• am
  • ru
  • en
Версия для печати
18.12.2014

ԱԽՏՀ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ, ՈՐ ԵԿԵԼ Է ԱՍԻԱՅԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ

EnglishРуский

   

Սերգեյ Գրինյաև
Ռազմավարական գնահատականների և կանխատեսումների
կենտրոնի (Մոսկվա) գլխավոր տնօրեն, տ.գ.դ.

«Ռազմավարական գնահատականների և կանխատեսումների կենտրոն» ինքնուրույն ոչառևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն Սերգեյ Գրինյաևը Pravda.Ru-ի թղթակցին տված հարցազրույցում անդրադարձել է ԱԽՏՀ՝ Չինաստանի մայրաքաղաքում կայացած գագաթաժողովին։

- Եթե գնահատելու լինենք Պեկինում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթաժողովն աշխարհաքաղաքականության տեսակետից, ապա դիմակայության և համագործակցության ի՞նչ գծեր դուք տեսաք։

- Նախևառաջ՝ գագաթաժողովը ցույց տվեց, որ, իսկապես, 21-րդ դարն Ասիայինն է։ Այսօր ԱԽՏՀ գագաթաժողովը դառնում է հավասար, եթե չասենք՝ առաջատար Դավոսի տնտեսական համաժողովի համեմատ, որն ավանդաբար ներկայացնում է արևմտյան քաղաքակրթությունը, արևմտյան տնտեսությունը։

Գագաթաժողովն անցնում է բավական բարդ աշխարհաքաղաքական իրադրության պայմաններում։ Դեմոկրատական պետությունների գոյության պատմության մեջ առաջին անգամ տնտեսական պատժամիջոցների ինստիտուտը կիրառվեց ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրի դեմ, նախկինում պատմությունը նման բան դեռ չէր տեսել։

Դա էլ պայմանավորեց այն օրակարգը, որը մենք ունեինք և ունենք։ Այսօր որպես բեկման և համագործակցության գծեր կարելի է առանձնացնել Ռուսաստանի և Չինաստանի միջև կապերի շարունակումն ու ամրապնդումը։ Կարծում եմ՝ այս երկու աշխարհաքաղաքական կենտրոնները՝ Ռուսաստանը (որպես Եվրասիական միության հիմք) և Չինաստանն (որպես ինքնուրույն աշխարհաքաղաքական կենտրոն) են որոշում օրակարգը առնվազն 21-րդ դարի առաջին կեսի համար։ Թե ինչ կլինի հետո՝ կյանքը ցույց կտա։ Դա կրկին կապված է Ռուսաստանի և Չինաստանի միջև գործընկերային հարաբերությունների ամրապնդման և այն խնդիրների հետ, որոնք սպասում են Եվրոպային նախևառաջ դեպի Ասիա ռուսական էներգառեսուրսների մատակարարման վերակողմնորոշման հետ կապված։

- Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունը՝ որպես ԱՄՆ նախագիծ, իրեն սպառե՞լ է։ Ինչո՞ւ։

- Չէի ուզենա ասել, թե այդ նախագիծն իրեն լիովին սպառել է։ Բանն այն է, որ հիմա հենց, հավանաբար, մենք գտնվում ենք աշխարհաքաղաքական պայքարի գագաթնակետում, և Միացյալ Նահանգներն ինքն էլ հիանալի հասկանում է, որ եթե այսօր թուլություն ցուցաբերի և փորձի հեռանալ այս կամ այն աշխարհաքաղաքական նախագծից, ապա հետո դրան վերադառնալը չափազանց դժվար կլինի։

Ուստի, այսօր այն պատրաստ է որոշակի արտոնություններ տալ իր գործընկերներին և դաշնակիցներին Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Սակայն, ըստ իս, իրավիճակը գլոբալ տնտեսությունում և առհասարակ աշխարհում այսօր այնպիսին է, որ փոխվում է պարադիգմը, և արևմտյան մշակույթը տեղը զիջում է արևելյանին։ Սրանով է ամեն ինչ որոշվում։

Մոտ ապագայում լարվածությունը կպահպանվի։ Այն, որ ռազմականացումը (այդ թվում և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում) կպահպանվի՝ դա նույնպես անվիճելի է։ Այն, որ Չինաստան-Ճապոնիա, Չինաստան-Միացյալ Նահանգներ և այլ պետություններ հակասություններն այսօր գոյություն ունեն և առաջիկա տարիներին չեն վերանա՝ դա նույնպես հստակ է։

- Պուտինը ԱԽՏՀ երկրներին առաջարկել է մասնակցել երկու վիթխարի ներդրումային նախագծերի։ Առաջինը անդրասիական տրանսպորտային հանգույցն է, որը ներառելու է Տրանսսիբի, ԲԱՄ-ի արդիականացումը, «ցամաքային» և սովորական նավահանգստային համալիրների կառուցումը, ԳԼՕՆԱՍՍ համակարգի տեղակայումը, երկրորդը Հյուսիսային ծովային ուղու կարգավորումն է։ Ինչպե՞ս եք գնահատում այդ երկու նախագծերի՝ Ռուսաստանի հովանու ներքո ասիական երկրներին ինտեգրելու կարողությունը։

- Դրանք երկու նախագիծ են, որոնք հսկայական պատմական նշանակություն ունեն, դրանք ընկած են Ռուսաստանի Եվրասիական նախագծի հիմքում։ Դրանց ես կավելացնեի երրորդը՝ տնտեսական լոգիստիկական հանգույցը Ղրիմում, որը թույլ կտա ապրանքային նյութական հոսքերն ուղղել դեպի Միջերկրական ծով և ավելի հեռու՝ Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա ոչ միայն Սևծովյան նեղուցներով (Բոսֆոր և Դարդանել), այլև ուղի կտրամադրեն դեպի Արևմուտք ապրանքների փոխադրման համար։

Ղրիմում կավարտվի մեծ Մետաքսի ճանապարհը, որը սկիզբ կառնի Չինաստանում, կանցնի Տրանսսիբով, ԲԱՄ-ով, Կենտրոնական Ասիայի երկրներով դեպի Ղրիմ և այն կողմ, կամ դեպի Արևմուտք, կամ ծովով դեպի Հյուսիսային Աֆրիկա։ Եվ իհարկե, դա Հյուսիսային ծովային ուղին է։ Դա Արկտիկան է, դրանք բեռների ուղղակի, համեմատաբար կարճ մատակարարումներն են Հարավարևելյան Ասիայից դեպի եվրոպական շուկաներ՝ շրջանցելով աֆրիկյան ափերի լարվածության գոտիները Սուեզի ջրանցքում, Կարմիր ծովում և այլն։

Հյուսիսային ծովային ուղին մոտավորապես 30%-ով ավելի էժան է, քան ճապոնական Յոկոհամա նավահանգստից մինչև Ամստերդամ ավանդական ճանապարհը։ Գումարած, իհարկե, Հյուսիսային ծովային ճանապարհի հանդեպ Չինաստանի չափից մեծ հետաքրքրվածությունը, քանի որ Չինաստանն այսօր մեծ միջոցներ է ներդնում Գրենլանդիայի օգտակար հանածոների հանքավայրերի յուրացման համար և ցանկանում է երկաթ և պղինձ ստանալ Գրենլանդիայից Հյուսիսային ծովային ճանապարհով, որտեղ չկան ԱՄՆ ռազմածովային ուժերը, որոնք կարող են շրջափակել ծովային մատակարարումները Չինաստանին (այսօր ծովով Չինաստան է գալիս ռեսուրսների փաստորեն 90%-ը):

- Այդ նախագծերը կարելի է գնահատել որպես ասիական երկրների ինտեգրացիա Ռուսաստանի հովանու ներքո՞։

- Անշուշտ, առանց Ռուսաստանի այդ նախագծերն իմաստ և նշանակություն չունեն, քանի որ ցամաքի մեկ վեցերորդ մասը, այնուամենայնիվ, վերահսկում է Ռուսաստանը, անգամ աշխարհագրորեն։ Ե՛վ Հյուսիսային ծովային ճանապարհը, մեծ Մետաքսի ճանապարհը, ներառյալ Տրանսսիբը, և՛, ինչպես արդեն ասացի, Ղրիմի լոգիստիկական հանգույցը։

Այս երեք նախագծերը, գումարած Սանկտ Պետերբուրգը և Արխանգելսկը՝ որպես Հյուսիսային արկտիկական դարպասներ, մուտք դեպի Հյուսիսային ծովային ճանապարհ, Վլադիվոստոկը և Պետրոպավլովսկ-Կամչատսկը՝ որպես ասիական կենտրոն, և՛ Սևաստոպոլն ու Ղրիմը՝ որպես Սևծովյան-Միջերկրածովյան կենտրոն։ Այս երեք հանգույցները Եվրասիական միության տնտեսական հզորության հիմքն են և այդ թվում նաև ասիական պետությունների՝ ընդհանուր նախագծերին ինտեգրման սկիզբը՝ Ռուսաստանի հետ համատեղ։

http://www.csef.ru/index.php/ru/politica-i-geopolitica/project/326-russias-future-and-the-world-population-estimate/1-stati/5906-sergej-grinyaev-sammit-ates-pokazal-chto-nastupil-vek-azii

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 11-12, 2014

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր