• am
  • ru
  • en
Версия для печати
08.10.2015

ՌՈՒՍԱՍՏԱՆ ԵՎ ԱՐԵՎՄՈՒՏՔ. ԻՐԱՎԻՃԱԿԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՍՑԵՆԱՐՆԵՐ

   

(«THE GERMAN MARSHALL FUND OF THE UNITED STATES», ԱՄՆ)

Յորգ Ֆորբրիգ

Այժմ գերիշխում է այն կարծիքը, թե Սառը պատերազմից հետո ստեղծված աշխարհակարգը գերեզման իջավ, երբ Ռուսաստանն անեքսիայի ենթարկեց Ղրիմը, և երբ Կրեմլը պատերազմ սանձազերծեց Արևելյան Ուկրաինայում։

Բայցևայնպես, քչերն են, որ Եվրոպայում կամ ԱՄՆ-ում եվրոպական նոր կարգի պոտենցիալ ուրվագծերի կամ Արևմուտքի և Ռուսաստանի միջև այդ կարգի էությունը կազմող հարաբերությունների ավելի խոր վերլուծություն անցկացրած լինեն։

Վերլուծությունն օգտակար է սկսել հատկանշական դուալիզմի նկարագրությունից, որը դրսևորվեց անցյալ տարի։ Արևմուտքն արձագանքեց Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիային մինչ այդ աներևակայելի քաղաքական ու տնտեսական պատժամիջոցներով, որոնք մտցվեցին այն հույսով, թե դրանք կկարողանան սասանել Պուտինի ռեժիմի հիմքերը և փոխել նրա քաղաքականությունը։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը ցույց տվեց, թե վախենալու աստիճանի որքան խորն է թափանցել Եվրոպա՝ օգտագործելով գործարար կապերը, քաղաքական հովանավորությունն ու լուրջ ներկայությունը ԶԼՄ-ում։ Այդ ամենը Կրեմլն օգտագործում է արևմտյան հանրային կարծիքի և որոշումների կայացման գործընթացի վրա ազդելու համար։ Յուրաքանչյուր կողմ փորձում է թուլացնել հակառակորդին՝ խափանելով նրա միասնականությունը (ցանկացած կառավարության արդյունավետ որոշումների կայացման կարևոր գործոն)։

Չորս սցենար

Այս կոնֆլիկտի զարգացումը կախված է այն բանից, թե երկու կողմերը որքանով կկարողանան պահպանել իրենց ներքին միասնականությունը։ Դա կարող է լինել մրցավազք ժամանակի առումով, երբ կողմերից յուրաքանչյուրը հույսը կդնի այն բանի վրա, որ հակառակորդի միասնականությունն ավելի շուտ կթուլանա, քան կխարխլվեն իր սեփական շարքերը։ Ընդունելով բաժանման այսպիսի գիծ՝ կարելի է մոդելավորել մի շարք սցենարներ։

Սցենար 1. Դիմակայություն

Ներկա իրավիճակում ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Արևմուտքը պահպանում են իրենց միասնականությունը։ Ռուսաստանի՝ Արևմոտքին նետված բացահայտ մարտահրավերն էլ ավելի է ամրապնդում Պուտինի հեղինակությունը ռուսաստանցիների մեջ, ներքին քննադատությունը մնում է կառավարելի, ծախսերը շարունակում են փակվել ի հաշիվ ներքին ռեսուրսների, պետական պրոպագանդան մշտապես սնում է նացիոնալիստական տրամադրություններ։ Արևմուտքը, որ իրադարձությունների նման զարգացում չէր սպասում, վերականգնում է ինքնատիրապետումը։

Չնայած նրա պատասխան գործողությունները կարող են բավարար չլինել, դրանք նախկինի պես անսպասելի են մնում իրենց միասնականությամբ և ուժով։ Երկու կողմերի միասնականությունը ձգձգվող և հյուծման պատերազմ է կանխագուշակում։ Կարելի է սպասել, որ Ռուսաստանը ակտիվություն կդրսևորի և մշտապես հարձակման անցնելու հնարավորություն կորոնի։ Նման գործողությունները ճնշում կգործադրեն այն հարևանների վրա, որոնք դուրս են մնում արևմտյան ինստիտուտների շրջանակներից և ջանում են խափանել դրանք. սպառնալ ռազմական առումով առավել խոցելի երկրներին և գրավել տնտեսապես թույլերին։ Արևմուտքն ավելի շուտ միայն կարձագանքի և կպաշտպանվի։ Այն կկենտրոնանա սեփական կայունության բարձրացման վրա՝ հիմնականում սահմանափակվելով ԵՄ և ՆԱՏՕ ներկա անդամներով, ինչպես նաև կփորձի մեծացնել դիմադրությունը ռուսական ազդեցությանը։ Ուկրաինայի և մյուս արևելյան հարևանների հանդեպ Արևմուտքը կմնա անտարբեր՝ պատասխանելով Կրեմլի առավել անախորժ հարձակումներին, բայց խուսափելով ուղղակի առճակատումից։

Սցենար 2. Արևմուտքի անկումը

Արևմուտքի երկրների փխրուն միասնականությունը տատանվում է Ռուսաստանի ճնշման տակ։ ԵՄ-ին չի հաջողվում հասնել կոնսենսուսի, որն անհրաժեշտ է Ռուսաստանի դեմ քաղաքական և տնտեսական պատժամիջոցների ընդլայնման համար։ Դա վտանգավոր նախադեպ է ստեղծում, որից հետո ռուսական ագրեսիային որևէ վճռական հակահարված տալը ԵՄ-ի համար գրեթե անհնար է դառնում։ ԵՄ միասնական արտաքին քաղաքականությունը վերածվում է պատրանքի, տրանսատլանտյան միասնությունը զոհաբերվում է։ Ռուսաստանի հաղթանակը ԵՄ-ի հետ դիմակայությունում Կրեմլին կդրդի ստուգել ՆԱՏՕ ամրությունը, որն իր հերթին վատ է պատրաստված պաշտպանելու իր արևելյան ծայրամասի տարածքային ամբողջականությունը։ Հիբրիդային պատերազմի հստակ ըմբռնման բացակայությունը, պաշտպանական ռեսուրսների կրճատումը և միասնական քաղաքական կամքի բացակայությունը Եվրոպայում խափանում են երկրների՝ 5-րդ Հոդվածով (Վաշինգտոնի պայմանագիր) ստանձնած պարտավորությունները։

Այս ամենը թույլ է տալիս Մոսկվային ազատ վերականգնել իր հեգեմոնիան սահմանակից նախկին արբանյակների հանդեպ, ինչպես նաև ստեղծել ազդեցության տարածաշրջանային ոլորտ, որն, ըստ նրա, անհրաժեշտ է համաշխարհային տերություն համարվելու համար։ Պակաս ինտեգրված և ոչ այնքան սկզբունքային Եվրոպան պարարտ հող կապահովի ռուսական քաղաքական և տնտեսական շահերի առաջմղման համար՝ «բաժանիր և տիրիր» հայտնի սկզբունքով։ Ռուսաստանը կհամարի, որ իր գործողություններով հավասարեցրել է խաղն ԱՄՆ-ի հետ՝ նրան եվրոպական դաշնակիցներից զրկելով և նրա համաշխարհային առաջնորդությունը կասկածի տակ դնելով։

Սցենար 3. Ռուսաստանի անկումը

Հակառակ սցենարը Ռուսաստանի ներքին միասնականության թուլացումն է, որն արդեն վաղուց բախվում է հսկայական կառուցվածքային խնդիրների, անարդյունավետության և կենտրոնախույս միտումների հետ։ Նավթի գների երկարաժամկետ անկումը և արևմտյան պատժամիջոցների պատճառով կրած անխուսափելի կորուստները մոտեցնում են այս սցենարը և տանում դեպի երկարատև տնտեսական դեպրեսիա Ռուսաստանում։

Ի պատասխան՝ Պուտինի աշխատակազմն ակտիվորեն ներդրումներ է կատարում ռազմական և պաշտպանական ոլորտներում, այլ ոչ թե սոցիալական ապահովության և տնտեսական արդիականացման համակարգում։ Սա կարող է առաջ բերել տեխնոկրատների և քաղաքային միջին դասի բացասական արձագանքը, որոնք հայտնվում են ոչ շահավետ վիճակում։ Դումայի ընտրությունները տեղի կունենան 2016թ. վերջին, և իրադարձությունների նպաստավոր զարգացման պարագայում արդիականացման կողմնակիցները կարող են 2015թ. նախագահական ընտրությունների ուղղություն վերցնել։

Սակայն ամեն բան վկայում է, որ Պուտինի համակարգը կկարողանա հաղթահարել այս դժվարությունները վտանգավոր տարրերի մարգինալացման, ճնշման կամ իր կողմը թեքելու ճանապարհով։ Երկարատև տնտեսական լճացումը կոնֆլիկտներ կառաջացնի պետական ապարատի կարևոր տարրերի միջև, հարցականի տակ կդնի էլիտաների լոյալությունը և կստիպի Ռուսաստանի ծայրամասային ուժերին վերանայել հարաբերությունները քաղաքական կենտրոնի հետ։ Երկրի ներսում հնարավոր պայթյունը հետաձգելու և կանխելու համար Կրեմլը կջանա արտաքին կոնֆլիկտներ գտնել, որոնք, որպես փականներ, կօգնեն «բաց թողնել» աճող ներքին ճնշումը։

Սցենար 4. Քաոս

Հնարավոր սցենարներից վատագույնի դեպքում ներքին միասնականությունը կթուլանա ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Արևմուտքում։ Երկակի կոլապսը դրամատիկ հետևանքներ կունենա ինչպես ողջ եվրատլանտյան և եվրասիական տարածքի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար։ Այն վերջակետ կդնի արևմտյան ինտեգրացիայի յոթանասնամյա պատմությանը, որի արդյունքում ի հայտ եկավ պատմության մեջ միջազգային համագործակցության ամենաուժեղ և առաջավոր մոդելը։ ԵՄ-ը կդադարի զբաղվել արտաքին քաղաքականությամբ, նրա ինտեգրացիան կթուլանա, և հետագա ընդլայնումը կդադարի։ ՆԱՏՕ-ն չի կարողանա երաշխավորել իր անդամների տարածքային ամբողջականությունը՝ դրանով իսկ արևմտյան ինտեգրացիայից հանելով անվտանգության բաղադրիչը։ Ընդհանուր առմամբ, Արևմուտքը կդադարի լինել հուսալի դերակատար, որը կարող է հանդես գալ որպես հաջող համաշխարհային համագործակցության օրինակ ինչպես հարևանների, այնպես էլ ավելի հեռավոր գործընկերների նկատմամբ։

Գործունակ Արևմուտքի բացակայությունն ամենից շատ կզգացվի Եվրասիայում։ Արևմուտքի կողմից կայունացման և արդիականացման էֆեկտի բացակայության պարագայում Ռուսաստանն ի վիճակի չի լինի կանգնեցնել իր անկումը և կբախվի տնտեսական ու քաղաքական ցնցումների։ Նրա անմիջական հարևաններին, որոնք կախվածության մեջ են Ռուսաստանից, ապակայունացում է սպասվում, պետությունների գործառնության խափանումներ, սոցիալական ցնցումներ և աղքատություն։ Նման սցենարի բացասական հետևանքները կանդրադառնան ԵՄ-ի և ՆԱՏՕ արևելյան անդամների վրա, որոնք ի վիճակի չեն լինի մարսել այս ճնշումը և օգնություն կխնդրեն ԵՄ կառույցներից, որոնց օգնություն ցուցաբերելու կարողությունը, քաղաքական կամքն ու համերաշխության զգացումը չափազանց թուլացած կլինեն։ Արդյունքում՝ եվրոպական աշխարհամասի զգալի հատվածում անկայունությունը կվերադառնա։

Առաջարկներ

Վերոնշյալ սցենարներից և ոչ մեկը լավատեսություն չի ներշնչում՝ հատկապես հաշվի առնելով այն հույսերն ու ջանքերը, որոնք Արևմուտքը ներդրել է Եվրոպայի և Ռուսաստանի փոխակերպման մեջ վերջին 25 տարիներին։ Այնուամենայնիվ, զարգացման այդ ճանապարհներից յուրաքանչյուրը հնարավոր է թվում, և ասվածի բավականաչափ ապացույցներ կան։ Դա ոչ միայն ընդգծում է այն իրավիճակի կրիտիկականությունը, որի մեջ ներկա պահին գտնվում է Արևմուտքը՝ Ռուսաստանի հետ միասին, այլև վկայում է քաղաքական այն որոշումների երկարատև լուրջ հետևանքների մասին, որոնք կընդունվեն Արևմուտքում և Ռուսաստանում կարճաժամկետ հեռանկարում։ Ուշադրության առնելով ստեղծված իրավիճակը՝ կարելի է մի շարք առաջարկներ անել արևմտյան քաղաքական գործիչների համար։

1. Ռուսաստանի հետ ընթացիկ դիմակայությունը՝ որպես իրավիճակից լավագույն ելք

Սա կարող է անտրամաբանական թվալ արևմտյան քաղաքական գործիչներին և հանրությանը, որոնք վարժվել են բարդ, բայց հազվադեպ ռազմաշունչ Ռուսաստանին, սակայն այսօրվա ճգնաժամը շատ ավելի նախընտրելի սցենար է հանդիսանում, քան որևէ այլ սցենար։ Սա միակ տարբերակն է, որը թույլ կտա Արևմուտքին մնալ առանցքային համաշխարհային խաղացողի դերում և հասնել միջազգային համագործակցության ամրապնդմանը, և որը չի ենթադրում Ռուսաստանի անկում (ինչն ամեն դեպքում երկարատև հեռանկար է հանդիսանում)։ Երբ Ռուսաստանի ներկայիս ռեժիմն ի վերջո ընկնի, կստեղծվի մի իրավիճակ, որը համեմատելի կլինի Խորհրդային Միության փլուզման հետ։ Սրա հնարավոր հետևանքների դեմ պայքարի համար կպահանջվեն միասնական արևմտյան հանրություն և ինստիտուտներ։ Մինչդեռ Արևմուտքի համար ավելի լավ է պատրաստվել հարաբերությունների լճացման՝ երկար տարիներ։

2. Գործարքը վտանգավոր է Արևմուտքի և Ռուսաստանի համար

Վերջին տարվա ընթացքում փորձառու արևմտյան դիտորդները քանիցս կոչ են արել նոր խոշոր գործարք կնքել Ռուսաստանի հետ։ Ինչպիսին էլ որ լինեն նման պայմանավորվածությունների ձևն ու բովանդակությունը, դրանք ռիսկային են երկու կողմի համար էլ։ Ռուսաստանի ղեկավարության պարագայում նման զիջումները կհակասեն նրա գերազանցության գաղափարականացված հավակնություններին և Արևմուտքին նետված մարտահրավերին։ Այս քայլը կարող է ընկալվել որպես թուլություն, ինչը Կրեմլը չի կարող իրեն թույլ տալ։

