• am
  • ru
  • en
Версия для печати
20.06.2016

ԱՄՆ-Ը ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԶՈՐՔԵՐ Է ՍՏԵՂԾՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ. ԹԻՐԱԽԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ Է

Руский

   

Պենտագոնը ծրագիր է մշակել «Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմում թուրքական տեղեկատվական զորքերի» պատրաստման նպատակով։ Չնայած քրդական գործոնը զգալիորեն փչացրել է Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարության հարաբերություններն ամերիկյան ռազմական գերատեսչության հետ, բայց Վաշինգտոնը և Անկարան ակնհայտորեն մտադիր չեն փոխել իրենց վերաբերմունքը Մոսկվայի հանդեպ։

Ներկայում ԱՄՆ-ն իր վրա է վերցնում Թուրքիայի «տեղեկատվական զորքերի» մասնակի ֆինանսավորումը, իսկ ուսուցումն այդ «ենիչերիներն» անցնելու են Մերձբալթիկայում և Ուկրաինայում. չէ՞ որ այնտեղ ամերիկացիներին հաջողվել է ստեղծել «հաջողակ տեղեկատվական նախագծեր Ռուսաստանի ագրեսիան հետ մղելու համար»։

«Ռուսաստանի ագրեսիան» առանձին պատմություն է։ Թեզը, թե «Մոսկվան տեղեկատվական պատերազմ է մղում Х երկրի դեմ՝ որպես ընդհանուր հիբրիդային պատերազմի մի մաս», օգտագործվում է մշտապես, իսկ Х երկրի դերում հայտնվում է՝ կախված շահերի (որպես կանոն, Վաշինգտոնի շահերի) կոնյունկտուրայից, նա, ով պահանջվում է։ Նման «ագրեսիայի» «հիբրիդային» բնույթը թույլ է տալիս բացատրել, թե ինչու ոչ թե Ռուսաստանն է հարձակվում, այլ հարձակվում են նրա վրա. դե, որովհետև «Ռուսաստանի գրոհներն անտեսանելի են», իսկ նրա հակառակորդների գրոհները՝ «հարկադրյալ ակտիվ պաշտպանություն»։

Ի տարբերություն կիբեռզորքերի, այստեղ արդեն խոսքը բնավ հաքերների և տեխնիկական հագեցվածության մասին չէ, այլ տեղեկատվական տարածքի վերահսկողության՝ ինչպես Թուրքիայի ներսում («Ռուսական տեղեկատվական ագրեսիայի» իմաստով), այնպես էլ Ռուսաստանի Դաշնության (այն բանի համար, որպեսզի «ճնշվեն Կրեմլի գործողությունները թուրքական կողմի հանդեպ ատելության հրահրման գործում»)։

Թուրքիայի Ազգային պաշտպանության նոր նախարարի համար նախագիծը փաստորեն առաջինն է այս պաշտոնում Պենտագոնի հետ նրա փոխգործակցության մեջ։ Նախագիծն իր ապագա մասնակիցներին ներկայացրել է Թուրքիայի Գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը, այնպես որ՝ Անկարայի ուշադրության մակարդակն այս աշխատանքի հանդեպ չափազանց մեծ է, իսկ ծրագիրն ինքը փակ է հանրային լուսաբանման համար։

Ապագա «զինվորներին» պրոպագանդայի պատկառելի չափաբաժին են տվել՝ պատմելով այն մասին, թե որքան ագրեսիվ ու վտանգավոր է Ռուսաստանը, որքան ծանր է Թուրքիայի համար զսպել «միջազգային ագրեսորի»՝ հանձին այդ նույն Ռուսաստանի, գրոհները (թե կոնկրետ որոնք՝ չեն պարզաբանել)։ Խոսել են այն մասին, որ թուրքական հատուկ ծառայություններն աշխատում են ուժերի գերլարումով, դրա համար էլ նրանց օգնություն է պետք։ Ընդ որում, եթե Ռուսաստանն ուզում է հիբրիդային պատերազմ վարել, ներառյալ՝ տեղեկատվականը, «օտար ափերում և ուրիշների ձեռքերով» (հետաքրքիր է՝ այդ ինչպե՞ս), ապա «տեղեկատվական զորքերը» ստիպված են լինելու չեզոքացնել «սպառնալիքները և էքսպանսիան» Թուրքիա և... կոնֆլիկտը տեղափոխել Ռուսաստան նրա տեղեկատվական տարածքի միջոցով։

