• am
  • ru
  • en
Версия для печати
25.12.2014

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱԿԱՊԱՅՔԱՐԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

   

Արմեն Ղալեչյան
ՀՀ ԶՈւ ԳՇ ռազմավարական պլանավորման վարչություն, փոխգնդապետ

Տնտեսության, քաղաքականության, գիտության մեջ, ինչպես նաև ռազմական գործում հաջողությունն էապես պայմանավորվում է պահանջվող և ճշգրիտ տեղեկատվություն ստանալու արագությամբ: Ոչ պակաս կարևոր է թույլ չտալ, որպեսզի այդ տեղեկատվությունից օգտվի մրցակիցը կամ հակառակորդը:

Վերջին տարիներին տեղեկատվական ոլորտում մրցակցության ակտիվացումը, ինչպես նաև տեղեկատվական մրցակցության կտրուկ դրսևորումները թույլ են տալիս այդ մրցակցությունն անվանել տեղեկատվական հակապայքար:

Տեղեկատվական հակապայքարը պատերազմ է առանց ճակատային գծի, իսկ տեղեկատվական պատերազմների բազմաթիվ գործողությունների իրականացման գործընթացը գործնականորեն անհնար է բացահայտել. եթե նույնիսկ այդպիսի փաստեր նկատվում են, դրանք ամենայն հավանականությամբ մնում են անանուն1: Գոյություն չունեն տեղեկատվական պատերազմի իրականացման միջազգային, իրավական և բարոյական նորմեր:

Աշխարհում տեղեկատվական հակապայքարի ակտիվացումը, միջազգային ահաբեկչության, ինչպես նաև մի շարք պետությունների գերիշխանության վերջին դրսևորումներն արդիական են դարձնում ՀՀ-ում տեղեկատվական ոլորտի ինչպես տեղեկատվատեխնիկական, այնպես էլ տեղեկատվահոգեբանական հարվածներից պաշտպանության խնդիրները:

Տեղեկատվական հակապայքարը համակարգերի` մեկը մյուսի վրա բաց և/կամ գաղտնի կերպով նպատակաուղղված տեղեկատվական ազդեցությունն է` նյութական ոլորտում որոշակի շահ ստանալու նպատակով2:

Տեղեկատվական հակապայքար ասելով պետք է հասկանալ հակառակորդի պետական և ռազմական ղեկավարման համակարգերի, նրա ռազմաքաղաքական ղեկավարման վրա բազմակողմ տեղեկատվական ներազդեցությունը:

Այսօր հասարակության տնտեսական հզորությունն ուղղակիորեն պայմանավորվում է նրա տնօրինության ներքո գտնվող բարձր տեխնոլոգիաների, առաջին հերթին` տեղեկատվական ոլորտի տեխնոլոգիաների առկայությամբ:

Տեղեկատվական պատերազմում կիրառվող տեխնիկական միջոցների ոչ բարձր արժեքն էապես մեծացնում է հավանական մասնակիցների շրջանակը: Դրանք կարող են լինել առանձին պետություններն ու նրանց հետախուզական մարմինները, հանցավոր, ահաբեկչական և թմրաբիզնեսի խմբավորումները, առևտրային ընկերությունները և նույնիսկ անձինք, որոնք գործում են ոչ հանցավոր նպատակներով:

Տեղեկատվական պատերազմի բոլոր դրսևորումների առջև խնդիր է դրված ազդել հակառակորդի ենթակառուցվածքի, նրա հեռահաղորդակցության համակարգերի վրա` նպատակ ունենալով աղճատել ստացվող տեղեկատվությունը, հակառակորդին զրկել տեղեկատվություն ստանալու նոր հնարավորություններից կամ ոչնչացնել նրա տեղեկատվական միջոցները, ինչպես նաև ապահովել սեփական տեղեկատվական ռեսուրսների պաշտպանությունը հակառակորդի համանման գործողություններից:

Տեղեկատվական զենքի կիրառման ռազմավարական նպատակը մարդկանց գիտակցության վրա որոշակի գաղափարների, սովորությունների և վարքային կարծրատիպերի զանգվածային տարածումն ու ներդրումն է: ԶԼՄ-ից տեղեկատվություն ստանալով` մենք հնարավորություն ենք ունենում ուսումնասիրել պետության ազգաբնակչության, պետական ինստիտուտների և երկրի ղեկավարության վրա տեղեկատվական ու բարոյահոգեբանական ներազդման լայնածավալ օպերացիաներ: Սոցիալական ոլորտում տեղեկատվական զենքի օգտագործման վերջնական նպատակը բնակչության մեջ դժգոհությունների կամ խուճապի, ինչպես նաև տարբեր սոցիալական խմբերի ապակառուցողական գործողությունների հրահրումն է:

Բնականաբար, տեղեկատվությունը կարող է ներազդել անձի հոգեկան վիճակների, նյարդային գործընթացների, տրամադրության, ինքնագնահատականի, արժեհամակարգի և վարքի վրա: Դա պայմանավորված է տարբեր գործոններով` ինչպես տեղեկատվության բնույթով, տևականությամբ և ինտենսիվությամբ, այնպես էլ տեղեկատվությունն ընդունող անձի առանձնահատկություններով, դրդապատճառներով, անձնային կայունությամբ, վերահսկողության լոկուսով3, կենսափորձով, ինտելեկտուալ զարգացածությամբ և այլն: Օրինակ, վերահսկողության արտաքին լոկուսի և արտաքին դրդապատճառների գերակայությամբ անձն առավել զգայուն է արտաքին աշխարհից եկող տեղեկատվության հանդեպ:

Տեղեկատվական ազդեցության ձևերից է հասարակական կարծիքը: «Եթե մեր ինքնահարգանքը, ինքնագնահատականը կախված են այլ մարդկանց գնահատականներից, մենք գտնվում ենք հոգեբանական վտանգի մեջ» (Ա.Մասլոու): Կարելի է տրամաբանել, որ նման դեպքերում անձի վերաբերյալ տարածված բացասական տեղեկատվությունը, բացասական հասարակական կարծիքը կարող են դառնալ ինքնագնահատականի, տրամադրության անկման, ասթենիկ վիճակների զարգացման, նույնիսկ ընկճախտի ձևավորման պատճառ: Նմանապես հնարավոր է ներազդել նաև անձի պետական, ազգային ինքնագիտակցության վրա: Օրինակ, ՆԱՏՕ անդամ երկրները Իրաքում, Եգիպտոսում, Լիբիայում այդ պետությունների ազգաբնակչության շրջանում տեղեկատվական գործողություններ են իրականացնում` ակնարկելով նրանց մոտ տիրող բռնատիրական, միապետական կարգերը, անազատությունը, դիկտատուրան, ինչի հետևանքով ազգաբնակչության շրջանում փորձում են ձևավորել բացասական հասարակական կարծիք սեփական իշխանությունների նկատմամբ` հրահրելով նրանց դեմ, ինչն էլ հաճախ հանգեցնում է քաղաքացիական պատերազմների և հեղափոխությունների: Հասարակական կարծիքի ձևավորման և տեղեկատվական ներազդման ձևերից են նաև տարբեր երկրների կողմից իրենց զինտեխնիկայի ցուցադրումը, լրատվական միջոցներով բանակի հասցեին մշտապես հնչող իրական և անիրական գովասանքները, ինչը նպատակ ունի ձևավորել հզոր, պետականորեն կայուն երկրի իդեալական կերպար, ինչն էլ ենթադրաբար կնպաստի բնակչության շրջանում ապահովության զգացման ձևավորմանը, իսկ հակառակորդ երկրներում` վախի մթնոլորտի ամրապնդմանը: Սակայն իրական և իդեալական հնարավորությունների ներկայացումը պետք է մոտ լինի իրականությանը, քանզի նրանց անջրպետը հաճախ ծիծաղաշարժ է, ինչպես այն երիտասարդի մոտ, ով փորձում է իր վախկոտ և թուլամորթ դեմքը թաքցնել արտասահմանյան շքեղ մեքենաների, իր ազդեցիկ, մեծահարուստ բարեկամների և բրենդային հագուստների ներքո:

