասան Ամելին. «Պետական հեղաշրջման հաջող իրականացման համար անհրաժեշտ էին մեծ կորուստներ ճակատում, հարկավոր էր ուղիղ իմաստով ծանր ողբերգություն։ Հենց նման պայմաններում էր սարքվում Խոջալուի ողբերգությունը»։ Այնուհետև. «Մութալիբովը ռուսների հովանավորության տակ էր։ Ռուսնե՞րը պետք է նրա տապալմամբ իշխանության բերեին Էլչիբեյին։ Իհարկե, ոչ, և պետական հեղաշրջումը ռուսամետ ղեկավարության դեմ էր... Դա ղարաբաղյան ճակատում Իրանի ակտիվացումը կասեցնելու նենգ պլան էր, որն իրականացվեց անմեղ մարդկանց արյան գնով։ Այդ ամենի հետևում կանգնած էր «Էրգենեքոնը», իսկ իրականում՝ «Մոսադը»4։

1991թ. նոյեմբերից մինչև 1992թ. փետրվար խոջալուցիները քանիցս հեռագրեր են ուղարկել Նախիջևանի Հանրապետության ղեկավարություն՝ Հեյդար Ալիևին, օգնություն խնդրելով քաղաքի պաշտպանության համար։ Էլման Մամեդովը 1991թ. վերջին ուզում էր գնալ Նախիջևան՝ Հ.Ալիևի մոտ և պատմել նրան Խոջալուի պաշտպանության խնդիրների մասին։ «Այն ժամանակ բոլոր նրանց, ովքեր արտաբերում էին Հ.Ալիևի անունը, խստորեն պատժում էին։ Խոջալուցիները դրանից չէին վախենում»5։ Հ.Ալիևը ոչինչ չէր կարող նախաձեռնել։ Նա միայն ասաց. «Արյունահեղությունը մեզ ձեռնտու է», և նույնպես ուզում էր հարված հասցնել Ա.Մութալիբովին։

Խոջալուի բնակիչ Բահման Խալիլով. «Ողբերգությունից մի քանի օր առաջ հայերը մի քանի անգամ մեզ տեղեկացրել էին, որ վերցնելու են քաղաքը, և պահանջում էին, որ մենք դուրս գանք քաղաքից... Մենք գիտեինք, որ որևէ մեկից օգնություն չէինք կարող սպասել։ Որոշեցինք հնարավորության դեպքում տարհանել կանանց, երեխաներին և ծերերին։ Մեզ խոստացել էին, որ Ասկերանի ազատագրման շտապ գործողություն է պատրաստվում՝ Խոջալուի հետ միավորվելու նպատակով։ Այդ ամենը սուտ էր։ Այսպիսով, Խոջալուն զոհաբերվեց հանրապետության ղեկավարության մեղքով»6։

«Azerbaycan» թերթի 1997թ. փետրվարի 26-ի համարում տպագրվել է ոստիկանության լեյտենանտ Շահիդ Մուրադովի պատմածն այդ մասին։ Գրոհն սկսվելուն պես նա գնացել է իր դիրք, որտեղ 12 պաշտպաններ կռիվ էին մղում։ Հրաձգությունը բռնել էր ողջ քաղաքը, հարկավոր էր փրկել խաղաղ բնակիչներին։ «Մեր խումբը քաղաքի ծայրամասում դիրքեր զբաղեցնելու համար գալիս է նոր կառուցված հինգհարկանի բնակելի տան մոտ և այնտեղ տեսնում 70-80 թաքնվող մարդիկ։ Այդ տան մոտ էլ գտնվում էր գումարտակի հրամանատար Թոֆիկ Հուսեյնովի ՈւԱզ-469 ավտոմեքենան։ Մեքենայի մեջ շատ զենք ու զինամթերք կային։ Խոսելով բոլորի հետ՝ ներս մտանք տուն, դիրքեր գրավեցինք և սկսեցինք սպասել հակառակորդին։ Փետրվարի 26-ի առավոտյան տեսանք, որ երկու մարտական ուղղաթիռ իջավ Խանքենդի։ Հայերը, իմանալով մեր տեղը, պահանջեցին, որ գերի հանձնվենք։ Այն բանից հետո, երբ մենք հրաժարվեցինք, հայերը գրոհի անցան։ Ես հրամանատարությունը վերցրի ինձ վրա. ոչ ոք չէր ուզում հանձնվել։ 12 ժամ մենք դիմադրեցինք։ Դիմադրությունը շարունակվեց մինչև մութն ընկնելը։ Մութը դարձավ մեր փրկարարը։ Լիակատար խավարի մեջ մենք դուրս եկանք տնից։ Հայերը չկարողացան կանգնեցնել մեզ։ Մեզ հետ վերցնելով խաղաղ բնակիչներին՝ մենք ճանապարհ ընկանք դեպի Աղդամ։ Հասանք Նախչավանիկ գյուղ և հանդիպեցինք հայերի հետ։ Նրանք ասացին, որ եթե զենքներս վայր դնենք ու հանձնվենք, մեզ ողջ բաց կթողնեն դեպի Աղդամ։ Սա հայկական հնարք էր։ Մենք լավ գիտեինք, որ եթե զենքը վայր դնենք, մեզ կոչնչացնեն։ Դրա համար էլ մենք այդ առաջարկությանը պատասխանեցինք կրակով։ Դրանից հետո նրանք հեռացան մեր ճանապարհից։ Մենք խաղաղ բնակիչների հետ գնացինք դեպի Աղդամ»։

Կարելի է կարծել, թե այդ տանը գտնվողները մտածում էին, թե հայերը դեռ չեն գրավել Խոջալուն։ Դրա համար էլ նրանք փետրվարի 26-ի գիշերը չեն հեռացել քաղաքից և այնտեղից դուրս են եկել միայն փետրվարի 27-ի գիշերը՝ համոզվելով, որ քաղաքում, իրենցից բացի, ադրբեջանցիներ չկան։

Լեյտենանտ Շ.Մուրադովի պատմածից պարզ է դառնում, որ փետրվարի 27-ի գիշերը կռվողները 70-80 տեղաբնակների հետ Խոջալուից ոտքով, առանց կորուստների հասել են ադրբեջանական բանակի զինված կազմավորումների կողմից վերահսկվող Աղդամի շրջան։ Նրանք հրաձգության և հարձակման չեն ենթարկվել հայերի կողմից, ինչը հաստատում է այն, որ Հայաստանի ինքնապաշտպանության ջոկատների մարտիկները կապ չեն ունեցել Խոջալուի խաղաղ բնակիչների ու պաշտպանների զոհվելու հետ՝ քաղաքի սահմաններից դուրս և Աղդամի շրջանի տարածքում։

Մարդասիրական միջանցքը սկսվում էր Խոջալուի արևելյան ծայրամասից և անցնում Գար-Գար գետի երկայնքով՝ հյուսիս-արևելքից դեպի Աղդամ։ Միջանցքի լայնությունը 120-300 մետր էր և ավելի։ Հարձակումը տեղի էր ունենում չորս ուղղությամբ, բայց շրջապատման համապարփակ օղակ չկար, մեր ուժերը պարզապես չէին բավարարում, և դրանից նույնպես օգտվեցին խոջալուցիները Աղդամի շրջան հեռանալիս։ Մեր ունեցած բոլոր ջոկատները գործի դրվեցին Խոջալուն վերցնելու համար մարտում, որն ավարտվեց միայն փետրվարի 26-ի առավոտյան ժամը 7-ին։ Բայց դիմադրության առանձին օջախներ մնացել էին, և մենք ջոկատներ չունեինք քաղաքից դուրս գործողությունների համար։ Խոջալուից դուրս եկած խաղաղ բնակիչներին և նրանց ուղեկցող մարտիկներին մեր ջոկատները չեն հետապնդել, քանի որ մարդ չկար, որ հետապնդեր, և դա պլանավորված էլ չէր։

Բացի այդ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Աղդամ քաղաքի շրջանում հարձակողական զորախմբավորում ուներ, որը հաշվված ժամերում պատրաստ էր գրավել Ասկերանը և ապաշրջափակել Խոջալուն։ Այս պլանի մասին Ադրբեջանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Դադաշ Ռզաևն անձամբ պատմել է Խոջալուի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Էլման Մամեդովին (որը գլխավորում էր քաղաքի պաշտպանությունը), երբ վերջինս 1992թ. փետրվարի 10-11-ին գտնվում էր Բաքվում՝ քաղաքի և ողջ շրջանի պաշտպանության ուժեղացմանը նվիրված հարցերով։ Այն ժամանակ Դ.Ռզաևն ասել էր, որ Խոջալուի ապաշրջափակման և Ասկերանի ու Աղդամի հետ հաղորդակցության բացման պլանն արդեն պատրաստ է, և մի քանի օր հետո Խոջալուն գործողությունն սկսելու ազդանշան կստանա։ Բայց խոջալուցիներն ազդանշանն այդպես էլ չստացան։

Իսկ 1992թ. փետրվարի 17-ին Ղարաբաղի գոտու ներքին գործերի վարչության պետի տեղակալ, գնդապետ Շ.Ջանգիրովը Աղդամի ներքին գործերի շրջանային վարչությունում տեղի ունեցող խորհրդակցությունում, որին մասնակցում էին Աղդամի կայազորի բոլոր զորամասերի և միավորումների հրամանատարները, զեկուցեց Խոջալուի ապաշրջափակման՝ Դ.Ռզաևի պատրաստած գործողության պլանի մասին։ Դրա իրականացման ժամկետը՝ փետրվարի 21-25, անընդհատ հետաձգվում էր, և գործողությունը չիրականացվեց։ Այս իրավիճակում ինքնապաշտպանության հայկական ուժերն առաջ անցան ադրբեջանցիներից և փետրվարի 26-ին գրավեցին Խոջալու քաղաքը։

Ոչ մի հայ մարտիկ չէր համարձակվի մտնել Ադրբեջանի զորքերի Աղդամի խմբավորման տեղակայման շրջան, քանի որ դա պարզապես կործանարար կլիներ նրա համար և կհրահրեր ադրբեջանցիներին հարձակողական գործողություն սկսել՝ Ասկերանը գրավելու և Խոջալուն ապաշրջափակելու նպատակով։ Հայկական զորքերի ղեկավարությունը սպասում էր, որ կարող է օգնություն ցուցաբերվել քաղաքի պաշտպաններին Աղդամից, Շուշիից ու ադրբեջանական այլ բնակավայրերից և զգուշանում էր դրանից։ Ուստի, հայկական ջոկատները չէին կարող մտնել ադրբեջանական զորքերի կողմից վերահսկվող Աղդամի արվարձան և ոչնչացնել Խոջալուն մարդասիրական միջանցքով լքած խաղաղ բնակիչներին։

Ողբերգությունն իրականացվել է ադրբեջանական զինվորական կազմավորումների կողմից, ադրբեջանական ԶՈւ-ի կողմից վերահսկվող տարածքում՝ Աղդամի արվարձանում, որտեղ հայ մարտիկը մտնել չէր կարող, քանի որ այնտեղ խոշոր հարձակողական խմբավորում կար։ Որ այն գործի չդրվեց, վկայում է նախագահի թիմում առկա հակասությունների և այն մասին, որ ԱՀ ՊՆ-ում կային ԱԺՃ կողմնակիցներ, որոնք առիթը բաց չէին թողնում նախագահին վնասելու համար։ Ընթանում էր կոշտ քաղաքական պայքար իշխանության համար, և այդ նպատակին հասնելու համար քաղաքական հակառակորդներն օգտագործում էին բոլոր միջոցները, ընդհուպ մինչև իրենց քաղաքացիներին ոչնչացնելը։ Անգամ այնպիսի խոշոր քաղաքական գործիչ, ինչպիսին էր ինտրիգան Հեյդար Ալիևը, ողջունում և անհրաժեշտ էր համարում իշխանության համար պայքարում զոհաբերել սեփական ժողովրդին։

Ռուսամետ նախագահ Ա.Մութալիբովին ներքաղաքական պայքարից դուրս թողնելու հարցում շահագրգռված էին օտարերկրյա պետությունները, մասնավորապես Թուրքիան և Իսրայելը։ Որպեսզի Ադրբեջանում իշխանության գային հակառուսական ուժերը, անհրաժեշտ էր վարկաբեկել գործող նախագահին։ Դա կարելի էր անել՝ նրան մեղադրելով Հայաստանի դեմ պատերազմում ադրբեջանական բանակն անհմուտ ղեկավարելու և չարդարացված մեծ կորուստների մեջ։ Տարբերակները մի քանիսն էին, և դրանցից մեկն ադրբեջանական զինվորականների կողմից վերահսկվող Աղդամի շրջանի տարածքում Խոջալուի խաղաղ բնակիչների հետ կապված ողբերգական իրադարձությունները դարձան։ Ա.Մութալիբովին պաշտոնանկ անելուց հետո ԱՀ-ում իշխանության եկան թուրքամետ և հակառուսական առաջնորդներ։

Այսպիսով՝ կարելի է անել հետևյալ հետևությունները.

  1. Խոջալուի խաղաղ բնակիչները գնդակահարվել են ադրբեջանական զինված կազմավորումների կողմից վերահսկվող Աղդամի շրջանում և ԼՂՀ՝ Աղդամի շրջանին հարակից տարածքում։ Նրանք են կրում խաղաղ բնակիչների զոհվելու պատասխանատվությունը։
  2. Հայաստանի ինքնապաշտպանության ջոկատների մարտիկներն այդ ողբերգությանը չեն մասնակցել։

1 «Бакинский рабочий», 26.02.1997г.

2 «AZERBAYCAN», 26.02.1997г.

3 «Мегаполис-экспресс», № 17, 1992г.

4 Аятолла Амели рассказал сенсационные сведения о событиях в Ходжалу: За всем этим стояли «Эргенекон» и «Моссад», http://www.panorama.am/ru/politics/2011/05/12/imam-ameli/

5 «Xalg gazeti» , 26.02.1997г.

6 «Respublika», 26 փետրվարի 1997թ.։


դեպի ետ