• am
  • ru
  • en
Версия для печати
27.06.2017

«ԻՆՋԻՐԼԻՔԻ» ԹՆՋՈՒԿԸ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ

   

Հայկ Գաբրիելյան
Թուրքագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ


«Ինջիրլիքի» խնդիրը 2016թ.
2015թ. դեկտեմբերի սկզբին (նոյեմբերի 13-ին Փարիզի ահաբեկչություններից հետո) Բունդեսթագը հավանության արժանացրեց Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի դեմ գործողությանը Բունդեսվերի մասնակցությունը։ Տվյալ բանաձևի օգտին կողմ քվեարկեց 445, դեմ՝ 146, ձեռնպահ մնաց 7 պատգամավոր։ Դրա համաձայն՝ Բունդեսվերը պետք է ԻՊ-ի դեմ պայքարի նպատակով «Ինջիրլիքի» ավիաբազա ուղարկեր Tornado տիպի հետախուզական ինքնաթիռներ, 1 լիցքավորիչ ինքնաթիռ, ինչպես նաև 1 ֆրեգատ՝ Միջերկրական ծովում պաշտպանելու համար ֆրանսիական Charles de Gaulle ավիակիրը։ Գործողության համար հատկացվելու էր առավելագույնը 1200 զինծառայող։ Բունդեսվերի առաքելության ժամկետը կազմելու էր 1 տարի՝ մինչև 2016թ. դեկտեմբերի 31-ը, սակայն այդ ժամկետը կարող էր երկարաձգվել։ Առաքելությունը գնահատվեց €134 մլն1։

Tornado տիպի առաջին 2 հետախուզական ինքնաթիռները «Ինջիրլիք» ուղարկվեցին օրեր անց՝ դեկտեմբերի 10-ին՝ Սիրիայում հակաահաբեկչական առաքելությանը մասնակցելու համար, որը պետք է մեկնարկեր 2016թ. հունվարից2։ 2016թ. հունվարի սկզբին Գերմանիայից «Ինջիրլիք» ուղարկվեց Airbus A310 MRTT տիպի 1 լիցքավորիչ ինքնաթիռ, և ևս 4 Tornado, որով և հատուկ օպտիկայով այդ ինքնաթիռների թիվը հասցվեց 6-ի։ «Ինջիրլիքում» գերմանացի զինծառայողների թիվը հասավ 268-ի։ Այդպիսով, Բունդեսվերի գործողությունը «Ինջիրլիքում» սկսվեց ողջ մասշտաբով3։

Սակայն «Ինջիրլիքում» գերմանական զորակազմի գտնվելու հետ կապված առաջին լուրջ խնդիրները ծագեցին 2016թ. հունիսի 2-ին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունելուց հետո։ «101 տարի առաջ հայերի և քրիստոնյա մյուս փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակն ու ոգեկոչումը» բանաձևը մշակվել էր Քրիստոնեա-դեմոկրատների, Քրիստոնեա-սոցիալիստների միության, Կանաչների ու Սոցիալ-դեմոկրատների կողմից: Բանաձևն Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ կատարված ոճիրը ոչ միայն ճանաչում էր որպես ցեղասպանություն, այլև մատնանշում էր այդ հանցագործությունում Գերմանիայի պատմական պատասխանատվությունը4: Ստացվում է, որ Գերմանիան ընդունում է Հայոց ցեղասպանության հարցում իր մեղսակցությունը, սակայն Թուրքիան շարունակում է հերքել հայերին ցեղասպանության ենթարկելը։ Սա Գերմանիայի կողմից համարձակ, ողջունելի քայլ է՝ միտված սեփական պատմության ինքնամաքրմանը։ Կայսերական ու ֆաշիստական Գերմանիայի գործած սխալներն ընդունելը, դրանց հետ առերեսվելը ներկա կամ ապագա Գերմանիային հնարավորություն կընձեռի վարել ավելի ակտիվ, անկաշկանդ արտաքին քաղաքականություն։ Ներկայում դրա բացակայության գլխավոր պատճառներից մեկը ֆաշիստական անցյալ ունենալն է, ինչպես նաև բազում երկրների հետ առևտրային-տնտեսական լավ հարաբերություններն ու դրանք վտանգի տակ չդնելու ցանկությունը։