Արևմուտքի համար զիջումները գրեթե հաստատ կապված կլինեն այն փոխզիջման հետ, որը կապված կլինի արևմտյան այնպիսի կարևոր արժեքներին, ինչպիսին են եվրոպական պետությունների անձեռնմխելիությունն ու ինքնիշխանությունը։ Այսպիսով, հակամարտող կողմերից ոչ մեկը չի կարող իրեն թույլ տալ գնալ զիջումների՝ առանց պարտություն կրելու վտանգի։

3. Գլխավորն Արևմուտքի միասնության ամրապնդումն է

Արևմուտքի հետ Ռուսաստանի առճակատմանը դիմակայելու համար ԱՄՆ-ը և նրա եվրոպական դաշնակիցները պետք է ամրապնդեն իրենց միահամուռությունը։ Դրա համար պահանջվում է աներկբա հավատարմություն այն նորմերին, որոնք ընկած են եվրոպական կարգի հիմքում՝ վերջին տասնամյակներին նրա գոյության ամբողջ ընթացքում։ Ռուսաստանի կողմից այդ սկզբունքների ընթացիկ և ապագա խախտումները պետք է պատժվեն ավելի վճռականորեն, քան առաջ, ինչպես վնասը նվազագույնի հասցնելու, այնպես էլ այն բանի համար, որպեսզի թուլացվի մեղավոր կողմը։

Իր հերթին, Արևմուտքը պետք է ամրապնդի իր և Ռուսաստանի հարևանների տոկունությունը Կրեմլից բխող տնտեսական և էներգետիկ ճնշման, քաղաքական միջամտության, պրոպագանդայի և ռազմական սպառնալիքների նկատմամբ։ Սույն պարագայում տեղ չպետք է ունենա մեկուսացվածությունը (իզոլյացիոնիզմը), չպետք է իջեցվեն չափորոշիչները։ Դրա փոխարեն, ԵՄ-ը և ԱՄՆ-ը պետք է ակտիվորեն և հավակնոտ կերպով ցուցադրեն իրենց միասնությունը՝ ուղղված ողջ Եվրոպայի երկարատև ինտեգրմանը։

4. ԱՄՆ-ը և Գերմանիան՝ որպես գլխավոր առաջնորդներ

ԱՄՆ-ի և Գերմանիայի վրա է ընկած Արևմուտքի միասնության ապահովման և Ռուսաստանին դիմակայելու քաղաքականության պատասխանատվությունը։ ԱՄՆ-ը պետք է ընդունի, որ վերջնական հասցեատերն է Կրեմլի քաղաքականության, որի գլխավոր նպատակը համաշխարհային ասպարեզում ԱՄՆ առաջնորդության թուլացումն է։

Հետևաբար, Վաշինգտոնը պետք է փոխի գերակայությունները Ռուսաստանի վերաբերյալ, վերականգնի համագործակցությունը եվրոպական դաշնակիցների հետ և ամրապնդի իր ներկայությունը որպես Եվրոպայում անվտանգության կարևոր երաշխավոր։ Գերմանիան, իր հերթին, կենտրոնական տեղ է զբաղեցնում ԵՄ անդամների միջև միասնականության ապահովման գործում։ Բեռլինը պետք է ավելի լրջորեն վերաբերվի ԵՄ այն անդամների ու նրա հարևանների երկյուղներին, որոնք հատկապես են ենթարկված Ռուսաստանի ճնշմանն ու ավելի կոնկրետ ու հստակ ձևակերպի իր դիրքորոշումը։ Գերմանիայի ղեկավարությունը պետք է ուժեղացնի մաքոքային դիվանագիտությունը և ուշադրությունը Ռուսաստանի հանդեպ՝ որպես ԵՄ գլխավոր արտաքին քաղաքական մարտահրավեր, ինչպես նաև հաստատի իր հավատարմությունը ԵՄ և ՆԱՏՕ արևելյան թևի քաղաքական, ֆինանսական և ռազմական անվտանգության ամրապնդմանը։

http://www.rodon.org/polit-150702112603


դեպի ետ