Տեղեկատվական ներազդման ձևերից է նաև ներշնչանքը: Ներշնչանքի հզոր ազդեցությունն առավել ակնհայտ դարձնելու համար բավական է նկատել մարդկանց` տարբեր աղանդների մեջ ներգրավելու եղանակը: Հաճախ աղանդների մասնակից են դառնում ցածր ինքնարժեքով, անլիարժեքության զգացումով, հոգեկան անկայուն վիճակներում գտնվող մարդիկ, ովքեր առավել ներշնչվող են, կարիք ունեն արժևորման: Նկատելով նրանց խոցելի կողմերը` հատուկ պատրաստություն անցած անձինք տեղեկատվական ներշնչանքի միջոցով, նրանց ինքնագնահատականի, ինքնասիրության վրա ներազդելով, ներքաշում են աղանդավորական խմբավորումների մեջ: Ներշնչանքի, հուզական վարակի մեխանիզմներն առավել ուժգին են ազդում ամբոխի հոգեբանության վրա: Ամբոխը տարերայնորեն միավորված մարդկանց խումբ է, որին բնորոշ են գիտակցության նեղացումը, ենթագիտակցական գործընթացների ակտիվացումը, հուզական վիճակների գերակայությունը: Դա է պատճառը, որ ցանկացած տրամադրություն հուզական վարակի պես փոխանցվում է ամբոխի մասնակիցներից մեկից մյուսին` նպաստելով բնազդային հակազդումների, խուճապի և անկառավարելի վարքի դրսևորմանը: Այդ մեխանիզմները կիրառվում են քաղաքական հավաքների, ցույցերի ժամանակ:

Տեղեկատվական օպերացիաներն առավել ազդեցիկ են այն երկրների ազգաբնակչության շրջանում, որտեղ ցածր է կենսասոցիալական ապահովության մակարդակը, երբ բավարարված չեն մարդկանց սննդի և ֆիզիոլոգիական տարրական պահանջմունքները: Մարդիկ, ովքեր հացի խնդիր ունեն, բնականաբար, ավելի խոցելի են, նրանք անտարբեր են դառնում մնացյալ ամեն ինչի նկատմամբ, քանի որ կենտրոնացնում են ուշադրությունը գլխավորապես սննդի հայթայթման վրա: Իսկ անտարբերությամբ համակված մարդկանց ավելի դյուրին է կառավարել, ներազդել և կախվածության մեջ գցել, ինչն էլ հաճախ կիրառում են զարգացած պետությունները սոցիալապես անապահով երկրների նկատմամբ:

Վերջապես, տեղեկատվական զենքի կիրառման նպատակներից է հակառակորդի տարածքում տեխնոլոգիական մեծածավալ աղետների առաջացումը, որի հետևանքով խափանվում են տեխնոլոգիական գործընթացներն ու օբյեկտների ղեկավարումը:

Հակառակորդի դիմադրողականությունը կարելի է կոտրել ոչ միայն հրթիռառմբահարումներով: 20-րդ դարի 30-ական թթ. Եվրոպայում բուռն զարգանում էր համեմատաբար նոր ուղղություն` քարոզչությունը: Այդ ժամանակահատվածում էին տեղի ունենում ԶԼՄ-ի` որպես զենք կիրառելու առաջին հաջողված քայլերը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում բացարձակ առաջատարները գերմանացիներն էին4: Գերմանացի մասնագետներին հաջողվեց ստեղծել այնպիսի ներքին տեղեկատվական դաշտ, որտեղ ուղղակիորեն անէանում էին արտաքին տեղեկատվածին վտանգները: Ռեյխի քաղաքացիները վստահ էին իրենց երկրի անպարտելիությանը և արժեքների մաքրությանը, որի վրա էլ հիմնվում էր ողջ գաղափարախոսությունը: Ստեղծվել էր տեղեկատվական դաշտի համապատասխան բովանդակության համար պատասխանատու ամբողջ համակարգ` մամուլ, ռադիո, կինեմատոգրաֆ, ձայնագրության ստուդիաներ, տեսողական գովազդ և այլն: Ռեյխը լրջորեն աշխատում էր նոր մշակույթի և դրա տարածման միջոցների ստեղծման ուղղությամբ: Գերմանական կարճալիք ռադիոն հետևողականորեն աշխատում էր արտասահմանյան լսարանների հետ` նրանց ենթագիտակցության մեջ ներդնելով ամենաառաջատար և անհաղթելի պետության իր կերպարը: Կարելի է ասել, որ այլ պետություններում նմանատիպ համակարգերի ներդրումը գերմանացիների ակտիվության հակազդման հետևանք էր: Գերմանական քարոզչական տեխնոլոգիաները փոխառել են այնպիսի պետություններ, ինչպիսիք են ԽՍՀՄ-ը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և այլն: Սառը պատերազմի սկզբնական փուլում այդ հակամարտության մեջ ներգրավված գրեթե բոլոր պետությունները որպես տեղեկատվահոգեբանական ներազդեցության միջոց օգտագործում էին ԶԼՄ-ն, մասնավորապես` ռադիոն:

20-րդ դարի 50-ական թթ. Պենտագոնի մասնագետներն ավիացիոն թռիչքները սկսեցին կիրառել որպես հոգեբանական զենք: Ռմբահարություններին ուղեկցող քաոսը և խուճապը, կենդանի ուժի, ռազմական, արդյունաբերական և քաղաքացիական օբյեկտների ոչնչացման ավանդական խնդիրների համեմատ, մղվում էին առաջին պլան: Ռմբահարումները սկսեցին դիտարկվել ոչ թե որպես հակառակորդի ցամաքային ներխուժումը կանխարգելող ենթակառուցվածքների ոչնչացման միջոց, այլ որպես պաշտպանվող կողմի դիմադրությունը դադարեցնելու համոզման մեխանիզմ5:

Եվ այսպես, 20-րդ դարի 80-ական թթ. տեղեկատվահոգեբանական հակամարտությունը սահմանվեց որպես տեխնածին և հումանիտար մակարդակներից բաղկացած ամբողջություն, որն ապահովում է հետևյալ խնդիրների իրականացումը6.

- հակառակորդի կապուղիների և ղեկավարման ուղիների արգելափակում կամ վնասում,

- ապատեղեկատվության տարածում,

- հակառակորդի թիկունքում լարվածության և խուճապի մթնոլորտի ստեղծում` պայմանավորված հարվածների մշտական սպասումով,

- հակառակորդի բարոյալքման նպատակով սոցիալական գիտակցության վրա ներազդեցություն:

Նշված ժամանակաշրջանում հատուկ տեղեկատվական օպերացիաների վերաբերյալ առկա էին խիստ գծային պատկերացումներ, իսկ քարոզչական ջանքերն առաջնորդվում էին հետևյալ գծապատկերով` ղեկավարման ազդեցություն - ցանկալի արդյունք: Այսինքն՝ ազդեցության ուժի ավելացումը նպաստում է հակազդեցության ուժի մեծացմանը: Այնուամենայնիվ, սկսած 1980-ական թթ.՝ Արևմուտքում առաջին անգամ նկատեցին, որ ազդեցության արդյունավետությունը ոչ միշտ է ուղիղ համեմատական նրա ինտեսիվությանը:

Ուկրաինայում «նարնջագույն» հեղափոխությունը ԱՄՆ-ին արժեցավ մոտ $14 մլն: Այն դեպքում, երբ Իրաքում ծախսված գումարի չափը, վերջին տվյալներով, անցել է $450 մլրդ-ի սահմանը: 1960-ականներին ԱՄՆ նախագահ Նիքսոնի խոսքերը դարձան մարգարեական: Նա համարում էր, որ տեղեկատվության մեջ ներդրված ամեն մի դոլարն ավելի արժեքավոր է, քան սպառազինության համակարգի ստեղծման համար ներդրված յուրաքանչյուր տասը դոլարը, քանի որ վերջինս դժվար թե երբևէ կիրառվի, այն դեպքում, երբ տեղեկատվությունն աշխատում է ամեն ժամ և ամենուր: Ռազմական ներխուժումը հետզհետե դառնում էր ծայրահեղ միջոց, որը կիրառվում էր, երբ տեղեկատվական օպերացիաների մասնագետներն ի վիճակի չէին լուծել իրենց վրա դրված խնդիրները:

1970-ականն թթ. սկզբին և 90-ական թթ. վերջին տեղեկատվական հակապայքարի ոլորտում միանձնյա առաջատարն ամերիկացիներն էին: Նրանց թվում էր, թե հաջողությամբ են իրականացնում գլոբալ տեղեկատվական ներուժի օգտագործման ինտենսիվացմանը և այլ երկրների դեմ սեփական ներուժի սահմանափակմանն ուղղված խնդիրները: Ըստ 2003թ. տվյալների, չինական մասնագետների հաշվարկով զարգացած և զարգացող պետությունների միջև տեղեկատվական փոխանակման 80%-ը կազմել է տեղեկատվության հոսքը զարգացած պետություններից դեպի զարգացող պետություններ: Ներկայումս նկատվում են այդ բալանսի հավասարեցման միտումներ7: Վերջին տասնամյակներում տեղեկատվության և արտաքին հաղորդակցության հարցերում ակտիվություն է դիտվում այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը, Պարսկաստանը և այլն:

Տեղեկատվական հակապայքարին ուղղված մեծ հետաքրքրությունը պատահական չէ, քանի որ տեղեկատվությունը դառնում է այնպիսի զենք, ինչպիսիք են հրթիռները, արկերը և այլն: Այժմ արդեն պարզ է, որ տեղեկատվական հակապայքարը դառնում է այն գործոնը, որը զգալի ազդեցություն է ունենալու ապագայում ծավալվող պատերազմների սկզբի, ընթացքի և արդյունքի վրա:

Ուստի, մեկ անգամ ևս պետք է նշել, որ անշփում պատերազմներում տեղեկատվական հակապայքարը պատերազմող կողմերի պայքարի նոր, ռազմավարական ձև է, որի դեպքում կիրառվում են հակառակորդի տեղեկատվական ոլորտի վրա ներազդող և պատերազմի ռազմավարական նպատակներին հասնելու սեփական շահեր հետապնդող հատուկ ձևեր և միջոցներ: Սակայն պետք է հիշել, որ տեղեկատվական հակապայքարը, որպես ռազմական գործողությունների ապահովման ձև, գործնականորեն երբևէ չի ընդհատվել նախկինում ծավալված բոլոր պատերազմներում, այն ընթանում է նաև հիմա, քանի որ կողմերը մշտապես ձգտում են վերահսկել հակառակորդի տեղեկատվությունը ոչ միայն պատերազմական, այլ նաև խաղաղ պայմաններում:

Հավանաբար, անշփում պատերազմներում տեղեկատվական հակապայքարի այնպիսի ձևեր կկիրառվեն, ինչպիսիք են ռազմավարական քողարկումը, ապատեղեկատվությունը, ռադիոէլեկտրոնային հակապայքարը, տեղեկատվական ենթակառուցվածքային օբյեկտների ֆիզիկական ավերումը և ոչնչացումը, հակառակորդի համակարգչային ցանցերի վրա «հարձակումները», «տեղեկատվական ներազդեցությունը», «տեղեկատվական ներխուժումը» կամ «տեղեկատվական ագրեսիան»: Այս բոլորը կարող են իրականացվել հատուկ մշակված ներազդման միջոցներով` տեղեկատվական համակարգ ներդրված և որոշակի հրամանով գործարկվող համակարգչային վիրուսներով, տրամաբանական արկերով: Կարելի է կիրառել նաև «հոգեբանական հարվածները» կամ «հոգեբանական ագրեսիան», օրինակ` ուղղակիորեն հակառակորդի կենդանի ուժին կամ նրա ազգաբնակչությանն ուղղված հոգևոր բնույթի տեղեկատվությունը:

Տեղեկատվական պայքարի էությունը, ինչը մեծ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության, այդ թվում նաև ՀՀ-ի համար, ինչ-որ պետության կամ պետությունների խմբի նկատմամբ տեղեկատվական ոլորտում էական առավելությունների հասնելու կարողությունն է, այն թույլ է տալիս բավական արդյունավետ մոդելավորել «հակառակորդի» վարքը, և շահավետ ազդեցություն ունենալ նրա վրա: Ընդ որում, կարելի է հաստատել, որ պետությունները, որոնք պարտվել են տեղեկատվական պատերազմում, պարտվում են «ընդմիշտ», քանի որ իրավիճակի փոփոխմանն ուղղված նրանց հնարավոր քայլերը պահանջելու են նյութական և ինտելեկտուալ հսկայական ծախս, և վերահսկվելու, չեզոքացվելու են հաղթող կողմի միջոցներով: Նման պատերազմներում օպերացիաները միշտ չէ, որ պետք է իրականացվեն զինված ուժերի կողմից և ուղղվեն ռազմական օբյեկտների դեմ: Կառավարության այլ գերատեսչությունները, կազմակերպություններն ու կառույցները, արտադրական և կոմերցիոն կառուցվածքները նույնպես կարող են մասնակցություն ունենալ և ինքնուրույն իրականացնել տեղեկատվական օպերացիաներ, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ ցանկացած հակամարտության ընթացքի և արդյունքի վրա:

Ապագայում ծավալվող պատերազմներում տեղեկատվական ներուժի տիրապետումը դառնում է այնպիսի անհրաժեշտ բաղկացուցիչ, ինչպիսին էր անցյալի պատերազմներում միջոցներին, սպառազինությանը, ռազմամթերքին, տրանսպորտին և այլնին տիրելը: Ապագայի անշփում պատերազմներում տեղեկատվական պայքարի հաղթանակով, փաստորեն, կհասնենք պատերազմի ռազմավարական և քաղաքական նպատակներին, որը հավասարազոր է հակառակորդի զինված ուժերի ջախջախմանը, նրա տարածքի զավթմանը, նրա տնտեսական ներուժի խափանմանը և քաղաքական կարգի տապալմանը:

1 http://www.5ballov.ru. «ИНФОРМАЦИОННЫЕ ВОЙНЫ. ИНФОРМАЦИОННОЕ ПРОТИВОБОРСТВО».

2 http://www.ruska-pravda.com/index.php/2011040512282/stat-i/ideologija/2011-03-31-08-46-03.html

3 Վերահսկողության լոկուսը հասկացություն է հոգեբանության մեջ, որը բնութագրում է անձի՝ իր հաջողությունները կամ անհաջողությունները ներքին կամ արտաքին գործոններին վերագրելու հատկությունը։ Կիրառության մեջ է մտցվել սոցիալական հոգեբան Ջուլիան Ռոթերի կողմից 1954թ.։

4 http://voskanapat.info/news/globalnoe_informacionnoe_protivoborstvo_novogo_tipa/2009-10-31-88

5 http://voskanapat.info/news/globalnoe_informacionnoe_protivoborstvo_novogo_tipa/2009-10-31-88

6 Информационное оружие - главное оружие 21-го века. Им покоряют страны, уничтожают народы, Евгений Фадеев.

7 http://voskanapat.info/ Глобальное информационное противоборство нового типа.

Աղբյուրներ և գրականություն

  1. Политическое цунами. Аналитика событий в Северной Африке и на Ближнем Востоке: под ред. С.Кургиняна, М., 2011. URL. http://www.kurginyan.ru/books/polittsunami.pdf.
  2. Почепцов Георгий, Информационные войны, 2000.
  3. http://www.dissercat.com/content/informatsionnoe-protivoborstvo-v-usloviyakh-vooruzhennogo-konflikta-soderzhanie-tekhno.
  4. http://pentagonus.ru/publ/22-1-0-175. Взгляды военного руководства США на ведение информационной войны, Полковник В. Жуков.
  5. http://pentagonus.ru/publ/22-1-0-1069. Воздушная армия кибер-операций КК ВВС США.
  6. http://pentagonus.ru/publ/22-1-0-824. Роль США в осуществлении "цветных революций" в зарубежных странах, Полковник В. Кузьмин.
  7. http://pentagonus.ru/publ/22-1-0-1249, Грядущая цифровая война. Гленн Дерен.
  8. http://www.dissercat.com/content/informatsionnoe-protivoborstvo-v-usloviyakh-vooruzhennogo-konflikta-soderzhanie-tekhno. Информационное противоборство: теоретико-методологические основы и особенности в условиях вооруженного конфликта.
  9. Информационное оружие. Прокофьев В.Ф., доктор технических наук, эксперт Генерального штаба Вооруженных сил РФ.

դեպի ետ