Եվ զարմանալի չէր, որ թուրքական կողմը Գերմանիային սկսեց անմիջապես հիշեցնել նրա ֆաշիստական անցյալի, հրեաներին վառարաններում վառելու5, ինչպես նաև 1904-1908թթ. Նամիբիայում Գերմանիայի կողմից հերերո ու նամա ցեղախմբերի հանդեպ կատարված էթնիկ զտումների մասին (սպանվել է ավելի քան 100.000 մարդ) 6, որոնք անվանում են նաև 20-րդ դարի առաջին ցեղասպանություն։ Բացի այդ, Թուրքիան անմիջապես հետ կանչեց Գերմանիայում իր դեսպան Հուսեին Ավնի Քարսլըօղլուին7, իսկ հունիսի երկրորդ կեսին արգելեց գերմանացի պատգամավորների այցը «Ինջիրլիք»՝ տեսակցելու համար գերմանացի զինծառայողներին։ Գերմանական պատվիրակությունը պետք է գլխավորեր Գերմանիայի ՊՆ պետքարտուղար Ռալֆ Բրաուկզիպեն, որը համարվում է պաշտպանության նախարարի տեղակալ8: Չնայած դրան՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարեց, որ իրենք նպատակահարմար չեն համարում ոչ ռազմական պատվիրակությունների այցը «Ինջիրլիք»9։ Որպես դրա ապացույց՝ թուրքական կողմը հուլիսի 1-ին չխոչընդոտեց Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյաենի այցը «Ինջիրլիք», որը հանդիպեց նաև իր թուրք գործընկեր Ֆիքրի Ըշըքի հետ10։ Դրանից առաջ Թուրքիան արգելել էր նաև Բունդեսվերի հետ աշխատող գերմանացի լրագրողների այցը «Ինջիրլիք»11։ Բրաուկզիպեի պատվիրակության այցի արգելքից հետո Գերմանիայում Թուրքիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը պարզաբանումներ տալու համար կանչվեց Գերմանիայի ԱԳՆ12։

Նշենք, որ այլ երկրներ գործուղված գերմանացի զինծառայողների հետ պատգամավորների հանդիպումները գերմանական առանձնահատկություններից են։ Բունդեսվերը համարվում է խորհրդարանական բանակ, ինչի համար էլ կառավարությունը միայն Բունդեսթագի թույլտվությամբ կարող է զինծառայողներ ուղարկել արտաքին առաքելությունների (խաղաղապահ, ռազմական, կարգուկանոնի պահպանման կամ հումանիտար բնույթի)։ Այդ պատճառով էլ պատգամավորները բարձր պատասխանատվություն են զգում «իրենց» զինվորների համար և սեփական պարտքն են համարում կանոնավորապես գտնվել նրանց կողքին, ովքեր իրենց ծառայությունն անցկացնում են հայրենիքից հեռու։

Գերմանիայի և Թուրքիայի հարաբերություններում նոր խնդիրներ ի հայտ եկան 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում կատարված ռազմական հեղաշրջման փորձից (ՌՀՓ) հետո (Բունդեսվերը մեծացրեց «Ինջիրլիքում» իր զինծառայողների անվտանգությունը)։ Թուրքիան դժգոհ մնաց Գերմանիայի արձագանքից, որը թեպետ վճռականորեն դատապարտեց ՌՀՓ-ը, սակայն դատապարտեց նաև ՌՀՓ-ից հետո Թուրքիայում սկսված բռնությունները և սկսեց դիտարկել իր մոտ գտնվող թուրք զինծառայողներին քաղաքական ապաստան տրամադրելու հարցը, որոնց Անկարան ընդգրկել էր «սև ցուցակում» (ՌՀՓ-ից անմիջապես հետո Թուրքիայում կալանավորեցին «Ինջիրլիքի» ղեկավար, գեներալ Բեքիր Էրջան Վանին)։ Իսկ Թուրքիան էլ շարունակեց արգելել գերմանացի պատգամավորների այցերը «Ինջիրլիք»։ Դա հանգեցրեց նրան, որ ՌՀՓ-ից անմիջապես հետո Բավարիա երկրամասի վարչապետ, Գերմանիայում իշխող կոալիցիայի կազմում ընդգրկված Քրիստոնեա–սոցիալիստական միության առաջնորդ Հորսթ Զեեհոֆերը չբացառեց, որ «Ինջիրլիքում» Բունդեսվերի առաքելությունը կարող է չեղարկվել, եթե առաջընթաց չգրանցվի գերմանացի պատգամավորների այցի հարցում13։ 2016թ. օգոստոսի վերջին Բունդեսվերի կողմից «Ինջիրլիքը» լքելու հնարավորության մասին հայտնեց նաև գերմանական Spiegel Online պարբերականը14։