Ապագա «տեղեկատվական զորքերը» հաշվետու են թուրքական Գլխավոր շտաբին և պաշտոնապես համարվում են «քաղաքացիական անձնակազմ» Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարության զինված ուժերին կից։ Միայն թե հրահանգիչները բնավ թուրքեր չեն լինելու. նրանք սեփական փորձ չունեն։ Եվ դրամական միջոցներն էլ ստացվելու են «միջկառավարական համագործակցության ծրագրով», ԱՄՆ-ից. աշխատավարձ՝ $640։ Բայց Անկարան էլ է փող տրամադրելու. պետական ապահովում, աշխատավարձի կուտակային համակարգ թուրքական լիրայով (տարբեր մասնագետների համար այդ գումարը խիստ տարբեր կլինի) և պարգևավճարներ, որոնց մասին առայժմ դատելը չափից ավելի վաղ է։ Բայց և այնպես, շատ ավելին է ստացվում, քան զենքը ձեռքին կռվող շարքային թուրք պայմանագրայինի պարագայում։

Ինչպես պարզվել է, Թուրքիայի «տեղեկատվական զինվորների» տեղաբաշխումն ըստ աշխատանքային ուղղությունների և ուսուցման երկրների հուլիսի 6-ին է կայանալու։ Ռուսաստանի դեմ տեղեկատվական ճակատի ապագա մարտիկներն առնվազն առաջին 3 ամիսն անցկացնելու են Լատվիայում և Էստոնիայում (ուսուցումը՝ ռուսերեն և անգլերեն) կամ Ուկրաինայում (ուսուցումը՝ ռուսերեն)՝ կախված անգլերենի իմացության մակարդակից։ Ռուսերենը՝ որպես աշխատանքային լեզու, պարտադիր է. պատրաստվող տեղեկատվական դիվերսանտները ցանկացած պարագայում գործելու են ռուսալեզու ինտերնետում և ռուսաստանցիների դիմակի ներքո։

Ովքե՞ր են ներառվելու բացառապես Ռուսաստանի դեմ ուղղված այդ «տեղեկատվական զորքերում»։ Թեկնածուների ընտրության ժամանակ հրավիրում են նրանց, ովքեր տիրապետում են ռուսերենին՝ գրավոր և բանավոր (ցանկալի է նաև անգլերենի իմացությունը), բացասաբար են ընկալում Ռուսաստանի կերպարն ու լոյալ են Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդեպ։ Հունիսի 13-ին տարբեր շրջաններից նախնական ընտրված առաջին թեկնածուների հետ տեսակապով շփվել է (ավելի ճիշտ՝ «ողջերթ» է մաղթել) Հուլուսի Աքարը։ Այնուհետև անցկացվելու են թեստավորում, լեզուների իմացության քննություններ, պատրաստվելու են փաստաթղթերը։

Ազգային հետախուզական կազմակերպությունը (MİT) վարում է անձնական գործերի ստուգումը (այդ կազմակերպությունն է ընտրել թեկնածուներին), MİT աշխատակիցները «հրահանգավորում են նորակոչիկներին պետական գաղտնիքը պահելու հարցերում»՝ համապատասխան փաստաթղթեր լրացնել տալով ապագա տեղեկատվական դիվերսանտներին։ Դրանք միակ ձևաթերթիկներն են, որոնք պարունակում են բացառապես Թուրքիայի պետական սիմվոլիկան և լրացվում են միայն թուրքերենով։

http://vpoanalytics.com/2016/06/14/ssha-sozdayut-informacionnye-vojska-v-turcii-mishen-rossiya/


դեպի ետ