• am
  • ru
  • en
Версия для печати
17.11.2015

ԲԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Руский

   

Վարդան Բաղդասարյան

Հորդորում են ավելի պարզ գրել։ Պնդում են, հաճախ՝ ագրեսիվորեն, իջեցնել նշաձողը մինչև ընթերցողի մակարդակը։ Ինչո՞ւ, հարցնում են ոմանք, օգտագործել այլալեզու կատեգորիաներ։ Ո՞ւմ համար եք դուք գրում՝ հարցնում են մյուսները։ Իսկ այստեղից արդեն շատ մոտ է հարցը, թե ում համար եք աշխատում։ Խորհուրդ է տրվում. ուզում եք, որ ձեզ կարդա՞ն՝ ավելի պարզ դարձեք։ Այս խրատը կապված է ոչ միայն տեքստերի ստեղծման անձնական ոճի հետ։ Այն հանգեցնում է մարդու զարգացման հիմնարար խնդրին և լավ առիթ է հատուկ վերլուծության համար։

Մարդը երկբնույթ արարած է։ Նրա լինելության առաջին բաղադրիչը կենսաբանական է, կենդանական, մյուսը՝ սոցիալական, իմաստավորված։ Էվոլյուցիայի վեկտորը տրվում է մարդկային կյանքի բանական բաղադրիչի նշանակության մեծացմամբ։ Բայց հնարավոր է նաև ինվոլյուցիա, նահանջ դեպի կենդանական վիճակ, դեպի ճնշումն այն բանի, ինչը դժվար է և բարդ ընկալման համար։

Առաջընթացը տեղի է ունենում ինտելեկտուալ նշաձողի բարձրացման միջոցով։ Հետընթացն իջեցնում է այդ նշաձողը մինչև շարքային մակարդակի։ Դա լավ հայտնի է մանկավարժության տեսության մեջ։ Որոշակի ինտելեկտուալ ջանքեր գործադրելով և բարձունք վերցնելով՝ սովորողը զարգանում է։ Իսկ եթե նշաձողը դրված է այն մակարդակին, որտեղ ոչ մի ջանք գործադրելու հարկ չկա, նրա զարգացումն անհնար է։

Ուսումնական գործունեության մեջ երեխայի պահանջմունքներից ելնելու մոտեցումը ժամանակին որդեգրվել էր ամերիկյան մանկավարժության կողմից։ Այն, որ այդ մանկավարժական փորձարկումը ձախողվեց, հայտնի է բոլորին։ Ամերիկյան հանրաքաղաքացիական դպրոցի շրջանավարտները գիտելիքների և ինտելեկտուալ զարգացման բավական ցածր մակարդակ ունեն։ Փորձարկումն, ի դեպ, չէր տարածվում էլիտար դպրոցների վրա, որոնք կրթական պրոցեսը կառուցում էին՝ ելնելով զարգացնող ուսուցման սկզբունքներից։

Այս նույն տրամաբանության մեջ է իրականացվում հանրային մտքի զարգացումը։ Սկզբում առաջադրվում են գաղափարներ և մոտեցումներ, որոնք ընկալվում են միայն հատուկենտ մարդկանց կողմից։ Մեծամասնությունը հեշտ կարդացվելիք բան է սպառում, որն ինտելեկտուալ և բարոյական լարվածություն չի պահանջում։ Բայց ժամանակի հետ դիսկուրսի սահմանված մակարդակին մոտենում են նորանոր մարդիկ, ովքեր միմյանց հետ նույն լեզվով են խոսում։ Առաջ է գալիս ինտելեկտուալների խումբ, որը մարտահրավեր է նետում նախկին ստերեոտիպերին և այդ թվում՝ նախկին լեզվաբանությանը։ Եվ վերջապես, գաղափարը տիրում է լայն զանգվածներին։ Արդյունքը հանրային փոխակերպումն է։ Ինտելեկտուալ լարվածությունը դառնում է պատմական առաջընթացի լոկոմոտիվը։

Ի՞նչ է թաքնված դիսկուրսը պարզեցնելու կոչերի հետևում։ Ըստ էության՝ դա մարդկությանը պարզունակացնելու, կենդանի դարձնելու կոչ է։ Գլխավոր սպառնալիքն այսօր և՛ Ռուսաստանի, և՛ մարդկության համար լիբերալիզմը չէ, և անգամ վերափոխված ֆաշիզմն էլ չէ, այլ մարդկանց պարզունակացումը։ Լիբերալիզմը և ֆաշիզմը նրանով էլ վտանգավոր են, որ պատմականորեն իրագործում են մարդկության պարզունակացման նախագիծ։ Լիբերալիզմի անթրոպոլոգիան մարդուն դիտում է որպես կենդանու որոշակի տեսակ։ Այն հերքում է «գաղափարախոսական բռնությունը», իսկ ըստ էության՝ մարդուն կենդանուց մի ինչ-որ իդեալի վիճակի բերելու պետության առաջխաղացումը։ Լիբերալիզմի համար մարդը մարդուն գայլ է, դրա համար էլ միջանձնային մրցակցությունը լիբերալ կառույցի բազային սկզբունքն է հանրային կյանքի բոլոր ոլորտների համար՝ տնտեսություն, սոցիալական հարաբերություններ, քաղաքականություն, մշակույթ։ Մարդ-գայլի կերպարի հակառակ կողմը մարդ-սպառողի կերպարն է։ Ի հակադրություն բանական մարդու՝ սա խժռող մարդն է։ Հանուն բարիքների մրցակցային պայքարում ուրիշներից շահելը, իսկ հետո սպառելը կյանքի հրամայականն է ըստ լիբերալիզմի քանոնաչափի։

Մարդկային հանրությունը ծագել է արգելքների համակարգի՝ թաբուների հաստատման միջոցով։ Նման արգելքներից առաջինը արյունապղծության (ինցեստի) արգելքն էր։ Լիբերալիզմը ազատության գաղափարի բացարձակացման տրամաբանությամբ պատմականորեն հանգեցնում է թաբուազերծման։ Եվ ահա արդեն լեգիտիմացված են միասեռական ամուսնությունները, մնում է միայն մեկ քայլ մանկապղծության և կենդանիների հետ ամուսնության լեգիտիմացման համար։ Թաբուազերծման հնարքներն (հրապարակային հայհոյախոսություն, արգելված տեսարաններ, պոռնոգրաֆիա) օգտագործելով՝ առանձին «հայրենասերներ» իրականում աշխատում են լիբերալիզմի օգտին մարդու ապամարդկայնացման նախագծային կողմնորոշիչով։

Բայց բոլորը չէ, որ «կենդանի են դառնում» լիբերալ նախագծի շրջանակներում։ Կան պարզունակացնողներ և պարզունակացվողներ։ Կա ինտելեկտուալ էլիտա (էլիտա բառն ինքը սկզբում նշանակել է բարձրացեղ կենդանի) և ապաինտելեկտուալացված, շահերի՝ «հացի և վայելքի» տարածքում ապրող մեծամասնություն։ Այն, որ ԱՄՆ բոլոր առաջին նախագահները, լինելով լիբերալ գաղափարախոսության ջատագովներ, միևնույն ժամանակ եղել են ստրկատերեր, ցայտուն ցույց է տալիս լիբերալիզմում լռելյայն հասկացվող անթրոպոլոգիական անհավասարությունը։

Ֆաշիզմն այդ անհավասարությունը հռչակում է արդեն հրապարակավ։ Գերմարդկանց համար ենթադրվում էր ինտելեկտի բարձր մակարդակ և մշակույթի դեգեներատիվ վարկածների թաբուացում, իսկ ունտերցածրերի համար՝ սկզբունքային ցածրացում, ինտելեկտուալ գործունեության ճնշում, կենդանական վիճակի հասցնում։

Կոմունիզմի պարագայում ավելի բարդ է։ Կոմունիստական նախագծի շրջանակներում գոյություն ունեին երկու հակադիր միտումներ։ Առաջինը մարդու մշակութային վերափոխումն էր։ Ռուս գրականությունը, գիտությունը, արվեստը ստեղծվել էին ճորտատիրական իրավունք ունեցող երկրում։ Դրանց տարածումը կայսրության շրջանում դասային բնույթ ուներ։ Եվ ահա բոլշևիկները հնարավոր համարեցին մշակութային այդ հարստությունը վերցնել ազնվականական կալվածքներից և տալ ժողովրդին։ Բոլշևիկյան պատմական փորձարկումն այս մտահղացմամբ հարաբերակցվում էր Պրոմեթևսի սխրանքի հետ։ Ոչ թե Պրոմեթևսն էր դառնում մարդկանց նման, այլ մարդիկ էին բարձրանում աստվածների մակարդակին։ Սակայն այդ մտահղացմանը հակադրվում էր մյուս միտումը՝ հաստատել սակավ լուսավորյալ մեծամասնության կոգնիտիվ մակարդակը որպես նորմատիվ։ Այս չհայտարարված գաղափարախոսության կրողներ էին դառնում ստորին շերտի ներկայացուցիչները, որոնք հեղափոխական վերելքի լայն հեռանկարների հետևանքով հայտնվել էին նոր էլիտայի կարգավիճակում։ Հակաինտելեկտուալիզմը («ես ակադեմիաներ չեմ ավարտել») ժամանակի ընթացքում ձեռք է բերում ռազմաշունչ հարձակման բնույթ։ Արդյունքը դարձավ հանրային դիսկուրսի և, որպես հետևանք, հանրային գիտությունների մակարդակի սկզբունքային իջեցումը ԽՍՀՄ-ում։ Բնական և տեխնիկական գիտություններին այդ էրոզիան առնչվեց ավելի քիչ չափով, բայց հումանիտար գիտություններն ապաինտելեկտուալացվեցին մինչև անգործունակության աստիճանի։ Երբ գաղափարախոսական շլյուզները բացվեցին, խորհրդային հումանիտար գիտությունները փաստորեն առանց ճակատամարտի հանձնեցին իրենց դիրքերն արևմտյան գաղափարախոսներին։ Բայց գերանդին, ինչպես հայտնի է, բազմակի օգտագործման գործիք է։