Եվ այնուամենայնիվ, 2016թ. հոկտեմբերի սկզբին՝ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից 4 ամիս հետո, Բունդեսթագի պաշտպանական հանձնաժողովի 7 անդամ այցելեց «Ինջիրլիք» և գերմանացի զինծառայողների հետ քննարկեց ԻՊ-ի դեմ պայքարի հարցը15։ Գերմանացի պատգամավորների այցի հարցում Թուրքիայի դիրքորոշման այս փոփոխության հիմքում ընկած էր 2 հիմնական գործոն.

1. 2016թ. սեպտեմբերի սկզբին Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը հայտարարեց, որ Բունդեսթագի ընդունած բանաձևը չունի «իրավական ուժ» (իրավական հետևանքներ), և որ այդ հարցը «կապված չէ» «Ինջիրլիք» գերմանական պատվիրակության այցի թույլտվության հետ16։ Սա կարելի է որակել որպես Թուրքիային Գերմանիայի հասցեագրած ժեստ՝ գերմանացի պատգամավորների այցն «Ինջիրլիք» արտոնելու համար։ Շթայնմայերի հայտարարությունից բառացիորեն օրեր առաջ Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Գերմանիան պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի «Ինջիրլիքի» հարցում թույլտվության համար (Գերմանիայի կառավարությունը «պետք է» հայտարարեր, որ հեռու է մնում Բունդեսթագի որոշումից)՝ պնդելով, որ հակառակ դեպքում իրենց պատմության հետ «անարդար խաղալու փորձեր ձեռնարկողներին» չի թույլատրվի այցելել երկրի ռազմավարական օբյեկտներ17։ Չնայած դրան՝ Անգելա Մերկելը կարևորեց Բունդեսթագի բանաձևի հանդեպ հարգանք ցուցաբերելը՝ դրանով հերքելով ԶԼՄ տարածած այն լուրերը, թե Գերմանիայի կառավարությունը հրաժարվում է Բունդեսթագի ընդունած որոշումից, և որ Գերմանիան ընդհանրապես հետքայլ է անում այդ հարցում18։ Ի դեպ, 2016թ. դեկտեմբերին Գերմանիայի ՍԴ-ն մերժեց Բունդեսթագի բանաձևի դեմ բոլոր 8 բողոքները՝ կապված «քաղաքացիների հիմնարար իրավունքները խախտելու» հետ։ Ավելին, ՍԴ-ն անգամ չդիտարկեց դրանք19։ Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը նույնպես հերքեց ԶԼՄ պնդումները, թե Գերմանիայի կառավարությունը ցանկանում է հեռու մնալ Բունդեսթագի որոշումից՝ դա անվանելով անհնար։ Նրա խոսքերով՝ Բունդեսթագն իրավասու է սեփական կարծիք հայտնելու, սակայն միշտ չէ, որ այդ կարծիքը պետք է ունենա «իրավական ուժ»20։ Չավուշօղլուն, սակայն, պարզաբանեց, որ գերմանական պատվիրակության հոկտեմբերյան այցը թույլատրվել է, քանի որ Գերմանիայի կառավարությունը կատարել է իրենց պահանջը՝ հայտարարելով, որ Բունդեսթագի որոշումը չունի «իրավական ուժ»21։

2. 2016թ. սեպտեմբերի սկզբին լրատվամիջոցները հայտնեցին, թե Գերմանիան մտադիր է €58 մլն եվրո ներդնել «Ինջիրլիքում», որից մոտ €26 մլն-ը հատկացվելու էր Tornado ինքնաթիռների թռիչքների համար նախատեսված օդանավակայանի կառուցմանը և բնակելի տնակների կառուցմանը: Ծրագրված էր ևս €32 մլն հատկացնել շարժական հրամանատարական կետի ստեղծմանը, որը հետագայում կարող էր օգտագործվել նաև յուրաքանչյուր այլ ռազմաբազայում22։ Եվ պատահական չէր, որ «Ինջիրլիք» գերմանական պատվիրակությունից անմիջապես հետո թուրք դեսպան Հուսեին Ավնի Քարսլըօղլուն վերադարձավ Բեռլին23։ Ի դեպ, Քարսլըօղլուն ՌՀՓ-ի ժամանակ գտնվել է Անկարայում և երեկոյան ժամերին փողոցում վիրավորվել է ուղղաթիռից արձակված ռումբից24։

Փաստորեն, Գերմանիան ծրագրել էր «Ինջիրլիքում» մշտական ներկայության ռազմական օբյեկտ բացել 2017թ., որը փաստացիորեն կհանդիսանար նրա առաջին ռազմաբազան Մերձավոր Արևելքում։ Թուրքիան էլ գիտակցում էր, որ Գերմանիան ցանկանում է ներկայություն ապահովել Մերձավոր Արևելքում, որ ինքը կարող է ինչպես նպաստել, այնպես էլ խոչընդոտել դրան։ Եվ Թուրքիան հետագայում հարաբերությունների բարդացման պատճառով սկսեց ձգձգել «Ինջիրլիքում» գերմանական շինարարական նախագծերի իրագործումը՝ «ենթակառուցվածքային արձանագրության» ստորագրումը25։

Այդպիսով, Գերմանիայի իշխանությունների արած ժեստից հետո Թուրքիայի իշխանությունները թույլատրեցին գերմանական պատվիրակության այցը «Ինջիրլիք»՝ չնայած սկզբում պահանջում էին Բունդեսթագի ընդունած բանաձևի չեղարկում։ Ընդգծենք, որ «Ինջիրլիքի» հարցում խոչընդոտներ հարուցելով Գերմանիայի առջև՝ Թուրքիան այդպիսով ռիսկի էր դիմում որոշակիորեն խոչընդոտել ԻՊ-ի դեմ միջազգային դաշինքի պայքարին և դրանով իսկ կանգնել ԻՊ-ի կողքին։ Բացի այդ, Թուրքիան դրանով իսկ վատ մթնոլորտ էր ստեղծում ՆԱՏՕ ներսում, որի անդամներն են երկու երկրները։ Գերմանացի պատգամավորների կողմից «Ինջիրլիք» այցելելուց և Գերմանիայում Թուրքիայի դեսպանի վերադարձից գրեթե ուղիղ 1 ամիս հետո՝ 2016թ. նոյեմբերին, Բունդեսթագը 1 տարով՝ մինչև 2017թ. ավարտը, երկարաձգեց ԻՊ-ի դեմ պայքարում Բունդեսվերի մանդատը. 445 կողմ, 139 դեմ26։ Նկատենք, որ գերմանացի զինծառայողներին մի երկրից մյուսը տեղափոխելը հեշտ գործընթաց չէ, և որ խորհրդարանական բանակի հարցում Բունդեսթագի հնարավորությունները սահմանափակ են։ Նա կարող է չեղարկել ավելի վաղ կառավարությանը տված «Ինջիրլիքի» մանդատը, սակայն չի կարող փոխել այն, այսինքն՝ զորակազմը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր։ Բունդեսթագը չէր ցանկանում չեղարկել այդ մանդատը, քանի որ ճիշտ էր համարում Բունդեսվերի մասնակցությունը միջազգային հակաահաբեկչական դաշինքին և ՊՆ-ից պահանջում էր իր հաստատմանը ներկայացնել «Ինջիրլիքից» գերմանական զինվորական զորակազմը մեկ այլ երկիր տեղափոխելու պլան։ Դա տևական գործընթաց է, ինչը նշանակում է, որ որոշ ժամանակով կդադարեցվեր Գերմանիայի մասնակցությունը հակաահաբեկչական դաշինքի գործողություններին։ Գերմանիայի կառավարությունն այդ պատճառով էլ հապաղում էր որոշում կայացնել։

«Ինջիրլիքի» խնդիրը 2017թ. «Ինջիրլիքի» շուրջ թուրք-գերմանական երկրորդ ճգնաժամը գրանցվեց 2017թ. գարնանը։ Բունդեսթագի Պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամները պետք է «Ինջիրլիք» այցելեին 2017թ. մայիսի 16-ին, սակայն թուրքական կողմը դրանից 1 օր առաջ հայտարարեց նման այցի անհնարինության մասին։ Դրա հետ կապված՝ Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը հայտարարեց, որ «Ինջիրլիք» այցի շուրջ Թուրքիայի հետ բարձրաստիճան ներկայացուցիչների մակարդակով բանակցել են ապրիլի առաջին կեսից, սակայն ստացել են իրարամերժ ազդանշաններ27։ Անգելա Մերկելն էլ հայտարարեց, որ Գերմանիան շարունակելու է փնտրել «Ինջիրլիքի» այլընտրանքներ՝ չբացառելով Հորդանանի տարբերակը28։ Նկատենք, որ դեռ մարտի վերջին գերմանական մամուլը հայտնել էր, որ Գերմանիան գտել է «Ինջիրլիքի» միանգամից 8 այլընտրանք, որոնցից 3-ական՝ Հորդանանում ու Քուվեյթում, 2-ը՝ Կիպրոսում (Ակրոտիրի, Պաֆոս)29։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, որ «Ինջիրլիքից» Գերմանիայի ՌՕՈւ հնարավոր դուրս գալը խնդիր չէ Անկարայի համար՝ հավելելով, որ եթե Գերմանիան իսկապես գնա նման քայլի, ապա իրենք միայն կասեն «բարի ճանապարհ»։ Խոսելով այն մասին, որ Գերմանիան ապաստան է տվել թուրք զինծառայողներին, Էրդողանը հայտարարեց. «Ապաստան տրամադրելը Գերմանիայի խնդիրն է։ Նա սովոր է ընդունել ահաբեկիչներին, թող նրանց թիվը շատանա ևս 10-ով։ Իսկ մենք կշարունակենք որսալ նրանց»30։

Շեֆերի հայտարարությունից մեկ շաբաթ հետո գերմանացի պատգամավորների խումբը չեղարկեց իր այցը Թուրքիա։ Բունդեսթագի փոխնախագահ Կլաուդիա Ռոտը («Կանաչներ») և ևս 3 պատգամավոր պետք է այցելեին Ստամբուլ, Անկարա, Դիարբեքիր (բայց ոչ «Ինջիրլիք»)՝ քննարկելու ապրիլի 16-ի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի (ՍԲՀ) արդյունքները, Թուրքիայի ներքաղաքական զարգացումները, ԵՄ-ի հետ հարաբերությունները31։ Ավելի ուշ Ռոտը Թուրքիային մեղադրեց քաղաքական երկխոսությունից խուսափելու համար՝ ընդգծելով, որ Անկարան մեծ հակազդեցություն է ցուցաբերել՝ հայտարարելով, որ չի կարող թիկնազոր տրամադրել գերմանացի պատգամավորների խմբին32։

Ընդգծենք, որ Գերմանիայի և Թուրքիայի հարաբերություններն այդ ժամանակ լարվել էին, քանի որ Գերմանիայի տեղական իշխանություններն արգելել էին թուրքական իշխանությունների կողմից էթնիկ թուրքերի շրջանում ՍԲՀ-ի հետ կապված քարոզչություն անցկացնելը։ Էրդողանը բավական ցավագին էր արձագանքել դրան՝ անգամ Մերկելին մեղադրելով «կառավարման նացիստական մեթոդների» համար։ Սակայն կար ևս մեկ ուշագրավ հանգամանք. մայիսի սկզբին Գերմանիան առաջին անգամ քաղաքական ապաստան տվեց թուրք զինծառայողներին ու նրանց ընտանիքներին, որոնք մինչ այդ ծառայում էին Գերմանիայում ՆԱՏՕ ուժերի կազմում։ ՌՀՓ-ից մինչև 2017թ. մայիսի սկիզբը Գերմանիայի իշխանություններն ապաստան տրամադրելու մասին դիմումներ ստացել են 414 թուրք զինծառայողներից, դիվանագետներից, դատավորներից, բարձրաստիճան պետծառայողներից ու նրանց ընտանիքներից33։ Թուրքիայի ԱԳՆ-ն ՆԱՏՕ գծով իր գործընկեր Գերմանիայի այդ քայլը որակեց որպես «դաշինքի ոգուն չհամապատասխանող և երկու երկրների միջև բազմակողմ հարաբերություններին վնասող»34։

Սակայն մայիսի 27-ին Էրդողանը «անսպասելիորեն» հայտարարեց, որ Թուրքիան պատրաստ է թույլատրել գերմանացի պատգամավորների այցը «Ինջիրլիք», որոնց թվում չպետք է լինեն այնպիսիք, որոնց Անկարան մեղադրում է ահաբեկչությանն աջակցելու համար35։ Դրանից երկու օր առաջ Էրդողանն ու Մերկելը «Ինջիրլիքի» հարցը քննարկել էին Բրյուսելում ՆԱՏՕ գագաթաժողովի շրջանակներում և պայմանավորվել էին «Ինջիրլիքի» շուրջ վերջնական որոշման հանգել արտգործնախարարների հանդիպման արդյունքներով36։ Իրականում Էրդողանի դիրքորոշման որոշակի մեղմացման պատճառը ոչ թե Մերկելի հետ հանդիպումն էր, այլ բրյուսելյան գագաթաժողովի որոշումը, ըստ որի՝ ՆԱՏՕ-ն միանում է ԻՊ-ի դեմ պայքարին։ Թուրք պաշտոնաթող գեներալ Ալի Էրը, որն ավելի վաղ ծառայել է ՆԱՏՕ-ում, հայտարարեց, որ ՆԱՏՕ տվյալ որոշումը չեզոքացնում է Գերմանիայի դեմ Թուրքիայի «ինջիրլիքյան» խաղաքարտը։ Նրա խոսքերով՝ Գերմանիան «Ինջիրլիք» ցայժմ ինքնաթիռներ է ուղարկել Թուրքիայի հետ երկկողմ պայմանագրի շրջանակներում, իսկ Թուրքիան էլ օգտվել է իր ինքնիշխան իրավունքից՝ արգելելով գերմանացի պատգամավորների այցը. «Սակայն ՆԱՏՕ նոր որոշումից հետո Գերմանիան կարող է «Ինջիրլիք» զինվորներ ու ինքնաթիռներ ուղարկել դաշինքի շրջանակներում։ Այժմ գերմանացի պատգամավորները կարող են ժամանել «Ինջիրլիք»՝ առանց Թուրքիայի մնացյալ տարածք մտնելու»37։

Արդեն հունիսի 5-ին Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը ժամանեց Թուրքիա և հանդիպումներ ունեցավ Էրդողանի և Չավուշօղլուի հետ։ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը չեղարկեց նրա հետ հանդիպումը՝ պատճառաբանելով իր աշխատանքային խիտ գրաֆիկը38։ Հանդիպումների արդյունքներով հայտնի դարձավ, որ Թուրքիան շարունակում է արգելել գերմանացի պատգամավորների այցը «Ինջիրլիք» և փոխարենը նրանց առաջարկել է այցելել Քոնիայում ՆԱՏՕ ավիաբազա։ Գաբրիելի խոսքերով՝ Գերմանիան դա որակում է որպես դրական զարգացում՝ գտնելով, որ դրանից հետո կարող է տրվել «Ինջիրլիք» այցելելու թույլտվություն39։ Եվ այնուամենայնիվ, հունիսի 7-ին Գերմանիայի կառավարությունը որոշեց «Ինջիրլիքից» դուրս բերել իր զորակազմը։ Գերմանիայի ՊՆ պլանով՝ «Ինջիրլիքում» գտնվող 260 զինծառայողները, Tornado տիպի ինքնաթիռներն ու լիցքավորիչ ինքնաթիռը տեղափոխվելու են Հորդանանի «Էլ-Ազրաք» ավիաբազա։ Գործընթացը, որի ստույգ մեկնարկը դեռ հայտնի չէ, ենթադրաբար տևելու է մոտ 2 ամիս, որի ընթացքում ինքնաթիռների թռիչքները դադարեցվելու են։ «Ինջիրլիքից» զինվորների դուրսբերման մասին վերջնական որոշումը պետք է կայացնի Բունդեսթագը։ Ընդգծվեց, որ «Ինջիրլիքից» Հորդանան Tornado տիպի ինքնաթիռների տեղափոխումը չի ազդի Քոնիայի ավիաբազայում գերմանական զորակազմի տեղակայվածության վրա40։ Մերկելը հայտարարեց, որ «Ինջիրլիքից» Հորդանան գերմանական զորակազմի տեղափոխումը կիրականացվի հնարավորինս արագ՝ հակաահաբեկչական դաշինքի աշխատունակության պահպանման պայմանով, որպեսզի վնաս չպատճառվի դրան։ Մերկելը դրա հետ մեկտեղ կարևորեց Թուրքիայի հետ երկխոսության պահպանումը41։ Գերմանիայի կառավարության որոշումից հետո երկու երկրների պաշտպանության նախարարները քննարկեցին «Ինջիրլիքից» գերմանական զորակազմի դուրսբերման հարցը և պայմանավորվեցին սերտ շփումներ պահպանել տեղափոխման գործընթացի մանրամասների շուրջ42։

Այսպիսով, Գերմանիան երկրորդ անգամ չներեց Թուրքիային և որոշեց «Ինջիրլիքից» դուրս բերել իր զինվորական զորակազմը (եթե, իհարկե, նոր որոշում չկայացվի այդ հարցում)։ Թուրքիան, արգելելով գերմանացի պատգամավորների և զինծառայողների հանդիպումը «Ինջիրլիքում», փաստացիորեն միջամտում էր Գերմանիայի ներքին գործերին։ «Ինջիրլիքից» գերմանական զորակազմի հեռանալով Թուրքիան զրկվում է Գերմանիայի հանդեպ տվյալ լծակից, ինչի համար էլ հենց նրան կարելի է որակել որպես տուժող կողմ։ Թուրքիայի այդ կամայականությունները բացասաբար կազդեն նաև ԻՊ-ի դեմ հակաահաբեկչական դաշինքի պայքարի վրա, քանի որ գերմանական օդուժը որոշ ժամանակ դուրս կմնա դրանից։ Կարելի է ենթադրել, որ Գերմանիան հետագայում հաշվի կառնի Թուրքիայի պահվածքը և համապատասխան եզրակացություններ կկատարի։ Ի դեպ, վերջին շրջանում շարունակ նվազում է «Ինջիրլիքի» դերն Արևմուտքի համար։ ՌՀՓ-ից հետո ԶԼՄ հաղորդմամբ՝ ԱՄՆ-ը դուրս է բերել իր ատոմային ռումբերը «Ինջիրլիքից» (Պետդեպարտամենտն ու Պենտագոնը հրաժարվեցին մեկնաբանել դա), որը գտնվում է Սիրիայի հետ սահմանից մոտ 100 կմ հեռավորության վրա։ Սիրիայում (նաև Իրաքում) ԻՊ պարտությունից ու կայունության հաստատումից հետո «Ինջիրլիքի» դերն Արևմուտքի համար կարող է էլ ավելի նվազել։ Հունաստանն արդեն իսկ ԱՄՆ-ին առաջարկել է ավիաբազան «Ինջիրլիքից» տեղափոխել Կրետե կղզի՝ կապված «Ինջիրլիքի» հարցում Թուրքիայի կամայականությունների հետ (Թուրքիան երկար ժամանակ հրաժարվում էր «Ինջիրլիքը» դնել ԻՊ-ի դեմ միջազգային հակաահաբեկչական դաշինքի տրամադրության տակ, ՌՀՓ-ից հետո արգելափակել, ապա նաև հոսանքազրկել էր այն)։ «Ինջիրլիքից» ԱՄՆ հեռանալն իր հերթին կնվազեցնի Թուրքիայի կարևորությունն Արևմուտքի համար, ինչն ի վերջո կարող է նպաստել նրան, որ երկրի ներսում զանգվածային բռնություններ կիրառող Թուրքիային վտարեն ՆԱՏՕ շարքերից (ՆԱՏՕ չափորոշիչներին չհամապատասխանելու պատճառով)։

1 Бундестаг одобрил участие бундесвера в операции против ИГ, DW, 04.12.2015.

2 Немецкие "Торнадо" вылетели на военную базу в Турции, DW, 10.12.2015.

3 Четыре самолета Tornado вылетели из ФРГ в Турцию для борьбы с ИГ, DW, 05.01.2016.

4 Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, Մեդիամաքս, 02.06.2016.

5 Bekir Bozdağ'dan Almanya'daki Türk vekiller için ağır sözler, Cumhuriyet, 03.06.2016.

6 Almanya'nın unutturduğu soykırım: Herero ve Nama., Takvim, 03.06.2016.

7 Türkiye Almanya Büyükelçisini geri çağırdı, CNN Türk, 02.06.2016.

8 Турция запретила немецким депутатам посетить авиабазу "Инджирлик", РИА Новости, 22.06.2016.

