• am
  • ru
  • en
Версия для печати
24.11.2014

ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԵԱՏՄ. ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

Руский

   

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամում տեղի ունեցավ սեմինար «Հայաստանի եվրասիական հեռանկարը. տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերներ» թեմայով, որին մասնակցեցին քաղաքագետներ, հասարակական գործիչներ, գիտնականներ և վերլուծաբանական կենտրոնների աշխատակիցներ Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից և Բելառուսից։ Քննարկվեցին արտաքին քաղաքականության հրատապ հարցեր, ընթացիկ ինտեգրացիոն գործընթացները, Հայաստանի տնտեսության միտումները և տարածաշրջանային անվտանգության խնդիրներ։

Եվրասիական ընկերակցության վերլուծաբանական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած քննարկումներ «Նորավանքում» տեղի են ունենում պարբերաբար։ Եվրասիական տնտեսական ընկերակցությանը Հայաստանի միանալու առիթով քննարկվում են ինտեգրման ամենահրատապ հարցերը, քննարկվում են դրանց լուծման խնդիրները և ուղիները։ Ծրագիրը ներառում է երեք ուղղություն։ Առաջինը վերլուծաբանական կառույցների փոխգործակցությունն է, ինչն անհրաժեշտ է, քանի որ նման համագործակցությունը սիներգետիկ էֆեկտ է տալիս։ Երկրորդը տնտեսական փոխգործակցությունն է, ընդ որում՝ հատուկ ուշադրություն կհատկացվի բարձր տեխնոլոգիաների ոլորտին (ինչը հատկապես ակտուալ է Հայաստանի համար՝ նրա աշխարհագրական դիրքի պատճառով), տրանսպորտային և քաղաքական խնդիրներին, պատկառելի գիտական պոտենցիալի առկայությանը, որն անհրաժեշտ է օգտագործել բարձրտեխնոլոգիական արդյունաբերություն ստեղծելու համար։ Համագործակցության երրորդ ուղղությունը նվիրված է պատմության հարցերին, աշխարհայացքին, ընդհանուր հոգևոր արժեքներին և ԵԱՏՄ-ին անդամակցող ժողովուրդների սերտ ավանդույթներին։

Այս ուղղություններով համագործակցության և փոխգործակցության զարգացումն այն կառույցների հետ, որոնք ձևավորում են իրենց երկրների քաղաքականությունը, կնպաստի բոլոր ուղղություններով անվտանգության ամրապնդմանը, ավելի արդյունավետ տնտեսական զարգացմանը, համագործակցության մեջ մտնող ժողովուրդների հոգևոր մերձեցմանը և ընդհանուր խնդիրների լուծմանը։

Մենք խնդրեցինք սեմինարի որոշ մասնակիցների պատմել համագործակցության զարգացման հեռանկարների մասին։

Տամարա ԳՈՒԶԵՆԿՈՎԱ, պատմագիտության դոկտոր, ՌԴ Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն.

Իրական ճանապարհը արտադրության զարգացումն է

- ԵԱՏՄ մտնելուց հետո Հայաստանի բնակչությունը բավական արագ կզգա դրական փոփոխությունները, այդ թվում և տնտեսության ոլորտում, ինչն առաջնահերթ նշանակություն ունի, քանի որ արտագաղթը հանրապետությունից առաջին հերթին պայմանավորված է տնտեսական պատճառներով։

Հաշվարկների և տնտեսական գործընթացների վերլուծության հիման վրա կարելի է վստահաբար պնդել, որ ՀՆԱ-ն Հայաստանում կաճի, ինչն անպայման կանդրադառնա բնակչության բարեկեցության վրա։ Կմեծանա Հայաստանի և Եվրասիական միության պետությունների առևտրատնտեսական շրջանառությունը։ Դա հաստատվում է նաև 2010թ. ձևավորված Մաքսային միության շրջանակում առևտրային հաշվեկշռի վերլուծական տվյալներով։ Բելառուսը և Ղազախստանը եռանդամ միության գլխավոր շահառուներն են և իրապես զգացել են ՀՆԱ էական աճը։

Բանն այն է, որ այս ինտեգրացիոն միավորման մասնակից երկրները նոր պայմաններում Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի սպառման շուկաներ դուրս գալու հնարավորություն են ստացել արդեն միանգամայն այլ մաքսատուրքերով, ինչը հանգեցնում է եկամուտների էական ավելացման առևտրային գործառնություններ իրականացնելիս։ Զգալիորեն կկրճատվեն նաև այդ ապրանքների փոխադրման ժամանակը, գործադրվող ջանքերը, կպարզեցվի տնտեսական փոխգործակցության ռեժիմը։ Կուժեղանան շփումներն արտադրության ոլորտում։ Ռուսական բիզնեսը վաղուց գործում է Հայաստանում, հիմնականում ռազմավարական առումով կարևոր ոլորտներում։ Դա առաջին հերթին էներգետիկան է, պաշտպանական արդյունաբերությունը։ Հարկավոր է հատուկ ուշադրություն հատկացնել Հայաստանում փոքր ու միջին գործարարության զարգացմանը։ Դա, անշուշտ, հարմարման համար որոշակի ջանքեր և ժամանակ կպահանջի։ Հայաստանում կան հեռանկարային մշակումներ, որոնց հիման վրա կարելի է ստեղծել նման ձեռնարկություններ։ Իհարկե, առայժմ դա չի լինի այն արտադրությունը, որը նախկինում գոյություն ուներ ձեր հանրապետությունում, բայց այդ քայլերը կդառնան տնտեսության վերականգնման գործընթացի սկիզբը։

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը, անդրսահմանային խնդիրները՝ ես կարծում եմ՝ այստեղ հարկավոր է զարգացնել գիտատար բարձրտեխնոլոգիական ճյուղերը, որպեսզի արտադրանքը չներկրվի մեծ խմբաքանակներով։ Դա պետք է լինի փոքրածավալ, բայց բավական թանկ արտադրանք։ Հարկավոր է կանգնեցնել արտագաղթը Հայաստանից, իսկ իրական ճանապարհը արտադրության զարգացումն է, տնտեսական խնդիրների լուծումը և նոր աշխատատեղերի ստեղծումը։ Բայց պետք է հետևողականություն սահմանել նման ձեռնարկությունների ստեղծման գործում՝ ի՛նչը սահմանափակել առաջին հերթին և ի՛նչը՝ հետագայում։ Հասկանալի է՝ այդ գործընթացը պետք է սկսել հեռանկարային մշակումների տվյալների շտեմարանի ստեղծումից, և հենց դրանով էլ մենք պատրաստվում ենք զբաղվել առաջին հերթին։ Մենք շատ լրջորեն կուսումնասիրենք այդ հնարավորությունները։

Առաջնահերթ խնդիրներից մեկը կդառնա Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի հարմարեցումը ԵԱՏՄ շուկայի պահանջմունքներին։ Եթե արդիական տեխնոլոգիաներ ներդրվեն (իսկ դա հնարավոր է), ապա այս ուղղության զարգացումը լավ արդյունքներ է խոստանում։ Օրինակ, Բելառուսն օգտվեց պատժամիջոցներից և որոշ ուղղություններով համարյա թե մեկուկես անգամ ավելացրեց արտահանման ծավալները դեպի ռուսական շուկա։ Հայաստանը նույնպես արտահանման հնարավորություններ ունի, այդ թվում և ագրարային արտադրանքի ոլորտում, և դրանից արժե օգտվել։ Բնավ պարտադիր չէ հայկական արտադրանքով հեղեղել ռուսական սուպերմարքեթները, դա կարող է լինել միանգամայն այլ սեգմենտ՝ էկոլոգիապես մաքուր, զտված, էլիտար արտադրանք, որը կիրացվի բավական բարձր գնով։ Կարևոր է կողմնորոշվել ըստ իրավիճակի և գտնել արտահանման տարբերակ, որը կհամապատասխանի բոլոր կողմերի շահերին։

Լև ԿՐԻՇՏԱՊՈՎԻՉ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր (Մինսկ).

Ազգային շահերին համապատասխան

-

Ես մշտապես ընդգծել եմ, որ մեր ինտեգրացիան հուսալի և ամուր կլինի, եթե ամրացվի ընդհանուր հոգևոր և բարոյական արժեքներով, պատմական մերձության գիտակցմամբ, ընդհանուր նպատակներով։ Ցավոք, հետխորհրդային հասարակության գիտակցությունը զգալի չափով ապակողմնորոշված է։ Ես նույնիսկ կասեի, որ մենք ինչ-որ չափով կորցրել ենք մեր ընդհանուր անցյալը՝ փորձելով գտնել նորը, պատմության իբր ավելի օբյեկտիվ տարբերակը։

Նման վերանայումները վտանգավոր են, հարկ է հաշվի առնել, որ ինտեգրման գործընթացում ազգային գաղափարը հսկայական նշանակություն ունի։ Ես Եվրասիական միությունը դիտարկում եմ որպես մեր ազգային գաղափարի որոշակի ձև հենց մեր երկրների ու ժողովուրդների համար։ Դա համապատասխանում է մեր ազգային շահերին։ Բայց մեր ազգային գաղափարները կտրամախաչվեն, եթե մենք պահպանենք մեր իսկական ազգային պատմությունը։ Մեր տարածաշրջանի առումով դա սլավոնների պատմությունն է։ Մենք տեսնում ենք Ուկրաինայի ողբերգությունը, որտեղ փորձեցին իրենց մի ինչ-որ ուկրաինական, Կիևյան Ռուսիայի հետ որևէ կապ չունեցող պատմությունը գտնել։ Արտահայտվում են բոլորովին չհիմնավորված, իրենց անհեթեթությամբ ցնցող գաղափարներ, ինչպես, օրինակ, այն, թե ուկրաինացիները մարդկության նախահայրերն են։ Եվ սա իրենց իսկական պատմությունից հրաժարվելու, ավանդական արժեքները մոռացության տալու արդյունքն է։

Ակնհայտ է, որ այսօր այն ամենը, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, դրսից հետևողական և մտածված ազդեցության արդյունք է՝ ուկրաինական հասարակության որոշակի առանձնահատկություններն ու այն թույլ տեղերն իմանալու շեշտադրմամբ, որոնց վրա կարելի է խաղալ։ Ընդ որում՝ կատարվածը տեղի ունեցավ ոչ հետխորհրդային շրջանում, նախադրյալները դրվել էին վաղուց, իսկ արդեն ԽՍՀՄ փլուզումից հետո հանրապետության իշխանությունն ինքը շատ բանով նպաստեց այդ գործընթացներին։ Այսօր խորհրդային նախկին գրեթե բոլոր հանրապետությունների համար հատուկ հրատապություն է ձեռք բերում այն հարցը, թե ինչպես պահպանել սեփական հասարակությունը դրսի բացասական ազդեցություններից, որոնք ներդրվում են դեմոկրատական ազատությունների և եվրոպական արժեքների անվան տակ։ Եվ այստեղ չափազանց կարևոր է, որ իշխանությունն ինքը գիտակցի այդ վտանգը և նման ազդեցությունների բացասական հետևանքները ողջ ազգի և պետության մասշտաբով։

Ուկրաինայում իշխանությունն ինքը չէր փորձում գտնել առկա տնտեսական և սոցիալական խնդիրների լուծումը և գաղափարապես ապակողմնորոշում էր իր ժողովրդին։ Հասարակության գիտակցության մեջ ներդրվում էին միանգամայն խորթ պատկերացումներ, նոր, արատավոր կողմնորոշիչներ, վերանայվում էր արժեքների ավանդական համակարգը։ Երկրի նախագահ եղած ժամանակ Կուչման գրում էր. «Ուկրաինան Ռուսաստան չէ»։ Իսկ դա ոչ միայն միմյանց երկու եղբայրական ժողովուրդներին հակադրելու փորձ էր, այլ նաև իսկական պատմությունը խեղաթյուրելու, սեփական ժողովրդին մոլորության մեջ գցելու և ծայրահեղ բացասական զարգացումների համար հող նախապատրաստելու ձգտում։ Այն ամենը, ինչ այսօր կատարվում է, ոչ մի կերպ չի համապատասխանում ուկրաինացի ժողովրդի իսկական ազգային շահերին։

Եվս մեկ կարևոր ասպեկտ. այսօր մենք բոլորս վկան ենք դարձել որոշակի արևմտյան ուժերի հետևողական և համառ աշխատանքի՝ ուղղված ինչ-որ եվրոպական արժեքներով համաքրիստոնեական արժեքները փոխարինելուն։ Եվ այս գործունեության արդյունքները մենք տեսնում ենք արևտյան հասարակություններում։ Ամենացնցող օրինակներից մեկը միասեռական ամուսնություններն են, համասեռամոլության քարոզչությունը։ Բայց հենց քրիստոնեական արժեքներն են կարող խաղալ վճռական դեր մեր մենթալության և ավանդական բարոյական հիմքերի պահպանման գործում, առանց որոնց անհնար է հասարակության առողջ և արդյունավետ գործառնությունը։

http://www.golosarmenii.am/article/25917/armeniya-i-eaes-problemy-i-perspektivy



դեպի ետ