• am
  • ru
  • en
Версия для печати
15.09.2015

«ԱՆՎՃԱՐ ՆԱԽԱՃԱՇԵՐԻ» ԴԱՐԱՇՐՋԱՆԸ

Руский

   


Ալեքսանդր Մեխանիկ



Ալեքսանդր Մեխանիկի գրախոսականը նվիրված է Ջոել Մոկիրի հեղինակած և Գայդարի անվան ինստիտուտի ռուսերեն հրատարակած «Հարստության լծակը. տեխնոլոգիական ստեղծագործականությունը և տնտեսական առաջընթացը» աշխատությանը: Գրախոսականում քննության է առնված տնտեսական առաջընթացի բնագավառում ինովացիոն մոտեցումների և տեխնոլոգիական գործոնների ազդեցությանը Ջ.Մոկիրի տված հեղինակային գնահատականը: Մասնավորապես, ըստ Ջ.Մոկիրի՝ շումպետերյան տնտեսական աճի հիմնական գրավականներից մեկը հանդիսացող տեխնոլոգիական-ինովացիոն գործոնի շնորհիվ է ապահովվել` այլ հավասար պայմաններում (ceteris paribus) իրական ծախքերին անհամարժեք զարգացման դինամիկան` այսպես ասած «անվճար նախաճաշը»: Այդուհանդերձ, հիշյալ դարաշրջանն արդեն ավարտին է մոտենում:


Տեխնոլոգիական առաջընթացի վրա հենվող տնտեսական աճը հնարավոր է, եթե դրա համար ապահովվեն մրցակցություն, ստեղծագործելու ազատություն, հանդուրժողություն, շահ, իրատեսություն։ Իսկ պետության կողմից՝ աջակցություն և չմիջամտություն, և հենվելով գիտության վրա։

Այս կամ այն երկրի հաջողության հիմնական ցուցանիշը տնտեսական աճն է, որը նրա քաղաքական և տնտեսական համակարգը կարող է ապահովել զգալի ժամանակահատվածի համար։ Ինչպես նշում է Ջոել Մոկիրը, գոյություն ունեն տնտեսական աճի մի քանի պատճառներ.

1. Աճ՝ շնորհիվ կապիտալի ծավալի ավելացման, կամ, ինչպես այն անվանում է հեղինակը, սոլոուական աճ (ի պատիվ այդ երևույթն ուսումնասիրած Ռոբերտ Սոլոուի)։

2. Աճ՝ շնորհիվ առևտրային էքսպանսիայի, կամ, ըստ Մոկիրի՝ սմիթյան աճ (Ադամ Սմիթի անունով, որն ուսումնասիրել է առևտրի ազդեցությունն աճի վրա)։

3. Աճ՝ շնորհիվ մասշտաբի կամ չափի էֆեկտի, ի հաշիվ բնակչության մեծության և աճի։

4. Աճ՝ շնորհիվ գիտելիքների ծավալի ավելացման, առաջին հերթին ի հաշիվ տեխնիկական առաջընթացի։ Նման աճը հեղինակն անվանում է շումպետերական աճ, ի պատիվ Յոզեֆ Շումպետերի, որն ուսումնասիրել է նորարարությունների ազդեցությունը հասարակության զարգացման վրա։

Մարդկության պատմության վերջին հարյուրամյակների ընթացքում հենց շումպետերական աճն է առանցքային համարվում տնտեսական աճը բացատրելու համար։ Մոկիրն այն անվանում է «անվճար նախաճաշ», այսինքն՝ տնտեսական աճ ի հաշիվ արտադրված արտադրանքի և մատուցված ծառայությունների քանակության աճի, ինչն անչափակցելի է այն ծախսերի և ջանքերի հետ, որոնք պահանջվել են դրա իրագործման համար։ Այդ «նախաճաշի» չափսը խիստ տարբերվում է տարբեր երկրներում, նրանց պատմության տարբեր ժամանակաշրջաններում, քանի որ խիստ տարբեր է եղել դրանք բնակեցնող մարդկանց կրեատիվությունը։ Եվ սա մարդկության տնտեսական պատմության առաջին հանելուկն է։

Կան շումպետերական աճի էլի մի քանի հանելուկներ, որոնց լուծումը պատմաբանները փնտրում են առնվազն մի քանի հարյուրամյակ։ Նախ՝ ո՞րն է տեղի ունեցող տեխնիկական կրեատիվության աղբյուրը։ Երկրորդ՝ ինչո՞ւ անտիկ դարաշրջանը Եվրոպայում, անասելի ձեռքբերումներ ունենալով հումանիտար գիտությունների ոլորտում, այդքան թույլ է ներկայացված տեխնիկայում։ Երրորդ՝ ինչո՞ւ այդ նույն ժամանակ Հին Չինաստանը շատ դարաշրջանների ընթացքում տեխնոլոգիական կրեատիվության բարձրակետ ցուցաբերեց՝ դառնալով հին աշխարհի մեծագույն տնտեսական տերությունը, մեր ժամանակներին ավելի մոտ հանկարծ կորցրեց այդ որակը և բավարարվում էր աշխարհի տնտեսական ծայրամասի դերով։ Վերջապես, ինչո՞ւ Եվրոպայում հենց Բրիտանիան սրընթացորեն դարձավ տեխնոլոգիական առաջատարն արդեն XVII դարում և այդքան սրընթացորեն էլ կորցրեց այդ առաջատարությունը XIX դարավերջին։ Այս հարցերի պատասխանը կարևոր է ոչ միայն պատմաբանի, այլև գործող քաղաքական գործչի համար, որը ցանկանում է ապահովել իր երկրի կայուն տնտեսական աճը։

Հեղինակը նշում է, որ տեխնոլոգիական և տնտեսական զարգացման կապն ուսումնասիրող տնտեսագետներն ավանդույթ ունեն, որին հետևել է նաև Շումպետերը. համարել, «որ հայտնագործությունները միշտ չէ, որ ուղեկցվում են նորարարություններով, և որ հենց նորարարություններն են կապիտալիզմի մեջ մտցնում դինամիկայի տարրը»։ Բայց, Մոկիրի կարծիքով, արդի աշխարհում նորարարությունները և հայտնագործությունները գրեթե անբաժան են, իսկ տնտեսական աճի մնացած տեսակների ապահովումն էլ ավելի դժվար է դառնում։

ХХ դարավերջին նորաձև դարձավ հայհոյել «առաջընթաց» հասկացությունը, բայց գրքի հեղինակը կանգնում է նրա պաշտպանության դիրքերում՝ տեխնոլոգիական հայտնագործությունների պատմությունն անտիկ ժամանակներից մինչև XIX դարասկիզբը ներկայացնելով որպես անընդմեջ առաջընթացի պատմություն։

Դա թույլ է տալիս Մոկիրին վեր հանել պատմական զարգացման մի շարք առանձնահատկություններ, որոնք չեն համապատասխանում լայնորեն տարածված մոտեցումներին։ Օրինակ, Վերածննդի դարաշրջանում Միջին դարերին, հատկապես նրա վաղ շրջանին տրված «մթության» իմիջը կասկածի տակ դնելը։ Ինչպես նշում է Մոկիրը, հենց «վաղ Միջնադարի դարաշրջանում է... Եվրոպան կարողացել հաղթահարել տեխնոլոգիական մի շարք պատնեշներ, որոնց առջև անձնատուր էին եղել հռոմեացիները», և դրանով իսկ պատրաստվել վրա հասնող արդյունաբերական հեղափոխությանը։ Անտիկ ժամանակներում ընտրանու բարեկեցությունն ապահովվում էր ստրուկների աշխատանքով, իսկ ստորին դասերի գոյությունն ապահովում էր պետությունը, որը «հացի և հանդիսությունների» երաշխավորն էր։ Պետական իշխանության թուլացումը վաղ Միջնադարում Եվրոպայի բնակիչներին մենակ թողեց բնության դեմ, ինչը, գուցե, պատճառ հանդիսացավ, որպեսզի նրանցից ամենակրեատիվները սկսեն որոնել նրա քմահաճույքներից կախվածությունը թուլացնելու միջոցներ։ Դա, ի դեպ, Եվրոպան տարբերում էր այն ժամանակ բարգավաճող իսլամական աշխարհից, որը կարողացավ իրեն շրջապատող ժողովուրդներից փոխ առնել շատ բաներ, բայց բավականաչափ ինքնուրույն տեխնոլոգիական նախաձեռնություններ չէր ցուցաբերում։ Գուցե մոնղոլների հարձակումն արևելքից, ամայացնելով մուսուլմանական աշխարհի զգալի մասը, և քրիստոնյա ժողովուրդների ազատագրական պայքարը՝ ռեկոնկիստան նրա արևմուտքում, այնպես թուլացրին մուսուլմանական աշխարհը, որ այն կորցրեց իրեն մինչ այդ բնորոշ դինամիզմը։ Գուցե իր դերն ունեցավ կրոնը. ինչպես նշում է հեղինակը, այնտեղ, որտեղ իսլամը տրվում էր միստիցիզմին, քրիստոնեությունը փնտրում էր իրատեսական հիմնավորվածություններ։

Բայց ո՞ր քրիստոնեությունը։ Վեբերի ժամանակներից ի վեր ընդունված է կարծել, որ բողոքականությունն է առավելագույն չափով արտացոլում կապիտալիզմի ոգին՝ իրեն հատուկ տնտեսական դինամիզմով, հիմնված այդ թվում նաև տեխնոլոգիական առաջընթացի վրա։ Իսկ Մոկիրը ցույց է տալիս, որ եթե բողոքականությունը խաղացել էլ է դրական պատմական դեր, ապա, համենայնդեպս, իր կայացման ոչ նախնական փուլում, երբ «Ռեֆորմացիայի ազդեցությունը տեխնիկական առաջընթացի տեմպի վրա, հնարավոր է, ընդհանուր առմամբ բացասական էր։ Նորարարությունների համար կարևոր է ոչ միայն այն, թե ինչին է անհատը հավատում per se, այլև այն, թե որքանով է հասարակությունը հանդուրժող շեղումների և նոնկոնֆորմիզմի հանդեպ»։ Ավելին, բողոքականությունն իր կայացման ժամանակ նորամուծությունների հանդեպ անհանդուրժողությամբ առաջ էր անցնում կաթոլիկությունից։

Հնարավոր է՝ հենց նման կրոնագաղափարական անհանդուրժողությունն էլ պատճառ է դարձել, որպեսզի Չինաստանը «կանգ առնի» իր զարգացման ճանապարհին, երբ XV դարասկզբին կայսր Հունսին հրամայեց ոչնչացնել ամբողջ նավատորմն ու դադարեցնել ցանկացած շփում օտարերկրացիների հետ. և վստահ իր անանց մեծության մեջ՝ կայսրությունը դադարեց զարգանալ։ Հեղինակը նշում է, որ ապակենտրոնացված Եվրոպայում՝ այդքան տարբեր երկրներով և, համապատասխանաբար, տնտեսական զարգացման միջոցների հանդեպ մոտեցումների բազմազանությամբ, նման փաստն անհնարին էր, ի տարբերություն խիստ կենտրոնացած Չինաստանի, որտեղ գրեթե ամեն բան կախված էր մեկ մարդու կամքից։ Եվ անգամ եթե եվրոպական մի որևէ երկրում գտնվեր ղեկավար, որը գաղափարական կամ կրոնական նկատառումներով կարգելեր նրա զարգացումը, դրանից անհապաղ կօգտվեին այլ պետությունները՝ նման երկրից պոկելու համար այն ամենը, ինչ հնարավոր է, ինչպես դա տեղի ունեցավ քայքայվող Իսպանիայի պարագայում։ Այն ժամանակներում մնացյալ աշխարհից մեկուսացած Չինաստանը կարող էր մինչև XIX դարը խուսափել նման ճակատագրից։ Բայց հետո ձեռներեց և ագրեսիվ եվրոպացիներն ու ամերիկացիները նրան էլ հասան։ Եվ միայն աշխարհին բացվելով ու դրան ուղեկցող հեղափոխական ցնցումներն անցնելով Չինաստանը կրկին հնարավորություն ստացավ իրականացնել իր ներուժը։ Իսկ Եվրոպայում կոնսերվատիզմը մի երկրում հավասարակշռվում էր մյուս երկրներում հեղափոխական փոփոխություններով։ Եվ պատահական չէ, ըստ հեղինակի, որ կապիտալիզմն իր սկզբնական փուլում առավելագույն զարգացման հասավ մասնատված Իտալիայում։ Ինչին բավականաչափ նպաստեց մրցակցությունը քաղաք-պետությունների միջև։

Բայց տեխնոլոգիական և տնտեսական ողջ առաջընթացը մինչև XVIIIդ. կեսերն իր մեջ չէր կրում հեղափոխական փոփոխություններ, կյանքի և արտադրության ոճն այնքան չէր փոխվում, որ մարդիկ արմատական փոփոխություններ զգային, այն միայն Եվրոպան նախապատրաստում էր արդյունաբերական հեղափոխության։ Ինչպես գրում է Մոկիրը, «եվրոպացիներն աստիճանաբար գիտակցում էին տեխնիկայի անվերջ հնարավորությունները մարդկային բարեկեցության բարձրացման համար և սկսում էին հասկանալ, որ, փոփոխությունները կենսակերպ դարձնելով, կարելի է ապահովել անվճար նախաճաշերի անվերջանալի հոսք»։

Արդյունաբերական հեղափոխության դարաշրջանի առանցքային գյուտը դարձավ Ուաթի շոգեմեքենան, որը Մոկիրը, իր դասակարգման համաձայն, դասում է մակրոհայտնագործությունների շարքին, և որը հնարավոր էր դարձել շնորհիվ ավելի մանր հայտնագործությունների աստիճանաբար կուտակվող հոսքի։ Բայց հենց մակրոհայտնագործություններն են ապահովում տեխնոլոգիական և տնտեսական բեկումը։ XVIII դարավերջը և XIX դարասկիզբը բնութագրվում են մակրոհայտնագործությունների էլ ավելի մեծ քանակությամբ, ահա թե ինչու հենց դա է համարվում արդյունաբերական հեղափոխության ժամանակը։

Մոկիրը նշում է Ուաթի արդյունաբերական մոտեցման մի քանի կարևոր առանձնահատկություններ, որոնք տարբերում են նրան իրեն նախորդած հայտնագործողներից։ Ընդ որում՝ գիտակցաբար իր կողմից սերմանվող առանձնահատկություններ, որոնց էությունն այսպես է ձևակերպել նրա հայտնագործության հետազոտողներից մեկը. «պակասեցնել ծախսերը, նվազագույնի հասցնել մեխանիզմների մաշվածությունը և «օգուտի» վերջին կաթիլը քամել մեքենայի մեջ մտնող շոգու վերջին շիթից»։ Իսկ ինքն՝ Ուաթը, իր մասին գրում է (իհարկե՝ երրորդ դեմքով). «Նրա մտքերն ուղղված էին նույնքան էժան, որքան և լավ մեքենաներ ստեղծելուն»։ Սա կարելի է անվանել գյուտարարության հանդեպ հաղթանակած կապիտալիստական մոտեցման էություն, որն Ուաթի նման մարդկանց տարբերում էր նախորդներից. ոչ թե պարզապես գյուտարարություն, որը գոյություն է ունեցել միշտ, այլ տնտեսական ռացիոնալ գյուտարարություն, որը, ըստ էության, կարելի է անվանել շումպետերական նորարարություն։ Ինչպես նշում է Մոկիրը, «տեխնիկական առաջընթացը կախված է այն աստիճանից, որում Homo creativus–ը նաև Homo economicus» է։

Տեխնոլոգիական զարգացման կարևոր խնդիրներից մեկը տեխնոլոգիաների՝ գիտության նվաճումներից կախվածության աստիճանն է։ Որքանով են դրանք փոխկապակցված։ Մոկիրը ցույց է տալիս, որ Միջնադարի դարաշրջանում և արդյունաբերական հեղափոխության վաղ փուլում այդ կապը թույլ է եղել կամ առհասարակ չի եղել։ Մանավանդ որ գիտությունն ինքը դեռ գտնվում էր սաղմնային վիճակում։ Գյուտարարներն ավելի շուտ փորձ և տեխնոլոգիական հմտություններ ունեցող մարդիկ էին, քան գիտական գիտելիքներ ունեցողներ։ Եվ գիտնականներն իրենք էլ, անգամ այնպիսի մեծերը, ինչպիսին էր Նյուտոնը, այնքան էլ չէին հետաքրքրվում տեխնիկայով։ Իրավիճակն սկսեց փոխվել XIX դարում։ Նյուտոնի, Լեյբնիցի, Կարնոյի և արդի գիտության ուրիշ շատ հիմնադիրների ձեռքբերումները հաշվարկներ անելու և այս կամ այն տեխնիկական նորամուծության հետևանքները կանխատեսելու հնարավորություն բացեցին։ Եվ դա էլ հենց վերջ դրեց տեխնիկայում բրիտանական գերիշխանությանը։ Այդ ժամանակ Գերմանիայում և Ֆրանսիայում ստեղծված նոր տիպի համալսարանները, որոնք կառուցված էին տեխնիկական և գիտական կրթության կապի վրա, թույլ տվեցին այդ երկրներին, հատկապես Գերմանիային, XIX դարավերջին առաջ պոկվել տեխնիկական և տնտեսական մրցակցության մեջ։ Այն դեպքում, երբ Բրիտանիայում «երիտասարդ բնական գիտությունների օգտագործման համակարգն արգելակվում էր սիրողականության և դիլետանտիզմի ավանդույթներով»։ Իր դերը խաղաց նաև բրիտանական պետության կտրվածությունը գիտատեխնիկական խնդիրների լուծումից, այնինչ Գերմանիայում և Ֆրանսիայում պետությունը սկսեց ամեն տեսակ աջակցություն ցուցաբերել գիտատեխնիկական առաջընթացին։ Ինչպես նշում է հեղինակը, XIX դարի 60-ական թթ. «սիրողական» փուլը տեխնիկայի պատմության մեջ մոտեցավ ավարտին։ Արդյունաբերական հեղափոխությունը, որը կապված էր Բրիտանիայի անվան հետ, ավարտվեց։

Մոկիրը մանրամասն քննարկում է ամենատարբեր գործոնների ազդեցությունը տեխնիկական առաջընթացի վրա՝ ժողովրդագրականից մինչև գաղափարա-քաղաքական և կրոնական։ Եվ գրեթե յուրաքանչյուրի դեպքում գալիս է դրանց ամբիվալենտության մասին եզրահանգման. դրանք կարող են ինչպես արագացնել, այնպես էլ արգելակել տեխնոլոգիական առաջընթացը. ամեն բան կախված է դրանց հաջող համադրումից։ Սակայն կարելի է, ամփոփելով նրա վերլուծությունը, առանձնացնել մի քանի դրական գործոններ.

- մրցակցության առկայություն բոլոր մակարդակներում. գյուտարարների միջև մրցակցությունից մինչև երկրների միջև մրցակցություն;

- ստեղծագործության ազատություն;

- հասարակության և «աշխարհիս հզորների» հանդուրժողությունը կրեատիվ մարդկանց տարօրինակությունների և նոնկոնֆորմիզմի հանդեպ, նրանց նյութական և բարոյական քաջալերումը;

- հասարակական կյանքի գաղափարա-քաղաքական և կրոնական հիմքերի ռացիոնալությունը;

- հասարակության հետաքրքրությունը տեխնոլոգիական հայտնագործություններով, բիզնեսի առկայությունը, որը պատրաստ է ռիսկի հանուն դրանց զարգացման;

- պետական չմիջամտության և պետական աջակցության նուրբ համադրումը;

- գիտությունների և տեխնոլոգիաների կապը, փոխզարգացումը և փոխաջակցությունը, որոնք հատկապես հրատապ են դարձել մեր ժամանակներում։

Իսկ եթե շատ ավելի կարճ, ապա դա մրցակցությունն է, ստեղծագործության ազատությունը, հանդուրժողությունը, շահը, ռացիոնալությունը։ Իսկ պետության կողմից՝ աջակցություն և չմիջամտություն, և հենվելով գիտության վրա։

«Էքսպերտ», №36 (955)

http://expert.ru/expert/2015/36/epoha-besplatnyih-zavtrakov/


դեպի ետ