9 Çavuşoğlu: Almanya'nın İncirlik ziyaretini uygun bulmuyoruz, BBC Türkçe, 23.06.2016.

10 Alman Savunma Bakanı İncirlik Üssü'nü ziyaret etti, T24, 02.07.2016.

11 Alman müsteşarın İncirlik ziyareti iptal, DW, 23.06.2016.

12 Турецкий дипломат вызван в МИД ФРГ из-за отказа в визите на базу "Инджирлик", РИА Новости, 24.06.2016.

13 Миссию бундесвера в Инджирлике могут свернуть из-за позиции Турции, РИА Новости, 18.07.2016.

14 СМИ: бундесвер готовится покинуть военную базу НАТО "Инджирлик" в Турции, ТАСС, 25.08.2016.

15 Alman milletvekilleri İncirlik'te, Sözcü Gazetesi, 05.10.2016.

16 Alman bakan: Ermeni kararının hukuki bağlayıcılığı yok, En Son Haber, 02.09.2016.

17 Türkiye'den Almanya'ya 'İncirlik' resti , Haber7, 29.08.2016.

18 Merkel: Ermeni kararına saygı gösterilmeli, DW, 02.09.2016.

19Конституционный суд ФРГ отклонил иски против резолюции бундестага о геноциде армян, DW, 19.12.2016.

20 Кабмин Германии не намерен дистанцироваться от "армянской резолюции", РИА Новости, 02.09.2016.

21 МИД Турции объяснил, почему немецким депутатам разрешили посетить Инджирлик, РИА Новости, 08.09.2016.

22 Türkiye, Almanya Büyükelçisi'ni Ankara'ya çağırdı, NTV, 02.06.2016.

23 Büyükelçi Karslıoğlu Berlin’e geri döndü, DW, 07.10.2016.

24 Eski Büyükelçi Karslıoğlu, helikopterden atılan bombayla yaralanmış, Hürriyet, 18.07.2016.

25 СМИ сообщили, что Турция блокирует немецкое строительство на базе Инджирлик, РИА Новости, 04.11.2016.

26 Бундестаг продлил мандат бундесвера по борьбе с "Исламским государством", DW, 10.11.2016.

27 Турция не пустила немецких депутатов на базу Инджирлик, РИА Новости, 15.05.2017.

28 Меркель заявила, что Германия ищет альтернативы турецкой базе "Инджирлик", РИА Новости, 15.05.2017.

29 ФРГ нашла восемь баз в качестве альтернативы базе Инджирлик в Турции, DW, 29.03.2017.

30 Cumhurbaşkanı Erdoğan: Almanya İncirlik'ten giderse güle güle deriz, NTV, 24.05.2017.

31 Alman milletvekillerinin Türkiye ziyareti iptal edildi, Milliyet, 24.05.2017.

32 В Бундестаге назвали причину отмены визита депутатов в Турцию, РИА Новости, 24.05.2017.

33 ФРГ впервые предоставила убежище военнослужащим из Турции, DW, 08.05.2017.

34 No:143, 11 Mayıs 2017, FETÖ Bağlantılı Bazı Eski Askeri Personelin İltica Başvurularının Almanya Tarafından Kabul Edilmesi Hk., http://www.mfa.gov.tr.

35 Турция готова допустить немецких депутатов на базу "Инджирлик", РИА Новости, 27.05.2017.

36 Erdoğan ile Merkel İncirlik'i görüştü, İlke Haber, 25.05.2017.

37 Габриелян Айк, Вступление НАТО в коалицию против ИГ и Турция, Институт Ближнего Востока, 30.05.2017 .

38 Премьер Турции отменил встречу с главой МИД Германии, сообщили СМИ, Новости, 05.06.2017.

39 В Германии огорчены отказом Турции в посещении авиабазы "Инджирлик", РИА Новости, 05.06.2017.

40 ФРГ решила вывести контингент с турецкой базы "Инджирлик", РИА Новости, 07.06.2017.

41 Меркель: контингент ФРГ переведут с базы "Инджирлик" без ущерба коалиции, РИА Новости, 07.06.2017.

42 Германия и Турция обсудили тему авиабазы «Инджирлик», Anadolu Ajansı, 07.06.2017.


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր