• am
  • ru
  • en
Версия для печати
10.07.2014

ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ԴԻՍԿՈՒՐՍ-ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Руский

   

Արփի Մանուսյան
«Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի փորձագետ

1960-ական թթ. արևմտյան մտավոր շրջանակներում ձևակերպվում են դիսկուրս-վերլուծության մոտեցումներ, տեսություններ, որոնք հենվում են մեթոդաբանական տարբեր աշխարհայացքների վրա։ Դրանց դասակարգումները տալիս են Թյոն վան Դեյկը, Յակոբ Թորֆինգը, Մարիան Յորգանսենը, Լուիզա Ֆիլիփսը և այլք:

Համաձայն Վան Դեյկի, սկզբում այս մեթոդաբանության հանդեպ հետաքրքրությունը հիմնականում ստրուկտուրալիստներինն էր, որոնք այն կիրառում էին լեզվաբանական և մարդաբանական հետազոտություններում1: Հետազոտության օբյեկտ էին դառնում ժողովրդական առասպելները, ծիսական փոխազդեցությունները և այլն: 1960-ականների վերջից այն հարստացավ տեքստերի, ԶԼՄ, հաղորդակցային իրադարձությունների ուսումնասիրության նշանագիտական մեթոդներով: Դրանից հետո առաջացան նոր հետազոտական ուղղություններ լեզվաբանության շրջանակներում, ինչպես նաև դրանից դուրս:

Մարիան Յորգանսենն ու Լուիզա Ֆիլիփսը տալիս են հետևյալ դասակարգումը՝ Լակլոյի և Մուֆի տեսություն, քննադատական դիսկուրս-վերլուծություն (ՔԴՎ) և դիսկուրսիվ հոգեբանություն։

Համաձայն Յ.Թորֆինգի, այս տեսության գլխավոր նպատակը սոցիալական, քաղաքական և մշակութային ինքնության ուսումնասիրության համար նոր վերլուծական առանցքի առաջարկումը պետք է լինի2: Նա տալիս է եռասերունդ դասակարգում:

Առաջին սերունդը դիսկուրսը մեկնաբանում է նեղ լեզվաբանական իմաստով` սահմանելով այն որպես բանավոր և գրավոր լեզվի տեքստային միավոր և կենտրոնանալով տեքստի իմաստաբանական առանձնահատկությունների վրա: Այս մոտեցման շրջանակներում, օրինակ, սոցիոլեզվաբանությունը վերլուծում է հարաբերությունները խոսողի սոցիալ-տնտեսական դիրքի և նրա բառապաշարի միջև:

Երկրորդ սերունդն այն մեկնաբանում է ավելի լայն իմաստով: Այստեղ ուսումնասիրության առարկայական դաշտը տարածվում է մինչև սոցիալական պրակտիկաների ուսումնասիրություն: Այս խմբի մեջ է մտնում այն ՔԴՎ-ն, որի հիմնական մշակողն է համարվում Նորման Ֆերքլոն: Շարունակելով ֆուկոյական ավանդույթները՝ նա ընկալում է դիսկուրսը որպես սոցիալական ակտորների միջև գերակայության հարաբերությունների միջոցներից մեկը3:

Երրորդ սերունդն ընդարձակում և խորացնում է այն՝ դարձնելով համընդհանուր սոցիալական կատեգորիա: Հիմքում Դերիդայի միտքն է, որ ամենը դիսկուրս է, որն արտացոլում է ոչ միայն աշխարհը, ինքնությունը և սոցիալական փոխազդեցությունները, այլև մեծ դեր է խաղում դրա ստեղծման և փոփոխության գործում:

ՔԴՎ շրջանակներում ընդունված է համարել, որ սոցիալական խմբերը, հանրույթները ձևակերպում, արտադրում են գաղափարապես նշանակալի տեքստեր` նպատակ ունենալով պահպանել իրենց գերակայության դիրքերը, ինչպես նաև փոխել իրականության մասին պատկերացումները4:

Ֆերքլոյի ՔԴՎ-ն քիչ ուշադրություն է դարձնում այն խնդրի վրա, թե ինչպես են հարաբերվում խոսքային և ոչ խոսքային համատեքստերը, օրինակ՝ սոցիալական կառուցվածքը: Համատեքստերի կարևորությունն ավելի շատ շեշտադրում է Թյոն վան Դեյկը։

ՔԴՎ-ն՝ որպես տեսություն և մեթոդաբանություն, տարբեր քաղաքացիական շարժումներ ուսումնասիրելու լայն հնարավորություններ է տալիս։

Սրա շրջանակներում առանցքային է այն, թե ինչպես են սոցիալական ակտորները՝ անհատները կամ հանրույթներն առհասարակ, ընկալում սոցիալական աշխարհը, և, միևնույն ժամանակ, ինչպես են նրանք մասնակցում սոցիալական իրականության կառուցման կամ փոփոխման գործընթացին: Այս իմաստով կարևոր է, թե այդ գործընթացում ինչպես են ձևավորվում ինքնություններ, ինչպես են առաջանում նոր գաղափարախոսություններ, ինչպես են տարբեր սոցիալական թեմաները դառնում հանրային կյանքի մաս: Քաղաքացիական շարժումների ուսումնասիրումն այս հայեցակարգի շրջանակներում թույլ է տալիս դիտարկել մի քանի հարթություններ.

• շարժման դիսկուրս՝ ի՞նչ խնդիրներ է ձևակերպում շարժումը և ինչպե՞ս է դա անում,

• մտքեր, տեքստեր սեփական շարժման մասին՝ ինչպե՞ս է ձևակերպվում շարժման ինքնապատումը,

• դրանցում այլ տեքստերի առկայությունը, օգտագործումը՝ առավել հաստատված լեզվական ձևերին հղումներ կատարելը, վերիմաստավորելով կամ թողնելով նախնական իմաստները:

Օրինակ, հետխորհրդային երկրների շարժումներում կարելի է տեսնել ազգայնական գաղափարների՝ որպես մարդկանց մոբիլիզացնելու մեխանիզմի առկայությունը, ինչը ցույց է տալիս հանրության լայն շերտերի շրջանակներում այդ լեզվի ավելի ընկալելի, ընդունելի լինելը5։

Շարժումներն այս մեթոդաբանության շրջանակներում ուսումնասիրելը թույլ է տալիս տեսնել հասարակությունում տեղի ունեցող տարբեր գործընթացների արձագանքն ու արտացոլումը, քանի որ դրանք, ըստ էության, հանդես են գալիս որպես տարբեր անտագոնիստական հարաբերությունների, ճգնաժամերի, նշանակալի փոփոխությունների դինամիկ ցուցիչ: Ավելի մակրո մակարդակում ՔԴՎ-ի միջոցով կարող ենք դատողություններ անել առհասարակ տվյալ հասարակությանը բնութագրող խորքային սոցիալական պրակտիկաների, գործողությունների ընդունելի և ոչ ընդունելի ձևերի, նշանակալի արժեքների, գաղափարների արտիկուլյացիայի մասին: Մյուս կողմից՝ այն հնարավորություն է տալիս դուրս բերել երևույթների և գործընթացների պատմականությունը և կառուցվածքային առանձնահատկությունները, ինչպես նաև կանխատեսելի դարձնել հասարակական որոշ կառուցվածաքային փոփոխություններ։ Օրինակ, նշված առանձնահատկությունները դրսևորվում են, երբ դիտարկում ենք ուկրաինական «Ընդդեմ լեզվի մասին նոր օրենքի»6 շարժումը, որտեղ մինչեվրամայդանական համատեքստում արտացոլվում են Ռուսաստանից անջատման և ինքնուրույնացման տրամադրությունները, միևնույն ժամանակ դեպի Եվրոպա գնալու փորձերը։

ՔԴՎ-ի շնորհիվ մենք ավելի լայն հնարավորություններ ունենք խոսելու շարժումների միջև եղած կապերի մասին, օրինակ, երբ Վրաստանում «Ազատություն Վակե պուրակին»7 շարժման մասնակիցներն իրենց համեմատում և զուգահեռներ էին տանում Թուրքիայի Գեզի պուրակի բողոքի շարժման հետ։ Այստեղ մենք տեսնում ենք շարժման ինքնապատումն ու ինքնանույնացման ձևը, որդեգրվող արժեքները և գործողության սխեմաները։ Առավել համատեքստային հայացքով դիտարկելով կարող ենք նկատել, որ վրացական քաղաքացիական շերտերի համար ռեֆերենտային արժեք ունեն թուրքական քաղաքացիական նախաձեռնությունները և ոչ, ասենք, Հայաստանում տեղի ունեցողները (օրինակ՝ Մաշտոցի պուրակ)։

Այս մեթոդաբանության կիրառման շնորհիվ մենք կարող ենք տեսնել, թե արդյոք շարժումներն առհասարակ ստեղծում են հասարակության համար նշանակալի իմաստներ, ինչպես են մասնակցում վերիմաստավորման գործընթանցներին և արդյոք այս գործընթացում մրցակցում են այլ դիսկուրսների, օրինակ՝ քաղաքականի հետ: «Ազատություն Վակե պուրակին» շարժումը, որն, ըստ էության, առաջին բնապահպանական շարժումն էր Վրաստանում, կարևոր դեր խաղաց վրացական հասարակության մեջ բնապահպանական գիտակցության և բնապահպանության՝ որպես արժեքի, վերիմաստավորման տեսանկյունից։

Ի վերջո, ՔԴՎ մեթոդաբանությունը հնարավորություն է տալիս հասկանալու՝ արդյո՞ք այս կամ այն հասարակությունն ունի ինքնուրույն, կայացած քաղաքացիական դիսկուրս իր խոսքային և ոչ խոսքային պրակտիկաների համակարգով, թե՞ այն պարզապես կրկնում և վերարտադրում է արդեն գոյություն ունեցող ներքին և արտաքին քաղաքական կամ արտաքին քաղաքացիական դիսկուրսները։

1 Van Dijk T., “Principles of Critical Discourse Analysis”, University of Amsterdam.

2 Torfing J., “Discourse Theory: Achievements, Arguments, and Challengers”, 2005.

3 Филлипс Л., Йоргенсен М.В., “Дискурс Анализ: Теория и Метод”, Харьков, 2008, с. 122.

4 Van Dijk T., “Principles of Critical Discourse Analysis”, University of Amsterdam.

5 Այս և հետագա եզրակացությունները հիմնվում են էլեկտրոնային մեդիայում Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Ուկրաինայի 2012-2014թթ. քաղաքացիական շարժումների դիսկուրսի առանձնահատկությունների՝ իմ կողմից կատարված համեմատական վերլուծության վրա։

6 Շարժումը սկսվել է 2012թ. հուլիսին։ Համաձայն նոր օրենքի՝ Ուկրաինայի ազգային փոքրամասնությունների լեզուներին տրվում է ուկրաիներենին հավասար կարգավիճակ:

7 Շարժումը սկսվել է 2013թ. դեկտեմբերին: Բողոքն ուղղված էր ընդդեմ հյուրանոցի շինարարության Թբիլիսիի ամենամեծ հանրային պուրակում։


«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 6, 2014

դեպի ետ