• am
  • ru
  • en
Версия для печати
13.04.2015

ԱՄԵՐԻԿՅԱՆ «ՀԱԿԱԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ» ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ («THE NATIONAL INTEREST»)

EnglishРуский

   


Ջեյմս Քարդեն

Շատ հեռուն չգնա՞ց արդյոք Պետդեպարտամենտը

Երեսուն տարի առաջ պատմաբան, դիվանագետ Ջորջ Ֆ.Քենանը Foreign Affairs-ում հրապարակեց հիմնարար մի հոդված՝ վերնագրված «Բարոյականությունը և արտաքին քաղաքականությունը», որում դատապարտում էր ամերիկյան արտաքին քաղաքականության ղեկավարների բուռն ձգտումը՝ լուծել աշխարհաքաղաքական այն բոլոր խնդիրները, որոնք ծագում են մարդկության զարգացման ընթացքում՝ որպես լուծելի, առավել ևս՝ ամերիկյան կառավարության կողմից լուծելի խնդիրներ։ Նրա խորին համոզմամբ՝ խելագարություն է ցանկացած կառավարության, մանավանդ մեր կառավարության համար՝ ընկնել այն ծուղակը, որը նա անվանել է «բարոյականության դիրք»։

Թեև հետևյալ կարծիքը (եթե այն արտահայտվեր այսօր) կարող էր առաջ բերել մարդու ազատությունների ինքնակոչ ռահվիրաների բողոքի վայնասունը Մակքեյնի ինստիտուտում, «Ֆրիդոմ հաուսում», «Հանուն դեմոկրատիայի ազգային հիմնադրամում», «Միջազգային հարաբերությունների ազգային դեմոկրատական ինստիտուտում», «Միջազգային հանրապետական ինստիտուտում, «Միջազգային զարգացման գործակալությունում» (ԷՅԴ, ՅՈՒՍԷՅԴ) և, առաջին հերթին՝ Պետդեպարտամենտում, բայց Քենանը չոր նշել է, որ. «Դեմոկրատիան, ինչպես այն հասկանում են ամերիկացիները, պարտադիր ապագա չէ ամբողջ մարդկության համար, և ամերիկյան կառավարության պարտականությունը չէ երաշխավորել, որ այն կդառնա այդ ապագան։ Չնայած հաճախ հանդիպող հակառակ հավաստիացումներին՝ ի վերջո, ոք ոք այս աշխարհում պատասխանատվություն չի կրում բոլորի ու յուրաքանչյուրի գործողությունների համար և ամենուրեք»։

Այս բառերը, ինչպես և նրա խորհուրդներից շատերը, որոնք նա տվել է պատմաբանի և հրապարակախոսի իր գործունեության երկրորդ մասում, որքան էլ ցավալի է, շատ քիչ ազդեցություն են ունեցել։

Այսօր Ամերիկայում ստեղծված ոչ երկիմաստ տեսակետը մեր կառավարության իրավունքի, պարտականության և իմաստության մասին՝ շրջանցել միջպետական դիսկուրսի պաշտոնական խողովակները և վկայակոչել անմիջականորեն այլ երկրների քաղաքացիներին, ունեն (ինչպես քչերն են հասկանում) զարմանալի (և ակնհայտորեն ոչ ամերիկյան) ծագում։ Այդ պատմության մի մասը հասկանալու համար մենք պետք է դիմենք կրկին՝ էլ ո՞ւմ, եթե ոչ այդ նույն Ջորջ Քենանին։

Պուլիտցերյան, ինչպես նաև Ազգային գրքի մրցանակների արժանացած իր աշխատությունում՝ «Ռուսաստանը դուրս է գալիս պատերազմից» (1956թ., ամերիկա-ռուսական հարաբերությունների մասին 1917-1920թթ.), Քենանը թվարկում է այն իրադարձությունները, որոնք հանգեցրին բոլշևիկների կողմից իշխանության զավթմանը Պետրոգրադում 1917թ. նոյեմբերին, ինչպես նաև դրան հաջորդած իրադարձությունները։ Նոր ռեժիմի առաջին քայլերից մեկը «խաղաղության մասին» դեկրետն էր, որը դիմում էր «բոլոր պատերազմող ժողովուրդներին և նրանց կառավարություններին՝ արդարացի և դեմոկրատական աշխարհի մասին անհապաղ բանակցություններ սկսելու կոչով»։

Քենանը նշում է, որ «Եռյակ համաձայնության» կամ Անտանտի մյուս անդամները շատ բնականորեն սա համարում էին «խիստ թշնամական քայլ»։

Շատ ավելի վատ էր այն, որ «դեկրետն» արձակվեց առանց դաշնակից կառավարություններին նախազգուշացնելու և «դիմում էր ոչ միայն կառավարություններին, այլ նաև, նրանց գլխի վրայով, համապատասխան ժողովուրդներին»։ Դա, Քենանի խոսքերով, առաջին կիրառումն էր այն բանի, ինչը հետագայում հայտնի դարձավ որպես «ցուցադրական դիվանագիտություն», որը դարձավ խորհրդային արտաքին քաղաքականության գլխավոր տարրը։

Քենանը «ցուցադրական դիվանագիտությունը» սահմանել է այսպես. դիվանագիտություն, որը նախատեսված է ոչ թե կառավարությունների միջև ազատ ընդունվող և փոխշահավետ համաձայնագրեր կայացնելու համար, այլ, ավելի շուտ, որպես դիվանագիտություն, որը նախատեսված է, «որպեսզի խառնի կառավարություններին և շարժի ընդդիմությանը բնակչության ներսում՝ իրենց սեփական երկրներում»։ Եթե այս ամենը շատ ծանոթ է հնչում, ուրեմն այդպես էլ պետք է լինի։

Չկա «խառնելու» և «ընդդիմությանը շարժելու» համար նախատեսված դիվանագիտության ավելի լավ օրինակ, քան Պետդեպարտամենտի և USAID-ի՝ տասնամյակներ տևած միջամտությունն ուկրաինական քաղաքականությանը։ 2013թ. դեկտեմբերին ելույթ ունենալով ուկրաինա-ամերիկյան ֆոնդի կոնֆերանսում՝ Եվրասիայի գծով պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդն ասաց ներկաներին. «1991թ. Ուկրաինայի անկախության ձեռքբերման պահից Միացյալ Նահանգներն աջակցել է ուկրաինացիներին, երբ նրանք դեմոկրատական հմտություններ էին ձեռք բերում և ինստիտուտներ էին հիմնում, քանի որ դա նպաստում է քաղաքացիական մասնակցությանն ու լավ կառավարմանը... Մենք ավելի քան $5 մլրդ ենք ներդրել, որպեսզի օգնենք Ուկրաինային այդ և այլ նպատակների հասնելու համար, որոնք կապահովեն անվտանգ, բարգավաճ և դեմոկրատական Ուկրաինա»։

Թե ինչ ստացվեց այդ ներդրումներից՝ տեսանելի է բոլորին։

Ինչպես Ուկրաինայում՝ դեմոկրատական «արժեքներ» սերմանելու մեր հակման գրեթե նույնքան զզվելի գովազդ է Ալան Գրոսի գործը։ Միստր Գրոսին, որը 2014թ. դեկտեմբերին $3.2 մլն փոխհատուցում էր ստացել ամերիկյան կառավարությունից, Կուբայի կառավարությունը բանտում էր պահում 5 տարի։ Ինչի՞ համար։ Գրոսը ձերբակալվել էր Ինտերնետի հետ կապված մաքսանենգ տեխնոլոգիա ներկրելու համար, որը, ինչպես հայտնի է, արգելված է Կուբայում, մի ծրագրի համար, որը կոչված էր դեմոկրատիայի պաշտպանությանը, և որը դուրս էին գրել USAID-ում։ Գաղափարն այն էր, որպեսզի այդ տեխնոլոգիան ներդրվի այլախոհների խմբերում, որոնք, ինչպես ընդունված է համարել, լինելու են «քաղաքացիական հասարակության» ինկուբատորներ, հավանաբար՝ այնպես, որպեսզի նրանք պատրաստ լինեն, երբ հեղափոխությունը գա։

Եվ վերջապես, մենք հասանք Պետդեպարտամենտի, պետքարտուղար Ջոն Քերիի վերջերս արված բյուջետային առաջարկությանը։ Դրանում միստր Քերին խնդրում է «$639 մլն, որպեսզի օգնի Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի մեր բարեկամներին, քանի որ նրանք փորձում են ամրապնդել իրենց դեմոկրատիաները, դիմանալ Ռուսաստանի ճնշմանը և ավելի սերտ ինտեգրվել Եվրոպայում»։ Բացի այդ, Պետդեպարտամենտի բյուջետային առաջարկության մեջ խնդրվում է «ավելի քան $2 մլրդ դեմոկրատիայի, մարդու իրավունքների և կառավարման ծրագրերի համար»։

Կարելի է նշել «դիվանագիտություն» բառի բացակայությունն ամբողջ թվարկվածի մեջ։ Դրա օգտագործումը խնդրահարույց կլիներ «դեմոկրատիայի, մարդու իրավունքների և կառավարման» առաջմղման համատեքստում, քանի որ դիվանագիտությունն ինքնին, ըստ Մերիամ-Ուեբսթերի բառարանի, սահմանվում է որպես՝ 1. երկրների միջև բանակցությունների վարման արվեստ և պրակտիկա, 2. գործերը կարգավորելու հմտություն՝ թշնամանք չհրահրելով։

Այն, ինչի համար Քերին փող է խնդրում, իրականում դիվանագիտության հակառակն է։ Եվ ավելին՝ դա յուրատեսակ հակադիվանագիտություն է։

Այնուամենայնիվ, բանն այն է, որ գաղափարները, որոնք հիմա հիմնականում հուզում են քաղաքացիական հասարակության էնտուզիաստների մտքերը, ուղղակիորեն վերադառնում են բոլշևիկյան պրակտիկային։ Փոխգործողության նման տեսակի պաշտպաններն ու այն իրականացնողները կարող էին ժամանակ առ ժամանակ մտածել, թե ում հետքերով են իրենք ընթանում։

http://www.rodon.org/polit-150306113435
http://nationalinterest.org/feature/americas-weaponized-diplomacy-ukraine-12358?page=show


դեպի ետ