• am
  • ru
  • en
Версия для печати
17.04.2014

ՍԻՐԻԱՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՀԱՐՁԱԿՄԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԴՈՎՄՈՒՆՔ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ

EnglishРуский

   

Կարլ Շրեկ

Ամերիկացի հայտնի լրագրողն իր հանդեպ վրդովմունք է առաջացրել՝ հայտարարելով, թե Թուրքիան մասնակից է եղել օգոստոսի 21-ին Սիրիայում տեղի ունեցած քիմիական հարձակմանը։ Միացյալ Նահանգները հայտնվել էր Դամասկոսի դեմ ռազմական ուժ կիրառելու շեմին։

Իր ռեպորտաժում Պուլիտցերյան մրցանակակիր Սեյմուր Հերշն ասում է, որ սիրիացի զինյալների իրականացրած մահասփյուռ գրոհի թիկունքին կանգնած է թուրքական հետախուզությունը։ Նրա շահերից էր բխում, գրում է նա, Վաշինգտոնին սադրել դիմելու ռազմական գործողությունների Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի դեմ։ Ինչպես ամերիկյան, այնպես էլ թուրքական կողմերը հերքում են այս մեղադրանքները։

ԳԱՂՏՆԻ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

Սեյմուր Հերշի հոդվածը վերջերս հրապարակվել է London Review of Books-ում։ Վերլուծաբանները կասկածի տակ են առնում Հերշի օգտագործած տեղեկատվության կարևոր աղբյուրները։ Փորձագետների կարծիքով՝ Հերշը նաև անտեսել է այն վկայությունները, որոնք հաստատում են ԱՄՆ դիրքորոշումը, որը հիմնված է Բաշար Ասադի ռեժիմի մեղավորության վրա։

Սեյմուր Հերշն «Ազատտիկ»-ին ասել է, թե շարունակում է պնդել, որ իր նյութն օբյեկտիվ է։ Նա վկայակոչում է ԱՄՆ պաշտպանական հետախուզության հունիսի 20-ի գաղտնի փաստաթուղթը։ Ըստ այդ փաստաթղթի՝ «Ալ-Քաիդային» մոտ կանգնած «Ճակատ-ալ-Նուսրա» խմբավորումը սատարել է զարին թունավոր գազի արտադրությանը։ Սրա հետ կապված՝ վտանգը համեմատելի է «մինչև 9/11-ը «Ալ-Քաիդայի» կոնսպիրատիվ գործունեության հետ»։

Թուրքիայում և Սաուդյան Արաբիայում հաստատված «քիմիական միջնորդները» «փորձում էին միանգամից ձեռք բերել տասնյակ կիլոգրամների հասնող հումք զարինի արտադրության համար։ Ամենայն հավանականությամբ, նրանք կանխագուշակում էին Սիրիայում դրա լայն արտադրությունն սկսելու մասին»,- փաստաթղթից մեջբերում է Սեյմուր Հերշը։

Օգոստոսի 21-ին Դամասկոսից ոչ հեռու գտնվող Արևելյան Գուտայում տեղի ունեցած գազային հարձակումը հարյուրավոր մարդկանց կյանք խլեց և հանգեցրեց Սիրիայում քաղաքացիական պատերազմի լուրջ թեժացման։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման քիմիական զենքի կիրառումը բնորոշեց որպես կարմիր գիծ, որը Բաշար Ասադի ուժերը չպետք է հատեն, այլապես դա կարող է հանգեցնել Վաշինգտոնի միջամտությանն արյունալի հակամարտությանը։

ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ

Ելնելով այն բանից, թե ինչպես ամերիկյան չինովնիկները քննարկեցին ռազմական հարվածի պատրաստությունը, Բարաք Օբաման հրաժարվեց իր մտադրություններից և վերջնարդյունքում պայմանավորվածություն ձեռք բերեց Ռուսաստանի հետ՝ Բաշար Ասադի քիմիական զենքը՝ հետագա ոչնչացման նպատակով, միջազգային վերահսկողությանը հանձնելու վերաբերյալ։

Սակայն Սեյմուր Հերշը հղում է կատարում հետախուզության նախկին աշխատակցին (անունը չի նշվում), որը պնդում է, որ Գուտայի շրջանում ռուս հետախույզների հավաքած և անգլիացիների միջոցով ամերիկացիների ձեռք բերած քիմիկատների նմուշները կասկածի տակ են դնում Բաշար Ասադի մեղավորությունը, ինչի մասին խոսում է ԱՄՆ-ը։ Սա էլ մղել է ամերիկացի զինվորականներին՝ հետ պահել Բարաք Օբամային միջամտությունից։ Հոդվածում նաև պնդվում է, որ ԱՄՆ-ը գաղտնի Լիբիայից Թուրքիայի միջոցով զենք է մատակարարել սիրիացի ապստամբներին։ Այդ մատակարարումները, հոդվածի համաձայն, դադարեցվել են 2012թ. սեպտեմբերի 11-ին Բենգազիում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության վրա կատարված հարձակումից հետո։

Հետախուզության անանուն նախկին աշխատակցի տվյալներով, ասում է Սեյմուր Հերշը, օգոստոսի 21-ի քիմիական հարձակումը թուրքական գաղտնի գործողություն էր՝ հակամարտությանը ԱՄՆ միջամտությունը սադրելու նպատակով։ Թուրքական կառավարությունը մտահոգված էր, որ Լիբիայից զենքի մատակարարումների դադարեցումը կհանգեցնի սիրիացի ապստամբների ոչնչացմանը։

ՍՏԱՄԲՈՒԼԻ ԵՎ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ

Ապրիլի 7-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչն ասաց, որ Անկարայի այսպես կոչված մասնակցությունը գազային հարձակմանը «սուտ է և կեղծիք», տեղեկացնում է Ստամբուլի Hurriyet Daily News թերթը։

ԱՄՆ ազգային հետախուզության (ODNI) տնօրենի մամլո քարտուղար Շոն Թըրները նույնպես հերքեց Սեյմուր Հերշի հոդվածում պարունակվող պնդումները, թե սիրիական կառավարությունը պատասխանատվություն չի կրում Գուտայի հարձակման համար։

- Մենք չենք պատրաստվում մեկնաբանել այդ հոդվածի յուրաքանչյուր սխալ ասպեկտը, բայցևայնպես կպարզաբանենք. Ասադի ռեժիմը և միայն Ասադի ռեժիմն էր կարող լինել օգոստոսի 21-ի քիմիական հարձակման մեղավորը,- ասել է Շոն Թըրները։

Նա հավելել է, որ «գաղափարն ինքը, թե Միացյալ Նահանգները Լիբիայից զենք է մատակարարում որևէ մեկին, ճիշտ չէ»։

Սեյմուր Հերշի հոդվածն առաջ է բերել վերլուծաբանների զայրույթը նաև այն պատճառով, որ իր հետևությունների մի մասը նա հիմնում է քիմիական զենքի՝ Ռուսաստանի համար աշխատող հետախույզների ձեռք բերած նմուշների վրա։ Ռուսաստանը սատարում է Բաշար Ասադի կառավարությանը և դեմ է ԱՄՆ միջամտությանը սիրիական հակամարտությունում։

Սեյմուր Հերշը «Ազատտիկ»-ին տեղեկացրել է, որ նման քննադատությունն անհիմն է, քանի որ իր հոդվածում հիշատակված նմուշները փորձաքննության են ենթարկվել ԱՄՆ դաշնակիցների կողմից՝ նախքան դրանց Վաշինգտոն ուղարկվելը։

- Իմաստն այն է, որ դրանք Ռուսաստանից չեն ստացվել։ ԱՄՆ-ը դրանք ստացել է Մեծ Բրիտանիայի գլխավոր հրամանատարությունից։ Դրանք լաբորատոր անալիզի են ենթարկվել։ Նախագահը դրանք ստացել է (շտաբերի պետերի միավորված կոմիտեի) նախագահից։ Ամեն ինչ շատ ավելի բարդ է, քան Ռուսաստանի հետ կապված խնդիրը,- ասում է Սեյմուր Հերշը։

Բրիտանացի վերլուծաբան, Brown Moses Blog-ի աշխատակից, Սիրիայի խնդիրներով մասնագիտացած Էլիոթ Հիգինսը կարծում է, որ Սեյմուր Հերշն անտեսել է այն փաստը, որ սիրիական զորքերն ավելի քան մեկ տարի օգտագործել են օգոստոսի 21-ի հարձակման ժամանակ կիրառված զինատեսակը։

Իսկ Սեյմուր Հերշը վկայակոչում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Թեոդոր Պոստոլի հետազոտությունը, որում ասվում է, որ Գուտայում օգտագործված զինատեսակներն ինքնաշեն էին, և դրանց հեռահարությունը (մոտ երկու կիլոմետր) նշանակում է, որ դրանցով չէին կարող կրակել այնպիսի տարածքներից, որոնք գտնվում էին ապստամբների ուժերի վերահսկողության սահմաններից դուրս։

- Ես ձեզ ասում եմ՝ դրանք ինքնաշեն հրթիռներ են եղել,- «Ազատտիկ»-ին ասում է Սեյմուր Հերշը։

Ապրիլի 7-ին իր բլոգում Էլիոթ Հիգինսը գրել է, որ, դատելով սիրիական զորքերի մոտ գործուղված լրագրողների տեսանյութերից, տուժած շրջանները գտնվել են ճակատի գծից մոտ երկու կիլոմետր հեռավորության վրա։ Դա նշանակում է, որ հրթիռները կարող էին արձակվել նաև Բաշար Ասադի կողմից վերահսկվող տարածքներից։

Սեյմուր Հերշը Պուլիտցերյան մրցանակ է ստացել 1970թ.՝ ամերիկյան զինվորների կողմից վիետնամական Մայ Լայ գյուղի բնակիչների զանգվածային սպանության մասին ռեպորտաժի համար։ Նա նաև բազմաթիվ այլ հեղինակավոր լրագրողական մրցանակների դափնեկիր է։ Վերջին տարիներին Սեյմուր Հերշը խիստ քննադատության է ենթարկել Բարաք Օբամայի վարչակազմը, ընդհուպ մինչև Ուսամա բեն Լադենի մահվան մանրամասների կեղծիքի մասին անցած տարվա մեղադրանքը։

http://www.rferl.org/content/syria-turkey-chemical-weapons-controversy-hersh/25326629.html



դեպի ետ