• am
  • ru
  • en
Версия для печати
16.10.2014

ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

   

(Մաքիավելիզմը՝ փոքր պետությունների դիվանագիտության նախատիպ։ Փոքր պետությունների դիվանագիտության հարաբերակցությունը նրանց ներուժի հետ)

Արման Նավասարդյան
Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, Արտակարգ և լիազոր դեսպան

Փոքր պետությունների դիվանագիտությունն անցել է զարգացման երկար ուղի: Անտիկ աշխարհի պատմագիր Ֆուկիդիդիսը հետևյալ կերպ է բնորոշել պետությունների հնարավորությունները. ‹‹Ուժեղն անում է այն, ինչը կարող է անել, իսկ թույլն ընդունում է այն, ինչի հետ ստիպված է հաշտվել››: Իսկ Արիստոտելն իր հիմնարար ‹‹Քաղաքականություն›› աշխատասիրությունում, որով հարստացրել է ժամանակի գիտական միտքը, մանրամասն վերլուծում է պետությունների առաջացման և զարգացման գործընթացները, իշխանության և պետության իրավական հիմքերը, նրա տարածքային, ժողովրդագրական ու դասակարգային առանձնահատկությունները և այլն: Եթե հաշվի առնենք, որ Ք.ա. IV դարում հին հունական կայսրությունը կազմված էր պոլիս-քաղաքներից, այսինքն՝ փոքր պետություններից, ապա արտաքին քաղաքականության արիստոտելյան մեկնաբանությունը կարող ենք դիտել որպես փոքր պետության դիվանագիտական առանձնահատկություն, որը բնորոշ էր հելլենական պոլիսներին: Հելլենական դիվանագիտության այդ ուրույն հատկանիշի վրա հետագայում կառուցվեց արևմտյան դիվանագիտական մեխանիզմը, այդ թվում փոքր երկրների դիվանագիտության առումով [1]:

Փոքր պետությունների դիվանագիտական ծառայությունը դարձավ քաղաքական կատեգորիա Վերածննդի դարաշրջանի իտալական գաճաճ-պետությունների համար, որոնք ո՛չ զինված ուժեր ունեին, ո՛չ էլ ոստիկանություն: Արտաքին ռազմական վտանգի դեպքում ինչո՞վ պետք է պաշտպանվեին նրանք: Դիվանագիտությամբ, որի տեսությունը և պրակտիկ կիրառությունն ամփոփված են Նիկոլո Մաքիավելիի հայտնի մաքիավելիզմ կոչվող ուսմունքի մեջ: Ինքը` միջնադարի գրող, փիլիսոփա, նշանավոր քաղաքական գործիչն այն անվանում էր virtu, որն իտալերեն նշանակում է որևէ նպատակի հասնելու միջոց: Իրեն հատուկ հեգնանքով և ցինիզմով նա ապացուցում է, որ պետության շահերի պաշտպանության համար ընդունելի են ամենաթողությունը, խորամանկությունը, սուտն ու խարդավանքը: Դիվանագիտական պայքարի մեջ Մաքիավելին տեսնում է երկու գործոն` օրենք և ուժ: Առաջինից օգտվում են մարդիկ, երկրորդից` գազանները, և քանի որ առաջին մեթոդը հաճախ անբավարար է, մարդիկ դիմում են երկրորդ` գազանային մեթոդին: Առաջնորդվելով նման փիլիսոփայությամբ՝ Մաքիավելին դիվանագետներին խորհուրդ է տալիս կենդանիներից ընտրել առյուծին և աղվեսին որպես ուժ և խորամանկության խորհրդանիշներ: ‹‹Պետք է աղվես լինել՝ թակարդից խուսափելու համար, և լինել առյուծ՝ գայլերին խժռելու համար››,- ասում է նա: Մաքիավելին գտնում է, որ դիվանագետի հմտությունն ‹‹իրականությունը խոսքերի տակ թաքցնելն է››: ‹‹Մեկի անազնվությունն արդարանում է մյուսի անփութությամբ››: Իր հայտնի ‹‹Տիրակալը›› գրքում Մաքիավելին գրում է. ‹‹Մենք փորձից գիտենք, որ մեր օրերում միայն նրանց է հաջողվում անել մեծ գործեր, որոնք չեն հարգում իրենց խոսքը և կարողանում են ստել: Այդպիսի տիրակալները վերջին հաշվով ավելի են շահում, քան նրանք, ովքեր ազնիվ են›› [2]:

Այսպիսով, Մաքիավելին և նրա ուսմունքի հետնորդները միջազգային հարաբերություններում փոխադարձ վստահությունը, հեռահար ծրագրերի և միջպետական հարաբերությունների բնականոն ու աստիճանական զարգացումը փոխարինում են մի արատավոր տեսությամբ, որը միջազգային իրավունքը ստորադասում է ազգային հետաքրքրություններին և շահերին:

Չնայած այն հանգամանքին, որ մաքիավելիզմը մերժվել և քննադատության է ենթարկվել Ֆ.Կալյերի, Հ.Նիքոլսոնի, Ժ.Կամբոնի, Է.Սատոուի, Վ.Պոպովի և մյուս հայտնի տեսաբանների կողմից, այն, այնուամենայնիվ, խոր հետք է թողել համաշխարհային դիվանագիտության վրա և այսօր էլ չի կորցրել հետաքրքրությունը պրոֆեսիոնալների համար: Բանն այն է, որ մաքիավելիզմն, իր ցինիզմով, անբարոյականությամբ և օպորտունիզմով հանդերձ, պարունակում է ռացիոնալ հատիկ փոքր երկրի պետականության և ազգային շահերի պաշտպանության համար: Երբ խոսում ենք մաքիավելիզմի մասին, չպետք է մոռանանք, թե նրանում որքան մեծ նշանակություն է տրվում օրենքին և ուժեղ կառավարության անհրաժեշտությանը [3]։ Մեր օրերում այդ նախազգուշացման իմաստուն լինելն են վկայում, օրինակ, Ուկրաինայում Վ.Յանուկովիչի իշխանության թուլությունը և դրա արյունալի հետևանքները երկրի համար։

Մեր կարծիքով՝ սա պետք է հաշվի առնել նման երկրների դիվանագիտական ծառայության կայացման գործում:

Քաղաքագիտության համակարգում այսօր որո՞նք են համարվում փոքր պետություններ, և ի՞նչ դեր են նրանք խաղում միջազգային հարբերություններում: Բոլոր այն պետությունները, որոնք ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ չեն, մտնում են փոքր պետությունների կատեգորիայի մեջ: Ըստ դիվանագիտության պատմության ամերիկյան ճանաչված հեղինակ Է.Պլիշկեի, դրանք այն երկրներն են, որոնց բնակչությունը չի անցնում 5 միլիոնից [4]: Իսկ անգլիացիները փոքր են համարում այն պետությունները, որոնց բնակչությունը 1 միլիոնից պակաս է` անվանելով դրանք ‹‹մինի պետություն›› [5]: Է.Պլիշկեի կարծիքով՝ փոքր երկրների արտաքին քաղաքականությունն ունի երեք ուղղվածություն. ա) գերտերություններ, որոնց հետ նրանք ձգտում են համագործակցության, բ) խոշոր միջազգային կազմակերպություններ, որոնց հետ համագործակցությունը խոստանում է ռեալ ֆինանսական ու տնտեսական օգնություն, գ) հարևան երկրներ, որոնց հետ հարաբերությունները ներկայացնում են փոխադարձ հետաքրքրություններ [5]:

Պատմականորեն փոքր երկրների կարգավիճակը պայմանավորված է նրանց ներուժի` ռեզերվի (ռազմական, ֆինանսատնտեսական, արդյունաբերական և այլն) փոքրությամբ, հետևաբար՝ անվտանգության խոցելիությամբ: Ելնելով այս իրողությունից՝ փոքր պետությունները միշտ ձգտել են հավասարակշռել ուժեղ երկրների միջև և պահպանել չեզոքություն (Ավստրիա) կամ ստանալ նրանց հովանավորությունը (Իսրայել): Երբ ասում ենք, որ փոքր պետությունները զրկված են ներուժից, մոռանում ենք, որ նրանց ներուժը դիվանագիտությունն է: Եվ եթե երկիրն ունի բարձրակարգ դիվանագիտական ծառայություն, ապա այն ակտիվորեն մասնակցում է միջազգային իրավունքի նորմերի ինստիտուցիոնալացման և միջազգային կազմակերպությունների ու կոլեկտիվ անվտանգության համակարգերի ստեղծման գործընթացին: Դա, մի կողմից, ապահովում է փոքր պետության ինտեգրումը միջազգային տնտեսական և քաղաքական կառույցներում, մյուս կողմից` նպաստում է սեփական խնդիրների լուծմանը:

Հարկ է նշել, որ ներկա քաղաքական իրականությունում փոքր պետությունները հաճախ ցուցաբերում են կորպորատիվ էգոիզմ և անարդարացի պահանջներ մեծ տերությունների նկատմամբ: Օրինակ` միջազգային կազմակերպություններում փոքր պետությունների զանգվածային ինտեգրման հետևանքով ստեղծվում է ‹‹թզուկների դիկտատուրայի›› վտանգ, երբ փոքր պետությունները, միավորվելով և օգտվելով կոնսենսուսի և վետոյի իրավունքից, լրջորեն սպառնում են իրենց կարգավիճակից դուրս գտնվող երկրների շահերին: Դեպքերի նման զարգացումն արգելակելու նպատակով ԵՄ-ն իրականացրեց ինստիտուցիոնալ ռեֆորմներ` ամփոփելով դրանք Լիսաբոնյան պայմանագրերում:

Սակայն, ինչպես ցույց է տալիս դիվանագիտության նոր շրջանի պատմությունը` հատկապես գաղութատիրության վերացումից և երկբևեռ համակարգի փլուզումից հետո, փոքր պետությունների համար լայն հորիզոններ են բացվում արտաքին քաղաքականության մեջ ակտիվորեն ներգրավվելու, անգամ միջազգային խաղացողների շարքին դասվելու համար: Փոքր պետությունները կարող են առանցքային դերակատարություն ունենալ միջազգային ասպարեզում: Օրինակ` Շվեյցարիան ֆինանսական և դիվանագիտական, Քուվեյթը` ածխաջրերի, Նիդեռլանդները և Շվեդիան` միջազգային իրավունքի, Նորվեգիան` Արկտիկայի շահագործման ոլորտներում:

Դիվանագիտության պատմությունը բազմաթիվ օրինակներ ունի, երբ միջազգային հարցերը լուծվում են ոչ թե դիվանագիտության միջոցով, այլ ուժի դիրքերից (hard power): Գերտերությունների արտաքին քաղաքականությունը հաճախ իրագործվում է ‹‹մկանային դիվանագիտության››, այլ ոչ թե նրա մեթոդների և կանոնների օգնությամբ: Եվ այդ գործելակերպը, որպես կանոն, ունենում է ծանր հետևանքներ այն կիրառողների համար (ԱՄՆ պատերազմները Վիետնամում, Աֆղանստանում և Իրաքում, ԽՍՀՄ-ի համար Աֆղանստանում, Չեչնիայում, Աբխազիայում և Հարավային Օսիայում, երբ անտեսվել է դիվանագիտությունը որպես միջազգային հարաբերությունների գործիք): ԽՍՀՄ երկարակյաց արտգործնախարար Անդրեյ Գրոմիկոն 26 անգամ վետո է դրել ՄԱԿ Անվտանգության խորհրդի որոշումների վրա՝ ստանալով միստր ‹‹Niet›› մականունը: Սակայն ուժի ցուցադրումը, ի վերջո, չփրկեց պետությունը փլուզումից:

Երկար տարիներ փոքր պետությունների դիվանագիտական ծառայությունների ուսումնասիրությունը մեզ հուշում է հետևյալ եզրահանգումը. երկրի դիվանագիտական համակարգի ճկունությունը և հմտությունը հակադարձ համեմատական են նրա ռազմատնտեսական և քաղաքական ներուժին: Որքան հզոր է երկիրը, այնքան թույլ է նրա դիվանագիտական արվեստը, և հակառակը: Պետության հզորության և դիվանագիտության հարաբերակցության մեր այս տեսակետը կարող է թվալ պարադոքսալ սոփեստություն: Սակայն, մեր կարծիքով, այն գոյության իրավունք ունի և կարող է դառնալ դիվանագիտության տեսության լուրջ և մանրակրկիտ ուսումնասիրության թեմա:

Անդրադառնանք նաև փոքր պետությունների դիվանագիտության ևս մեկ առանձնահատկությանը` միջնորդական դիվանագիտությանը: Դրա մեթոդները տարբեր են` հրապարակային` մեգաֆոնային, գաղտնի, կոլեկտիվ, առանձին, տարածաշրջանային, միջազգային և այլն: Միջնորդական դիվանագիտությունն ունի երկու ասպեկտ` արտաքին և ներքին: Առաջին պարագայում փոքր երկրի դիվանագիտությունը մասնակցում և նպաստում է միջազգային նշանակության խնդիրների կարգավորմանը և կոնֆլիկտների հանգուցալուծմանը: Երկրորդը միջնորդ երկրի հեղինակության բարձրացման և նրա շահերի պաշտպանության խնդիրն է: Այս առումով հեռանկարային են թվում հայկական դիվանագիտության հնարավորությունները: Այն կարող էր միջնորդական առաքելություն ստանձնել Իրան-ԱՄՆ երկխոսությունում, Մոսկվա-Թեհրան-Վաշինգտոն եռանկյունում, վրաց-ռուսական հարաբերություններում, Մերձավոր Արևելքում և այլն: Հայաստանը, չունենալով մեծ ներուժ, կարող էր միջնորդական հմուտ դիվանագիտություն իրագործել` շնորհիվ իր աշխարհաքաղաքական, պատմական, ազգային ինտելեկտի և սփյուռքի գործոնների:

Աղբյուրներ և գրականություն

1. Аристотель, Сочинения в четырех томах, том 4, Издательство ‹‹Мысль››, Москва, 1984, с. 375-645.

2. Макиавелли Н., Избр. соч., М., 1982, с. 351.

3. Макиавелли Н., Избранные произведения, Ростов-на-Дону, «Феникс», 1998.

4. Plischke (ed), Modern diplomacy. The art and the artisants. Wash. D.C. 1979, p. 96.

5. Berridge G.K. & Jams A. A., Dictionery of diplomacy.- Hampshire, Pajgrave, 2001.


«21-րդ ԴԱՐ» N 5, 2014

դեպի ետ