Իր սկզբնական արտահայտությամբ՝ աշխատող եղջերավոր անասունը՝ կենդանին, հետագայում այն այլաբանորեն տարածվեց մարդկանց վրա՝ հասարակության ինչ-որ արտոնյալ շերտերի կողմից օգտագործվելով անմիտ, անհոգի, իրենց համար կենդանու պես աշխատող զանգվածների վերաբերյալ։ «Ռուսաստանները և Եվրոպաները» աշխատանքի հեղինակ Նիկոլայ Դանիլևսկին գրում էր, որ ժողովուրդը Լեհաստանում շլյախտայի կողմից վերածվել էր կենդանու։ Լիբերալներն այսօր արհամարհանքով այդպես են անվանում ժողովրդի մեծամասնությանը։ Բայց տվյալ պարագայում կարևորն այլ բան է։ Նրանք ոչ թե պարզապես ժողովրդին կենդանի են համարում, այլ օգտագործում են պարզունակացման տեխնոլոգիաներ և հնարքներ, մարդուն իսկապես վերածում են կենդանու։

Ռուս մեծ մտածող Կոնստանտին Լեոնտևը ժամանակին գրում էր ծաղկող բարդության մասին՝ որպես հասարակական համակարգերի զարգացածության չափանիշ։ Լեոնտևյան պատմափիլիսոփայության մեջ յուրաքանչյուր հանրույթ իր զարգացման մեջ երեք փուլ է անցել. 1. նախնական մանկական պարզության, 2. ծաղկող բարդության, որը զարգացման գագաթնակետն է, 3. երկրորդային խառնուրդ պարզեցման, որը պետությանը հասցնում է պատմական մահվան։ Պարզեցումն այս իմաստով երկրի կենսունակության խափանման ճանապարհն է։ Եթե նման պարզեցումը ներդրվում է գիտակցաբար, ապա կարելի է խոսել համապատասխան նախագծային դրվածքի մասին։

Արդի աշխարհում պարզեցման տեխնոլոգիաների գլխավոր գեներատորը ԱՄՆ-ն է։ Ստեղծվել է կեղծ-մշակութային և կեղծ-կրթական արտադրանքի մի ամբողջ հարահոս, որն աշխատում է աշխարհընկալման պարզունակացման, կոնսյումերիստ մարդու ձևավորման վրա։ Ամերիկանացումը ապաինտելեկտուալացման, բարդի ճնշման, կեղծ պարզության շտամպների պարտադրման հոմանիշն է։ Ամերիկյան մշակութային և դիսկուրսիվ էքսպանսիայի միջոցով ջնջվում է ժողովուրդների և քաղաքակրթությունների անհատական ինքնատիպությունը, և, որպես հետևանք, անցկացվում է սեփական մտածական հարացույցներից զրկված ազգային պետությունների ինքնիշխանազրկում։

Մենք այսօր գտնվում ենք պատմական ճամփաբաժանին։ Բացվող մի ճանապարհը տանում է դեպի մարդու ապամարդայնացում, նրա պարզունակացում, նսեմացում մինչև կենդանու վիճակի, որին կկառավարեն հմուտ նախրապանները։ Երկրորդ ճանապարհը մարդու վերափոխման ճանապարհն է, նրան ինտելեկտուալ և հոգևոր զարգացման նոր մակարդակ դուրս բերող ճանապարհը։ Եվ այս ճամփաբաժանի առջև մարդկայնորեն հասկանալի կոչերը՝ եղեք ավելի պարզ, արդեն այնքան էլ անվնաս չեն թվում։


դեպի ետ