• am
  • ru
  • en
Версия для печати
28.09.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ

Руский

   

Սամվել Մարտիրոսյան
«Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական կենտրոնի փորձագետ

Հայաստանում քաղաքացիական և քաղաքական շարժումները երկար պատմություն ունեն։ Սակայն դրանք մինչև 2010թ. քիչ ազդեցություն ունեին հասարակության վրա, քանի որ մինչ այդ ինտերնետից օգտվողների թիվը կազմում էր բնակչության չնչին տոկոսը (Տե՛ս Նկար 1).

Սակայն ինտերնետից այսպիսի սակավաթիվ օգտվողների միջավայրում անգամ 2000-ականների սկզբին սկսեցին զարգանալ վիրտուալ հասարակական-քաղաքական հարթակներ։ Հանրային բնույթի առաջին հարթակները, որոնք հաջորդեցին զուտ ժամանցային չաթերին, ֆորումներն էին:

Առաջին քաղաքական հարթակները սկսեցին ձևավորվել հայ-ադրբեջանական վիրտուալ շփման ընթացքում։ Այսպես, ռուսաստանյան «Независимая газета» թերթի կայքում հոդվածների քննարկումը վերածվեց բանավիճային հարթակի, որը, երևի, առաջին լայն քննարկումների փորձն էր հայերի և ադրբեջանցիների միջև: Դրան հետևեց հայկական և ադրբեջանական ֆորումների ստեղծումը: Այստեղ մի քանի հարյուր օգտատերերի կողմից ձևավորվեց այն քարոզչական ապարատը, որը հետագայում որդեգրվեց երկու պետությունների կողմից: Մի շարք հայկական և ադրբեջանական ֆորումներ, որտեղ ներգրավված էին ինչպես Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի բնակիչների, այլնպես էլ երկու ազգերի՝ այլ երկրներում գտնվող համայնքները, ձևավորեցին վիրտուալ երկխոսության հարթակներ։

Իրական կյանքի հետ կապ ունեցող առաջին ակցիան, որ իրականացվեց ցանցային համայնքի կողմից, դարձյալ կապված էր Արցախյան հակամարտության հետ: 2005թ. արցախյան հակամարտության շուրջ ընթացող մայիսյան բանակցություններից հետո Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարեց, որ հայկական կողմը պատրաստ է հանձնել յոթ շրջանները:

Հայաստանի ԱԳՆ-ն երկար ժամանակ լռություն պահպանեց, ինչի հետևանքով հայկական գրեթե բոլոր մեծ հարթակներն առաջին անգամ միասնական հայտարարությամբ հանդես եկան, և մամուլը փաստացի առաջին անգամ անդրադարձավ ցանցային հանրության հայտարարությանը (բնօրինակը տեղադրված է OpenArmenia ֆորումում1): Այդ ժամանակ ցանցում հայերեն գրել հնարավոր չէր, ինչի պատճառով շփումը հիմնականում ռուսերեն էր: Առաջին դեպքն էր, երբ համացանցային հարթակի հայտարարությունը լայնորեն լուսաբանվեց նաև հայաստանյան մամուլում2։

2005թ. սկսեց ձևավորվել հայկական բլոգոսֆերան, որը տեղակայված էր հիմնականում Livejournal-ում: Բլոգները լուրջ հասարակական և քաղաքական գործիք դարձան 2007-2008-ին նախագահական ընտրությունների շուրջ սկսված քաղաքական պայքարի արդյունքում: Հենց այս ժամանակ հայտնվեցին քարոզչական, թաքնված հեղինակ ունեցող բլոգները, որոնց այսօր ընդունված է անվանել «ֆեյքեր» կամ կեղծ օգտատերեր: Մինչ այդ կեղծ օգտատերերը հիմնականում օգտագործվում էին հայ-ադրբեջանական վիրտուալ պատերազմում: Նման քարոզչական բլոգներ կարելի է գտնել 2008-ի հունվարին Արթուր Պապյանի կողմից իր բլոգում ստեղծված ցուցակում3:

2008-ի մարտին բլոգները տեղեկատվության գրեթե միակ աղբյուրն էին արտակարգ դրության և ցանցային մամուլի սահմանափակումների իրավիճակում: Ստեղծվեց իրավիճակ, երբ բլոգերների մի մասն ավելի մեծ լսարան ուներ, քան հայաստանյան տպագիր մամուլը4։ Այդ, ինչպես նաև հաջորդ մեկ տարվա ընթացքում ակտիվ բլոգների լսարանը քանակապես գերազանցում էր ցանցային մամուլի լսարանը: Սոցիալական ցանցերի ներխուժումը հանգեցրեց բլոգոլորտի անկմանը:

Ֆեյսբուքի ներխուժումը բավական արագ ցանցային ակտիվություն ձևավորեց, որի հետևանքով արդեն 2010թ. ի հայտ եկան մի շարք հասարակական շարժումներ, որոնցից էին «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի պաշտպանության5, օտարալեզու դպրոցների վերաբերյալ օրինագծի դեմ պայքարին ուղղված և մի շարք այլ շարժումները։

Ամենազանգվածային ցանցային շարժումը, սակայն, 2015թ. հունիս-հուլիս ամիսներին ընթացող էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հասարակական պայքարն էր։ Այստեղ ձևավորվեց շարժում, որն ինքնաբուխ կառավարվում էր սոցիալական ցանցերի միջոցով։ Եվ եթե մինչ այս ընթացող բոլոր շարժումները հիմնականում հիմնված էին Ֆեյսբուք սոցիալական ցանցի գործիքների վրա, ապա այս անգամ մեծ ազդեցություն ունեցան նաև այլ սոցիալական ցանցերը։ Այսպես, Youtube-ը ուղիղ հեռուստաեթեր ստանալու հիմնական աղբյուրներից մեկն էր։ Բացի այդ, տեղեկատվություն տարածելու, այլ երկրների լրագրողներին և հետաքրքրված անձանց տեղեկատվություն տալու հարթակ առաջին անգամ հանդիսացավ Թվիթերը, որը մինչև վերջերս Հայաստանում թույլ ակտիվություն ուներ։ Տեղեկատվություն տարածելու հարթակ էր հանդիսանում նաև լուսանկարներ և տեսանյութեր տեղադրելու համար կիրառվող Ինստագրամ հարթակը։

Հիմնական պիտակները (hashtag), որոնք կիրառվում էին Թվիթերում և Ինստագրամում, անգլիալեզու #ElectricYerevan, հայալեզու #ոչթալանին և ռուսալեզու #электромайдан պիտակներն էին։

Այսպես, հունիսի 22-ից մինչև հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում #ElectricYerevan պիտակը Թվիթերում օգտագործվել է ավելի քան 68.000 անգամ, իսկ Ինստագրամում՝ մոտ 4.200 անգամ։ #ոչթալանին պիտակը Թվիթերում օգտագործվել է մոտ 4.000, իսկ #электромайдан-ը՝ մոտ 20.000 անգամ։

Ընդհանուր զարգացումները ցույց են տալիս, որ համացանցը Հայաստանում, ինչպես աշխարհի շատ երկրներում, քննարկումների հարթակից արդեն վերածվել է քաղաքացիական հասարակություն ձևավորող հարթակի։ Ներգրավվածությունը սոցիալական ցանցերում Հայաստանում աճում է, ինչը նախադրյալներ է ստեղծում քաղաքացիական և քաղաքական ցանցային ակցիաների ազդեցիկությունն ավելացնելու համար։

1 Заявление армянского интернет сообщества, https://www.evernote.com/shard/s8/sh/d788d9d8-cbf8-43cb-b102-921979f321df/d3edb0b7d256aa5152474898bbf8e15c

2 ԱԳՆ-ՈՒՄ ԻՆՏԵՐՆԵՏ ՉԵ՞Ն ԲԱՑՈՒՄ, 2005/05/19, http://www.aravot.am/2005/05/19/320765/

3 Watch Out! Propaganda Blogs or Observer’s Blacklist of Campaign Blogs, 2008-01-18, http://ditord.com/2008/01/25/watch-out-propaganda-blogs-or-observers-blacklist-of-campaign-blogs/

4 ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԵՎ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՄԵԴԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=5182

5 ՀԱՎԱՔՎԵԼ Է 23 000 ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ, http://www.lragir.am/index/arm/0/interview/view/33514


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր